ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Բաքվին ու Երևանին հետևել հրադադարի ռեժիմին |factor.am|

Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Բաքվին ու Երևանին հետևել հրադադարի ռեժիմին |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Բաքվին ու Երևանին հետևել հրադադարի ռեժիմին ու շուտափույթ համաձայնության գալ զինադադարի մանրամասների շուրջ, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Գլխավոր քարտուղարը ողջունում է հումանիտար նպատակներով հրադադարի մասին պայմանավորվածությունները, ինչի մասին երեկ երեկոյան Մոսկվայում հայտարարել էին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարները։ Նա իր երախտիքն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը՝ միջնորդական ջանքերի համար»,- հայտարարել է Դյուժարիկը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել միջազգային հանրությանն աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունները։ Նրա խոսքով՝ ինչպես և նախկինում, անհրաժեշտ է կողմերին դրդել լուծել իրենց տարաձայնությունները խաղաղ ճանապարհով։
22:58 - 10 հոկտեմբերի, 2020
2020-ի Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին |azatutyun.am|

2020-ի Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին |azatutyun.am|

azatutyun.am: 2020 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին, որն աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն է և ավելի քան 50 տարի է՝ աջակցություն է տրամադրում սովահարության շեմին կանգնած միլիոնավոր մարդկանց։ «Կորոնավիրուսի համաճարակն է՛լ ավելի է խորացրել այս խնդիրը ողջ աշխարհում», - հայտարարել է Նոբելյան հանձնաժողովը՝ կոչ անելով կառավարություններին գումարներ հատկացնել և աջակցել բարեգործական այս ծրագրին ու այդ ուղղությամբ աշխատող մյուս կազմակերպություններին։ Հեղինակավոր մրցանակին այս տարի հավակնում էին 318 թեկնածուներ, այդ թվում՝ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարող բնապահպան ակտիվիստ Գրետա Տունբերգը, ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
14:26 - 09 հոկտեմբերի, 2020
Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան սպառնալիք է գլոբալ անվտանգությանը. ԱԳ փոխնախարար Ապիտոնյան

Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան սպառնալիք է գլոբալ անվտանգությանը. ԱԳ փոխնախարար Ապիտոնյան

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի Գործադիր կոմիտեի 71-րդ նստաշրջանին հանդես եկավ ելույթով։ Նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձավ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններին: Վերջինս նշեց, որ Ադրբեջանի ագրեսիան, որը վայելում է Թուրքիայի անվերապահ աջակցությունը, սպառնալիք է գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը, իսկ դրա արդյունքը կարող է հանգեցնել տարածաշրջանային հումանիտար ճգնաժամի: Արտակ Ապիտոնյանը նշեց, որ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և բազմաթիվ վիրավորներ, և շարունակվող ռազմական գործողություններն անմիջական սպառնալիք են ստեղծում Արցախի 150,000 ազգաբնակչության գոյութենական անվտանգության համար։ Նա ընդգծեց, որ Ադրբեջանը տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ դիտավորյալ թիրախավորում է Արցախի քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները (հիվանդանոցներ, դպրոցներ, ճանապարհներ, հաղորդակցության միջոցներ և այլն)՝ օգտագործելով նաև կասետային մահացու զենք։ Նախարարի տեղակալը հավելեց, որ ադրբեջանական կողմի այս սադրիչ գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ Ժնևի կոնվենցիայի կոպտագույն խախտում են։ Արտակ Ապիտոնյանն անդրադարձավ նաև Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությանը, որի անմիջական աջակցության արդյունքում Ադրբեջանը ռազմական գործողությունների աշխարհագրությունը տեղափոխել է նաև ՀՀ տարածք՝ մասնավորապես թիրախավորելով Վարդենիսի շրջանի քաղաքացիական բնակչությանը։ Նա նշվեց նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա ահաբեկիչների՝ Արցախի դեմ վարվող ռազմական գործողություններում  ներգրավելու հանգամանքի մասին։ Ապիտոնյանը հավելեց, որ ադրբեջանա-թուրքական զինված ուժերի նման գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը և խոչընդոտում են մարտական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը: Արտակ Ապիտոնյանը բարձր գնահատեց Բարձր հանձնակատարի՝ լարվածության թուլացմանն ուղղված կոչը և հավելեց, որ, չնայած միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կոչերին, Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են լայնածավալ ռազմական գործողությունները՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու նպատակով։ ԱԳ նախարարի տեղակալը հավաստիացրեց, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և համոզմունք հայտնեց, որ Արցախի ժողովրդին միջազգային հրատապ մարդասիրական օգնության ցուցաբերումը պետք է իրականացվի անկախ բոլոր հանգամանքներից, այդ թվում՝ Արցախի կարգավիճակից։
23:57 - 05 հոկտեմբերի, 2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունները

 |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունները |armenpress.am|

armenpress.am: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը համոզված է` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ամերիկայի ձայն»-ին ասել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ խորապես ցավում է, որ կողմերը շարունակում են ռազմական գործողությունները՝ չնայած միջազգային հանրության, այդ թվում` իր և ԵԱՀԿ համանախագահների կողմից հրադադարի բազմիցս հնչեցրած կոչերին: Նա կողմերին կոչ է անում արել դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները: Ըստ խոսնակի՝ գլխավոր քարտուղարը համոզված է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նա շեշտել է, որ ռազմական գործողությունների շարունակումը միայն ավելի է խորացնելու մարդկային տառապանքները, և, որ երկխոսությունը հակամարտության կայուն և տևական լուծման միակ ճանապարհն է: Գլխավոր քարտուղարը նաև կրկնել է Գերագույն հանձնակատար Բաչելետի սեպտեմբերի 29-ի հայտարարությունը, և կոչ արել բոլոր կողմերին` հարգել միջազգային մարդու իրավունքները և մարդասիրական օրենքները: Գլխավոր քարտուղարը հիշեցրել է երկու կողմերի ղեկավարություններին, որ քաղաքացիական անձինք և ենթակառուցվածքները պետք է մշտապես պաշտպանված լինեն:
23:28 - 02 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի համառ ջանքերով բանակցային գործընթացն արդեն տապալված է․ պետք է գնալ Արցախի ճանաչման ճանապարհով․ Տարոն Սիմոնյան

Ադրբեջանի համառ ջանքերով բանակցային գործընթացն արդեն տապալված է․ պետք է գնալ Արցախի ճանաչման ճանապարհով․ Տարոն Սիմոնյան

Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի պնդմամբ՝ Արդարադատության միջազգային դատարանում (ՄԱԿ) անհապաղ պետք է նախաձեռնել Ադրբեջանի պատասխանատվության հարցը՝ իր միջազգային պարտավորությունների կոպիտ խախտումների հիմքով։ Infocom-ի հետ զրույցում պատգամավորը նկատեց՝ արտաքին քաղաքականության բնագավառում մենք, կարծես թե, դիվանագիտական բոլոր լծակներով անընդհատ տեղեկություն ենք ներկայացնում մեր գործընկերներին, միջազգային կազմակերպություններին, բայց այստեղ, մեր զրուցակցի համոզմամբ, կարեւոր է օգտագործել նաեւ դատաիրավական գործիքները, օրինակ՝ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում միջանկյալ գործողություները, ինչն, ի դեպ, արդեն արվել է։ Երեկ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացրել այն կիրառել։ ՄԻԵԴ-ը կոչ է արել ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։  «Սակայն կարեւոր է նաեւ Արդարադատության միջազգային դատարանում գործողություններ սկսել՝ ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման կոնվեցիայի շրջանակներում, որը եւս խախտում է Արդբեջանը, երբ հայատյացության քողի ներքո քաղաքացիական անձանց եւ օբյեկների վրա թիրախավորված հարձակում է իրականացնում։ Այս ճակատում մեզնից կախված բոլոր գործողություններն անելու դեպքում մենք արդեն կհասնենք այն հաջողությանը, որ միջազգային հանրությունը ի վերջո կգիտակցի, որ պետք է օր առաջ սանձել ագրեսոր պետության գործողությունները»։ Սիմոնյանի խոսքով՝ մենք պետք է միջազգային հանրությանը տանք օբյեկտիվ տեղեկություն, որպեսզի բոլոր սուբյեկտները հասկանան, որ այստեղ խոսքն ագրեսիայի մասին է, որը սանձազերծել է Ադրբեջանը․ «Այս պետությունը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրության կաեւորագույն սկզբունքներից մեկը՝ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի արգելքը եւ վեճերը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու՝ պետությունների պարտավորություն։ Եվ բոլոր պետությունները պետք է իմանան, որ էստեղ, փաստորեն, հնարավորություն է առաջացել Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների վերաճումը դեպի միջազգային խաղաղության եւ անվտանգության սպառնալիքի, ինչը արդեն իսկ բավականին մեծ վտանգ է սպառնում ոչ միայն կոնկրետ փոքր տարածաշրջանին՝ Հարավային Կովկասին, այլ նաեւ ավելի լայն գործողությունների կատարմանը։ Միջազգային հանրությունը պետք է ավելի արագ արձագանքի իրադարձությունների շիկացմանը, որովհետեւ հնարավոր է նաեւ անկանխատեսելի հետեւանքների առաջացում։ Այն, ինչ մեզնից հասել է, մենք արել են, մնում է միջազգային հանրությունը դրան ավելի լուրջ մոտենա»։  Ինչ վերաբերում է Արցախի ճանաչմանը՝ Տարոն Սիմոնյանի ու ԼՀԿ-ի համոզմունքն այն է, որ մենք պետք է որպես նպատակ հռչակենք միավորման գործընթացը, ինչը ամրագրված է մեր Անկախության հռչակագրում․ «Բայց միացման տանող ճանապարհը պետք է գնա անկախության ճանաչումով, որից հետո անմիջապես պետք է սկսի արդեն միավորման գործըթնացը։ Այդտեղ արդեն մարտավարական քայլեր կարող են կատարել»։ Իսկ թե ճանաչման եւ միավորման պարագայում ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել, արդյոք Թուրքիան լայնածավալ պատերազմական գործողությունների չի՞ անցնի Հայաստանի սահմանին, մեր զրուցակիցը շեշտեց՝ Թուրքիան արդեն իսկ ներգրավված է ռազմական գործողություններում եւ, փաստորեն, կոնկրետ աջակցում է հակամարտող կողմին ու արդեն իսկ հակամարտող կողմ է համարվում։  Սիմոնյանը Թուրքիայի ներգրավածությունը Հայաստանի կողմից Արցախի ճանաչմամբ չի պայմանավորում, որովհետեւ ճանաչումը միջազգաիրավական ակտ է, եւ Արցախի ժողովուրդը, ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարող ժողովուրդը արդեն իսկ ճանաչվել է Հայաստանի կողմից՝ որպես միջազգային իրավունքի սյուբեկտ․ «Եթե այդպես չլիներ, մենք չէինք լինի Արցախի Հանրապետության եւ Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության երաշխավորը։ Եվ միջազգային իրավունքի տեսանկյունից արդեն իսկ երկրորդական է դառնում, թե կոնկրետ ինչ փաստաթղթով ենք ճանաչում սա, բայց քանի որ դա արդեն որպես այդպիսին միջազգային հարաբերություններում որոշակի տարաձայնությունների տեղիք է տալիս, մենք քայլերով ենք կազմակերպում աշխատանքը․ օրինակ՝ Ազգային ժողովը հայտարարություն տարածեց, որտեղ նաեւ նշեց Արցախի Հանրապետություն տերմինը, որը եւս ճանաչման ինչ-որ ակտ է, հաջորդ քայլով ճիշտ կլինի արդեն մտածենք եւ կյանքի կոչենք ՀՀ-ի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի փաստաթուղթը, վերջում էլ հանդես գանք վերջնական հայտարարությամբ։ Սա է լինելու ճանապարհը»։  Տարոն Սիմոնյանի կարծիքով՝ առաջին խնդիրը, որի պատճառով չէինք գնում այս քայլին, այն էր, որ չէինք ուզում բանակցային գործընթացը տապալել, բայց, փաստորեն, Ադրբեջանի համառ ջանքերով այն արդեն տապալվել է եւ հույս էլ չկա, որ նման գործընթաց կվերականգնվի։ Հետեւաբար, ինչպես նշեց մեր զրուցակիցը, լրացուցիչ մտահոգություններ ունենալ, թե ինչ տեղի կունենա հետագայում՝ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական առումով, զուր է, որովհետեւ այն, ինչ պիտի տեղի ունենար, եղել է․ «Իսկ այժմ քաղաքացիները պետք է սատար լինեն պետությանը, ինչին բոլորս ականատես ենք լինում, մեկ միասնական բռունցք լինենք, հույսը դնենք միայն մեզ վրա եւ մենք խնդիրը լուծենք։ Եթե մենք տեղում խնդիրը լուծենք՝ ռազմական ագրեսիային պատասխանելով, ամենամեծ ցավը պատճառելով Ադրբեջանին, ապա այդ պարագայում նաեւ դիվանագիտական, իրավական հարթություններում կհասնենք հաջողությունների։ Այսօրեական խնդիրը ռամական հաջողություններն են եւ մեր բանակին աջակից լինելը»,- եզրափակեց պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Հայարփի Բաղդասարյան
20:38 - 30 սեպտեմբերի, 2020
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ադրբեջանին և Հայաստանին կրակն անհապաղ դադարեցնելու կոչ է արել |armenpress.am|

