Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Միրզոյան-Մաքքոնել հանդիպմանն ընդգծվել է ԱՄՆ-ի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված  միջնորդական ջանքերի կարևորությունը

Միրզոյան-Մաքքոնել հանդիպմանն ընդգծվել է ԱՄՆ-ի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի կարևորությունը

Մայիսի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որը աշխատանքային այցով ՄԻացյալ Նահանգներում է,  հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի հանրապետականների ղեկավար Միթչ Մաքքոնելի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ աշխատակազմից։ ԱԳՆ փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության խորացման և ընդլայնման հեռանկարները: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին: «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ միջնորդական ջանքերի կարևորությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։ Հանդիպման ընթացքում Նախարար Միրզոյանը ներկայացերլ է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները: Արարատ Միրզոյանը Միթչ Մաքքոնելին է փոխանցել Մխիթար Գոշ մեդալը, որով վերջինս պարգևատրվել է ՀՀ-ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ` հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։
12:25 - 06 մայիսի, 2022
Արարատ Միրզոյանը Բոբ Մենենդեսին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ

Արարատ Միրզոյանը Բոբ Մենենդեսին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:  Հանդիմանը մասնակցել է նաև հանձնաժողովի անդամ սենատոր Ջիմ Ռիչը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ամերկյան հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրադրությանը և տարածաշրջանային իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի։ Կողմերը գոհունակությամբ են նշել հայ-ամերիկյան երեսունամյա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում արձանագրված ձեռքբերումները։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսական ոլորտի զարգացմանը ԱՄՆ կողմից ցուցաբերված աջակցության կարևորությունը, ինչպես նաև անդրադարձ կատարել այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությանը։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Բոբ Մենենդեզի ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Սենատի բանաձևի ընդունման գործում, ինչն կարևոր նշանակություն ունեն արդարության և մարդասիրության արժեքների գերակայության ապահովման, և հետագա ցեղասպանությունների կանխարգելման տեսանկյունից։   ՀՀ ԱԳ նախարարը նաև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակը և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշումը։ Այս համատեքստում շեշտվել է Ադրբեջանի կողմից լարվածության հրահրման անթույլատրելիությունը։  Ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների հայրենադարձման անհրաժեշտությունը։  ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին զարգացումները։  Արարատ Միրզոյանը Բոբ Մենենդեսին է փոխանցել Բարեկամության շքանշանը, որով վերջինս պարգևատրվել է ՀՀ-ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ` հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ 
11:24 - 06 մայիսի, 2022
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել «Atlantic Council» ուղեղային կենտրոնում

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել «Atlantic Council» ուղեղային կենտրոնում

Մայիսի 4֊ին աշխատանքային այցով ԱՄՆ֊ում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ որպես հիմնական բանախոս մասնակցել է ամերիկյան հեղինակավոր «Atlantic Council» ուղեղային կենտրոնում անցկացված կլոր սեղան֊քննարկմանը։ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիավանգիտության վարչությունից հայտնում են, որ նախարարն անդրադարձել է ԱՄՆ աշխատանքային այցի ընդհանուր օրակարգին ու շեշտադրումներին, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանը, այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերին և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով իրականացվող բարեփոխումների ընթացքին: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների, այս գործընթացներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերի վերաբերյալ։ Ներկայացվել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները: Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
09:24 - 05 մայիսի, 2022
Իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումները միտված են պետական մարմինների գործունեության թափանցիկությանը. ՀՀ ԱԳ նախարար

Իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումները միտված են պետական մարմինների գործունեության թափանցիկությանը. ՀՀ ԱԳ նախարար

Մայիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վաշինգտոնում հանդիպում է ունեցել  Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) նախագահ Դերեկ Միտչելի հետ։  Զրուցակիցները բարձր են գնահատել 1994 թվականից ի վեր հաստատված համագործակցության շրջանակներում իրականացված համատեղ ծրագրերի արդյունավետությունը։   Արարատ Միրզոյանը կարևորել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի գրասենյակի վերաբացումը Հայաստանում 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո։ Նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարության խթանմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումները միտված են պետական մարմինների գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից իրականացվող ծրագրերի շուրջ, որոնք ուղղված են կանանց և երիտասարդների քաղաքական մասնակցության բարձրացմանը և քաղաքական կուսակցությունների ինստիտուցիոնալ զարգացմանը։
13:11 - 04 մայիսի, 2022
Արարատ Միրզոյանը Վիկտորիա Նուլանդի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը, հայ ռազմագերիներին առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանը Վիկտորիա Նուլանդի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը, հայ ռազմագերիներին առնչվող հարցեր

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 2-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ արձանագրվել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան և նշվել, որ 2019 թվականից համագործակցությունը բարձրացվել է նոր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել ամրապնդելու տարբեր ոլորտներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը` հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ընդհանուր արժեհամակարգի վրա: Արարատ Միրզոյանն ու Վիկտորիա Նուլանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ։ Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու գործընթացին։ Այս համատեքստում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն առանձնակի ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների վերսկսման կարևորությունը։ Քննարկվել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, մասնավորապես, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված վերջին զարգացումները։
12:58 - 03 մայիսի, 2022
Միրզոյանն ու Բլինքենը մտքեր են փոխանակել խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ

Միրզոյանն ու Բլինքենը մտքեր են փոխանակել խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպման վերաբերյալ:  «Մայիսի 2-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և գոհունակություն հայտնել Հայաստանի և ԱՄՆ միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակի կապակցությամբ: Ընդգծվել է, որ անցած տարիների ընթացքում կողմերն ամուր գործընկերություն են հաստատել՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների հիման վրա։ Արարատ Միրզոյանը կարևորել է Միացյալ Նահանգների կողմից ժողովրդավարության ամրապնդման, կայուն զարգացման և կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով Հայաստանին տրամադրած աջակցությունը։ Էնթոնի Բլինքենն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և շեշտել է ամերիկյան կողմի շարունակական աջակցությունն այդ գործընթացին։ Երկուստեք ընդգծվել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում համատեղ աշխատանքների վերսկսման նշանակությունը, որի ամփոփիչ նիստն անցկացվելու է մայիսի 3-ին Վաշինգտոնում։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԱՄՆ հետ առևտրատնտեսական կապերի խորացումը և ընդգծել, որ զգալի հնարավորություններ կան նաև բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, ֆինանսաբանկային, քաղաքացիական ավիացիայի, կանաչ տնտեսության և այլ ոլորտներում հայ-ամերիկյան փոխգործակցության ընդլայնման համար։ Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ սկզբունքային դիրքորոշումը՝ կարևորելով այս տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարությունը, որը վերահաստատում է մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրության սկզբունքներին ԱՄՆ հանձնառությունը։ Կողմերը նաև անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի։ Հայկական կողմը ներկայացրել է հարավկովակասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ միջնորդական ջանքերի կարևորությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։ Արարատ Միրզոյանն Էնթոնի Բլինքենին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները։ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում կարևորվել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները։ Պետքարտուղար Բլինքենը նշել է, որ ԱՄՆ լիովին աջակցում է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և կարևորում Հայաստանի ներդրած կառուցողական ջանքերը այդ գործընթացում: Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանն ու Էնթոնի Բլինքենը ստորագրել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր»:
10:10 - 03 մայիսի, 2022
Միացյալ Նահանգներն ու Հայաստանը քաղաքացիական միջուկային համագործակցության հուշագիր ստորագրեցին |azatutyun.am|

Միացյալ Նահանգներն ու Հայաստանը քաղաքացիական միջուկային համագործակցության հուշագիր ստորագրեցին |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում ստորագրել են փոխըմբռման հուշագիր՝ քաղաքացիական միջուկային բնագավառում ռազմավարական համագործակցության վերբերյալ։ Փաստաթուղթը ստորագրելուց առաջ նրանք հանդես եկան կարճ հայտարարություններով, որն ուղիղ հեռարձակվեց Պետդեպարտամենտի կայքով։ Էնթոնի Բլինքենը գոհունակություն հայտնեց հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստերը վերականգնելու կապակցությամբ, որն ընդհատվել էր քովիդի համավարակի պատճառով։ «Սա շատ կարևոր երկխոսություն է, որի միջոցով կարող ենք խորացնել և ամրապնդել մեր հարաբերությունները և փնտրել նոր հարթակներ համագործակցության և փոխգործակցության համար»,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը, մասնավորապես, որպես նոր ուղիներից մեկը նշելով քաղաքացիական միջուկային փոխըմբռման հուշագրի ստորագրումը։ Բլինքենը գովեստով է խոսել ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու Հայաստանի վարչապետի, կառավարության ջանքերի մասին և նշել, որ առաջընթացը պետք է շարունակական լինի։ ԱՄՆ-ի պետքարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը․ - «Ցանկանում եմ ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը և երախտագիտություն հայտնել տեսլականի, խիզախության և ճկունության համար, որը վարչապետը և Հայաստանը ցուցաբերում են տևական խաղաղության հասնելու գործընթացում, ինչը բոլորիս նպատակն է»,- նշել է Բլինքենը։ Արարատ Միրզոյանն ասել է, որ 2018 թվականի թավշյա ժողովրդավարական հեղափոխությունից հետո համախմբված ուժերով ու համատեղ ջանքերով հայ-ամերիկյան համագործակցության աստիճանը բարձրացել է ռազմավարական երկխոսության մակարդակի։ Միրզոյանն անդրադարձել է ԱՄՆ-ի աջակցությանը Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացմանն, իր համար պատիվ է համարել քաղաքացիական միջուկային համագործակցության հուշագարի ստորագրումը։ Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը, նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, որը միջազգային հանրության մանդատ ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Միրզոյանը նաև շնարհակալություն է հայտնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները նորմալացնելու ԱՄՆ-ի ջանքերի համար և բարձր գնահատել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու ԱՄՆ-ի ամուր դիրքորոշումը, որը ցուցաբերվեց նաև այս տարի։ Մայիսի 2-6-ը աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են նաև Արարատ Միրզոյանի հանդիպումներ վարչակազմի պաշտոնյաների, Կոնգրեսի անդամների և ելույթ Ատլանտյան խորհուրդ կենտրոնում։
09:15 - 03 մայիսի, 2022
ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը քննարկել են համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները

ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը քննարկել են համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները

Աշխատանքային այցով մայիսի 2-ին Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացման կապակցությամբ: «Արարատ Միրզոյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարում, արդարադատության և պարեկային ոստիկանության ոլորտներում ՀՀ կառավարության բարեփոխումների նախաձեռնություններին։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակներում USAID-ի կողմից Հայաստանում իրականացվող նորարարական և կայուն զարգացման ծրագրերին՝ նպաստելու երկրում ժողովրդավարական զարգացմանը, տնտեսական աճի և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, սոցիալական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Կողմերը քննարկել են նաև համագործակցության ընդլայնման և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները: Այս համատեքստում հատկապես ընդգծվել է Ադրբեջանի կողմից պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձնանց հայերնադարձման անհրաժեշտությունը:
22:14 - 02 մայիսի, 2022
Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում կարևոր է ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի միջև. Իլիա Դարչիաշվիլի |armenpress.am|

Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում կարևոր է ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի միջև. Իլիա Դարչիաշվիլի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները քաղաքական եւ տնտեսական զարգացման մեծ ներուժ ունեն: Այդ մասին հայտարարեց առաջին անգամ պաշտոնական այցով Երեւանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին՝ ներկայացնելով Հայաստանի արտգործնախարարի հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքները: «Նշեցինք, որ երկրների միջեւ առկա է քաղաքական եւ տնտեսական համագործակցության մեծ ներուժ: Առեւտուր, տրանսպորտ, էներգետիկա, զբոսաշրջություն, մշակույթ, կրթություն. սրանք այն ոլորտներն են, որոնք կարեւոր դեր են խաղում մեր երկկողմ հարաբերություններում», - շեշտեց Վրաստանի նախարարը: Խոսելով երկկողմ հարաբերությունների պատմության մասին՝ Իլիա Դարչիաշվիլին հիշեցրեց, որ 2022 թվականին Վրաստանն ու Հայաստանը տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը երկու երկրներում նշվում է համապատասխան միջոցառումներով: ՆԱ մեկտեղ շեշտեց՝ սակայն մեր երկրների պատմական եւ բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն: «Վստահ եմ, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ առկա համագործակցությունը նույն ձեւով կշարունակվի: Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում կարեւոր է ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները մեր երկրների միջեւ, որպեսզի միասին կարողանանք հաղթահարել նոր մարտահրավերները եւ օգտվել հնարավորություններից», - նշեց Դարչիաշվիլին: Վրաստանի արտգործնախարարի խոսքով՝ իր հայ գործընկերոջ հետ մանրամասն քննարկել են տարածաշրջանում ընթացող գործընթացներն ու մարտահրավերները եւ երկու երկրների համատեղ ջանքերն ուղղված այդ մարտահրավերներին: «Վրաստանը միշտ աջակցել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցությանն ու համակեցությանը: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի անվերապահ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչը խոսում է երկու երկրների գործընկերային հարաբերությունների մասին», - հայտարարեց նա: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր հերթին շեշտեց, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առկա է քաղաքական երկխոսություն, իսկ փոխգործակցությունը երկրների միջեւ, երկկողմ եւ բազմակողմ հարթակներում, բարձր մակարդակի վրա է: Հանդիպման ընթացքում նախարարներն առանձնահատուկ ուշադրություն են հատկացրել հարավկովկասյան տարածաշրջանի տարանցիկ ներուժին: Դարչիաշվիլիի խոսքով՝ դա «կրիտիկական» նշանակություն ունի ոչ միայն Վրաստանի, այլեւ՝ Հայաստանի համար: «Ընդգծվել է, որ կողմերը կաջակցեն տարանցիկ նոր նախագծերին՝ հաշվի առնելով երկու երկրների ռազմավարական նպատակներն ու խնդիրները: Տնտեսական համագործակցության առումով կարեւոր ենք համարում առկա ներուժի լիարժեք իրացումը: Ուրախ եմ, որ երկկողմ տնտեսական հանձնաժողովի նիստերը պարբերաբար անցկացվում են: Մենք ապագայում արդյունավետ համագործակցության պատրաստակամություն ենք հայտնել: Ես խորապես վստահ եմ, որ մեր հետագա հարաբերությունները կշարունակվեն լավագույն ավանդույթներին համապատասխան», - հավելեց Վրաստանի արտգործնախարարը: Իլիա Դարչիաշվիլին շնորհակալություն հայտնեց Արարատ Միրզոյանին հյուրընկալության համար ու նաեւ իր պատրաստակամությունը հայտնել Միրզոյանին հարմար ժամանակահատվածում հյուրընկալելու նրան Թբիլիսիում:
14:53 - 30 ապրիլի, 2022
Պղծվել է Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցին. վանդալիզմի այս կրկնվող դեպքերը կանխարգելելու համար հրատապ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը տարածաշրջան. Արարատ Միրզոյան

