ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Հոգեբուժարաններից մինչև ՔԿՀ-ներում տույժերի և խրախուսանքի խնդիրներ․ ՄԻՊ-ին առընթեր խորհրդի նիստում

Հոգեբուժարաններից մինչև ՔԿՀ-ներում տույժերի և խրախուսանքի խնդիրներ․ ՄԻՊ-ին առընթեր խորհրդի նիստում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի նիստը: Նիստին, խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաև Կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Փաստաբանների պալատի անդամներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, նիստում քննարկվել են ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող արդիական խնդիրներ, որոնք վեր են հանվել Պաշտպանի աշխատակազմ ստացված բողոքների, ահազանգերի և 2020 թվականի ընթացքում իրականացված մշտադիտարկման այցերի ընթացքում: «Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել Հայաստանի Հանրապետությունում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին, փակ հաստատություններում նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանը, անգործունակ անձանց իրավունքների ապահովմանը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում տույժերի և խրախուսանքի միջոցների կիրառմանն առնչվող հարցերը: Ներկայացվել են համակարգային այս խնդիրների լուծման ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ձեռնարկած քայլերն ու մոտեցումները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ նիստի ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել նաև Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի անդամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերին, համատեղ քննարկվել են դրանց լուծման հնարավոր ուղիները: ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից հայտնում են, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորման գործում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ոչ միայն քաղաքացիական հասարակության, այլև իրավասու պետական մարմինների և կազմակերպությունների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:  
19:12 - 03 մայիսի, 2021
ՍԴ-ն արձանագրել է՝ դատարաններում ողջամիտ ժամկետում գործի քննությունն ապահովող արդյունավետ ընթացակարգեր են պետք

ՍԴ-ն արձանագրել է՝ դատարաններում ողջամիտ ժամկետում գործի քննությունն ապահովող արդյունավետ ընթացակարգեր են պետք

Դատական նիստերն անհիմն ձգձգվում են, գործերը քննվում են տարիներով. այս հիմնարար խնդրով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա 2021թ. մարտի 16-ի ՍԴՈ-1585 որոշմամբ արձանագրել է, որ Ազգային ժողովը պետք է նախատեսի դատարաններում ողջամիտ ժամկետում գործի քննությունն ապահովող արդյունավետ ընթացակարգեր։ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վիճարկվող դրույթը վերաբերում էր «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածին, որով միայն սահմանվել են դատարանում գործի քննության տևողության ողջամտությունը որոշելիս հաշվի առնվող հանգամանքները: Պաշտպանի դիրքորոշմամբ՝ հոդվածով ամրագրված չէ ողջամիտ ժամկետում գործի դատական քննության խախտված իրավունքի վերականգնման օրենսդրական հնարավորությունը: Ստացվում է, որ օրենսդրական գործող կարգավորումների պայմաններում դատարանում գործի քննությունը կարող է տարիներով ձգձգվել և անհետևանք մնալ դատարանի համար։ Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացրել էր Պաշտպանին ուղղված բողոքների ամփոփում, որոնք վերաբերում էին ողջամիտ ժամկետում գործի քննությանը դատարաններում, և Պաշտպանը հրապարակել էր նաև արտահերթ զեկույց խնդրի վերաբերյալ: Արտահերթ զեկույցը վեր էր հանել լրջագույն խնդիրներ: Օրինակ` մի դեպքում քրեական գործի առնչությամբ ամբաստանյալը տեղեկացրել է, որ դատական նիստերը շարունակ անհիմն հետաձգվում են, ընդհանուր առմամբ շուրջ 50 դատական նիստ չի կայացվել: Մեկ այլ դեպքում դատարանում գործը քննվում է 8 տարուց ավելի, և տվյալ գործով վերջնական դատական ակտ դեռևս չի կայացվել: Մեկ այլ բողոքի համաձայն՝ դատական նիստերը նշանակվում են 2-3 կամ 3-6 ամիսը մեկ անգամ հաճախականությամբ, իսկ նշանակված նիստերն էլ, ըստ բողոք ներկայացրած անձանց, անհիմն հետաձգվում են (եղել է դեպք, երբ միմյանց հաջորդող 5 նիստեր հետաձգվել են) և այլն: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ պետությունն ինքը պետք է կազմակերպի իր իրավական համակարգն այնպես, որ դատարանները կարողանան երաշխավորել, որպեսզի յուրաքանչյուր ոք ողջամիտ ժամկետում ձեռք բերի իր իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ վեճերի մասին վերջնական որոշում: Նշված պահանջը կատարելու համար պետությունը կարող է նախատեսել տարբեր մեխանիզմներ՝ դատավորների թվաքանակի ավելացում, գործի քննության որոշակի ժամկետի առավելագույն շեմի սահմանում կամ այլ միջոցներ, որոնք հենց պետությունն էլ իրավասու է ընտրել: Սակայն եթե պետությունը թույլ է տալիս, որ գործի քննությունը դուրս գա արդար դատաքննության իրավունքի պահանջներով նախատեսված ողջամիտ ժամկետի սահմաններից՝ առանց որևէ քայլ ձեռնարկելու վերը նշված մեխանիզմները զարգացնելու համար, ապա վերջնարդյունքի հետաձգման համար պատասխանատու է հենց պետությունը: Նույնիսկ եթե առաջնորդվենք այն սկզբունքով, որ ողջամիտ ժամկետի վրա ազդող ընթացակարգերի ապահովումը կախված է վարույթի կողմերից, նրանց վերաբերմունքը և վարքագիծը չի ազատում դատարանին գործը ողջամիտ ժամկետում քննելու պարտականությունից: Դա է պահանջում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը և, հետևաբար, նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Հետևաբար, դատական քննությանը մասնակցող մարդու իրավունքների տեսանկյունից դատարանների գերծանրաբեռնվածությունը չի կարող արդարացնել վարույթի երկար տևողությունն ու ողջամիտ ժամկետի պահանջի խախտումը: Ցանկացած մարդ պետք է ունենա այդ իրավունքի վերականգնման արդյունավետ միջոցներ, իսկ պետությունը պարտավոր է ստեղծել դրա համար բոլոր անհրաժեշտ իրավական պայմանները: Այսպիսով, նշված որոշման պատճառաբանական մասում Սահմանադրական դատարանը Ազգային ժողովի ուշադրությունն է հրավիրել գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի կենսագործման ընդհանուր խնդրի վրա՝ հանձնարարելով նախատեսել գործի քննության ողջամիտ ժամկետի խախտման հետևանքով արդար դատաքննության իրավունքի բուն էության խաթարումը կանխող անհրաժեշտ և բավարար երաշխիքներ: Որոշման եզրափակիչ մասում Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՀՀ դատական օրենսգրքի վիճարկվող դրույթներն ինքնին համարել է Սահմանադրությանը համապատասխանող:
10:08 - 03 մայիսի, 2021
Ադրբեջանի նախագահի պարբերական դարձած նման հայտարարությունները պետք է արժանանան անհրաժեշտ արձագանքի. ՄԻՊ

Ադրբեջանի նախագահի պարբերական դարձած նման հայտարարությունները պետք է արժանանան անհրաժեշտ արձագանքի. ՄԻՊ

Ադրբեջանի նախագահի պարբերական դարձած նման հայտարարությունները, որ վերաբերում են Հայաստանի ինքնիշխան Հանրապետությանը և պատմական փաստերի բացահայտ աղավաղում են, խաթարում են խաղաղության և անվտանգության հեռանկարները տարածաշրջանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը`անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին: «Ադրբեջանի նախագահը 2021թ. ապրիլի 27-ին հայտարարել է. «Աշխարհագրական առումով Զանգելանը Արևելյան Զանգեզուրի մաս է կազմում և գտնվում է Արևելյան Զանգեզուրում։ Արևմտյան Զանգեզուրը [նկատի ունի ՀՀ Սյունիքի մարզը] ևս մեր պատմական հողն է և այդ տարածքով անցնելու է Զանգեզուրի միջանցքը»: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պարտադիր է համարում Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունները դիտարկել հայատյացության ադրբեջանական շարունակվող քաղաքականության, կյանքի ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության ու այլ իրավունքների կոպիտ խախտումների, այն վայրագությունների լույսի ներքո, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ու դրանից հետո:  Ակնհայտ է, որ այս հայտարարությունները լարվածություն են առաջացնում հայաստանյան հասարակությունում, խաթարում են խաղաղ բնակչության բնականոն կյանքն ու հոգեկան անդորրը, նպատակ ունեն ահաբեկել մարդկանց, հատկապես` սահմանային բնակավայրերում: Այս արձանագրումները բխում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված քաղաքացիների ահազանգերից ու դիմումներից: Ադրբեջանի նախագահի պարբերական դարձած նման հայտարարությունները, որ վերաբերում են Հայաստանի ինքնիշխան Հանրապետությանը և պատմական փաստերի բացահայտ աղավաղում են, խաթարում են խաղաղության և անվտանգության հեռանկարները տարածաշրջանում: Դրանք պետք է արժանանան անհրաժեշտ արձագանքի, որպեսզի կանխվեն, և առաջ չգան մարդու իրավունքների համար ավելի ծանր հետևանքներ»: 
09:24 - 03 մայիսի, 2021
ՀՀ որևէ իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ ատելության, ֆաշիզմի քաղաքականություն չի վարել ու չի վարում․ ՄԻՊ

ՀՀ որևէ իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ ատելության, ֆաշիզմի քաղաքականություն չի վարել ու չի վարում․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի ելույթներին և վարվող քաղաքականությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազրույցին: «Մեջբերումներ Ադրբեջանի նախագահի 2021 թվականի ապրիլի 20-ի հարցազրույցից: «(…) անիծյալ թշնամին այս հողերում ամեն ինչ, բոլոր շենքերը ավերել է։ Հայկական բարբարոսությունը (…) չտեսնված բարբարոսություն է։ Համաշխարհային պատմության մեջ շատ պատերազմներ են եղել, բայց այս աստիճան դաժանություն, թշնամանք, ըստ իս, համաշխարհային պատերազմների պատմության մեջ չի եղել։ Նույնիսկ եթե համեմատենք Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, այն ժամանակ այսպիսի վայրագություն չէր կատարվում, կրոնական հուշարձանները չէին ավերվում։ Այս ամենը մենք շատ լավ գիտենք։ Հայկական ֆաշիզմը բոլոր երկրներում եղած ֆաշիզմի տեսակներից ամենազզվելի, ամենադաժան ֆաշիզմն է։ Հայկական ֆաշիզմը ոչնչացվել է, և այն ոչնչացնողը եղել է Ադրբեջանի ժողովուրդը։ Այսօր երբ Հայաստանում գլուխ են բարձրացնում որոշ ռևանշիստ ուժեր, պետք է իմանան, որ ցանկացած պահի, երբ պետք լինի իրենց գլուխը ճզմվելու է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ հայկական ֆաշիզմը կրկին գլուխ բարձրացնի։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը իր բանակը կրկին բերի-հասցնի այնպիսի վիճակի, որ վերջինս մեր համար որևէ սպառնալիք ներկայացնի։ Եթե մենք հնարավոր սպառնալիք նկատենք, դարձյալ ոչնչացնելու ենք։ Մենք բնականաբար երբեք չենք մոռանալու հայկական բարբարոսությունը։ Ռազմական ավարի պուրակը, որն այսօր Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացրել, մի հիմնական նպատակ ունի՝ Ադրբեջանի ժողովուրդը հայկական բարբարոսությունը երբեք չպետք է մոռանա։ Մենք դա երբեք չպետք է մոռանանք։ Մենք դա երբեք չենք մոռանալու։ Սա թող բոլորն իմանան»։ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազույցով արմատավորվում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող սովորական մարդիկ, ողջ հայ ժողովուրդը բարբարոս են, ֆաշիստներ են, զզվելի են ու վայրագություններ կատարող են: Սա այն հարցազրույցն է, որով նա Հայաստանի ողջ բնակչության մասին խոսել է ուժի, պատերազմի բացահայտ սպառնալիքներով: Փոխարենը՝ նա իր ելույթներում մշտապես համեմատությամբ ի ցույց է դնում Ադրբեջանի ժողովրդի առավելությունները, նրանց համարում դասով, բարոյականությամբ ու հոգեբանությանբ առավել բարձր: Այս ամենն իրականացնում է ի հաշիվ պատմական փաստերի բացահայտ աղավաղման: Այս գիծը հատկապես ուժգնացել է վերջերս: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի այս ելույթներին և վարվող քաղաքականությանը: Ակնհայտ է, որ խոսքը պետական մակարդակով հայատյացության ու թշնամանքի քարոզի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականություն մասին է Հայաստանի ու Արցախի բնակչության, Հայ ժողովրդի նկատմամբ: Հենց այս ելույթներն ու քաղաքականությունն են ադրբեջանական վայրագությունների ու դաժանությունների պատճառը, խոշտանգումների հիմքերը: Դրանք սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքերը: Հակառակ նշված ելույթների՝ ՀՀ որևէ ժամանակաշրջանի իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի, Ադրբեջանում ապրող սովորական մարդկանց նկատմամբ ատելության կամ թշնամանքի, ֆաշիզմի քաղաքականություն չեն վարել ու չի վարում»,- գրել է ՀՀ ՄԻՊ-ը:
10:40 - 02 մայիսի, 2021
Սոցցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով ՄԻՊ-ը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Սոցցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով ՄԻՊ-ը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով սոցիալական ցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով: Այս մասին գրառում է կատարել Պաշտպան Արման Թաթոյանը՝ մանրամասնելով․   «Խոսքն այն պաշտոնյաների մասին է, որոնք`   1)սոցիալական ցանցերում հրապարակային հայհոյանքներ կամ այլ վիրավորանք են գրում կամ անում են գրառումներ, որոնք բռնությունն արդարացնող են կամ խրախուսող.   2) չեն հեռացնում իրենց էջերի հրապարակումների ներքո ծավալվող նշված բովանդակությամբ գրառումները.   3) հավանումներով (առնվազն Like) աջակցում են նման գրառումները կամ հրապարակայնորեն կիսվում են դրանցով.   4)արդարացնում են (այդ թվում` հրապարակայնորեն) իրենց ենթակաների հայհոյանքներ կամ այլ վիրավորանք կամ բռնությունն արդարացնող կամ խրախուսող գրառումները` պատճառաբանելով, թե կարևորն իրենք գոհ են նրանց աշխատանքային պարտականությունների կատարումից կամ էլ, թե դրանով զբաղվելն իրենց գործառույթը չէ:   Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ուղարկվել նաև կոնկրետ պաշտոնյաների արարքների օրինակներ:   Սոցիալական ցանցերում լարվածությունը վտանգավոր չափերի է՝ հատկապես հաշվի առնելով պատերազմին հաջորդած էմոցիոնալ լարվածությունը: Ակնհայտ է, որ նման իրավիճակում պետության ուղիղ պարտավորությունն է այս ամենը կանխելը, համերաշխության ու խաղաղության մթնոլորտ երաշխավորելը: Իսկ նշված պաշտոնյաներն իրենց պահվածքով խոչընդոտում են պետության այդ խնդրի լուծմանը, միայն նպաստում են լարվածության ավելացմանը, նրանց անօրինական պահվածքի պատճառով ավելանում է ագրեսիվությունը հասարակությունում:   Սրան էլ ավելանում է այն, որ նրանց գրառումները տեղադրվում են սոցիալական ցանցերի մեծաքանակ հետևորդներ ունեցող լրատվական կամ այլ բնույթի էջերում, որի պատճառով նշված գրառումները ստանում են առավել լայն տարածում ու վտանգավոր ազդեցություն ունենում լարվածության մթնոլորտի վրա:   Դա էլ իր հերթին վտանգավոր է, քանի որ իրական կյանք տեղափոխվելով՝ կարող է հանգեցնել բռնության դեպքերի:   Այս հաղորդումները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ուղարկելը պայմանավորված է հատկապես նրանով, որ խոսքը պաշտոնյաների կողմից քաղաքացիների իրավունքները խախտող, երկրում մարդու իրավունքների համակարգը խարխլող արարքների մասին է:   Նման անօրինական վարքի տեր պաշտոնյաներն իրենց պահվածքով վնասում են մեր պետության մարմինների հեղինակությունը:   Այս հարցերով վերջերս դիմել էի նաև ՀՀ իրավապահ մարմիններին` Դատախազություն, Ազգային անվտանգության ծառայություն և Ոստիկանություն, այդ թվում` կապված հանցագործությունների դեմ պայքարի, դրանց կանխման ու նախականխման նրանց կարևոր գործառույթների հետ:   Պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում, հանրային իշխանության ոլորտում պաշտոն զբաղեցող անձինք պետք է իրենց պահվածքով օրինակ լինեն համերաշխության համար, իրենք են առաջնահերթ պարտավոր բացառել մարդու արժանապատվությունը վիրավորող, բռնության հետ առնչություն ունեցող ցանկացած տեսակի խոսք, առավել ևս այդ արատավոր երևույթների արդարացում կամ խրախուսում»:
13:20 - 01 մայիսի, 2021
Ադրբեջանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը և գերիների խնդիրն իրավականից դարձնել քաղաքական. ՄԻՊ |tert.am|

Ադրբեջանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը և գերիների խնդիրն իրավականից դարձնել քաղաքական. ՄԻՊ |tert.am|

tert.am: Մենք ունենք Սյունիքում դեպքեր, երբ մարդը իր կադաստրային վկայականը ձեռքին կա՛մ հողատարածքից չի կարողանում օգտվել, կա՛մ տունն է բաժանվել երկու մասի, հիմա այդ մարդն ինչ մեղք ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով սահմանային խնդիրներին: Նա նշեց, որ ԵԱՀԿ-ն ուղեցույցներ ունի, որոնք կադրային փաստաթղթերը դնում են այս հիմքի վրա, իսկ  Ադրբեջանը շարունակում է ցեղասպան քաղաքականության սպառնալիքները: «Ադրբեջանի իշխանությունները փորձում են աշխարհում կարծրատիպ ձևավորել, թե իբր ամեն ինչ նորմալ է և գնում են խաղաղության և դրանով փորձում են ծածկել խախտումները»,-ասաց նա: Արման Թաթոյանը նկատեց, որ Հայաստանի ոչ մի իշխանություն Ադրբեջանի ժողովորդի, սովորական մարդկանց նկատմամբ ատելություն երբեք չի տարածել, մինչդեռ Ադրբեջանում հակառակն է տեղի ունենում: Անդրադառնալով գերիների հարցին՝ Արման Թաթոյանն ասաց, որ Ադրբեջանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը և այս խնդիրն իրավականից դարձնել քաղաքական: «Մենք պետք է միջազգային հանրությանը ասենք, որ այս հակամարտությունը չի ավարտվել և ցանկացած իրենց մոտ գնվող մարդ ռազմագերի է»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը մանիպուլատիվ հայտարարություններ է անում: Նա նշեց, որ ռազմագերու նկատմամբ չի կարելի քրեական գործ հարուցել, կալանավորեն, սակայն նրանք այս ամենն անում են: «Իրենք հատուկ են անում, որ մեր հասարակությունում վիճակը լարված պահեն, քանի որ գերիների հարցը տարբեր շահարկումներ տեղիք է տալիս, տառապանքներ է պատճառում ընտանիքներին»,-ասաց նա:
14:26 - 30 ապրիլի, 2021
Եթե անգամ եռակողմ հայտարարության 8-րդ կետը չլիներ, Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել գերիներին. ՄԻՊ |armenpress.am|

Եթե անգամ եռակողմ հայտարարության 8-րդ կետը չլիներ, Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել գերիներին. ՄԻՊ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ադրբեջանին հիշեցնում է միջազգային պահանջը. եթե անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը չլիներ, միևնույն է, Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել հայ ռազմագերիներին: Թաթոյանն այս մասին սաց Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: ՄԻՊ-ը նկատեց, որ Ադրբեջանը սկզբում գերիներին փորձեց ներկայացնել որպես ահաբեկիչներ: «Հետո փոխեցին քաղաքականությունը և հիմա ասում են, թե ընդհանրապես չունեն ահաբեկիչ: Սա միջազգային սկզբունքներին ակնհայտ հակասող դիրքորոշում է: Թեև նոյեմբերի 9-ից առաջ, թե հետո, թե պատերազմից առաջ ու հետո, մենք ունենք բաց, ընթացող ռազմական կոնֆլիկտ, այս կոնֆլիկտը չի ավարտվել: Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ ցանկացած մարդ, որը գերության մեջ է հայտնված այդ ժամանակաշրջանում, գերու կարգավիճակ ունի: Հետևաբար, հատկապես Ժնևի 3-րդ կոնվենցիայով արգելվում է որևէ տեսակի հետապնդում այդ մարդու նկատմամբ, ավելին՝ սա պատերազմական հանցագործության հանգեցնող քաղաքականություն է անգամ»,- ասաց Թաթոյանը: Նա նկատեց, երբ Ադրբեջանն անընդհատ հղում է անում նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետին՝ ասելով, թե կատարում են, այնպես չէ, որ դա իրենց լավությունն է կամ բարի կամքի դրսևորումը, դա իրենց պարտավորությունն է: «Եթե անգամ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ կետը չլիներ, ի՞նչ է, պետք է մեր գերիներին չվերադարձնեի՞ն: Դա միջազգային պահանջ է՝ անգամ, եթե կոնկրետ հակամարտությանը վերաբերող փաստաթղթում չկա այս կետը, նրանք պարտավոր են դա կատարել»,- ընդգծեց Թաթոյանը: ՄԻՊ-ի կարծիքով՝ միջազգային հանրությունը հիմա այդ առումով ճնշումներն ավելի է ուժեղացնում: «Քանի որ մենք կարողանում ենք համատեղ ուժերով ցույց տալ, որ այստեղ բոլորովին այլ խնդրի մասին է խոսքը»,- ասաց նա: Թաթոյանը նկատեց, որ Ադրբեջանն այդ առումով նաև քաղաքականացնում է խնդիրը՝ հոգեկան տառապանքներ պատճառելու նպատակով հատկապես գերիների և անհայտ կորածների ընտանիքի անդամներին:
13:33 - 30 ապրիլի, 2021
Պետությունը կարող էր կանխատեսել ինֆորմացիոն շոկը, ոչ ոք չէր սպասում այդ հայտարարությունը, ես ճիշտ եմ արել, որ պետությանն եմ այդ առումով քննադատել. Արման Թաթոյանը՝ նոյեմբերի 9-ի իր հայտարարության մասին |tert.am|

Պետությունը կարող էր կանխատեսել ինֆորմացիոն շոկը, ոչ ոք չէր սպասում այդ հայտարարությունը, ես ճիշտ եմ արել, որ պետությանն եմ այդ առումով քննադատել. Արման Թաթոյանը՝ նոյեմբերի 9-ի իր հայտարարության մասին |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը հարց ուղղեց, թե նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված ՄԻՊ-ի հայտարարությունն ինչ ուղերձ էր տալիս քաղաքացիներին:«Այդ պահին բոլորիս հայացքն ուղղված էր առաջնագիծ, և քաղաքացիների անվտանգության և իրավունքների պաշպանության գլխավոր վայրը առաջնագիծն էր և այդ պահին բոլոր ռեսուրսները թիկունքից ուղղվում էին առաջնագիծ: Երբ դու պետությանը, որը հարձակման է ենթարկվել քաղաքացիների կողմից, դուք մեղադրում եք պետությանը, դա շատ նման է միջազգային հանրության որոշ դերակատարների հայտարարություններին, երբ կողմերին կոչ են անում պահպանել հրադադարը, այնինչ կողմերից մեկն է խախտել: Արդյո՞ք սա նշանակում է, որ քաղաքացիները միշտ կարող են, օրինակ, ահաբեկչական ակտեր անել և ասել, որ պետությունը լավ չի կանխել իմ ահաբեկչական ակտը»,-ասաց պատգամավորը:Արման Թաթոյանը նշեց, որ նոյեմբերի 9-ին, երբ հայտարարվեց եռակողմ հայտարարության մասին,  դրան հետևող իրադարձությունների առումով ՄԻՊ–ը դատապարտել է բռնությունը: Նա շեշտեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի խնդիրը պետության վերահսկումն է:«Այո՛, պետությունը կարող էր կանխատեսել ինֆորմացիոն շոկը, ոչ մեկ չէր սպասում այդ հայտարարությունը, և պետությունը պարտավոր էր կանխատեսել: Պետությունը իրավունք չունի արդարանալ այն իրավիճակով, որ ռեսուսրների սահմանափակ լինելու պատճառով վերուղղել է այս ուղղությամբ և ես ճիշտ եմ արել, որ պետությանն եմ այդ առումով քննադատել, քանի որ պետությունը պարտավոր էր կանխատեսել»,-հավելեց նա:
13:24 - 30 ապրիլի, 2021
Թշնամանքի ևս մեկ օջախ. ՄԻՊ-ն ուսումնասիրել է «պուրակի» ազդեցությունը Ադրբեջանի հասարակությունում |armenpress.am|

Թշնամանքի ևս մեկ օջախ. ՄԻՊ-ն ուսումնասիրել է «պուրակի» ազդեցությունը Ադրբեջանի հասարակությունում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նոր զեկույց կհրապարակի, որում ապացույցներով վեր է հանվում, որ Բաքվում բացված «պուրակը» Ադրբեջանի՝ հայերի նկատմամբ ատելության քաղաքականության վառ դրսևորում է և թշնամանքի լրացուցիչ օջախ: Նման համոզմունք հայտնեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման ներկայացմանը: Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության, թշնամաքնի քաղաքականությունը ներկայումս նույնպես շարունակվում է: Դրա վառ դրսևորումը ՄԻՊ-ը համարում է Բաքվում բացված «պուրակը»: ՄԻՊ-ը լրացուցիչ արտահերթ զեկույց է մշակել, որը կհրապարակվի 1-2 օրվա ընթաքում: «Ուսումնասիրել ենք այդ «պուրակի» ազդեցությունը ադրբեջանական հասարակությունում: Ապացույցներով վեր ենք հանել, ցույց ենք տալիս, որ դա ատելության, թշնամանքի լրացուցիչ օջախ է, և դա արվում է մտադրված՝ նաև տառապանքներ պատճառելու հայ հասարակությանը»,-նշեց Թաթոյանն ու հիշեցրեց, որ Ադրբեջանում կան էթնիկ պատկանելիությամբ սպանություններ, դաժանություններ, ինչն ապացուցված, հաստատված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով: Նա բացատրեց, թե ինչու է նշում, որ Ադրբեջանի այդ քաղաքականությունը ֆաշիզմի հասնող է: Ադրբեջանի նախագահը իր՝ հատկապես ապրիլի 12-ի և 13-ի ելույթներում արձանագրել է, իր կարծիքով, ադրբեջանական ժողովրդի առավելությունները՝ հայ ժողովրդի նկատմամբ՝ դա անելով արժանապատվությունը նվաստացնելու հաշվին: «Դա ենթադրում է, որ ազգային պատկանելիության հիմքով մարդը վատն է»,-նշեց ՄԻՊ-ը: ՄԻՊ-ը ուսումնասիրել է նաև թուրքական աղբյուրները և նկատել, որ նույն ատելությունը նույնությամբ տարածվում է նաև թուրքական աղբյուրներով:
13:00 - 30 ապրիլի, 2021
ՀՀ ՄԻՊ-ը Քերոլայն Քոքսին ներկայացրել է Բաքվի պատերազմական հանցագործություններն ու գերիների վերադարձի հրատապությունը