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ադրբեջանին և Հայաստանին կրակն անհապաղ դադարեցնելու կոչ է արել |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցած փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է սեպտեմբերին ԱԽ-ում նախագահող, ՄԱԿ-ում Նիգերի մշտական ներկայացուցիչ Աբդու Աբարին։ «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներն աջակցում են գլխավոր քարտուղարի՝ կողմերին ուղղված կոչին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, թուլացնել լարվածությունը և առանց հապաղելու վերադառնալ բանակցությունների»,- ասել է նա։ Նա նաև չի բացառել հակամարտության կողմերի ներկայացուցիչների հետ հանդիպման անցկացումը։ «Եթե դա անհրաժեշտություն լինի, մենք կխոսենք երկու դեսպանների հետ (խմբ․ Հայաստանի և Ադրբեջանի), որպեսզի նրանք կարողանան փոխըմբռնման գալ»,- հավելել է Աբարին։
03:03 - 30 սեպտեմբերի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղարին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղարին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին «Սեպտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է հղել, որում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան և դրա հետևանքով ստեղծված իրադրությունը: Նախարարը տեղեկություններ է հաղորդել ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման դեպքերի, սադրիչ գործողությունների վերաբերյալ: Անդրադառնալով հակառակորդի կողմից հնչող խեղաթյուրող ապատեղեկատվական հոսքերին՝ ԱԳ նախարարը նշել է. «Ագրեսիան եղել է նախապես ծրագրված, և ադրբեջանական կողմի հայտարարությունները ենթադրյալ հակահարձակման վերաբերյալ բացարձակ կեղծիք են: Ադրբեջանը երբեք չի քողարկել ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու իր ռազմավարական նպատակը՝ շարունակաբար պահպանելով լարվածությունը շփման գծի և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով»: ԱԳ նախարարը խորապես մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին և վերջինիս ագրեսիային ցուցաբերվող անվերապահ միակողմանի աջակցության առնչությամբ: Խստորեն դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ հրադադարի խախտմանն ուղղված սադրիչ գործողությունները ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում են, այլև հղի են տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի վերաճելու վտանգով: Նախարար Մնացականյանը քննադատել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ աշխարհում գլոբալ հրադադար հաստատելու կոչին չհետևելու Ադրբեջանի սադրիչ գործելաոճը: Ընդգծել է, որ ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ ԱԳ նախարարը ընդգծել է, որ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր՝ Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները պաշտպանելու Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքներն ու ադրբեջանական ագրեսիային կապահովի համարժեք պատասխան։ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը հակամարտության կարգավորման անքակտելի մասն է, և այս իրավունքի ուժով Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա որոշելու իր կարգավիճակն առանց որևէ սահմանափակումների։ ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Նամակը շրջանառվելու է որպես ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանի փաստաթուղթ՝ օրակարգի 34-րդ (Զինված հակամարտությունների կանխարգելում), 71-րդ (Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի), 135-րդ (Պաշտպանելու պատասխանատվություն և ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելում) կետերի ներքո և որպես Անվտանգության խորհրդի փաստաթուղթ»:
18:25 - 29 սեպտեմբերի, 2020
Մտահոգիչ է, որ Թուրքիան ռազմական և քաղաքական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին․ Շվեյցարիայում ՀՀ դեսպանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի ժամանակ

Մտահոգիչ է, որ Թուրքիան ռազմական և քաղաքական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին․ Շվեյցարիայում ՀՀ դեսպանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի ժամանակ

