#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Մեր հայ զինվորը պետք է ռուս զինվորի հետ սահմանը պահի, որ մեր սյունեցին հանգիստ քնի․ Գագիկ Ծառուկյան

Մեր հայ զինվորը պետք է ռուս զինվորի հետ սահմանը պահի, որ մեր սյունեցին հանգիստ քնի․ Գագիկ Ծառուկյան

Ցանկացած մարզ ունի իր խնդիրն ու պրոբլեմը․ այսօր բոլորս էլ գիտենք՝ Սյունիքի մարզը ամենահարուստ տարածքներից մեկն է։ Այս մասին այսօր Սյունիքում քարոզարշավի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայասատան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը։ Ըստ Ծառուկյանի՝ այսօր սյունեցիների առաջնային խնդիրը սահմանի անվտանգութան ապահովումն է․ «Ադրբեջանցին սահմանին կանգնեցրել է 50 հոգի, մենք՝ 2 հոգի․ դա սխալ է․ այսօր 50-ի դիմաց 50 պիտի կանգնի»։ Ծառուկյանը նշեց, որ անվտանգության ապահովման համար պետք է բարեկամ երկրի՝ Ռուսատանի հետ, ռազմաքաղաքական փաստաթուղթ ստորագրենք։ «Մեր հայ զինվորը ռուս զինվորի հետ սահմանը պահի, որ մեր սյունեցին հանգիստ քնի, ինքնակամ սահմանները չպահի,այլ պետությունը այդ հարցը կարգավորի։Երբ ռուս զինվորը հայ զինվորի հետ կանգնի սահմանին, իմացեք, որ ճանճ չի կարող անցնել»,- նշեց ԲՀԿ առաջնորդը։ Ծառուկյանը նշեց, որ իրենց կուսակցության ծրագրային առաջնահերթությունը ՀՀ անվտանգությունն ապահովելն է․ «Այսօր սեւ ու սպիտակ չպիտի անենք, խմբերի չպիտի բաժանվենք, մի ազգ, մի պետություն ենք, պետք է համախմբվենք»։
21:07 - 13 հունիսի, 2021
Եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչու՞ այս ութ ամսում չեն արել, պահել են, որ նախընտրական շոու անե՞ն, իրար պաս տալով Ալիևի հետ խաղու՞մ են. Սերժ Սարգսյան |tert.am|

Եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչու՞ այս ութ ամսում չեն արել, պահել են, որ նախընտրական շոու անե՞ն, իրար պաս տալով Ալիևի հետ խաղու՞մ են. Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ 15 գերու վերադարձին և նրանց բարի վերադարձ մաղթեց:«Նրանք դժոխքի միջով են անցել, Բաքվի բանտերում նրանց նկատմամբ վերաբերմունքը անմարդկային է, մենք նույնիսկ չգիտենք, թե քանի գերի ունենք և գերության մեջ քանի հայ զինվոր ու սպա են սպանվել, իսկ որ այդպիսի դեպքեր կան, դա միանշանակ է»,-ասաց նա: Սերժ Սարգսյանը նշեց, որ այս կապիտուլյանտ իշխանությունների ամենամեծ թերություններից մեկն էլ կայանում է նրանում, որ այդ ամբողջ տեղեկատվությունը նրանք փակ են պահում: Նա նշեց՝ ինչ իմացել են, իրավապաշտպան կառույցների աշխատանքի արդյունք է: «Բանից պարզվում է, որ մենք ունենք Ադրբեջանի կողմից պաշտոնապես ճանաչված 60 հոգի հայ գերի, մենք ունենք տեսագրություն՝ 30 հոգու, ինդետիֆիկացված ևս 47: Այսինքն մենք չգիտենք՝ քանի գերի ունենք: Այս իշխանությունների առաջին խնդիրը դա պետք է լիներ և ութ ամիս է ի՞նչ են արել: Ուզում եմ բոլոր քաղաքական ուժերին կոչ անել, որ չշահարկեն այդ մարդկանց անունները. նրանք դժոխքի միջով են անցել և այս նախընտրական պրոցեսներին չպետք է մասնակցեն»,-ասաց նա: «Բա եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչու՞ այս ութ ամսում չեն արել, պահել են, որ նախընտրական շոու անե՞ն, այսինքն Ալիևի հհետ պաս տալով խաղու՞մ են: Լավ դա մարդկայի՞ն վերաբերմունք է»,-ասաց նա և նշեց, որ Փաշինյանը թքած ունի ամեն ինչի համար, միայն մեկ երկու մանդատ ավելին տանի: «Ադրբեջանում քեֆ-ուրախություն է, վերջապես ստացել են, և դա իրենց շատ ձեռնտու է, բայց մի հանգամանք էլ կա. որ ունենայինք նորմալ բանակցողներ, կհասկանայինք, որ հունիսի 12-ին դա չէր կարելի անել»,-ասաց նա և նկատեց, որ Մոնթեի ծննդյան օրը մենք առանց կրակոցի տվեցինք Քարվաճառը, իսկ մահվան օրը՝ հունիսի 12-ին, տվեցինք քարտեզները:  
20:33 - 13 հունիսի, 2021
Նախընտրական քարոզարշավի մասնակից քաղաքական ուժերի վիրավորանք ու հայհոյանք պարունակող բառապաշարը մարդկանց մոտ ստանում է խիստ մտահոգիչ տարածում. ՄԻՊ

Նախընտրական քարոզարշավի մասնակից քաղաքական ուժերի վիրավորանք ու հայհոյանք պարունակող բառապաշարը մարդկանց մոտ ստանում է խիստ մտահոգիչ տարածում. ՄԻՊ

