Մենք սերտ համագործակցություն ենք ձեւավորել Վրաստանի հետ գրեթե բոլոր ոլորտներում. Արարատ Միրզոյան |news.am|
12:13 - 30 ապրիլի, 2022

Մենք սերտ համագործակցություն ենք ձեւավորել Վրաստանի հետ գրեթե բոլոր ոլորտներում. Արարատ Միրզոյան |news.am|

news.am: Ուզում եմ արձանագրել, որ անկախությունից ի վեր մենք Վրաստանի հետ սերտ համագործակցություն ենք ձեւավորել գրեթե բոլոր ոլորտներում։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երեւանում իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպմանը։

Նա ողջունել է իր առաջին պաշտոնական այցով Երեւանում գտնվող Վրաստանի արտգործնախարարին եւ նշել, որ այս տարի լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

«Հայաստանի եւ Վրաստանի միջև բարեկամությունը հիմնված է դարերի խորքից եկող ընդհանուր արժեքների եւ ամուր պատմական կապերի վրա։ Եվ ուզում եմ արձանագրել, որ անկախությունից ի վեր մենք Վրաստանի հետ սերտ համագործակցություն ենք հաստատել գրեթե բոլոր ոլորտներում։ Հատուկ բարեկամական հարաբերությունների զարգացումը եւ բազմաթիվ ոլորտներում համագործակցության հետագա խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից է, որն ամրագրված է նաեւ մեր կառավարության ծրագրում։

Ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ երկկողմ եւ բազմակողմ հարթակներում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կա  քաղաքական երկխոսության եւ փոխադարձ համագործակցության բարձր մակարդակ։ Դրա մասին են վկայում ամենաբարձր մակարդակներով պարբերական փոխայցելությունները, արդյունավետ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, հաղորդակցությունների եւ անվտանգության, հումանիտար, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, որոնց հետագա ընդլայնման եւ նոր ուղղությունների վերաբերյալ մենք հանգամանալից քննարկումներ են անցկացրել»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը մեծապես կարեւորում է տարածաշրջանի ընդհանուր զարգացմանն եւ առաջմղմանն ուղղված համատեղ ջանքերը, որոնց հերթական դրսեւորումներից է երկու երկրների համագործակցությունը Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տարանցիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել