ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին նամակ է հղել Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում իրականացվող գործողությունների հարցով

ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին նամակ է հղել Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում իրականացվող գործողությունների հարցով

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում իրականացվող գործողությունների վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Նամակում նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում, ի թիվս այլ ռազմական հանցագործությունների, Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը, ինչի արդյունքում ոչնչացվել է տաճարի երկու գմբեթներից մեկը՝ խախտելով «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրությունը: Ավելին, համացանցում շրջանառվող բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր ապացուցում են, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո տաճարը վանդալիզմի է ենթարկվել, և ադրբեջանական ուժերի կողմից վնասվել է երկրորդ գմբեթը: Վերջերս Ադրբեջանը «շինարարական աշխատանքների» պատրվակով հանել է տաճարի գմբեթը` փորձելով փոխել հուշարձանի պատմական և ճարտարապետական ամբողջականությունը և աղավաղել դրա հայկական ինքնությունը: Վահրամ Դումանյանը շեշտել է, որ բազում հիմքեր կան հավատալու, որ Ադրբեջանը կանխամտածված արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը հայկական մշակութային ժառանգության վայրեր` իր կատարած ռազմական հանցագործությունները թաքցնելու համար: Ընդ որում՝ Ադրբեջանն ակտիվորեն իրականացնում է պատմական փաստերի կեղծման քաղաքականություն` Արցախում հայկական մշակութային ժառանգության վայրերն անվանելով «կովկասյան ալբանական»: Բարձր գնահատելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր դերը մշակութային ժառանգության պաշտպանության գործում՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը գլխավոր տնօրենին կոչ է արել դատապարտել հայկական մշակութային ժառանգության վայրերը ոչնչացնելու և յուրացնելու փորձերը:
17:14 - 07 մայիսի, 2021
Մեղմացվել են նախադպրոցական և հանրակրթական հաստատություններին ներկայացվող պահանջները. ԱՆ

Մեղմացվել են նախադպրոցական և հանրակրթական հաստատություններին ներկայացվող պահանջները. ԱՆ

Փոփոխվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական և նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները, հայտնում են ՀՀ ԱՆ-ից: Մասնավորապես, նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար հանվել է երեխաների թվի սահմանափակումը, և  երեխաների խնամքի և կրթության գործընթացը պետք է կազմակերպվի՝ ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև սոցիալական հեռավորություն և սանիտարական կանոնների պահանջները։ Ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվել այն դրույթը, համաձայն որի` անհրաժեշտ էր ձեռնպահ մնալ լրացուցիչ ընդունելություն կազմակերպելուց։ Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում, երկարօրյա ծառայությունները, արտաուսումնական խմբակները պետք է կազմակերպվեն՝ ապահովելով սահմանված կանոնների պահանջները։ Ինչպես նաև, եթե տվյալ դասարանի կամ խմբի սովորողի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատողի (ուսուցիչ, մանկավարժ, լաբորանտ, հոգեբան և այլն) մոտ հաստատվում է կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19), դասարանը կամ խումբը 14-օրյա ժամկետով անցնում է հեռավար կամ տնային ուսուցման։
16:07 - 07 մայիսի, 2021
Դպրոցի տնօրենը կընտրվի կառավարման խորհրդի ձայների առնվազն երկու երրորդով. նոր նախագծի հանրային քննարկում

Դպրոցի տնօրենը կընտրվի կառավարման խորհրդի ձայների առնվազն երկու երրորդով. նոր նախագծի հանրային քննարկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում» փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Առաջարկվում է խմբագրել ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման հավելվածը և սահմանել տնօրենի թափուր  տեղի մրցույթի կազմակերպման նոր ժամկետներ, ինչպես նաև փոխել հաղթող ճանաչելու համար  նախատեսված ձայների հարաբերակցությունը: Մասնավորապես հաղթող ճանաչվելու համար հավակնորդը պետք է ստանա կառավարման խորհրդի անդամների  առնվազն երկու երրորդի «կողմ» ձայները (գործող կարգով տնօրենն  ընտրվում էր ձայների մեծամասնությամբ): Հաշվի առնելով, որ այս տարվա ապրիլից ուժի մեջ մտած կարգավորմամբ` հանրակրթական դպրոցի կառավարման խորհուրդը բաղկացած է 9 անդամից, տնօրեն ընտրվելու համար կպահանջվի առնվազն 6 «կողմ» ձայն: Հիշեցնենք, որ կառավարման խորհրդի 9 անդամից 5-ը նշանակվում են լիազոր մարմնի, 4-ը՝ մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից` 2-ական ներկայացուցչով: Նոր կարգավորման արդյունքում ո՛չ լիազոր մարմնի, ո՛չ էլ դպրոցի ներկայացուցիչները չեն կարող միանձնյա որոշել, թե ով կստանձնի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը: Այսպիսով` վերացվում է այն պրակտիկան, երբ կառավարման խորհրդի ձայները կիսվելու դեպքում տնօրենը նշանակվում էր ԿԳՄՍ նախարարի (ավագ դպրոցների պարագայում) և փոխվարչապետի (Երևանի քաղաքապետարանի և մարզային ենթակայության դպրոցների դեպքում) կողմից: Առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի մասնագետները, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների և ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Նոր ժամկետներ  Նոր նախագծով դպրոցի կառավարման խորհուրդը տնօրենի թափուր տեղի մրցույթ հայտարարելու մասին որոշումն ընդունում է տվյալ հաստատության տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից առավելագույնը 70, բայց ոչ պակաս, քան 66 աշխատանքային օր առաջ: Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են www.azdarar.am կայքում` հայտարարության հրապարակման օրվանից սկսած` 15 աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթն անցկացվում է հայտերի ընդունման վերջին օրվանից հետո՝ 10-րդ աշխատանքային օրը: Աշակերտական, մանկավարժական և ծնողական համայնքների դերի բարձրացում Ըստ առաջարկվող նախագծի` հստակեցվել են աշակերտական, մանկավարժական և ծնողական համայնքների դերի բարձրացմանը միտված մեխանիզմները: Մասնավորապես, դպրոցի տնօրենի պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը) պարտավոր է ապահովել. տնօրենի թափուր տեղի հավակնորդների հանդիպումը տվյալ հաստատության աշակերտական խորհրդի հետ` զարգացման ծրագիր կազմելու համար՝ այդ մասին դիմելուց հետո՝ առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում: տրամադրել գրավոր տեղեկատվություն` հաստատության գործունեության վերաբերյալ (տվյալներ մանկավարժական, աշակերտական համակազմի, ուսումնադաստիարակչական, արտադպրոցական գործունեության, կառավարման և խորհրդակցական մարմինների մասին, ինչպես նաև հավակնորդի կողմից ներկայացված գրավոր դիմումի հիման վրա հաստատության գործունեության վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն): Մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից դպրոցի կառավարման խորհրդում ընդգրկված անդամները պարտավոր են հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը քննարկել մանկավարժական և ծնողական խորհուրդներում, ինչպես նաև հրապարակել տվյալ դպրոցի պաշտոնական կայքում: Ծնողական խորհրդում իրականացվող քննարկմանը կարող են մասնակցել նաև ծնողական խորհրդում չընդգրկված ծնողները: Տնօրենի ընտրության ժամանակ դպրոցի կառավարման խորհրդում մանկավարժական և ծնողական համայնքների կողմից ընդգրկված անդամները պետք է իրենց ձայնը տան այն հավակնորդին, որի զարգացման ծրագրին հավանություն են տվել մանկավարժական և ծնողական խորհուրդները:  Վերջիններս հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրի վերաբերյալ իրենց եզրակացությունն արտահայտում են քվեարկությամբ: Քվեարկության արդյունքում առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդների միջև նույն օրն անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությամբ, հավասար ձայների դեպքում, հավակնորդները համարվում են չընտրված, և մանկավարժական կամ ծնողական խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար տվյալ մրցույթի ժամանակ չի ունենում իր թեկնածուն: Այս դեպքում ծնողական և մանկավարժական խորհուրդները ներկայացնող կառավարման խորհրդի համապատասխան անդամները մրցույթի ժամանակ  քվեարկում են ազատ: Նախագծի հանրային քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև 2021 թվականի մայիսի 30-ը:
10:59 - 07 մայիսի, 2021
15 դպրոց եւ 10 մանկապարտեզ կառուցելու համար Կառավարությունը 2 մլրդ 942 մլն դրամով ավելացրեց ԿԳՄՍՆ բյուջեն |armtimes.com|