ՀՀ ՄԻՊ-ը Քերոլայն Քոքսին ներկայացրել է Բաքվի պատերազմական հանցագործություններն ու գերիների վերադարձի հրատապությունը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 27-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Պաշտպանը շնորհակալություն է հայտնել բարոնուհուն Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ բրիտանական կառավարության ներկայացուցչի առջև հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող անմարդկային վերաբերմունքի և պատերազմի ընթացքում օգտագործված արգելված զինատեսակների հարցը բարձրացնելու համար:   «Արման Թաթոյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ապացույցներ, թե ինչպես է հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից: Արման Թաթոյանը նշել է, որ Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակը» պետական հովանավորչությամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ Պաշտպանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկենները հատուկ ներկայացված են նվաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների համար: Արման Թաթոյանը անդրադարձել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»: Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի: Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում: ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից նաև հայտնում են, որ բարոնուհի Քերոլայն Քոքսը բարձր է գնահատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցության ուղղությունները:
21:25 - 27 ապրիլի, 2021
Արման Թաթոյանը ներկայացրել է Եվրոպայում առաջատարներից համարվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության փորձը ԵԽ չափանիշների իրագործման հարցում

Արման Թաթոյանը ներկայացրել է Եվրոպայում առաջատարներից համարվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության փորձը ԵԽ չափանիշների իրագործման հարցում

Ապրիլի 26-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ զեկույցով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ, բազմակողմանի և անկախ ազգային հաստատությունների զարգացման և ուժեղացման» վերաբերյալ հանձնարարականի քննարկմանն ուղղված բարձրաստիճան հանդիպմանը: Հանդիպմանը, որը կազմակերպվել է Եխ-ում Գերմանիայի նախագահությամբ և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) կողմից, մասնակցել են եվրոպական Մարդու իրավունքների ազգային հաստատությունների և Եվրոպայի խորհրդի մարմինների ղեկավարները, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտո Սպանոն, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, Վենետիկի հանձնաժողովի և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի ներկայացուցիչները: Հանդիպման նպատակն է ուսումնասիրել Մարդու իրավունքների ազգային հաստատությունների հետ համագործակցության և օժանդակության համատեքստում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության ուղիները, ուժեղացնել Մարդու իրավունքների ազգային հաստատությունների և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) դերը մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության խթանման և պաշտպանության ոլորտներում: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է, որ հաստատությունը երրորդ կողմ է ներգրավվել ՄԻԵԴ-ում ներկայացված Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով, որը բացառիկ պրակտիկա է և ներկայացվում է տարբեր երկրներում որպես միջազգային լավագույն փորձի օրինակ: Արման Թաթոյանը խոսել է նաև այն մասին, որ Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը դիրքորոշումներ (Rule 9 submission) է ներկայացնում Հայաստանին վերաբերող գործերով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե վճիռների կատարման վերաբերյալ՝ համագործակցելով նաև քաղաքացիական հասարակության գործընկերների հետ: Հանդիպման շրջանակներում քննարկվել են ԵԽ Հանձնարարականի կիրառման առանձնահատկությունները, մասնավորապես՝ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախ, արդյունավետ և բազմակողմանի աշխատանքի արդի մարտահրավերները:
11:53 - 27 ապրիլի, 2021
Թաթոյանն ահազանգում է՝ ադրբեջանցիները հրազենի բացահայտ ցուցադրումով սպառնացել են Արավուսի հովիվին

Թաթոյանն ահազանգում է՝ ադրբեջանցիները հրազենի բացահայտ ցուցադրումով սպառնացել են Արավուսի հովիվին

Արավուսի հովիվին ադրբեջանցի զինծառայողների կողմից քաշքշելու և հարվածելու հանցավոր ոտնձգությունը հաստատում է Սյունիքի շուրջ անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը, այսօր հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Պաշտպանը հայտնում է, որ աշխատակազմ ահազանգ է ներկայացրել հովիվը և տեղեկացրել, որ ապրիլի 18-ին իր տանից շուրջ 500 մետր հեռավորության արոտավայրում արածեցրել է 14 խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ: Ժամը 17-18-ի սահմաններում, երբ հովիվը գտնվել է ադրբեջանական զբաղեցրած դիրքից շուրջ 50 մետր հեռավորության վրա դեպի Արավուս գյուղն ընկած տարածքը, իրեն են մոտեցել ադրբեջանցի 3 զինված ծառայողներ: Ըստ հովիվի՝ ադրբեջանական զինծառայողները սկզբում զենքի ցուցադրումով սպառնացել են իրեն, իսկ այնուհետև՝ նրանցից երկուսը քաշքշել են իրեն ու փորձել հարկադրաբար տեղափոխել ադրբեջանական զբաղեցրած դիրքի ուղղությամբ՝ դեպի խրամատը: Այդ ողջ ընթացքում ադրբեջանցի զինվորականներն անընդհատ հայհոյել ու սպառնացել են հովիվին: Այնուհետև, երբ տեսել են, որ հովիվին օգնության են շտապում Հայաստանի զինված ուժերի ծառայողներ, ադրբեջանցի զինվորականներից երրորդը հարվածել է հովիվի աչքին՝ առաջացնելով կապտուկ ու անմիջապես հեռացել են դեպի իրենց զբաղեցրած դիրքը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքների ընթացքում պարզվել է նաև, որ ադրբեջանցի զինվորականները Արավուս գյուղի նույն հովիվին նշված վայրում գոռգոռոցներով հայհոյանքներ են հնչեցրել նաև ապրիլի 20-ին՝ ժամը 19-ի սահմաններում և տվել սպառնալիքներ հրազենի բացահայտ ցուցադրումով: Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև միջադեպի վերաբերյալ Արավուս գյուղի ղեկավարի ահազանգը լրատվամիջոցներում: Արավուս գյուղի ղեկավարը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է, որ գյուղի մի շարք բնակիչների տներ ադրբեջանական դիրքերից նույնիսկ 500 մետրից էլ քիչ հեռավորության վրա են (օրինակ՝ 100 կամ 200 մետր): Այս փաստն արձանագրել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրություններն այդ վայրում: Թաթոյանն արձանագրում է, որ ադրբեջանցի զինծառայողների իրականացրածը հանցավոր ոտնձգություն է Հայաստանի սահմանային բնակչի նկատմամբ: «Տեղի ունեցածն ակնհայտորեն հաստատում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված իրավունքների կոպիտ խախտումները: Խոսքը վերաբերում է մարդկանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության այլ իրավունքների մասին, իսկ կյանքի իրավունքի դեպքում՝ խախտման իրական վտանգի մասին», - ասում է Թաթոյանն՝ ընդգծելով․ - «Այս միջադեպերն ակնհայտ հիմնավորում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկն այն մասին, որ ՀՀ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով Սյունիքի մարզի շուրջ պետք է հրատապ ստեղծվի անվտանգության գոտի»: Պաշտպանը պնդում է՝ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ և համայնքները միավորող ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն: Այս միջադեպի մասին տեղեկությունները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առանձին կուղարկի միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև կներառի անվտանգության գոտու հայեցակարգում:
10:10 - 27 ապրիլի, 2021
ՄԻՊ-ը Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի ղեկավարին ներկայացրել է գերիների վերադարձի հրատապությունը

