hetq.am: «Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը երեկ ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին։
Այն հարցին ի՞նչ է անելու իրենց դաշինքը՝ տնտեսությունը զարգացնելու համար, որո՞նք են լինելու տնտեսության զարգացման ճյուղերը, Ղուկասյանն ասաց, որ տնտեսության զարգացման համար դաշինքն առաջարկում է ներգրավել խոշոր միջազգային կորպորացիներ եւ ստեղծել համատեղ ձեռնարկություններ։ Պետությունը կտրամադրի տարածք, շինարարության համար միջոցներ, իսկ կորպորացիան կտրամադրի սարքավորումներ, կբերի գիտելիք, կկազմակերպի աշխատանքը։
Անդրիաս Ղուկասյանը գտնում է, որ պետք է նվազեցնել ներմուծումը եւ ստեղծել սեփական արտադրանք, ծառայություններ, որոնք կբավարարեն ներքին շուկայի պահանջարկը, ըստ նրա՝ Հայաստանը կարող է արտադրել մեքենա, սառնարան, այլ տեխնիկա։
Ի՞նչ է անելու դաշինքը երկրի անվտանգությունն ապահովելու համար, վարչապետի թեկնածուն ասաց. «Մենք պետք է մինչեւ տարվա վերջ Ֆրանսիայի հետ կնքենք ռազմաքաղաքական պայմանագիր, որ մեր բանակի վերազինման, վերապատրաստման եւ վերակազմակերպման համար ստանանք համապատասխան օժանդակություն եւ հասցնենք մեր բանակի մակարդակը եվրոպական չափանիշներին»։ Ըստ նրա՝ պատերազմի ընթացքում պարտվել է բանակը, քանի որ չի համապատասխանել եվրոպական չափանիշներին։
Հավելեց, որ պետք է Հայաստանում արտադրել զինտեխնիկա։ «Մեր բանակի վերազինման համար հարկավոր է 10-12 մլրդ ներդրում կատարել, այդքան է Ադրբեջանն այս տարիներին ներդրել իր բանակի մեջ, մենք անտեսում էինք այդ ամենը, ասում էինք, որ մեր զինվորների մարտական ոգու շնորհիվ մենք կմարտնչենք Արդրբեջանի հետ, բայց տեսանք, որ մարտական ոգին բավարար գործոն չէ, կարեւոր է այսօրվա ժամանակակից պատերազմում տեխնոլոգիապես առավելություն ունենալ թշնամու նկատմամբ», - նշեց Ղուկասյանը։
comment.count (0)