Վահրամ Դումանյան

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։

Ծնվել է 1962 թ․ սեպտեմբերի 9-ին Երեւանում:

1979-1984 թթ. սովորել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:
1989 թ. ավարտել է ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրան։
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր։

1984-1986 թթ. գիտահետազոտական աշխատանք է կատարել ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում։
1990-2020 թթ. աշխատել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։
2000-2020 թթ. եղել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան:
2020 թ. նոյեմբերի 23-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։

2001 թ.-ից ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանի տնօրենն է։
2007 թ.-ից ՀՀ դպրոցականների ինֆորմատիկայի առարկայական օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահն է։
2008-2019 թթ. եղել է ԵՊՀ-ում գործող ԲՈԿ-ի «Մաթեմատիկական կիբեռնետիկա» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը։
Բազմաթիվ գիտական եւ ուսումնամեթոդական աշխատությունների հեղինակ է։
Գիտահետազոտական աշխատանք է կատարել նաեւ Մ.Վ․Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, Ս. Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոնում (Վարշավա), Թրիրի եւ Պադերբորնի համալսարաններում (Գերմանիա)։
Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամ է։
Պարգեւատրվել է ԵՊՀ եւ ԿԳՆ ոսկե մեդալներով։

Ամուսնացած է, ունի դուստր եւ որդի։

Վստահեցնում եմ՝ ԿԳՄՍՆ-ն չունի դպրոցների նախընտրելի տնօրենների ցուցակ, մրցույթներն անցնում են կարգին համաձայն․ Դումանյան

Վստահեցնում եմ՝ ԿԳՄՍՆ-ն չունի դպրոցների նախընտրելի տնօրենների ցուցակ, մրցույթներն անցնում են կարգին համաձայն․ Դումանյան

ԿԳՄՍ նախարարությունը չունի դպրոցների տնօրենների նախընտրելի ցուցակ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։Անդրադառնալով դիտարկմանը, թե դպրոցների տնօրենների ընտրության մրցույթներին մասնակցած անձինք նշում են, որ իշխանությունն իր թեկնածուներին է առաջ տանում, արդյո՞ք խնդիր է դրված դպրոցների անցանկալի տնօրեններից ազատվելու, նախարարն արձագանքեց, որ բացարձակապես նման խնդիր չկա։«Վստահեցնում եմ՝ նախարարությունը չունի իր նախընտրելի տնօրենների ցուցակ, մրցույթներն անցնում են կարգին համաձայն, նախարարությունը անձնավորված մոտեցումներ չունի, հետևում է, որ դպրոցներում որակական առաջընթաց գրանցեն»,-ասաց ԿԳՄՍ նախարարը։Անդրադառնալով դիտարկմանը, թե Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել, նախարարն ասաց, որ տեղյակ չէ և հարցից տեղեկացավ այդ մասին։Հարցին՝ ինչպես է դրան վերաբերվում, Դումանյանն արձագանքեց․ «Քիչ առաջ ձեզանից իմացա, չեմ տիրապետում փաստական տվյալների, հետևաբար ենթադրության հիման վրա կարծիք հայտնելու ցանկություն չկա»,-ասաց նա։Ի պատասխան հարցի, թե թեև նոր է տեղեկանում գործընթացից, սակայն որպես երևանցի ինչպես է գնահատում քաղաքապետի աշխատանքը, նախարարը հորդորեց ոլորտային հարցեր տալ՝ նշելով, թե փորձագետ չէ։ «Միայն հարց տալով չէ, հարցը պետք է բովանդակային լինի և կոռեկտ»,-ասաց Դումանյանը՝ նշելով, թե քաղաքապետարանի հետ որևէ կոնֆլիկտ չունեն համագործակցության առումով։
14:01 - 16 դեկտեմբերի, 2021
Հայտնի են հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունների ժամկետները

Հայտնի են հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունների ժամկետները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են 2021-2022 ուսումնական տարվա՝ 2022 թվականի հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և իրականացման կարգը: 12-րդ դասարանի սովորողը հունվար ամսին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Միասնական քննությանը մասնակցող սովորողը հունվարին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով: Միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում գրվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը): 12-րդ դասարանում սովորողները հունվար ամսին հանձնում են պետական ավարտական քննություններ. 1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ), 11.01.2022 թ., 2) «Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ), 12.01.2022 թ., 3) «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ), 14.01.2022 թ., 4) Ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն»)՝ բանավոր (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար), քննաշրջանի ընթացքում, 5) «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից՝ բանավոր (ազգային փոքրամասնությունների դասարանների համար), քննաշրջանի ընթացքում, սովորողի ընտրությամբ: 12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը՝ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված շտեմարաններից և հաստատությունում գործածվող դասագրքերից կամ նյութերից: Ռուսերենով ուսուցմամբ համապատասխան դասարանների ռուսերենի բանավոր («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն») և «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր, ազգային փոքրամասնությունների համար) քննական առաջադրանքների հարցաշարերը և հարցատոմսերը կազմում են տվյալ հաստատության առարկայական մեթոդական միավորումները` ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված դասագրքերի և նյութերի հիման վրա: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, մտավոր հետամնացություն ունեցող սովորողներն ուսումնական հաստատությունն ավարտում են անհատական ուսուցման պլանով (ԱՈՒՊ) իրականացված գնահատման հիման վրա: Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին: Պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում: Այդպիսի կենտրոն է դառնում յուրաքանչյուր հաստատություն: Քննության մասնակից սովորողները բաժանվում են խմբերի: Յուրաքանչյուր խմբում ընդգրկված սովորողների թիվը չի կարող գերազանցել 20-ը. պետք է խստորեն պահպանվեն հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը:
16:16 - 02 դեկտեմբերի, 2021
Վահրամ Դումանյանն ընդունել է հայազգի արվեստագետ Ստաս Նամինին