ՄԻՊ-ը Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի ղեկավարին ներկայացրել է գերիների վերադարձի հրատապությունը

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր ընդունել է Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանի ղեկավարությամբ Հայաստան ժամանած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են ինչպես Եգիպտոսի խորհրդարանի նախկին պատգամավոր, այնպես էլ հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ: Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները: ՄԻՊ-ը նշում է, որ նա մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»: Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի: Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում: Արման Թաթոյանը դատապարտելի է համարել Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը՝ այն համարելով պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց: Պաշտպանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկեները նվաստացած վիճակում են, իսկ պուրակը բաց է նաև երեխաների համար: Նա ներկայացրել է նաև ապացույցներ, թե ինչպես է հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից: Պատվիրակության անդամները բարձր են գնահատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը՝ շեշտելով, որ Եգիպտոսում Հայ Դատի հանձնախմբի ղեկավարի կողմից պարբերաբար ստանում են Հայաստանին վերաբերող հավաստի ինֆորմացիա, այդ թվում՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի աշխատանքը, հատկապես՝ Արցախը քաղաքակիրթ աշխարհի մաս դարձնելուն ուղղված հետևողական աշխատանքը և պայմանավորվածություն է ձեռք բերվել պատվիրակության անդամների հետ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:
22:50 - 26 ապրիլի, 2021
Ընտանիքում բռնության գործերի առանձնահատկությունն արագ արձագանքման մեջ է․ ՄԻՊ-ը դիրքորոշում է ներկայացրել ՍԴ

Ընտանիքում բռնության գործերի առանձնահատկությունն արագ արձագանքման մեջ է․ ՄԻՊ-ը դիրքորոշում է ներկայացրել ՍԴ

Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել հատուկ կարծիք (amicus brief) Վարչական դատարանի դիմումով վարույթ ընդունված գործով։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: Մասնավորապես, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ընտանիքի մեկ անդամը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, և առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա ընտանիքի մյուս անդամի կյանքի և առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում: Վարչական դատարանը դիմումով բարձրացրել է վերոհիշյալ դրույթի սահմանադրականության հարց՝ նշելով, որ առանց բացառության անհապաղության պահանջը հանգեցնում է Սահմանադրությամբ երաշխավորված անձի պատշաճ վարչարարության իրավունքի սահմանափակման։ Մարդու իրավունքների պաշտպանը հարցը դիտարկել է անձի կյանքի, ֆիզիկական ու հոգեկան  անձեռնմխելիության իրավունքի, ընտանիքում բռնության երևույթի առանձնահատկությունների կոնտեքստում՝ նշելով, որ առաջնահերթություն տալով պատշաճ վարչարարության իրավունքի ապահովմանը չպետք է խախտվեն վերոնշյալ իրավունքները։  Հարցը պետք է դիտարկել նաև անհետաձգելի միջամտության որոշման նպատակի և էության առաջնահերթ հաշվառմամբ։ Ընտանեկան բռնության դեպքերում առաջնահերթ է իրավապահ մարմինների կողմից արագ և արդյունավետ արձագանքը, ինչը շատ կարևոր է կանխարգելիչ նպատակներով։ Օրենսդրական նման կարգավորման նպատակն է արագ իրականացնել իրավունքների անհապաղ պաշտպանություն, ինչպես նաև հնարավոր վտանգների կանխարգելում։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր դիրքորոշմամբ ընդգծել է, որ դիմումում բարձրացված խնդիրներն առավելապես գործնական, իրավունքների պաշտպանության և դրանց իրականացման երաշխավորման գործընթացում իրավասու մարմինների ներկայացուցիչների մասնագիտական պատրաստվածության և կարողությունների հարց է, ինչը պետք է լուծել դրանց զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելով, այլ ոչ թե որոշման կայացման անհապաղության երաշխիքից բացառություն սահմանող օրենսդրական փոփոխությունների իրականացմամբ: Անհետաձգելի միջամտության որոշումների կայացման անհապաղությունից բացառություն սահմանելով՝ այդ որոշման կայացումը գործնականում կարող էր իմաստազուրկ դառնալ՝ ելնելով դրա պաշտպանական էությունից ու նպատակից։ 2021 թվականին ապրիլի 6-ին ՀՀ սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում է կայացրել գործի վարույթը կարճելու մասին։ Դատարանը հայտնել է, որ վիճարկվող դրույթների սահմանադրականության մասին դիմողի հիմնավորումներն ուղղակիորեն կապված չեն վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի հնարավոր որևէ իրավական դիրքորոշման հետ: Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ օրենքի, վերջինիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին, և դիմողի կողմից բարձրացված հարցերը լուծելի են օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձևավորման շրջանակներում: Կարևոր է, որ Սահմանադրական դատարանը որոշմամբ վերահաստատել է Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը, որ վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ իրավական դիրքորոշման անհրաժեշտություն չկա և Վարչական դատարանի բարձրացրած հարցերը լուծելի են օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձևավորման շրջանակներում: Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես կարևորել է Սահմանադրական դատարանի որոշումներում տեղ գտած դիրքորոշումները, որոնք անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության և օրենսդրության կատարելագործման կարևոր երաշխիքներ են: Սահմանադրական դատարանի որոշումները կարևորագույն նշանակություն ունեն երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի և ընդհանրապես՝ ողջ իրավական համակարգի կատարելագործման հարցում: Այդ որոշումներում տեղ գտած դիրքորոշումների սպառիչ իրացումն իրավունքների ու ազատությունների գործուն պաշտպանության կարևոր երաշխիքներից է:  Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարան հատուկ կարծիքներ (amicus curiae) ներկայացնելու Մարդու իրավունքների պաշտպանի պրակտիկան ամբողջությամբ բխում է Եվրոպայի խորհրդի առաջնահերթություններից, այն է՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային երկրի իրավական համակարգի առավել համապատասխանեցմանն ուղղված սուբսիդիարության սկզբունքից: Պաշտպանի հատուկ կարծիքներն ամփոփում են ինչպես իրավունքների և ազատությունների վերաբերյալ իրականացված վերլուծությունները՝ սահմանադրական պահանջների, միջազգային սկզբունքների ու չափանիշների համատեքստում, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված անհատական բողոքների քննարկման և մշտադիտարկման արդյունքները: Սահմանադրական դատարան հատուկ կարծիքներ ներկայացնելու պրակտիկան շարունակական է:
10:54 - 26 ապրիլի, 2021
Անընդունելի են ինչպես ակցիաների ժամանակ օգտագործվող բառապաշարը, այնպես էլ մարզպետարանի քննարկմանը վարչապետի կողմից իրավապահ մարմինների «կոշտ արձագանքը» քննարկելը․ ՄԻՊ-ը՝ Սյունիքի դեպքերի մասին

Անընդունելի են ինչպես ակցիաների ժամանակ օգտագործվող բառապաշարը, այնպես էլ մարզպետարանի քննարկմանը վարչապետի կողմից իրավապահ մարմինների «կոշտ արձագանքը» քննարկելը․ ՄԻՊ-ը՝ Սյունիքի դեպքերի մասին

ՀՀ Սյունիքի մարզում երեկվանից՝ ապրիլի 21-ից սկսած տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում: 1. Նախ, բացարձակ անընդունելի է վիրավորանքի ու հայհոյանքի, ատելության խոսքի ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ով է դա անում կամ ում է ուղղված: Մարդու արժանապատվությունը վիրավորել չի կարելի: Այս հարցում Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն անփոփոխ է ու այդ անընդունելի լինելը վերաբերում է նաև երեկ Սյունիքի մարզում ՀՀ վարչապետի այցի ընթացքում մի շարք բողոքների ակցիաների ժամանակ Վարչապետի նկատմամբ նման բառապաշարի օգտագործմանը: Ցավոք, այս խնդիրը ձեռք է բերել համակարգային բնույթ, որի լուծման հարցում իրենց անձնական օրինակով առաջնահերթ մեծ դեր ունեն հանրային գործիչները, այդ թվում՝ պաշտոն զբաղեցնող անձինք: Այս արատավոր երևույթը ցանկացած դեպքում ավելացնում է լարվածությունը, բացասական է ազդում մարդու իրավունքների համակարգի վրա: Նման երևույթները մեր հասարակությունում պետք է բացառվեն: Կարևոր է նաև լրատվամիջոցների դերը. նրանք չպետք է դառնան վիրավորանքի ու հայհոյանքների, ատելության խոսքի տարածողը ու պետք է հատկապես ուշադիր լինեն վերնագրերի ընտրության հարցում: 2. Մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն բոլորի ևս մեկ անգամ հատուկ հիշեցնում է, որ իր իրավասությունը ոչ թե իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ կոնկրետ պաշտոնյաների իրավունքները պաշտպանելն է քաղաքացիներից, այլ մարդուն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնյանների արարքներից ու որոշումներից: Ավելին, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասն ուղիղ ամրագրում է. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող Պաշտպանին բողոքներ ներկայացնել»: Սա է մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ողջ աշխարհում: 3. Ստորև Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականներն են պետական մարմինների և պաշտոնատար անձանց արարքների վերաբերյալ՝ կապված մարդու իրավունքների հետ: 4. Սյունիքի մարզի համայնքներ ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի այցի ընթացքում նրան ուղեկցող իրավապահ մարմինների թվում առկա էին դիմակով ծառայողներ (խոսքը չի վերաբերում բժշկական դիմակներին): ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ դա ոչ միայն ինքնին մարդու իրավունքների ոտնահարում է, այլ հնարավոր միջադեպերի դեպքում բացառում է իրավապահ մարմնի կողմից մարդու իրավունքի խախտում թույլ տալու կամ, օրինակ, մարդու նկատմամբ ուժի գործադրման պարագայում կոնկրետ ծառայողի նույնականացումը՝ նրա արարքների օրինականությունը գնահատելու նպատակով: Դիմակավորված ծառայողների առկայությունը կարող է կիրառելի լինել հանցավորության դեմ պայքարի նպատակով՝ կոնկրետ իրավիճակի հանգամանքները հաշվի առնելով, այլ ոչ թե հանրային վայրում հասարակական կարգի պահպանության համար: Ուստի, այս պրակտիկան պետք է բացառվի: Այս իրավական պահանջները Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է թե՛ 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների, թե՛ 2020 թվականի հավաքների ժամանակ, երբ մի շարք դեպքերում հանրային վայրերում հավաքներ կամ քաղաքացիական այլ ակցիաներ իրականացնելու համար ներգրավվում էին իրավապահ մարմինների դիմակավորված ծառայողներ: 5. Քրեական արդարադատության ոլորտում մարդու իրավունքների տեսանկյունից անընդունելի էր ապրիլի 21-ին Սյունիքի մարզպետարանի շենքում քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի կողմից օրենքի խախտում որակելը կոնկրետ գործով մարդկանց արարքները ու այդ կոնկրետ գործով իրավապահ մարմինների գործողությունների կամ նրանց «կոշտ», «կտրուկ և հատուկ գործողություններով» արձագանքի հարց քննարկելը՝ մինչև իրավապահ մարմինների, այսինքն՝ մինչև այդ նպատակի համար օրենքով հատուկ լիազորված մարմինների արձագանքը: Անընդունելի լինելուն ավելանում է նաև այն, որ հրապարակված խորհրդակցությանը ներկա էին գործադիր իշխանության տարբեր մարմինների ներկայացուցիչներ, որոնք որևէ առնչություն չպետք է ունենան կոնկրետ գործերով կոնկրետ մարդկանց քրեական հետապնդման ենթարկելու հարցերի հետ: Քանի որ քրեական արդարադատության ոլորտը մարդու իրավունքների տեսանկյունից առանց այն էլ ռիսկային է, օրենքով ամրագրված է մարդու իրավունքներին միջամտող գործողություններ կատարելու կամ որոշումներ ընդունելու իրավասություն ունեցող սուբյեկտների սպառիչ շրջանակ: Այս իրավական չափանիշը մարդու իրավունքների պաշտպանության կոնկրետ երաշխիք է և ուղղակիորեն բխում է ՀՀ օրենսդրությունից: 6. Ու առհասարակ, ի գիտություն բոլոր պաշտոնյաների՝ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ դուք իրավասու չեք կոնկրետ գործերով կոնկրետ մարդկանց վերաբերյալ իրականացվող քննության ընթացքին, ելքին կամ կոնկրետ գործողություններին առնչվող գնահատականներ տալ: Դուք դրանով ոչ միայն անում եք մարդու իրավունքները խախտող հայտարարություններ, այլ նաև խոչընդոտում եք իրավապահ մարմինների աշխատանքը, նրանց դնում ավելորդ թիրախի տակ ու նրանց գործողությունների առնչությամբ առաջացնում եք կանխակալ վերաբերմունք հասարակությունում: 7. Երեկ երեկոյան Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղել Սյունիքի մարզի Գորիս, Կապան և մի շարք այլ համայնքներ: Այցի նպատակն է Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման հետ համատեղ տեղում իրականացնել իրավիճակի, այդ թվում՝ լարվածության աստիճանի մշտադիտարկում, ինչպես նաև ապրիլի 21-ին Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Կապան և մի շարք այլ համայնքներում տեղի ունեցած բողոքի ակցիաների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում Ոստիկանության բաժիններ այցերի, հնարավոր բերման ենթարկվածների հետ առանձնազրույցների, նրանց իրավունքների պաշտպանության նպատակով: 8. Գիշերվա ընթացքում, ինչպես նաև այսօր վաղ առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգեր է ստացել ինչպես մի շարք քաղաքացիներից, այնպես էլ փաստաբաններից՝ կապված Սյունիքի մարզում բերման ենթարկելու և ձերբակալումների դեպքերի հետ: Ահազանգեր են արել նաև մի շարք լրագրողներ: Մասնավորապես, փաստաբան Գայանե Պապոյանը վաղ առավոտյան բողոքով տեղեկացրել է, որ իր վստահորդին՝ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին, ձերբակալելիս խախտվել են վերջինիս իրավունքները, բացակայում են նրան բերման ենթարկելու հիմքերը, և իրեն ու իր վստահորդին չի պարզաբանվել՝ ու՞ր են բերման ենթարկում: Դրանից բացի, ըստ Գ.Պապոյանի՝ իր վստահորդի նկատմամբ գործողություններն առանց որևէ անհրաժեշտության կամ առանց դրանց անհետաձգելիության հիմնավորման արվել են գիշեր, այլ ոչ թե ցերեկ ժամանակ: Գայանե Պապոյանի հրապարակած՝ Մխիթար Զաքարյանին ազատությունից զրկելու տեսանյութերի ու ահազանգի ուսումնասիրությամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է խնդիրներ՝ կապված Մ.Զաքարյանին ազատությունից զրկելիս նրա մի շարք նվազագույն իրավունքներ, այդ թվում՝ ազատությունից փաստացի զրկելիս այդ պահին ազատությունից զրկելու հիմքերը նրան պատշաճ ներկայացնելու, փաստաբանի իրավունքը երաշխավորելու հետ: Մեղրի համայնքի հետ կապված՝ ահազանգ է ստացվել 2 փաստաբանից 2 հոգու բերման ենթարկելու վերաբերյալ: Փաստաբանները նշել են, որ իրենք տեղյակ չեն, թե իրավապահ մարմիններն իրենց վստահորդներին ուր են տարել և որ իրենց չեն պարզաբանվում վստահորդներին բերման ենթարկելու հիմքերը կամ վայրը: 9. Մի շարք ահազանգեր են ստացվել (այդ թվում՝ փաստաբանից) նաև Գորիս համայնքից մարդկանց բերման ենթարկելու կամ ձերբակալելու հետ կապված: Մասնավորապես, վաղ առավոտյան ահազանգողները նշել են, որ շարունակաբար տեղեկություն չեն կարողանում ստանալ, թե որ իրավապահ մարմին են տարվել բերման ենթարկվածները կամ ինչ հիմքերով ու ինչ կարգավիճակ ունեն: Նման տեղեկությունների չեն տիրապետում նաև ազգականները: Խոսքը վերաբերում է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալին, համայնքի ավագանու անդամի, Հարթաշեն վարչական շրջանի ղեկավարին, Գորիս համայնքի մի շարք բնակիչների: Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին առանձնազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Գորիսից իրեն բերման ենթարկելուց հետո իրեն տեղափոխել են Քննչական կոմիտե, սակայն կոմիտեի շենք մուտք չեն գործել և մոտ 30 րոպե ոստիկանական ավտոմեքենայի մեջ սպասելուց հետո տեղափոխել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենք: Ըստ Մ.Հովսեփյանի՝ Ոստիկանությունում իր նկատմամբ գործադրվել է բռնություն, մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողներն, իրեն աշխատասենյակ տանելով, գցել են գետնին և ոտքերով հարվածել, հետո գետնին գցած վիճակում քարշ են տվել մեկ սենյակից մյուսը և տեսանկարել քարշ տալու ընթացքը: Այդ սենյակում թույլ չեն տվել նստել, ստիպված է եղել ոտքի վրա մնալ մոտ 30 րոպե: Այդ ողջ ընթացքում իր նկատմամբ ցուցաբերվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, այդ թվում՝ հայհոյանքներով: Այդ ողջ ընթացքում եղել է ձեռնաշղթաներով՝ ձեռքերը մեջքի հետևում: Այս նույնը պնդել են նաև փաստաբանները և տեղեկացրել, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նույնպես համապատասխան գրություն կհասցեագրի ՀՀ դատախազություն: Գորիս համայնքի ավագանու անդամ Արարատ Աղաբեկյանի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացվել է ահազանգ այն մասին, որ Ա.Աղաբեկյանին բերման ենթարկելը որևէ հիմնավորում չունի. նա Շուռնուխում տեղի ունեցած բողոքի ակցիային չի մասնակցել, քանի որ եղել է անկողնային վիճակում՝ ամենայն հավանականությամբ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի ախտանիշներով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է Արարատ Աղաբեկյանի նկատմամբ իրավապահ մարմինների վերաբերմունքը, ով հրապարակված տեսանյութում մեջքի հետևում ձեռնաշղթաներով է և ում ուղեկցում են դիմակավորված ոստիկաններ: Տեսանյութն ակնհայտորեն վկայում է Ա.Աղաբեկյանի նկատմամբ օրենքը խախտող վերաբերմունքի մասին, և նրան բերման ենթարկող կամ ձերբակալած իրավապահ մարմինների ծառայողների գործողությունները պետք է քննության արժանանա ոչ թե ծառայողական, այլ քրեական վարույթի շրջանակում, ուստի Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցով ևս գրություն կուղարկի Դատախազություն: Այս պահին շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցերը երեկ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ ձերբակալվածներին ու բերման ենթարկվածներին: 10. Պաշտպանը ևս մեկ անգամ հստակ արձանագրում է, որ դիմակների ու ձեռնաշղթաների առանց տարբերակման, առանց կոնկրետ հիմքերի (օրինակ՝ փախուստի իրական վտանգ, վրեժխնդրություն և այլն) կիրառումն անթույլատրելի է: Այս խնդիրը, ցավոք, ունի համակարգային բնույթ. Մարդու իրավունքների պաշտպանը դրան բազմիցս է անդրադարձ կատարել, այդ թվում՝ տարեկան հաղորդմամբ ու զեկույցներով և այս հայտարարությամբ նույնպես դա հաստատում է: Նշված բոլոր հարցերի ամփոփումից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից առանձին գրություն կուղարկվի իրավապահ մարմիններին՝ ըստ իրավասության: Առանձին հարցադրումներով գրավոր պարզաբանումներ կպահանջվեն՝ կապված ապրիլի 21-ին Սյունիքի մի շարք համայնքներում տեղի ունեցած բողոքի ակցիաների առնչությամբ հարուցված քրեական գործի և այն հոդվածների հետ, որոնցով այդ գործով նախաձեռնվել է քրեական հետապնդում: 11. Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ստեղծված լարված իրավիճակում իրավապահ մարմիններն ու, առհասարակ, բոլոր հանրային մարմինները, պաշտոնատար անձինք պետք է գործեն իրավունքի գերակայության խիստ պահպանմամբ: Հաշվի առնելով, որ Սյունիքի մարզում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ հասկանալիորեն առկա է հանրային լայն հետաքրքրություն՝ իրավապահ մարմինները պարտավոր են գործադրել նաև միջոցներ, որպեսզի իրենց գործողությունների կամ որոշումների իրավաչափությունն ապահովվի նաև հանրային ընկալման համար: Ցանկացած տեսակի խախտում ավելի է նպաստում լարվածությանը:
18:33 - 22 ապրիլի, 2021