Արգիշտի Քյարամյան

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

Ծնվել է 1991 թվականի մայիսի 22-ին։ 2007-2013թթ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան։ 2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով ԵՊՀ իրավագիտության մագիստրոսի աստիճան։ 2015թ. ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը։

2013-2014թթ. ընկած ժամանակահատվածում աշխատել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում` որպես քննիչ: 2016թ. աշխատել է ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազությունում` որպես դատախազության դատախազ: 2016-2018թթ. աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազությունում` որպես դատախազության դատախազ: 2018թ. հունիսի 8-ից սկսած աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում՝ որպես վարչության պետ։ 2018թ. հուլիսի 10-ից սկսած աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունում՝ որպես վարչության պետ:

2019թ. փետրվարի 15-ից սկսած աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ։ 2019թ. մարտի 1-ից սկսած աշխատել է Պետական վերահսկողական ծառայությունում՝ որպես ղեկավարի օգնական։ 2019թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ։ 2009-2011թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Հանդիսանում է պահեստազորի սպա։ 2014թ. շնորհվել է արտահերթ կոչում։ 2016թ. շնորհվել է երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան։ 2017թ. պարգևատրվել է գերատեսչական մեդալով։ 2018թ. շնորհվել է հարկային ծառայության փոխգնդապետի հատուկ կոչում։ 

2019 թվականին նշանակվել նշանակվել է ԱԱԾ պետի տեղակալ։

2020թ. հունիսի 8-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Նույն թվականի հոկտեմբերի 8-ին ազատվել է պաշտոնից։

2020-ի դեկտեմբերին նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ։

Armdaily.am-ի պնդումը, թե Քյարամյանն առանց գնդապետի կոչում ունենալու չէր կարող դառնալ ԱԱԾ պետի տեղակալ, չի համապատասխանում օրենքին

Armdaily.am-ի պնդումը, թե Քյարամյանն առանց գնդապետի կոչում ունենալու չէր կարող դառնալ ԱԱԾ պետի տեղակալ, չի համապատասխանում օրենքին

Այսօր՝ մայիսի 14-ին, armdaily.am կայքը հրապարակել է «ԱԱԾ-ում արշալույսները խաղաղ չեն․ աշխատանքից ազատման դիմումները՝ Քյարամյանի նշանակման դեմ ընդվզում» վերտառությամբ հոդված, որտեղ նշվում է, որ Արգիշտի Քյարամյանի Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալի պաշտոնում նշանակելու համար նրան գնդապետի կոչում են տվել, որը համառորեն թաքցնում են։  «Մինչեւ օրս ԱԱԾ կայքում, ի տարբերություն մյուս տեղակալների, նշված չէ Քյարամյանի կոչումը։ Սակայն առանց այդ կոչման նա չէր կարող զբաղեցնել այդ պաշտոնը»,- գրել է լրատվամիջոցը։ Նախ նշենք, որ, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արգիշտի Քյարամյանը չէր կարող անմիջապես նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ, քանի որ ըստ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6․1-ին մասի․ «Պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները»: Սակայն Քյարամյանը զբաղեցնում էր Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը, իսկ ՊՎԾ-ն ազգային անվտանգության մարմին չէ և վերոգրյալ ցանկում ևս առկա չէ։ ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար նրան նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա տեղափոխեցին ԱԱԾ։  Armdaily.am կայքի այն պնդումը, թե առանց գնդապետի կոչման Քյարամյանը չէր կարող նշանակվել ԱԱԾ պետի տեղակալ, չի համապատասխանում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» վերոգրյալ օրենքի պահանջին, որի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում: Բանն այն է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 16-ի 5-րդ մասի համաձայն՝ եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով կամ «և» կամ «ու», ինչպես նաև «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա ստորակետերով կամ «և» կամ «ու» շաղկապներով բաժանված պայմանների մասով այդ նորմի կիրառման համար անհրաժեշտ է բոլոր պայմանների առկայությունը, իսկ «կամ» շաղկապով բաժանված պայմանների մասով բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը: Հետևաբար կամ շաղկապը հստակ տարանջատում է «․․․մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն․․․» հատվածը՝ «․․․մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում։» հատվածից, ինչը ենթադրում է, որ այս երկու պայմաններից որրևէ մեկի բավարարումը բավարար է նորմի կիրառման համար։   Բացի այս՝ «Քննչական կոմիտեի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քննչական կոմիտեի տեղակալի պաշտոնը համարվում է բարձրագույն խմբի պաշտոն, իսկ Քյարամյանն, ինչպես արդեն նշել ենք, մինչեւ ԱԱԾ պետի տեղակալ դառնալը՝ նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ։ Վերոնշյալից կարրող ենք եզրակացնել, որ ՔԿ բարրձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողին ԱԱԾ պետի տեղակալ նշանակելու համար նրա՝ գնդապետից ոչ ցածր կոչում ունենալը պարտադիր չէ։ Այսպիսով, armdaily.am կայքի պնդումը չի համապատասխանում օրենքով նախատեսված պահանջներրին։ Հիշեցնենք՝ մայիսի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊՎԾ ղեկավարի տեղակալ, ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն ազատվեց պաշտոնից եւ նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում։ Անմիջապես հաջորդ օրը Փաշինյանի որոշմամբ նա ազատվեց ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Infocom.am-ն անդրադարձել է նաև Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվելու համապատասխանությանը դա կարգավորող իրավական ակտի էությանը։ Հայարփի Բաղդասարյան
16:15 - 14 մայիսի, 2020
Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ պետի տեղակալ նշանակումը համապատասխանում է օրենքի տառին, բայց ոչ էությանը

Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ պետի տեղակալ նշանակումը համապատասխանում է օրենքի տառին, բայց ոչ էությանը

Մայիսի 6-ին անդրադարձել էինք Արգիշտի Քյարամյանի ԱԱԾ պետի տեղակալ նշանակվելու գործընթացին։ Հոդվածում նշել էինք, որ «Ազգային անվտանգության ծառայության մասին» օրենքում սահմանված չէ, թե նույն օրենքի 19-րդ հոդվածի 6․1 կետով նախատեսված գերատեսչությունների, այդ թվում՝ Քննչական կոմիտեի պաշտոնյան որքան պետք է պաշտոնավարած լինի, որպեսզի թափուր պաշտոնի դեպքում տեղափոխվի ԱԱԾ։ Այս ամենի շնորհիվ հնարավոր է դարձել Արգիշտի Քյարամյանի մեկօրյա նշանակումն ու տեղափոխումը։ Մենք որոշեցինք նաև ներկայացնել, թե երբ և ինչ հիմնավորմամբ է «Ազգային անվտանգության ծառայության» մասին օրենքում ներդրվել 19-րդ հոդվածը, որով հնարավոր է դարձել որոշ գերատեսչություններից դեպի ԱԱԾ ռոտացիոն համակարգը։ Վերոնշյալ օրենքում նշված հոդվածն ավելացվել է 2004 թվականին «Ազգային անվտանգության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով։ Նախատեսվում էր, որ թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի և ոստիկանության լիազոր մարմինների ծառայողներ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողներ), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները: 2004 թվականի դեկտեմբերի 7-ին այդ ժամանակ արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանն Ազգային ժողովում ներկայացրել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ «Զինված ուժերում ծառայության մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Հարցի զեկուցման ժամանակ Մուկուչյանը նշել է, որ այս երեք մարմիններում էլ իրականացվում է ծառայություն, որոնք, իրենց առանձնահատկություններով պայմանավորված, որպես այդպիսին նույն ծառայությունն են հանդիսանում, եւ, հաշվի առնելով այս հանգամանքը, օրենքները հնարավոր են համարում ծառայողի տեղաշարժը մի համակարգից՝ մյուսը։ Փաթեթի քննարկման ժամանակ Տիգրան Մուկուչյանը նկատել է՝ ԱԱ ծառայությունում հիմնականում կոնսպերացիայի (գաղտնապահություն) լիակատար պահպանմամբ է իրականացվում ծառայությունը։ Նրա խոսքով՝ նմանատիպ ծառայություններ են իրականացվում ոստիկանությունում, նաեւ զինված ուժերում։ Այստեղ, ըստ արդարադատության նախկին փոխնախարարի, որեւէ պատահական նշանակում բացառվում է, որովհետեւ յուրաքանչյուր դեպքում պաշտոնի համար սահմանված է ինչպես պարտադիր կրթություն, այնպես էլ տվյալ մարմնում համապատասխան պաշտոնում աշխատելու եւ՛ պաշտոն զբաղեցնելու խնդիր, եւ՛ որոշակի ժամանակահատվածով այդ պաշտոնը զբաղեցնելու խնդիր․ «Բոլոր այն ծառայությունները, որոնք պահանջում են նաեւ կոնսպերացիայի պահպանում, այդ գաղտնագործության ռեժիմի հետ աշխատանք, բնական է, ծառայության նշանակվելուց հետո անձի վրա արդեն լիարժեք կերպով տարածվում են այդ սահմանափակումները»,- նիստի ժամանակ ասել է Մուկուչյանը՝ պարզաբանելով, որ ռոտացիայի իրականացումը հենց այս մարմիններում