Վահրամ Դումանյանն ընդունել է հայազգի արվեստագետ Ստաս Նամինին

Այս տարի հայազգի կոմպոզիտոր, գեղանկարիչ, լուսանկարիչ, ռեժիսոր, պրոդյուսեր Ստաս Նամինը (Անաստաս Միկոյան) նշում է 70-ամյա հոբելյանը: Բարձր գնահատելով անվանի արվեստագետի՝ համաշխարհային մշակույթում ունեցած ներդրումը՝ այսօր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Նամինին՝ ի արժևորումն նրա գործունեության և հոբելյանի: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը: Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է Ստաս Նամինին՝ հիացմունք հայտնելով նրա տաղանդի բազմակողմանիության, ստեղծագործական գործունեության լուսավոր հետագծի վերաբերյալ։ Նախարարը հատկապես ընդգծել է. «Մտքի ու նրբաճաշակության արտահայտություններ են նաև Ձեր վավերագրական ֆիլմերը, որոնց շարքում մեզ՝ հայերիս համար, թանկ է հատկապես «Հայաստանի հնագույն տաճարները» ֆիլմը։ Եվ ֆիլմում հայտնած Ձեր այն միտքը, որ չնայած Հայաստանն այժմ փոքր է, բայց և այնպես հավերժորեն մնում է ժողովրդի անհաղթահարելի ոգին, այսօր՝ մեր բարդ ժամանակներում, հնչում է այլ ուժգնությամբ։ Եվ 70-ամյա հոբելյանի շրջանակում Ձեր ներկայությունը Հայաստանում ոգևորում և գոտեպնդում է մեզ»։ Ստաս Նամինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի համար և հույս հայտնել, որ Հայաստանի հետ կապերը կամրապնդվեն և փոխադարձ հարաբերությունները կզարգանան նոր ուղով: Մշակութային կապերի ամրապնդման համատեքստում նախարար Վ. Դումանյանը հատկապես կարևորել է Հայաստանում Ռուսաստանի և Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի անցկացումը: Հանդիպման ավարտին Վահրամ Դումանյանը և Ստաս Նամինը փոխանակվել են հուշանվերներով՝ պայմանավորվելով առաջիկայում հստակեցնել մշակութային համագործակցության հեռանկարները: Ստաս Նամինի 70-ամյակի շրջանակում կկայանա հոբելյանական համերգ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որտեղ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն նրա ստեղծագործությունները:
20:17 - 30 նոյեմբերի, 2021
Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիին

Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը: Պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորելով Նատիա Նացվլիշվիլիին՝ նախարարը կարևորել է երկու կառույցների միջև համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու հարցը: Վահրամ Դումանյանը հույս է հայտնել, որ այդ համատեղ գործունեությունը կլինի շարունակական, քանի որ հենված է հաջողված փորձի վրա և կարձանագրի շոշափելի արդյունքներ: Նատիա Նացվլիշվիլիին իր հերթին փաստել է այն արդյունավետ համագործակցությունը, որ վերջին տարիներին ձևավորվել է ՀՀ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև: Նա նշել է, որ մարդկային կապիտալի ամրապնդումն ընկած է ցանկացած զարգացման և ՀՀ-ի հետ Կայուն զարգացման նպատակների շուրջ համագործակցության հենքում: Նա կարևորել է այդ համագործակցության շրջանակում ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումները, որոնք ևս միտված են մարդկային կապիտալի զարգացմանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է այն հիմնական ծրագրերը, որոնք իրականացվում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ: Նա ընդգծել է ՌԴ ֆինանսական աջակցությամբ Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրականացվող «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար», ինչպես նաև ՄԱԶԿ ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի հետ իրականացվող ծրագրերը: Այդ համատեքստում փոխնախարարն ուրախությամբ նշել է, որ Edu2Work հարթակը 2022 թ.-ից միջին մասնագիտական կրթության հատվածում կընդգրկի աշխատաշուկայի ինքնաշխատ վերլուծությունը: Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նաև ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում», ինչպես նաև ՄԱԶԾ-ի առաջարկած վերակառուցվող/վերանորոգվող հանրային շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների ներդրման աջակցության ծրագրերը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակին՝ Քովիդ-19-ի պայմաններում ցուցաբերած աջակցության համար՝ թե՛ հեռավար ուսուցման կարողությունների զարգացման, թե՛ տեխնիկական միջոցների համալրման առումով: Փոխնախարարը կարևորել է ՄԿՈՒ հաստատությունների կարողությունների զարգացմանն ուղղված ՄԱԶԾ-ի աջակցությունը՝ ընդգծելով, որ գյուղատնտեսական կրթության զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդմանը, աշխատաշուկայի ներկա ու կանխատեսելիք կարիքների գնահատմանը, պետության կողմից ուսման վարձի փոխհատուցմամբ բուհական տեղերի որոշման մեջ աշխատաշուկայի կարիքների կարևորմանը, ՄԿՈԻ ոլորտում մասնագիտությունների ցանկի վերանայմանը և ըստ մարզերի դրանց թիրախային տեղաբաշխմանն առնչվող հարցերի: Քննարկվել են նաև դպրոցների և մանկապարտեզների ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր:
20:38 - 29 նոյեմբերի, 2021
Երևանի Մշակույթի և արվեստի քոլեջը նախատեսվում է անվանակոչել Շառլ Ազնավուրի անվամբ

Երևանի Մշակույթի և արվեստի քոլեջը նախատեսվում է անվանակոչել Շառլ Ազնավուրի անվամբ

Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի գործունեության զարգացմանն աջակցելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ազնավուր» հիմնադրամի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը նախատեսվում է անվանակոչել հայ ժողովրդի հպարտություն հանդիսացող աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անվամբ: «Սա շատ հիանալի գաղափար է, որը նաև պարտավորեցնող է բոլորիս և հատկապես Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի համար: Համայն հայությունը պետք է վստահ լինի, որ մեծ վարպետի անունը կրող քոլեջն իր ձևով և բովանդակությամբ համապատասխանում է իր բարձր անվանը»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍՆ-ն և «Ազնավուր» հիմնադրամը համատեղ աջակցելու են դրա հաջող իրականացմանը: «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրն իր հերթին նշել է, որ Շառլ Ազնավուրը միշտ աջակցել և մեծ կարևորություն է տվել երիտասարդ սերնդի հետ շփմանը. «Ես կարծում եմ, որ նրա համար հաճելի կլիներ այս անվանակոչումը: Սա շատ կարևոր է ոչ միայն Շառլ Ազնավուրի՝ որպես մարդու և արտիստի անունը պահելու, այլև նրա կարևոր արժեքները կիսելու տեսանկյունից: Հիմնադրամի կողմից կանենք հնարավորը, որպեսզի քոլեջն արժանի լինի իր անվանը: Մենք կհրավիրենք հայտնի մարդկանց, որոնք կներշնչեն երիտասարդներին, և գուցե մի օր ապագա սերունդը մեր ժողովրդին նվիրի տաղանդավոր երիտասարդների, որոնք կստիպեն մեզ հպարտանալ և Հայաստանի անունը բարձր պահել»: Նշենք, որ հուշագրի ստորագրումը նպատակ ունի ընդլայնելու մշակույթի ոլորտում միջին մասնագիտական կրթություն ստացող երիտասարդների հնարավորությունները և նպաստելու նրանց հետագա մասնագիտական գործունեությանը: Կողմերի նպատակն է աջակցել Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի զարգացման ռազմավարական ծրագրերի իրականացմանը և դրա առաջխաղացմանը՝ ձգտելով այն դարձնել տարածաշրջանում տվյալ բնագավառում առաջատար ուսումնական հաստատություններից մեկը: Հուշագրով ԿԳՄՍ նախարարությունը պարտավորվում է աջակցել Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու գործընթացի կազմակերպմանը, մշակել և կատարելագործել մշակույթի ու արվեստի ոլորտում միջին մասնագիտական կրթության առկա պետական կրթական չափորոշիչները, համապատասխան ուսումնական և մոդուլային ծրագրերը: Համաձայն փաստաթղթի՝ նախարարությունը կաջակցի մշակույթի և արվեստի բնագավառի մասնագիտական կադրերի վերապատրաստման նպատակով համատեղ սեմինարների, հանդիպումների և խորհրդատվությունների կազմակերպմանը: «Ազնավուր» հիմնադրամը պարտավորվում է աջակցել քոլեջի դասախոսների վերապատրաստման և մասնագիտական կատարելագործման ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև քոլեջի ուսանողների կրթական ու մասնագիտական առաջընթացին՝ աջակցելով վարպետության դասերի, սեմինարների և այլ ձևաչափի դասընթացների կազմակերպմանը: Հիմնադրամը նաև հանձնառություն է ստանձնում աջակցել քոլեջի առարկայացանկում ներդրվելիք՝ Շառլ Ազնավուրի արվեստին վերաբերող միջառարկայական ծրագրի մշակմանը: Կողմերը պարտավորվում են աջակցել քոլեջի նյութատեխնիկական բազայի համալրմանը և շենքային պայմանների բարելավմանը, ինչպես նաև սովորողների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման աշխատանքների կազմակերպմանը: Հուշագիրը կգործի 3 տարի ժամկետով:
15:55 - 24 նոյեմբերի, 2021
Վահրամ Դումանյանը և Կարեն Գիլոյանն աշխատանքային այց են կատարել Գյումրի

Վահրամ Դումանյանը և Կարեն Գիլոյանն աշխատանքային այց են կատարել Գյումրի

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց են կատարել Գյումրի քաղաք՝ տեղում ծանոթանալու «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման շինաշխատանքներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։ Նախարարն ընթացիկ աշխատանքները գնահատել է բավարար և հույս հայտնել, որ դրանք ավարտին կհասցվեն սահմանված ժամկետում։ Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ՝ սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն ՀՀ դրամ՝ ԿԳՄՍ նախարարության 2021 թվականի բյուջետային տնտեսումների վերաբաշխմամբ: ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Համալիրն իր հագեցվածությամբ եզակի է լինելու ոչ միայն Գյումրի քաղաքի, այլև ամբողջ Հայաստանի համար:
14:38 - 20 նոյեմբերի, 2021
Ակնկալվում է 5 հազարից ավելի ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում. Դումանյանն՝ ատեստավորման ծրագրի մասին |armenpress.am|

Ակնկալվում է 5 հազարից ավելի ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում. Դումանյանն՝ ատեստավորման ծրագրի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը նոյեմբերի 18-ի նիստում 77 մլն դրամ հատկացրեց ատեստավորված ուսուցիչներին հավելավճար տրամադրելու համար: ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ ամփոփել են ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը: Ներկայացված նախագծով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեի հատկացումները վերաբաշխել ըստ մարզերի, կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցիչների հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների վճարումներն իրականացնելու համար: «2021-ի սեպտեմբերին անցկացվել է ատեստավորվող ուսուցիչների առարկայական գիտելիքների ստուգում  7-12 դասարանների համար՝ մի շարք առարկաների գծով: Հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից ատեստավորմանը մասնակցել է 996-ը, որից 478-ը հաղթահարել է 70 միավորի շեմը: Նրանք կստանան 30-50 տոկոս հավելավճար: Գումարը հաշվարկել ենք 10 տոկոս շեղումով 515 ուսուցչի համար, քանի որ առկա են եղել բողոքարկումներ: Գործընթացի համար հատկացվում է 77 մլն դրամ»,-ասաց նախարարը: Վահան Դումանյանը տեղեկացրեց, որ աշխատանքներ են իրականացվում հաջորդ տարի գործընթացը ևս կազմակերպելու համար: Ատեստավորմանը կկարողանան մասնակցել 5-12-րդ դասարանում դասավանդող ուսուցիչները բոլոր առարկաներից: Ակնկալվում է, որ ավելի քան 5 հազար ուսուցիչ հաջորդ տարի կստանա հավելավճար: 2022 թվականի պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված է 1.3 մլրդ դրամ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա կառավարության խոստումներից է, որն իրականություն է դառնում: «Մենք ասել էինք, որ հոկտեմբերից  կամավոր ատեստավորում անցած ու անհրաժեշտ շեմը հաղթահարած ուսուցիչները կստանան 30-50 տոկոս աշխատավարձի հավելում: Այս որոշմամբ մենք գործնականում իրականացնում ենք այդ խոստումը: Ատեստավորում անցած ուսուցիչները հոկտեմբերի, նոյեմբերի, դեկտեմբերի համար կստանան բարձրացված աշխատավարձ: 2020 թվականին արդեն բյուջեով նախատեսված են անհրաժեշտ գումարները»,-ասաց վարչապետը:
15:16 - 18 նոյեմբերի, 2021
ԿԳՄՍ նախարարը վստահեցնում է՝ պարտադրված են եղել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ ընտրել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի |armenpress.am|