Պղծվել է Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցին. վանդալիզմի այս կրկնվող դեպքերը կանխարգելելու համար հրատապ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը տարածաշրջան. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` մամուլի համար հայտարարությունը Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպման արդյունքներով, որը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ պարոն Դարչիաշվիլի, Հարգելի՛ գործընկերներ, Ցանկանում եմ ողջունել իմ գործընկերոջը՝ Իլիա Դարչիաշվիլիին, Վրաստանի արտաքին գործերի նախարարին, ով առաջին պաշտոնական այցով գտնվում է Երևանում, ու ևս մեկ անգամ շնորհավորել և հաջողություն մաղթել նրան Վրաստանի ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ: Այս տարի մենք նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանի և Վրաստանի բարեկամությունը հիմնված է դարերի խորքից եկող ընդհանուր արժեքների և պատմական ամուր կապերի վրա, և ուզում եմ փաստել, որ անկախացումից ի վեր Վրաստանի հետ սերտ համագործակցություն ենք ձևավորել գրեթե բոլոր ոլորտներում: Մեր երկրների միջև առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն ու բազմոլորտ համագործակցության հետագա խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկն է, ինչն ամրագրված է նաև ՀՀ կառավարության ծրագրում: Ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության, երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության բարձր մակարդակ։ Այս մասին են վկայում ամենաբարձր մակարդակներով պարբերական փոխադարձ այցելությունները, քաղաքական, տնտեսական, կոմունիկացիոն, անվտանգության և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ համագործակցությունը, որի հետագա ընդլայնման և նոր ուղղությունների ուրվագծման շուրջ գործընկերոջս հետ հանգամանալից քննարկումներ ենք ունեցել։ Հայաստանը մեծապես կարևորում է տարածշրջանի ընդհանուր զարգացման և առաջմղման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը, ինչի հերթական դրսևորումներից է «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի» ստեղծման ուղղությամբ մեր երկրների միջև համագործակցությունը: Հարգելի՛ գործընկերներ, Այսօր մենք անդրադարձել ենք նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը ու կայունությանը նվիրված հարցերի։  Գործընկերոջս հանգամանալից ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Այս համատեքստում ընդգծել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում:  Պետք է նշեմ, որ ցավոք շարունակում են չլուծված մնալ հումանիտար խնդիրները: Ադրբեջանը՝ խախտելով միջազգային հումանիտար իրավունքը և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ շարունակում է պատանդառության մեջ պահել  հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Առանձնահատուկ կարևորության  խնդիր է 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ինքնության խեղաթյուրումը և ոչնչացումը: Վերջին նման ցավալի օրինակն է Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցու պղծումը: Վանդալիզմի այս կրկնվող դեպքերը կանխարգելելու համար, ինչպես և նախկինում, այժմ ևս հրատապ  է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատողական առաքելության այցը տարածաշրջան։ Հարգելի՛ պարոն նախարար, Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Երևանում։ Համոզված եմ, որ մեր երկու երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև հայ և վրացի ժողովուրդների միջև եղբայրական կապերը ամուր հիմք են ապահովում  համագործակցության առկա ձեռքբերումներն ամրապնդելու և  զարգացնելու համար: Շնորհակալություն»։
12:46 - 30 ապրիլի, 2022
Մենք սերտ համագործակցություն ենք ձեւավորել Վրաստանի հետ գրեթե բոլոր ոլորտներում. Արարատ Միրզոյան |news.am|

