Շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը: 

ՀՀ ՇՄ նախարարն է Ռոմանոս Պետրոսյանը, տեղակալներն են Աննա Մազմանյանը եւ Տիգրան Սիրմոնյանը։

2019 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը վերանվանվել է Շրջակա միջավայրի նախարարության։

Վարդավառի տոնին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար

Վարդավառի տոնին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար

Հաշվի առնելով Հանրապետության տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ ժամանակահատվածը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 24-ին՝ Վարդավառի տոնին, փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար նախարարությունը հորդորում է պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում, խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով, տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը, ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն: «Խնդրում ենք լինել ավելի ուշադիր, աջակցել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին և ԱԻՆ փրկարար ծառայությանը պահպանության աշխատանքների իրականացման գործում անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար»,-ասված է հաղորդագրությունում:
16:48 - 21 հուլիսի, 2022
ՇՄ փոխնախարարը Թբիլիսիում անդրադարձել է անտառածածկ տարածքների ավելացմանն ուղղված խնդիրներին

ՇՄ փոխնախարարը Թբիլիսիում անդրադարձել է անտառածածկ տարածքների ավելացմանն ուղղված խնդիրներին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է Թբիլիսիում կայացած Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի կազմակերպած ԳԷՀ «Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիթորինգի արդիականացում» տարածաշրջանային ծրագրի ղեկավար կոմիտեի հանդիպմանը, որտեղ քննարկվել են ծրագրի տարածաշրջանային և ազգային բաղադրիչները, ներկայացվել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի ՏԲԿ-ի համագործակցության արդյունքները, «Հայաստանի անտառների և հողերի ինտերակտիվ ատլասը»։ Այդ մասին ասված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ֆեյսբուքի էջում:   «Նախարարի տեղակալը հանդես է եկել բացման խոսքով։   Արամ Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին նման կարևոր հարթակ ստեղծելու համար և խոսել կլիմայի փոփոխության, անտառների ու կենսաբազմազանության պահպանման և ճշգրիտ քարտեզագրման վերաբերյալ՝ նշելով Կովկասի ՏԲԿ և նախարարության համատեղ ծրագրի իրականացման կարևորությունը 10 մլն ծառատունկի իրականացման առումով։ Հայաստանի Հանրապետությունը լեռնային, կլիմայապես խոցելի և քիչ անտառածածկույթ ունեցող երկիր է։ Երկիրը բախվում է զգալի կլիմայական վտանգների, մասնավորապես, եղանակային ծայրահեղ իրադարձությունների հաճախականության և դրանց հետևանքների:   Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունի նաև իր անտառների շնորհիվ նվազեցնել նման աղետների ռիսկերը և այդ իսկ պատճառով անտառների ու հողերի դեգրադացիայի կանխարգելմանն ուղղված ջանքերը, մոնիթորինգի և GIS քարտեզագրման տվյալների առկայությունը՝ անտառտնտեսության և հողերի դեգրադացիայի ոլորտում նպատակահարմար գործողություններ իրականացնելու համար մեզ համար չափազանց կարևոր են»,- նշել է նախարարի տեղակալը և անդրադաձել «Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիթորինգի արդիականացում» ծրագրին։ Կողմերը քննարկել են ծրագրի շարունակականության հնարավորությունները։   Նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է նաև անտառածածկ տարածքների ավելացմանն ուղղված խնդիրներին, ինչպես նաև մեր երկրի ստանձնած պարտավորութուններին»,- նշված է գրառման մեջ։
16:23 - 20 հուլիսի, 2022
Ինչո՞ւ է կանաչում Սևանա լիճը, և ինչ քայլեր են ձեռնարկվում խնդրի լուծման ուղղությամբ. պարզաբանում է ՇՄ նախարարությունը

Ինչո՞ւ է կանաչում Սևանա լիճը, և ինչ քայլեր են ձեռնարկվում խնդրի լուծման ուղղությամբ. պարզաբանում է ՇՄ նախարարությունը

Ինչո՞ւ է կանաչում Սևանա լիճը, և ինչ քայլեր են ձեռնարկվում հիմնախնդրի լուծման ուղղությամբ: Այս մասին պարզաբանում է տարածել Շրջակա միջավայրի նախարարությունը, որը ներկայացնում ենք ստորեւ. «Հարգելի քաղաքացիներ, Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում։ Սևանա լճում ջրիմուռների (նաև ցիանոբակտերիաների) ծաղկումը հիմնականում պայմանավորված է հետևյալ գործոններով. - ֆոսֆորի և ազոտի միացությունների մեծ քանակություն, որը ծառայում է որպես սննդանյութ, - Ջրի բարձր ջերմաստիճան, - Լույսի բավականին մեծ ինտենսիվություն - Լճի մակարդակի իջեցման հետևանքով Փոքր Սևանում հիպոլիմնիումի շերտի կրճատում, իսկ Մեծ Սևանում՝ վերացում։ Հիպոլիմնիումի շերտի կրճատման և բացակայության հետևանքով հատակային շերտից տեղի է ունենում ֆոսֆորի ինտենսիվ անցում ջրաշերտ։ Սևանա լճում ֆոսֆորի կոնցենտրացիան շարունակում է աճել, որովհետեւ լիճը ծանրաբեռնված է մարդու գործունեության հետևանքով առաջացած կեղտաջրերով բերվող կենսանյութերով: Կեղտաջրերի մուտքը լիճ տեղի է ունենում հետևյալ հիմնական աղբյուրներից. - կոմունալ-կենցաղային չմաքրված կեղտաջրեր` այդ թվում ափամերձ հանգստյան գոտիների կեղտաջրերը, - գյուղատնտեսություն և անասնապահություն, - ջրածածկ բուսական տարածքներ, - ցանցավանդակային ձկնաբուծություն, - կոյուղատարին չմիացած սեպտիկ հորեր, Ներկա պահին Սևանա լիճը գտնվում է ինտեսիվ ծաղկամն փուլում, լիճը ըստ տրոֆիկ վիճակի համապատասխանում է մեզոտրոֆիկ վիճակին։ Լճի ինտենսիվ ծաղկման հետևանքվ ֆոսֆատի կոնցենտրացիան նվազում է։ Հունիս ամսվա համեմատությամբ հուլիսի 15-ին ֆոսֆատ իոնի կոնցենտրացիան նվազել է մոտ 2 անգամ: Ինտեսիվորեն կենսազանգվածի կողմից ընթանում է ֆոսֆորի յուրացումը, և երբ ջրում ֆոսֆորի կոնցենտրացիան գրեթե հավասարվի զրոյի, պրոցեսը կավարտվի: Ըստ դիտարկումների, պրոցեսը կտևի 2-3 շաբաթ։ Ջրում լուծված թթվածնի պարունակությունը Սևանա լճի հատակամերձ շերտում դիտվել է 4-8մգ/լ տիրույթում: Մակերևութային և միջին շերտերում լուծված թթվածնի կոնցենտրացիան բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6մգ/լ-ից): Ջրի ջերմաստիճանը լճի հատակամերձ 60 մետր խորության շերտում 4°C է, սական 30 մ խորության շերտերում 5-6°C է, ինչը բարձր է և այդ բարձր ջերմային վիճակը նպաստում է, որ հատակային շերտը ևս մասնակցի ջրաշրջանառությանը: Ջրի թափանցիկություն դիտվել է 2-2,5 մ տիրույթում ինչը շատ ցածր է։ Հայտնում ենք, որ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և որպես դրա խաթարման հետևանքներից մեկի՝ կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը ձեռնարկում է մի շարք միջոցառումներ և քայլեր․ - Լճում սիգի արդյունագործական որսի կարգավորում - Ձկնապաշարի համալրում - Սևանի ջրավազանային կառավարման պլանի մշակում - Սևանա լճի ջրի նորմերի հաստատում  (Կառավարության 2021 թվականի հուլիսի 22- ի N1211-Ն որոշում) - Սևանա լճի ափին ապօրինի և ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժում - Ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում  անտառմաքրման աշխատանքներ - Աղբահանության և աղբի տեղափոխման խնդրի կարգավորում - «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի իրականացում, որի իրականացման արդյունքում ՇՄՆ կողմից կարևորվել են հետևյալ 5 արդյունքների գրանցումը՝ 1) Սևանա լճի մոնիթորինգի համակարգի բարելավում վերազինում, 2) էկոհամակարգի համար բարենպաստ և ջրախնա հողօգտագործման ու մշակման փորձառությունների իրականացման համար կարողությունների բարելավում 3) կոյուղաջրերի մշակման, ներառյալ բնական լուծումների կարողությունների բարելավում 4) Սևանա լճի պաշտպանության համար իրազեկումն ու տեղեկատվության հասանելիության բարձրացում՝ ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի շրջանում 5) Սևանա լճի էկոհամակարգի կառավարման համակարգի բարելավում։ Մասնավորապես կոյուղաջրերի կառավարման ուղղությամբ նախատեսվում է իրականացնել Գավառի մեխանիկական մաքրման կայանի վերազինում, ինչպես նաև Սևանա լճի ավազանի Վարդենիկ և Ծովինար բնակավայրերի կեղտաջրերի հեռացման և համատեղ մաքրման համակարգի ստեղծում։ Հարգելի քաղաքացինե՛ր, մենք մեր քայլերով պետք է հետևողականորեն հասնենք Սևանա լճի էկոհամակարգի համար սպառնալիք հանդիսացող մարդածին գործոնների, ու որպես դրանց ածանցյալ՝ բնական երևույթների աստիճանական նվազեցմանն ու իսպառ բացառմանը։ Համատեղ ջանքերով վերականգնենք մեր ազգային հարստություն՝ Սևանա լճի էկոհամակարգը և այսուհետ երաշխավորենք դրա անխաթարությունը՝ բոլորիս պատասխանատու և սրտացավ վերաբերմունքի ներքո։
13:03 - 19 հուլիսի, 2022
Հայաստանում հուլիսի 22-ից օդի ջերմաստիճանը որոշակի կնվազի

 |armenpress.am|

Հայաստանում հուլիսի 22-ից օդի ջերմաստիճանը որոշակի կնվազի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում մինչև հուլիսի 21-ը ջերմային ալիքի ազդեցությունը պահպանվելու է: Երևանում և Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը տատանվելու է 38-40 աստիճանի սահմաններում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ առաջիկայում տեղումներ չեն սպասվում, միակ փոփոխությունը կլինի այն, որ օրվա առաջին կեսին որոշակի ամպամածություն կդիտվի, սակայն դա ընդհանուր օդի ջերմաստիճանի վրա չի ազդի:  «Հուլիսի 22-ից հետո ջերմային ալիքի  ազդեցությունը կթուլանա, այն կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին, որոնք այդքան էլ ինտենսիվ չեն: Հուլիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի: Արարատյան դաշտում և մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը 38-40-ի փոխարեն կլինի 34-35 աստիճան»,- ասաց Գագիկ Սուրենյանը:  Մինչ հուլիսի 21-ը Հայաստանը գտնվում է ջերմային ալիքի ազդեցության գոտում, որը ներթափանցել է Արաբական թերակղզու անապատներից: Ջերմային ներթափանցումը սկսվել է հուլիսի 10-ից: Մինչև հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետության ամենատաք գոտում ՝ Արարատյան դաշտում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում, Երևանում, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին եղել է 38-40 աստիճանի սահմաններում: Հուլիսի 17-ին ջերմային ալիքը ինտենսիվացել է, և օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձրացել է: «Երևանում, Արարատյան դաշտում գրանցվել է 40-41 աստիճան տաքություն: Այդ ջերմությունը պահպանվել է 2-3 ժամ:  Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից 5-7 աստիճանով բարձր է: Քանի որ բավական տևական ժամանակ տեղումներ չենք ունեցել, որն ուղեկցվում է բարձր ջերմային ֆոնով, հետևաբար, հատկապես նախալեռնային հովտային գոտիներում առկա է շատ բարձր կարգի հրդեհային իրավիճակ»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
12:51 - 18 հուլիսի, 2022
Հիսուս Քրիստոսի արձանի տեղադիրքի ընտրության վերաբերյալ ՇՄ նախարարություն որևէ փաստաթուղթ դեռ չի ստացվել. պարզաբանում

Հիսուս Քրիստոսի արձանի տեղադիրքի ընտրության վերաբերյալ ՇՄ նախարարություն որևէ փաստաթուղթ դեռ չի ստացվել. պարզաբանում

«Շրջակա միջավայրի» նախարարությունը պարզաբանում է տարածել որի մեջ մասնավորապես ասվում է. «Հարգելի քաղաքացիներ, Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման նախագծի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը՝ Հուլիսի 7-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահի կողմից Հիսուս Քրիստոսի մեծ արձան կառուցելու նախաձեռնության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն։ Հայտնում ենք, որ արձանի տեղադրման տեղադիրքի ընտրության վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարություն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից որևէ փաստաթուղթ դեռ չի ստացվել։ Ընդառաջ գնալով մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգություններին, հիմնադրամի կողմից արձանի շինարարությունն այս պահին կասեցված է, դրանք կմեկնարկեն միայն պատկան մարմինների կողմից շինարարական աշխատանքները սկսելու համար համապատասխան մասնագիտական և փորձաքննական եզրակացություններն ու թույլտվությունները ստանալուց հետո։   Հիշեցնենք, որ Հատիս լեռը ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում համաձայն «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման։  Բնության հուշարձանի պահպանությունը կարգավորվում է Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով, այն է՝ ՀՀ-ում բնության հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը, ինչպես նաև այլ ենթաօրենսդրական ակտերով։ Նախագծի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունը մասնագիտական եզարակացություն կտա միայն համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո»։
19:37 - 11 հուլիսի, 2022
Այսօր առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է. դրանց կիրառումը Հայաստանում սահմանափակված է

Այսօր առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է. դրանց կիրառումը Հայաստանում սահմանափակված է

Հուլիսի 3-ն առանց պլաստիկ տոպրակների միջազգային օրն է, ինչը բացառիկ հնարավորություն է հասարակությանը մեկ անգամ ևս իրազեկելու, որ աշխարհն առանց պլաստիկի իրատեսական է և գոյություն ունեն բանական այլընտրանքային լուծումներ մեկանգամյա պլաստիկ տոպրակներին։ Այդ մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Թվում է՝ մարդկության կողմից այսքան առատ սպառվող արտադրանքը ստեղծվել է միայն մեր կյանքը հեշտացնելու համար, բայց այդպես չէ։ Շրջակա միջավայր նետված պոլիէթիլենային տոպրակները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով էլ առաջացնում են կայուն աղտոտվածություն։ Դրանք կուտակվում են ջրում, մնում ցամաքում, ու անդառնալի վնաս հասցնում թե՛ մեր շրջակա միջավայրին՝ կենդանական ու բուսական աշխարհին, թե՛ մարդու առողջությանը: Նույնիսկ աղբավայրերում դրանք շարունակում են վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ արևի ազդեցությամբ և ինքնայրման հետևանքով արտազատելով քաղցկեղածին գազեր: 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում արգելված է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու իրացումը։ Օրենսդրական կարգավորումների շրջանակներում բացառություն են կազմում երկրորդային հումքից պատրաստված տոպրակներն ու պարկերը, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերը, որոնք անհրաժեշտ են ապրանքների սանիտարահիգիենիկ անվտանգությունն ապահովելու համար։ Դրանց վաճառքն ու իրացումը չի արգելվում։ Որպես այլընտրանքային լուծումներ շուկայում այսօր որոշակիորեն լայն կիրառություն ունեն բազմակի օգտագործման տոպրակները, արդեն իսկ գործում են դրանց արտադրությամբ զբաղվող բազմաթիվ արտադրություններ։ Յուրաքանչյուր ոք, սկսած արտադրողից մինչև վերջնական սպառող, պետք է ամենայն պատասխանատվությամբ հարգի և խստագույնս պահպանի ՀՀ օրենսդրությամբ ամրագրված այս սահմանափակումը՝ հանուն մեր մաքուր հայրենիք ունենալու միասնական նպատակի։
13:08 - 03 հուլիսի, 2022
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6, այնուհետև կբարձրանա 6-9 աստիճանով, անձրև և ամպրոպ է սպասվում

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6, այնուհետև կբարձրանա 6-9 աստիճանով, անձրև և ամպրոպ է սպասվում

Հայաստանում հունիսի 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 27-30-ը, հուլիսի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:Այս մասին հայտնում են  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները։«Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը կնվազի 4-6, 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հունիսի 26-ի ցերեկն սպասվում է անձրև և ամպրոպ, 27-ի կեսօրից հետո, 28 և 29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ մինչև 18-22 մ/վ արագություն: Հունիսի 30-ին, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
14:42 - 26 հունիսի, 2022
Բացահայտվել են լայնածավալ ապօրինի ծառահատումների դեպքեր. Վահագնիի անտառպետության անտառապետն ու ևս երեք անձ ձերբակալվել են

Բացահայտվել են լայնածավալ ապօրինի ծառահատումների դեպքեր. Վահագնիի անտառպետության անտառապետն ու ևս երեք անձ ձերբակալվել են

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի Վահագնիի անտառպետության պահպանության տարածքներում ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են լայնածավալ ապօրինի ծառահատումների դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 6 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս: Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վահագնիի անտառպետության անտառապետ Մ. Ն.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, 2021 թվականի ընթացքում հանձնարարել է անտառապահ Ս. Վ.-ին` Լոռու մարզի մի խումբ բնակիչների թույլատրել անարգել մուտք գործել հիշյալ անտառպետության տարածք և առանց համապատասխան փաստաթղթերի առկայության կատարել ապօրինի ծառահատումներ, որից հետո հիշյալ անձինք յուրաքանչյուր խորանարդ մետր փայտանյութի դիմաց անտառապետին որոշակի գումարներ են վճարել: Բացի այդ, անտառապետ Մ. Ն.-ն փայտանյութի վաճառքի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել Լոռու մարզի բնակիչ Ս. Մ.-ի հետ, որից հետո՝ 2021 թվականի մարտից աշնան կեսերն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Վահագնի համայնքի բնակիչներ Դ. Կ.-ն և Գ. Կ-ն իրենց կողմից ապօրինի հատված փայտանյութն անտառից տեղափոխել են Լոռու մարզի Վահագնաձոր համայնքում գտնվող «Զամարլու» կոչվող տարածք, որտեղից էլ այն վերաբարձել են Ս. Մ.-ին պատկանող ավտոմեքենաները: Նշված փայտանյութի մեկ խորանարդ մետրի դիմաց Ս. Մ.-ն անտառապետ Մ. Ն.-ին վճարել է 8000 ՀՀ դրամ, որից 6.000 դրամը որպես փայտանյութի արժեք, իսկ 2.000 ՀՀ դրամը` Դ. Կ.-ին և Գ. Կ.-ին որպես աշխատավարձ: Քրեական գործով հիմնավորվել է, որ անտառապետ Մ. Ն.-ն Լոռու մարզի մի խումբ բնակիչների, այդ թվում` Ս. Մ.-ի և Հ. Ս.-ի դրդմամբ, անտառապահ Ս. Վ.-ի,  Լոռու մարզի բնակիչներ Դ. Կ.-ի և Գ. Կ.-ի օժանդակությամբ իր պարտականությունները դիտավորությամբ չի կատարել և իր լիազորությունները ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որի հետևանքով հիշյալ անձանց կողմից Վահագնիի անտառպետության տարածքում 2021 թվականի ընթացքում իրականացվել են շուրջ 90 հատ տարբեր տրամաչափի «Հաճարենի», «Թխկի», «Կաղնի», «Սոճենի», «Հացենի», «Բոխի», «Լորենի» և այլ ծառերի ապօրինի հատումներ, իսկ ստացված փայտանյութն ապօրինի վաճառվել կամ օգտագործվել է ըստ հայեցողության: 22.06.2022թ.-ին անտառապետ Մ. Ն.-ն ու ևս երեք անձ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով: 23.06.2022թ.-ին Մ.Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Լոռու մարզի բնակիչներ Հ. Ս.-ին և Ս. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Մ. Ն.-ի և Ս. Մ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` հանցագործությունների և այն կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:05 - 24 հունիսի, 2022
