Մարտի 1

Մարտի 1-ի լույս 2-ի իրադարձություններ, զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ, որոնք տեղի են ունեցել 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի կենտրոնում: Իրադարձությունների հետեւանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) եւ վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Մայրաքաղաքում հաստատվեց արտակարգ դրություն 1 ամիս ժամկետով: Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Ազատության հրապարակում հիմնեցին շուրջրյա ճամբար եւ սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ:

Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները եւ պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լ.Տեր-Պետրոսյանը: Մարտի 1-ի իրադարձությունների առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, սակայն մինչեւ օրս ամբողջական դեպքերի վերաբերյալ չի եղել դատական գործընթաց: Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական շրջանակներ այս իրադարձությունների վերաբերյալ ունեն ոչ միանշանակ դիրքորոշում: Որոշները մեղադրում են այն ժամանակվա գործող իշխանություններին, իսկ ոմանք էլ ցույցերը կազմակերպողներին՝ ի դեմս Լեւոն Տեր Պետրոսյանին ու նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներին:

Սահմանադրական դատարանի նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով |armtimes.com|

Սահմանադրական դատարանի նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով |armtimes.com|

armtimes.com: Սահմանադրական դատարանում այսօր ժամը 11-ին նախատեսված նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով: Նիստը չկայանալու պատճառի մասին լրագրողներին տեղեկացրեց մի կին, որը հավանաբար ՍԴ աշխատակազմի ներկայացուցիչ էր:  Որեւէ դատավոր նիստերի դահլիճում չհայտնվեց, ուստի լրագրողների համար տեսանելի չեղավ, թե ովքեր են բացակա նիստից: Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր 7 հարց: Դրանց թվում էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը որոշելու հարցը: Նախորդ շաբաթ Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, խորհրդարանին տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաեւ ողջամիտ ժամկետ՝ այդ կարծիքներին ծանոթանալու համար։ Միջնորդության քննարկման վերաբերյալ աշխատակարգային նիստ տեղի չէր ունեցել:  Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
11:36 - 07 հուլիսի, 2020
Մարտի 1-ի իրավահաջորդները միջնորդություն են ներկայացրել ՍԴ՝ Քոչարյանի գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին

Մարտի 1-ի իրավահաջորդները միջնորդություն են ներկայացրել ՍԴ՝ Քոչարյանի գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին

Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները դիմումներ և միջնորդություններ են ներկայացրել Սահմանադրական դատարան ՍԴ դատավորներ Աշոտ Խաչատրյանի, Արայիկ Թունյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ դատավոր Դավիթ Գրիգորյանի և ամբաստանյալ Ռ․Քոչարյանի դիմումներով միավորված գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Եգորյանը՝ նշելով. «Հրայր Թովմասյանի մասնակցության անհնարինության մասով լրացվել են Ռ․Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հետ ընդդիմազերծ շփումների և այդ հանգամանքը քողարկելու հիմքերով, ինչպես նաև Յ․Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի հետ ընդդիմազերծ շփումների հիմքով, Իրենց գործին մասնակցող և/կամ դիրքորոշում ներկայացնելու իրավունք ունեցող երրորդ անձի կարգավիճակ շնորհելու և գործի նյութերը տրամադրելու վերաբերյալ։ Հիշեցնեմ, որ հիշյալ գործի քննությունը նշանակված է 07.07.2020թ․ ժամը 11:00»:
10:41 - 07 հուլիսի, 2020
«Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 2]․ Մարտի 1․ արդարացված քաղաքացիներին դատապարտած պաշտոնավարող դատավորները

«Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 2]․ Մարտի 1․ արդարացված քաղաքացիներին դատապարտած պաշտոնավարող դատավորները

«Դատավորը մայրիկիս ասել էր՝ գոնե էսքանը պետք ա տանք, վերեւից պատվեր ա, հա՛մ մայրիկիս էր ասել, հա՛մ հորեղբորս, որ հնարավոր չի ոչ մի բան անել, վերեւից պատվեր է։ Անգամ Աղվան Հովսեփյանի անունն է տվել, որ կեթաք էսքան կուզեք։ Հլը նույնիսկ ասում էր՝ 5 պետք ա ուզեի, էս փոքր երեխու համար 4 տվեցի։ Դատախազը՝ Փիլոյանն էլ էր ասել, որ պատվեր է, ես ոչ մի բան չեմ կարող անել»։   Կարեն Թարխանյան, Մարտի 1-ից հետո 2 ոստիկանի ցուցմունքով 4 տարվա ազատազրկման դատապարտված, 2019թ․-ին արդարացված ՀՀ քաղաքացի   Այս տարվա մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկեցին վեթինգի եւ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացներին վերաբերող հարցեր։  Քննարկումից պարզ դարձավ, որ էապես փոխվել է վեթինգ անելու՝ կառավարության գործիքակազմը, որի մասին Փաշինյանը խոսում էր դեռեւս 1 տարի առաջ։   Նախորդ հրապարակմամբ Infocom-ն անդրադարձել էր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ 2013 թվականին հրապարակած զեկույցին, որտեղ ներկայացված էին Վճռաբեկ դատարանում կոռուպցիոն մեխանիզմները, նախկին Արդարադատության խորհրդի անդամների՝ դատարավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս կիրառած երկակի ստանդարտները։ Հրապարակման այս մասում կանդրադառնանք 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերով որոշումներ կայացրած դատավորներին, որոնց մի մասն այսօր էլ շարունակում է աշխատել դատական համակարգում։   Մարտի 1-ի տասներորդ տարելիցին ընդառաջ՝ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հրատարակեց մի գիրք՝ «Մարտի 1-ի ոճրագործությունը» վերնագրով, որտեղ ներկայացված են 2008թ. մարտի 1-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված անօրինականություններին վերաբերող տարբեր բնույթի փաստաթղթեր։ Այս գրքում ներկայացված են շուրջ 4 տասնյակ դատավորների անուններ, որոնք, ինչպես նշված է գրքում, անարդար ու ապօրինի որոշումներ են կայացրել Մարտի 1-ին առնչվող քրեական գործերով, այդ թվում՝ մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա կայացրել են մեղադրական դատավճիռ։ Այդ դատավորներից որոշների անունները հիշատակվում են նաեւ Մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցում։ Նրանցից ոմանք շարունակում են պաշտոնավարել։ Ստորեւ կներկայացնենք այդ դատավորներից մի քանիսին առնչվող հրապարակումներ, որտեղ ներկայացված են նրանց կայացրած ենթադրյալ ապօրինի ակտերն ու անարդար որոշումները։  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյան․ վերջինս թեեւ այլեւս չի պաշտոնավարում համակարգում, սակայն նրա վերաբերյալ հրապարակումները քիչ չեն։  2008 թվականի նոյեմբերին Երեւանի քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանը «Մարտի 1»-ի գործով 4 տարվա ազատազրկման էր դատապարտել Գեւորգ Մանուկյանին, որը նախագահական ընտրությունների ժամանակ Էջմիածնում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձն էր: 29-ամյա Մանուկյանին բռնությամբ ուղեկցվող զանգվածային անկարգություններ կատարելու մեղադրանք էր առաջադրված: Մեղադրող կողմը 5 տարվա ազատազրկում էր պահանջել նրա համար: Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալը կալանավորված էր մայիսի 10-ից` երեք վկաների ցուցմունքների հիման վրա, որոնցից երկուսը Էջմիածին քաղաքի բնակիչներ են, մեկը` ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակից: Փաստաբանի վկայությամբ` վկաներից մեկը հոգեկան հիվանդ էր: 2013 թվականի սեպտեմբերին ՀԱԿ կուսակցության փոխնախագահ, այդ ժամանակ ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը, որն անձնական երաշխավորություն էր հայտնել դատարանին՝ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը վերացնելու խնդրանքով, նաեւ հայտարարել էր․ «Հիմա կոնկրետ խոսում եմ դատավոր Եվա Դարբինյանի մասին, ով հայտնի է նրանով, որ Մարտի 1-ով անցնող մեր քաղբանտարկյալ ընկերների գործերով բազմաթիվ անարդար վճիռներ է կայացրել: Նա շատ մեծ մեղքեր է գործել արդարադատության դեմ ու նրան եմ ուղղում խոսքս։ Այդ կինը մեղքի մեծ բեռից ազատվելու մի հնարավորություն ունի, եթե, անսալով մեր կոչին, ճիշտ որոշում ընդունի, ու բռնապետի կողմից ճնշված դատավորի մեջ արթնանա իր կոչմանը արժանի դատավորը»,- ասել էր Զուրաբյանը։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյան․ նրա լիազորությունները դադարեցվել են չորս տարի առաջ։ Ըստ մամուլի հրապարակումների՝ կաշառք ստանալուց հետո առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու մեջ մեղադրվող անձին դատապարտել է երկու տարվա ազատազրկման, այնինչ՝ այս արարքի համար նվազագույն պատիժը 4 տարի է։  Մասնավորապես, 2010 թվականի սեպտեմբերին «Հետք» պարբերականը մի հրապարակում արեց, որտեղ նշված էր, որ այդ ժամանակ նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանը Լոնդոնից նամակ է ստացել, որտեղ միջազգային հանցավոր խմբի պարագլուխ, Ռումինիայի քաղաքացի Օլիվեր Ռադուկու Մարիանը գրել է իր հայաստանյան արկածների մասին՝ ինչպես են այստեղ հսկայական գումարներ հափշտակել, երկրից դրանք հանել դուրս, ինչպես են ձերբակալվել ու կաշառքի դիմաց արժանացել մեղմ պատժի:  2008 թվականին ԱԱԾ-ն վնասազերծել էր միջազգային հանցավոր խումբ, որը նույն տարվա օգոստոսին հայաստանյան 4 բանկերի բանկոմատներից կեղծ պլաստիկ քարտերով հափշտակել էր ավելի քան 80 մլն դրամ: 2010-ին հիշյալ խմբի անդամներից ընդամենը երկուսն էին անազատության մեջ: Մյուսները տարօրինակ կերպով արժանացել էին իրավապահների մեղմ վերաբերմունքին:  Օլիվեր Մարիանի գործը քննել է ԱԱԾ-ի ավագ քննիչ Արտյոմ Գրիգորյանը, մեղադրող-դատախազը եղել է Հովսեփ Սարգսյանը, դատավորն էլ` Գագիկ Ավետիսյանը։ Վերջինս, ինչպես նշեցինք վերեւում, Մարիանին դատապարտել էր ընդամենը 2 տարվա ազատազրկման։ Դատավոր Գագիկ Ավետիսյանն այս բացառիկ մոտեցումը հիմնավորել էր նաեւ այն հանգամանքով, որ Օլիվերը նախկինում ոչնչով արատավորված, մասնավորապես` դատված չի եղել: Սա այն դեպքում, երբ նույն քրեական գործում առկա է Մեծ Բրիտանիայի Ինտերպոլի տեղեկանքը, ըստ որի` Օլիվեր Մարիանը խարդախության համար երկու անգամ դատապարտվել է եւ անցնում է իրենց երկրի քրեական հաշվառումներով: Իսկ Սերժ Սարգսյանին ինքը` հանցավոր խմբի պարագլուխ Օլիվեր Մարիանը գրել է, որ ինքն ընդունել է մեղքը, դատապարտվել է 2 տարվա ազատազրկման եւ դատավարությունից 7 ամիս անց բանտից ազատվել ու լքել է Հայաստանը։ Գագիկ Ավետիսյանն այս արարքի համար նույնիսկ նկատողության չի արժանացել։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գործող դատավոր Գագիկ Պողոսյան․ վերջինս հայտնի է ՀԱԿ ակտիվիստների դատապարտման գործով․ 2011 թվականի օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ տեղի ունեցած միջադեպով սկսված ՀԱԿ ակտիվիստների աղմկահարույց գործը 1 տարի անց ավարտվել է դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով, համաձայն որի՝ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6, Արտակ Կարապետյանը՝ 3,5, Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման: Ուշագրավ է, որ վերջինիս համար մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը 2 տարի պայմանական ազատազրկում է պահանջել, սակայն Գագիկ Պողոսյան ավելի խիստ պատիժ է սահմանել՝ անտեսելով  դատախազի պայմանական ազատազրկման պահանջը եւ երկու տարի տալով երիտասարդ ընդդիմադիր գործչին։ Ինչպես բազմիցս նշել են դատավարության ընթացքին հետեւող իրավապաշտպանները, լրագրողները եւ անհատները, Պողոսյանը շատ անգամ նիստերի ընթացքում չի լսել եւ ոչ մի կողմին, ու աթոռին նստած կամ ճոճվել է, կամ քնել: Ի դեպ, 2010 թվականին ՀՀ արդարադատության նախարարի 09.08.2010 թվականի թիվ 163-Ա հրամանով դատավոր Գ. Պողոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, որի առիթ է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի 24.05.2010 թվականի հաղորդումը: Նշվել է, որ Պողոսյանն արդարադատություն իրականացնելիս դատավարական օրենքների նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտումներ է թույլ տվել: Արդարադատության խորհուրդը, սակայն, որոշել է մերժել արդարադատության նախարարի միջնորդությունը եւ կարճել Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը: Գագիկ Պողոսյանն իր գույքը եւ եկամուտների հայտարարագիրը ներկայացրել է 2011 թվականից սկսած։ Այդ ժամանակ Պողոսյանը հայտարարագրել է 7 մլն ՀՀ դրամ եւ 6000 ԱՄՆ դոլար։  2019 թվականի հայտարարագրում  Գագիկ Պողոսյանը ներկայացրել է 3 բնակարան՝ համատեղ սեփականությամբ, որոնք ձեռք են բերվել 1993, 1995 եւ 2005 թվականներին։ 2019 թվականի վերջի դրությամբ Պողոսյանի բանկային հաշվում առկա է 2 մլն 481 հզ ՀՀ դրամ եւ 5200 ԱՄՆ դոլար։ Դատավորը հայտարարագրել է նաեւ 18 մլն ՀՀ դրամ եւ 9000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար։ Ուշագրավ է, որ Գագիկ Պողոսյանը 4 մլն 521 հզ ՀՀ դրամ մնացորդով փոխառություն ունի՝ տրված «Միկշին» ՍՊԸ-ին, որը պատկանում է ԱԱԾ նախկին պետ Գրիգոր Հարությունյանի եղբոր՝ Միախիլ Հարությունյանի որդուն՝ Տիգրան Հարությունյանին։  Ընդհանուր իրավասության դատարանի գործող դատավոր Գայանե Խաչատրյան․ 2019 թվականի մայիսին փստաբան Հակոբ Ճարոյանը վարչապետին է ներկայացրել դատավորի կողմից հանցավոր արարք կատարելու վերաբերյալ դիմում։ Փաստաբանը նման հաղորդում է ներկայացրել նաեւ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի վերաբերյալ։ Հաղորդումը կրկին հանցավոր արարք կատարելու մասին է. «Հանցավոր արարքը նրանց երկուսի դեպքում էլ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելն է։ Նրանք երկուսն էլ ակնհայտ անարդար դատական ակտ են կայացրել եւ ենթակա են քրեական պատասխանատվության»,-ասել է Ճարոյանը՝ հավելելով, որ երկու դեպքում էլ դատախազությունը իր հաղորդումները համարել է անհիմն, եւ քրեական գործ չի հարուցվել:  Գայանե  Խաչատրյանը 2011 թվականի դրությամբ հայտարարագրել է 12 մլն ՀՀ դրամ եւ 25000 ԱՄՆ դոլար դրամական միջոցներ։ Դատավորն այդ տարում գույք եւ եկամուտ չի հայտարարագրել։ 2019 թվականի հայտարարագրում Խաչատրյանը ներկայացրել է բնակարան, որտեղ միանձնյա սեփականատեր է եւ, ըստ հայտարարագրի, ժառանգության իրավունքով է ստացել՝ 2010 թվականին։ Դատավորը հայտարարագրել է նաեւ շարժական գույք՝ Mercedes Benz մակնիշի ավտոմոբիլ, որը գնվել է 2007 թվականին։ Դատավորը հայտարարագրել է նաեւ 15 մլն 500 հզ ՀՀ դրամին եւ 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական միջոցներ։ 2020 թվականի մայիսին Հայաստանի Վճռաբեկ դատարանը արդարացրեց Մարտի 1-ի գործով տարիներ առաջ ազատազրկված 9 անձի՝ Արմեն Ավագյան, Մասիս Այվազյան, Կարեն Թարխանյան, Դավիթ Աղայան, Վարդան Ջհանգիրյան, Արման Շահինյան, Դավիթ Մաթեւոսյան, Խաչիկ Գասպարյան, Սամվել Հարությունյան, իսկ Արամ Բարեղյամյանի մասով դիմումը բավարարվել է մասնակի։ Մեղադրական դատավճիռների դեմ բողոք էր ներկայացրել ՀՀ դատախազությունը։ Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո այս 9 անձանց դատարանները մեղավոր էին ճանաչել տարբեր հոդվածներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրել, բռնությամբ զանգվածային անկարգությունների մասնակցել, Արամ Բարեղամյանի դեպքում նաեւ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառել։ Այս անձանց դատավորներից մեկն էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյան, մյուս արդարացվածներին դատել են Ռուբեն Ափինյանը, Գագիկ Ավետիսյանը, Գայանե Կարախանյանը, գործող դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյան․ այս դատավորն էլ հայտնի է Մարտի 1-ից հետո «7»-ի գործի քննությամբ ու խնդրահարույց դատավճիռներով: Նա քննել է նաեւ Նիկոլ Փաշինյանի, ապա նաեւ ՀԱԿ ակտիվիստների գործը՝ բոլոր գործերով արձակելով մեղադրական դատավճիռներ:  2015 թվականին ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դիմել է դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտիրոսյանի նկատմամբ վարույթ հարուցելու վերաբերյալ: Դիմումի համար հիմք է հանդիսացել դատապարտյալ Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը, որով փաստաբանը դատարանից խնդրել էր իր պաշտպանյալի մասով վերացնել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի համապատասխան որոշումը, որով մերժվել էր փոխել Այվազյանի ռեժիմը միայն այն պատճառով, որ նա դատապարտված լինելու ժամանակ կրկին հանցագործություն է կատարել եւ բացի դրանից՝ պատիժը կրելու ընթացքում 9 անգամ ենթարկվել է կարգապահական տույժի, չի խրախուսվել: Այս որոշման դեմ Ալումյանը վերաքննիչ բողոք է բերել, եւ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 1-ին մասնակիորեն բավարարել է Ալումյանի բողոքը՝ փոխելով առաջին ատյանի դատարանի որոշումը եւ տեղաբաշխման հանձնաժողովին պարտավորեցնելով վերացնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ արձանագրված դատապարտյալի իրավունքի խախտումը: Օմբուդսմենը համարել է, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը դուրս է եկել օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից եւ թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, 429-րդ հոդվածի 1-ին մասի, 358-րդ հոդվածի դրույթների ակնհայտ եւ կոպիտ խախտում, ինչի հետեւանքով խախտվել են նաեւ Սահմանադրության 5-րդ, 18-րդ եւ 19-րդ հոդվածներով սահմանված դրույթները: Բացի այդ, Օմբուդսմենը կարծում է, որ դատապարտյալի պաշտպանի բողոքի մերժման որոշումը պատշաճ պատճառաբանված չի եղել: Ի դեպ՝ Մնացական Մարտիրոսյանը հանդիսացել է հենց նույն կարգապահական հանձնաժողովի անդամ, եւ ենթադրվում էր, որ դժվար թե այդ հանձնաժողովը նրան կարգապահական պատասխանատվության ենթարկեր: Մնացական Մարտիրոսյանն իր առաջին՝ 2011 թվականին հրապարակված հայտարարագրում ներկայացրել է 4 մլն ՀՀ դրամ, 17000 ԱՄՆ դոլար եւ 3950 եվրո դրամական միջոցներ։ 2019 թվականին Մնացական Մարտիրոսյանը հայտարարագրել է 25 տոկոս  բաժնային սեփականությամբ 1 բնակարան եւ 25 տոկոս բաժնային սեփականությամբ ավտոտնակ, որոնք ձեռք են բերվել 2019 թվականին։ Դատավորը հայտարարագրել է նաեւ Toyota մակնիշի 1 ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2015 թվականին։  2019 թվականի վերջի դրությամբ Մնացական Մարտիրոսյանի հաշվին եղել է 581 հզ ՀՀ դրամ եւ 267 եվրո։ Դատավորը հայտարարագրել է 10 մլն ՀՀ դրամ, 17 000 ԱՄՆ դոլար եւ 5000 եվրո կանխիկ դրամական միջոցներ։ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանը 2013-ի հոկտեմբերին դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով` Վերաքննիչ քրեական դատարանի՝ արդեն նախկին դատավոր Աիդա Հովհաննիսյանի հարցը քննարկելու եւ համապատասխան որոշում ընդունելու միջնորդությամբ: Նման դիմումի առիթ էին դարձել մամուլի հրապարակումները։ Մամուլի միջոցներով հրապարակվել են տարբեր քաղաքացիների դժգոհությունները` կապված դատավոր Աիդա Հովհաննիսյանի կողմից քաղաքացիների հետ տարբեր քաղաքացիաիրավական վեճեր ունենալու եւ դրանց շրջանակում Աիդա Հովհաննիսյանի կողմից դատավորին արգելված վարքագիծ դրսեւորելու մասին: Դատական դեպարտամենտն ուսումնասիրել է մամուլի միջոցներում տեղ գտած հրապարակումները, դրանց մանրամասները եւ արդյունքները ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին: Դրանից հետո՝ 2013 թվականի նոյեմբերին Սերժ Սարգսյանը դադարեցրել է Հովհաննիսյանի լիազորությունները։ Մարտիմեկյան իրադարձություններից հետո դրանց վերաբերյալ դատական ակտեր կայացրած բոլոր դատավորներին մանրամասն անդրադառնալու դեպքում այս հրապարակումը շատ երկար կլիներ, այդ պատճառով ներկայացրինք միայն առավել ուշագրավ կենսագրություն ունեցողներին։  Նախորդ տարի՝ 2019 թվականի մայիսի 24-ին, խորհրդարանում անցումային արդարադատության վերաբերյալ լսումների ժամանակ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը ԱԺ ամբիոնից ներկայացրեց հիշյալ՝ Մարտի 1-ի ոճրագործությունը գիրքը՝ հայտարարելով, որ այն ուղարկել է նաեւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին․ «42 դատավորի, 27 դատախազի անուն կա գրքում, որոնց նկատմաբ հարկավոր է ոչ թե վեթինգ իրականացնել, այլ քրեական հետապնդում: Դրանք այն մարդիկ են, որոնք 1 ոստիկանի ցուցմունքով մարդկանց 6-7 տարի  հոդված են տվել»,- ասաց Արամ Մանուկյանը: Infocom.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ գիրքը Մարտի 1-ի քրեական գործով քննության առարկա է։ Գրքում հիշատակված դատավորները, դատախազները կամ քննիչները գործի շրջանակներում հարցաքննվե՞լ են, թե՞ ոչ, դատախազությունից չհայտնեցին։ Ստորեւ ներկայացնում ենք վերևում հիշատակված դատավորների ներկայացրած առաջին ու վերջին հայտարարագրերի տվյալները, եւ որպեսզի դրանք համեմատելի լինեն իրենց ստացած աշխատավարձերի հետ, ներկայացնում ենք նաեւ դատավորների ամսական աշխատավարձերի փոփոխությունները՝ 2011 թվականից առ այսօր։ Այստեղ պետք է հաշվի առնել, որ աշխատավարձի նշված չափերը ներառում են նաև եկամտային հարկը, ինչպես նաեւ այն, որ ամսական այսքան եկամուտ ստանալիս յուրաքանչյուր դատավոր նաեւ ունեցել է եւ/կամ ունի ծախսեր։ Միաժամանակ նշենք, որ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը դատավորներ պաշտոնային դրույքաչափերը սահմանվել են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով և այդ շրջանում գործող Դատական օրենսգրքով։ 2014 թվականի հուլիսի 1-ից հետո դատավորների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվել են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» ՀՀ օրենքի համաձայն եւ մինչ այժմ փոփոխության չեն ենթարկվել։   «Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 3]․ վեթինգի տրանսֆորմացիաները Արփի Ավետիսյան, Հայարփի Բաղդասարյան
19:46 - 01 հուլիսի, 2020
ՍԴ նիստն այսօր տեղի չի ունեցել քվորումի բացակայության պատճառով |azatutyun.am|

ՍԴ նիստն այսօր տեղի չի ունեցել քվորումի բացակայության պատճառով |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Սահմանադրական դատարանում (ՍԴ) նախատեսված նիստը տեղի չի ունեցել քվորումի բացակայության պատճառով, այս մասին ասացին ՍԴ աշխատակազմից։ Ի թիվս այլ հարցերի, այսօր նաև քննվելու էր Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումը քննության առնելու կամ կարճելու հարցը: Նույնաբովանդակ դիմում է ներկայացրել նաև Քոչարյանի գործը սկզբում քննած ու նրան կալանքից ազատ արձակած Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Վերջինս իր դիմումը հետ չի վերցրել։ Քոչարյանի պաշտպանները Բարձր դատարան էին դիմել՝ հայտարարելով, թե հետ են վերցնում դեռ անցած տարի ՍԴ ներկայացրած իրենց դիմումը, որով խնդրում էին ստուգել պաշտոնաթող նախագահին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը։
18:15 - 30 հունիսի, 2020
Նիստերի ձգձգման մեղավորը ՀՔԾ-ն է, որ այս հիմար մեղադրանքը ուղարկել է դատարան․ Ռ․ Քոչարյանի պաշտպան |armtimes.com|

Նիստերի ձգձգման մեղավորը ՀՔԾ-ն է, որ այս հիմար մեղադրանքը ուղարկել է դատարան․ Ռ․ Քոչարյանի պաշտպան |armtimes.com|