ԿԳՄՍ նախարարը վստահեցնում է՝ պարտադրված են եղել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ ընտրել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում է՝ պարտադրված են եղել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնում ընտրել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի, քանի որ նախարարության ներկայացրած և ԱԺ-ից կողմից ընդունված օրենքի նախագիծը, որով հստակ ֆիքսվել էր, որ հոգաբարձուների խորհրդում չեն կարող լինել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք, գործողության մեջ չի մտել: Նախարարն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ընտրվելու թեմային: Դումանյանը հիշեցրեց՝ կառավարությունը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծ, որտեղ հստակ գրված է, որ հոգաբարձուների խորհրդում չեն կարող լինել մարդիկ, որոնք զբաղեցնում են քաղաքական պաշտոններ կամ քաղաքական կազմակերպություններում ղեկավար պաշտոններ: Այդ օրենքն ԱԺ-ն ընդունել է, ՍԴ-ն կառավարչական մասի որոշ դրույթներ ճանաչել է հակասահմանադրական: «Մենք էլ ընդունեցինք՝ ի գիտություն, և հիմա արդեն շրջանառության մեջ է այդ երկու դրույթը՝ խմբագրված տարբերակով»,-ասաց նախարարը: Այսպիսով` օրենքը չի մտել գործողության մեջ, որում ֆիքսվում էր, որ հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն քաղաքական դեմքեր: «Այդտեղ վիճարկվեց ոչ թե քաղաքական, այլ ուրիշ խնդիր՝ համամասնությունը: Այդ օրենքը, եթե լիներ, այսօր դուք քաղաքական դեմքեր չէիք տեսնի, ներկայացված օրենքում հստակ գրված է, որ չպետք է լինեն քաղաքական պաշտոններ զբաղեցնողներ»,-ասաց Դումանյանը: Անդրադառնալով քննադատություններին, թե գործող իշխանությունն ինչ քննադատում էր, հիմա ինքն է անում՝ վստահեցրեց, որ այդպես չէ: «Մենք ստիպված ժամանակ չկորցնելու համար վերադարձել ենք գործող օրենքին, որը գործում էր մինչև այդ: Իսկ գործող օրենքում ասվում է 4 համամասնություն. 25 տոկոս՝ ուսանողներ, 25 տոկոս՝ պրոֆեսորադասախոսական կազմ և 25 տոկոս՝ լիազոր մարմին և 25 տոկոս՝ հիմնադիր: Հիմնադրի կողմից պետական պաշտոնյաներ են: Մենք հոգաբարձուների խորհրդի թվի քանակը մաքսիմալ նվազեցրեցինք»,-ասաց Դումանյանը: Այսպիսով, նախարարի խոսքով, ստիպված գործում են այն օրենքով, կառավարության որոշումով, որն ընդունվել է 2005 թվականին, որտեղ հստակ նշված է, որ այսինչ համամասնությամբ պետք է լինի խորհրդի կազմը. արդյունքում՝ այնտեղ հայտնվել են պետական պաշտոնյաներ, քաղաքական դեմքեր: «Հիմա հայտնվել ենք օրենսդրական տվյալ դաշտում, որտեղ պարտադրված ենք պետական պաշտոնյաներ նշանակել, որոնք բնականաբար քաղաքական առաջնորդներ են, տարբեր պաշտոններ ունեն քաղաքական դաշտում»,-ասաց Դումանյանը: Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
17:40 - 08 նոյեմբերի, 2021
Հավատարիմ ենք մնացել քաղաքական որոշմանը, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում չպետք է լինեն պաշտոնյաներ. Վահրամ Դումանյան |tert.am|

Հավատարիմ ենք մնացել քաղաքական որոշմանը, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում չպետք է լինեն պաշտոնյաներ. Վահրամ Դումանյան |tert.am|

tert.am: Հավատարիմ ենք մնացել քաղաքական որոշմանը, որ բուհերի հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն պաշտոնյաներ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ հիշեցնելով, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ: Դիտարկմանը, թե անընդհատ խոսում են, որ բուհերը պետք է ապաքաղաքական լինեն, սակայն բուհերի հոգաբարձուների խորհուրդներում շարունակում են պաշտոնյաներ ներգրավվել, Դումանյանն արձագանքեց՝ մի քանի բուհերի՝ մասնավորապես՝ ՀՄՊՀ, ԵՊՀ, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդներում կան փոխնախարարներ, այլ պաշտոնյաներ, սակայն չպետք է զարմանալ: «Մենք ներկայացրել էինք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որի որոշ դրույթներ Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական: Հիմա շրջանառում ենք օրենքի նոր տարբերակ, մնում ենք նույն սկզբունքին, որ չպետք է լինեն քաղաքական դեմքեր: Այսօրվա գործող օրենքների շրջանակում է կատարվել ամեն ինչ»,– ասաց նա: Ինչ վերաբերում է դպրոցների, բուհերի աշխատանքին՝ հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակը, Դումանյանն ասաց. «Դպրոցներում մեկ շաբաթ արձակուրդը երկարաձգվել էր, և տրամադրված չենք այն շարունակել, կանցնենք առկա ուսուցման տարբերակին՝ խստագույնս պահպանելով հակահամաճարակային կանոնները: Բուհերին առաջարկել էինք մինչև նոյեմբերի 15-ը ձեռնպահ մնալ առկա դասընթացներից, սակայն ցանկանում ենք 15-ից կրկին անցնել ուսուցման առկա համակարգին»:
14:05 - 04 նոյեմբերի, 2021
Եվրամիությունը կֆինանսավորի հայ գիտնականների հետազոտական թեմաները․ ԿԳՄՍ նախարար |hetq.am|

Եվրամիությունը կֆինանսավորի հայ գիտնականների հետազոտական թեմաները․ ԿԳՄՍ նախարար |hetq.am|

hetq.am: Հայ գիտնականները կօգտվեն Եվրոպական միության երկրների գիտական ենթակառուցվածքներից, Եվրամիությունը կֆինանսավորի նրանց հետազոտական թեմաները։ Այս մասին Կառավարության նոյեմբերի 4-ի նիստում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միու­թյան միջև «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի մասնակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջար­կությանը: Ծրագիրը կգործի մինչև 2027 թվականը։ Անդամության ամենամյա վճարը կկատարվի պետական բյուջեից գիտությանը հատկացվող միջոցների հաշվին։ Վահրամ Դումանյանի խոսքով՝ առաջին երկու տարիներին անդամակցության վճարը 550 հազար եվրո է, բայց, ըստ պայմանավորվածության, 50 տոկոսը վերադարձվելու է, 3-րդ տարվանից, կախված ակտիվությունից, անդամավճարը կարող է վերանայվել։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
13:31 - 04 նոյեմբերի, 2021
Միջոցառման ոչ բոլոր մասնակիցներն են ունեցել  ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք․ նախագահի աշխատակազմի պարզաբանումը իրականությանը չի համապատասխանում