Հակոբ Սիմիդյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Հակոբ Սիմիդյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։ Հայաստանի Հանրապետությունը ԱՄՀ-ին անդամակցում է 1992թ. մայիսի 28-ից։ Մինչ օրս ԱՄՀ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացվել են 9 ծրագրեր, և իրականացման փուլում է գտնվում մեկ ծրագիր։ Հիմնադրամը, բացի վարկերից, անդամ երկրներին տրամադրում է նաև տեխնիկական աջակցություն և ուսուցում մի շարք ոլորտների համար, ինչպիսիք են՝ երկրի կենտրոնական բանկի քաղաքականությունը, դրամավարկային և արժութային քաղաքականությունը, հարկային քաղաքականությունը և վարչարարությունը, ինչպես նաև պաշտոնական վիճակագրությունը: Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում` նախարարը նախ շնորհավորել է տիկին Պետրովային ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար նշանակվելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ԱՄՀ-ին անդամակցելու 30-ամյակի կապակցությամբ։ Նախարարը պատրաստակամություն է հայտնել քննարկելու շրջակա միջավայրի ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ «Շրջակա միջավայրի ոլորտի խնդիրների լուծումները ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում են, մասնավորապես կլիմայական փոփոխություններով պայմանավորված նոր մարտահրավերները։ Մեր կառավարությունն ունի հավակնոտ օրակարգ կլիմայի փոփոխությունների արդյունքում առաջացած խնդիրների լուծման առումով»,-նշել է նախարարը և անդրադարձել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների և դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի ստեղծման կարևորությունը։ «2021 թվականին խորհրդի կազմի փոփոխությամբ (ներկայումս ղեկավարվում է փոխվարչապետի կողմից) արձանագրվել է կլիմայական օրակարգին վերաբերելի որոշումների քաղաքական ղեկավարման մակարդակի բարձրացում և խորհրդի իրավասության շրջանակի ընդլայնում։ Եվ վերջին ամիսներին մեր միջգերատեսչական խորհուրդը բավականին ակտիվ գործունեություն է ծավալել»,-նշել է նախարարը։ Հանդիպման ընթացքում նախարարը գործընկերներին է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող և նախաձեռնված օրենսդրական բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել համագործակցության և գործիքակազմերի փոխանակման։ Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ով հանդիսանում է «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող, գործընկերներին է ներկայացրել Հայաստանում կլիմայական քաղաքականության մշակման ընթացիկ իրավիճակը և առանձնահատուկ կարևորել է Շրջակա միջավայրի նախարարության մասնագետների մասնակցությունը քաղաքականությունների բոլոր բաղադրիչների մշակման գործընթացներին։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումներն առավել առարկայական քննարկումներ ու գործընթացներ ծավալելու նպատակով և, ըստ անհրաժեշտության, համագործակցել միմյանց և այլ միավորների հետ` կլիմայական օրակարգով սահմանված նպատակներին հասնելու համար:
22:21 - 21 հունիսի, 2022
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում որևէ անկած խլուրդ չի գտնվել

