ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի հետ

Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հեռավար ձևաչափով զրուցել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի հետ։Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հետպատերազմյան շրջանում իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում սերտ համագործակցության ուղիները, Հայաստանում գտնվող արցախցիներին աջակցող սոցիալական պաշտպանության ծրագրերը, դրանց իրականացման մեխանիզմներն ու արդյունքները:Մեսրոպ Առաքելյանը ներկայացրել է առկա մարտահրավերները, նախարարության կողմից դրանց լուծմանն ուղղված քայլերը: Նախարարը կարևորել է բացի տրվող ֆինանսական աջակցություններից արդյունավետ միջավայրի և գործիքների ստեղծման անհրաժեշտությունը, որոնք արցախցիներին հնարավորություն կտան ունենալ կայուն եկամտի աղբյուր: Նա հույս է հայտնել, որ Արցախում առաջիկայում կվերականգնվի տնտեսական և սոցիալական կայունությունը ի և վստահեցրել՝ Արցախի վերաբնակեցումը կապված է ժամանակի ճիշտ և արդյունավետ կառավարման հետ:Աննա Կարին-Օստն էլ, իր հերթին, ներկայացրել է համաճարակի ընթացքում և հետպատերազմական օրերին իրենց կողմից կատարված և ընթացիկ փոխլրացնող նախաձեռնությունները, որոնց շրջանակներում հազարավոր մարդիկ ստացել են պարենային և ոչ պարենային աջակցություն:Կողմերը հույս են հայտնել, որ նախատեսվող երկարաժամկետ ծրագրերը հնարավորություն կտան ոչ միայն թեթևացնել արցախցիների դժվարությունները Հայաստանում, այլև կստեղծեն նախադրյալներ վերջիններիս՝ Արցախ վերադարձալու համար:Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը՝ տրամադրվող աջակցությունների հասցեականությունն ու նպատակայնությունը բարձրացնելու համար:
10:08 - 10 դեկտեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:  Նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ բարձր է գնահատում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության գործունեությունը: ԿԳՄՍ նախարարը փաստել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության հարուստ փորձի մասին և վստահություն հայտնել, որ իր պաշտոնավարման օրոք այդ հարաբերությունները կշարունակվեն զարգանալ. «Կան բոլոր նախադրյալները ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մեր կայացած համագործակցությունը նաև հետայսու շարունակելու և ընդլայնելու համար: Հետպատերազմյան շրջանի և կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարությունների հաղթահարման ու ներկայիս մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից մեր արդյունավետ համագործակցությունը խիստ կարևոր է»: ՀՀ-ում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել համագործակցության շարունակության պատրաստակամությունը. «ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանում մեր հիմնական գործընկերներից է: Պատրաստ ենք գործադրել հնարավոր բոլոր ջանքերը համատեղ ուժերով առկա խնդիրները լուծելու համար: Մենք վերանայում ենք մեր՝ բարեփոխումների առաջիկա 5 տարիների ծրագրերը՝ դրանք հնարավորինս համապատասխանեցնելով ՀՀ Կառավարության որդեգրած ռազմավարություններին»: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև համագործակցության շրջանակի ընդլայնմանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
19:43 - 08 դեկտեմբերի, 2020
ՄԱԿ-ն ընդունված բանաձևով Ռուսաստանին կոչ է անում հեռանալ Ղրիմից |armenpress.am|

ՄԱԿ-ն ընդունված բանաձևով Ռուսաստանին կոչ է անում հեռանալ Ղրիմից |armenpress.am|

armenpress.am: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 8-ի առավոտյան ընդունել է բանաձևեր, որոնցից մեկը վերաբերում է Ռուսաստանի և Ղրիմի իրավիճակին: ՄԱԿ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Գլխավոր ասամբլեան 63 կողմ , 17 դեմ և 62 ձեռնպահ քվեարկությամբ ընդունել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Ուկրաինայի Սևաստոպոլ քաղաքի, ինչպես նաև Սև ծովի և Ազովի ծովի մի մասի ռազմականացման խնդիրը» բանաձևը:  «Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես  օկուպացնող ուժ, անհապաղ, ամբողջովին և անվերապահորեն պետք է հեռացնի իր զինված ուժերը Ղրիմից և առանց հապաղելու դադարեցնի Ուկրաինայի տարածքի ժամանակավոր օկուպացան»,- նշված է բանաձևում։ Ուկրաինայի ներկայացուցիչը, որը ներկայացրել է բանաձևը, ասել է, որ Ռուսաստանը, օկուպացնելով Ղրիմը և այն դարձնելով հզոր ռազմական ֆորպոստ, խախտում է միջազգային իրավունքը և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը: Իր հերթին Ռուսաստանի ներկայացուցիչը մինչև բանաձևի ընդունումը նշել է դրա քաղաքականացված բնույթը: Ըստ նրա՝ երրորդ տարին է՝ Ուկրաինան իր բանաձևերով շեղում է ՄԱԿ-ին, չնայած՝ Ղրիմի ժողովուրդը ապագայի մասին իր որոշումը արդեն կայացրել է հանրաքվեի միջոցով: 
11:15 - 08 դեկտեմբերի, 2020
ՄԱԿ-ը 2021 թվականին կանխատեսում է ծանրագույն հումանիտար ճգնաժամ