է, որովհետեւ երեքն էլ, ըստ էության, նույնաբնույթ ծառայություն են իրականացնում։  Բացի այս՝ արդարադատության փոխնախարարի հիմնավորմամբ՝ երեք մարմիններում ռոտացիոն համակարգը թույլ կտա խուսափել կամայական մոտեցումներով պայմանավորված նշանակումներից, կապահովվի տվյալ մարմնում պրոֆեսիոնալիզմի արմատավորումը։ 2008 թվականին դարձյալ փոփոխություն է կատարվել վերոնշյալ երեք օրենքներում։ Ազգային ժողովում նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ արդարադատության այդ ժամանակվա նախարար Գեւորգ Դանիելյանը ներկայացրել է, որ օրենսդրական այդ 3 ակտերի համեմատական վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ դրանցում միասնականության սկզբունքը բավարար չափով ապահովված չէ: Մասնավորապես, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածում բարձրագույն պաշտոն զբաղեցնելու պայմաններից մեկը համարվել է առնվազն 3 տարի գլխավոր պաշտոն զբաղեցնելը, մյուս երկու ծառայության տեսակների մասին օրենսդրական ակտերում պարտադիր է համարվել ոչ թե նվազագույնը 3 տարի գլխավոր պաշտոն զբաղեցնելու հանգամանքը, այլ վերջին 3 տարում: Եւ քանի որ նշյալ պայմանները տարբեր իրավիճակներ են, կառավարությունն առավել ընդունելի ու հիմնավորված է համարել առնվազն 3 տարի գլխավոր պաշտոն զբաղեցնելու տարբերակը․ «Սա ունի որոշակի տրամաբանություն այն իմաստով, որ եթե որեւէ հատուկ պետական ծառայող, որը առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր պաշտոն եւ ընդմիջել է, զբաղեցրել է որեւէ այլ տեսակի պաշտոն` ընտրովի պաշտոն, ասենք` ԱԺ պատգամավոր կամ պետական ծառայության այլ տեսակ, նորից կան հիմքեր՝ նրան վերադարձնելու հատուկ պետական ծառայության․ սա բնավ չի նշանակում, որ նրա պրոֆեսիոնալ, մասնագիտական պատրասվածությունը դրանից նվազել է: Հակառակը, շատ հաճախ այլ ծառայության մեջ գտնվելիս կամ այլ պաշտոն զբաղեցնելիս այդ անձը ձեռք է բերում լրացուցիչ որակներ, այդ թվում նաեւ` մասնագիտական, որը անտեսել չի կարելի»,- հարցի զեկուցման ժամանակ նշել է նախարարը: Հենց այս նկատառումով էլ առաջարկվել է 3 օրենսդրական ակտերում ամրագրել միատեսակ մոտեցում՝ հիմք ընդունելով ոչ թե ծառայության վերջին 3 տարիները, այլ առնվազն 3 տարվա ծառայության ստաժը:  Նախագծերի նույն այս փաթեթով եւս մեկ փոփոխություն է առաջարկվել․ 3 մարմինների միջեւ ռոտացիոն համակարգին ավելացել են նաեւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ու քրեակատարողական ծառայության մարմինները։ Նախկին նախարար Գեւորգ Դանիելյանն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հստակեցրել է, որ քրեակատարողական ծառայությունը եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը քաղաքացիական չեն համարվում, այլ հատուկ պետական ծառայություններ են՝ խիստ պայմաններով առանձնահատկություններով եւ զինվորական ծառայությանը հավասարեցված ընթացակարգերով։ Օրենքում հաջորդ փոփոխությունը կատարվել է 2016 թվականին։ Այս փոփոխությամբ թափուր պաշտոնի