ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Պատգամավորի տան մոտ ծաղկեպասակ դնելու դեպքերն ավելացնում են լարվածությունը բարդ իրավիճակում. ՀՀ ՄԻՊ

Պատգամավորի տան մոտ ծաղկեպասակ դնելու դեպքերն ավելացնում են լարվածությունը բարդ իրավիճակում. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների տների կամ շենքերի մոտ վերջին օրերին ծաղկեպսակներ ու դագաղներ, այդ պատգամավորների նկարներ տեղադրելու դեպքերին՝ նշելով, որ նման դեպքերն ավելացնում են լարվածությունը առանց այն էլ բարդ ու ճգնաժամային իրավիճակում: Արման Թաթոյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների տների կամ շենքերի մոտ վերջին օրերին տեղադրվել են ծաղկեպսակներ ու դագաղներ այդ պատգամավորների նկարներով: Սրա հետ կապված` արձանագրվել են հանրային որոշ քննարկումներ, որոնք նկատի ունենալով 2018թ. նույն երևույթները` հղում են անում «բումերանգի օրենքին»: «Այն, որ այս արատավոր երևույթները տեղի են ունեցել 2018թ., չի նշանակում, թե նույնը պետք է անել հիմա: Հակառակ դեպքում մենք կհայտնվենք այնպիսի վտանգավոր փակ շղթայի մեջ, որ ամեն անգամ նույն արատավոր երևույթը կարող է կրկնվել` հղում անելով «բումերանգի օրենքին» կամ դա անելով «վրեժի» զգացումից դրդված»,- գրել է նա՝ հավելելով, որ նշվածը նույն սկզբունքով անթույլատրելի է գնահատել նաև 2018թ.: Նրա խոսքով՝ այդ ժամանակ է Պաշտպանը նաև նշել, որ նման արարքները ոտնահարում են մարդու, նրա ընտանիքի արժանապատվությունը, խաթարում են մարդու ընտանեկան ու մասնավոր կյանքը: Դրանք պարունակում են բռնության սադրանքի տարրեր ու կարող են խախտել են մարդու, նրա ընտանիքի հոգեկան վիճակը: «Այս ամենը միայն ավելացնում է լարվածությունը առանց այն էլ բարդ ու ճգնաժամային իրավիճակում»,- շեշտել է ՀՀ ՄԻՊ-ն՝ ընդգծելով, որ մեր երկրում բոլոր իրադարձությունների զարգացումը պետք է ապահովվի մարդու արժանապատվության, նրա իրավունքների նկատմամբ հարգանքի ճանապարհով:
13:30 - 07 մարտի, 2021
Սյունիքի բնակիչների իրավունքների երաշխավորման համար ճանապարհներին և գյուղերի մոտ ադրբեջանական դրոշներ չպետք է լինեն. ՄԻՊ

Սյունիքի բնակիչների իրավունքների երաշխավորման համար ճանապարհներին և գյուղերի մոտ ադրբեջանական դրոշներ չպետք է լինեն. ՄԻՊ

Ադրբեջանի նախագա՞հն է չէ ՀՀ Սյունիքի մարզի համայնքները միավորող ճանապարհներին կամ գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջական զինված ծառայողների գերագույն հրամանատարը: Իրե՞նք են չէ կրակում Սյունիքի գյուղերի մոտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Ադրբեջանի նախագա՞հն է չէ ասում, որ իրենց «ռազմավարական ու քաղաքական նպատակն է Զանգեզուր, Երևան, Սևան վերադառնալը» ու վիրավորանքի, ատելության բսռերով խոսում Հայաստանի, Արցախի ողջ բնակչության մասին: Ադրբեջական զինծառայողները հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս ու սպանելիս նույն բառերն էին օգտագործում: Այս ամենը ևս հիմնավորում է, որ, Սյունիքի մարզի բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարևանությամբ նրանք (դրոշներն ու ցուցանակներն էլ) չպետք է լինեն»,- գրել է Թաթոյանը:
12:58 - 07 մարտի, 2021
ՄԻՊ-ը Բունդեսթագում բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցը

ՄԻՊ-ը Բունդեսթագում բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցը

Գերմանիայի Բունդեսթագում այսօր կազմակերպվել է օնլայն հատուկ քննարկում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ, որի ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել առանձին զեկույցով։ Քննարկումը տեղի է ունեցել Բունդեսթագի մարդու իրավունքների և հումանիտար հարցերով մշտական հանձաժողովի նախագահ Միխայել Բրանդթի և Բունդեսթագի պետիցիոն հանձնաժողովի նախագահ Մարիան Վենդթի ղեկավարությամբ։  Քննարկմանը մասնակցել է Գերմանիայի 70-ից ավելի պատգամավոր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը: Պաշտպանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը: Արման Թաթոյանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանն ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու երկրում լարվածություն առաջացնելու նպատակով: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ներկայացրել է մարդասիրական ու մարդու իրավունքների ոլորտի միջազգային այն կանոնները, որոնք պահանջում են գերիների անհապաղ ազատ արձակում ու անվտանգ վերադարձ: Ընդ որում, միջազգային մարդասիրական իրավունքի ու գերիների իրավունքների կոպիտ խախտում է նրանց իբրև «ահաբեկիչներ» ներկայացնելը, քանի որ խոսքը գնում է շարունակվող զինված հակամարտության մասին: Պաշտպանը նաև ներկայացրել է տեղեկություններ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքների (գլխատումներ, խոշտանգումներ, մարմինների անարգանք և այլն) մասին: Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի խորհրդարանի պատգամավորներին կազմակերպված քննարկման համար: Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությունն այս քննարկումը կազմակերպելու հարցում: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից հավաքագրված ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների վերաբերյալ ապացույցները Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը փոխանցել է Գերմանիայում գործող Amnesty international իրավապաշտպան կազմակերպությանը։
22:43 - 04 մարտի, 2021
ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում․ ՄԻՊ

ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ: Արձանագրվել են նաև նման հրապարակային անհանգստություններ: Պաշտպանի աշխատակազմը դիտարկում է իրականացնում լրատվամիջոցներով և հավաքի վայրում, որտեղ առկա են նաև երեխաներ ու տարեցներ: ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, այդ թվում՝ զինվորական համազգեստով դիպուկահարների ցուցադրական ներկայությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում: Պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը և չպետք է լինեն այնպիսին, որ ստանան խաղաղ հավաքին մասնակցությունը կանխող կամ անհանգստություն պատճառող բնույթ:
18:18 - 03 մարտի, 2021
Վարչական ռեսուրսի օգտագործմամբ հավաքների կազմակերպումն անթույլատրելի է․ ՄԻՊ