armtimes.com: «ՀՀ-ում մեկ սուբյեկտ կա, որի պատճառով այս նիստերը ձգձգվում են․ դա Հատուկ քննչական ծառայությունն է, որն այս հիմար մեղադրանքը ուղարկել է դատարան»։ Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ պնդելով, որ մեղադրանքն այնքան թերությունն ունի, որ այսքան քննարկելուց հետո էլ դեռ տասը տոկոսը չեն սպառել։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր հետաձգվեց Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը․ չէր ներկայացել Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Մինչ հետաձգումը մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը միջնորդեց դատարանին պաշտպանների կողմից շարունակ միջնորդություններ ներկայացնելն ու նիստերը ձգձգելը ճանաչել որպես իրավունքի չարաշահում, թույլ տալ անցնել դատաքննության եւ հրապարակել մեղադրական եզրակացությունը։ Հարցին, թե ինչ ակնկալիք ունեն դատարանից, ինչ որոշում կկայացնի այս միջնորդության վերաբերյալ, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց․ «Դատավորից որեւիցե ակնկալիք չունեք՝ ոչ դրական, ոչ բացասական, դատավորից հասնում է արդարադատություն իրականացնելը»։ Ինչ վերաբերում է գործի թերություններին, ըստ պաշտպանի՝ իրավական թերությունները հիմա են քննարկում, փաստական թերությունները կքննարկեն, երբ կանցնեն դատաքննության։ Հարցին՝ գործում կա՞ն բաներ, որոնց հրապարակումից իրենք վախենում են, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց․ «Գործի նյութերը նախաքննության ավարտից հետո գաղտնիությամբ չեն պահպանվում, որեւէ անձ, որը մտածում է, որ այդ նյութերը մեզ կարող են մտահոգել, կարող է դրանք հրապարակել, բայց իհարկե, այդ հրապարակումներին հետեւելու են ամբողջական հրապարակումներ, որովհետեւ դրանք սովորաբար հրապարակվում են կոնտեքստից կտրված»,- ասաց նա՝ շեշտելով, որ իրենք պատրաստ են դրանց հրապարակմանը։
15:40 - 23 հունիսի, 2020
Նախկին վարչապետների հետ Ռ. Քոչարյանի հարաբերությունները ձեւավորվել են միջանձնային շփումների հիման վրա. պաշտպան |armtimes.com|

Նախկին վարչապետների հետ Ռ. Քոչարյանի հարաբերությունները ձեւավորվել են միջանձնային շփումների հիման վրա. պաշտպան |armtimes.com|

armtimes.com: Վերաքննիչ քրեական դատարանում Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ պաշտպաններից Արամ Վարդեւանյանը անդրադարձավ Քոչարյանի եւ նրա համար անձնական երաշխավորություն ներկայացրած ՀՀ եւ ԱՀ նախկին վարչապետների միջեւ եղած հարաբերություններին: Վարդեւանյանը շետեց, որ հրապարակելու է նախկին վարչապետների մասին սոցիալ-անձնական բնույթի տեղեկություններ, որոնց մի մասը անձնական տվյալներ են եւ նախկինում չեն բարձրաձայնվել: Ըստ պաշտպանի՝ թեեւ Քրեական դատավարության օրենսգիրքը սոցիալ-անձնային ուղղակի ձեւակերպում չի պարունակում, բայց քրեական դատավարության տեսության մեջ, մասնավորապես՝ իրավաբանության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանի՝ «Քրեական դատավարություն. մաս 1» գրքում, որի հեղինակային խմբում նաեւ ինքն է եղել, հստակ նշված է, որ երաշխավորությունը այնպիսի խափանման միջոց է, որի կիրառման ժամանակ կարեւոր նշանակություն ունի սոցիալ-հոգեբանական գործոնը, քանի որ այս խափանման միջոցի խնդիրներին հասնելու համար երաշխավորը սոցիալ-անձնային եղանակով ներազդում է մեղադրյալի վրա: Այսպիսով՝ Արամ Վարդեւանյանը հերթով թվարկեց, թե Ռոբերտ Քոչարյանը սոցիալ-անձնային ինչ հարաբերություններ ունի նախկին վարչապետների հետ՝ շեշտելու համար, որ նրանք մեծ հեղինակություն են վայելում ոչ միայն պարոն Քոչարյանի կողմից, այլեւ առհասարակ: Վարդեւանյանը ընդգծեց նաեւ, որ նրանց հետ Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունները ձեւավորվել են ոչ թե ի պաշտոնե, այլ միջանձնային շփումների, փոխադարձ հարգանքի հիման վրա. «Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի հարաբերությունները ձեւավորվել են 1988 թվականին, բայց չեն ձեւավորվել ի պաշտոնե, այլ գաղափարական հենքի վրա՝ Արցախյան շարժման եւ «Ղարաբաղ» կոմիտեի ձեւավորման ժամանակ: Այն ժամանահատվածում, երբ Ռոբերտ Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության պատասխանատվությունը, Կոմիտեի հիմնադիր առանցքային առաջնորդներից մեկը Վազգեն Մանուկյանն էր, եւ պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» գրքում նրա անունը հիշատակվում է 9 անգամ»,- ասաց Վարդեւանյանը՝ որոշակի մեջբերումներ անելով այդ գրքից եւ նշելով, որ իր պաշտպանյալը Մանուկյանին նկարագրում է որպես պետականամետ անձնավորություն: ՀՀ նախկին վարչապետ, նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունները, ըստ պաշտպանի, սկիզբ են առել 1990 թվականին, երբ նրանք եղել են ՀՀ գերագույն խորհրդի պատգամավորներ. «Հաշվի առնելով, որ 1992 թվականին Խոսրով Հարությունյանը եղել է ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԼՂ հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ նիստի խմբում Հայաստանի պատվիրակության անդամ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ նրանց հարաբերությունները զարգացել են նաեւ այդ տիրույթում, այսինքն՝ չեն եղել ի պաշտոնե եւ պահպանվել են հետագայում էլ»: Արամ Վարդեւանյանը թվարկեց նրանց հետագա համագործակցության որոշ դրվագներ՝ շեշտելով, որ այդ կապը պահպանվել է նաեւ Քոչարյանի՝ որպես նախագահի պաշտոնավարման ավարտից հետո: Ինչ վերաբերում է Արցախի նախագահ Անուշավան Դանիելյանին, նրա եւ Քոչարյանի հարաբերությունները ձեւավորվել են 1994-95 թվականներին։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:37 - 17 հունիսի, 2020
Քրեակատարողական ծառայությունը միջնորդում է վերացնել Ռոբերտ Քոչարյանին «Իզմիրլյան» բ/կ-ում թողնելու որոշումը |azatutyun.am|

Քրեակատարողական ծառայությունը միջնորդում է վերացնել Ռոբերտ Քոչարյանին «Իզմիրլյան» բ/կ-ում թողնելու որոշումը |azatutyun.am|

azatutyun.am: Քրեակատարողական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Վարչական դատարան՝ խնդրելով վերացնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում թողնելու որոշումը։ Վարչական դատարանն այդ որոշումը կայացրել է մայիսի վերջին՝ բավարարելով նախկին նախագահ փաստաբան Արամ Օրբելյանի հայցադիմումը: Դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նույնպես չի բացառել, որ կբողոքարկեն Վարչական դատարանի որոշումը: Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակում մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ և կալանավորված է անցած տարվա հունիսի 25-ից: Մայիսի 12-ին նախկին նախագահին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:
16:35 - 08 հունիսի, 2020
Քննությանը խոչընդոտելու վտանգը չի վերացել. դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու վերաբերյալ |armtimes.com|