 |armenpress.am|

ՄԱԿ-ը 2021 թվականին կանխատեսում է ծանրագույն հումանիտար ճգնաժամ |armenpress.am|

armenpress.am: 2021 թվականին աշխարհը կարող է կանգնել ծանրագույն հումանիտար ճգնաժամի առջև, եթե երկրները անհրաժեշտ ֆինանսավորում չտրամադրեն: Ինչպես տեղեկացնում է«ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Դևիդ Բիզլին, ով ելույթ է ունեցել COVID-19-ի դեմ պայքարին նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստում: Նա նշել է, որ վերջին չորս տարում հիմնականում զինված հակամարտությունների պատճառով սովամահության եզրին գտնվող մարդկանց թիվը 80 միլիոնից հասել է 135 միլիոնի: «Կորոնավիրուսի հետևանքների պատճառով  սովից  կարող է մահանալ 270 միլիոն մարդ»,- ասել է Բիզլին: Նրա խոսքով ՝ 2021 թվականը աղետալի կլինի՝  ելնելով առկա իրողություններից: «Քանի որ մենք ծախսել ենք 19 տրիլիոն դոլար, այդ գումարը չի կարող լինել և չի լինի, ամենայն հավանականությամբ, 2021 թվականին: Տնտեսական անկում է տեղի ունենում, և պահանջները կրկնակի ավելացել են: 2021 թվականը  կդառնա ՄԱԿ - ի հիմնադրման պահից ի վեր ամենալուրջ հումանիտար ճգնաժամի տարին»,- ընդգծել է Բիզլին: Ըստ նրա` եթե հաջողվի անհրաժեշտ միջոցներ հավաքել, ապա հնարավոր կլինի կանխել ապակայունացումը, սովն ու արտագաղթը: «Ինչպես ես ասում եմ իմ շատ ընկերներին և աշխարհի առաջնորդներին, հաջորդ տարի չենք կարողանա ֆինանսավորել ամեն ինչ: Այնպես որ, մենք պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնենք ապակայունացման, սովի և միգրացիայի խնդիրներին», - նշել է Բիզլին:
00:13 - 05 դեկտեմբերի, 2020
Ղարաբաղի պատկանելիությունը որոշված է ՄԱԿ-ի բանաձևերով, ասում է Կրեմլի խոսնակը |azatutyun.am|

Ղարաբաղի պատկանելիությունը որոշված է ՄԱԿ-ի բանաձևերով, ասում է Կրեմլի խոսնակը |azatutyun.am|

azatutyun.am: Լեռնային Ղարաբաղի պատկանելիությունը որոշված է ՄԱԿ-ի՝ բավականին վաղ ընդունված բանաձևերով, այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պատասխանելով լրագրողների հստակեցնող հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի հարցում, Վլադիմիր Պուտինի խոսնակն ասել է․ - «Այդ ամենը նշված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում։ Ռուսաստանը իր դիրքորոշումը չի փոխել, որևէ երկիր չի փոխել, և ինչպես նախագահ Պուտինն է ասել՝ Ղարաբաղը չի ճանաչվել նույնիսկ Հայաստանի կողմից»։ Լրագրողները նաև հետաքրքրվել են՝ ում հետ են ռուս խաղաղապահները համաձայնեցնում իրենց քայլերը Ղարաբաղում։ «Տեղում որևէ մեկը գլխավոր չէ, կան հակամարտող երկու կողմեր՝ Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք ռուսական կողմի հետ ստորագրել են հայտնի հայտարարությունը։ Դրա իրագործման համար ռուս զինվորականները, ինչպես նաև ռուսական մարդասիրական առաքելությունը համակարգում են իրենց գործողությունները թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի հետ», - ասել է Դմիտրի Պեսկովը։
15:11 - 04 դեկտեմբերի, 2020
Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման հնարավորությունները
 |tert.am|

Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման հնարավորությունները |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված հնարավոր քայլերի իրականացումը ռուս խաղաղապահների, Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:«Անտոնիու Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների ձեռք բերման հարցում: Զրուցակիցները դիտարկել են տարածաշրջանում հումանիտար խնդիրների կարգավորմանն աջակցելուն ուղղված ՄԱԿ-ի համակարգերի կազմակերպման հնարավորությունները՝ Ադրբեջանի, Հայաստանի և ռուս խաղաղապահների հետ համագործակցությամբ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
23:12 - 03 դեկտեմբերի, 2020
ՀՀ և ՌԴ արտգործնախարարները կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային խնդիրները |1lurer.am|

ՀՀ և ՌԴ արտգործնախարարները կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային խնդիրները |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ խոսել է ՀՀ արտգործնախարարի՝ Մոսկվա կատարելիք այցի և երկկողմ հարաբերությունների մասին: «Նախկինում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ արտգործնախարարը դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կժամանի Մոսկվա: ՌԴ արտգործնախարարությունում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկվեն միջազգային ու տարածաշրջանային հիմնախնդիրներ, երկկողմ կապերի ամբողջ համալիրը: Առանձնակի ուշադրություն կդարձվի ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացմանը՝ շեշտը դնելով մարդասիրական օգնության տրամադրմանը, ենթակառուցվածքների վերականգնմանը, տարածաշրջանում տրանսպորտային միջանցքի ապաշրջափակմանը վերաբերող հարցերին, այդ թվում՝ ՌԴ միջգերատեսչական պատվիրակության՝ Երևան և Բաքու կատարած այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համատեքստում: Նախարարները կքննարկեն մեր հարաբերություններին առնչվող թեմաների լայն շրջանակ՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ,  ՄԱԿ,  ԵԱՀԿ և այլ ձևաչափերով»,- հայտնել է Զախարովան: Մարիա Զախարովան հիշեցրել է, որ երկկողմ հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ, տարբերվում են բարձր մակարդակներով ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ, արդյունավետ միջխորհրդարանական շփումներով:   ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի հավաստմամբ՝ Ռուսաստանն ակնկալում է, որ Մոսկվայում կայանալիք առաջիկա բանակցությունները կնպաստեն հետագա երկկողմ դաշնակցային գործակցության զարգացմանն ու Անդրկովկասում անվտանգության ու կայունությանը ամրապնդմանը:
17:42 - 03 դեկտեմբերի, 2020
Լոռու մարզպետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությունը կշարունակվի նոր նախագծի շրջանակներում

Լոռու մարզպետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությունը կշարունակվի նոր նախագծի շրջանակներում

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի և զբոսաշրջության բաժնի պետ Հերմինե Գասպարյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Կամո Աշրաֆյանը տեսակապի միջոցով հանդիպում-քննարկում են ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի, ՄԱԶԾ և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ:Հանդիպման նպատակը ՄԱԶԾ կողմից եվրամիության ֆինանսավորմամբ Լոռու և Տավուշի մարզերում մեկնարկելիք «Տեղական դերակատարների զորեղացումը Լոռու և Տավուշի մարզերում հանուն զարգացման» ծրագրի քննարկումն էր: Ծրագրի նպատակը շահագրգիռ կողմերի լայն շրջանակի (տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններ, բիզնես կառույցներ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ) ներգրավվածությունն է իրենց համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում:Ծրագիրը կիրառելու է Եվրոպական միության անդամ պետություններում իրականացվող LEADER ծրագրի մոտեցումները՝ խրախուսելով համայնքների ներկայացուցիչներին զարգացման տեղական ռազմավարությունների մշակման և առաջնահերթությունների սահմանման գործընթացում օգտագործել նորարարական մեթոդներ և գործիքներ:  Մարզի ղեկավարն, իր խոսքում ողջունելով ծրագրի իրականացման նախաձեռնությունը Լոռու մարզում, կարևորել է ծրագրում առկա բաղադրիչների առավել պրակտիկ կիրառության անհրաժեշտությունը և որպես վերջնանպատակ՝ շոշափելի արդյունքների գրանցումը:Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով Լոռու մարզի կտրվածքով հետագա հարցերի համակարգումը վստահվել է Գայանե Մարկոսյանին: Նա նույնպես իր նկատառումներն է հայտնել ծրագրի վերաբերյալ:Անդրեյ Ղուկասյանը նաև ողջունել է ՄԱԶԾ կողմից Լոռու մարզում իրականացվող ծրագրերը՝ ընգծելով դրանց կարևորությունը մարզի զարգացման համար: Նա, մասնավորապես, անդրադարձել է այս տարի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ՄԱԶԾ, պետբյուջե և համայնք համատեղ ներդրմամբ «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացում» ծրագրի կարևորությանը:«Համագործակցության այս մոդելը շատ ողջունելի է: Մեծ ցանկություն կա, որ այս մոդելով կարողանանք ծրագրեր իրականացնել նաև գյուղոլորտում՝ ծրագրերն ուղղելով ոռոգման համակարգերի կառուցմանը, գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերմանը՝ նպատակ ունենալով համայնքներում ընդլայնելու մշակվող հողատարածքները: Այսօր առավել, քան երբևէ կարևորում ենք մարզում գյուղատնտեսության զարգացումը՝ ելնելով պարենային անվտանգության, բնակչության կենսամակարդակի բարձրացման և համայնքների զարգացման տեսանկյունից»,- ասել է Ղուկասյանը:Ողջունելով հնչեցված նկատառումները՝ Դ. Մարիյասինը նշել է, որ դրանք անպայման հաշվի կառնվեն և կներառվեն առաջիկա քննարկումներում:
22:59 - 02 դեկտեմբերի, 2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջին հեռախոսազրույցն Է վարել Բայդենի հետ |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջին հեռախոսազրույցն Է վարել Բայդենի հետ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը եւ ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Ջոզեֆ Բայդենն առաջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են համագործակցության ամրապնդումը Վաշինգտոնի եւ համաշխարհային կազմակերպության միջեւ: Այդ մասին ասված Է գլխավոր քարտուղարի մամուլի ծառայության՝ նոյեմբերի 30-ին տարածված հաղորդագրության մեջ: «Գլխավոր քարտուղարն ուրախ Էր հաղորդակցվելու ընտրյալ նախագահ Բայդենի հետ՝ նրան անձամբ շնորհավորելու համար: Նա ընդգծել Է սկզբունքային կարեւոր դերը, որը խաղում Է ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի միջեւ սերտ համագործակցության ամրապնդումը»,- նշված Է հաղորդագրության մեջ: Ինչպես նշել են ՄԱԿ-ում, Գուտերիշն «սպասում Է հնարավորության աշխատելու ընտրյալ նախագահի եւ նրա անձնախմբի հետ, որպեսզի գործընկերություն հաստատի կարեւոր շատ խնդիրների լուծման համար, որոնք այսօր ծառացած են աշխարհի հանդեպ, ներառյալ կորոնավիրոուսի համավարակը, կլիմայական փոփոխությունները, խաղաղության եւ անվտանգության պահապնումը, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ հումանիտար կարիքների բավարարումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:27 - 01 դեկտեմբերի, 2020
Իրանը նամակով դիմել է ՄԱԿ-ին՝ կոչ անելով դատապարտել իրանցի միջուկայնագետ-գիտնականի սպանությունը
 |tert.am|

Իրանը նամակով դիմել է ՄԱԿ-ին՝ կոչ անելով դատապարտել իրանցի միջուկայնագետ-գիտնականի սպանությունը |tert.am|

tert.am: Միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղասեմ Ղարիբ Աբադին ՄԱԿ-ին է փոխանցել Իրանի պաշտոնական նամակը՝ կոչ անելով դատապարտել ֆիզիկոս-միջուկայնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի կառավարության մամլո ծառայությանը: Նամակում մատնանշվում է նաև «այդ ահաբեկչական գործողությանն Իսրայելի մասնակցության շուրջ անհերքելի ապացույցներ ունենալու մասին»: Հիշեցնենք, որ Իրանի պաշտպանության նախարարությանը կից ուսումնասիրությունների և նորարությունների կենտրոնը ղեկավարող գիտնականին սպանել է նոյեմբերի 27-ին: Վերջինս վիրավորում է ստացել իր դեմ իրականացված հարձակման ժամանակ, որի հետևանքով ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:
23:11 - 30 նոյեմբերի, 2020
Մարքույանը ռազմագերիներին Ադրբեջանում ռազմական շքերթին ներկայացնելու լուրերի վերաբերյալ նամակ է ուղարկել միջազգային կառույցների ղեկավարներին