Վարչական ռեսուրսի օգտագործմամբ հավաքների կազմակերպումն անթույլատրելի է․ ՄԻՊ

Այսօրվա հավաքներին ընդառաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է իր դիրքորոշումները երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Դիրքորոշումները՝ ստորև. «1. Հայաստանի Հանրապետությունում բոլոր իրադարձությունները պետք է զարգանան բացառապես ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկատմամբ անվերապահ հարգանքի ու համերաշխության պայմաններում՝ հիմքում ունենալով Սահմանադրությունն ու իրավունքի գերակայության պահանջները: Անմիջական ժողովրդավարությունից զատ, հիմնարար նշանակություն ունի նաև ներկայացուցչական ժողովրդավարությունը, որը հռչակված է ՀՀ Սահմանադրությամբ՝ որպես հիմնարար սկզբունք ու դա պետք է իրացվի ժողովրդավարական հաստատությունների աշխատանքով: 2. Ուստի, անփոխարինելի է ժողովրդավարական հաստատությունների ու առաջին հերթին խորհրդարանի դերը մանավանդ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում: 3. Բարդ ու ճգնաժամային իրավիճակներում խորհրդարանը հավասարակշռող ու զսպող, առկա խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներ ապահովող հաստատություն է: Խորհրդարանի պասիվությունը բացասական է ազդում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման վրա և իրադարձությունների զարգացումը մղում է ժողովրդավարական հաստատություններից դուրս, ինչն էլ իր հերթին կարող է մեծացնել լարվածությունը: Այն պետք է լինի ակտիվ ու նախաձեռնողական: 4. Հետևաբար, այս օրերին Ազգային ժողովը պետք է լինի Հայաստանում ժողովրդավարական զարգացումների անկասելիության հիմնարար երաշխավորը: 5.  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումներն արձանագրում են, որ երկրում առկա է անհանդուրժողականության բարձր մակարդակ ու լարվածություն: Սոցիալական ցանցերում շարունակվում են վիրավորանքներն ու ատելության խոսքը, տարբեր հարցերում փոխադարձ մեղադրանքները՝ առողջ կամ մասնագիտական քննարկումների գրեթե լիակատար բացակայության պայմաններում: Սրան ավելանում է նաև տարբեր կողմերի որոշ հանրային գործիչների անթույլատրելի կերպով անհանդուրժողականությունն ավելացնող հանրային խոսքն ու ելույթները: 6. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր ևս իրականացնելու է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կազմակերպմամբ տեղի ունենալիք հավաքների դիտարկումներ: 7.  Խաղաղ հավաքների ազատության  հիմնարար նպատակներից է ապահովել հանրային քննարկման հարթակ և բողոքի բաց արտահայտման հնարավորություն, հատկապես եթե տեղի է ունենում հանրային նշանակության այնպիսի իրադարձություն, որին հասարակությունը անհրաժեշտ է համարում հրատապ արձագանքել: Խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով: 8.     Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է ընդգծում, որ պետությունն է կրում խաղաղ հավաքների ազատությունը և հավաքների մասնակիցների անվտանգությունը երաշխավորելու պոզիտիվ պարտավորություն: Սա է մեր երկրի միջազգային պարտավորությունն է: 9.     Քանի որ այսօր տեղի են ունենալու հակընդդեմ հավաքներ, Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է մեջբերում Եվրոպայի խորհրդի իրավական չափանիշները. հակընդդեմ հավաքների դեպքում շեշտադրումը պետք է դրվի պետության պարտավորության վրա պաշտպանելու ու ապահովելու դրանցից յուրաքանչյուրը, և պետությունը պարտավոր է հատկացնել համարժեք ռեսուրսներ ու նպաստել դրանց իրացմանը: Սրանով հանդերձ, նույնիսկ «բախման անմիջական վտանգը» չի կարող ինքնաբերաբար պատճառ դառնալ նույն ժամանակահատվածում և տարածքում իրականացվող հավաքներից մեկի արգելման համար: 10.   