Քննությանը խոչընդոտելու վտանգը չի վերացել. դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու վերաբերյալ |armtimes.com|

armtimes.com: Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու որոշման հիմքում դատարանը դրել է այն հանգամանքը, որ գործի քննությանը խոչընդոտելու վտանգը դեռ չի վերացել, եւ խափանման միջոց չկիրառելու պայմաններում հնարավոր չի լինի ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը: Մայիսի 13-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու, գրավով կամ նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունները: Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ, քննարկելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման հարցը, դատարանը նախ անդրադարձել է պաշտպանության կողմի միջնորդություններում ներկայացված հիմքերին: Ըստ այդմ, արձանագրել է, որ պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդության հիմքում դրվել են Քոչարյանի առողջական վիճակի մասին փաստական տվյալներ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի՝ 2020 թվականի մարտի 20-ի զեկույցը՝ կորոնավիրուսային հիվանդության համատեքստում ազատությունից զրկված անձանց վերաբերյալ:Պաշտպանների կողմից վկայակոչվել է նաեւ այն հանգամանքը, որ նախաքննությունը վաղուց ավարտված է, դատակոչված բոլոր վկաների և տուժողների ցուցմունքներն արձանագրված են, ստուգումներն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են համարել մեղադրանքի կողմը, ավարտված են, որպիսի պայմաններում Քոչարյանին կալանքի տակ թողնելը, պաշտպանի կարծիքով, կհակասի Եվրոպական կոնվենցիային: Գնահատելով այս փաստարկները՝ դատարանը մեջբերել է ԵԽ ԽԿԿ հիշյալ զեկույցից մի հատված, ըստ որի՝ թեեւ անձնական շփումների ռիսկայնությունը հաշվի առնելով՝ համապատասխան մարմինների կողմից պետք է ջանքեր գործադրվեն՝ կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ, ինչը պարտադիր է հատկապես խոցելի խմբերի եւ գերբնակեցման պայմաններում, սակայն այդ սկզբունքները չեն բացառում ազատությունից զրկելու հետ կապված հարկադրանքի միջոցների կիրառումն անգամ խոցելի խմբերում ընդգրկված անձանց նկատմամբ և չեն պարտադրում իրավասու մարմիններին բոլոր դեպքերում անվերապահորեն կիրառել ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ.«Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատությունը սահմանափակելու հիմքերին՝ դատարանը փաստում է, որ գործի քննությանը խոչընդոտելու վտանգը չի վերացել և դատավարության տվյալ փուլում շարունակում է առկա լինել՝ նկատի ունենալով, որ գործում առկա որևէ ապացույց դեռևս չի հետազոտվել: Ըստ այդմ, չի վերացել խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը, առանց որի հնարավոր չի լինի ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը»,- ասված է որոշման մեջ: Ինչ վերաբերում է որպես խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությանը, դատարանն արձանագրել է, որ դրա հիմքում դրվել են համավարակով պայմանավորված իրադրության և Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին փաստարկները, ինչպես նաև դատավարության տվյալ փուլում գործի քննությանը միջամտելու անհնարինության մասին դատողությունները, ինչը պաշտպանի կողմից պատճառաբանվում է նրանով, որ վկաների ցուցմունքների հնարավոր փոփոխման կամ այլ հանգամանքի դեպքում դատարանը հնարավորություն ունի նախապատվություն տալ հենց նախաքննական ցուցմունքներին, հետևաբար խոչընդոտելու ռիսկ, որպես այդպիսին, առկա լինել չի կարող: Քննարկելով այն հարցը՝ հնարավո՞ր է արդյոք չեզոքացնել գործի քննությանը խոչընդոտելու վտանգը կալանավորումից նվազ խստության խափանման միջոցի, մասնավորապես՝ անձնական երաշխավորության կամ գրավի կիրառման պայմաններում՝ դատարանն արձանագրել է, որ թեև դատավարության ներկա փուլում նշված ռիսկը նվազել է՝ նախնական քննության փուլի համեմատ, երբ իրականացվում էր ապացույցներ հավաքելու գործընթաց, սակայն վերոգրյալը չի նշանակում, որ այն նվազել է այնքան, որ վերացած համարվի Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը. «Մասնավորապես՝ հիմք ընդունելով, որ գործի քննությունը դեռևս չի անցել դատաքննության փուլ, և ներկա դրությամբ հետազոտված չէ գործով ձեռք բերված որևէ ապացույց՝ դատարանը հիմնավոր չի համարում պաշտպանության կողմի փաստարկները՝ գործի քննությանը խոչընդոտելու վտանգի բացակայության մասին և գտնում է, որ ներկայումս դրա շեմը շարունակում է մնալ բավարար բարձր՝ Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատության իրավունքի սահմանափակման անհրաժեշտ լինելու տեսանկյունից»:  Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:56 - 28 մայիսի, 2020
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հետ են վերցրել վերաքննիչ բողոքները, որոնք մակագրվել էին դատավոր Արմեն Դանիելյանին |aysor.am|

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հետ են վերցրել վերաքննիչ բողոքները, որոնք մակագրվել էին դատավոր Արմեն Դանիելյանին |aysor.am|

aysor.am: Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հայկ Ալումյանը, Արամ Վարդևանյանը և Արամ Օրբելյանը հետ են վերցրել վերաքննիչ բողոքները, որոնք մակագրվել էին դատավոր Արմեն Դանիելյանին։ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ փաստաբանների վերաքննիչ բողոքները մակագրվել են դատավոր Արմեն Դանիելյանին։ Փաստաբանները ներկայացրել էին Ռ․ Քոչարյանի կալանավորումը ՀՀ և Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ փոխարինելու, կալանքը վերացնելու և նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունները։ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Մայիսի 13-ին դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, մերժեց միջնորդությունները, որի դեմ էլ պաշտպանական կողը վերաքննիչ բողոք էր ներկայացրել։
17:43 - 23 մայիսի, 2020
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը թող գա՝ պատմի՝ ինչ է արել պարկուճները․ պատկերացնո՞ւմ եք՝ պարզվի՝ տարել-լցրել են ձուլարան․ Փաշինյան