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում որևէ անկած խլուրդ չի գտնվել

Շաբաթներ առաջ համացանցում տեղեկություններ էին տարածվում, որ «Դիլիջան» ազգային պարկի ամբողջ տարածքում մեծ քանակությամբ խլուրդներ են անկում։ Ահազանգի հետքերով «Դիլիջան» ազգային պարկի մասնագետներն օրեր շարունակ ուսումնասիրություններ և դիտարկումներ են իրականացրել պարկի տարածքում, խլուրդների անկման որևէ դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան ՝ջում՝ հավելելով, որ անպատասխան են մնացել նաև ազգային պարկի ներկայացուցիչների խնդրանքներն ահազանգը հնչեցնողներին` ներկայացնել ապացույց լուսանկարներ, նշել կոորդինատ կամ մասնագետներին ուղեկցել դեպքի վայր: Հաշվի առնելով վերոգրյալը, նախարարությունից հորդորում են զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց և հանրությանը միտումնավոր մանիպուլյացիաների ենթարկելուց: Նշվում է, որ «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները և մասնագետները պատշաճ իրացնում են բնության հատուկ պահպանվող տարածքի պաշտպանության և պահպանության իրենց վերապահված լիազորությունները. ազգային պարկի տարածքում յուրաքանչյուր խնդիր ուշադրության կենտրոնում է:
10:28 - 14 հունիսի, 2022
Սևան է բացթողնվել իշխանի 2022 թվականի առաջին խմբաքանակը

Սևան է բացթողնվել իշխանի 2022 թվականի առաջին խմբաքանակը

Սևանա լիճ բաց է թողնվել շուրջ 15. 577 հատ Ամառային իշխանի և 150.000 հատ Գեղարքունի իշխանի մանրաձուկ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչները մարզում մասնակցել է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակում   5.8 գրամ միջին քաշով շուրջ 15 հազար 577 հատ Ամառային իշխանի և 1.1 գրամ միջին չափով 150.000 հատ Գեղարքունի իշխանի  մանրաձկան հերթական խմբաքանակի՝ բացթողնման աշխատանքներին: Մանրաձկան  բացթողումն իրականացվել է Ծակքար և Կարճաղբյուր գետերում: Մանրաձկան բացթողնման աշխատանքներից առաջ նախարարի տեղակալը շրջել է Կարճաղբյուրի մանրաձկան գործարանի տարածքում, ծանոթացել առկա հզորություններին և  հիմնադրամի ներկայացուցիչների ու ոլորտի մասնագետների հետ քննարկել ձկնապաշարների վերականգնմանը վերաբերող հարցեր։ Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։
17:29 - 13 հունիսի, 2022
«Դիլիջան» ազգային պարկում խլուրդների անկելու վերաբերյալ ահազանգին ընթացք կտրվի