Մարքույանը ռազմագերիներին Ադրբեջանում ռազմական շքերթին ներկայացնելու լուրերի վերաբերյալ նամակ է ուղարկել միջազգային կառույցների ղեկավարներին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեզ են հասնում լուրեր առ այն, որ Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին։ Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ հայ ռազմագերիների վերաբերյալ հետևյալ բովանդակությամբ նամակն իմ կողմից ուղարկվել է՝- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին,- ԿԽՄԿ նախագահ Փեթեր Մաուրերին,- ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին,- ԵԽԽՎ նախագահ Ռիք Դամսին։ «Ձեզ եմ դիմում՝ ակնկալելով անհապաղ գործողություններ՝ պաշտպանելու համար Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների կոնվենցիոնալ իրավունքները։ Մասնավորապես՝ մեզ են հասնում լուրեր առ այն, որ Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին։ Այս տեղեկությունները սարսուռ են առաջացնում։ Եթե այս ենթադրությունները համապատասխանում են իրականությանը, ապա Ադրբեջանի գործողություններն անցնում են քաղաքակիրթ պետությանը վերագրելի ցանկացած թույլատրելի սահման։ Նման քայլն արգելված է «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949թ. Ժնևի կոնվենցիայով, որի 13-րդ և 14-րդ հոդվածների համաձայն՝ - Ռազմագերիները հավասարապես պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից և, մասնավորապես, բռնության կամ ահաբեկման, ամեն տեսակի ակտերից, վիրավորանքից և ամբոխի հետաքրքրասիրությունից: - Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք: Ընդ որում, նույն կոնվենցիայի ընդհանուր դրույթների ուժով՝ Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են ցանկացած հանգամանքներում պահպանել և ստիպել պահպանելու սույն կոնվենցիան (եթե կոնֆլիկտի մեջ մտնող տերություններից մեկը չի հանդիսանում սույն Կոնվենցիայի մասնակից, այնուամենայնիվ, դրա մասնակից տերություններն իրենց փոխհարաբերություններում կմնան Կոնվենցիայով կապված: Դրանից բացի, նրանք Կոնվենցիայով կապված կլինեն վերը նշված տերության վերաբերմամբ, եթե վերջինս ընդունում և կիրառում է Կոնվենցիայի դրույթները): Հայցում ենք Ձեր անհապաղ միջամտությունը՝ ապահովելու համար հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը՝ Կոնվենցիայի դրույթներին համապատասխան և թույլ չտալու Ադրբեջանի իշխանությունների կողմից հերթական պատերազմական հանցագործության իրագործումը»։  
16:37 - 26 նոյեմբերի, 2020
Արա Այվազյանն ու Անտոնիո Գուտերեշը քննարկել են Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը

Արա Այվազյանն ու Անտոնիո Գուտերեշը քննարկել են Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ ԱԳՆ-ի փոխանցմամբ` նրանք քննարկել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը և դրա հետևանքները տարածաշրջանի համար, անդրադարձել ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Արա Այվազյանը շեշտել է տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովմանը և վերջիններիս իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։ Նա Գլխավոր քարտուղար Գուտերեշին համապարփակ տեղեկություն է տրամադրել Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների և բռնության այլ դրսևորումների վերաբերյալ։ Ընդգծվել է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի խստագույն պահպանումը, Արցախի պատմամշակութային ժառանգության նկատմամբ հարգալից վերաբերմունքը:
15:33 - 26 նոյեմբերի, 2020
Պատերազմի ընթացքում և հրադադարից հետո Ադրբեջանի ԶՈՒ–ն պատմամշակութային արժեք ունեցող բազմաթիվ հուշակոթողներ է ոչնչացրել, վնասել կամ պղծել. Դատախազություն

Պատերազմի ընթացքում և հրադադարից հետո Ադրբեջանի ԶՈՒ–ն պատմամշակութային արժեք ունեցող բազմաթիվ հուշակոթողներ է ոչնչացրել, վնասել կամ պղծել. Դատախազություն