Ոստիկանության պարտականությունն է հակընդդեմ հավաքների դեպքում դրանցից յուրաքանչյուրի մասնակիցների պաշտպանությունը հակընդդեմ որևէ հավաքի կամ ակցիայի մասնակիցների հարձակումներից կամ բռնությունից, նրանց անվտանգության ապահովումը: 11. Այս առումով, խնդրահարույց էր, օրինակ, այն, որ 2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության հրապարակից տեղի ունեցավ երթ դեպի Ազատության հրապարակ ու այդտեղ առկա՝ ընդդիմության հակընդդեմ հավաքի ընթացքում արձանագրվեցին հավաքների մասնակիցների միջև բախումների մի շարք դեպքեր: 12. Նման զարգացումները պետք է ի սպառ բացառվեն ու դրա ապահովումը պետության պոզիտիվ պարտավորությունն է: 13. Հավաքի կազմակերպիչները պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակընդդեմ հավաքի մասնակիցների հետ բախման, հատկապես եթե առկա է լարվածություն երկու հակընդդեմ հավաքների մասնակիցների միջև: 14. Ուստի, հավաքների կազմակերպիչները՝ անկախ նրանից այդ հավաքներն իշխանության, թե ընդդիմության կազմակերպմամբ են, պարտավոր են ցուցաբերել առավելագույն զգոնություն, դրսևորել զսպվածություն, ամեն ինչ անել, որպեսզի ապահովվի հավաքի խաղաղ բնույթը և բացառվի որևէ տեսակի լարվածության տանող երևույթ: Պետք է հաշվի առնել, որ առանց այն էլ երկիրը գտնվում է հետպատերազմական բարդ շրջանում, իսկ հասարակությունը՝ հասկանալիորեն էմոցիոնալ լարված վիճակում: 15.  Թե՛ իշխանության մարմինների, թե՛ ընդդիմության հավաքների ու հնարավոր երթերի ընթացքում կազմակերպիչները պետք է բացառեն վիրավորանքի ու անհանդուրժողականությունն ավելացնող բառապաշար ու գործողություններ: 16. Վերը նշվածից բացի, երեկ ու այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում արձանագրել է հրապարակումներ, այդ թվում տեսանյութեր այն մասին, որ վարչական ռեսուրսի օգտագործմամբ պետական կառավարման մարմինների ու հատկապես մարզպետարանների միջոցով կազմակերպվում է մարդկանց (այլոց թվում նաև դպրոցներից) մասնակցությունը իշխանության մարմինների կողմից հայտարարված այսօրվա հավաքին: Նման ահազանգեր են ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև այդպիսի հրապարակային պնդումներ են արել մի շարք հանրային գործիչներ՝ կապված մարզպետարանների անմիջական ներգրավածության հետ: 17.  Առհասարակ, վարչական ռեսուրսի օգտագործմամբ հավաքների կազմակերպումն անթույլատրելի է ու առավել ևս անթույլատրելի է, եթե դա անում են իշխանության մարմիններն իրենց իսկ կազմակերպմամբ տեղի ունեցող հավաքին: Ուստի, հաշվի առնելով նշված տեղեկությունների զգալի ծավալը, երկրում ստեղծված իրավիճակը ու խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորելու պետության պոզիտիվ պարտավորությունը՝ այդ տեղեկությունները պետք է հիմնավոր կերպով հերքվեն հավաքի կազմակերպիչների՝ իշխանության մարմինների կողմից, եթե դրանք չեն համապատասխանում իրականությանը: 18. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը արձանագրել է նաև Ոստիկանության 2021թ. փետրվարի 16-ի հայտարարությունն առ այն, որ որոշ գործատուներ, իրենց լծակներն օգտագործելով, աշխատողներին պարտադրում են մասնակցել ընդդիմության հանրահավաքներին: Պաշտպանի աշխատակազմն արձանագրել էր նաև սոցիալական ցանցերում հրապարակված նույնաբնույթ տեղեկություններ` կապված  2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության հրապարակում իշխանության կազմակերպած հավաքին մարդկանց մասնակցության հետ: 19. Ողջ վերը նշվածի ամփոփմամբ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ միայն ժողովրդավարական գործընթացներն են ունակ ապահովել անհանդուրժողականության բացառում, զսպել լարվածությունը և երաշխավորել իրադարձությունների զարգացումը համերաշխության պայմաններում: Չպետք է որևէ պարագայում թույլ տալ, որպեսզի տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ: 20. Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների համակարգն են ընկած նաև երկրի անվտանգության հիմքում: 21. Մարդու իրավունքներն ու ազատությունները կարող են երաշխավորված լինել միայն ժողովրդավարության պայմաններում»:
16:36 - 01 մարտի, 2021
Հանցանքների համար անպատժելիությունն առաջ է բերում նոր, ավելի կոպիտ խախտումներ, ավելի դաժան հանցանքներ. ՀՀ ՄԻՊ

Հանցանքների համար անպատժելիությունն առաջ է բերում նոր, ավելի կոպիտ խախտումներ, ավելի դաժան հանցանքներ. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սումգայիթի ջարդերի վերաբերյալ գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում, մասնավորապես, ասվում է. «Այսօր լրանում է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988թ. փետրվարի 27-29-ի հայկական զանգվածային ջարդերի 33-րդ տարելիցը:   1. Սումգայիթի ոճրագործությունն սկսվեց 1988թ. փետրվարի 26-ի երեկոյան ու հենց միանգամից ուղեկցվեց սպանություններով, հայերին կենդանի վիճակում այրելով ու անդամալույծ անելով, նրանց տներն ու անձնական իրերն ավերելով:  2. Սրանով սկիզբ դրվեցին ու շարունակվեցին Գանձակում (Կիրովաբադ), Բաքվում, Մարաղայում, Շահումյանում և մյուս ավելի քան 320 հայաբնակ քաղաքներում ու գյուղերում հայերի նկատմամբ վայրագությունները: Միայն Գանձակ քաղաքում 1988թ. դրությամբ ապրում էր 45 հազար հայ:  3. Նշված բոլոր վայրերում տեղի ունեցան հայ խաղաղ բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներ, նրանք դաժանաբար սպանվեցին, այդ թվում՝ կյանքից բարբարոսաբար զրկվեցին երեխաներ, կանայք ու տարեցներ, ենթարկվեցին խոշտանգումների, ինչի արդյունքում նաև տանջամահ եղան, մարմինները ենթարկվեցին անարգանքի: Իրենց մշտական բնակության վայրերից բռնի տեղահանվեցին հազարավոր հայեր: Ավերվեցին ու ոչնչացվեցին խաղաղ բնակիչների տներն ու անձնական իրերը:  4. Ընդամենը 2 օրինակ՝ 1991թ. ապրիլի 29-ից մինչև օգոստոսի կեսերն ադրբեջանական ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը (ՕՄՕՆ) իրականացրեց «Օղակ» գործողությունը, որի արդյունքում բռնագաղթի ենթարկվեց Խանլարի, Շահումյանի, Հադրութի, Շամխորի, Ղազախի, Գետաբեկի շրջանների հայ բնակչությունը: 1992թ. ապրիլի 10-ին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում Ադրբեջանի զինված ստորաբաժանումներն իրագործեցին խաղաղ հայ բնակչության անխնա ոչնչացումը, որտեղ զոհվածների թիվը հասնում էր 57-ի՝ գերակշիռ մասը՝ կանայք, երեխաներ, ծերեր, որոնց ծեծել, անարգել, բռնաբարել, անդամահատել, այրել են, ինչպես կենդանության օրոք, այնպես էլ մահվանից հետո:  5. Ընդ որում, այս ամենը կատարվել է հրոսակախմբերի կողմից իրավապահ մարմինների ամենաթողության պայմաններում, իսկ առանձին դեպքերում՝ հենց այդ մարմինների անմիջական մասնակցությամբ:  6. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տիրապետում է հավաստի, այդ թվում՝ օբյեկտիվ ապացույցների, որոնք հաստատում են ողջ նկարագրվածը:  7. Ապացուցված փաստ է, որ նշված վայրագությունները տեղի են ունեցել ի պատասխան իրենց կյանքի, անվտանգության ու կենսական կարևորության մյուս իրավունքները պաշտպանելուն, ինքնորոշման իրենց անօտարելի իրավունքը վերականգնելուն ուղղված Արցախի հայերի քայլերի:  8. Փաստերը հաստատում են, որ հայերի նկատմամբ նշված վայրագություններն իրականացվել են բացառապես էթնիկ պատկանելիության հիմքով և կրել են հայրենազրկման և ոչնչացման բնույթ: Այսինքն՝ խոսքն էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին է, որի հիմքում հայերի նկատմամբ պետական աջակցությամբ հայատյացությունն էր:  9. Ապացույցները հաստատում են, որ հետագա տարիներին հայատյացությունն ու հայերի նկատմամբ թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունն ստացավ նոր զարգացումներ: Հայասպանությունը, ազգությամբ հային խոշտագելը միայն ակնհայտ խրախուսվում էր Ադրբեջանի բարձրագույն իշխանության մարմինների կողմից:  10. Սրա կոնկրետ վկայություն է 2004թ. փետրվարին Բուդապեշտում միջազգային դասընթացի ժամանակ ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը կացնով՝ իր հյուրանոցի սենյակում, քնած վիճակում: Նա հետագայում հանձնվեց Ադրբեջանին ու դրանից հետո ոչ միայն ազատ արձակվեց, այլ նաև ստացավ բարձրագույն մակարդակի հերոսացման:  11. «Մակուչյանն և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» (գանգատ թիվ 17247/13) գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2020թ. արձանագրեց, որ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ներում շնորհելը, արտոնությունների տրամադրումը, պետական ամենաբարձր մակարդակով քաջալերումը, Ադրբեջանի ողջ հասարակության շրջանակում հերոսացումը եղել են էթնիկ դրդապատճառներով։ Ըստ Եվրոպական դատարանի՝ դրա մասին են վկայել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որտեղ արտահայտել են իրենց աջակցությունն արարքի կատարման հարցում:  12. Արցախի բնակչության դեմ 2016թ. Ապրիլյան ու 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմների ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ադրբեջանական Զինված ուժերի կողմից էթնիկ պատկանելիության հիմքով վայրագություններ, այդ թվում՝ հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների դաժան սպանություններ, խոշտանգումներ, մարմինների անարգանքի բազմաթիվ դեպքեր: Այս ամենն իրականացրել են ադրբեջանական Զինված ուժերն ու ներգրավված ահաբեկիչները, որոնք տեսանկարում էին տեսանյութեր ու ակնհայտ վստահ լինելով, որ անպատժելի են, ցինիկաբար բաց դեմքով ցուցադրում, թե ինչպես են, օրինակ, կտրում հայի գլուխ, ականջ կամ անարգանքի ենթարկում մարմիններ:  13. Այդ պատերազմներին նախորդել ու դրանց զուգահեռ առավել մեծ ագրեսիվությամբ շարունակվել են հայատյացությունն ու հայասպանության խրախուսումը: Այս մասին նույնպես առկա են օբյեկտիվ ապացույցների վրա հիմնված զեկույցներ:  14. Մինչ օրս էլ Ադրբեջանում շարունակվում է հայատյացությունը, հայ հասարակությանը տառապանքներ պատճառելու և զգացմունքների հետ խաղալու, լարվածություն առաջացնելու պետական քաղաքականությունը: Այս մասին ակնհայտորեն վկայում է հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողներին գերեվարելը ու նրանց արհեստական պատճառներով չվերադարձնելը, հարցը մշտապես քաղաքականացնելն ու սակարկությունների առարկա դարձնելը:  15. Ցավոք, միջազգային հանրության ու, հատկապես, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների խիստ անհամաչափ արձագանքը նկարագրված վայրագություններին, իսկ շատ դեպքերում պարզապես լռությունը՝ միայն նպաստել է նրան, որ հայերի նկատմամբ 1988թ. վայրագություններն ու հայատյացությունը ոչ միայն չբացառվեցին հետագայում, այլ նաև խորացան ու առավել դաժան դրսևորումներ ստացան:  16. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անձամբ իր ու ողջ աշխատակազմի անունից իրենց հարգանքի տուրքն են մատուցում Սումգայիթի ու մյուս բնակավայրերի հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին և ի գիտություն միջազգային համաշխարհային հանրության՝ հատուկ ընդգծում, որ իրավունքների խախտումների, հանցանքների համար անպատժելիությունն առաջ է բերում նոր, ավելի կոպիտ խախտումներ, ավելի դաժան հանցանքներ»:   
10:12 - 28 փետրվարի, 2021
Դատապարտելի է, որ Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի հարցը քաղաքականացվում է. Արման Թաթոյան

