Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Որեւիցե երկիր չպետք է խառնվի ՀՀ ներքին գործերին. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ–ի կողմից Ռոբերտ Քոչարյանին աջակցելու մասին |news.am|

Որեւիցե երկիր չպետք է խառնվի ՀՀ ներքին գործերին. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ–ի կողմից Ռոբերտ Քոչարյանին աջակցելու մասին |news.am|

news.am: Որեւիցե երկիր չպետք է խառնվի Հայաստանի Հանրապետության  քրեական օրենսգրքի գործողությանն ու ներքին գործերին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ռուսական որոշ լրատվամիջոցներին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ որդեգրել չեզոք դիրքորոշում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առնչությամբ: Լրագրողի հարցին՝ Ռուսաստանի կողմից Քոչարյանի նկատմամբ սատարում ԱԺ փոխնագահը չի տեսնում, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ «Ռուսաստանի կողմից սատարում» արտահայտությունը ճիշտ է, վերջիվերջո դա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, ինչպես մենք չենք խառնվում որեւիցե երկրի ներքին գործերին, այնպես էլ որեւիցե այլ երկիր չպետք է խառնվի Հայաստանի Հանրապետության  քրեական օրենսգրքի, մնացած օրենքների գործողությանն ու ներքին գործխերին։ Կարծում եմ՝ այդ ուղերձը բազմիցս արվել է եւ հետեւություններ մեր գործընկերները կանեն»։
10:20 - 23 ապրիլի, 2019
Այս տարի նախատեսվում է ՌԴ նախագահի այցը ՀՀ. Ալեն Սիմոնյան |aysor.am|

Այս տարի նախատեսվում է ՌԴ նախագահի այցը ՀՀ. Ալեն Սիմոնյան |aysor.am|

aysor.am: Այս տարի ՀՀ-ում սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Հստակ ժամկետներ ԱԺ փոխնախագահը չմատնանշեց, իսկ դիտարկմանը, թե հեղափոխությունից հետո արդեն շուրջ մեկ տարի է անցել և ինչու այս ժամանակահատվածում Պուտինի այց Հայաստան չեղավ, Սիմոնյանը նշեց, որ ՌԴ նախագահի այցերի պլանավորման համար բավականին երկար ժամանակ է նախատեսվում: «Կարող եմ ձեզ ասել, որ այս տարվա մեջ մենք այց կունենանք և ոչ միայն ՌԴ նախագահի մակարդակով: Կարծում եմ՝ ՌԴ նախագահի այցերը բավականին երկար ժամկետով են նախատեսվում, իսկ այն, ինչ մի տարի առաջ տեղի ունեցավ Հայաստանում, դրան հետևեցին ընտրությունները, հետևաբար սա զուտ տեխնիկական պատճառ է եղել: Դուք շատ լավ գիտեք, որ շփումները երկու երկրների ղեկավարների միջև ամենահաճախակի և ամենաջերմ բնույթն են կրում, և ինչպես արդեն ասացի, այս տարի ոչ միայն ՌԴ նախագահի այլ տարբեր երկրների ներկայացուցիչների այցերն են նախատեսվում Հայաստան», - ասաց Սիմոնյանը:
09:45 - 23 ապրիլի, 2019
Տեղի ունեցածը «Իմ քայլը» դաշինքի դիրքորոշում չէ, ԱԺ-ի դիրքորոշում չէ. Ալեն Սիմոնյան |armtimes.com|

Տեղի ունեցածը «Իմ քայլը» դաշինքի դիրքորոշում չէ, ԱԺ-ի դիրքորոշում չէ. Ալեն Սիմոնյան |armtimes.com|

armtimes.com: Արդեն մի քանի ժամ է՝ ՀՀ ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ տրանսգենդերներին քարոզչության հարթակ տրամադրելուն: Բողոքի ակցիայի մասնակիցները հորդորում են խմբակցությունների անդամներին՝ հնարավորություն եւ հարթակ չտալ նրանց: Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով ՝ այդ ճանապարհը կտանի պետության, ազգային արժեքների կործանմանը: Ցուցարարների հետ հանդիպեցին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ։ Ցուցարարների հետ հոգեւորական էր գնացել, որպեսզի ԱԺ ամբիոնն օրհնի։ Սիմոնյանը նշեց, որ նրանք, ովքեր ներկայացել են, եկել են հատուկ հրավերներով։ «Մեղադրել որեւէ քաղաքական ուժի, նույնիսկ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ինչ-որ բանի համար, պետք չէ»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ հրավիրված հանձնաժողովը ՀԿ-ների եւ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից բարձրացրած հարցերը լսելու համար է եղել. «Հանձնաժողովը այդ մարդկանց լսելու համար է եղել։ Տեղի ունեցածը «Իմ քայլը» դաշինքի դիրքորոշում չէ, ԱԺ-ի դիրքորոշում չէ, ՀՀ քաղաքացիների մեծամասնության դիրքորոշում չէ»,- եզրափակեց Սիմոնյանը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունից միայն երկու պատգամավորներ են ներկա եղել եւ առանձնահատուկ հրավեր չի եղել խմբակցության կողմից։  
15:42 - 08 ապրիլի, 2019
Ես չեմ ճանաչում վերը նշված մաքրություն անող կազմակերպության ոչ տիրոջը, ոչ տնօրենին. Ալեն Սիմոնյան

Ես չեմ ճանաչում վերը նշված մաքրություն անող կազմակերպության ոչ տիրոջը, ոչ տնօրենին. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Այսօր «Փաստ» թերթը հերթական սուտն է իմ մասին գրել, թե իբր ԱԺ մաքրուհիների հետ խոսել եմ, քանզի իմ ընկերոջ կազմակերպությունն է շահել մաքրություն կազմակերպելու տենդեռը, և ես նույնիսկ տարբեր տեղեր եմ զանգահարել դրա համար: Հիմա, որ դատի տամ, կամ սկսեմ արհամարհել այս թերթին, պետք է ասեն` ճնշում մամուլի վրա:Այս նույն «լրատվականը» օրեր առաջ շահարկում էր տարիներ առաջ մահացած իմ ընկերոջ մահը, որ իր կայքի այցելությունները ապահովեր: «Գաղտնիքը բացահայտված է, ով է սպանել դերասանին», իսկ նյութի մեջ ընդամենը հին տեսանյութ էր, որտեղ բժիշկը պատմում էր, որ մահամերձ ընկերս իրենց մոտ է և վատ վիճակում: Հիմա փաստ Ես չեմ ճանաչում վերը նշված մաքրություն անող կազմակերպության ոչ տիրոջը, ոչ տնօրենին, ես ճանաչում եմ մաքրուհիներին, ովքեր ինձ դիմել են և ես փորձել եմ նրանց օգնել, և ես ճանաչում եմ շատերին այս, «լրատվական» -ում և ուզում եմ ասել` ամոթ Ձեր արած «գործին»»։       
06:53 - 29 մարտի, 2019
Եթե նախագծում այդ փոփոխությունը չլինի, ԱԺ-ն դեմ կքվեարկի. Ալեն Սիմոնյան |hraparak.am|

Եթե նախագծում այդ փոփոխությունը չլինի, ԱԺ-ն դեմ կքվեարկի. Ալեն Սիմոնյան |hraparak.am|