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագիրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի XXIX նստաշրջանի բանաձևով հաստատված ագրեսիվ ռազմական գործողությունների արգելքը, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ է դարձրել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը՝ ոչ ընտրովի հարձակման օբյետներ դարձնելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական, հումանիտար և մշակութային օբյեկտները: Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, այդ շրջանակներում ինչպես ռազմական ակտիվ գործողությունների ընթացքում, այնպես էլ 2020թ. նոյեմբերի 9-ին հրադադարի հաստատման մասին ՀՀ, ԱՀ և ՌԴ-ի միջև հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները կանխամտածված և նպատակային հարձակման են ենթարկել նաև հայկական պատմական հուշարձանները, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները՝ ոչնչացնելով, վնասելով կամ պղծելով դրանք: Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ  2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, պարբերաբար նպատակային հրետանային հարվածներ հասցնելով, վնասել են ԱՀ Շուշի քաղաքի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, ինչպես նաև հետագայում պղծել են եկեղեցու արտաքին և ներքին պատերը՝ դրանց վրա կատարելով տարբեր գրառումներ: Բացի այդ, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի նմանատիպ «վարքագծի» զոհ են դարձել նաև այլ պատմամշակութային հուշարձաններ, մասնավորապես՝ ԱՀ Ավետարանոց գյուղում գտնվող Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրերում տեղադրված խաչքարերը, հայ զինվորների գերեզմանոցները և նրանց հիշատակին կանգնեցված հուշաքարերը: Հրադադարի հաստատման եռակողմ վերոնշյալ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից ոչնչացվել է Շուշի քաղաքի «Կանաչ ժամ»՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթը և զանգակատունը: 2020թ. նոյեմբերի 16-ին համացանցում հայտնված տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները պղծել և վնասել են ԱՀ Մեխակավան բնակավայրի /Ջաբրահիլ/ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ կոտրելով եկեղեցու խաչը։ Նույն օրը համացանցում հայտնված լուսանկարի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը պղծել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանը՝  նստելով դրա վրա։ Նշված հանգամանքները  քննության առարկա են դարձել ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով, 387-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի շրջանակներում: Նախաքննության ընթացքում ձեռք բերված վերոնշյալ տվյալները ստուգվում են պատշաճ իրավական ընթացակարգով, ձեռնարկվում են քննչական և այլ դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական աշխատանքներ՝ նմանատիպ այլ դրսևորումների վերաբերյալ փաստերի հավաքագրման, նշված դեպքերի բոլոր հանգամանքների բացահայտման, պատմական և պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանները ոչնչացնելուն, վնասելուն, պղծելուն ուղղված գործողություններ կատարած անձանց ինքնությունը պարզելու, ռազմական հանցագործություններին բնորոշ նման արարքներին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու նպատակով: ՀՀ գլխավոր դատախազությունը նաև միջոցներ է ձեռնարկում նշված արձանագրված փաստերի վրա Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (UNESCO), ինչպես նաև մշակութային արժեքների պաշտպանությամբ և պահպանությամբ զբաղվող միջազգային այլ կառույցների ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ՝  գնահատական տալու վերոնշյալ հանցավոր դրսևորումներին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկելու Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ անցած՝ Արցախի Հանրապետության տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող այլ կառույցների, հուշարձանների, առարկաների հնարավոր ոչնչացումը և վնասումը կանխելու, դրանց պահպանության և պաշտպանության գործուն մեխանիզմներ կիրառելու ուղղությամբ:       
15:10 - 26 նոյեմբերի, 2020
ՄԱԿ-ը պատրաստ է Ռուսաստանի հետ համատեղ աշխատել Ղարաբաղում մարդասիրական օգնության ծավալը գնահատելու համար |azatutyun.am|

ՄԱԿ-ը պատրաստ է Ռուսաստանի հետ համատեղ աշխատել Ղարաբաղում մարդասիրական օգնության ծավալը գնահատելու համար |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի մասնագետները պատրաստ են Ռուսաստանի հետ համատեղ աշխատել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության ծավալը գնահատելու համար: Այդ մասին երեկ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Դյուժարիկը նաև ասել է, որ գլխավոր քարտուղարը հեռախոսով բանակցություններ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ու շեշտել երկրներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու ՄԱԿ-ի պատրաստակամությունը: «Հուսով ենք, որ ռազմական գործողությունների դադարեցումը կապահովի հումանիտար աշխատողների հասանելիությունը բոլոր կարիքավոր մարդկանց հակամարտությունից տուժած բոլոր տարածաշրջաններում», - հավելել է Անտոնիո Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչը:
10:07 - 24 նոյեմբերի, 2020