Դատապարտելի է, որ Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի հարցը քաղաքականացվում է. Արման Թաթոյան

Երեկ՝ 2021թ. փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Մենք հակաահաբեկչական միջոցառում իրականացրեցինք և արդյունքում 60-ից ավել ահաբեկիչ ձերբակալվեց: Նրանց հիմա անվանում են ռազմագերի: Մենք կարծում ենք, որ դա հարցի աղավաղում է, որովհետև պատերազմի ավարտից 20 օր հետո ռազմագերի չի կարող լինել: Մենք բոլոր ռազմագերիներին վերադարձրել ենք: Մենք նրանց վերադարձրել ենք նախքան իրենք մեզ մեր գերիներին կվերադարձնեին: Իսկ այս մարդիկ ռազմագերի չեն, ահաբեկիչ են, դիվերսանտ են»: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վերոնշյալի վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ ևս մեկ անգամ արձանագրելով, որ Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են:  «Բոլոր զինծառայողներն Արցախում են գտնվել՝ իրենց սահմանադրական պարտականությունը կատարելու համար, նրանք Արցախում տարել են զինվորական իրավական ծառայություն: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած հավաստի ապացույցները հաստատում են, որ գերեվարված անձանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև մեկ խմբով թվով 44 գերիների վերադարձին: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիվ դեպքեր, երբ չնայած տեսանյութերով ու այլ ապացույցներով հաստատվող դեպքերին՝ ադրբեջանական իշխանության մարմինները մերժում են անձանց գտնվելու փաստն իրենց մոտ կամ ձգձգում են հաստատման գործընթացը: Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների նկատմամբ քրեական հետապնդման ընթացակարգեր նախաձեռնելը, նրանց կալանավորելն ու առավել ևս նրանց «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» կոչելը միջազգային մարդասիրական իրավունքի ու առհասարակ մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են: Իրենց զինվորական իրավական ծառայությունն իրականացնելու համար նրանք չեն կարող որևէ տեսակի քրեական հետապնդման ենթարկվել կամ կալանավորվել՝ որպես պատիժ: Այս պնդումը հատկապես բխում է 1949 թվականի Ժնևի երրորդ կոնվենցիայի պահանջներից: Ադրբեջանական իշխանությունները նախ արհեստականորեն ձգձգում էին հայկական կողմի գերիների վերադարձը, իսկ այնուհետև սկսեցին նենգափոխել և չարաշահել իրավական գործընթացները և ուղիղ տեքստով հայտարարել, որ Ադրբեջանում պահվում են միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտները»:  Միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է նման վերաբերմունքը: Դա ակնհայտորեն պարունակում է պատերազմական հանցագործության հատկանիշներ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նաև հարկ է համարում հատուկ ընդգծել, որ հետպատերազմական գործընթացում մարդու իրավունքների կամ մարդասիրական հարցերը, այդ թվում՝ գերիների ազատ արձակումն ու վերադարձը պետք է ապահովվի ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո և դրանք պետք է զերծ պահվեն քաղաքական գործընթացներից: Այս արգելքը գործում է ցանկացած պարագայում՝ միջազգային իրավունքում, անկախ կոնկրետ հակամարտությունների վերաբերող փաստաթղթերում ամրագրված լինելուց: Բացարձակ անընդունելի է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե պատերազմի ավարտից 20 օր հետո ռազմագերի չի կարող լինել՝ այդպիսով գերիներին անվանելով «դիվերսանտ» կամ ահաբեկիչ կարող է լինել միայն: Անթույլատրելի է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մեկնաբանել այնպես, իբր դրա գործողությունը տարածվում է միայն այդ հայտարարության ստորագրումից առաջ առկա իրավիճակի վրա: Նախ, թե՛ նոյեմբերի 9-ի հայտարարությունից առաջ, թե՛ դրանից հետո ու հիմա էլ գործ ունենք ընթացող (չավարտված) զինված հակամարտության հետ. այս կանոնն ուղղակիորեն բխում է միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներից: Դրանից բացի, Ադրբեջանի նախագահի հայտարարությունն ուղղակիորեն հակասում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի մտադրություններին ու այդ հայտարարության կիրառության պրակտիկային: Մասնավորապես, այդ հայտարարության 8-րդ կետի պահանջի հիման վրա Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ Ադրբեջանին է փոխանցել Արցախում հանցանքներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների սպանություն կատարած և դատապարտված երկու անձի: Ադրբեջանը նույն սկզբունքով Հայաստանին է փոխանցել այդ երկրում ֆորմալ դատապարտված հայերի: Հայաստանն ու Ադրբեջանը փոխանցել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված անձանց ևս: Այնպես որ նշված հայտարարությունը պետք է կիրառվի ինչպես նոյեմբերի 9-ից առաջ, այնպես էլ դրանից հետո բոլոր իրավիճակների նկատմամբ. այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ առկա է մարդու իրավունքների պաշտպանության ու մարդասիրական գործընթացի օբյեկտիվ անհրաժեշտություն: Ուստի, սկզբունքորեն անթույլատրելի է գերիների առկայությունը եռակողմ հայտարարության սոսկ ամսաթվով պայմանավորելը: Եվս մեկ անգամ հստակ շեշտում եմ, որ, անկախ գերեվարվելու ամսաթվից, Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք գերիներ են իրենց կարգավիճակով: Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում հայատյացության քաղաքականության համատեքստում, ինչը բազմիցս հաստատվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ օբյեկտիվ ապացույցների հիման վրա հրապարակած զեկույցներով: Ուստի, բացարձակ դատապարտելի է, որ Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցն ակնհայտ քաղաքականացվում է, իսկ իրավական գործընթացները նենգափոխվում են ու ենթարկվում չարաշահման: Այս ամենը կոպտորեն խախտում է մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային պահանջները: Ուստի, նրանք առանց որևէ նախապայմանի պետք է ազատ արձակվեն և անվտանգ վերադարձվեն Հայաստան: Ուստի, հրավիրում եմ միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունն Ադրբեջանի նախագահի նշված հայտարարության վրա՝ բացառելու համար մարդասիրական գործընթացի որևէ խախտում, ապահովելու համար այդ գործընթացի խիստ համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային պահանջներին»,- ասված է ՀՀ ՄԻՊ-ի տարածած հայտարարության մեջ:
11:20 - 27 փետրվարի, 2021
Մտահոգիչ է,որ մի քանի օր է ԱԺ-ում ընդդիմադիրների նախաձեռնած նիստերը չեն կայանում. ՄԻՊ