«Դիլիջան» ազգային պարկում խլուրդների անկելու վերաբերյալ ահազանգին ընթացք կտրվի

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ ֆեյսբուքյան խմբերում տեղեկություններ են տարածվում, որ «Դիլիջան» ազգային պարկի ամբողջ տարածքում մեծ քանակությամբ խլուրդներ են անկում։ Նախարարությունը նշում է, որ ահազանգը գտնվում է նախարարության և «Դիլիջան» ազգային պարկի ուշադրության կենտրոնում, դրան կտրվի համատասխան ընթացք։ «Ահազանգի շուրջ Շրջակա միջավայրի նախարարության և «Դիլիջան» ազգային պարկի մասնագետներն այսօր խորհրդակցություն են անցկացրել։ Վաղը ազգային պարկի մասնագետները կայցելեն գրառումներում նշված բոլոր կոորդինատներով, տեղում կուսումնասիրեն խնդիրը և նմուշառումներ կիրականացնեն։ Շնորհակալություն ենք հայտնում ահազանգի համար և հորդորում՝ նախքան մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքների հրապարակումը, զերծ մնալ հնարավոր պատճառների մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածումից»,- ասված է հաղորդագրության մեջ։
21:54 - 05 հունիսի, 2022
Անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի շրջակա միջավայրի ոլորտում Հայաստանը դասվի զարգացած երկրների շարքին. Հակոբ Սիմիդյան

Անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի շրջակա միջավայրի ոլորտում Հայաստանը դասվի զարգացած երկրների շարքին. Հակոբ Սիմիդյան

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը շրջակա միջավայրի միջազգային օրվա առթիվ ուղերձ է հղել, որում ասված է.    «Սիրելի՛ հայրենակիցներ,   Այսօր շրջակա միջավայրի միջազգային օրն է։   «Միայն մեկ Երկիր մոլորակ». այսպիսին է 2022-ի շրջակա միջավայրի միջազգային օրվա կարգախոսը։ Այն հնչել է 50 տարի առաջ՝ Ստոկհոլմում, երբ ընդունվեց Շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագիրը։   Էկոհամակարգերի քայքայումը, կենսաբազմազանության կորուստը, հողի և օդի աղտոտվածությունը, կլիմայի փոփոխությունը ոչ միայն վնասում են մեզ շրջապատող բնությանը, այլև սպառնում են մեր բարեկեցությանը:   Բնապահպանական աղետների բեռը բաշխվում է անհամաչափ, և այս արհավիրքից ամենաշատը տուժում են աղքատ և զարգացող երկրները։   Հայաստանը ևս անմասն չէ բնապահպանական խնդիրներից, որոնց վրա պետք է սևեռել հանրության ուշադրությունը և որոնց լուծման ուղղությամբ պետք է համատեղել բոլորիս ջանքերը։   Շրջակա միջավայրի նախարարության ջանքերի շնորհիվ այսօր անհամեմատ բարեփոխվել է շրջակա միջավայրին վերաբերող օրենսդրական դաշտը։   Կառավարության բարձր հովանու ներքո և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությամբ ընթացող աշխատանքներն ուղղված են կենսառեսուրսների արդյունավետ կառավարմանը, անտառպահպանությանը, կենսաբազմազանության ու էկոհամակարգերի վերականգնմանը, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանը, բնության հանդեպ վերաբերմունքի վերարժևորմանն ու մեր հայրենակիցների մեջ պատասխանատու վարքի ձևավորմանն ու ամրապնդմանը։   Մենք անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի շրջակա միջավայրի ոլորտում Հայաստանը զարգացող երկրների շարքից դասվի զարգացած երկրների շարքին։   Շնորհավորում եմ նախարարության աշխատակիցներին, իմ հարգելի գործընկերներին և յուրաքանչյուրիս:   Այս օրը հիանալի առիթ է խորհրդածելու այն մասին, թե որքան կարևոր է շրջակա միջավայրը և ինչպես կարելի է այն դարձնել ավելի կանաչ, մաքուր ու առողջ, հոգ տանել բնության մասին, դրսևորել պատասխանատվություն՝ այն հետագա սերունդներին անաղարտ փոխանցելու համար, քանի որ մոլորակը մեկն է»:  
11:37 - 05 հունիսի, 2022
Տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետի և մի քանի նախարարների երդման արարողությունը

Տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետի և մի քանի նախարարների երդման արարողությունը

Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի երդման արարողությունը: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, վերջիններս ընթերցելով երդման տեքստը՝ նշել են.  «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»: Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են փոխվարչապետին ու նախարարներին՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի:
15:40 - 13 մայիսի, 2022