դեպքում ռոտացիան հնարավոր է ոչ միայն վերը նշված գերատեսչություններից, այլ նաև քննչական կոմիտեից և հատուկ քննչական ծառայությունից։ Բացի այդ, «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողներ,» բառերը փոխարինվել են «ազգային անվտանգության մարմինների պահեստազորի սպաներ» բառերով։ Օրենքի նախագծի քննարկման ժամանակ հարակից զեկուցող, այն ժամանակ ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ մշտական հանձնաժողովի  նախագահ Կորյուն Նահապետյանը նշել էր, որ վերջին տարիներին մենք ձեւավորեցինք  նոր համակարգեր, մասնավորապես, քննչական կոմիտեն, հատուկ քննչական ծառայությունը, որոնց աշխատակիցների տեղափոխման հնարավորությունը՝ ազգային անվտանգության ծառայություն, որոշ իմաստով սահմանափակվել է, քանի որ օրենքով  ուղղակիորեն նախատեսված չէ, որ  ազգային անվտանգության համակարգում թափուր պաշտոն առաջանալու դեպքում այս համակարգի աշխատակիցները կարող են տեղափոխվել ազգային անվտանգության համակարգ։ «Պետք է չմոռանանք, որ ազգային անվտանգության մարմինները նաեւ իրենց վերապահված գործերով իրականացնում են նաեւ հետաքննություն եւ նախաքննություն, եւ հնարավոր են նաեւ անցումներ՝ քննչական կոմիտեից ազգային անվտանգության  ծառայության համապատասխան քննչական մարմին, եւ ոչ միայն քննչական մարմին, նրանք կարող են տեղափոխվել այլ օպերատիվ ստորաբաժանումներ եւ իրականացնել այս մարմիններում իրենց առջեւ դրված պարտականությունները» ,- մասնավորապես ասել էր Նահապետյանը։ Նա նաև հավելել էր, որ փոփոխությունը լուծում է առաջադրված այն խնդիրը, եւ տալիս է կադրերի տեղափոխման համար լայն հնարավորություն, մեկ համակարգից մյուսը։  «Այդ իմաստով  կարծում եմ՝ ազգային անվտանգության համակարգը փորձառու կադրերով համալրելու նոր հնարավորություն ենք ընձեռում»,- զեկուցման ժամանակ նշել էր Կորյուն Նահապետյանը։ 2016 թվականին թվականի փետրվարին, սակայն, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ պետի պաշտոնին նշանակելու համար որպես միջանկյալ օղակ օգտագործվեց դատախազի տեղակալի պաշտոնը՝ 9 օրով։ Այս անգամ էլ Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ պետի տեղակալ նշանակելու համար օգտագործվեց քննչական կոմիտեի տեղակալի պաշտոնը։ Երկու դեպքում էլ գործընթացն օրենքին չի հակասում, սակայն օրենքի բուն էությունը չի պահպանվել։ Ինչպես տեսանք վերը նշված քննարկումներից՝ ազգային անվտագության մարմիններում ռոտացիոն համակարգի հնարավորություն նախատեսելու նպատակը ոչ թե նշված գերատեսչություններում բարձրագույն պաշտոնները՝ որպես միջանկյալ օղակ օգտագործելն է եղել, այլ տվյալ պաշտոնյայի՝ այդ ոլորտում փորձառություն ունենալը։ Նկարագրված դեպքերում ո՛չ Գեորգի Կուտոյանը, ո՛չ էլ Արգիշտի Քյարամյանը չունեին փորձառություն տվյալ պաշտոններին նշանակվելու համար։ Արփի Ավետիսյան
15:31 - 14 մայիսի, 2020
Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակելը քաղաքական որոշում է. Մանե Գևորգյան
 |azatutyun.am|

Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակելը քաղաքական որոշում է. Մանե Գևորգյան |azatutyun.am|

azatutyun.am: Արգիշտի Քյարամյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել է քաղաքական որոշման համաձայն, մեկնաբանելով Քյարամյանի նշանակման լուրը, տեղեկացրեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։ «Արգիշտի Քյարամյանի նշանակման վերաբերյալ ցանկանում եմ հայտնել, որ որոշումը քաղաքական է, և այն կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակում», - մասնավորապես նշեց Գևորգյանը։ Նա ընդգծեց, որ նշանակման հարցում հաշվի է առնվել Քյարամյանի գործունեությունը: «Հիմք ընդունելով Արգիշտի Քյարամյանի աշխատանքային գործունեությունը` առավել նպատակահարմար է համարվել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նրա հետագա աշխատանքը»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը։
20:25 - 05 մայիսի, 2020
Արգիշտի Քյարամյանի՝ ՔԿ նախագահի տեղակալ նշանակումը՝ իրավական սանդուղք դեպի ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոն

Արգիշտի Քյարամյանի՝ ՔԿ նախագահի տեղակալ նշանակումը՝ իրավական սանդուղք դեպի ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոն

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊՎԾ ղեկավարի տեղակալ, ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն ազատվեց պաշտոնից եւ նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում։ Արդեն այսօր Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նա ազատվեց ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Ըստ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի` ԱԱԾ պետի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում: Հիշյալ օրենքի 19-րդ հոդվածի 6․1-ին մասի համաձայն՝ մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները: Քանի որ ՊՎԾ-ն ազգային անվտանգության մարմին չէ և վերոնշյալ ցանկում ևս առկա չէ, Արգիշտի Քյարամյանը չէր կարող անմիջապես նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Հաշվի առնելով այն, որ Քննչական կոմիտեն ներառված է վերոնշյալ օրենքի 19-րդ հոդվածի 6․1 կետում թվարկված կառույցների ցանկում, ինչպես նաև այն, որ ըստ «Քննչական կոմիտեի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի՝ քննչական կոմիտեի տեղակալի պաշտոնը համարվում է բարձրագույն խմբի պաշտոն, ինչն էլ հենց ԱԱԾ պետի տեղակալ նշանակվելու պահանջներից մեկն է, Արգիշտի Քյարամյանի՝ այդ պաշտոնում նշանակումը հնարավորություն է ստեղծել նրա՝ ԱԱԾ պետի տեղակալ նշանակումն իրականացնել «օրենքի տառին» համապատասխան։ Քանի որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չէ նվազագույն պաշտոնավարման ժամկետ, հնարավոր է դարձել Արգիշտի Քյարամյանի մեկօրյա նշանակումն ու տեղափոխումը։ Միաժամանակ նշենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն, այս տարվա հունվարին մահացու հրազենային վիրավորում ստացած Գեորգի Կուտոյանը նախկինում ևս նմանատիպ ընթացակարգով էր նշանակվել ԱԱԾ տնօրենի պաշտոնին։ Գեորգի Կուտոյանի 2016 թվականի փետրվարի 3-ին նշանակվել էր գլխավոր դատախազի տեղակալ, իսկ 9 օր անց՝ փետրվարի 12-ին, նշանակվել էր ԱԱԾ պետ։  Արփի Ավետիսյան
20:05 - 05 մայիսի, 2020
Արգիշտի Քյարամյանի հայտարարագիրն ամբողջական չէ. թաքցված բնակարանի հետքերով

Արգիշտի Քյարամյանի հայտարարագիրն ամբողջական չէ. թաքցված բնակարանի հետքերով

FIP.am: Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող բնակարանը։ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն այս տարվա ապրիլին պաշտոնը ստանձնելուց հետո հայտնվեց հանրության քննարկումների կենտրոնում՝ հատկապես հայտարարագրած «աչք ծակող» դրամական միջոցների պատճառով։ Չնայած Քյարամյանի պարզաբանմանը, որ դրամական միջոցների մեծ մասը նվիրաբերել է արտասահմանում բնակվող քեռին, բազմաթիվ հարցեր՝ կապված ունեցվածքի ծագման հետ, մնում են չպարզաբանված։ Fip.am-ը, ուսումնասիրելով ներկայացրած հայտարարագիրն ու Կադաստրի պետական կոմիտեից ստացված փաստաթղթերը, պարզեց, որ ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատարի հայտարարագրում նշված տվյալներն ամբողջական չեն, և Քյարամյանը թաքցրել է իրեն պատկանող մեկ այլ գույք։ Անշարժ գույքը ամբողջությամբ լրացված չէ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2019 թ. մայիսի 8-ին պաշտոնը ստանձնելու դրությամբ ներկայացրած հայտարարագրում Արգիշտի Քյարամյանը, որպես իրեն պատկանող անշարժ գույք, նշել է երկու բնակելի տուն, չորս հողամաս, մեկ հողին ամրակայված այլ անշարժ գույք և մեկ ավտոտնակ։ Ընդհանուր՝ Քյարամյանը հայտարարագրել է ութ տարբեր տեսակի անշարժ գույք։   Սակայն ըստ Կադաստրի պետական կոմիտեից ստացված փաստաթղթերի, Արգիշտի Էլբեկի Քյարամյանի անվամբ գրանցված անշարժ գույքի քանակը ինն է։ Այդ թվում՝ մեկ բնակարան, երեք բնակելի տուն, չորս հողամաս և մեկ ավտոտնակ։ Փաստացի, Քյարամյանը չի հայտարարագրել համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մ. Մելիքյան փողոցի 16 շենքում գտնվող բնակարանը։ Քյարամյանը հերքում է Փաստերի ստուգման հարթակը հարցում ուղարկեց ՊՎԾ պետի պաշտոնակատարին, պարզելու՝ թե ինչո՞ւ վերոնշյալ անշարժ գույքը չի հայտարարագրվել։ Քյարամյանը պատասխան նամակում հայտնեց, որ նշված բնակարանը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում։ «Հիշյալ հասցեում տարիներ առաջ հաշվառված եմ եղել, ապա հանվել եմ հաշվառումից: Եթե ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից տեղեկություն եք ստացել առ այն, որ քննարկվող գույքը սեփականության իրավունքով ինձ է պատկանում, ապա խնդրում եմ կրկին ճշտեք այդ տեղեկությունը»,- գրել էր Քյարամյանը։ Կադաստրը վերահաստատում է Fip.am-ը մեկ անգամ ևս դիմեց կադաստրի կոմիտե, որպեսզի ճշտի՝ արդյո՞ք հնարավոր է, որ տրամադրված փաստաթղթում վրիպակ լինի։ Սակայն կադաստրից մեզ հավաստիացրին, որ սխալ չկա, և Քանաքեռ-Զեյթունում գտնվող բնակարանը, համատեղ սեփականության իրավունքով, գրանցված է Արգիշտի Քյարամյանի անունով։ «Մելիքյան փողոց 16 շենքի թիվ 36 բնակարանի մասով մեզ մոտ կա սեփականության վկայական, որը մեր կողմից տրվել է 2010 թ. հուլիսի 22-ին։ Այնտեղ, որպես համասեփականատեր, Արգիշտի Էլբեկի Քյարամյանն է։ Դրանից հետո միգուցե իրենք օտարում կամ նվիրատվություն են արել։ Սակայն եթե, օրինակ, իրենք նվիրատվություն անեն, ապա պետք է գնան նոտար, նվիրատվության վկայագիրը ունենան, պետք է բերեն մեզ ներկայացնեն, որ անվանափոխություն լինի։ Սակայն մեզ մոտ փոփոխություն չի գրանցվել, և նոր վկայական չկա»,- պարզաբանեց կադաստրի աշխատակիցը։ Որպես ապացույց՝ Կադաստրից տրամադրեցին նաև բնակարանի սեփականության վկայականը։ Փաստաթղթում նշվում է, որ ք. Երևան, Մ. Մելիքյան փող, 16 շենքի թիվ 36 բնակարանի սեփականատերերն են՝ Վարդանուշ Նիկոլայի Ավանեսյանը, Լարիսա Ռուբենի Գրիգորյանը, Տիգրան Ռուբենի Գրիգորյանը և Արգիշտի Էլբեկի Քյարամյանը։ Լարիսա Ռուբենի Գրիգորյանը, ըստ մամուլի հրապարակումների, Արգիշտի Քյարամյանի մայրն է։ Հատկանշական է, որ Արգիշտի Քյարամյանին պատկանող բնակելի տների ցանկում նշվում է Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի 1-ին փողոց 5-րդ նրբանցքի թիվ 2 բնակելի տունը, որտեղ, ըստ ընտրողների ռեգիստրի, գրանցված է մեկ անձ՝ Էլբեկ Երեմի Քյարամյանը, որը Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն է։ Հանրության համար այդպես էլ չպարզաբանված մնաց, թե ինչ արյունակցական կապեր ունեն Արգիշտի Էլբեկի Քյարամյանն ու Էլբեկ Երեմի Քարամյանը, որը, ըստ մամուլի, ճոխ նվիրատվություններ է արել ՊՎԾ պետի պաշտոնակատարին։ Այսպիսով, ըստ էության, Արգիշտի Քյարամյանը պաշտոնը ստանձնելու հայտարարագրում կեղծ տվյալներ է ներկայացրել իր ունեցվածքի մասին, ինչը Քրեական օրենսգրքի 314.3 հոդվածով նախատեսված հանցագործություն է (hայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը): Կարինե Կիրակոսյան Սևադա Ղազարյան
08:11 - 05 հուլիսի, 2019
Հայտարարագրումս ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասն ինձ նվիրել է Եվրոպայում բնակվող քեռիս. Արգիշտի Քյարամյանի պարզաբանումը

Հայտարարագրումս ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասն ինձ նվիրել է Եվրոպայում բնակվող քեռիս. Արգիշտի Քյարամյանի պարզաբանումը

Երեկ ՊՎԾ ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չէր ցանկացել պատասխանել այն հարցին, թե 28 տարեկանում ինչպես է 32 միլիոն դրամ և 46 հազար ԱՄՆ դոլար վաստակել։ Այսօր թեմայի շուրջ ՊՎԾ ֆեյսբուքի էջում հրապարակվել է  արդեն ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Քյարամյանի պարզաբանումը, որում ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, մեծ ակընկալիք ունեմ ճիշտ ընկալվելու:Իմ հայտարարագրի վերաբերյալ մամուլի արձագանքը հաշվի առնելով՝ պարտավորված եմ կրկին անդրադառնալ այդ հարցին:Երեկ՝ ճեպազրույցի ընթացքում, իմ կողմից ունեցվածքիս ծագումնաբանությունըբովանդակային առումով չպարզաբանելու հանգամանքը պայմանավորված է եղելմիայն նրանով, որ անկեղծ ցանկություն եմ ունեցել ընդգծել յուրաքանչյուրանձի, այդ թվում՝ պաշտոնյայի անձնական կյանքի գաղտնիության իրավունքիկարևորությունը: Սակայն հանրության կողմից սխալ չընկալվելու համար հայտնում եմ, որհայտարարագրումս ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասն ինձնվիրել է Եվրոպայում բնակվող քեռիս՝ գնում կատարելու նպատակով, սակայն հետագայում այդ գնումը նպատակահարմար չեմ համարել։ Հիշյալ գումարների մի մասն էլձևավորվել է Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքով զբաղվողմերձավոր ազգականներիս և մեր ընտանիքի այլ բարեկամների պարբերականնվիրատվություններից, ովքեր միշտ գումարային օգնություններ են տրամադրելինձ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես չեմ զբաղվում ձեռնարկատիրականգործունեությամբ: Իմ համար այս հարցին չպատասխանելու պատճառներից մեկն էլայն է եղել, որ նվիրատվությունների մի մասը ստացել եմ մինչ պետականպաշտոններ զբաղեցնելը։Հանրությունից թաքցնելու ոչինչ չունեմ, ողջ կյանքս ապրել եմ հզորհայրենիքի երազանքով, կոռուպցիայի նկատմամբ ունեմ ընդգծված ատելություն,որն անթաքույց ցուցադրել եմ ողջ կյանքիս ընթացքում: Երբևէ չեմառաջնորդվել անձնական շահով, որևէ անձնական կապ ինձ չի կարող ուղղորդել,առավել ևս բարձր դասվել Հայաստանի ու հայ ժողովրդի շահից: Ստանձնածս պատասխանատու պարտականությունները կատարելիս ակնկալում եմյուրաքանչյուրիդ աջակցությունը: Սկսած գործը պետք է հասցնել իրտրամաբանական ավարտին»։
15:22 - 26 ապրիլի, 2019
Չեմ բացառում, որ կնշանակվեմ ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար. Արգիշտի Քարամյան |tert.am|

Չեմ բացառում, որ կնշանակվեմ ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար. Արգիշտի Քարամյան |tert.am|

tert.am: Դեռևս ես չեմ ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարը: Չեմ բացառում, որ կլինեմ: Լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քարամյանը: «Բոլորիդ քաջ հայտնի է, որ ՊՎԾ-ն վարչապետին առընթեր մարմին է, հետևաբար ինչպես վարչապետը որոշի, այդպես էլ կանենք»,-ասաց Քարամյանը: Դիտարկմանը, թե, ըստ օրենսդրության, այս դեպքում ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակվել ավելի բարձր տարիք ունեցող տեղակալը, Քարամյանն ասաց, որ տեղյակ է օրենքի այդ դրույթին, սակայն եթե կա առաջարկ, օրենքն այդ պարագայում չի գործում: Հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, թե Դավիթ Սանասարյանի պաշտոնավարման ժամանակավոր կասեցումից հետո ՊՎԾ որոշ աշխատակիցներ աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել, Քարամյանն ասաց, որ չի տիրապետում նման տեղեկության։
10:14 - 25 ապրիլի, 2019