Բաբկեն Թունյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1980թ. սեպտեմբերի 6-ին Երեւանում։

2001թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը: 2003թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Տնտեսագիտության մագիստրոս։ 2007թ.՝ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի (LSE) «Տնտեսագիտություն եւ հանրային կառավարում» երեքամսյա դասընթացը:

Մասնակցել է մի շարք վերապատրաստման դասընթացների՝ Կոնֆլիկտաբանություն եւ բանակցություններ (2006թ., Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, Երեւան), Թրեյնինգ՝ թրեյներների (դասախոսների) համար (2006թ., Լոնդոն), աշխատանքային պրակտիկա «BBC Parliament» հեռուստաալիքում (2007թ., Լոնդոն), Ընտրական պրոցեսներ, մամուլի ազատություն, Հայաստան-ԵՄ հարաբերություններ (2011թ., Փարիզ, Ստրասբուրգ), International Visitor Leadership ծրագիր (2011թ., ԱՄՆ)։

1998-1999թթ. եղել է Հայկական Կարմիր խաչի ընկերության փախստականների եւ միգրացիայի բաժին պետի օգնական: 2000-2002թթ.՝ Բնական ակտիվ նյութեր արտադրողների եւ արտահանողների հասարակական կազմակերպության նախագահի օգնական: 2005-2018թթ. աշխատել է «168 ժամ» թերթի եւ 168.am կայքի տնտեսական մեկնաբան, տնտեսական խմբագիր։ 2005-2006թթ.՝ «ԹիՎի 5» հեռուստաալիքի մարզական լուրերի թարգմանիչ եւ խմբագիր: 2007-2009թթ.՝ «3 Միլիոն» ամսագրի գլխավոր խմբագիր: 2009 -2012թթ.՝ «ԲԵ-ՎԻՏ» ընկերության հիմնադիր տնօրեն:

2015թ. հիմնադրել եւ մինչեւ 14.01.2019թ. ղեկավարել է B4B.am տեղեկատվական-վերլուծական հարթակը։

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Առաջարկվում է սեպտեմբերի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում բացառապես անկանխիկ եղանակով փոխանցել կենսաթոշակը |hetq.am|

Առաջարկվում է սեպտեմբերի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում բացառապես անկանխիկ եղանակով փոխանցել կենսաթոշակը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» և հարակից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկը, որով նախատեսվում է անցնել կենսաթոշակների վճարման միայն անկանխիկ եղանակի: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ապրիլի 15-ին: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանի խոսքով` պատգամավորներն առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն ներկայացրել, առաջարկներ եղել են գործադիրից: Նախագծով առաջարկվում է այս տարվա հուլիսի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում անցնել բացառապես անկանխիկ եղանակով կենսաթոշակը փոխանցելու կարգին: Կառավարությունն առաջարկում է «հուլիսի 1» ժամկետը փոխարինել «սեպտեմբերի 1» ժամկետով` առկա իրողությամբ պայմանավորված: Խորհրդարանի տեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն արձագանքեց` անկանխիկ վճարային եղանակին անցնելու այս պրոցեսը սահուն չի կազմակերպվում, ավելի ճիշտ կլիներ համայնքներում բանկային ենթակառուցվածքները զարգանային, նոր անցում լիներ: Փոխնախարարը պատասխանեց` Կառավարությունն ընտրել է փուլային տարբերակը. նախ այդ համակարգին անցնում են խոշոր քաղաքները, ապա խոշոր գյուղերը, և վերջում` փոքր գյուղերը: Եթե այս ընթացքում բանկային ենթակառուցվածքների հասանելիության խնդիր լինի, ապա ժամկետների փոփոխություն կլինի: «Եթե ուզում ենք, որ մարդիկ առանց լրացուցիչ դժվարությունների անցնեն անկանխիկ եղանակի, պետք է այդ պահանջը իմպերատիվ լինի այն մարդկանց համար, ովքեր նոր են թոշակի անցնում, իսկ գործող թոշակառուների համար ընտրության հնարավորություն պիտի լինի»,-ասաց Բաբկեն Թունյանը: Փոխնախարարն արձագանքեց, որ Կառավարությունը հակված է քննարկվող տարբերակին, և հավելեց` այն ազդակ է լինելու նաև բանկային համակարգի համար` համայնքներում ենթակառուցվածնքների զարգացման համար: Նախագիծը ստացավ հանձնաժողովի հավանությունը` ընդգրկվելով քառօրյա նիստերի օրակարգ: Առանձին կատեգորիայի անձինք, ինչպես 75 և ավելի տարեկան թոշակառուները, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն և շարժունակության խնդիր ունեցողները, կարող են իրենց դիմումների հիման վրա ընտրել կանխիկ փոխանցման տարբերակը:
16:40 - 20 մայիսի, 2020
Կառավարությունը ցանկանում է մասնավորեցվող առողջապահական ընկերությունների պրոֆիլի պահպանման պահանջն իրեն վերապահել |hetq.am|

Կառավարությունը ցանկանում է մասնավորեցվող առողջապահական ընկերությունների պրոֆիլի պահպանման պահանջն իրեն վերապահել |hetq.am|

hetq.am: Կառավարությունն առաջարկում է պետական գույքի 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագրում փոփոխություն կատարել` ընձեռելով հնարավորություն մասնավորեցվող առողջապահական կազմակերպությունների պրոֆիլի պահպանումը յուրաքանչյուր դեպքով վերապահել Կառավարությանը: Նախագիծը քննարկվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Այն ներկայացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Նրա խոսքով` անցնող տարվա ընթացքում միայն երեք առողջապահական կազմակերպություն է մասնավորեցման ցանկից հանվել, որից երկուսը` Կառավարության, երրորդը` ԱԺ-ի նախաձեռնությամբ: «Մյուսների դեպքում ունենք ոչ էդքան նպատակահարմարություն պրոֆիլը պահպանելու, ոչ բարձր աստիճանի հետաքրքրվածություն գնորդների կողմից»,- ասաց Նարեկ Բաբայանը: Նրա խոսքով` մասնավորեցված ընկերություններից «Դիլիջան մանկան հակատուբերկուլյոզային առողջարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը մասնավորեցվել է պրոֆիլը պահպանելու պայմանով, սակայն պարտավորությունը չի կատարվել, և այժմ դատական պրոցես է սկսվել: Մասնավորեցվող ընկերությունների ցանկում ընդգրկված Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի առնչությամբ Բաբայանն ասաց, որ կենտրոնը երբ հիմնադրվել է, յուրահատուկ ծառայություն է մատուցել, այժմ պրոֆիլը պահպանելու կարիք չկա, քանի որ գրեթե բոլոր ԲԿ-ներում այդ ծառայությունը մատուցվում է ավելի որակյալ: Կենտրոնը, ըստ Նարեկ Բաբայանի, այժմ կորցրել է գրավչությունը, և գնորդները հետաքրքրություն չեն ցուցաբերում: Բաբայանի խոսքով` մասնավորեցվող ընկերությունը եթե պրոֆիլը պահպանելու պահանջ չունենա, ապա այն մասնավորեցումից հետո կարող է դառնալ բիզնես կենտրոն կամ հյուրանոց, և ավելի եկամտաբեր լինել: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե կան արդյոք կոնկրետ պլաններ մասնավորեցվող ընկերությունների ճակատագրերի վերաբերյալ և կան պոտենցիալ գնորդներ, որոնք հետաքրքրություն են հայտնել: Բաբայանն արձագանքեց` հիմնական խնդիրը նևրոզների և օրթոպեդիայի կլինիկաների հետ է կապված, քանի որ գնորդների համար պրոֆիլը պահպանելու պայմանով հետաքրքրություն չեն ներկայացնում: Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյան համաձայնեց` ցանկում կան բժշկական կենտրոններ, որոնց պրոֆիլը կարելի է և չպահպանել, բայց կաև նաև այնպիսիք, որոնց պրոֆիլի պահպանումը կարևոր է: «Օրինակ՝ Օրթոպեդիայի կենտրոը, համաձայն եմ, որ պահպանելու կարիք չկա, քանի որ մնացած բոլոր ԲԿ-ներում այդ ծառայություններն ավելի որակով են մատուցվում, բայց այս համավարկային պայմաներում այն ծառայում է Covid-ի համար և պարզ է, որ մինչև տարվա վերջ չի կարող մասնավորեցվել: Ինչ վերաբերում է Կուրորտաբանության ինստիտուտին, այն բացառիկ ծառայություն է մատուցում` հանքային ջրերի նյութաբանական ծառայություն է իրականացնում, և եթե մասնավորեցվի առանց պրոֆիլը պահպանելու՝ պիտի հասկանալ այս ծառայությունն ինչպես է մատուցվելու: Այն կարող է նաև վերականգնողական կենտրոն դառնալ»,- ասաց Զեյնալյանը: Վերջինս նաև հիշեցրեց, որ Նևրոզների կլինիկայի ուղղվող գումարները կրճատվել է, և հոգեկան առողջության խնդիր ունեցող քաղաքացիները փաստի առջև են հայտնվել, նրանց ուղղորդում են հոգեբուժական կլինիկաներ, սակայն նրանց խնդիրն այլ է: Զեյնալյանն առաջարկեց, որ յուրաքանչյուր մասնավորեցվող ԲԿ-ի հարցը խորհրդարանը քննարկի` հասկանալու պրոֆիլի պահպանման կարևորությունը: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն առաջարկեց նախագիծը լրամշակել և այդ տեսքով ներկայացնել հանձնաժողովին: «Եթե կմշակեիք ընդհանուր սկզբունքներ ու քննարկեիք մեզ հետ, չեմ կարծում, թե այդ պրոցեսը կտուժեր: Դուք հիմա ասում եք` քաշվեք մի կողմ, կառավարությունը կորոշի ամեն հիմնարկի հետ ինչ անել: Ես գտնում եմ, որ այդ մոտեցումը ճիշտ չէ: Եթե ուզում էիք ավելի ճկուն լինել, մեկ այլ մեխանիզմ առաջարկեիք, ընդհանուր սկզբունքների հիման վրա որոշեինք, որ ինչ-ինչ կլինիկաների մասով նման արտնություն տայինք կառավարությանը»,-ասաց Թունյանը: Թունյանը նաև ասաց, որ տեսել է Նարեկ Բաբայանի հարցազրույցը, որտեղ վերջինս խոսում է Հայփոստի` Սարյան փողոցում գտնվող գլխամասային շենքի մասնավորեցման հնարավորության մասին` առանց այդ հարցը քննարկելու խորհրդարանի հետ: «Խորհրդարանի ֆիլտրը անհրաժեշտ է պահպանել, սա է իմ դիրքորոշումը: Եթե հարմար եք գտնում, կարող ենք ինչ-որ ժամանակով հետաձգել հարցի քննարկումը: Կներեք, Ձեր առաջակն ինձ համար ընդունելի չէ»,-ասաց նա: Նարեկ Բաբայանն արձագանքեց, որ պատրաստ է աշխատել հանձնաժողովի հետ, ուստի նախագծի քննարկումը հետաձգվեց երկու ամսով:
13:29 - 20 մայիսի, 2020
Բաբկեն Թունյանը հիմնավորում է, թե ավանդների ու բանկային հաշիվների մասին ինֆորմացիան ինչպես է հասանելի դարձել կառավարությանը |hetq.am|

Բաբկեն Թունյանը հիմնավորում է, թե ավանդների ու բանկային հաշիվների մասին ինֆորմացիան ինչպես է հասանելի դարձել կառավարությանը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը խորհրդարանում այսօր տեղի ունեցած ճեպազրույցում մանրամասնեց, թե ինչպես է Կառավարությանը հասանելի դարձել աջակցություն ստացած անձանց ավանդների և բանկային հաշիվների մասին տեղեկատվությունը: «Երբ վարչապետը հայտարարեց, որ իններորդ ծրագրով աջակցություն են ստացել մարդիկ, որոնք իրենց բանկային հաշիվների վրա ունեին 20 միլիոն դրամից ավելի ավանդ կամ մեկ միլիարդ դրամից ավելի ավանդ, դա հիմք տվեց ենթադրելու, որ խախտվել է բանկային գաղտնիքը, և դրա հիման վրա սկսեցին արվել որոշակի հայտարարություններ, որ մեր երկրում բանկային գաղտնիքը պաշտպանված չէ և այլն: Շատ դեպքերում մարդիկ, իրոք, կարող էին նման կարծիք ունենալ, որովհետև մանրամասնորեն չեն տիրապետում էդ ամբողջ ընթացակարգերին, բայց որոշ դեպքերում այդ ամենն արվում էր միտումնավոր, որ մարդկանց մոտ տպավորություն առաջանա, թե իշխանությունները խախտում են բանկային գաղտնիքը»,- ասաց Թունյանը: Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հակաճգնաժամային ծրագրերի` շատ դեպքերում ոչ ճիշտ հասցեականության մասին, ասաց, որ իններորդ ծրագրի շահառուների թվում 50 մարդ կա, ով բանկում 20 միլիոն և ավելի ավանդ ունի, սակայն պետությունից աջակցություն է ակնկալում: Բաբկեն Թունյանը փորձեց հիմնավորել, թե ինչպես են այդ տվյալները կառավարության ղեկավարին հասանելի դարձել, նա էլ իր հերթին հանրայնացրել է: «Յուրաքանչյուր անձի ունեցած ավանդի մեծությունը, հաշիվների շարժը, վերցրած վարկերի ծավալն, իրոք, բանկային գաղտնիք է, ու որևէ մեկը չի կարող առանձին անձի վերաբերյալ տվյալներ ունենալ, բայց ամփոփ տվյալներ պետական մարմինները, այդ թվում նաև լրագրողները կարող են հարցում անել ու ստանալ: Տվյալ պարագայում բանկային համակարգը կարող է ամփոփ տեղեկանք պատրաստել, օրինակ՝ X բանկի միջոցով աջակցություն է ստացել 30 հազար շահառու, այդ բանկը կարող է տեղեկանք պատրաստել ու ասել, թե այդ 30 հազարի մեջ քանի հոգի կա, որ ունի տասը միլիոն դրամից ավելի ավանդ, քանի հոգի կա, որ ունի քսան միլիոն դրամից ավելի ավանդ` առանց կոնկրետ ավանդատուներին իդենտիֆիկացնելու, առանց առանձին մարդկանց հաշիվների շարժի մասին տեղեկացնելու: Դա ամփոփ ինֆորմացիա է, որը Կենտրոնական բանկը պարբերաբար հրապարակում է` ավանդների, վարկային հաշիվների վերաբերյալ»,-ասաց պատգամավորը: Թունյանն ընդգծեց` ավանդատուների թիվը ոչ միայն բանկային գաղտնիք չէ, այլև անհրաժեշտ ինֆորմացիա է, որպեսզի պետությունը կարողանա ճիշտ քաղաքականություն մշակել: Շարունակությունը՝ hetq.am կայքում։
12:52 - 14 մայիսի, 2020
Գուցե ես իմ բառապաշարի մեջ ավելի զուսպ լինեի, հետո բանը չհասներ նրան, որ այսօր Սասուն Միքայելյանն ստիպված լիներ այսպիսի ելույթ ունենալ. Բաբկեն Թունյան |tert.am|

Գուցե ես իմ բառապաշարի մեջ ավելի զուսպ լինեի, հետո բանը չհասներ նրան, որ այսօր Սասուն Միքայելյանն ստիպված լիներ այսպիսի ելույթ ունենալ. Բաբկեն Թունյան |tert.am|

tert.am: Ես պարզապես ցանկանում եմ մեր հայրենակիցներից ներողություն խնդրել նրա համար, որ մենք որպես ԱԺ պատգամավորներ, կարևոր օրակարգերը թողած այն ժամանակը, որի համար դուք մեզ վճարում եք, որ մենք զբաղվենք լուրջ խնդիրներ և հարցեր լուծելով, մենք վատնում ենք այսպիսի բաների վրա: Այս մասին իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ խոսում է իր անունից:Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ իրենից հասանելիք ամեն բան կանի, որ ճիշտ գծից չշեղվի: «Ես երկու օր մտածել եմ այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ, ինչ ասացի, ինչ հնչեց: Գուցե ես իմ բառապաշարի մեջ ավելի զուսպ լինեի, հետո բանը չհասներ նրան, որ այսօր Սասուն Միքայելյանն ստիպված լիներ այսպիսի ելույթ ունենալ: Չգիտեմ որքանով է ճիշտ, բայց ես ամեն ինչի մեջ փորձում եմ առաջինն իմ մեղքի բաժինը տեսնել և բոլորին էլ նույն կոչն եմ անում»,-ասաց նա:
17:44 - 11 մայիսի, 2020
Թունյանը գոհ չէ հանքարդյունաբերության հարցով հանձնաժողովի աշխատանքի տեմպից |armenpress.am|

Թունյանը գոհ չէ հանքարդյունաբերության հարցով հանձնաժողովի աշխատանքի տեմպից |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կարծում է, որ Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց ընդունած ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կենտրոնացած է ավելի շատ ոչ թե ընդհանուր հանքարդյունաբերության ոլորտի, այլ առանձին ընկերությունների վրա:   Թունյանը նման տեսակետ հայտեց ԱԺ մայիսի 11-ի նիստում հանձնաժողովի  գործունեության ժամկետի երկարաձգելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկմանը: Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ ինքը ևս հանձնաժողովի անդամ է: Նա հաև հիշեցրեց, որ երբ քննարկել են հանձնաժողովի կազմը որոշելու հարցը, ինքը մի քանի հարցադրումներ է հնչեցրել: «Մասնավորապես, հարցադրում եմ հնչեցրել, թե արդյոք ունենալո՞ւ ենք այնքան մասնագիտական ռեսուրսներ, որպեսզի կարողանանք այդ ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները պատշաճ ուսումնասիրել: Կարող եմ ասել, որ այս ընթացքում որոշակի աշխատանք կատարվել է: Ես ինքս մեր աշխատանքի տեմպից այնքան գոհ չեմ, ինձ մոտ երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մենք ավելի շատ կենտրոնացած ենք ոչ թե ընդհանուր հանքարդյունաբերության ոլորտի, այլ առանձին ընկերությունների վրա: Ես ինքս որոշակի հարցեր հնչեցրել եմ և առաջիկա երեք ամիսը կօգտագործեմ ավելի ինտենսիվ կերպով այդ հարցերի պատասխանները ստանալու համար»,-ասաց Թունյանն ու նշեց՝ դա պետք է փորձեն ստանալ Սերգեյ Բագրատյանի օգնությամբ: Նա նշեց՝ եթե կանչելու են ընդամենը փորձագետների կամ որոշ դեպքերում արդեն ընդգծված մոտեցում ունեցող մարդկանց, նրանց կարծիքը լսելու ու դրա վրա եզրակացություն անելու համար, դա կարող է իրենց սխալ ուղղությամբ տանել: Թունյանն առաջարկեց ի սկզբանե պայմանավորված հարցաշարերն արագ ուղարկել համապատասխան ընկերություններին, ստանալ պատասխանները, եզրակացություն անել: Սերգեյ Բագրատյանն արձագանքեց՝ եզրափակիչ ելույթի կարիք չէր լինի, եթե Թունյանի խոսքերի ենթատեքստը չհասկանար: «Այս հանձնաժողովը ստեղծվել է Դոնթի բանաձևով, և իշխանության մեր գործընկերները կարող են ազատ քննարկել հարցերի ողջ շրջանակը: Բաժանվել են խմբեր, թե քանի պատգամավոր որ ընկերությունների հաշվետվություններն է դիտարկում: Որևէ մեկդ կաշկանդված չէ ցանկացած ընկերության գործունեություն ուսումնասիրելու: Կոնկրետ ես ավելի շատ կարևորում եմ հանրային հնչեղություն ունեցող հանքարդյունաբերության ուսումնասիրությունը և այդ ուղղությամբ եմ աշխատում»,-ասաց նա: Բագրատյանը նշեց՝ իր հրավիրված փորձագետը 10 հազար էջ ուսումնասիրություն է կատարել և  ներկայացրել է իր եզրակացությունը հանձնաժողովին: Նա առաջարկեց Թունյանին ևս մեկ փորձագետ հրավիրել և ևս 30 հազար էջ ներգրավել ընթացքի մեջ: «Եթե որևէ մեկը կասկածում է անաչառության մեջ, մենք ամենաշատն ենք դեմ խտրական վերաբերմունքին»,-ասաց Բագրատյանը: Հանձնաժողովը ապրիլի 30-ի փակ նիստի ժամանակ որոշել է՝  հիմք ընդունելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետը, ինչպես նաեւ համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատանքի անհնարինության հանգամանքը, կատարված հարցումների արդյունքում ստացված փաստաթղթերի իրավական հիմքերի ուսումնասիրության անհրաժեշտությունը, երկարաձգել հանձաժողովի լիազորության ժամկետը 3 ամսով:
11:19 - 11 մայիսի, 2020
Ինչո՞ւ են քաղաքացիները ստացել 68 հազար դրամից պակաս աջակցություն
 |fip.am|

Ինչո՞ւ են քաղաքացիները ստացել 68 հազար դրամից պակաս աջակցություն |fip.am|

fip.am: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման՝ կառավարության կողմից իրականացվող միջոցառումները, դրանց շրջանակում կատարված հատկացումները և շահառուների ընտրությունը վերջին շրջանում բուռն քննարկումների պատճառ են դարձել։ Միջոցառումներից 8-րդը և դրա շրջանակում տրամադրված աջակցությունը հատկապես քննարկվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից։ Խնդրահարույց էր համարվում հատկապես միջոցառման շահառուներին տրամադրված աջակցության չափը։  «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 8-րդ միջոցառման իրականացման կարգը, շահառուների ընտրության մեխանիզմները և առկա խնդիրները։ Միջոցառման շահառուները Այս միջոցառման նպատակը կորոնավիրուսից տուժած ոլորտների աշխատակիցներին և անհատ ձեռնարկատերերին սոցիալական աջակցություն հատկացնելն է։ Միջոցառումը նպատակ ունի մեկանգամյա դրամային աջակցություն տրամադրել այն քաղաքացիներին, որոնք 2020 թ. մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում եղել են ծրագրի համար ընտրված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր: Ընտրված ոլորտներից են հյուրանոցային և հյուրատնային բիզնեսը, հանրային սննդի ոլորտը, զբոսաշրջային ծառայությունների մատուցման ոլորտը, վարսավիրանոցները և գեղեցկության սրահները և այլն: Նախապես հաստատված ցանկն ընդլայնվեց ապրիլի 30-ին՝ կառավարության որոշմամբ: Որքա՞ն գումար է հատկացվել շահառուներին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքյան իր էջում, իսկ ավելի ուշ նաև Ազգային Ժողովում հայտարարեց, որ տուժած ոլորտների աշխատակիցները կստանան 68-136 հազար դրամի չափով աջակցություն, իսկ անհատ ձեռնարկատերերը՝ եռամսյակային շրջանառության 10%-ի չափով: Մայիսի 8-ի դրությամբ 8-րդ միջոցառման շահառու է շուրջ 95 հազար անձ, սակայն հրապարակված ցանկում անհատ ձեռնարկատերերը և աշխատողները որևէ կերպ առանձնացված չեն։  Սոցիալական ապահովության ծառայություն online.ssa.am կայքում հրապարակված պաշտոնական տվյալներից տեղեկանում ենք, որ տրամադրված աջակցության ընդհանուր չափը կազմել է շուրջ 6 միլիարդ 660 միլիոն դրամ։  Ուշագրավ է, սակայն, շահառուների մի մասին հատկացված գումարների չափը։ Այսպես, շուրջ 8000 շահառուի հատկացվել է 1000-ից 25 հազար դրամի աջակցություն, որից 815-ին հատկացված աջակցության չափը կազմել է 1000-5000 դրամ: Այս խմբի պարագայում, եթե շահառուն անհատ ձեռնարկատեր է, ապա ստացվում է, որ վերջիններիս եռամսյակային շրջանառությունը կազմել է 10,000 — 50,000 դրամ։  25,000-40,000 դրամ աջակցություն ստացողների թիվը 11 հազար է։ Մոտ 12,600 քաղաքացի էլ ստացել է 40,000-68,000 դրամ աջակցություն։  Ինչ վերաբերում է Բաբկեն Թունյանի կողմից նշված 68-136 հազար դրամին, ապա այդ միջակայքում աջակցություն է հատկացվել մոտ 64,500 քաղաքացու։ Սա շահառուների ընդհանուր թվի շուրջ 67․8 տոկոսն է։ Նրանցից 11,700-ը ստանալու են առավելագույն՝ 136 հազար դրամ աջակցություն: Ինչպե՞ս է հաշվարկվում աջակցության չափը Ծրագրով նախատեսված է տրամադրվող աջակցության հաշվարկման մի քանի մեխանիզմ: Վարձու աշխատողներին տրամադրված աջակցության չափը հաշվվում է ըստ հունվար և փետրվար ամիսներին նրանց ստացած աշխատավարձերի: Այսպես՝ եթե երկու ամիսներին ստացած միջին աշխատավարձը գերազանցել է նվազագույն աշխատավարձի չափը (68 հազար դրամ), ապա տրամադրվող աջակցությունը միջին աշխատավարձի 50 տոկոսի չափով է, սակայն ոչ պակաս, քան 68,000 դրամը: Առավելագույն շեմը 136 հազար դրամն է: Եթե վարձու աշխատողը հունվար ամսին ստացել է 65,000 դրամ աշխատավարձ, փետրվարին՝ 90 հազար դրամ, ապա վերջինիս միջին աշխատավարձը կազմում է 77,500 դրամ։ Ըստ աջակցության 8-րդ ծրագրի՝ աշխատողին պետք է տրվի այս աշխատավարձի 50 տոկոսի չափով փոխհատուցում։ Բայց քանի որ, ըստ ծրագրի, աշխատողին տրվող աջակցությունը չի կարող պակաս լինել 68,000 դրամից, ապա վերջինս ստացել է հենց 68,000 դրամ։  Իսկ այն աշխատողները, որոնց երկու ամիսների միջին աշխատավարձը չի գերազանցել 68,000 դրամը, ստացել են միջին աշխատավարձի չափով աջակցություն: Օրինակ՝ եթե վարձու աշխատողի աշխատավարձը հունվարին կազմել է 20,000 դրամ, փետրվարին՝ 30,000 դրամ, ապա աջակցության չափը կկազմի 25,000 դրամ: Սակայն կառավարության հաստատած ծրագրում և դրա պարզաբանումներում ներկայացված և շահառուների ցուցակում հրապարակված թվերը որոշ հարցեր են առաջացնում։ Պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ միջոցառման շրջանակում տուժած ոլորտների աշխատակիցները միանվագ աջակցություն կստանան 68-136 հազար դրամի չափով, իսկ Ա/Ձ-ները՝ եռամսյակային շրջանառության 10%-ի չափով։ Պատգամավորի այս գրառումից տպավորություն էր ստեղծվում, թե աջակցության նվազագույն շեմը 68,000 դրամն է։ Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն այս հարցի մասին խոսելիս պարզաբանել էր, որ այս ցանկում ընդգրկված են նաև այն աշխատողները, որոնց ամսական միջին աշխատավարձն ինչ-ինչ պատճառներով ցածր է նվազագույն աշխատավարձից, հետևաբար՝ ցանկում ընդգրկված անձանց մի մասին բաժին ընկած պետական աջակցությունը ցածր է 68 հազար դրամից։ Թե հրապարակված ցանկում մինչև 68,000 դրամ աջակցություն ստացած անձանցից քանի՞սն են համարվում աշխատողներ և քանիսը՝ անհատ ձեռնարկատերեր՝ դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ այս ծրագրում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը ստացել է նվազագույն աշխատավարձից պակաս աջակցություն։ Անի Ավետիսյան
13:22 - 10 մայիսի, 2020
Բաբկեն Թունյանը երեկվա միջադեպի մասին |lragir.am|