Նախընտրական քարոզարշավի մասնակից քաղաքական ուժերի վիրավորանք ու հայհոյանք պարունակող բառապաշարը մարդկանց մոտ ստանում է խիստ մտահոգիչ տարածում: Այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:«Մասնավորապես, այդպիսի բառապաշար օգտագործող քաղաքական ուժերի և նրանց ղեկավարների հռետորաբանությունը արագ տարածվում է յուրաքանչյուրի կողմնակիցների ու հակառակ կարծիք ունեցողների շրջանում:Մտահոգիչ զարգացում են ստանում նաև վիրավորանք ու ատելություն պարունակող խիստ դատապարտելի հոլովակներ քաղաքական հակառակորդ տարբեր ուժերի մասին:Տպավորություն է` ողջ երկրով մեկ հայտարարված է մրցույթ, և միավորներ ավելանում են՝ կախված նրանից, թե ով ում որքան շատ կվիրավորի ու կհայհոյի:Ստացվել է այնպես, որ նախընտրական քարոզարշավը նրա համար է, որ ապահովվեն փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքի ու հայհոյանքի հանրային տեսարաններ, իսկ հանրային քննարկմանը տիրույթն էլ լցվի միայն իշխանավեճի օրակարգով՝ լի վիրավորանքով ու հայհոյանքով:Բայց նման հռետորաբանություն օգտագործող քաղաքական ուժերն ուղղակի անտեսում են, որ այդ ամենից հետո մարդիկ սոցիալական ցանցերում ու անգամ սոցիալական ցանցերից դուրս սկսում են այդ նույն վիրավորանքի ու հայհոյանքի բառերով ընտրությունների վերաբերյալ հակառակ կարծիք ունեցողներին վիրավորել, հայհոյել ու ծաղրել:Այդ քաղաքական ուժերը հաշվի չեն առնում, որ նշված արատավոր երևույթներն իրենց հերթին լարված են պահում մթնոլորտը, երկարաժամկետ հեռանկարով խորացնում են բեևեռացումն ու անհանդուրժողականությունը: Նշված քաղաքական ուժերը հաշվի չեն առնում, որ արժանապատվությունը վիրավորող հռետորաբանությունը սադրիչ է և կարող է իրական կյանքում փոխակերպվել բռնության:Ուստի, պետք է հաշվի առնել նույնիսկ յուրաքանչյուր բառի կամ արտահայտության փոխաբերական բոլոր իմաստներն ու տարակարծիք ընկալման հարցերը: Սա հատկապես վերաբերում է բռնության հետ ասոցացվող արատավոր երևույթներին:Անհրաժեշտ է դադարեցնել, ուղղակի բացառել հանրային տիրույթում փոխադարձ վիրավորանքի ու հայհոյանքի օրակարգի անհեռատես զարգացումն ու բացահայտ խրախուսումը:Քաղաքական ուժերն ու հատկապես հանրային գործիչները պետք է բոլորին հորդորեն հարգել մարդու յուրաքանչյուր իրավունք, հատկապես՝ արժանապատվությունն ու կարծիքի արտահայտման ազատությունը: Պետք է սեփական օրինակով նպաստել երկրում համերաշխության վերականգնմանն ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը:Ի վերջո, ակնհայտ է, որ եթե մարդկանց իրական խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ քննարկելու փոխարեն շարունակվի հայհոյանքի ու վիրավորանքի օրակարգի զարգացումը, մարդիկ այդպես էլ չեն կարողանալու հստակ պատկերացում կազմել, թե իրենց կենսական խնդիրները լուծելու համար ում օգտին պետք է քվեարկեն, որ հետո էլ կարողանան վերահսկողություն իրականացնել հանրային իշխանություն ձևավորած քաղաքական ուժի նկատմամբ»:
20:24 - 13 հունիսի, 2021
ԿԸՀ-ն որոշումներ է կայացրել Փաշինյանի գրանցման ու ՔՊ ցուցակի անվավեր ճանաչման դիմումների վերաբերյալ

ԿԸՀ-ն որոշումներ է կայացրել Փաշինյանի գրանցման ու ՔՊ ցուցակի անվավեր ճանաչման դիմումների վերաբերյալ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 13-ին գումարած նիստում քննության է առել Էդգար Ղարզարյանի և Նաիրա Զոհրաբյանի դիմումները։ Դրանցից առաջինով պահանջվել էր անվավեր համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գրանցումը և վարչական վարույթ հարուցել։ Նաիրա Զոհրաբյանը ԿԸՀ էր դիմել՝ պահանջելով, որ հանձնաժողովը դիմի Վարչական դատարան` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու համար: Նրա դիմումի հիմքում նաև այն պատճառաբանությունն է եղել, որ քարոզարշավին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հնչեցնում է վիրավորանքներ: Նիստը վարող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ հանձնաժողովը մերժեց Էդգար Ղազարյանի դիմումը, որն, ըստ հանձնաժողովի, ներկայացվել է ոչ իրավասու կառույցի կողմից. դա պետք է լիներ կուսակցությունը կամ դաշինքը, որը մասնակցում է տվյալ ընտրություններին։ Այս որոշումը ԿԸՀ-ն կայացրեց 5 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Նաիրա Զոհրաբյանի դիմումը ևս մերժվեց նույն հիմնավորումով և ձայների նույն հարաբերակցությամբ։ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ մերժումների որոշումները կարող են եռօրյա ժամկետում բողոքարկվել Վարչական դատարանում:
19:36 - 13 հունիսի, 2021
«Արդար Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է անվտանգության վերաբերյալ ծրագրային հիմնադրույթները

«Արդար Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է անվտանգության վերաբերյալ ծրագրային հիմնադրույթները