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մոտ էին եկել գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվողները, որոնք նախօրեին բողոքի ցույց էին անում կառավարության շենքի դիմաց։ Նրանք դժգոհում են Հարկային օրենսգրքի փոփոխություններից, որով բարձրացվում է գազավորված ըմպելիքների վրա դրվող ակցիզային հարկը, ինչը, ըստ գործարարների, կարող է հանգեցնել մինչեւ 30 տոկոս թանկացման, վաճառքի ծավալների անկման եւ, վերջապես՝ գործարանի փակման։ ԱԺ-ում նրանց հետ հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Սիմոնյանը գործարարների հետ հանդիպել էր նաեւ մի քանի օր առաջ, երբ նրանք կառավարության շենքի դիմաց ցույց էին անում։ Նա մեզ հետ զրույցում ասաց․ «Մեր քննարկումների շնորհիվ գրեթե վստահ ենք, կարելի է ասել՝ 90 տոկոս հավանականությամբ, այն նախագիծը, որի դեմ բողոքում էին, կփոփոխվի, եւ գործարարները չեն տուժի։ Սա ենթադրում է, որ նախագծում փոփոխություն կկատարվի»։ Նրա խոսքով, եթե այդ փոփոխությունը չկատարվի նախագծում, իրենք մտադիր են դրա հետ կապված շատ լուրջ միջամտություն կատարել։ «Կարող է եւ դեմ քվեարկենք, եթե փոփոխություն չլինի»,- ասաց նա։ hraparak.am
06:45 - 13 մարտի, 2019
Արցախի խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի կարող լինել. Ալեն Սիմոնյանը՝ Ղազախստանի դեսպանին

Արցախի խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի կարող լինել. Ալեն Սիմոնյանը՝ Ղազախստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության օրակարգի առաջմղմանն առնչվող հարցերի: Ալեն Սիմոնյանը կարեւորել է երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել զարգացումն ու միջխորհրդարանական կապերի խորացումը: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը տեղեկացրել է, որ շուտով կձեւավորվի Հայաստան-Ղազախստան բարեկամական խումբը, որն ակտիվ դերակատարություն կունենա փոխադարձ կապերի ընդլայնման գործում: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է միջխորհրդարանական կառույցներում պատվիրակությունների համագործակցված աշխատանքին, այս հարցում կարեւորել երկկողմ հետաքրքրություն ունեցող խնդիրներում միմյանց աջակցելը: Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Ալեն Սիմոնյանը, անընդունելի համարելով մեր հարեւան պետության կողմից խաղաղության հաստատմանը խոչընդոտող կոչերը եւ ռազմատենչ հռետորաբանությունը, ընդգծել է, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի կարող լինել: Դեսպանն իր հերթին կարեւորել է հակամարտությունների խաղաղ կարգավորումը: ՀՀ ազգային ժողով
13:06 - 12 մարտի, 2019
«Միտում չունենք միանշանակ մերժելու ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունները»․Ալեն Սիմոնյան |armenpress.am|

«Միտում չունենք միանշանակ մերժելու ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունները»․Ալեն Սիմոնյան |armenpress.am|

Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը չի պատրաստվում ընդդիմության՝ կառավարության բացասական եզրակացությունը ստացած բոլոր օրենսդրական նախաձեռություններին խորհրդարանում դեմ քվեարկել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:  Ազգային ժողովը նախորդ քառօրյա նիստում չընդունեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների կողմից առաջադրված երկու նույնաբովանդակ օրենսդրական նախաձեռնությունները: Դրանցով առաջարկվում էր նախնական կալանքի մեկ օրը հաշվարկել որպես մեկ ու կես օր: Նախագծերի չընդունումից հետո ընդդիմադիր որոշ գործիչներ քննադատություններ հնչեցրին՝ մասնավորապես նշելով,  որ իշխանական խմբակցությունը շարունակում է նախորդ իշխանությունների քաղաքականությունը՝ չի ընդունում կառավարության բացասական եզրակացությամբ նախագծերը:  Ալեն Սիմոնյանը հերքեց նման մոտեցմամբ առաջնորդվելը։ «Եթե մենք համաձայն չենք մի նախագծի համար, նշանակում է իշխանությունը մերժո՞ւմ է: Քառօրյայում ընդդիմության կողմից եղան օրենսդրական նախաձեռնություններ՝ ուսման վարձի տարաժամկետմանը և զինվորական ծառայությունից խուսափածներին վերաբերող, որոնք ընդունվեցին: Իսկ նախնական կալանքի մեկ օրը որպես մեկ ու կես հաշվելու մասին նախագծի հետ կապված մենք աշխատում ենք»,-ասաց Սիմոնյանը:  armenpress.am  
06:13 - 11 մարտի, 2019