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը թող գա՝ պատմի՝ ինչ է արել պարկուճները․ պատկերացնո՞ւմ եք՝ պարզվի՝ տարել-լցրել են ձուլարան․ Փաշինյան

Իմ կարծիքով՝ ըստ էության շատ մանրամասներով բացահայտված է, թե ինչ է տեղի ունեցել Մարտի 1-ին եւ դրանից հետո։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Մարտի 1-ի գործի ընթացքի մասին։ Նա հիշեցրեց, որ, ըստ քրեական գործում առկա տվյալների, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը՝ Վահագն Հարությունյանը, փոխել է կրակված փամփուշտների պարկուճները․ դա նշանակում է, որ իսկական կրակողների պարկուճները չկան, եւ այսօր հնարավորություն չունեն այդ պարկուճներով նույնականացնել եւ փորձել այդ զենքերը գտնել․ «Եւ քննչական խմբի այդ ղեկավարը հետախուզման մեջ է։ Ինչի՞, թող գա՝ պատմի՝ ինչ է արել էն պարկուճները, գուցե ինքը գիտի սպանության հեղինակների անուն-ազգանունները»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ ամենակարեւոր ապացույցները կեղծված են հենց քննչական խմբի ղեկավարի կողմից․ «Կարելի է կռահել՝ դա հո իր նախաձեռնությա՞մբ չի արվել, մինչեւ վերեւ արվել է։ Երբ էն ժամանակ գործող նախագահի օգնականը փաստահավաք խմբի քննության գնացող մարդկանց նկատմամբ ճնշումներ է գործադրել, ինչի՞ համար են արել, իրականությունը թաքցնելու համար։ 10 տարի թաքցրած իրականությունը հեշտ չէ 2 տարում բացահայտել։ Եթե պարզվի, որ իսկական պարկուճները տարել-լցրել են ձուլարան, մի տեղ ձուլել են, պատկերացնո՞ւմ եք ինչ է նշանակում»։- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ քննությունը պետք է շարունակվի, եւ պետք է ջանքեր գործադրեն հետախուզվող անձին ձերբակալելու եւ Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։ Դա, վարչապետի խոսքով, հեշտ չէ, բայց իրենք պետք է գնան այդ ճանապարհով․ «Պետք է գնալ մինչեւ վերջ, եւ կրակողներին պետք է բացահայտել։ Բայց պարզ է՝ ովքեր են ապօրինի զինված խմբավորումներ ձեւավորել եւ մտցրել ժողովրդի մեջ։ Այսօր հարուցված են քրեական գործեր, ուղարկված են դատարան, եւ եթե հնարավորություն տրվի, որ դատաքննություն տեղի ունենա, շատ հարցերի պատասխաններ հանրությունը կիմանա։ Կարեւոր է ե՛ւ կազմակերպիչների, ե՛ւ իրականացնողների բացահայտումը, եւ մենք պետք է գնանք միչեւ վերջ»։
14:47 - 16 մայիսի, 2020
Դատարանում ապացուցեցինք, որ ՀՔԾ-ն, գլխավոր դատախազությունը թույլ են տվել ապօրինություն. «Ժողովուրդ» թերթի խմբագիր |azatutyun.am|

Դատարանում ապացուցեցինք, որ ՀՔԾ-ն, գլխավոր դատախազությունը թույլ են տվել ապօրինություն. «Ժողովուրդ» թերթի խմբագիր |azatutyun.am|

azatutyun.am: Վճռաբեկ դատարանը մերժել է գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանել վերաքննիչ դատարանի «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրին վերաբերող որոշումը։ 2019-ին օրաթերթը հրապարակեց Մարտի 1-ի գործով պաշտոնատար անձանց ցուցմունքները։ Ըստ Քնար Մանուկյանի՝ նախաքննական մարմինն իրեն հրավիրում էր հարցաքննությունների, նպատակը մեկն էր՝ բացահայտել աղբյուրը, թե ով է նրան փոխանցել այդ ցուցմունքները։ Մեկ այլ հարցաքննության ժամանակ քննիչը Մանուկյանին ասել է, որ դիմել է դատարան՝ լրագրողի հեռախոսային խոսակցությունների վերծանումները ստանալու համար, որը դատավոր Դավիթ Գրիգորյանը բավարարել էր։ Լրագրողը հրաժարվել է բացահայտել աղբյուրը. «Պատրաստ եմ գնալ ամենախիստ պատժամիջոցի, ընդհուպ կալանավորման, բայց երբեք աղբյուրի բացահայտում չի լինի»,-  ասաց օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, ով իր իրավունքները պաշտպանելու համար դատարանի այդ որոշումը բողոքարկել էր Վերաքննիչում, որն էլ բավարարել էր բողոքը։ Հենց այս որոշման դեմ էլ գլխավոր դատախազությունը փետրվարին Վճռաբեկ բողոք էր ներկայացրել։ Օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանն ասաց՝ սա բոլոր լրագրողների հաղթանակն է. «Մեզ համար խնդիր էր դրված ապացուցել, որ ՀՔԾ-ն, գլխավոր դատախազությունը թույլ են տվել ապօրինություն, ինչը մենք դատարանում կարողացանք ապացուցել։ Ներկայիս իշխանությունները պետք է և՛ գլխավոր դատախազի, և՛ ՀՔԾ պետի այս գործողություններին համապատասխան գնահատական տան։ Մեր խնդիրն էր ապացուցել, որ մեր գործով թույլ են տվել ապօրինություն. փորձել են գաղտնալսել լրագրողին, հեռախոսազրույցները վերծանել, այլ ճանապարհով փորձել ամեն ինչ անել՝ լրագրողների աղբյուրը բացահայտելու համար։ Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանները ցույց տվեցին, որ այո, ՀՔԾ-ն և գլխավոր դատախազությունը թույլ են տվել ապօրինություն»։
20:03 - 13 մայիսի, 2020