«Արդար Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է անվտանգության վերաբերյալ ծրագրային հիմնադրույթները, որը ներկայացնում են ստորեւ․   «1. Մեկ տարվա ընթացքում ստեղծել որակապես նոր ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ և ռազմական դոկտրին՝ վերանայելով Հայաստանի անվտանգության ու պաշտպանության համակարգը՝ համապատասխանեցնելով այն արդի մարտահրավերներին:   2. Երկու տարվա ընթացքում իրականացնել 2016թ. և 2020թ. պատերազմների անաչառ և անկախ քննություն, բացահայտել ճշմարտությունը, մեղավորների առկայության դեպքում` օրենքով սահմանված կարգով, ենթարկել պատասխանատվության, անկախ նրանից, թե ովքեր են լինելու նրանք:   3. Փոխել ՀՀ օրենսդրությունը, որի արդյունքում զինված ուժերում չծառայած որևէ մեկը չի կարողանա զբաղեցնել երկրի ղեկավարի, ինչպես նաև բազմաթիվ այլ պատասխանատու պաշտոններ:   4. Մեկ տարվա ընթացքում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետը դարձնել 18 ամիս՝ միաժամանակ խրախուսելով պրոֆեսիոնալ բանակի կայացումն ու զարգացումը:   5. Երեք տարվա ընթացքում կայացնել պահեստազորային բանակը, որով էականորեն կփոխվի զինված ուժերի համալրման փիլիսոփայությունը, կվերանայվի զինծառայողի կերպարն ու առաքելության իմաստը:   6. Հինգ տարվա ընթացքում ստեղծել ժամանակակից ազգային ռազմական համալսարան, ձգտել ստեղծել հետխորհրդային երկրների լավագույն բանակը՝ որակական բոլոր չափանիշներով, ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով հագեցած սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով՝ խրախուսելով տեղական ռազմական արդյունաբերությունը:   7. Վեց ամսվա ընթացքում լուծել բնակարանային պայմանների բարելավման ցուցակում հերթագրված պահեստազորի բոլոր սպաների բնակարանային ապահովության հարցը:   8. Հինգ տարվա ընթացքում կրկնապատկել բոլոր զինծառայողների աշխատավարձը:   9. Հինգ տարվա ընթացքում ՀՀ պետական սահմաններին մարտական հերթապահություն իրականացնող 18 տարեկան պարտադիր ժամկետային զինծառայողներին փոխարինել պրոֆեսիոնալ զինծառայողներով և ժամանակակից ռոբոտատեխնիկայով:   10. Ռազմական ուսումնական հաստատություններում բարձրացնել ռազմական կրթության որակը, ձևավորել ինտելեկտուալ սպայական կազմ, ձեռնարկել քայլեր՝ զինվորականի մասնագիտությունը երիտասարդության համար գրավիչ դարձնելու համար:   11. Մեկ տարվա ընթացքում զինված ուժերից արմատախիլ անել ծեծն ու բռնությունը, բանակում ձևավորել սոցիալական արդարության միջավայր, իսպառ վերացնել անպատժելիությունը և կայացնել խրախուսման համակարգը:   12. Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը դարձնել գիտության կիրառական ոլորտների զարգացման շարժիչ ուժը։ Ռազմական արտադրանքի ավելի ակտիվ մշակումը և գնումները հնարավորություն կտան ստեղծել նոր աշխատատեղեր, ինչպես նաև ավելացնել բյուջեի հարկային եկամուտները։   13. Զարգացնել ռազմական գիտությունը և զինված ուժերում բարեփոխումներն իրականացնել հիմնվելով գիտական հետազոտությունների արդյունքների վրա, ապահովել բանակում գիտական հետազոտությունների ներդրումայնությունը:   14. Հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնել և պարբերաբար զարգացնել երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության համակարգը:   15. Մեծացնել տեղեկատվական անվտանգության մակարդակը․ ազգային անվտանգության ապահովման գերակա ուղղություններից մեկը դարձնել տեղեկատվական անվտանգությունն ուպաշտպանությունը՝ հաշվի առնելով հիբրիդային պատերազմների ռազմավարության շրջանակներում տեղեկատվական համակարգերի վրա իրականացվող հարձակումները և տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ զարգացումը:   16. Բանակի սննդի, ինչպես նաև այլ ապահովումների ու ծառայությունների մատուցումը աստիճանաբար իրականացնելու ենք բացառապես տեղական արտադրության միջոցով»:
19:15 - 13 հունիսի, 2021
«Մենք պետք է մինչեւ տարվա վերջ Ֆրանսիայի հետ կնքենք ռազմաքաղաքական պայմանագիր»․ Անդրիաս Ղուկասյան |hetq.am|

«Մենք պետք է մինչեւ տարվա վերջ Ֆրանսիայի հետ կնքենք ռազմաքաղաքական պայմանագիր»․ Անդրիաս Ղուկասյան |hetq.am|

hetq.am: «Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը երեկ ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին։ Այն հարցին ի՞նչ է անելու իրենց դաշինքը՝ տնտեսությունը զարգացնելու համար, որո՞նք են լինելու տնտեսության զարգացման ճյուղերը, Ղուկասյանն ասաց, որ տնտեսության զարգացման համար դաշինքն առաջարկում է ներգրավել խոշոր միջազգային կորպորացիներ եւ ստեղծել համատեղ ձեռնարկություններ։ Պետությունը կտրամադրի տարածք, շինարարության համար միջոցներ, իսկ կորպորացիան կտրամադրի սարքավորումներ, կբերի գիտելիք, կկազմակերպի աշխատանքը։  Անդրիաս Ղուկասյանը գտնում է, որ պետք է նվազեցնել ներմուծումը եւ ստեղծել սեփական արտադրանք, ծառայություններ, որոնք կբավարարեն ներքին շուկայի պահանջարկը, ըստ նրա՝ Հայաստանը կարող է արտադրել մեքենա, սառնարան, այլ տեխնիկա։ Ի՞նչ է անելու դաշինքը երկրի անվտանգությունն ապահովելու համար, վարչապետի թեկնածուն ասաց. «Մենք պետք է մինչեւ տարվա վերջ Ֆրանսիայի հետ կնքենք ռազմաքաղաքական պայմանագիր, որ մեր բանակի վերազինման, վերապատրաստման եւ վերակազմակերպման համար ստանանք համապատասխան օժանդակություն եւ հասցնենք մեր բանակի մակարդակը եվրոպական չափանիշներին»։ Ըստ նրա՝ պատերազմի ընթացքում պարտվել է բանակը, քանի որ չի համապատասխանել եվրոպական չափանիշներին։ Հավելեց, որ պետք է Հայաստանում արտադրել զինտեխնիկա։ «Մեր բանակի վերազինման համար հարկավոր է 10-12 մլրդ ներդրում կատարել, այդքան է Ադրբեջանն այս տարիներին ներդրել իր բանակի մեջ, մենք անտեսում էինք այդ ամենը, ասում էինք, որ մեր զինվորների մարտական ոգու շնորհիվ մենք կմարտնչենք Արդրբեջանի հետ, բայց տեսանք, որ մարտական ոգին բավարար գործոն չէ, կարեւոր է այսօրվա ժամանակակից պատերազմում տեխնոլոգիապես առավելություն ունենալ թշնամու նկատմամբ», - նշեց Ղուկասյանը։  
18:52 - 13 հունիսի, 2021
Հունիսի 21-ին կա՛մ մենք մտնում ենք համերաշխ Հայաստան, կա՛մ երկրում շարունակվում են ցնցումները,․ թշնամին դրանից օգտվել եւ օգտվելու է․ Էդմոն Մարուքյան

Հունիսի 21-ին կա՛մ մենք մտնում ենք համերաշխ Հայաստան, կա՛մ երկրում շարունակվում են ցնցումները,․ թշնամին դրանից օգտվել եւ օգտվելու է․ Էդմոն Մարուքյան

«Հայոց պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երբ թագավորության մեջ իշխանական տները, իշխանները մեկը մյուսի դեմ պայքարել, կռիվ են տվել, դրա արդյունքում անկում է ապրել թագավորությունը։ Հիմա թագավորություն չի, հանրապետություն է, հիմա էլ իշխանական տներ չեն, կուսակցություններ են, իշխաններ չեն, նախկին նախագահներ ու գործող վարչապետ խմբեր են։ Նույն բանն է, այս ձեւով է քանդվել երկիրը»,– այս մասին Էջմիածնում բնակչության հետ հանդիպման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էմոն Մարուքյանը՝ ընդգծելով, թե ինչ կարեւոր որոշման առաջ է Հայաստանի Հանրապետությունը։«Հունիսի 21-ին կա՛մ մենք մտնում ենք համերաշխ Հայաստան, կա՛մ երկրում շարունակվում են ցնցումները, ցույցերը, անհնազանդության ակցիաները, գժտությունը, անհանդուրժողականությունն ու ատելությունը»,-ասաց Մարուքյանը։ Ըստ նրա՝ թշնամին դրանից օգտվել եւ օգտվելու է․ ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մայիսի 12-ից մի կողմ դրեց բոլոր տարաձայնությունները եւ ասաց՝ կանգնում ենք արտաքին դիվանագիտական ճակատն ամրացնելու, որպեսզի ադրբեջանական զորքերը բանակցությունների միջոցով երկրից հանենք։ Կեսից այդ պրոցեսն ի՞նչ եղավ․ ԱԳ նախարը հրաժարական տվեց, մնացինք առանց բանակցողների։ Ձեր ամեն մի ձայնից, ամեն մի քվեից է կախված մեր, մեր երեխաների վաղվա օրը, եւ ահա, մենք շանս ունենք լինել ավելի համախմբված կամ ավելի պառակտված լինելու, ատելության ջրաղացին ջուր լցնելու, որն անթույլատրելի է»,- նշեց կուսակցության առաջնորդը՝ հավելելով, որ այսօր այլ առաքելություն, քան երկրին համերաշխություն բերելը, քան բոլորին համախմբելն է, իրենց կուսակցությունը չունի․ «Մենք ոչ մի ամբիացիա չունենք․ ամեն բան հիմա մի կողմ դրված է, քանի որ այն պայմանները, որում մենք ենք ապրում, իրապես աննորմալ են, ոչ մի նորմալ վիճակում թշնամիները չեն կարող մտնել մեր սուվերեն տարածք եւ դուրս չգալ»։  
18:40 - 13 հունիսի, 2021
Հոկտեմբերի 19-ի Պուտինի՝ պատերազմը կանգնեցելու առաջարկը կապիտուլանտը թաքցրել է նաև կուսակից ընկերներից․Վանեցյան |tert.am|

Հոկտեմբերի 19-ի Պուտինի՝ պատերազմը կանգնեցելու առաջարկը կապիտուլանտը թաքցրել է նաև կուսակից ընկերներից․Վանեցյան |tert.am|

tert.am: Հոկտեմբերի 19-ի Վլադիմիր Պուտինի՝ պատերազմը կանգնեցելու առաջարկը կապիտուլանտը թաքցրել է ոչ միայն անվտանգության խորհրդի անդամներից, այլ նաև կուսակից ընկերներից։ Այս մասին «ԱրմՆյուզ» ՀԸ եթերում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը։ «Այդ պահից սկսած ցանկացած զոհված զինծառայողի միակ պատախսանատուն և մեղավորը Նիկոլ Փաշինյանն է»,-ասաց նա։ Խոսելով արտաքին գործընկերներից՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ այս իշխանությունները ունեն բացառիկ տաղանդ փչացնել բոլոր հարաբերությունները և սուտը տեղափոխել արտաքին աշխարհ, փորձել խաբել գործընկերներին։ Նա կարևոր համարեց արտաքին գործընկերների հետ հարաբերությունների վերականգնումը: «Արցախյան հարցը պետք է բարձրացվի և հիմնական սկզբունքները, որոնք եղել են կարգավորման հիմքում, պետք է պահպանվեն, վերականգնվեն ազգերի ինքնորոշումը, ուժի չկիրառում։ Ես վստահեցնում եմ՝ երբ գանք իշխանության, այդ հարցը լինելու է մեր առաջնահերթությունը, միանշանակ, կարողանալու ենք դիվանագիտական ճանապարհով հասնել արցախյան հարցի հայանպաստ կարգավորմանը»,–ասաց նա։ Արթուր Վանեցյանը նշեց՝ հայկական շահը վերջին շրջանում ոչ մեկի կողմից առաջ չի մղվում, Ալիևը օգտվելով այդ իրավիճակից, փորձում է մաքսիմալը ստանալ։ «Նիկոլ Փաշինյանը անդադար պարտությունների սիմվոլ է, այնինչ շարունակում են գերիներ վերցնել, անդադար դատում են։ Գերիներ վերադարձնելու շատ ճանապարհներ կան»,-ասաց նա և օրինակ բերեց Հայաստանի սահմանը խախտածների նկատմամբ համապատասխան գործողություններ իրականացնելը։
17:30 - 13 հունիսի, 2021
Առաջնային խնդիրն անվտանգության համակարգի վերականգնումն է. Հայկ Մամիջանյան |hetq.am|

Առաջնային խնդիրն անվտանգության համակարգի վերականգնումն է. Հայկ Մամիջանյան |hetq.am|

hetq.am: «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Հայկ Մամիջանյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձավ այն հարցին, որ Հանրային Հեռուստաընկերությունը մերժել է ցուցադրել դաշինքի ներկայացրած տեսանյութերը, ինչի կապակցությամբ երեկ՝ հունիսի  12-ին դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը հրավիրել էր հրատապ ասուլիս։ Նրա խոսքով՝ դաշինքն այս ընտրական գործընթացի հավանական հաղթողներից է, եւ իշխանությունը, դա գիտակցելով, ռեպրեսիվ ապարատն ուղղել է իրենց դեմ։ Երեկվա ասուլիսից հետո Հանրային Հեռուստաընկերությունը բաց հայտարարությամբ դիմել է ԿԸՀ-ին, ՄԻՊ-ին եւ ՀՌԱՀ-ին: Մամիջանյանի խոսքով՝ եղել է քաղաքական գրաքննություն, որը գործում է ընդդիմադիր ուժերի նկատմամբ, Հանրայինը կարող էր այդ տեսանյութերը եթեր հեռարձակել, իսկ այն ուժերը, որոնք տեսանյութերը կընդունեին որպես զրպարտություն, կարող էին դատի տալ եւ օրենքով, դատական գործընթացներին կպատասխանեին հարցերին։ Նրա խոսքով՝ առաջնային խնդիրն անվտանգության համակարգի վերականգնումն է։ «Փաստացի, մեր երկիրը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ կասեմ նորից կառուցում, եւ կարեւորելով այդ խնդրի լուծումը՝ մեր քաղաքացիներն իրենց քվեն պատրաստ են տալ դաշինքին, որի վարչապետի թեկնածուն եւ երկու ուժերից մեկի ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը, ասոցացվում են անվտանգության եւ անվտանգության համակարգերի, անվտանգ երկրի կայացման եւ պահպանման հետ»,- նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը։ Դաշինքի ներկայացուցչի խոսքով՝  հրապարակված տեսանյութեր կան, որտեղ Սերժ Սարգսյանը հաստատել է՝ տեղի է ունեցել խոսակցություն վերջինիս եւ եւ Օնիկ Գասպարյանի միջեւ, որի ժամանակ Օնիկ Գասպարյանը պատմել է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Հայաստանից հանձնել 288քառ. կմ տարածք Սյունիքում։  Այն հարցին՝ արդյոք Ռուսաստանի իմիջին չի վնասում այն, որ գերիների վերադարձի հարցը լուծվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ, դաշինքի ներկայացուցիչն ասաց, որ Ռուսաստանը մեծ ազդեցություն է ունեցել տարածաշրջանում ընթացող գործընթացներին, իսկ գերիների հարցի լուծման վերաբերյալ առաջարկում են օգտագործել բոլոր հարթակները։ «Ամբողջ դիվանագիտական կորպուսը պետք է լծված լինի՝ նամակներով եւ միջազգային ճնշումն ավելացնելով»,- հավելեց նա։ Մամիջանյանի համոզմամբ՝ սեփական երկրի հիմնական բանակցողը չի կարողանում բանակցային սեղանին հասցնել գերիների հարցը։ «Նույն համաձայնագրով բոլոր հակահայկական կետերը ափալ-թափալ կատարվում են՝ տարածքների հանձնում, մեզ մոտ պահվող անձանց հանձնում... Ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով, որը կես տարի հետո նոր ֆայմում է, որ կարելի է կասեցնել աշխատանքները, այն էլ՝ ոչ գերիների հարցով, այլ մեր երկրի ինքնիշխան տարածքներում գտնվող թշնամական զորքերի պատճառով, այն էլ, երբ հիմնական բանակցողը հայանպաստ չի, հակահայկական է աշխատում, զարմանալի կլինի ակնկալել ռուսական կողմից լինել ավելի պռոհայկական, քան հայկական կողմի հիմնական բանակցողը»,- ասաց պատգամավորության թեկնածուն։
16:40 - 13 հունիսի, 2021
Կա՛մ խիստ սահմանափակումներ, կա՛մ ուղղակի արգելք ենք դնելու նման կազմակերպության գործունեության առաջ. Քոչարյանը՝ «Սորոսի» գրասենյակի մասին |tert.am|

Կա՛մ խիստ սահմանափակումներ, կա՛մ ուղղակի արգելք ենք դնելու նման կազմակերպության գործունեության առաջ. Քոչարյանը՝ «Սորոսի» գրասենյակի մասին |tert.am|

tert.am: Ինչպես է մեծամտացել այս իշխանությունը, որ պատմության դասագրքերում արձանագրել են 2018 թվականի իրադարձությունները․ մեծամտությունը գալիս է տգիտությունից: Այս մասին այսօր Բերդ համայնքում, պատասխանելով քաղաքացիների հարցրերին, ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: Խոսելով եկեղեցուց՝ նա նշեց. «Վեհափառ Հայրապետի հետ պարբերաբար, ռեժիմային հանդիպումներ ենք ունեցել միշտ, բոլոր հարցերը շատ արագ լուծվում էին՝ կապված եկեղեցու հետ: Ուղղակի այլ բնույթ էին կրում մեր հարաբերությունները, շատ գործնական, իմ կարծիքով՝ սա մի գործոն է, որը ազգային ինքնության հենասյուներից մեկն է և անթույլատրելի է  հենասյունները քանդել»։ Անդրադառնալով Սորոսի հիմնադրամի գործունեությանը Հայաստանում՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ օրենքով պետք է կարգավորեն: «Մենք պարզապես օրենսդրական դաշտն ենք ձևավորելու, որից հետո կա՛մ խիստ սահմանափակումներ, կա՛մ ուղղակի արգելք է դրվելու նման կազմակերպության գործունեության առաջ: Երկու մոդել կա՝ կամ արգելում ես, մյուսը՝ իրենք պետք է ընդունեն, որ օտարերկրյա գործակալ են և եթե որպես օտարերկյա գործակալ, այդ աֆիշայով պատրաստ են հանդես գալ, ուրեմն վերահսկողության տակ կհայտնվեն»,-ասաց նա: Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ նաև սահմանամերձ շրջաններում բնակչության անվտանգության ապահովման խնդրին: «Ես կողմնակից եմ, որ սահմանամերձ գյուղերի բնակչությունը զինված լինի: Զենքը չի կրակում, մարդն է կրակում, այդ տեսանկյունից որոշակի փորձ ունեցել ենք Նոյեմբերյանի հատվածոմ»,-ասաց նա:
15:55 - 13 հունիսի, 2021
Դատարանը որոշում է կայացրել Հանրապետության հրապարակում հունիսի 18-ին կայանալիք հանրահավաքների ժամանակացույցի վերաբերյալ

Դատարանը որոշում է կայացրել Հանրապետության հրապարակում հունիսի 18-ին կայանալիք հանրահավաքների ժամանակացույցի վերաբերյալ

Իրավական գործընթացների միջոցով դատական քննության արդյունքում հունիսի 13-ին վճիռ է ընդունվել,  որ «Հայաստան» դաշինքի կողմից հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքն ավարտելու է ժամը 21: 00-ին: Այս մասին նշված է դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարության մեջ։  «2021 թվականի մայիսի 19-ին ես՝  որպես «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ,  դիմել էի Երևանի քաղաքապետին՝ հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում քարոզարշավի ավարտին հանրային ամփոփիչ հանրահավաք անցկացնելու համար»,- նշել է Վարդևանյանը:  Նա պարզաբանել է, որ «Հայաստան» դաշինքն առաջինն էր ներկայացրել հանրային հավաքի մասին իրազեկումը, սակայն քաղաքապետարանը բավարարարել էր նաև ներկայիս «իշխանության ներկայացուցչի դիմումը՝ 20 :00-ից ևս կազմակերպել հանրային հավաք Հանրապետության հրապարակում՝ հիմնավորմամբ, որ իբրև մեր հավաքը պետք է ավարտվեր 20:00-ին»: «Իրավական գործընթացների միջոցով դատական քննության արդյունքում այսօր վճիռ ընդունվեց,  որ մեր կողմից ներկայացված հանրային հավաքն ավարտելու է 21:00-ին»,- եզրափակել է Վարդևանյանը:
15:28 - 13 հունիսի, 2021
«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի անդրադարձը՝ աշխատանքի, ժողովրդագրության, ապահովագրված առողջության և այլ թեմաների

«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի անդրադարձը՝ աշխատանքի, ժողովրդագրության, ապահովագրված առողջության և այլ թեմաների

«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքն անդրադարձել է սոցիալական աջակցության, աշխատանքի, ժողովրդագրության, ընտանիքի ինչպես նաև կանխարգելիչ առողջապահության և ապահովագրված առողջության թեմաներին՝ մասնավորապես, նշելով․«Սոցիալական աջակցություն, աշխատանք, ընտանիք և ժողովրդագրություն Ծայրահեղ աղքատության հաղթահարում, կրթական բարեփոխումների միջոցով բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը և իրականացնել բարձր աշխատավարձերի քաղաքականություն՝ բարեփոխելով ընտանիքի անապահովության գնահատման համակարգը։ Երեխաների ծննդով և դաստիարակությամբ պայմանավորված նպաստների համակարգի կատարելագործում, պարբերաբար վերանայում և ինդեքսավորում, պրոգրեսիվ սանդղակով վճարվող ընտանեկան հավելավճարների համակարգի ներդնում, բազմազավակ ընտանիքներին սոցիալական երաշխիքների տրամադրում։ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանցի զարգացում, մարզային ՆՈՒՀ-երի վարձավճարների փոխհատուցում և ՆՈՒՀ-երի աշխատաժամանակի երկարացում, երեխա խնամող ծնողների համար լրացուցիչ աշխատանքային արտոնությունների և երաշխիքների սահմանում։ Կանխարգելիչ առողջապահություն և ապահովագրված առողջություն Կանխարգելիչ առողջապահություն՝ առողջ ապրելակերպի, առողջության պահպանման նպատակով կանխարգելիչ հետազոտությունների ու վաղ ախտորոշման և ժամանակին պրոֆիլակտիկ պատվաստումների ապահովման միջոցով։ Առողջապահության ֆինանսավորման կոմբինացված և բազմակոմպոնենտ համակարգի ներդրում՝ պետական սուբսիդավորումից մինչև առողջապահական ապահովագրության բազմազանեցված գործիքակազմով, ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրվող հիվանդությունների ցանկի ընդլայնում, հստակեցում և առավելագույն ծածկույթի ապահովում»։
15:15 - 13 հունիսի, 2021
Այդպես էլ հնարավոր չեղավ կազմել ու հստակեցնել Հայաստանի զարգացման ունիվերսալ հայեցակարգը. Նորայր Նորիկյան

Այդպես էլ հնարավոր չեղավ կազմել ու հստակեցնել Հայաստանի զարգացման ունիվերսալ հայեցակարգը. Նորայր Նորիկյան

Այդպես էլ հնարավոր չեղավ կազմել ու հստակեցնել Հայաստանի` որպես պետության զարգացման ունիվերսալ հայեցակարգը: Այս մասին հայտարարություն է տարածել «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյանը, որը ներկայացնում ենք ստորև․ «Որևէ մեկը չի կարող այսօր նշել, թե 20, 30 կամ 40 տարի հետո զարգացման այսպիսի տեմպերով և տիրող փիլիսոփայության պահպանման պարագայում Հայաստանն ինչպիսի՞ այցեքարտով է հանդես գալու միջազգային հանրակցության թատերաբեմում: Մենք դեռևս չենք կարողացել գտնել և հասարակության կոնսենսուսով ամրագրել այն ֆորմուլան, որով պիտի լուծվի պետության և հայրենիքի առջև դրված այնպիսի առանցքային հարցերը, ինչպիսիք են` 1. Հայաստանը, վերջիվերջո անվտանգության ո՞ր համակարգում կարող է լիարժեքորեն ապահովել իր և Արցախի և նրա բնակչության անվտանգությանը: 2. Հարևան պետությունների և մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու նախադրյալների իսպառ բացակայության պայմաններում ի՞նչ դեղատոմս ունի Հայաստանը՝ դրանք կարգավորելու համար: 3. Տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունների վերսկսման պարագայում դրանց դիմագրավելու անհրաժեշտ ռեսուրսների սակավությունը դիտարկեով որպես անմիջական սպառնալիք՝ որո՞նք են դրանց հաղթահարման ուղիները: 4. Դեմոգրաֆիական մարտահրավերները հաղթահարելու համար արդյո՞ք ռացիոնալ են օգտագործվում գոյություն ուենցող բոլոր ռեսուրսները: Այս հարցերը պատասխան են ակնկալում, և վաղ թե ուշ կանգնելու ենք դրանց լուծման պատի առաջ...»։
14:35 - 13 հունիսի, 2021
Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին քարոզարշավի վերջին շաբաթը գնալ տնետուն և իր ուղերձը փոխանցել |hetq.am|

Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին քարոզարշավի վերջին շաբաթը գնալ տնետուն և իր ուղերձը փոխանցել |hetq.am|

hetq.am: Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները քարոզարշավի շրջանակում այսօր` հունիսի 13-ին Կոտայքի մարզում են: Փաշինյանը  պատմեց, որ Եղվարդի մուտքի մոտ հեծանվորդների շարասյան են հանդիպել, և սա առիթ է հանդիսացել, որ բարձրաձայնի իր գաղափարը` ամեն տարի կազմակերպել ոչ պրոֆեսիոնալ հեծանվորդների հեծանվավազք: Նա հավելեց` Սուրեն Պապիկյանն էլ առաջարկել է այն կազմակերպել Սևանա լճի շուրջ: «Ես առաջարկում եմ օգոստոսի մեկին Սևանա լճի շուրջ հեծանվային մրցույթ իրականացնենք 15 միլիոն դրամ պարգևատրման ֆոնդով: Սա իրականացնենք որպես Հայաստանում առողջ ապրելակերպի հիմնադրման գործողություն»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև անվտանգության խնդրի մասին: Հիշեցնենք, որ արդեն մեկ ամիս Գեղարքունիքի մարզի Սոթք-Խոզնավար սահմանային հատվածում տեղակայվել են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներ և հրաժարվում են դուրս գալ Հայաստանի սահմանից: Փաշինյանը խոսեց իր առաջարկի մասին, որի մասին արդեն բազմիցս խոսել է, ըստ որի թե´հայկական, թե´ ադրբեջանական ստորաբաժանումները հայելային տարբերակով  դուրս են գալիս այդ հատվածից, այնտեղ տեղակայվում են ռուս սահմանապահներ, ապա միջազգային հովանու հերքո սկսվում է սահմանի այդ հատվածի դեմարկացիա և դելիմիտացիա: Փաշինյանի համոզմամբ` այս բառերով փորձելու են վախեցնել հանրությանը, ուստի կոչ արեց դեմարկացիա և դելիմիտացիա բառերից չվախենալ, քանի որ «դեմարկացված ու դելիմիտացված սահման նշանակում է պարիսպ երկրի շուրջ»:  «Այդ պարիսպը պետք է կառուցենք, և դա կապ չունի ԼՂ հարցի բովանդակային կարգավորման հետ»,-պնդեց նա: Անդրադառնալով ընդդիմախոսների ակնկալիքներին Փաշինյանը վստահեցրեց` Հայաստանում իշխանություն չի փոխվելու, և դա ոչ թե ինքն է ասում, այլ` ժողովուրդը: Ըստ նրա, եթե ժողովուրդը որոշի, որ իշխանությունը պետք է փոխվի, կառավարությունը հինգ րոպեում կփոխվի, իրենք ժողովրդի կայացրած կայացրած որոշմանը ենթակա են: Փաշինյանը կոչ արեց գնալ ընտրատեղամասեր ու թավշե մանդատը փոխարինել պողպատե մանդատով: «Երկրում պետք է հաստատենք օրենքի և իրավունքի դիկտատուրա, պետք է ավարտին հասցնենք դատաիրավական համակարգի բարեփոխումները»,-ասաց նա: Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց`քարոզարշավի վերջին շաբաթն է մեկնարկում, ուստի կոչ արեց քաղաքացիներին այդ շաբաթվա ընթացքում ակտիվորեն ներգրավվել քարոզարշավին` որպես քարոզարշավի ակտիվիստ: Նա կոչ արեց գնալ հարազատների, բարեկամների տները և փոխանցել իր ուղերձը: «Վերջին շաբաթը վճռական շաբաթ է, եթե ուզում ենք անառարկելի կայունություն հաստատվի երկրում, պողպատե մանդատ է անհրաժեշտ, իսկ դրա համար Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պետք է առնվազն 63% ձայնի հավաքի ընտրություններում»,-ասաց նա: Հիշեցնենք, որ ի սկզբանե Փաշինյանը 60%-ի մասին էր հայտարարում, սակայն Սպիտակում նրան ուղղեցին` ասելով, որ հարկավոր է 63% քվե, ինչից հետո նա այդ թիվն է կիրառում: Հավաքվածներն արձագանքեցին` թող 70% լինի, Փաշինյանն էլ պատասխանեց` որքան շատ լինի` քաղաքացիների պատիվն է:Ավելին՝ Hetq.am-ում։
14:05 - 13 հունիսի, 2021
Հանրային հեռուստաընկերությունն ու «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել են ՄԻՊ-ին՝ նախընտրական հոլովակի հեռարձակման հարցով

Հանրային հեռուստաընկերությունն ու «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել են ՄԻՊ-ին՝ նախընտրական հոլովակի հեռարձակման հարցով

Մարդու իրավունքների պաշտպանին հրապարակային դիմել է Հանրային հեռուստաընկերությունը՝ կապված, իր ձևակերպմամբ, «Առաջին ալիքի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձերի» հետ: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակաի տարածած հաղորդագրության՝ Հանրային հեռուստաընկերությունը Պաշտպանից ակնկալում է «հրատապ արձագանք» և «կոչ անում պաշտպանել Հանրայինի՝ անաչառության և ոչ խտրական վերաբերմունքի հանձնառությունը»՝ նկատի ունենալով «տարբեր քաղաքական ուժերի» հայտարարութունները, թե հեռուստաընկերությունը նախընտրական հոլովակների ցուցադրման հարցում ցուցաբերում է խտրական մոտեցումներ: Ըստ բողոքի` խոսքը վերաբերել է տարբեր քաղաքական ուժերի տրամադրած օրենքի տեսանկյունից վիճելի հոլովակների ցուցադրմանը: Այլ կերպ՝ ՀՀ կառավարության հիմնադրած կազմակերպությունը, այն է` Հանրային հեռուստաընկերությունը ակնկալում է Մարդու իրավունքների պաշտպանից պաշտպանություն ոչ պետական կազմակերպության՝ քաղաքական ուժի արարքներից: Մյուս կողմից, Մարդու իրավունքների պաշտպանին առանձին բողոքով դիմել է նախընտրական քարոզարշավի մասնակից «Պատիվ ունեմ» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչը և նշել, որ Հանրային հեռուստաընկերությունն առաջնորդվում է խտրական մոտեցմամբ, մերժել է իրենց նախընտրական քարոզչական հոլովակի հեռարձակումը՝ առանց բովանդակային հիմնավորումների՝ միայն արձանագրելով, թե իրենց հոլովակը պարունակում է վիրավորանք և զրպարտություն: Ըստ դիմումի՝ Հանրային հեռուստաընկերության արարքն ունի քաղաքական դրդապատճառներ, հիմքում ունի Կառավարության կոնկրետ հրահանքը և օրենքի ակնհայտ խախտում են, քանի որ հեռուստաընկերությունը չունի իրավասություն որոշելու, թե ինչն է վիրավորանք կամ ինչը զրպարտություն, և այն այդ պատրվակով խախտել է իրենց քաղաքական իրավունքները, իրականացրել գրաքննություն, իսկ դրանից առաջ հեռարձակել է ակնհայտ վիրավորական ու զրպարտչական արտահայտություններով այլ քաղաքական ուժերի քարոզչական հոլովակներ, այդ թվում՝ իրենց վերաբերյալ: Նշված հարցերի հետ կապված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Հանրային հեռուստաընկերությանը տեղեկացնում է. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը կոնկրետ գործով մասնավոր, այն էլ քաղաքական կազմակերպության նկատմամբ Պաշտպանի իրավասություն չի սահմանում:  Հետևաբար, Կառավարության հիմնադրած հեռուստաընկերությունը չի կարող նշված կոնկրետ գործով ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը, քանի որ Պաշտպանի իրավասությունը կոնկրետ գործերով պետական կազմակերպությունների պաշտպանությունը չէ: Կոնկրետ դեպքում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցչի բողոքն ուղղված է Կառավարության հիմնադրած հեռուստաընկերության դեմ, որն, ըստ դաշինքի բողոքի, գործել է հենց Կառավարության հրահանգով: Վերը նշված դաշինքի կոնկրետ դիմումի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանը գրավոր հարցումներ կուղարկի Հանրային հեռուստաընկերություն և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (ՀՌԱՀ), ինչից հետո միայն հնարավոր կլինի գնահատել Հանրային հեռուստաընկերության արարքը։
13:40 - 13 հունիսի, 2021