Մտահոգիչ է,որ մի քանի օր է ԱԺ-ում ընդդիմադիրների նախաձեռնած նիստերը չեն կայանում. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մի շարք դիրքորոշումներ երկրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ 1. Մարդու իրավունքներն ու ազատությունները կարող են երաշխավորված լինել միայն ժողովրդավարության պայմաններում: Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների համակարգն են ընկած նաև երկրի անվտանգության հիմքում: 2. Ժողովրդավարական գործընթացներն են, որ ապահովում են անհանդուրժողականության բացառում, զսպում են լարվածությունը և երաշխավորում են իրադարձությունների զարգացումը համերաշխության պայմաններում:Այս օրերին առավել ևս չպետք է որևէ պարագայում թույլ տալ, որպեսզի տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ: 3. Ուստի, ժողովրդավարական բոլոր հաստատություններն այս օրերին պետք է լինեն ակտիվ, պետք է բացառվի նրանց որևէ պասիվություն կամ առավել ևս անգործություն: 4.Մեր երկրի Սահմանադրության 2-րդ հոդվածն ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:Սա անմիջական ժողովրդավարության հիմնարար իրավական ամրագրում է: 5. Սահմանադրության նույն հոդվածը սահմանում է, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:Սա նշանակում է, որ Սահմանադրությունը հռչակել է ներկայացուցչական ժողովրդավարությունը՝ որպես հիմնարար սկզբունքը: 6. Ներկայացուցչական ժողովրդավարության հիմքերից է պառլամենտարիզմը, խորհրդարանը երկրում՝ մանավանդ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում: 7. Հատկապես պետք է նկատի ունենալ խորհրդարանի անփոխարինելի դերը բարդ ու ճգնաժամային իրավիճակներում՝ լինելով հավասարակշռող ու զսպող, առկա ելքերից լուծումներ ապահովող հաստատություն: Մտահոգիչ է, որ արդեն մի քանի օր է խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած նիստերը չեն կայանում, օրակարգային արդիական հարցերը քննարկման չեն արժանանում: Ամեն դեպքում, հանրության համար դրանք չունեն տեսանելիություն: Ժողովրդավարական հաստատութունների ու առաջին հերթին խորհրդարանի պասիվությունը բացասական է ազդում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման վրա: Դա ստիպում է, իրադարձությունների զարգացումը մղում է ժողովրդավարական հաստատություններից դուրս, ինչն էլ իր հերթին կարող է մեծացնել լարվածությունը: 8. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է նաև վերջին օրերի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կազմակերպմամբ հավաքների դիտարկումներ: 9. Նախ, հարկ ենք համարում արձանագրել, որ խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով:Խաղաղ հավաքների ազատության նպատակներից է ապահովել հանրային քննարկման հարթակ և բողոքի բաց արտահայտման հնարավորություն, հատկապես եթե տեղի է ունենում հանրային նշանակության այնպիսի իրադարձություն, որին հասարակությունը անհրաժեշտ է համարում հրատապ արձանգանքել: 10. Հատուկ եմ ընդգծում, որ խաղաղ հավաքների ազատության լիարժեք ու անվտանգ իրականացումը երաշխավորելը պետության պոզիտիվ պարտավորությունն է: 11. Այս ամենով հանդերձ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է անթույլատրելի երևույթներ՝ վիրավորանքի ու ատելության խոսքի բարձր ծավալ: Այս վիճակն անգամ առավել բարձր ծավալով նկատվում է սոցիալական ցանցերում:Սա խիստ մտահոգիչ է նախևառաջ այն առումով, որ հասարակությանը տանում է բևեռացման ու մոտեցումների ռադիկալացման: 12. Մասնավորապես, վիրավորական ու անհանդուրժողականությունը խորացնող արտահայտություններ են արձանագրվել քաղաքական իշխանությանն աջակցող հավաքի ու երթի ժամանակ, մասնավորապես՝ դրանց մասնակիցների կողմից՝ ուղղված ընդդիմության կազմակերպած հավաքի մասնակիցներին: 13. Նույն անթույլատրելի երևույթներն արձանագրվել են նաև ընդդիմության հավաքների ու երթերի ընթացքում թե՛ մասնակիցների, թե՛ որոշ ելույթ ունեցողների կամ կազմակերպիչների կողմից գործածվող՝ վիրավորանքի ու անհանդուրժողականությունն ավելացնող անթույլատրելի բառապաշար ու գործողություններ: 14. Այս առումով, խիստ դատապարտելի է այսօր Երևանի Բաղրամյան պողոտայում անցկացվող հավաքի ժամանակ մահապատժի բեմականացված ցուցադրումը:Առավել ևս դատապարտելի է, որ բեմականացումը ցուցադրվել է զանգվածային հավաքի ժամանակ ու այն էլ այն պայմաններում, որ հավաքը հեռարձակվել է զանգվածային լրատվության միջոցների ուղիղ եթերներով՝ թիրախում ունենալով լայն հանրությանը, այդ թվում՝ ակնհայտ է, որ դա լայն հասանելիություն էր ունենալու նաև երեխաների համար: Հավաքի կազմակերպիչները պարտավոր էին նկատի ունենալ, որ նման երևույթներն ակնհայտ են ասոցացվում բռնության հետ, ստեղծում են բռնությունն արդարացնելու տպավորություն և ակնհայտորեն չեն բխում հավաքի խաղաղ նպատակներից ու առարկայից, ուստի չեն կարող որէև պարագայում թույլատրելի լինել, այն էլ այս լարված օրերին ու միայն նպաստում են լարվածության աճին (կոնկրետ սույն հայտարարության նպատակը ստեղծագործության ազատության սահմանների քննարկումը չէ): 15. Ուստի, հավաքների կազմակերպիչներն՝ անկախ նրանից իշխանության, թե ընդդիմության կազմակերպմամբ են, պարտավոր են ցուցաբերել առավելագույն զգոնություն, դրսևորել զսպվածություն, ամեն ինչ անել, որպեսզի ապահովվի հավաքի խաղաղ բնույթը և բացառվի որևէ տեսակի լարվածության տանող երևույթ:Պետք է նկատի ունենալ, որ առանց այն էլ երկիրը գտնվում է հետպատերազմական բարդ շրջանում, իսկ հասարակությունը՝ հասկանալիորեն էմոցիոնալ լարված վիճակում: 16. Մեր երկրում բոլոր գործընթացները պետք է ընթանան բացառապես ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով նախատեսված ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկամամբ բացառիկ հարգանքի ու համերաշխության պայմաններում:
22:04 - 26 փետրվարի, 2021
Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղարը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատել հայ գերիներին

Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղարը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատել հայ գերիներին

Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեն կոչ է անում անհապաղ ազատել հայ գերիներին: Նրա հայտարարությունը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: «Ես կոչ եմ անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության հետևանքով Ադրբեջանում գերության մեջ պահվող բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Զինված հակամարտության հետևանքով անազատության մեջ գտնվող յուրաքանչյուր ոք պետք է վերադարձվի անմիջապես ռազմական գործողությունների ավարտից հետո և առանց որևէ նախապայմանների: Դա պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների ու մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ», - ՄԻՊ-ի փոխանցմամբ` ասված է Ժոզեֆ Սիգելեի հայտարարության մեջ: Ըստ նրա` հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ձգձգումները խաթարում են մարդկային արժանապատվությունը և լրջորեն խախտում են Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները, ինչը կոպտորեն խարխլում է հետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային մանդատները. «Գերիներին ազատ արձակելը և նրանց անվտանգ վերադարձը պահանջում են անհապաղ լուծում»:
19:02 - 26 փետրվարի, 2021
Պաշտպանն անդրադարձել է տարին 1 անգամ բանկ այցելելու կենսաթոշակառուի պարտականությանը

Պաշտպանն անդրադարձել է տարին 1 անգամ բանկ այցելելու կենսաթոշակառուի պարտականությանը

Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվում բողոքներ այն մասին, որ հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդիկ տևական ժամանակ զրկվում են կենսաթոշակից, քանի որ անկանխիկ եղանակով գումարի վճարումը շարունակելու համար չեն կարողանում տարեկան 1 անգամ բանկ այցելել։ Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:    «Արձանագրվել են դեպքեր, երբ անկողնային վիճակում գտնվող կենսաթոշակառուի ազգականը ստիպված է եղել անկողնային կենսաթոշակառուին ավտոմեքենայով մոտեցնել բանկի մասնաշենքի մոտ, որպեսզի բանկի տեսախցիկը ֆիքսի ավտոմեքենայում պառկած կենսաթոշակառուին և հնարավոր լինի շարունակել նրան հասանելիք կենսաթոշակը վճարել անկանխիկ եղանակով։   Խնդիրն ունի տարիների պատմություն, իսկ օրենսդրական փոփոխություններն այդպես էլ այն չեն լուծել։   Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցներում ու հաղորդումներում արձանագրված է, որ տարեկան մեկ անգամ բանկ չներկայանալու դեպքում կենսաթոշակի մեխանիկական դադարեցումը վիճահարույց է։   Այս կանոնը շատ դժվարություններ է առաջացնում հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող, այդ թվում՝ տարեց մարդկանց կյանքում: Բազմաթիվ բարձաձայնումներից հետո՝ 2020 թվականի մարտի 4-ին Ազգային ժողովն ընդունեց օրենքում փոփոխություն՝ անձամբ բանկ ներկայանալու պահանջի հարցում նախատեսելով բացառություններ:   Ամրագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը բանկը կարող է հաստատել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու:   Նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակով պայմանավորված՝ նշված կարգավորմանը հաջորդեց ՀՀ պարետի ցուցումը, որով կենսաթոշակառուների (նպաստառուների) համար բանկ ներկայանալու ժամկետը երկարաձգվեց մինչև 2020 թվականի սեպտեմբեր ամիսը:   Սեպտեմբեր ամսին միայն Կառավարությունը սահմանեց, որ շահառուի Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա բանկ ներկայանալու, եթե շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկը հաստատել է՝   1) բանկի աշխատակցի՝ Հայաստանի Հանրապետությունում շահառուի գտնվելու վայր այցելությամբ.   2) իր ներքին ընթացակարգերին համապատասխան՝ տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ (հաստատելով շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը):   Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունները և մշտադիտարկումը վկայում են, որ գործնականում բանկի աշխատակիցները չեն այցելում շահառուի գտնվելու վայր եւ ոչ բոլոր բանկերն են ներդրել կամ կիրառել տեղեկատվատեխնիկական միջոցներ։   Այսինքն, փոփոխությամբ նախատեսվել է բանկի հայեցողական մոտեցումը «կարող է» բառի ամրագրմամբ՝ որպես կենսաթոշակի իրավունքի իրացման պայման:   Այլ կերպ ասած, համոզվելու պարտավորությունն առ այն, թե արդյոք կենսաթոշակառուն Հայաստանում է, թողնվել է բանկի հայեցողությանը կամ կամքին․ բանկը կարող է իրականացնել, կարող է և չիրականացնել:   Արդյունքում, ստացվում է այնպես, որ բանկին վերապահվել է այնպիսի իրավասություն, որի իրականացումից կախված է հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություն ունեցող, այդ թվում՝ տարեց մարդու կենսաթոշակ ստանալը: Բայց, քանի որ այս իրավասությունը հայեցողական է, գործնականում այն պատշաճ չի իրացվում, ինչն էլ հանգեցնում է մարդու իրավունքների խախտումների:   Առհասարակ, հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց իրավունքները բնույթով զգայուն են, ու պետությունն է իր պոզիտիվ պարտավորությունների առավելագույն կիրառությամբ պետք է ապահովի նրանց իրավունքները:   Կոնկրետ խնդրի հետ կապված՝ ակնհայտ է, որ հայեցողական լիազորությունների ամրագրումը չի երաշխավորում մարդու իրավունքների պաշտպանությունը, քանի որ դրանք գործնականում իրացում չեն ստանում: Ընդ որում, այս խնդիրն ունի համակարգային բնույթ եւ առկա է նաև այլ ոլորտներում:   Հաշվի առնելով, որ կոնկրետ դեպքում խոսքը հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություն ունեցող մարդկանց մասին է, որոնք առանց այն էլ գտնվում են խոցելի վիճակում, պետությունն իր պոզիտիվ պարտավորությունները պետք է գործադրի այնպես, որ ամրագրի բանկի ուղիղ պարտավորությունը և բացառի որևէ հայեցողական մոտեցման հնարավորություն:   Ուստի, նկատի ունենալով, որ օրենքով կենսաթոշակների վճարման ծառայություն մատուցող կազմակերպությունների համար հստակ պահանջի առաջադրումը, պարտավորությունների պատշաճ կատարման ապահովումը վերապահված է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, այն խնդրի լիարժեք լուծման նպատակով պետք է կատարի իրավական ակտերում փոփոխություններ կամ ապահովի օրենքից բխող իրավունքահեն միասնական պրակտիկա:   Այսպիսով, օրենքի դրույթների կյանքի կոչումն արդեն 6 ամիս է չի ապահովվում, ինչի արդյունքում մարդու իրավունքները մնում են խախտված։   Պետությունը պետք է հատկապես կենսաթոշակային հարցերով մարդկանց իրավունքների լիարժեք ապահովման նպատակով սահմանի հստակ կարգավորումներ՝ բացառելով ընտրողական մոտեցման որևէ հնարավորություն կամ մեկնաբանություն։   Ստացվում է, որ ռազմավարական տարբեր փաստաթղթերում տարիներ շարունակ ամրագրվում են մարդու իրավունքների պաշտպանության գաղափարներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության բացառման, հավասար հնարավորությունների ստեղծման, նրանց նկատմամբ հարգանքի ապահովման և այլն, բայց գործնականում չի ապահովվում պետության պատասխանատվությունը մարդու ու նրա կոնկրետ խնդիրների նկատմամբ, հարգանքը նրա կոնկրետ իրավունքի հանդեպ»,- ասված է հաղորդագրության մեջ։
17:06 - 24 փետրվարի, 2021
Գերիների անհապաղ վերադարձի հարցը ՄԻՊ-ը ներկայացրել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին

Գերիների անհապաղ վերադարձի հարցը ՄԻՊ-ը ներկայացրել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում եւ ճգնաժամի հարցերով Վրաստանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորին։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ «Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը: Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանն ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու երկրում լարվածություն առաջացնելու նպատակով: Պաշտպանը ներկայացրել է հետպատերազմական ժամանակահատվածում մարդու իրավունքների լուրջ խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո անթույլատրելի արագությամբ ընթացող սահմանների որոշման գործընթացի պատճառով: Արման Թաթոյանն ընդգծել է, որ ոչ միայն չի դադարել, այլ նաեւ նոր զարգացումներ է ստացել Ադրբեջանում հայատյացությունն ու թշնամանքի հրահրումը։ Հանդիպման ընթացքում պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությունն ու մասնավորապես՝ ընդգծել է համատեղ աշխատանքը մարդու իրավունքների երկխոսության ու մի շարք այլ ծրագրերի ֆորմատով: Պաշտպանը վերահաստատել է համատեղ աշխատանքի հանձնառությունը, որն ուղղված է ԵՄ աջակցությամբ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը ՀՀ-ում: ԵՄ պատվիրակությունն իր հերթին ընդգծել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դերը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում եւ պաշտպանի հետ համագործակցության կարեւորությունը: Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են համատեղ աշխատանքի նոր ուղղություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։    
21:33 - 23 փետրվարի, 2021
Ռազմաբժիշկների առաքելությունը մարդասիրական է և չի ճանաչում ազգություն․ ՄԻՊ-ն արձանագրել է հայ ռազմաբժիշկների կողմից ռազմագերիներին բացառիկ աջակցության օրինակներ

Ռազմաբժիշկների առաքելությունը մարդասիրական է և չի ճանաչում ազգություն․ ՄԻՊ-ն արձանագրել է հայ ռազմաբժիշկների կողմից ռազմագերիներին բացառիկ աջակցության օրինակներ

Ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած զինվորների և քաղաքացիական անձանց նկատմամբ ռազմական բժիշկները ցուցաբերել են հատուկ վերաբերմունք և սրտացավություն։ Այս ամենն արձանագրվել է հոսպիտալներ Մարդու իրավունքների պաշտպանի և նրա ներկայացուցիչների այցերի ժամանակ, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շուրջօրյա դիտարկումներն այս հարցերով ցույց են տալիս, որ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի ռազմական բժիշկները հավատարիմ են իրենց մարդասիրական բարձր առաքելությանը: Դրա մասին են վկայում ոչ միայն Պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները, այլև քաղաքացիները, ովքեր իրենց դիմումներում հերոսական են համարում մեր բժիշկների կատարած աշխատանքը: Պատերազմական գործողությունների ժամանակ շատ դեպքերում նրանք վերջինն են դուրս եկել ռազմական գործողությունների այն վայրերից, որտեղ ընթացել են ծանր մարտեր՝ օգնություն ցույց տալով կամ փրկելով մյուսներին: Պաշտպանն արձանագրել է ռազմագերիներին բացառիկ աջակցության օրինակներ։ Բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմը, անձնուրացությունը, գիշեր ու ցերեկ հոգատար աշխատանքը պետք է յուրաքանչյուրս բարձր գնահատի: Նրանց առաքելությունը մարդասիրական է և չի ճանաչում ազգություն: Իհարկե, ռազմաբժշկության ոլորտում կան նաև տարբեր խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է հետեւողական կոնկրետ քայլեր: Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում պատրաստակամ է ու մշտապես է աջակցում խնդիրների լուծմանը, ինչը բերում է տվյալ համակարգի զարգացմանը և նպաստում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր գործին:
11:52 - 23 փետրվարի, 2021
ՄԻՊ-ն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին՝ Հայաստանում իր առաքելությունն ավարտելու կապակցությամբ

ՄԻՊ-ն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին՝ Հայաստանում իր առաքելությունն ավարտելու կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մարիյասինին մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կարևոր առաքելության, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ արդյունավետ համագործակցության համար: Հանդիպմանը Պաշտպանը հատուկ ընդգծել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը, իրագործված ծրագրերի կարևորությունը: Դմիտրի Մարիյասինը բարձր է գնահատել Պաշտպանի աշխատանքը մարդկանց իրավունքների երաշխավորման հարցում և ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունը:
14:44 - 22 փետրվարի, 2021
ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց զինծառայողների և նրանց ընտանիքների արտոնությունների վերաբերյալ

ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց զինծառայողների և նրանց ընտանիքների արտոնությունների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ։ Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:  Առաջարկվող արտոնություններից են, օրինակ․ աշխատանքի պահպանման նախապատվության իրավունքը,  չվճարվող արձակուրդի տրամադրման պարտադիր կարգը, ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության արտոնությունը, զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու առաջնահերթության իրավունքը և այլն։ Զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների համար Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած արտոնությունների ընդունումը կունենա սոցիալական կարևոր նշանակություն եւ կնպաստի զինվորական ծառայության հեղինակության աճին։ Առաջարկվող արտոնությունները նաև կբարձրացնեն ծառայություն անցնող կամ անցած զինծառայողների կարգավիճակը: Ներկայացվող առաջարկությունների իրական շահառուներ կարող են լինել տարբեր կատեգորիայի զինծառայողներ կամ նրանց ընտանիքների անդամներ, այդ թվում՝ ա) ժամկետային պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություն անցած կամ անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները, բ) ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ, գ) ՀՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներ, նրանց և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, դ) ՀՀ կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած կամ մասնակցող անձինք կամ նրանց ընտանիքների անդամներ և այլն: Սույն արտահերթ զեկույցն առավել կարևոր է դառնում հատկապես հետպատերազմական շրջանում, երբ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորումը, ամրապնդումն ու պաշտպանությունն առաջնահերթ հրամայականն է: Պետք է ամեն կերպ արժևորել զինվորական ծառայությունը, իսկ առաջարկվող արտոնությունները կնպաստեն, որպեսզի բանակում ծառայությունը դառնա ավելի գրավիչ նաև հենց ծառայության մեջ գտնվողների և նրանց ընտանիքների համար: Զեկույցը մշակվել է՝ հաշվի առնելով համապատասխան միջազգային փորձը։ Զեկույցը հասանելի է հետևյալ հղումով: 
11:57 - 22 փետրվարի, 2021