Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

ԻԻՀ-ի և ՀՀ-ի համերաշխ գոյակցելու մոդելն օրինակելի է մահմեդական և քրիստոնյա այլ ժողովուրդների համար. Իրանի դեսպան

ԻԻՀ-ի և ՀՀ-ի համերաշխ գոյակցելու մոդելն օրինակելի է մահմեդական և քրիստոնյա այլ ժողովուրդների համար. Իրանի դեսպան

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին սեպտեմբերի 29-ին հանդիպել է համալսարանականների հետ:  Կայացել է նաև դեսպանի և համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար հանդիպումը։ «Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն իր աշխատասենյակում ընդունել է ԻԻՀ պատվիրակությանը, որը գլխավորում էր ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպման ներկա էին նաև Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, Արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, իրանագետ Գուրգեն Մելիքյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Ուրախ եմ, որ գտնվում եմ Մայր բուհում և հնարավորություն ունեմ հանդիպելու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ: Իրանն ու Հայաստանը համագործակցության լայն դաշտ ունեն, որտեղ անելիքներ շատ կան: Մեծ սիրով պատրաստ ենք կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր ու նախագծեր մշակել, որտեղ ներգրավված կլինեն ուսանողներ և երիտասարդ գիտնականներ: Տարածաշրջանում բավականին արագ են իրադարձությունները զարգանում, պետք է հետ չմնանք այդ զարգացումներից: Կրթությունն ու գիտությունը հենց այն ոլորտներն են, որոնց միջոցով երկխոսություն է ծավալվում ժողովուրդների միջև՝ հիմք հանդիսանալով այլ ոլորտների զարգացումների համար: Վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում ձևավորված Իրան-ՀՀ կապն ու համագործակցությունը տարածաշրջանում լավագույն մոդելն են: Ուսումնասիրելով ձեր կենսագրությունը՝ նկատեցի, որ մասնագիտությամբ աստվածաբան եք, ուստի ուզում եմ փաստել, որ չնայած արտաքուստ տարբեր կրոնների դավանող պետություններ ենք, սակայն գտել ենք երկխոսության ու համերաշխ գոյակցելու բանաձևը: Եվ այս մոդելը կարող է օրինակ ծառայել մահմեդական և քրիստոնյա այլ ժողովուրդների համար»,- ասել է Աբբաս Բադախշան Զոհուրիին և շնորհավորել Հովհաննես Հովհաննիսյանին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնն ստանձնելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ: «Ռեկտորի ժ.պ.-ն հակիրճ ներկայացրեց համալսարանական կրթական, գիտական և բարեկամական կապերն Իրանի գործընկեր բուհերի և գիտական կենտրոնների հետ, որոնք ամրապնդվել ու զարգացել են տարիների ընթացքում. «Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, որի հետ պատմամշակութային, քաղաքական և գիտակրթական ամուր կապեր կան: ԵՊՀ-ն լուրջ աշխատանք է տանում բուհի միջազգայնացման ուղղությամբ: Իրանցի աշակերտների համար հետաքրքիր կարող է լինել մեր բնագիտական ֆակուլտետներ այցելությունը՝ Կենսաբանություն, Ֆարմացիա, որտեղ ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ կան: Կարող ենք նաև բաց դասախոսություններ անցկացնել հումանիտար թևի ուսանողների համար: Համագործակցության դաշտը մեծ է ու բազմաշերտ»: Ռեկտորի ժ.պ-ն ընդգծեց, որ ԵՊՀ միջազգային համագործակցության գծով պատասխանատուները, ինչպես նաև Արևելագիտության ֆակուլտետի ներկայացուցիչները պատրաստ են հանդիպելու դեսպանի մշակութային կցորդի հետ՝ հետագա համագործակցությանն ուղղված ծրագրերը քննարկելու և պատշաճ իրականացնելու համար»,- հայտնում են ԵՊՀ-ից: Հովհաննես Հովհաննիսյանը նաև շնորհակալություն է հայտնել դեսպանին ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում ծավալված վերջին իրադարձությունների վերաբերյալ Իրանի մոտեցման ու պետական մակարդակով վարած հավասարակշռված քաղաքականության համար: Հովհաննես Հովհաննիսյանը հուշանվեր է հանձնել դեսպանին, ինչից հետո պատվիրակության անդամները հանդիպել են Արևելագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: Դեսպանը Իրանի ոչ վաղ անցյալին նվիրված դասախոսություն ներկայացրեց ուսանողներին, որի ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով քննարկում ծավալվեց: ԵՊՀ-ի տեղեկացմամբ՝ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշել է, որ սա դեսպանի առաջին պաշտոնական այցն է ԵՊՀ. «Դեսպանի հետ քննարկվեցին ոչ միայն իրանագիտության հետ կապված ընդհանուր հարցեր, այլև կոնկրետ ԵՊՀ-ի և իրանական գիտակրթական հաստատությունների միջև համագործակցության հնարավորությունները»:
21:25 - 29 սեպտեմբերի, 2021
Հայաստանը Բաքվի և Անկարայի նման Իրանի սահմանների նկատմամբ սին երազանքներ չունի․ ԻԻՀ դեսպանության մեջբերումը՝ ի պատասխան իրանական թերթի

Հայաստանը Բաքվի և Անկարայի նման Իրանի սահմանների նկատմամբ սին երազանքներ չունի․ ԻԻՀ դեսպանության մեջբերումը՝ ի պատասխան իրանական թերթի

Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպանությունը ֆեյսբուքյան էջում մեջբերում է արել իրանական «Ջամ-է-ջամ» օրաթերթից, որում անդրադարձ է կատարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի հասցեին հնչեցված մեղադրանքներին:   «Ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվամիջոցին տրված հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի դեմ հնչեցված մեղադրանքի՝ «Ինչու՞ 30 տարիների ընթացքում, երբ Ղարաբաղի շրջակա տարածքները հայերի տիրապետության տակ էին, Իրանի հյուսիսային շրջաններում զորավարժություններ չէին անցկացվում», իրանական «Ջամ-է-ջամ» օրաթերթն իր այսօրվա համարում հոդված է հրապարակել, որից բերված են մի քանի մեջբերումներ․   • Հայաստանը Բաքվի և Անկարայի նման Իրանի սահմանների նկատմամբ սին երազանքներ չունի և նման պահվածք չի ցուցաբերում, • Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, Իսրայելի դաշնակիցը չէ, • Հայաստանը Ադբեջանի Հանրապետության նման Ատրպատականում չի ստեղծել վարձկան-անջատողականների ցանց, • Հայաստանը նպատակ չունի Իրանին առևտրական ճանապարհներից դուրս մղելու։ Ի դեպ, հոդվածագիրը նկատում է նաև, որ «Ադրբեջանի նախագահի ոչ դիվանագիտական վարքը և Թուրքիայի լրատվամիջոցով Իրանին ուղերձ հղելը ոչ այլ ինչ է, քան գաղութացվածության նշան»,-ասված է գրառման մեջ։    Հոդվածի հղումն է՝ https://jamejamonline.ir/fa/news/1339964/
19:24 - 29 սեպտեմբերի, 2021
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին, քննարկվել է նաև Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին, քննարկվել է նաև Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 29-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Փոխվարչապետը նշել է, որ հայ-իրանական հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի: Սուրեն Պապիկյանը միաժամանակ բարձր է գնահատել դեսպանի անձնական ներդրումը հայ-իրանական հարաբերությունների խորացման գործում:Փոխվարչապետն արձանագրել է, որ հայ-իրանական հարաբերությունների օրակարգը բավականին լայն է և պետք է ջանք չխնայել այն ամբողջովին սպասարկելու ուղղությամբ՝ ընթացքի մեջ գտնվող ծրագրերն ավարտին հասցնելու և նորերի մեկնարկն ազդարարելու համար: Փոխվարչապետը գնահատելի է համարել Իրանի պաշտոնական տեսակետը տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման շուրջ՝ նշելով, որ բազմակողմ աջակցության ու հետևողականության պարագայում խաղաղության օրակարգը հնարավոր է իրագործել:Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին շնորհավորել է Սուրեն Պապիկյանին փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն արտահայտելով, որ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցությունն ավելի է ընդլայնվելու: Դեսպանը վկայակոչել է վերջին ամիսներին երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և համագործակցության աճող դինամիկան՝ նկատելով, որ երկու երկրներում ձևավորվել են երիտասարդ գործիչների կառավարություններ, որոնք ակտիվ և եռանդուն աշխատանք կտանեն երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ:Կողմերը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը: Փոխվարչապետը հայտնել է, որ այլընտրանքային ճանապարհների կառուցումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Նա տեղեկացրել է, որ Տաթև-Կապան ճանապարհի կառուցումը նախատեսվում է ամբողջությամբ ավարտին հասցնել մինչև նոյեմբերի վերջ՝ հավելելով, որ կառուցվում է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը: Մեկնարկել է նաև Տաթև-Լծեն ճանապարհի շինարարությունը, որը հնարավորություն է տալու շրջանցել Տաթևի ոլորանները և անհամեմատ ավելի հարմար է լինելու մեծ բեռնատար մեքենաների երթևեկության համար: Փոխվարչապետը նշել է, որ Որոտան-Գորիս հատվածում կառուցվելու են շրջանցիկ ճանապարհներ: Անդրադառնալով «Հյուսիս-հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի հարցին՝ Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ ծրագիրն արդեն թևակոխել է մրցույթի հայտարարման փուլ:Կողմերը քննարկել են նաև հայ-իրանական տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, որոնք ընդգրկել են ճանապարհաշինության, էներգետիկայի, նոր տեխնոլոգիաների, հանքաարդյունաբերության բնագավառները: Անդրադարձ է կատարվել մշակութային հարաբերությունների զարգացմանը՝ ելակետ ունենալով երկու ժողովուրդների պատմական ինքնությունն ու բարեկամությունը: Կարևորվել են առաջիկայում սպասվող երկկողմ բարձր մակարդակի փոխադարձ այցերը, որոնք կնպաստեն տնտեսական ասպարեզում փոխգործակցության խորացմանը, առկա հնարավորությունների առավելագույնս օգտագործմանը, առկախված ծրագրերի արագ իրագործմանն ու նոր նախաձեռնություններով հանդես գալուն: Այդ համատեքստում դիտարկվել է ԵԱՏՄ շուկայի ներուժի օգտագործումն ու ընդգծվել է «Պարսից ծոց - Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի կարևորությունը՝ որպես հուսալի, անվտանգ տարանցիկ ուղի դրանում ներգրավված բոլոր երկրների համար:
17:51 - 29 սեպտեմբերի, 2021
Թեհրանը «զարմացած է» Ալիևի «զարմանքից» |civilnet.am|

Թեհրանը «զարմացած է» Ալիևի «զարմանքից» |civilnet.am|

civilnet.am: Թեհրանը զարմացած է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իրանական կողմի հասցեին արած հայտարարություններից և չի հանդուրժի իսրայելական ուժերի ներկայությունը իր սահմաններին․ այս մասին սեպտեմբերի 28-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն, հայտնում է Tehran Times-ը։ «Մի իրավիճակում, երբ երկու երկրներն ունեն լավ հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա և ամենաբարձր մակարդակով գործում են կապի խողովակներ, նման հայտարարությունները զարմանք են առաջացնում»,- ասել է Խաթիբզադեն։ Վերջինս հստակեցրել է, որ սահմանային զորավարժությունների անցկացումը Իրանի ինքնիշխան իրավունքն է։ Սեպտեմբերի 27-ին Իլհամ Ալիևը թուրքական Anadolu լրատվականի հետ զրույցում զարմանք էր հայտնել Թեհրանի ձեռնարկած գործողությունների առնչությամբ․ «Ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ մեր սահմաններին։ Իրանը սահմանին վարժանքներ չի իրականացրել մոտ 30 տարի առաջ Ադրբեջանի անկախացումից ի վեր»։ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական ուժերը իրանական բեռնատարների վարորդներից սկսել են գումար գանձել իրենց տարածք մուտք գործելու համար։ Ադրբեջանցիներն անգամ երկու իրանցի վարորդի են ձերբակալել։ Anadolu-ի հետ զրույցում Ալիևը «պարզաբանել է», որ Իրանը տարիներով անտեսել է Ադրբեջանի կոչերը՝ դադարեցնել ապրանքների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ։ Նրա խոսքով՝ ոչ մի իրանական բեռնատար չի մտել Ղարաբաղ այն բանից հետո, երբ իրենք սկսել են մուտքի գումար գանձել։ Սեպտեմբերի վերջին լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանը զորակազմ և զինտեխնիկա է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ վարժանքներն իրականացվում են ի պատասխան Ադրբեջանի տարածքում իսրայելական ուժերի ներկայության։ Բաքվում Իրանի դեսպան Աբաս Մուսավին հավաստիացրել է, որ զորավարժությունները նախապես ծրագրված էին և որևէ սպառնալիք չեն ներկայացնում Ադրբեջանի համար։
12:09 - 29 սեպտեմբերի, 2021
Իրանի դեսպանատունը շեշտել է Կապան-Գորիս ճանապարհի երթևեկությունը երաշխավորելու կրկնակի կարևորությունը |armenpress.am|

Իրանի դեսպանատունը շեշտել է Կապան-Գորիս ճանապարհի երթևեկությունը երաշխավորելու կրկնակի կարևորությունը |armenpress.am|

armenpress.am: Սյունիքի տարածքում նոր սահմանազատումների վերաբերյալ պայմանավորվածությունների հետևանքով Կապան-Գորիս ճանապարհի երթևեկությունը երաշխավորելու անհրաժեշտությունը և տրանսպորտային փոխադրումների կարգավորման ջանքերը կրկնակի կարևոր են դարձել ինչպես Իրանի Իսլամական Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար: Այդ մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպանությունից՝ անդրադառնալով Կապան-Գորիս ավտոճանապարհին իրանցի վարորդների համար ադրբեջանցիների՝ իրենց վերահսկողության տակ անցած հատվածներում առաջացրած խոչընդոտներին: Իրանի դեսպանատունը նաև տեղեկացրել է, որ հայ պաշտոնյաների բացատրությունները մեծ հույսեր են ներշնչում միջպետական ճանապարհի՝ Տաթևով անցնող այլընտրանքային ուղու արագ զարգացման վերաբերյալ, և Իրանը հույս ունի, որ մոտ ապագայում ականատեսը կլինենք անվտանգ ենթակառուցվածք ունեցող ճանապարհի բացման: Միևնույն ժամանակ, իրանական կողմը ակնկալում է, որ մինչև այլընտրանքային ճանապարհի շահագործումը ընթացիկ ճանապարհով երթևեկությունը կշարունակվի իր բնականոն հունով: Ստորև ներկայացնում ենք «Արմենպրես»-ի և Իրանի դեսպանության հարցուպատասխանը: Հարց - Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ սեպտեմբերի 22-ին Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս ԲադախշանԶոհուրին Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ս. թ. օգոստոսի վերջից միջպետական ճանապարհի Կապան- Գորիս հատվածում Ադրբեջանի առաջացրած խոչընդոտներին՝ մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ: Ի՞նչ տեղեկություններ կարող եք հաղորդել այդ խնդիրների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող գործողությունների ընթացքից և խնդրի շուրջ հայկական և հատկապես ադրբեջանական կողմի հետ քննարկումների վերաբերյալ: Ադրբեջանական կողմը շարունակո՞ւմ է խոչընդոտներ առաջացնել իրանցի վարորդների համար Կապան-Գորիս ավտոճանապարհին: Պատասխան - Վերջին ամիսներին դեսպանատունը, ՀՀ համապատասխան մարմինների հետ խորհրդակցելիս, փորձել է գնահատել Գորիս-Կապան ճանապարհի հատուկ վիճակը, դրա շահագործման հեռանկարները և տարբեր կողմերը՝ կապված այս ճանապարհից և այլ հնարավոր ճանապարհից ապրանքների և ուղևորների տարանցման հետ: Կասկած չկա, որ մինչև այս ճանապարհի ներկա փուլը այն եղել է երկու երկրների միջև առևտրի շարունակման և երկու երկրների քաղաքացիների տեղաշարժի հիմնական ուղին: Այնուամենայնիվ, Սյունիքի տարածքում նոր սահմանազատումների վերջին պայմանավորվածությունների արդյունքում՝ երթևեկությունը երաշխավորելու անհրաժեշտությունը և տրանսպորտային փոխադրումների կարգավորման ջանքերը կրկնակի կարևոր են դարձել ինչպես Իրանի Իսլամական Հանրապետության, այնպես էլ Հայաստանի համար: Մենք հավատում ենք, որ Հայաստանի ցամաքային ճանապարհի անվտանգությունը, անկախ դրա դրական ազդեցություններից ներկայիս կապի հարթության վրա, կարող է տարածաշրջանի կայուն պատկերը ներկայացնել երկու երկրների և տարածաշրջանի գործարարներին ու ներդրողներին և ուղղորդել նրանց պլանավորելու իրենց տնտեսական գործունեությունը և բարձրացնելու փոխազդեցությունների մակարդակը: Այս երկկողմանի ճանապարհի անվտանգությունը, ի լրումն, կարող է ցույց տալ Հայաստանի հուսալի դիրքը տարածաշրջանում ենթակառուցվածքների խոշոր նախագծերի առաջխաղացման համար: Անկասկած, այն, ինչ վերջին ամիսներին առաջարկվում էր որպես նպատակ՝ վերացնել տարածաշրջանի տրանսպորտային ուղիների արգելափակումը, նույնպես այս ձևաչափով է, որ արդիական է դառնում: Հարց - Սկզբունքորեն ինչպե՞ս կարող է, ըստ Ձեզ, լուծվել Իրանը Հայաստանին կապող ճանապարհի խնդիրը: Ունե՞ք արդյոք առաջարկված ինչ-որ բանաձև այդ հարցի առնչությամբ: Պատասխան - Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի և պարոն Արմեն Գրիգորյանի վերջին հանդիպմանը քննարկվել է Գորիս-Կապան ճանապարհի առանձնահատուկ վիճակը և այն անսովոր գործողությունը, որն իրականացվում է միայն իրանական բեռնատարներից տուրքերի գանձման ուղղությամբ և ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները: Հայ պաշտոնյաների բացատրությունները մեծապես հույսեր են ներշնչում Տաթևի այլընտրանքային ուղու արագ զարգացման վերաբերյալ, և մենք հույս ունենք, որ մոտ ապագայում ականատեսը կլինենք անվտանգ ենթակառուցվածք ունեցող ճանապարհի բացման: Իհարկե, Իրանի Իսլամական Հանրապետությունն ակնկալում է, որ մինչև այլընտրանքային ճանապարհի շահագործումը ընթացիկ ճանապարհով երթևեկությունը կշարունակվի իր բնականոն հունով: Շարունակությունը՝ armenpress.am կայքում
13:54 - 25 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը |azatutyun.am|

Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը |azatutyun.am|

azatutyun.am: Նյու Յորքում հանդիպել են Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները և քննարկել երկկողմ հարաբերությունների հարցերը, ինչպես նաև տնտեսական, էներգետիկ, առևտրային, գյուղատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները։ «Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային ներկայիս իրավիճակը», - ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում։ Ինչ վերաբերում է երկու հարևան երկրների միջև վերջին շաբաթներին ստեղծված լարվածությանը, ոչ պաշտոնական Բաքվի, ոչ էլ Թեհրանի տարածած հաղորդագրություններում դրան անդրադարձ չկա։ Իրանի դիվանագիտական գերատեսչությունը միայն հաղորդում է, որ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ավելի մեծ ջանքեր գործադրել գոյություն ունեցող պայմանավորվածությունների իրականացման համար։ «Նա նաև ընդգծել է, որ երկու երկրները չպետք է թույլ տան երրորդ երկրներին խառնվել Ադրբեջանի և Իրանի խաղաղ հարաբերություններին», - նաև ասվում է Իրանի արտգործնախարարության հաղորդագրությունում։
14:06 - 24 սեպտեմբերի, 2021
Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Երկու երկրների ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի և բարձրաստիճան շփումների պարբերականության առնչությամբ: Զրուցակիցները քննարկել են Իրանից Հայաստան տրանսպորտային տարանցման մարտահրավերները և դրանք հաղթահարելու ուղիները։ Նախարար Միրզոյանը տեղեկացրել է Գորիս-Կապան ճանապարհահատվածի, այլընտրանքային ճանապարհի կառուցման ընթացքի, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու աշխատանքների մասին։ Մանրամասն անդրադարձ է կատարվել էներգետիկայի ոլորտում հայ-իրանական համագործակցության հետագա խորացման հնարավորություններին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ խաթարում են տարածաշրջանում կայուն անվտանգությանն ու զարգացմանն ուղղված ջանքերը՝ հավելելով, որ բարձր է գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։
13:10 - 24 սեպտեմբերի, 2021
Հատկապես այս փուլում կարևոր եմ համարում Հայաստանի բարեկամ երկրների հետ բազմակողմ կապերի սերտացումը. Արթուր Վանեցյան

Հատկապես այս փուլում կարևոր եմ համարում Հայաստանի բարեկամ երկրների հետ բազմակողմ կապերի սերտացումը. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրել է․ «Վերջին օրերին Հայաստանի բարեկամ Իրանի հասցեին Ադրբեջանից տարբեր մակարդակներով հնչում են անընդունելի և սադրիչ հայտարարություններ, արվում են ակնհայտ հակաիրանական քայլեր, որոնք միտված են տարածաշրջանում ապակայունացման հերթական ալիքի և նոր ռիսկերի ու մարտահրավերների ձևավորմանը։ Ադրբեջանում թուրքական կողմի հետ համատեղ անցկացվող պարբերական զորավարժություննեըը ևս հստակորեն ցույց են տալիս, որ պաշտոնական Բաքուն և Անկարան որևէ ցանկություն չունեն իրենց երկարաժամկետ քաղաքականությունը կառուցելու տարածաշրջանային խաղաղության հասնելու տրամաբանության շրջանակներում և ռազմատենչ ծավալապաշտական նկրտումներ ունեն ոչ միայն Հայաստանի ու Արցախի հանրապետությունների նկատմամբ։  Ուստի չափազանց կարևոր եմ համարում հատկապես այս փուլում Հայաստանի  բարեկամ երկրների հետ բազմակողմ կապերի սերտացումը, դրանց որակական նոր մակարդակի բարձրացումը, միջազգային ասպարեզում համատեղ շահերի տիրույթում միմյանց անվերապահ աջակցության տրամադրումը, ինչն էլ հենց իրական կդարձնի մեր տարածաշրջանում երկարաժամկետ արդար և արժանապատիվ խաղաղության հաստատումը»։       
14:42 - 23 սեպտեմբերի, 2021
Կողմերի աչալրջությամբ և պատկան մարմինների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի ակնառու ձեռքբերումներ արձանագրել՝ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ. Իրանի նախագահը` ՀՀ վարչապետին

Կողմերի աչալրջությամբ և պատկան մարմինների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի ակնառու ձեռքբերումներ արձանագրել՝ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ. Իրանի նախագահը` ՀՀ վարչապետին

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում է Կառավարությունը: Ուղերձում ասված է. «ՀՀ վարչապետ Ն.Գ. պարոն Նիկոլ Փաշինյան, Անկեղծորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանն ու Հայաստանի ժողովրդին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ: Ուրախալի է, որ անցած տարիներին երկու հարևան երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության փոխշահավետ հարաբերություններն ընթացել են առաջընթացի ուղիով և զարգացել քանակական և որակական առումներով: Այնուամենայնիվ, ի լրումն տարածաշրջանային և համաշխարհային նոր պայմանների՝ երկու երկրների մեծ ներուժն առավել մեծ կարևորություն է տվել երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը և անհրաժեշտություն է հաղորդել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը, կրկնակի ջանքերի գործադրմանը, համագործակցության նոր ոլորտների հայտնաբերմանը և երկու երկրների կառուցվածքային կապերի ամրապնդմանը՝ հատկապես փոխադրումների և էներգետիկ ոլորտներում: Ես Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունների գործունեության մեկնարկի համընկումը համարում եմ բարեբախտություն և գտնում, որ կողմերի ջանասիրությամբ և աչալրջությամբ և երկու երկրների պատկան մարմինների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի այս նոր շրջափուլում ակնառու ձեռքբերումներ արձանագրել՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև երկու բարեկամ ժողովուրդների շահերի ամրապնդման ուղղությամբ: Բարձրյալ Տիրոջից հայցում եմ Նորին Գերազանցությանը առողջություն և հաջողություններ, իսկ ՀՀ ժողովրդին՝ բարօրություն»:
16:54 - 22 սեպտեմբերի, 2021
Սկսվել է նոր դարաշրջան, որում Իրանը կձգտի արդյունավետ համագործակցության հասնել բոլոր երկրների, մասնավորապես՝ հարևանների հետ. Ռայիսի |armenpress.am|

Սկսվել է նոր դարաշրջան, որում Իրանը կձգտի արդյունավետ համագործակցության հասնել բոլոր երկրների, մասնավորապես՝ հարևանների հետ. Ռայիսի |armenpress.am|

armenpress.am: Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հայտարարել Է, որ սկսվել Է նոր դարաշրջան, որում Իրանը կձգտի արդյունավետ համագործակցության հասնել բոլոր երկրների, մասնավորապես, հարեւան երկրների հետ: «Ես ձգտելու եմ արդունավետ համագործակցության եւ փոխգործակցության հասնել աշխարհի բոլոր երկրների, մասնավորապես, հարեւան երկրների հետ. ջերմորեն եւ բարեսրտորեն սեղմում եմ նրանց ձեռքը: Դրվել Է նոր դարաշրջանի սկիզբը»,-Ռայիսիի խոսքը մեջբերում Է «Ֆարս» գործակալությունը: Նա նաեւ նշել Է միջուկային գործարքի եւ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման շուրջ Վիեննայի բանակցությունների արդյունավետ լինելը, հավելելով, որ Իրանի հետ Արեւմուտքի դիմակայությունը վերացել Է, եւ այժմ ԳՀՀԾ-ի բոլոր կողմերը պետք Է վերադառնան գործարքի կատարմանը: Իրանն արդեն 40 տարի գտնվում Է ԱՄՆ-ի առեւտրա-տնտեսական պատժամիջոցների ներքո: Իրադրությունը խորացել Է 2005-2013 թվականներին, երբ Իրանում սկսվել Է միջուկային ծրագրի լիամասշտաբ զարգացումը: Դա հանգեցրել Է ԱՄՆ-ի եւ միջազգային հանրակցության կողմից նոր պատժամիժոցների սահմանման Իրանի ֆինանսական հատվածի, Էներգապաշարների եւ սպառազինության արտահանման նկատմամբ: Արդյունքում իրանական տնտեսությունը հայտնվել Է կործանման եզրին: Խնդիրն սկսել Է լուծվել Հասան Ռոհանիի նախագահության օրոք: 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանիսան եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին: Համաձայնագիրը ենթադրում Էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք Էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին: Ի պատասխան Թեհրանը 2019 թվականին հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին: Այժմ Վիեննայում բանակցություններ են անցկացվում ԳՀՀԾ-ի վերականգման եւ Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների վերացման շուրջ. Հունիսի 20-ին ավարտվել Է վեցերորդ փուլը: Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովի խոսքով, գործարքի վերականգնման աշխատանքն ավարտվել Է գրեթե 90 տոկոսով, մնացել են քաղաքական պահերը, որոնք կապված են ԱՄՆ-ի պարտավորությունների եւ այն բանի հետ, թե Վաշինգտոնը ինչպես կպահպանի դրանք ապագայում: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել Է, որ բանակցությունները կվերսկսվեն աշնանը, քանի որ Իրանում պետք Է վերջնականապես ձեւավորվի հունիսի ընտրություններում հաղթանակ տարած նոր նախագահ Ռայիսիի կառավարությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
15:06 - 22 սեպտեմբերի, 2021
ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը ԻԻՀ դեսպանը մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ

ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը ԻԻՀ դեսպանը մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնում է ԱԽ գրասենյակը: Արձանագրելով հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը երկու երկրների համար՝ կողմերը ընդգծել են, որ բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների ինտենսիվությունը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և արդյունավետ փոխգործակցության մասին: Դեսպան Զոհուրին նկատեց, որ հայ-իրանական հարաբերությունները  համագործակցության հաջող մոդել են, որոնք նկատելի որակական փոփոխություն են կրել վերջին տարիների ընթացքում: Երկուստեք շեշտվեց առևտրաշրջանառության բարձր մակարդակը, որը անցնող տարվա ընթացքում գրանցել է զգալի աճ: Դեսպան Զոհուրին մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների մասին: Անդրադառնալով Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների անխափան շահագործմանը՝ քարտուղար Գրիգորյանը ընդգծեց, որ Հայաստանը գիտակցում է այս հարցի զգայուն լինելը իրանցի գործընկերների համար, և  նույնպես կարևորում է  հարցի արագ լուծումը:  Առանձին անդրադարձ կտարելով Հնդկաստանից Սև Ծով բեռնափոխադրումների հարցին` երկուստեք շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը, ինչպես նաև արձանագրվել է, որ Հայաստանն այդ ճանապարհին կարևոր օղակ է:  Կողմերը քննարկեցին երկու երկրների միջև անվտանգային, տնտեսական, էներգետիկ համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր:
14:34 - 22 սեպտեմբերի, 2021
Իսրայելի ԱԳՆ-ն Իրանի նախագահին, ՄԱԿ-ում ունեցած ելույթից հետո, անվանել է «ծայրահեղական դեմք» և մեղադրել «ստի և ցինիզմի» համար |tert.am|

Իսրայելի ԱԳՆ-ն Իրանի նախագահին, ՄԱԿ-ում ունեցած ելույթից հետո, անվանել է «ծայրահեղական դեմք» և մեղադրել «ստի և ցինիզմի» համար |tert.am|

tert.am: Երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ելույթը լի էր «ստով և ցինիզմով»: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս հայտարարությունը տարածել է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը:«Ռայիսին շարունակում է ապակողմնորոշել միջազգային հանրությանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ստով և ցինիզմով լի իր ելույթով: Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Իրանի ռեժիմը և կանխի միջուկային զենքի՝ այս ծայրահեղականների ձեռքն ընկնելու ցանկացած հնարավորություն: Իրանի այաթոլահների ռեժիմն ուղղակի և անմիջական սպառնալիք է ներկայացնում Մերձավոր Արևելքին և համաշխարհային խաղաղությանը: Իրանի նոր կառավարությունը՝ Ռայիսիի գլխավորությամբ, այս ռեժիմի ծայրահեղական դեմքն է, որն ավելի քան 40 տարի վնասել է Իրանի քաղաքացիներին, խրախուսել և ֆինանսավորել ահաբեկչությունը և ապակայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը»,-հայտարարել են Իսրայելի ԱԳՆ-ից:Շարունակությունը՝ tert.am-ում
11:22 - 22 սեպտեմբերի, 2021
Տարածաշրջանի նոր իրողություններն անհրաժեշտ են դարձրել կապերի խորացումը. Իրանի նախագահը շնորհավորել է ՀՀ անկախության օրը |armenpress.am|

Տարածաշրջանի նոր իրողություններն անհրաժեշտ են դարձրել կապերի խորացումը. Իրանի նախագահը շնորհավորել է ՀՀ անկախության օրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ անկախության 30-րդ տարեդարձի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին: Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը: Իրանի նախագահը, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանի հետ կապերը մշտապես եղել են փոխշահավետ և տարիների ընթացքում բարելավել  են իրենց որակը: Ռաիսին արձանագրել է, որ երկու երկրների մեծաթիվ կարողություններն, ինչպես նաև՝ տարածաշրջանում ու միջազգային հարթակներում առկա նոր իրողություններն անհրաժեշտ են դարձրել կապերի խորացումը, նախկին համաձայնագրերի կյանքի կոչումը և համագործակցության նոր ոլորտների բացահայտումը: Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանի և Իրանի միջև բարիդրացիական հարաբերությունները կընդլայնվեն երկկողմ ու միջազգային մակարդակներում՝ ի շահ երկու երկրների:
14:48 - 21 սեպտեմբերի, 2021
ՀՀ կառավարությունից ակնկալում ենք, որ Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային ճանապարհը շուտ կկառուցվի և իրանցի վարորդները բեռնափոխադրումները անվտանգ կիրականացնեն. Իրանի դեսպան |tert.am|

ՀՀ կառավարությունից ակնկալում ենք, որ Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային ճանապարհը շուտ կկառուցվի և իրանցի վարորդները բեռնափոխադրումները անվտանգ կիրականացնեն. Իրանի դեսպան |tert.am|

tert.am: Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո ձեռք է բերվել եռակողմ խաղաղության համաձայնություն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև։ Դրանից հետո բանակցություններ են սկսվել սահմանազատման վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց  ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ «Խորհրդային միության քարտեզների համաձայն Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները պատկանում են Ադրբեջանին, սակայն համաձայնություն է ձեռք բերվել, որ մինչև սահմանազատման գործընթացի սկսվելը փոխադրամիջոցները անվտանգ երթևեկեն»,- ասաց դեսպանը։ «Իրանական կողմը, այդ թվում՝ դեսպանատունը ջանքեր է գործադրում որքան շուտ այս հարցը լուծել, և Հայաստանի կառավարությունից ակնկալում ենք, որ այլընտրանքային ճանապարհը շուտ կկառուցվի և իրանցի վարորդները բեռնափոխադրումները այս ճանապարհով անվտանգ և ապահով պայմաններում կիրականացնեն»,- ասաց դեսպանը։
15:15 - 20 սեպտեմբերի, 2021