Բաբկեն Թունյանը երեկվա միջադեպի մասին |lragir.am|

lragir.am: Երեկ խորհրդարանում ծեծկռտուքը տեղի ունեցավ բաբկեն Թունյանի եւ Էդմոն մարուքյանի ելույթներից հետո: Միջադեպի կապակցությամբ խոսել է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Պարոն Թունյան, Դուք Ձեր մեղքի բաժինն ունե՞ք երեկվա ծեծկռտուքում, թե ոչ: Ես միայն մի առումով եմ մեղքի բաժին զգում, որ կարևոր օրակարգը թողած, երբեմն ստիպված եմ անդրադառնալ առանձին անհեթեթությունների: Մի ամբողջ խմբակցություն անհեթեթությո՞ւն եք անվանում: Ես անվանում չտվեցի: Ով կվերցնի իր վրա, ուրեմն այդ անհեթեթություններին էլ անդրադարձել եմ: Ամեն դեպքում՝ նաև իշխանության վարկանիշի առումով չե՞ք կարծում, որ լուրջ վերանայման կարիք ունեք: Տեղի ունեցածը, բնականաբար, լավ միջադեպ չէ, բայց ես իմ խոսքում երբեք որևէ մեկին չեմ վիրավորում: Եթե  լինում են քաղաքական հայտարարություններ, դրանց հնչում է քաղաքական պատասխան, իսկ ով այդ ամենը այլ կերպ է հասկանում, և դա վերածվում է անձնական վիրավորանքների, և հեգնական տոնով խոսում է, իմ կարծիքով, ունի իր մեղքի բաժինը: Վեճը սկսեց զարգանալ հեռախոսահամարի հետ կապված Մարուքյանի դիտարկումներից հետո, մասնավորապես, Էդմոն Մարուքյանն ասում էր՝ եթե 120 հոգի ձեզ զանգել է, դուք եք այդ համարը տվել ամբիոնից: Իրենց պատգամավորներից մեկը տեղից ձեռք բարձրացնելով ուրախ-ուրախ ասում էր՝ ես եմ տվել: Տեղի ունեցածն ի՞նչ հետևանք կունենա երկու խմբակցությունների աշխատանքի վրա: Ի վերջո, ԼՀԿ-ի պատգամավորները նաև ձեր հանձնաժողովում էլ կան: Ժամանակը ցույց կտա, մենք հակված ենք նորմալ աշխատանքի և, բնականաբար, բոլոր խմբակցություններում էլ, մեր ընդդիմադիր գործընկերների մեջ էլ կան մարդիկ, որոնց հետ հաճույքով աշխատում ենք, աշխատել ենք ու կարծում եմ՝ կշարունակենք աշխատել: Շարունակությունը՝ lragir.am-ում
13:23 - 09 մայիսի, 2020
Մենք կարծում ենք, որ աջակցությունն ու չափը ինքնանպատակ չեն․ Բաբկեն Թունյան |hetq.am|

Մենք կարծում ենք, որ աջակցությունն ու չափը ինքնանպատակ չեն․ Բաբկեն Թունյան |hetq.am|

hetq.am: Կառավարության 2019 թվականի հաշվետվությունը հնգամյա ճանապարհի մի մասն է, քայլերից առաջինը: Այս մասին խորհրդարանում իր ելույթում հայտարարեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը` հիշեցնելով, որ նախորդ տարվա փետվարին խորհրդարանը հաստատել է Կառավարության հնգամյա` 2019-2023 թվականների գործունեության ծրագիրը: «Էն ժամանակ հիմնականում ի՞նչ էին խոսում կառավարության ծրագրի մասին, ու քննադատություններն ի՞նչ ուղղությամբ էին. ամենալուրջ քննադատությունն այն էր, որ ծրագիրը հեղափոխական չէ ու թիրախային ցուցանիշներ չի պարունակում»,-ասաց Թունյանը` ընդգծելով, որ 70 էջանոց փաստաթղթում թվային ցուցանիշները շատ չէին: Բաբկեն Թունյանը որոշ ցուցանիշներ հիշեցրեց, ինչպես այն, որ ակնկալվում էր ապահովել տարեկան առնվազն 5% տնտեսական աճ, արտահանումը պետք է լիներ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ)-ի 43-45 %-ի միջակայքում, հիմնական միջոցների կուտակումը ՀՆԱ-ի 23 %-ի մակարդակում ապահովվեր: «2019-ին 7,6 % տնտեսական աճ ենք ունեցել, ու դա տարածաշրջանի ամենաբարձր աճի ցուցանիշն էր: Սա էն դեպքում երբ որոշ տնտեսագետներ կանխատեսում էին 2019-ի համար, որ մեր տնտեսությունը կհայտնվի ռեցեսիայի մեջ (աստիճանական ետաճ), հետո եղավ քննադատությունների հաջոդ փուլը, որ տնտեսական աճն առողջ չէ, պայմանավորված է մեքենաների առևտրով,  բուքմեյքերական ընկերություններով: Եթե նայում ենք` որ ոլորտներն են ամենաշատը նպաստել այդ աճին, առաջին տեղում մշակող արդյունաբերությունն է` 1,36 տոկոսային կետով, երկրորդ տեղում՝ ֆինանսական ու ապահովագրական ոլորտը, հետո՝ առևտուր, հանքարդյունաբերություն: Բուքմեյքերական ընկերությունների ոլորտը 0,5-0,6 տոկոսային կետով է մասնակցություն ունեցել տնտեսական աճի ցուցանիշներում»,-ասաց Թունյանը: Բաբկեն Թունյանի խոսքով` արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը եթե 2018-ին եղել է 37,8 տոկոս, ապա 2019-ին դարձել է 38,7` մեկ տոկոսային կետով բարելավելով դիրքը: Ըստ Թունյանի՝ աճը մեծ չէ, սակայն այդ ոլորտում կա առաջընթաց: Ծառայությունների մեջ տեսակարար կշիռը զբաղեցրել են զբոսաշրջությունն ու շինարարությունը: Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը որպես գլխավոր բացթողում առանձնացրեց ռեֆորմների իրագործման դանդաղ լինելը: «Օրինակ՝ եկամուտների համատարած հայտարարագրման համակարգը եթե լիներ, էսօր ավելի արագ հակաժգնամային միջոցառումները կիրականացնեինք: Սակայն էս ժգնաժամը հնարավորություն է տալու, որ սրանից ավելի ուժեղացած  դուրս գանք ու պետական համակարգերի առումով՝ ավելի կայացած»,-ասաց նա: Խոսելով Կառավարության իրականացրած հակաժգնաժամային ծրագրերի մասին` Բաբկեն Թունյանը նշեց, որ աջակցության ընդհանուր ծավալն արդեն գերազանցում է 60 միլիարդ դրամը: «Աջակցություն է ցուցաբերվել մոտ 24 հազար տնտեսվարողների, դրամական օգնություն ստացել է ավելի քան 380 հազար մարդ: Մեր գործընկերները երբեմն մեզ քննադատում են, որ պետք է ավելի լայնամասշտաբ աջակցության միջոցառումներ իրականացնել, մենք կարծում ենք, որ աջակցությունն ու չափը ինքնանպատակ չեն: Եթե կա X ծավալի գումար, դու պետք է հասկանաս՝ ավելի լավ է այդ գումարը հիմա՞ ծախսես, մարդիկ ծախսեն, խանութներից ինչ-որ բան առնեն, սպառեն, թե՞ ավելի լավ է էդ գումարն ուղղել տնտեսության զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը»,-ասաց Թունյանը` ընդգծելով, որ ռեսուրսները անսահմանափակ չեն:
15:49 - 07 մայիսի, 2020
Ամենայն հավանականությամբ կառավարությունը լրացուցիչ աջակցություն կցուցաբերի թեթև արդյունաբերության ոլորտին. Բաբկեն Թունյան
 |lragir.am|

Ամենայն հավանականությամբ կառավարությունը լրացուցիչ աջակցություն կցուցաբերի թեթև արդյունաբերության ոլորտին. Բաբկեն Թունյան |lragir.am|

lragir.am: Ամենայն հավանականությամբ կառավարությունը լրացուցիչ աջակցություն կցուցաբերի թեթև արդյունաբերության ոլորտին: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Իհարկե, այն բոլոր ոլորտները, որոնք տուժել են, մանավանդ եթե պարետատան որոշումներով դրանց գործունեությունը սահմանափակվել է, իրենք պետք է ակնկալիք ունենան պետությունից որոշակի աջակցություն ստանալու: Ու արդեն իսկ հաստատված 14 միջոցառումների շրջանակներում ամենատարբեր ձևաչափերով մարդիկ այդ օգնությունն ստանում են: Մեկը կարող է շատ է  ստանում, մեկը՝ քիչ, մեկը չափանիշներին չի բավարարում, բայց միջոցառումները հընթացս ճշգրտվում են»,- ասաց Թունյանը: Անդրադառնալով տեքստիլ ոլորտի աշխատանքի վերաբերյալ բարձրացված հարցերին, նա նշեց. «Հենց այդ ոլորտի մասով այս պահին քննարկումներ են գնում,փորձում ենք հասկանալ ընդհանուր բեռն ինչքան է լինելու: Եվ ամենայն հավանականությամբ իրենց համար լրացուցիչ աջակցության միջոցառումներ կլինեն՝ թեթև արդյունաբերության համար»:
20:10 - 22 ապրիլի, 2020
Ազգային ժողովը քննարկում է հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու և  տնտեսվարողներին աջակցելու նախագիծը

Ազգային ժողովը քննարկում է հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու և տնտեսվարողներին աջակցելու նախագիծը

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկում է հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  վերաբերյալ ներկայացված նախագծերը։ Նախագծերի հեղինակները՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նախագծերը հակաճգնաժամային են և աջակցելու են տնտեսվարողներին դուրս գալ կորոնավիորւսի վարակով ստեղծված ճգնաժավային իրավիճակից։ «Այսօր գործող հարկային կարգավորումներով, եթե տնտեսվարողը ներդրումներ է կատարում, գնում է սարքել, շենք շինություններ է կառուոցում, չի կարողանում մեկ տարում ծախսագրել, առանձին դեպքերում ժամկետները տարբեր են։ Օրինակ համակարգիչների և նման տեխնիկայի համար 1 տարի է, արտադրական սարքավորումների համար 5 տարի, շենքերի, շինությունների համար 20 տարի։   Եթե ինչ-որ մեկը մեկ միլիոն դոլարանոց հոսքագիծ է գնել, ինքը չի կարող այդ մեկ միլիոն դոլարի ծախսը հենց նույն հարկային տարում ծախսագրել, որպես ծախս, իր եկամուտներից պակասեցնել և ավելի քիչ  շահութահարկ վճարել, դա պետք է կատարի առնվազն 5 տարում և մաս- մաս»- ասաց Բաբկեն Թունյանը։ Վերջինս նշեց, որ հարկային օրենսգրքում ներկայումս այդ կանոնից կա մեկ բացառություն, ինչը կառավարության կողմից հավանության արժանացած  ներդրումային ծրագրերի մասով է։ Տնտեսվարողը կարող է այդ կանոնից շեղվել և սարքավորումների ու անշարժ  գույքի մասով ինքնուրույն որոշել, թե ինքը ինչ ժամանակներում կարող է կատարել այդ վճարումները։ «Մենք առաջարկում ենք, որ այս հնարավորությունները տարածվեն նաև այն տնտեսվարողների վրա, ովքեր ներդրումներ կանեն մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը։ Սա նպաստելու է, որ տնտեսվարողները, ովքեր  նպատակ ունեին ներդրում անել գալիք տարիների ընթացքում, ներդրումն անեն այս տարի։Տնտեսվարողները բուն էֆեկտը  զգալու են ոչ թե այս տարի , այլ հաջորդ տարի, որովհետև հարկը վճարվեու է հաջորդ տարի, իսկ տնտեսությւոնը էֆֆեկտը զգալու է այս տարի,- հավելեց պատգամավորը»։ Հարցին, թե արդյոք պետք չէ ոլորտային սահմանափակումներ մտցնել, Թունյանը ատասխանեց, որ ի սկզբանե քննարկվել է, որ օրինակ հանքարդյունաբերողների վրա այս նախագիծը չտարածվի, սակայն պատգամավորի   կարծիքով՝ հակառակը, եթե հանքարդյունաբերողը խոշոր ներդրումներ է անելու, սարքավորումներ է բերելու, ապա պետք է կարողանա օգտվել այս նախագծից։ «Այդ ներդրման արդյունքում նա նաև պակասեցնելու է բնապահպանական վնասները և աշխատանքն ավելի արդյունավետ է լինելու»,- ասաց Թունյանը։  Պատգամավորը հավելեց, որ  մինչև դեկտեմբերի 31-ը որոշված ժամկետը, որոշ առումով փորձնական շրջան է լիենլու և եթե այս գործիքը լինի արդյունավետ, գուցե հիմնովին փոփոխություններ արվեն հարկային դաշտում, հակառակ դեպքում գործիքը կհանվի։
12:01 - 22 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին, 2-րդ և 3-րդ միջոցառումների պահանջները՝ բարվոք հարկային պատմություն ունենալու մասով մեղմացվել են