Միջոցառման ոչ բոլոր մասնակիցներն են ունեցել ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք․ նախագահի աշխատակազմի պարզաբանումը իրականությանը չի համապատասխանում

Հոկտեմբերի 24-ի երեկոյան նախագահի նստավայրում, ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» մասնակիցների, ընդունելություն էր կազմակերպվել։ Ընդունելության ժամանակ մասնակիցների մեծամասնությունը բժշկական դիմակով չէր եղել, ինչն էլ մեծ դժգոհության և քննարկումների առիթ էր դարձել համացանցում։  Այս դժգոհություններից հետո, «Ժողովրդի» հարցմանն ի պատասխան, նախագահի աշխատակազմից տեղեկացրել էին, որ միջոցառման բոլոր մասնակիցներն ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք։ «․․․ Միաժամանակ, պարտավորված ենք զգում տեղեկացնել, որ միջոցառման բոլոր մասնակիցները, որոնք հիմնականում օտարերկրացիներ էին, ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք, նրանց գերակշռող մասը նաև պատվաստված է եղել կորոնավիրուսի դեմ։ Մասնակիցները դիմակներ կրել են ըստ ցանկության․․․»,- ասվում է «Ժողովրդի» հարցման պատասխանում։ Միջոցառմանը, բացի օտարերկրյա հյուրերից, մասնակցում էին նաև ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։  Հարցումով դիմել էինք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն՝ խնդրելով տրամադրել միջոցառման հյուրերի ցանկը և ՊՇՌ թեստերի բացասական պատասխանները։ Նշենք, որ նախօրոք խնդրել էինք տեղեկությունները տրամադրել՝ ծածկելով անձնական տվյալների և այլ տեսակի գաղտնիք պարունակող հատվածները։ Նախագահի աշխատակազմից մեր հարցմանն ի պատասխան, նշել են, որ միջոցառմանը հրավիրված են եղել «Մտքերի հայկական գագաթնաժողովի» բոլոր մասնակիցները, ինչպես նաև կառավարության անդամները։ Որպես ՊՇՌ բացասական թեստի ապացույց նշվում է, որ մասնակիցները հիմնականում եղել են օտարերկրացիներ, և առանց ՊՇՌ թեստի բացասական արդյունքի հնարավոր չէ Հայաստան մուտք գործել։ Իսկ ինչ վերաբերում է մեր խնդրած տեղեկությանը՝ հյուրերի ցանկի և ՊՇՌ թեստերի բացասական արդյունքների վերաբերյալ, նշվում է, որ դրանք պարունակում են անձնական տվյալներ և հրապարակման ենթակա չեն։ Սական, ինչպես արդեն նշվեց, մենք խնդրել էինք ծածկել անձնական կամ այլ տեսակի գաղտնիք պարունակող հատվածները։ Մենք հարցումով դիմել էինք նաև կառավարության ներկայացուցիչներին, որոնք ճանաչելի էին միջոցառման տեսանյութից։  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին ուղղված մեր հարցման պատասխանում նշվում է, որ Առողջապահության նախարարը նախագահի աշխատակազմ ՊՇՌ թեստ ներկայացնելու որևէ պարտավորություն չի ունեցել։ Տվյալ պարագայում հարց է առաջանում, թե որտեղից է նախագահի աշխատակազմը վստահ եղել, որ Անահիտ Ավանեսյանն ունեցել է ՊՇՌ թեստի բացասական արդյունք։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նույնպես միջոցառումից առաջ նախագահական նստավայր ՊՇՌ թեստի պատասխան չի ներկայացրել։  Հարցումով դիմել էինք նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին։ Ստացած պատասխանի համաձայն՝ նախարար Խաչատուրյանը թեստավորված չի եղել։ Այսինքն՝ նախագահի աշխատակազմի այն պնդումը, թե միջոցառման բոլոր մասնակիցները ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք, կեղծ է։ Ոստիկանությունից հայտնում են, որ Առողջապահության նախարարի հրամանի հիմքով միջոցառման մասնակիցները ենթակա չեն վարչական պատասխանատվության։ Խոսքը նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի հրամանի մասին է, որի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ ՀՀ նախագահի, կաթողիկոսի, վարչապետի, ԱԺ նախագահի, ՍԴ նախագահի, ԲԴԽ նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների։  Այսպիսով, օրենքի տեսանկյունից ամեն ինչ ճիշտ է եղել, և միջոցառման բոլոր մասնակիցներն իրավունք ունեցել են դիմակ չկրելու, սակայն նախագահի աշխատակազմի պնդումը, թե բոլորն ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք, չի համապատասխանում իրականությանը։   Նարեկ Մարտիրոսյան
12:03 - 04 նոյեմբերի, 2021
ԿԳՄՍ նախարարը բուհերի ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը

ԿԳՄՍ նախարարը բուհերի ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հոկտեմբերի 29-ին աշխատանքային հանդիպում է ունեցել պետական և ոչ պետական մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Հանդիպման օրակարգի առաջին հարցը վերաբերում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկմանը: Նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել վերոնշյալ օրենքի նախագիծը, որի գլխավոր նպատակը բարձրագույն կրթության և գիտության համակարգերի արդյունավետության բարձրացումն է: Նշվել է, որ նախագիծն Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է 2021 թվականի մարտի 24-ին, սակայն ՀՀ նախագահի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի 2021 թվականի օգոստոսի 2-ի համապատասխան որոշմամբ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի մասով այն ճանաչվել է Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող:  Նախագիծը համապատասխանեցվել է ՍԴ որոշման պահանջներին և ներկայացվել հանրային քննարկման: «Օրենքի նախագծի քննարկման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել բուհերի հոգաբարձուների խորհուրդների ձևավորման և ռեկտորների ընտրության հարցերին: Վահրամ Դումանյանը նշել է, որ օրենքի ընդունումից հետո դրա կիրարկման համար անհրաժեշտ է համախմբել ոլորտի բոլոր ներկայացուցիչների ջանքերը, քանի որ նախատեսվում է բավականին մեծ աշխատանք»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հանդիպման հաջորդ հարցը վերաբերել է բուհերում առցանց ուսուցման անցնելու գործընթացով պայմանավորված հնարավոր խնդիրների քննարկմանը: Այդ համատեքստում նախարարը բուհական և գիտական հանրությանը՝ ի դեմս ռեկտորների, հորդորել է անմասն չմնալ և պայքարել հակապատվաստումային քարոզչության և հակագիտական երևույթների դեմ: Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանն արծարծվել են նաև ասպիրանտուրայի ընդունելությանը, բուհերի միասնական քննություններին վերաբերող և հարակից այլ հարցեր: Քննարկման մասնակիցները կրթության ոլորտի պատասխանատուներին ուղղել են իրենց հուզող մի շարք հարցեր և ստացել դրանց պատասխանները:
21:59 - 29 հոկտեմբերի, 2021
Այս պահին օրակարգում նման հարց չունենք․ Վահրամ Դումանյանը՝ Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու մասին

Այս պահին օրակարգում նման հարց չունենք․ Վահրամ Դումանյանը՝ Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու մասին

«Որեւիցե տեղ ես չեմ արձանագրել, որ ՀՀ կառավարության ղեկավարից կազմից որեւէ պաշտոնյա կամ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյա, մասնավորապես ԱԳ նախարարը, ասել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է ռուսական դպրոց բացել, եթե հղում ունեք կխնդրեմ ինձ տաք»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու մասին հարցին։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրեր առաջ էր հայտարարել, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում հետաքրքրված է ռուսական դպրոցների բացմամբ։  Դումանյանն ասաց, սակայն, թե մի քիչ այլ կերպ է եղել հայտարարությունը, նրա խոսքով՝ հավանաբար որոշ ծրագրերի վերաբերյալ հետաքրքրություն դրսեւորելու մասին խոսք եղել է, բայց ռուսական դպրոց բացելու մասին՝ ոչ․ «Մեր նախարարությունը, ես, որեւիցե շփում չենք ունեցել պարոն Լավրովի հետ։ Իրոք, ցանկացած ծրագիր արժանի է ուշադրության, եկեք ծանոթանանք, հասկանանք»,- ասաց Վահրամ Դումանյանը՝ հարց հնչեցնելով, թե ինչու է առանձնացվում հատկապես ռուսերենը, ինչին ի պատասխան՝ լրագրողներն ասացին՝ քանի որ այլ երկրի արտգործնախարար չի հայտարարել, որ հետաքրքրված ենք գերմանական կամ չինական դպրոցների բացմամբ․ «Մենք հետաքրքրված ենք օտար լեզուների պոպուլյարիզացիայով, այդ թվում՝ ռուսաց լեզվի։ Որքան շատ լեզու իմանանք, այնքան ավելի ճկուն ու ինֆորմացած կլինենք, ի վերջո հո կաղապարված չենք մեր սահմաններով, 21-րդ դարում շփումների կարիք եւ անհրաժեշտություն ունենք, լեզուների իմացությունն առավելություն է՝ հատկապես մեր ռազմավարական գործընկերոջ լեզուն»,- արձագանքեց ԿԳՄՍ նախարարն ու հիշեցրեց, որ օրեր առաջ այստեղ էր Փարիզի համալսարանական հիվանդանոցների ղեկավարությունը՝ մասնակցելու կոնֆերանսի, որի ժամանակ պատերազմի ընթացքում մեր զինվորներին վիրահատած բժիշկներն առաջարկել են մեր բժիշկների վերապատրաստումը կազմակերպել Ֆրանսիայի առաջատար կլինիկաներում, սակայն ինչքան էլ մեծ է ցանկությունը, բայց մենք լեզվի խոչընդոտ ունենք։ Դումանյանն ասաց, որ ինքը հենց այդ կոնֆերանսի ժամանակ առաջարկել է Բժշկական համալսարանում ֆրանսերեն սովորել, ինչին համաձայնել է նաեւ բուհի ռեկտորը։ Դումանյանի կարծիքով՝ միայն ռուսերենի չէ, այլ լեզուների պոպուլյարիզացիա է հարկավոր, դա, ըստ նրա, շատ հնարավորություններ է բացում։ Ի պատասխան լրագրողի հարցի՝ նախարարն ասաց, որ այս պահին ոչ Հայաստանում ռուսական դպրոց բացելու, ոչ էլ Ռուսաստանում հայկական դպրոց բացելու քննարկումներ չկան։
12:26 - 21 հոկտեմբերի, 2021
Վահրամ Դումանյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին

Վահրամ Դումանյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն հոկտեմբերի 6-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի, ՀԲ Հարավային Կովկասի մարդկային զարգացման բաժնի ղեկավար Ահմետ Լեվենտ Եների և  ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի հետ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ նշելով, որ հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Վահրամ Դումանյանն առանձնակի կարևորել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը և Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացմանը ցուցաբերված աջակցությունը: «Մենք հաստատակամ ենք կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործում և միջազգային գործընկերների, մասնավորապես, ՀԲ աջակցությունը մեզ համար կարևոր է: Մենք երախտապարտ ենք ՀԲ-ին երկարատև համագործակցության, իրականացված ծրագրերի, ինչպես նաև աշխատաշուկայի և մասնագիտությունների վերլուծություն իրականացնելու նոր նախաձեռնության համար, ինչը շատ կարևոր է կրթության ոլորտի բարեփոխումների արդյունավետության համար»,- նշել է նախարարը: Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է Հայաստանի ուսուցիչներին իրենց մասնագիտական տոնի առթիվ: «Տեղյակ եմ, որ Դուք նախօրեին այցելել եք դպրոցներ, պարգևներ եք շնորհել մի շարք ուսուցիչների, որը նշանակում է, որ Դուք պատվում եք ուսուցչի առաքելությունը»,- փաստել է Սեբաստիան Մոլինեուսը` դիմելով նախարարին: ՀԲ ներկայացուցիչներն ընդգծել են, որ Հայաստանի հետ հեռահար համագործակցության առաջնահերթություններից մեկը մարդկային կապիտալի զարգացումն է, որի հիմնական ուղղություններն ուղղակիորեն կապված են կրթության ոլորտի զարգացման հետ: Այս համատեքստում կարևորվել է առաջնահերթությունների սահմանումը` ըստ կարիքների գնահատման, որը կդրվի հեռահար համագործակցության ծրագրերի հիմքում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև կրթության ոլորտում ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերին: Քննարկվել են դրանցից որոշների երկարաձգման, ինչպես նաև նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:
18:24 - 06 հոկտեմբերի, 2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ

Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կրթության և հետազոտության ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և նպաստել նոր նախաձեռնությունների ու գաղափարների իրականացմանը։ Քննարկելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերը, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձա¬գետների այցելությունները Հայաստան՝ մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտներում հայեցակարգերի մշակման շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական օժանդակության տրամադրման նպատակով, Վահրամ Դումանյանը գոհունակություն է հայտնել Երևանի պետական համալսարանում Ցեղասպանության և զանգվածային վայրագությունների կրթության և կանխարգելման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի ստեղծման կապակցությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի (IBE) Հայաստանի նախագահությանը, և առանձնահատուկ կարևորվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերն ու նշանակությունը աշխարհում արդի մարտահրավերների հաղթահարման, կրթության կայուն զարգացման և երեխաների կրթության իրավունքի ապահովման գործում: ՀՀ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ խորհրդի կողմից ներկայացվող մինչև 2025 թվականի ռազմավարությունը նույնպես հաջողությամբ կիրականացվի, և կհաղթահարվեն միջնաժամկետ հատվածի համար սահմանված խնդիրները: Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև 2021 թ. նոյեմբերի 4-ից 5-ը Հայաստանում նախատեսված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում բարձրագույն կրթության որակի վերաբերյալ Ֆրանկոֆոն ֆորումին առնչվող հարցեր: Ֆորումը կծառայի որպես քննարկումների, մասնագիտական զարգացման և փորձի փոխանակման հարթակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի ապահովման հիմնական դերակատարների համար՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում և դրանցից դուրս: Ֆորումի տարածաշրջանային գործընկերներն են ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիին հրավիրել է Հայաստան՝ ֆորումին որպես բանախոս հանդես գալու համար: Վահրամ Դումանյանը, շնորհակալություն հայտնելով նաև մասնակցության ծրագրի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցաբերած աջակցության համար, հույս է հայտնել, որ այս ուղղությամբ ևս Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը կշարունակվի:
13:20 - 01 հոկտեմբերի, 2021