15 դպրոց եւ 10 մանկապարտեզ կառուցելու համար Կառավարությունը 2 մլրդ 942 մլն դրամով ավելացրեց ԿԳՄՍՆ բյուջեն |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բյուջեն 2021 թվականին ավելացնել 2 մլրդ 942 մլն դրամով: Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ասաց, որ նախագծով նախատեսվում է գումարը հատկացնել՝ քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքների շարունակականության ապահովման համար: Ինչպես նաեւ Արմավիրի մարզի Արեւիկ համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման եւ թվով 9 համայնքներում նույն տիպի մանկապարտեզների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման եւ շինարարական աշխատանքների մեկնարկման համար: «Մասնավորապես փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 15 հանրակրթական դպրոցի մոդուլային շենքերի կառուցման նպատակով 1.5 մլրդ դրամ է հատկացվել, որտեղ ներառված են թվով 2 դպրոց՝ Արագածոտնի մարզում, 1 դպրոց Արարատի մարզում, 1 դպրոց Արմավիրի մարզում, 2 դպրոց Գեղարքունիքի մարզում, 2 դպրոց Լոռու մարզում, 3 դպրոց Սյունիքի մարզում, 1 դպրոց Վայոց ձորի մարզում, 1 դպրոց Շիրակի մարզում, 2 դպրոց Կոտայքի մարզում: Բոլոր դպրոցներում նախատեսված են ապաստարաններ եւ ենթադրվում է, որ այս դպրոցները պետք է նաեւ դառնան համայնքային կենտրոններ՝ մշակութային կենտրոն, սպորտային կենտրոն: Այսինքն բոլորը կունենան հնարավորություն այդ դպրոցներում անցկացնել իրենց ժամանակը, զբաղվել հետաքրքիր գործունեությամբ: Մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզների կառուցումը նախատեսված է բոլոր մարզերում. «Այս նպատակով 1 մլրդ 396 մլն դրամ է նախատեսվում: Արմավիրի մարզի Արեւիկ համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզը նախատեսվում է ավարտել այս տարի, որի համար նախատեսվում է 496 մլն դրամ: Արագածոտնի, Արարատի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերից յուրաքանչյուրի համար նախատեսվում է 100 մլն դրամ, որպեսզի սկսվի նախագծանախահաշվային աշխատանքները, մրցույթների հայտարարումը»,- ներկայացրեց Դումանյանը: Արձագանքելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս որոշումը կայացվում է ի կատարումն կարեւորագույն ռազմավարական ուղղություններից մեկի՝ կրթության ոլորտում իրականացվող խորքային բարեփոխումների: «Ընդ որում ուզում եմ ընդգծել, որ շատ կարեւոր է արձանագրել, որ մենք կրթության ոլորտում բարեփոխումների շուրջ մեր պատկերացումներն ըստ էության ամբողջացրել ենք: Այդ բարեփոխումները ներառում են նախակրթարանից մինչեւ բարձրագույն եւ հետբուհական կրթություն եւ ինչ-որ առումով նաեւ գիտության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները»,- նշեց նա: Փաշինյանի խոսքով՝ այստեղ եւս մի կոմպոնենտ են ավելացնում՝ ժողովրդագրական ծրագրերը նույնպես պիտի դրվեն այս շղթայի մեջ, որպես նախնական եւ կարեւորագույն օղակ: «Շատ կարեւոր եմ համարում բարձրաձայնել, թե մենք որ համայնքներում ենք իրականացնում: Առաջինը դպրոցաշինության ծրագիրն է, դա անցյալ տարի մենք մեկնարկել էինք, բայց պատերազմի պատճառով գործողությունները որոշակիորեն դադարեցին եւ մենք հիմա վերականգնում ենք ֆինանսավորումն ամբողջ ծավալով, որպեսզի շինարարությունը շարունակվի»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: Նա մանրամասնեց, թե որ համայնքների, որ դպրոցների մասին է խոսքը՝ Արագածոտնի մարզում՝ Լուսակնի միջնակարգ դպրոց եւ Գարնահովիտի միջնակարգ դպրոց Արարատի մարզում՝ Դեղձուտի միջնակարգ դպրոց Արմավիրի մարզում՝ Արգինայի միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի մարզում՝ Լեռնահովիտ գյուղի «Բարեղամյանի անվան» հիմնական դպրոց եւ Շատջրեք գյուղի հիմնական դպրոց, Լոռու մարզում՝ Մեդովկայի միջնակարգ դպրոց եւ Հագվու հիմնական դպրոց, Սյունիքի մարզում՝ «Հարժիսի Համլետ Մինասյանի անվան» միջնակարգ դպրոց, Վաղատինի միջնակարգ դպրոց, Դարբասի միջնակարգ դպրոց, Վայոց ձորի մարզում՝ Եղեգիսի միջնակարգ դպրոց, Շիրակի մարզում՝ Բերդաշենի միջնակարգ դպրոց, Կոտայքի մարզում՝ Ջրառատի միջնակարգ դպրոց եւ Կաթնաղբյուրի հիմնական դպրոց: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատ կարեւոր է ընդգծել, որ տանում են գյուղական դպրոցներն ամրապնդելու քաղաքականություն, բայց մյուս կողմից էլ պարտավոր են իրականացնել այնպիսի քաղաքականություն, որ գյուղական դպրոցում կրթության որակը մեծ խզում չունենա մայրաքաղաքի կենտրոնի դպրոցի հետ: «Այս ծրագրին զուգահեռ մենք իրականացնում ենք ուսուցիչների ատեստավորման գործընթացը: Մենք իրականացնելու ենք նաեւ հեռավար կրթության ենթակառուցվածքների իրականացում, որ այս դպրոցներում հնարավոր լինի դասեր իրականացնել՝ հեռավար եղանակով: Որոշակի փոփոխություններ ենք իրականացնում ուսուցիչների գործուղման համակարգում, որպեսզի պատկերավոր ասած Երեւանից ուսուցիչները դեպի գյուղական դպրոցներ որոշակի ժամանակով գործուղվելու ավելի մեծ խթաններ եւ շահագրգռություն ունենան»,- մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը: Նա նաեւ ներկայացրեց, թե Արմավիրի մարզի Արեւիկ համայնքից բացի, որ համայքներում է մսուր-մանկապարտեզներ կառուցվելու՝ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք, Արարատի մարզի Արալեզ համայնք, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնք, Լոռու մարզի Սպիտակ համայնք, Կոտայքի մարզի Հրազդան համայնք, Շիրակի մարզի Արթիկ համայնք, Սյունիքի մարզի Կապան համայնք, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնք, Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայր: Փաշինյանն ասաց, որ որդեգրել են հետեւյալ քաղաքականությունը՝ Կառավարությունը միջոցներ է ներդնում, որպեսզի համայնքներում ստեղծի մանկապարտեզներ, բայց համայնքները պետք է իրականացնեն այդ մանկապարտեզների հետագա ֆինանսավորումը՝ հաստիքներ, աշխատավարձ եւ այլն: «Մենք ի՞նչ բովանդակային փոփոխություն ենք իրականացնում. մանկապարտեզը չպետք է լինի ուղղակի տեղ, որտեղ ծնողները երեխաներին թողնում են իքս ժամից իքս ժամը: Դա կրթական պրոցեսի կարեւոր մաս է, երեխան մանկապարտեզ է գնում առաջին հերթին կրթություն ստանալու: Մենք ուսուցիչների ատեստավորման պրոցեսը նորից նույն ձեւով իրականացնելու ենք նաեւ մանկապարտեզի ուսուցիչ-դաստիարակների համար»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը: Նա ընդգծեց՝ առաջին հերթին այն համայնքներում են մանկապարտեզ կառուցում, որտեղ համայնքը ստանձնում է, որ հետագայում ամբողջ ֆինանսական ծախսերը կհոգա: «2019 թվականին արձանագրեցինք մի այնպիսի իրավիճակ, որ ոչ բոլոր համայնքներն են, որ այդպիսի իրավիճակ ունեն: Նաեւ սա է պատճառը, որ 2020 թվականին մենք գույքահարկի համակարգի բարեփոխում իրականացրեցինք, ինչը հնարավորություն պիտի տա համայքնենրի եկամուտների ավելացման: Հիշում եք շատ մեծ աղմուկ եւ քննարկում եղավ, թե ինչպես կարելի է գույքահարկը մեծացնել, բայց դա ներդրվելու է այդ թվում գույքահարկ վճարողների երեխաների ապագա բարեկեցությունը ապահովելու գործում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ 1400 երեխա բոլոր մարզերում կգնան ժամանակակից մոդուլային մանկապարտեզներ, կկառուցվեն 15 դպրոցներ, որոնցից 3-ը Սյունիքի մարզում եւ դա այն փաստն է, որով արձանագրում են կրթական ոլորտը տանել դեպի բարեփոխումներ:
13:41 - 06 մայիսի, 2021
Վահրամ Դումանյանը և Շվեդիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

Վահրամ Դումանյանը և Շվեդիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, աշխատանքային հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով  դիվանագետի այցը ԿԳՄՍՆ՝ Վահրամ Դումանյանը վստահություն է հայտնել, որ նրա գործունեության և համատեղ ջանքերի արդյունքում հայ-շվեդական հարաբերություններում կբացվի զարգացման նոր էջ: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը կարևորել է գերատեսչության համակարգման ոլորտներում շվեդական կողմի հետ համատեղ ծրագրերի իրականացումը և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն հայտնել. «Հետպատերազմական շրջանում մեզ համար առաջնահերթություն է բոլոր ուղղություններով բարեփոխումների իրականացումը: Այդ գործում կարևորում ենք նաև Շվեդիայի հետ սերտ գործակցությունն ու փորձի փոխանակումը: Նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտները համագործակցության լայն շրջանակ ունենալու հնարավորություն են տալիս: Պատրաստակամ ենք գործընկերային հարաբերություններն ակտիվացնել և դարձնել առավել արդյունավետ»:  Ընդգծելով Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Swedish International Development Cooperation Agency - SIDA) փորձառությունը՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն առաջարկել է դիտարկել վերջինիս հետ համագործակցության հնարավորությունը վաղ մանկության, համընդհանուր ներառական և միջին մասնագիտական կրթության զարգացման ուղղություններով: Վահրամ Դումանյանը նաև նշել է, որ հայ-շվեդական հարաբերություններում առկա է մեծ ներուժ՝ համատեղ միջբուհական, հետազոտական և ուսանողական ավարտական աշխատանքների որակն ու արդյունավետությունը բարձրացնող, ինչպես նաև «Erasmus+» ծրագրեր իրականացնելու համար: Դեսպան Պատրիկ Սվենսոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դրական է արձագանքել հնչած առաջարկներին: Դիվանագետը նշել է, որ ուրախ է Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորության համար և շեշտել՝  շվեդական կողմը ևս պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը դեսպանի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին և առաջարկել դիտարկել մոնիթորինգային խմբի ստեղծման հնարավորությունը, որի գործունեության արդյունքում Ադրբեջանը զերծ կմնա հայկական մշակութային ժառանգությունն աղավաղելուց և ոչնչացնելուց: Այս համատեքստում Վահրամ Դումանյանը վստահություն է հայտնել, որ Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեյի գործունեությունը կնպաստի խնդրի կարգավորմանը: Դեսպան Պատրիկ Սվենսոնն արձագանքել է, որ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է և անում են ամենայն հնարավորը՝ կարճ ժամանակ անց այդ և հակամարտությանն առնչվող մյուս՝ դեռ չլուծված հարցերում տեսանելի արդյունքներ գրանցելու համար:  Հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերի շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: 
17:24 - 05 մայիսի, 2021
Կարեն Գիլոյանը Սոֆիայում ներկա կգտնվի Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին

Կարեն Գիլոյանը Սոֆիայում ներկա կգտնվի Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մեկնել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա՝ ներկա գտնվելու Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Մայիսի 6-ին մեկնարկելիք մրցաշարին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից մասնակցելու են Արման Անդրեասյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), իսկ հունահռոմեականներից՝ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ): Սա ըմբիշների համար Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է: Պայքարի է դուրս գալու 474 ըմբիշ՝ 84 երկրից, ուղեգիր են նվաճելու յուրաքանչյուր քաշային կարգի եզրափակչի մասնակիցները: Այժմ Հայաստանն ըմբշամարտից Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր ունի. Տոկիոյում մեդալների համար պայքարելու են հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը և ազատոճայիններ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը:
13:02 - 05 մայիսի, 2021
Քննարկման է ներկայացվել մի շարք պետական բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծ․ ԿԳՄՍՆ

Քննարկման է ներկայացվել մի շարք պետական բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծ․ ԿԳՄՍՆ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ կառավարության միասնական տեղեկատվական e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել մի շարք պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Նախատեսվող նոր կարգավորմամբ առաջարկվում է փոփոխություն կատարել հիմնադրամի կազմակերպական-իրավական ձև ունեցող պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում, մասնավորապես նվազեցնել կառավարման խորհուրդների անդամների թիվը: Նմանօրինակ փոփոխության անհրաժեշտությունը, ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման, պայմանավորված է բուհական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացմամբ և բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 16 պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից 12-ը ներկայում ունեն հիմնադրամի կազմակերպական-իրավական ձև:  Դրանց գործունեությունը կարգավորվում է «Հիմնադրամների մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներով, ինչպես նաև համապատասխան բուհի կանոնադրությամբ, որը հաստատվում է հիմնադրի, այսինքն` ՀՀ կառավարության  կողմից: Բուհերի կանոնադրություններում այժմ սահմանված են խորհուրդների տարբեր թվաքանակներ՝ 32 կամ 24 հոգի: Առաջարկվում է բոլոր խորհուրդների դեպքում ունենալ ընդհանուր մոտեցում` սահմանելով 20 հոգուց բաղկացած կառավարման խորհուրդ, որը համահունչ է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որտեղ սահմանվում է, որ խորհրդի ձևավորման կարգը լիազորված մարմնի ներկայացմամբ սահմանում է ՀՀ կառավարությունը: Խորհրդի թվաքանակը սահմանվում է տվյալ բուհի կանոնադրությամբ՝ առնվազն 20 հոգի: Բուհերի կառավարման խորհուրդներում ներկայացուցչական համամասնությունը  ներկայում բաշխված է հավասարապես՝ խորհրդի ձևավորող յուրաքանչյուր կողմին (պրոֆեսորադասախոսական կազմ, ուսանողության, հիմնադրի և լիազորված մարմնի ներկայացուցիչներ) 25 տոկոս: Նախագծով առաջարկվում է վերանայել և սահմանել ներկայացվածության հետևյալ բաշխվածությունը՝ հիմնադրի կողմից 55 տոկոս կամ 11 հոգի, պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` 10 տոկոս  կամ 2 հոգի, բուհի պրոֆեսորադասախոսական կազմից՝ 10 տոկոս  կամ 2 հոգի, ուսանողական համակազմի ներկայացուցիչներից՝ 25 տոկոս  կամ 5 հոգի: Այդ փոփոխությունը կատարվում է հետևյալ հիմնավորմամբ. «Ներկայացվածության նման բաշխվածությունը բացասաբար է անդրադառնում հոգաբարձուների խորհուրդների՝ կառավարչական որոշումներ կայացնելու օպերատիվության վրա, որոշ դեպքերում հանգեցնում խորհուրդների նախագահների և ռեկտորների ընտրության գործընթացի արգելափակմանը՝ տարբեր բուհերում խորհուրդները դարձնելով խմբային շահերի հակամարտության հարթակ և փաստացի կաթվածահար անելով հաստատության բնականոն գործունեությունը։ Պետք է նշել նաև, որ գործող համամասնությունները որոշակիորեն սահմանափակում են կառավարության՝ որպես պետական հիմնադրամների հիմնադրի հնարավորությունները համակարգում իրականացվելիք բարեփոխումների ընթացքը կառավարելու առումով»։ Նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները ՀՀ պետական բուհերը, ոլորտում գործող հասարակական կազմակերպություններն ու հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել մինչև 2021 թվականի մայիսի 14-ը:
16:45 - 03 մայիսի, 2021
Կառավարությունը հաստատել է Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները

Կառավարությունը հաստատել է Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները

ՀՀ Կառավարության կողմից պաշտոնապես հաստատվել են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գոռ Պատվականի Վարդանյանի ընտրության արդյունքները: ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հաստատել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գոռ Պատվականի Վարդանյանի ընտրության արդյունքները»,- ասված է որոշման մեջ: Նշենք, որ մարտի 15-ին Գոռ Վարդանյանը ընտրվել էր Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում: Ռեկտորի պաշտոնում առաջադրվել էր վեց թեկնածու, նրանցից երկուսը ելույթ ունենալուց, խորհրդի անդամների հարցերին պատասխանելուց հետո հայտարարել էին, որ հանում են իրենց թեկնածությունը՝ Արամ Միքայելյանը և Պարգև Բալջյանը: Ըստ կանոնակարգի, ընտրվելու համար թեկնածուն պետք է նվազագույնը 17 կողմ ձայն ստանա: Առաջին փուլում թեկնածուներից Նորայր Հարությունյանը կողմ ձայներ չէր ստացել, Դավիթ Ղազարյանի օգտին քվեարկել էր 1 մարդ, Ամալյա Մխիթարյանը ստացել էր 13 կողմ ձայն, իսկ Գոռ Վարդանյանը՝ 16 կողմ ձայն:
16:44 - 03 մայիսի, 2021
Կապանը՝ որպես ՀՀ-ի երիտասարդական մայրաքաղաք. հանդիսավորությամբ տրվել է միջոցառումների մեկնարկը

Կապանը՝ որպես ՀՀ-ի երիտասարդական մայրաքաղաք. հանդիսավորությամբ տրվել է միջոցառումների մեկնարկը

Կապանը որպես Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ծրագրի միջոցառումների մեկնարկը տրված է: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 1-ին Կապանում հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Կարեն Թռչունյանը, նախարարության Երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը և այլք։ Միջոցառումների մեկնարկը տրվել է Բաղաբուրջ համալիր այցով, որտեղ ծաղիկներ են խոնարհվել արցախյան պատերազմի զոհերի հիշատակին։ Միջոցառումները շարունակվել են  Կապան համայնքի էլեկտրոնային գրադարանում,  որտեղ ԿԳՄՍ նախարարության և Կապանի համայնքապետարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է կապանցիներին՝ Կապանի՝ երիտասարդական մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար։ «Մեծ պատիվ է գտնվել Կապանում այս կարևոր իրադարձության շրջանակում։ Ուրախ ենք, որ հենց Կապանն է ընտրվել երիտասարդական մայրաքաղաք։ Միջոցառումները լինելու են շարունակական և ամբողջ տարի միասին աշխատելու ենք։ Խրախուսում ենք երիտասարդների ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը միջոցառումներին։ Շատ կարևոր է, որ երիտասարդները զգան իրենց կյանքի ակտիվության տարբերությունները նախորդ տարիների համեմատ։  Մեր երիտասարդներն արդեն ապացուցել են, թե ինչքան են սիրում հայրենիքը, և մեր խնդիրն է անել առավելագույնը, աջակցել և նպաստել նրանց ինքնիրացմանն ու հեռանկարների զարգացմանը»,-ասել է Արթուր Մարտիրոսյանը։ Կապանի համայնքապետի տեղակալ Գոռ Թադևոսյանը ևս ողջունել է ներկաներին և վստահություն հայտնել, որ տարին լինելու է հագեցած և համայնքի, համայնքապետարանին կից գործող երիտասարդական խորհրդի և հասարակական կազմակերպությունների ջանքերով երիտասարդական մայրաքաղաք Կապանը հանդես կգա գեղեցիկ և հետաքրքիր միջոցառումներով։
15:59 - 01 մայիսի, 2021
ՀՀ ԿԳՄՍՆ-ը 2021-2025 թթ երիտասարդական քաղաքականության ռազմավարության մշակման ակտիվ փուլում է

ՀՀ ԿԳՄՍՆ-ը 2021-2025 թթ երիտասարդական քաղաքականության ռազմավարության մշակման ակտիվ փուլում է

Ապրիլի 29–ին կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստն առցանց հարթակում, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Նիստի ընթացքում ներկայացվել են երիտասարդական քաղաքականության շրջանակում ամենամյա համագործակցության ծրագրերը, նախատեսվող միջոցառումները, որոնք կնպաստեն երիտասարդական կամավորության զարգացմանը, նորարարական գաղափարների իրականացմանը, երիտասարդական մայրաքաղաքների հանրահռչակմամբ մարզային երիտասարդության ակտիվության բարձրացմանը և համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող, կայուն զարգացման, սոցիալական հետազոտությունների փորձի փոխանակման մի շարք այլ հարցեր: Հայաստանյան ներկայացուցիչը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունել է ներկաներին և տեղեկացրել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այժմ 2021-2025 թթ երիտասարդական քաղաքականության ռազմավարության մշակման ակտիվ փուլում է, և այն նախատեսում է նաև կամավորության զարգացում և խթանում: «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում իրականցվող միջոցառումների քննարկմանը Ա. Մարտիրոսյանը ներկայացրել է մայիսի 1-ին Կապան քաղաքում՝ որպես Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք, անցակվող միջոցառումների մասին: Միաժամանակ նախարարի տեղակալը վերահաստատել է ԱՊՀ մասնակից-պետությունների միջազգային երիտասարդական «100 գաղափար ԱՊՀ համար» ծրագրի վերջնական՝ միջազգային փուլը, և ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը 2021 թվականի 2-րդ կիսամյակում Հայաստանում հյուրընկալելու պատրաստակամությունը, որի մասին որոշում էր ընդունվել նախորդ նիստի ժամանակ: Դիմելով գործընկերներին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է. «Սիրով հրավիրում եմ ձեզ մեր հրաշալի երկիր: Լիահույս եմ, որ քաղաքական և համավարակային հանգամանքները չեն խանգարի հյուրընկալել ձեզ մեր երկրի երիտասարդական մայրաքաղաք հիասքանչ Կապան քաղաքում և չեն խոչընդոտի մեր ծրագրերին, և դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու մեր երկրի հնադարյան պատմությանն ու տեսարժան վայրերին»: Նախարարի տեղակալը նաև պատրաստակամություն է հայտնել աշնանը Հայաստանում անցկացվելիք այդ կարևոր միջոցառումների շրջանակում կազմակերպել հանդիսավոր միջոցառումներ Անկախ պետությունների համագործակցության ձևավորման 30-ամյա և ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի 15-ամյա հոբելյանների առթիվ:
13:08 - 30 ապրիլի, 2021
Ամեն ինչ արել եմ օրենքի տառին hամապատասխան. Կարեն Գիլոյան |armenpress.am|

Ամեն ինչ արել եմ օրենքի տառին hամապատասխան. Կարեն Գիլոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Գիլոյանը լիահույս է, որ բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահը կկարողանա լուծել ասպարեում առկա խնդիրները: «Կարևորն այն էր, որ հայկական բռնցքամարտն իրավունք չուներ լիներ պառակտված: Շնորհակալ եմ ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Գևորգյանին՝ վստահության համար: Ամեն ինչ արել եմ օրենքի տառը պահելով: Հույս ունեմ, որ նորընտիր նախագահն ի վիճակի կլինի լուծել ներկայում բռնցքամարտում առկա խնդիրները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գիլոյանը: Ապրիլի 29-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության դահլիճում կայացած համաժողովի ընթացքում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը: Համաժողովին ներկա էր նաև Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Յուրի Զայցևը: Մինչ քվեարկության մեկնարկը 4 թեկնածուներից 2-ը հանեցին իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվեց սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանի և Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի միջև: Ընտրությանը նախորդեց թեկնածուների կողմից իրենց ծրագրերը ներկայացնելու գործընթացը: Հովհաննես Հովսեփյանը, ներկայացնելով բռնցքամարտի զարգացման իր ծրագիրը, շեշտեց, որ հայկական բռնցքամարտը պետք է բարձրանա նոր համաշխարհային մակարդակի: Հակոբկոխյանն էլ շեշտեց, որ իր առաջին գործը լինելու է այն, որ մարզիկները ստանան փորձ կուտակելու հնարավորություններ: Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը գրանցված 95 մասնակիցներից քվեարկեցին 92-ը: Քվեների 67/10 հարաբերակցությամբ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը: 15 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
16:22 - 29 ապրիլի, 2021
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նոր նախագահ ունի |armenpress.am|

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նոր նախագահ ունի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը: Համաժողովին, որի ընթացքում ընտրվեց Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը, ներկա էր նաև Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Յուրի Զայցևը: Մինչ քվեարկության մեկնարկը 4 թեկնածուներից 2-ը հանեցին իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվեց սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանի և Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի միջև: Ընտրությանը նախորդեց թեկնածուների կողմից իրենց ծրագիրը ներկայացնելու գործընթացը: Հովհաննես Հովսեփյանը, ներկայացնելով բռնցքամարտի զարգացման իր ծրագիրը, շեշտեց, հայկական բռնցքամարտը պետք է բարձրանա նոր համաշխարհային մակարդակի: Հակոբկոխյանն էլ շեշտեց, որ իր առաջին գործը լինելու է այն, որ մարզիկները ստանան փորձ հավաքելու հնարավորություններ: Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը գրանցված 95 մասնակիցներից քվեարկեց 92-ը: Քվեների 67/10 հարաբերակցությամբ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը: 15 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
14:10 - 29 ապրիլի, 2021
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է նոր տարրերով․ ԿԳՄՍՆ

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է նոր տարրերով․ ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 33 տարրերից, համալրվել է ևս 12-ով: Դրանք են՝ «Համբարձման տոն», «Զատիկ, Սուրբ Հարության տոն, Սուրբ Զատիկ», «Նոր տարի» տոն», «Եզդիների հարսանեկան ծեսը», «Թաղման ծես», «Ասորիների Նոր տարվա տոնակատարությունը», «Դուդուկը և դրա երաժշտությունը», «Քանոն» երաժշտական նվագարանը», «Մուսա լեռան տոնակատարությունը», «Կուրկուտ ծիսական ուտեստի ավանդույթը Կապանում», «Արքայանարնջի և թզի չրերի պատրաստման ավանդույթը Մեղրիում», «Հայաստանի սիրիահայ համայնքի ասեղնագործական մշակույթը» արժեքները: Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառված են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունը առանձնահատուկ արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության աստիճանը բարձրացնելու գործընթացին: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության 2021 թ. ապրիլի 15-ի 599-Ա որոշմամբ: Նշյալ որոշման նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկի համալրումն է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին օրենքի դրույթներով: Նախագծի ընդունումը կարևորվում է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների գույքագրման, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում Հայաստանի Հանրապետության հայտերը ներկայացնելու հանգամանքով:
13:14 - 29 ապրիլի, 2021
Երիտասարդական մայրաքաղաք նախագծի շրջանակում Կապանում միջոցառումները մեկնարկելու են մայիսի 1-ին |armenpress.am|

Երիտասարդական մայրաքաղաք նախագծի շրջանակում Կապանում միջոցառումները մեկնարկելու են մայիսի 1-ին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2021 թվականին երիտասարդական մայրաքաաք ճանաչված Կապան քաղաքի համար տարին բավական ակտիվ է լինելու: «Երիտասարդական մայրաքաղաք» նախագծի շրջանակում միջացառումները մեկնարկելու են մայիսի 1-ին:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ իրականացվելու է միջոցառումներով հագեցած ծրագիր: «Բուն ծրագիրը միայն բացման ու փակման միջոցառումները չեն: Տարվա ընթացքում բազմապիսի միջոցառումներ են նախատեսվում իրականացնել Կապանում: ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել Կապանում առկա ռեժիմով: Խրախուսում ենք մեր ԱՊՀ գործընկերներին գալ և այստեղ մասնակցել նիստին: Դրանից բացի, Կապանում անցկացվելու է «100 գազափար ԱՊՀ-ի համար» միջոցառման եզրափակիչ փուլը: Միջոցառումները նախատեսվում են սեպտեմբեր, հոկտեմբեր ամսիներին»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը: Նախարարության երիտասարական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը նշեց, որ մայիսի 1-ին՝ նախագծի մեկնարկի օրը, նախատեսված են մի շարք միջոցառումներ, և իրենք ակնկալում են երիտասարդների ակտիվ մասնակցություն: «Պատվիրակությունները Երևանից և այլ շրջաններից առավոտյան կլինեն Կապանում և քաղաքապետարանի այգու մոտից երթով կշարժվեն դեպի Բաղաբուրջ հուշահամալիր, որտեղ ծաղիկներ կխոնարհեն արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Կապանի մշակույթի կենտրոնում տեղի կունենա հուշագրի ստորագրում ԿԳՄՍ նախարարության և համայնքապետարանի միջև: Այնուհետև կբացվի երիտասարդների նկարների ցուցահանդեսը: Օրվա ընթացքում սպասվում է համերգային ծրագիր»,- ասաց Գոհար Մամիկոնյանը:     Միջոցառումները կլինեն նաև հաջորդող ամիսներին ինչպես համայնքային, այնպես էլ մարզային, համապետական նշանակության: Ծրագրի շրջանակում նախարարության հետ համագործակցող «Ֆիչր» կազմակերպության ներկայացուցիչ Նարեկ Սարգսյանը նշեց, որ ամեն ինչ արվում է միջոցառումները պատշաճ մակարդակով իրականացնելու համար: «Բոլորին հրավիրում ենք Կապան: Կոչ ենք անում երիտասարդներին ավելի ակտիվ լինել: Մշակութային միջոցառումներից բացի անցկացվելու է սպորտլանդիա, կլինեն նաև քննարկումներ: Այսինքն՝ ամեն ինչ արվում է, որ Կապանի երիտասարությունն իսկապես զգա քաղաքի երիտասարդական մայրաքաղաք լինելու հանգամանքը»,- ասաց Նարեկ Սարգսյանը: Պատասխանատուները նշեցին, որ հակահամաճարակային բոլոր կանոնները պահպանվելու են: 
13:17 - 28 ապրիլի, 2021
Արվում է հնարավոր ամեն բան՝ կանխելու գրավյալ տարածքներում հայկական մշակութային արժեքների ոչնչացումը. Դումանյան

Արվում է հնարավոր ամեն բան՝ կանխելու գրավյալ տարածքներում հայկական մշակութային արժեքների ոչնչացումը. Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ին Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի դահլիճում անցկացրել է «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։  Համաժողովին մասնակցել են ոլորտի շահագրգիռ կողմերը՝ գերատեսչությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, մասնագիտական հանրության, դիվանագիտական օղակների ներկայացուցիչներ:  Համաժողովը բաղկացած էր «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերներ և գործողություններ» և «Հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրների շուրջ» խորագրերով 2 նիստերից:  Առաջին նիստը վարում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:  Ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի տնօրեն Տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանում հյուրանոցային և հյուրընկալության ոլորտի կառավարման որակավորման վկայագրի ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը:  Երկրորդ նիստը վարում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը (խոսնակներ՝ ԻԿՕՄՕՍ-Հայաստան ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյան, Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյան, Հայաստանի պատմության թանգարանի գիտական քարտուղար Րաֆֆի Քորթոշյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ներկայացուցիչ Նժդեհ Երանյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակից Վիկտորյա Իսահակյան):  Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Խոսելով Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա խորհրդի մասին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ պատմաքաղաքական նոր իրողությունների համատեքստում ապրիլի 18-ը մեզ համար ոչ այնքան մասնագիտական տոն է, որքան նոր մարտահրավերների և խնդիրների իմաստավորման առիթ ու հարթակ։ Անդրադառնալով համաժողովի նպատակներին և կարևորությանը՝ Վահրամ Դումանյանը փաստել է, որ այն տեղի է ունենում հստակ նպատակադրումներով՝ բարձրացնել հանրային ու մասնագիտական տեղեկացվածության մակարդակը, ձևակերպել ու վերլուծել մարտահրավերները, մեկտեղել ջանքերը մշակութային ժառանգության ֆիզիկական ու տեղեկատվական անվտանգությունն ապահովելու համար։  «Ցավոք, մեծ է կորուստների ու արժեքների համար մեր պայքարի պատմական փորձը։ Քոչվոր ցեղախմբերի ասպատակություններից մինչև Ջուղայի բացառիկ խաչքարերի և Արցախի հոգևոր ժառանգության ոչնչացումը քաղաքակրթական ու արժեքաբանական անհամատեղելիության դրսևորումներ են եղել։ Մինչդեռ Մատենադարանը՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ իրականանում է համաժողովը, խորհրդանիշն է այլ մշակույթների հանդեպ հայերի հարգանքի, մարմնացումն է հայ մարդու լայնախոհության և իմաստության։ Անհերքելի իրողություն է՝ հայկական ձեռագրերին զուգահեռ՝ հայ ժողովուրդը դարեր շարունակ նույն պատասխանատվությամբ պահպանել է հազարավոր օտարալեզու մատյաններ։   Այսօր մենք կրկին կանգնել ենք մեր ստեղծարար մտքի արտահայտության անհետացման լրջագույն վտանգի առջև։ Ադրբեջանն արգելակում է միջազգային վերահսկողության, մշտադիտարկման համակարգի ներդրման յուրաքանչյուր փորձ, հանդես է գալիս գրավյալ տարածքներում առկա արժեքների ոչնչացման անթաքույց կոչերով՝ անտեսելով քաղաքակիրթ աշխարհի՝ հազարամյակներով մշակած բարոյական և իրավական նորմերը»,- փաստել է Վ. Դումանյանը՝ ավելացնելով, որ դժվար է մշակույթի պահպանման շուրջ երկխոսել մի պետության հետ, երբ նույն ժամանակ այդ պետության ներսում բացվում է, այսպես կոչված, «Հաղթանակի պուրակը», որն իրականում հզոր քաղաքակրթական պարտության արտահայտություն է:  Այս համատեքստում նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ մեր խնդիրը բարոյական գնահատականներ տալը չէ, այլ դիմակայության մեխանիզմների մշակումն է։  «Այդ նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովում մշակվել է առաջիկա գործողությունների ծրագիրը, որին մասնակցել են բազմաթիվ գիտական ու հասարակական կառույցներ, գերատեսչություններ։ Այս պահին արվում է հնարավոր ամեն բան՝ կանխելու գրավյալ տարածքներում հայկական մշակութային արժեքների ոչնչացումը։ Համաժողովի շրջանակում հանրությանը ներկայացնելու ենք կատարված աշխատանքի ամբողջական պատկերը և ուրվագծելու ենք առաջնահերթ անելիքները»,- տեղեկացրել է Վահրամ Դումանյանը և հավելել, որ քննարկումներում ընդգրկված են բոլոր պատասխանատու և շահագրգիռ կողմերը՝ ինստիտուցիոնալ մասնագիտական, պետական և միջազգային կազմակերպությունները, հոգևորականները, հուշարձանագետներն ու փորձագետները։  ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը ցուցաբերած աջակցության և համագործակցության համար  իր խորին երախտագիտության խոսքն է ուղղել պետական ու միջազգային կառույցներին, դիվանագիտական ներկայացուցչություններին։  «Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում այն տասնյակ մարդկանց, որոնք 44-օրյա պատերազմի օրերին մասնակցեցին Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը։ Նախարարության շնորհակալագրերը նրանց կհանձնվեն այսօր երեկոյան կայանալիք բացօթյա համերգին, որը տեղի կունենա Սուրբ Աննա եկեղեցու բակում»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը:  Արցախի մշակութային արժեքների հետազոտման, պահպանման և հանրայնացման գործում ունեցած ներդրման համար նա շնորհակալագրեր է հանձնել Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանին և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աշխատակից, ճարտարապետ Րաֆֆի Քորթոշյանին:  Հիշեցնենք, որ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ապրիլի 27-ին`  ժամը 19:00-ին, Սբ. Աննա եկեղեցու բակում կկայանա բացօթյա համերգային երեկո, որի ընթացքում կատարումներով հանդես կգան հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, Երևանի պետական կամերային երգչախումբը, «Ագապե» կամերային երգչախումբը (իգական կազմ) և «Ֆոլկ-մոդեռն» ժողովրդական գործիքների նվագախումբը:   Համերգի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը հուշարձանների և դրանց պահպանության խնդիրների վերաբերյալ: Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հայփոստի» հետ համագործակցությամբ թողարկել է պատմամշակութային հուշարձանների պատկերներով նամականիշներ: Գնելով նամականիշները՝ յուրաքանչյուր քաղաքացի իր կարևոր ներդրումն է ունենալու հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության գործում:
21:00 - 27 ապրիլի, 2021
Նախադպրոցական կրթության ոլորտում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ

Նախադպրոցական կրթության ոլորտում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ

 Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը նախադպրոցական կրթության ոլորտում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:  Այդ գործընթացին նպաստելու նպատակով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարության, վերոնշյալ կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:  Քննարկման նպատակն էր վեր հանել նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման առաջընթացը, առկա խնդիրները և հնարավորությունները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունից հետո սահմանվել են նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառականության անցնելու գործողությունների ժամանակացույցը և ներդրման պլանը:  «Այս խնդիրը միշտ օրակարգային է եղել. նախադպրոցական  կրթության ոլորտում համընդհանուր ներառականության անցման բազմաթիվ ջանքեր և ռեսուրսներ են ներդրել մեր գործընկերները և տարբեր հաստատություններ, սակայն օրենքի փոփոխությունից հետո են միայն սահմանվել հստակ ժամկետներ և ընթացակարգեր: Համընդհանուր ներառականության անցնելու քաղաքականությունը հնարավորություն կտա ավելի համակարգված և հետևողական գործել թե՛ մեթոդաբանական, թե՛ մարդկային ռեսուրսների պլանավորման ու աշխատանքի կազմակերպման առումով: Այս իմաստով նախարարությունը նախաձեռնել  է մի շարք հարակից գործընթացներ, որոնք այդ քաղաքականության տիրույթում են»,- նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ դրանցից առաջինը ՏՄԱԿ-ների ֆինանսավորման նոր կարգն է: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նախագծով նախատեսվում է որոշակիորեն ավելացնել այդ կենտրոնների ֆինանսավորումը, որպեսզի դրանց գործառույթների շրջանակում անպայման ներառված լինի նաև նախադպրոցական ոլորտը: «Մեկ այլ նախագծով նախատեսում ենք փուլային սկզբունքով պետբյուջեից ֆինանսավորում տրամադրել սոցիալական որոշ խմբերի երեխաների, որոնց թվում իրենց առաջնահերթ տեղն ունեն կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները: Կարծում ենք, որ սա էապես կմեծացնի նախադպրոցական ոլորտում այդ երեխաների ընդգրկվածությունը, ինչը նրանց զարգացման տեսանկյունից ունի վճռորոշ նշանակություն: Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սա կարող է լինել ճակատագրական, քանի որ վաղ տարիքից ընդգրկված լինելով նախադպրոցական ծառայություններում՝ նրանք հնարավորություն կստանան էապես փոխել իրենց կյանքի որակը: Բացի դրանից՝ բոլոր այն խնդիրները, որ տեսնում ենք դպրոցական մակարդակում, կարող են մեծապես չեզոքանալ, եթե կարողանանք ապահովել այդ երեխաների ընդգրկումը նախադպրոցական կրթության ոլորտում: Սա էլ իր հերթին էապես կբարելավի կրթության համակարգում համընդհանուր ներառականության ներդրման գործընթացը, այսինքն՝ դպրոցում կունենանք երեխաներ, որոնք արդեն ներառված են, կլինեն ծառայություններ, որոնք արդեն շարունակական են, և այս տեսանկյունից բոլորիս ջանքերը մեկտեղելն առավել քան կարևոր է»,- շեշտել է փոխնախարարը:   ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի Կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը տեղեկացրել է, որ համընդհանուր ներառականության անցնելու գործողությունների ժամանակացույցը և ներդրման պլանն իրականացվում են «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում՝ ԵՄ ֆինանսավորմամբ և ՀՀ կառավարության ու ՄԱԿ-ի այլ գործակալությունների հետ համագործակցությամբ: Նրա խոսքով՝ Հայաստանում համընդհանուր ներառականության անցումը սկսվել է 2000-ականներից հենց նախադպրոցական կրթության ոլորտից, սակայն դրա շարունակականության ապահովման համար հնարավորություններ չեն եղել, քանի որ իրավական և ֆինանսական հիմքերը հստակ չեն եղել: «Այսօր արդեն ունենք «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությունը, որը սահմանում է այդ ոլորտում համընդհանուր ներառականության անցման հիմնական ուղենիշները»,- ընդգծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը: Նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրմանն ուղղված գործողությունների պլանը և ժամանակացույցը, ինչպես նաև նախադպրոցական ներառական կրթության գործընթացի համակարգումը և մեթոդաբանության մշակումը ներկայացրել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսյա Սվաջյանը: Ըստ այդմ՝ համակարգի ներդրումն առավել սահուն կազմակերպելու նպատակով այն կանցկացվի 2 փուլով։ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը նախատեսվում է ներդնել 2022 թ.-ին, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում՝ 2023 թ.-ին: Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև Երևան քաղաքում նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը ներդնելու խոչընդոտները և հնարավոր լուծումները: Այնուհետև տեղի է ունեցել համատեղ քննարկում՝ նախադպրոցական հաստատություններում համընդհանուր ներառական կրթության ներդրման մարտահրավերների և ՆՈՒՀ-երում ներառական կրթության ներդրման համար նախապատրաստական աշխատանքների իրականացման վերաբերյալ:   
18:22 - 27 ապրիլի, 2021