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին, 2-րդ և 3-րդ միջոցառումների պահանջները՝ բարվոք հարկային պատմություն ունենալու մասով մեղմացվել են

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին, 2-րդ և 3-րդ միջոցառումների պահանջները մեղմացվել են։ Նա մասնավորապես գրում է․ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին, 2-րդ և 3-րդ միջոցառումների պահանջները՝ բարվոք հարկային պատմություն ունենալու մասով մեղմացվել են։ Ծրագրերի շահառու կարող են հանդիսանալ ոչ միայն այն տնտեսվարողները, որոնց դիմումների ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, Այլ նաև այն տնտեսվարողները, որոնք 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չեն ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն: Այսինքն, հնարավոր է՝ տնտեսվարողը տարվա ընթացքում հարկերը վճարելու հետ կապված խնդիրներ է ունեցել, սակայն անկախ այդ հանգամանքից, եթե նա տարին փակել է առանց հարկային ապառքների, կարող է դիմել այս ծրագրերին և օգտվել արտոնյալ վարկերից»։ Կառավարության համապատասխան որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ։
11:54 - 15 ապրիլի, 2020
Քննարկվել են հարկային ոլորտին, պետական տուրքին ու ընդերքօգտագործմանն առնչվող մի շարք օրինագծեր

Քննարկվել են հարկային ոլորտին, պետական տուրքին ու ընդերքօգտագործմանն առնչվող մի շարք օրինագծեր

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ ապրիլի 7-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել են նախատեսված ռազմավարական ծրագրերը, կատարողականները կազմել են 90-100 տոկոս: Ըստ այդմ` 2019 թվականը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին էր, եւ Կառավարությանը հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը` 7.6%, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ, հարեւան բոլոր եւ եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ: Հաշվետու տարում Հայաստանի տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով: Մշակող արդյունաբերությունում 2019 թվականին տնտեսական աճը կազմել է 12%` 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում 12.1% կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը: Հաշվետու ժամանակահատվածում ամենաբարձր տնտեսական աճն արձանագրել է կացության եւ հանրային սննդի ծառայությունների ոլորտը` նախորդ տարվա համեմատ աճելով 27.2%-ով, ինչը 2019 թվականի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի 14.7%-ով աճի կարեւոր արտահայտություններից է: Այնուհետեւ Կառավարության անդամներն ու գերատեսչությունների ղեկավարները հակիրճ ներկայացրել են տարբեր բնագավառներում 2019թ-ին իրականացրած ծրագրերը, անդրադարձել առկա խնդիրներին, կարեւորել դրանց հրատապ լուծումը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանի հեղինակած «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ պատգամավորի` գործող օրենքով թափոնների վերամշակումը պետք է իրականացներ «Ալյոտիգ» ՍՊԸ-ն, սակայն ընկերությունը կյանքի չի կոչել որեւէ ծրագիր: Մերի Գալստյանի հավաստմամբ` 2016 թվականին Գեղարքունիքի Ընդհանուր իրավասության դատարանը սնանկ է ճանաչել վերոհիշյալ ընկերությանը: Նա կարծիք է հայտնել, որ թափոնների վերամշակումը չպետք է կատարվի օրենքով: Կառավարության դիրքորոշումը հարցի վերաբերյալ դրական էր: Սակայն որոշ հարցեր հստակեցնելու նպատակով Մերի Գալստյանն առաջարկել է օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգել երկամսյա ժամկետով: Հանձնաժողովականներն առաջին ընթերցմամբ քննարկել են ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը, ըստ պատգամավորի, պայմանավորված է ՀՀ-ում առցանց կամ շրջիկ վաճառքների իրականացման եւ շրջիկ ծառայությունների մատուցման խոչընդոտների վերացմամբ: Ակնկալվում է, որ կարգավորումը կբացառի առցանց վաճառք իրականացնող կազմակերպությունների ռիսկերը, կվերացնի շրջիկ առեւտրի իրականացման եւ ծառայությունների մատուցման պարագայում ՀԴՄ-ի կիրառման խոչընդոտը, կխթանի առցանց առեւտուրը եւ նոր բիզնեսի տեսակների աճը:Պատգամավորն ընդունել էր կառավարության ներկայացրած բոլոր առաջարկները: Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի առնչությամբ հեղինակը` ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը, տեղեկացրել է, որ իր կողմից առաջարկվող փոփոխություններն արդեն իրականացվել են Կառավարության որոշմամբ, այդ իսկ պատճառով նա հետաձգել է նախագծի քվեարկությունը: Քննարկվել է նաեւ Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հավաստմամբ` օրինագծի ընդունումը պայմանավորված է ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող դեղերի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու, դեղերի շուկայի նկատմամբ պատշաճ ու հնարավորինս ամբողջական վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությամբ: Քննարկման արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն` յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի ու Բաբկեն Թունյանի ներկայացրած «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Առաջին ընթերցումից հետո երկու նախագծերի վերաբերյալ ներկայացվել էին տեխնիկական բնույթի առաջարկներ: Հեղինակների առաջարկով երկամսյա ժամկետով հետաձգվել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի եւ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:
17:29 - 07 ապրիլի, 2020