Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին սեպտեմբերի 29-ին հանդիպել է համալսարանականների հետ:
Կայացել է նաև դեսպանի և համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար հանդիպումը։ «Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն իր աշխատասենյակում ընդունել է ԻԻՀ պատվիրակությանը, որը գլխավորում էր ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպման ներկա էին նաև Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, Արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, իրանագետ Գուրգեն Մելիքյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Ուրախ եմ, որ գտնվում եմ Մայր բուհում և հնարավորություն ունեմ հանդիպելու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ: Իրանն ու Հայաստանը համագործակցության լայն դաշտ ունեն, որտեղ անելիքներ շատ կան: Մեծ սիրով պատրաստ ենք կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր ու նախագծեր մշակել, որտեղ ներգրավված կլինեն ուսանողներ և երիտասարդ գիտնականներ: Տարածաշրջանում բավականին արագ են իրադարձությունները զարգանում, պետք է հետ չմնանք այդ զարգացումներից: Կրթությունն ու գիտությունը հենց այն ոլորտներն են, որոնց միջոցով երկխոսություն է ծավալվում ժողովուրդների միջև՝ հիմք հանդիսանալով այլ ոլորտների զարգացումների համար: Վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում ձևավորված Իրան-ՀՀ կապն ու համագործակցությունը տարածաշրջանում լավագույն մոդելն են: Ուսումնասիրելով ձեր կենսագրությունը՝ նկատեցի, որ մասնագիտությամբ աստվածաբան եք, ուստի ուզում եմ փաստել, որ չնայած արտաքուստ տարբեր կրոնների դավանող պետություններ ենք, սակայն գտել ենք երկխոսության ու համերաշխ գոյակցելու բանաձևը: Եվ այս մոդելը կարող է օրինակ ծառայել մահմեդական և քրիստոնյա այլ ժողովուրդների համար»,- ասել է Աբբաս Բադախշան Զոհուրիին և շնորհավորել Հովհաննես Հովհաննիսյանին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնն ստանձնելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ:
«Ռեկտորի ժ.պ.-ն հակիրճ ներկայացրեց համալսարանական կրթական, գիտական և բարեկամական կապերն Իրանի գործընկեր բուհերի և գիտական կենտրոնների հետ, որոնք ամրապնդվել ու զարգացել են տարիների ընթացքում. «Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, որի հետ պատմամշակութային, քաղաքական և գիտակրթական ամուր կապեր կան: ԵՊՀ-ն լուրջ աշխատանք է տանում բուհի միջազգայնացման ուղղությամբ: Իրանցի աշակերտների համար հետաքրքիր կարող է լինել մեր բնագիտական ֆակուլտետներ այցելությունը՝ Կենսաբանություն, Ֆարմացիա, որտեղ ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ կան: Կարող ենք նաև բաց դասախոսություններ անցկացնել հումանիտար թևի ուսանողների համար: Համագործակցության դաշտը մեծ է ու բազմաշերտ»:
Ռեկտորի ժ.պ-ն ընդգծեց, որ ԵՊՀ միջազգային համագործակցության գծով պատասխանատուները, ինչպես նաև Արևելագիտության ֆակուլտետի ներկայացուցիչները պատրաստ են հանդիպելու դեսպանի մշակութային կցորդի հետ՝ հետագա համագործակցությանն ուղղված ծրագրերը քննարկելու և պատշաճ իրականացնելու համար»,- հայտնում են ԵՊՀ-ից:
Հովհաննես Հովհաննիսյանը նաև շնորհակալություն է հայտնել դեսպանին ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում ծավալված վերջին իրադարձությունների վերաբերյալ Իրանի մոտեցման ու պետական մակարդակով վարած հավասարակշռված քաղաքականության համար:
Հովհաննես Հովհաննիսյանը հուշանվեր է հանձնել դեսպանին, ինչից հետո պատվիրակության անդամները հանդիպել են Արևելագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: Դեսպանը Իրանի ոչ վաղ անցյալին նվիրված դասախոսություն ներկայացրեց ուսանողներին, որի ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով քննարկում ծավալվեց:
ԵՊՀ-ի տեղեկացմամբ՝ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշել է, որ սա դեսպանի առաջին պաշտոնական այցն է ԵՊՀ. «Դեսպանի հետ քննարկվեցին ոչ միայն իրանագիտության հետ կապված ընդհանուր հարցեր, այլև կոնկրետ ԵՊՀ-ի և իրանական գիտակրթական հաստատությունների միջև համագործակցության հնարավորությունները»:
comment.count (0)