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 45-րդ նստաշրջանի ժամանակ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ։ «Տիկին փոխնախագահ, Կիրակի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) դեմ, որը ուղեկցվում է հրթիռահրետանային ռմբակոծությամբ` թիրախավորելով խաղաղ բնակչությունը և ենթակառուցվածքները շուրջ 50 քաղաքներում և գյուղերում։ Սպանվել է մեկ կին և երեխա, վիրավորվել են բազմաթիվ քաղաքացիական անձինք։ Այս լայնածավալ հարձակումը տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահի կողմից արված առավելապաշտական հայտարարություններից օրեր անց, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից նա պնդում էր, թե իբր «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Դրանից առաջ նա շեշտել էր, որ «մենք բոլոր միջոցներով վերադարձնելու ենք մեր տարածքները»՝ պնդելով, որ «ներկայիս Հայաստանը հիմնադրվել է Ադրբեջանի պատմական հողերի վրա»՝ ընդգծելով, որ «բանակցությունները գործնականում չեն վարվում»։ Ավելին, հարձակումից օրեր առաջ Ադրբեջանը պահեստազորային ուժերի զորահավաք էր սկսել և քաղաքացիական բեռնատարներ էր առգրավում՝ ռազմական նպատակներով օգտագործելու համար։ Բաքուն նաև հրաժարվեց ընդունել հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ ԵԱՀԿ մշտադիտարկման առաքելությունը։ Ադրբեջանը ռազմական վարժանքներ էր անցկացնում՝ իրականացնելով ռազմական ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի սադրիչ թռիչքներ։ Ադրբեջանի ՊՆ խոսնակը սպառնացել էր հրթիռային հարված հասցնել Հայաստանի ատոմակայանին։ Հավաստի տեղեկատվություն է առկա Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվելու նպատակով ահաբեկիչների հավաքագրման մասին։ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով շարունակաբար մերժողական վերաբերմունք է ցուցաբերում միջազգային կազմակերպությունների և միջազգային իրավունքի նկատմամբ՝ ամենաարձր մակարդակով նշելով, որ. «միջազգային իրավունքն այսօր աշխարհում չի գործում, իսկ միջազգային պայմանագրերը հանդիսանում են արժեք չունեցող թղթի կտորներ»։ Այսպիսով Ադրբեջանը բացահայտ պատրաստվում էր հարձակմանը։ Տիկին փոխնախագահ, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատերազմ սկսելու որևէ պատճառ չունեն։ Ի տարբերություն Ադրբեջանի ղեկավարության հայտարարությանը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի վարչապետը վերահաստատեց՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը»։ Տիկին փոխնախագահ, Երբ ամբողջ աշխարհը համախմբվում է՝ պայքարելու համավարակի դեմ, Ադրբեջանը փորձում է դա օգտագործել իր քաղաքական խնդիրների լուծման համար։ Նախ, Ադրբեջանը սաստիկ ուժեղացրել է ճնշումները իշխող ռեժիմի նկատմամբ ցանկացած այլախոհության արտահայտման դեմ։ ԵԽԽՎ զեկուցողները Ադրբեջանում իրականացրած դիտարկումներից հետո իրենց մտահոգությունն են հայտնել. «համավարակի դեմ պայքարի քողի ներքո երկրի իշխանությանը քննադատողների նկատմամբ իրականացվող հետապնդումների, ինչպես նաև անարդար դատավարություններում դատապարտվածների և քաղբանտարկյալների անվտանգության վերաբերյալ»։ Երկրորդ, չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ համավարակի ընթացքում գլոբալ հրադադարի կոչին, Բաքուն բացահայտորեն խախտել է 1994թ․ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրած հրադադարի մասին համաձայնագիրը։ Դա արվում է ադրբեջանցիներին ազգայնականության պատճառաբանությամբ համախմբելու և հասարակության ուշադրությունը բռնապետական իշխանության ռեժիմից շեղելու նպատակով։ Մտահոգիչ է, որ Թուրքիան ռազմական և քաղաքական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ նպաստելով տարածաշրջանում հետագա ապակայունացմանը։ Ադրբեջանի կողմից իրականացրած այս նոր հարձակումը էկզիստենցիալ սպառնալիք է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, քանի որ Բաքուն բազմիցս ցուցադրել է արցախահայերին էթնիկ զտումների ենթարկելու իր մտադրությունը։ Ադրբեջանում պետական մակարդակով հայատյացության մասին իրենց զեկույցներում գրել են մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեն և Եվրոպայի Խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության հարցերով Եվրոպական հանձնաժողովը։ Հատկանշական է, որ վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից ինքնության հողի վրա հայերի դեմ իրականացրած հանցագործությունների վերաբերյալ երկու որոշում է ընդունել, մեկը՝ խաղաղ պայմաններում, քնած հայի դաժան սպանության և մյուսը՝ Ադրբեջանում ձերբակալված հայի խոշտանգումների և դրան հաջորդած սպանության մասին»։
10:56 - 29 սեպտեմբերի, 2020
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել նաև Իլհամ Ալիևի հետ
 |armenpress.am|

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել նաև Իլհամ Ալիևի հետ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը արցախա-ադրբեջանական շփման գծում: Այս մասին ասված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում: Գլխավոր քարտուղարն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով շարունակվող բախումների կապակցությամբ: Նա երկու առաջնորդներին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմի հաստատման եւ բանակցությունների վերսկսման ուղղությամբ ՝ տարածաշրջանում անկայունությունը կանխելու նպատակով: Գլխավոր քարտուղարն իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է, որպեսզի կողմերն աշխատեն նրանց հետ՝ առանց հապաղելու կամ նախապայմանների բանակցություններին վերադառնալու համար:
00:52 - 29 սեպտեմբերի, 2020