Մենք սերտ համագործակցություն ենք ձեւավորել Վրաստանի հետ գրեթե բոլոր ոլորտներում. Արարատ Միրզոյան |news.am|

news.am: Ուզում եմ արձանագրել, որ անկախությունից ի վեր մենք Վրաստանի հետ սերտ համագործակցություն ենք ձեւավորել գրեթե բոլոր ոլորտներում։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երեւանում իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպմանը։Նա ողջունել է իր առաջին պաշտոնական այցով Երեւանում գտնվող Վրաստանի արտգործնախարարին եւ նշել, որ այս տարի լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ «Հայաստանի եւ Վրաստանի միջև բարեկամությունը հիմնված է դարերի խորքից եկող ընդհանուր արժեքների եւ ամուր պատմական կապերի վրա։ Եվ ուզում եմ արձանագրել, որ անկախությունից ի վեր մենք Վրաստանի հետ սերտ համագործակցություն ենք հաստատել գրեթե բոլոր ոլորտներում։ Հատուկ բարեկամական հարաբերությունների զարգացումը եւ բազմաթիվ ոլորտներում համագործակցության հետագա խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից է, որն ամրագրված է նաեւ մեր կառավարության ծրագրում։ Ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ երկկողմ եւ բազմակողմ հարթակներում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կա  քաղաքական երկխոսության եւ փոխադարձ համագործակցության բարձր մակարդակ։ Դրա մասին են վկայում ամենաբարձր մակարդակներով պարբերական փոխայցելությունները, արդյունավետ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, հաղորդակցությունների եւ անվտանգության, հումանիտար, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, որոնց հետագա ընդլայնման եւ նոր ուղղությունների վերաբերյալ մենք հանգամանալից քննարկումներ են անցկացրել»,- ասաց Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մեծապես կարեւորում է տարածաշրջանի ընդհանուր զարգացմանն եւ առաջմղմանն ուղղված համատեղ ջանքերը, որոնց հերթական դրսեւորումներից է երկու երկրների համագործակցությունը Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տարանցիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ։
12:13 - 30 ապրիլի, 2022
Հայաստանը տարբեր ժամանակաշրջանների քարտեզներում ինքն իրեն չգտնելու մտավախություն չունի․ ՀՀ ԱԳ նախարարի պատասխանն Ալիևին

Հայաստանը տարբեր ժամանակաշրջանների քարտեզներում ինքն իրեն չգտնելու մտավախություն չունի․ ՀՀ ԱԳ նախարարի պատասխանն Ալիևին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են։ Հարց - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները: Պատասխան – Մենք քարտեզների ուսումնասիրություններին դեմ չենք: Բայց ինչու՞ սահմանափակվել 20-րդ դարով: Կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարում Բաբելոնում ստեղծված, կամ Հերոդոտոսի կողմից Քրիստոսից առաջ 5-րդ դարում ստեղծված, կամ Ստրաբոնի կողմից Քրիստոսից առաջ 1-ին դարում ստեղծված, կամ Կլավդիոս Պտղոմեոսի կողմից արդեն Քրիստոսից հետո 2-րդ դարում ստեղծված, կամ նույն ժամանակահատվածում Պլինիոս Ավագի կողմից ստեղծված քարտեզներից և շարունակել հետագա ժամանակաշրջանների բազմաթիվ լատինական, բյուզանդական, արաբական և այլ աշխարհագրական նկարագրություններով և քարտեզներով: Հայաստանն ինքն իրեն այդ քարտեզներում չգտնելու մտավախություն չունի: Այնուամենայնիվ, շահագրգռված լինելով ապագա սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով՝ Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ այդ աշխատանքը պիտի հիմնվի երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող քարտեզների վրա։
10:19 - 30 ապրիլի, 2022
Արարատ Միրզոյանը համաձայնություն է հայտնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին․ ՀՀ ԱԳՆ

Արարատ Միրզոյանը համաձայնություն է հայտնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին․ ՀՀ ԱԳՆ

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ՀՀ վարչապետի ՌԴ պաշտոնական այցի արդյունքների կապակցությամբ, վերահաստատել կողմերի հանձնառությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին: ԱԳ նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը համաձայնություն է հայտնել մայիսի 13-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին:
15:41 - 29 ապրիլի, 2022