Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին քարոզարշավի վերջին շաբաթը գնալ տնետուն և իր ուղերձը փոխանցել |hetq.am|
14:05 - 13 հունիսի, 2021

Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին քարոզարշավի վերջին շաբաթը գնալ տնետուն և իր ուղերձը փոխանցել |hetq.am|

hetq.am: Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները քարոզարշավի շրջանակում այսօր` հունիսի 13-ին Կոտայքի մարզում են:

Փաշինյանը  պատմեց, որ Եղվարդի մուտքի մոտ հեծանվորդների շարասյան են հանդիպել, և սա առիթ է հանդիսացել, որ բարձրաձայնի իր գաղափարը` ամեն տարի կազմակերպել ոչ պրոֆեսիոնալ հեծանվորդների հեծանվավազք: Նա հավելեց` Սուրեն Պապիկյանն էլ առաջարկել է այն կազմակերպել Սևանա լճի շուրջ:

«Ես առաջարկում եմ օգոստոսի մեկին Սևանա լճի շուրջ հեծանվային մրցույթ իրականացնենք 15 միլիոն դրամ պարգևատրման ֆոնդով: Սա իրականացնենք որպես Հայաստանում առողջ ապրելակերպի հիմնադրման գործողություն»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև անվտանգության խնդրի մասին: Հիշեցնենք, որ արդեն մեկ ամիս Գեղարքունիքի մարզի Սոթք-Խոզնավար սահմանային հատվածում տեղակայվել են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներ և հրաժարվում են դուրս գալ Հայաստանի սահմանից: Փաշինյանը խոսեց իր առաջարկի մասին, որի մասին արդեն բազմիցս խոսել է, ըստ որի թե´հայկական, թե´ ադրբեջանական ստորաբաժանումները հայելային տարբերակով  դուրս են գալիս այդ հատվածից, այնտեղ տեղակայվում են ռուս սահմանապահներ, ապա միջազգային հովանու հերքո սկսվում է սահմանի այդ հատվածի դեմարկացիա և դելիմիտացիա:

Փաշինյանի համոզմամբ` այս բառերով փորձելու են վախեցնել հանրությանը, ուստի կոչ արեց դեմարկացիա և դելիմիտացիա բառերից չվախենալ, քանի որ «դեմարկացված ու դելիմիտացված սահման նշանակում է պարիսպ երկրի շուրջ»:

 «Այդ պարիսպը պետք է կառուցենք, և դա կապ չունի ԼՂ հարցի բովանդակային կարգավորման հետ»,-պնդեց նա:

Անդրադառնալով ընդդիմախոսների ակնկալիքներին Փաշինյանը վստահեցրեց` Հայաստանում իշխանություն չի փոխվելու, և դա ոչ թե ինքն է ասում, այլ` ժողովուրդը: Ըստ նրա, եթե ժողովուրդը որոշի, որ իշխանությունը պետք է փոխվի, կառավարությունը հինգ րոպեում կփոխվի, իրենք ժողովրդի կայացրած կայացրած որոշմանը ենթակա են:

Փաշինյանը կոչ արեց գնալ ընտրատեղամասեր ու թավշե մանդատը փոխարինել պողպատե մանդատով:

«Երկրում պետք է հաստատենք օրենքի և իրավունքի դիկտատուրա, պետք է ավարտին հասցնենք դատաիրավական համակարգի բարեփոխումները»,-ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց`քարոզարշավի վերջին շաբաթն է մեկնարկում, ուստի կոչ արեց քաղաքացիներին այդ շաբաթվա ընթացքում ակտիվորեն ներգրավվել քարոզարշավին` որպես քարոզարշավի ակտիվիստ: Նա կոչ արեց գնալ հարազատների, բարեկամների տները և փոխանցել իր ուղերձը:

«Վերջին շաբաթը վճռական շաբաթ է, եթե ուզում ենք անառարկելի կայունություն հաստատվի երկրում, պողպատե մանդատ է անհրաժեշտ, իսկ դրա համար Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պետք է առնվազն 63% ձայնի հավաքի ընտրություններում»,-ասաց նա: Հիշեցնենք, որ ի սկզբանե Փաշինյանը 60%-ի մասին էր հայտարարում, սակայն Սպիտակում նրան ուղղեցին` ասելով, որ հարկավոր է 63% քվե, ինչից հետո նա այդ թիվն է կիրառում: Հավաքվածներն արձագանքեցին` թող 70% լինի, Փաշինյանն էլ պատասխանեց` որքան շատ լինի` քաղաքացիների պատիվն է:

Ավելին՝ Hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել