Քաղավիացիայի կոմիտե

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների և Հայաստանում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման ոլորտում նախարարությանը ենթակա պետական կառավարման մարմինն է։ Կոմիտեի ներկայիս նախագահը Տաթևիկ Ռևազյանն է:

Այս ամենը վերաբերում է միայն երկու ավիաընկերության. Ռևազյանի բացառիկ հարցազրույցը

 |armenpress.am|

Այս ամենը վերաբերում է միայն երկու ավիաընկերության. Ռևազյանի բացառիկ հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովը հայկական ավիաընկերություններին արգելել է չվերթներ իրականացնել դեպի Եվրոպական միության տարածք: «Արմենպրես»-ն այս որոշման և հետագա անելիքների մասին խոսել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ դեկրետային արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանի հետ: «Aircompany Armenia-ին և Atlantis European Airways-ին է վերաբերում այս ամեն ինչը, որ կարող է լուրջ խոչընդոտ ստեղծել: Սակայն բավականին քիչ կանոնավոր չվերթներ են իրականացնում այդ ընկերությունները, բայց չարտերներ ևս կազմակերպում են: Հանրությունը շատ մեծ փոփոխություն չի զգա, բայց պարզ է, որ ավիաընկերության համար կարող է դա մեծ խոչընդոտ լինել»,-նշել է նա: Ռևազյանը նաև մանամասներ ներկայացրեց մայիսի 12-ին Եվրոպական անվտանգության թիմի հետ նիստից: Ռևազյանի խոսքով՝ նիստում գրեթե ոչ մի հարց չի հնչել․ «6 ժամ էր այդ նիստը, մենք էինք խոսում և ավիաընկերությունները։ Կարևորն այն է, որ մենք պետք է մեր խնդիրները լուծենք: Համաձայն ենք, թե համաձայն չենք ամեն դետալի հետ կապված, դա իրականում բան չի փոխում»։ Անդրադառնալով հարցին, թե կա արդյոք հնարավորություն թերությունները շտկելուց հետո նորից դիմել Եվրահանձնաժողով՝ որոշումը վերանայելու առաջարկով, կոմիտեի ղեկավարն ասաց՝ անպայման, այդ հնարավորությունը կա: Այդ ուղղությամբ աշխատելու են, բոլոր ջանքերն այդ ուղղությամբ են գործադրելու: Կոնկրետ քայլեր արդեն իսկ ձեռնարկվել են, և նախատեսվում են: Ռևազյանը կոմիտեի նախագահին հարցրել է նաև, թե երբ կկարողանան նորից դիմել: «Նա ասաց, որ եթե նույն պրոակտիվ ձևով շարունակեք մեր աշխատանքը, բավականին արագ կարող ենք դուրս գալ, իսկ արագ ասելով ի նկատի ունի 2.5 տարի: Այսինքն՝ 2022 թվականի նիստի ընթացքում»,- ասաց Ռևազյանը:
21:28 - 03 հունիսի, 2020
Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել քաղավիացիայի ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ

Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել քաղավիացիայի ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռավար ռեժիմով կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ: Քննարկմանը տեսակապի միջոցով մասնակցել է նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Քաղավիացիայի կոմիտեի նախագահը վարչապետ Փաշինյանին պարզաբանումներ է ներկայացրել ոլորտում տեղի ունեցող գործընթացների մասին. նա զեկուցել է, որ 2020թ. մայիսի 12-ին տեղի է ունեցել Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստը, որի արդյունքում՝ այս տարվա փետրվարին կատարված ԵՄ գնահատման այցի դիտողությունների հիման վրա, որոշում է կայացվել Հայաստանում գրանցված բոլոր օդանավ շահագործողներին ընդգրկել ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում: Համաձայն Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի՝ նման որոշման պատճառը երկար տարիներ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից ոչ պատշաճ վերահսկողության և ոչ լիարժեք սերտիֆիկացման գործառույթների իրականացումն է: Որոշմամբ սահմանափակվում է ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողների՝ դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքների): Հարկ է նշել, որ տվյալ ավիաընկերությունները շարունակելու են չվերթներ իրականացնել դեպի այլ երկրներ: Միաժամանակ, որոշումը որևէ ազդեցություն չի ունենա միջազգային ավիաընկերությունների կողմից ԵՄ-ՀՀ և ՀՀ-ԵՄ ուղղություններով չվերթներ իրականացնելու վրա: Տ Ռևազյանը նշել է, որ 2019թ. նոյեմբերի 20-ին տեղի ունեցած Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստից ի վեր Կոմիտեն շարունակական միջոցառումներ է իրականացնում Հայաստանում թռիչքային անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով, և որոշման փոփոխության հարցը կարող է քննարկվել 2022 թ. նոյեմբերին: Այս համատեքստում ԵՄ ավիացիոն ոլորտի մարմինները ողջունել են ՀՀ կառավարության՝ թռիչքային անվտանգության մակարդակը բարելավելու հանձնառությունը և համագործակցության պատրաստակամություն հայտնել: Վարչապետը, անդրադառնալով ներկայացված պարզաբանումներին, նշել է, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պետք է սեղմ ժամկետում մշակի մինչև 2022 թ. նոյեմբերը հետագա քայլերի ճանապարհային քարտեզ և դրա իրականացման ժամանակացույց: Կառավարության ղեկավարի խոսքով՝ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն ոչ միայն թռիչքային անվտանգության մակարդակի բարելավման, այլև տեղական ավիացիայի մրցունակության բարձրացման ուղղությամբ, ինչն էլ հնարավորություն կտա զարգացնել քաղաքացիական ավիացիան Հայաստանում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ՀՀ քաղավիացիայի կոմիտեի բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել, մասնավորապես, կառույցում որակյալ մասնագետների ներգրավման, ինստիտուցիոնալ, օրենսդրական, տեխնիկական ուղղություններով անելիքներին, ներկայացվել են մի շարք առաջարկներ: Կոմիտեի նախագահը նշել է, որ արդեն իսկ իրականացվել է կառույցում առկա խնդիրների գույքագրում և ախտորոշում, որոնց կապակցությամբ մշակվում են լուծումներ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ քննարկման արդյունքներով, երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի բարեփոխումների գործողությունների ծրագիր:
14:29 - 03 հունիսի, 2020
ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ պետություններ. Քաղավիացիայի կոմիտե

ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ պետություններ. Քաղավիացիայի կոմիտե

Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 12-ին տեղի է ունեցել Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստը, որի արդյունքում այս տարվա փետրվարին կատարված ԵՄ գնահատման այցի դիտողությունների հիման վրա որոշում է կայացվել ՀՀ-ում գրանցված բոլոր օդանավ շահագործողներին ընդգրկել ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում: Այսինքն՝ սահմանափակվում է ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքների)։ ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ պետություններ: Բացի այդ, սույն որոշումը որևէ ազդեցություն չի ունենա այլ միջազգային ավիաընկերությունների կողմից ԵՄ-ից դեպի ՀՀ և ՀՀ-ից դեպի ԵՄ չվերթեր իրականացնելու վրա: Համաձայն Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի՝ ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողներին ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում ընդգրկելու որոշման պատճառը երկար տարիներ շարունակ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ոչ պատշաճ վերահսկողության և ոչ լիարժեք սերտիֆիկացման գործառույթների իրականացումն է: 2019 թվականի նոյեմբերի 20-ին Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստից ի վեր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լուրջ քայլեր է ձեռնարկել և շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել՝ ՀՀ-ում թռիչքային անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով: ԵՄ ավիացիոն ոլորտի տնօրեն Ֆիլիպ Կոռնելիսը ՔԱԿ-ի ղեկավարին ուղղված նամակում նշում է. «Ես ուրախ էի տեսնել և արձանագրել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ աջակցելու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին: Այդ աջակցությունը, Ձեր մասնագիտական կարողությունների և հմտությունների հետ մեկտեղ, մեծ դեր են խաղում վերոնշյալ խնդիրները լուծելու համար»: Իսկ ԵՄ տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վալեանը ԵՄ պաշտոնական կայքում իր հերթին նշել է. «Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալության աջակցությամբ, պատրաստ է համագործակցել և ներդրում ունենալ Հայաստանում թռիչքային անվտանգության մակարդակը բարելավելու գործում»: ԵՄ անդամ պետությունների ավիացիոն իշխանությունները նույնպես հայտնել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ սերտորեն համագործակցելու իրենց պատրաստակամության մասին: Հարգելի՛ հայրենակիցներ, համոզված եղեք, որ միասնական աշխատանքի ու ջանքերի շնորհիվ բոլոր խնդիրները կլուծվեն: ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
21:08 - 02 հունիսի, 2020
Հայկական ավիաընկերություններին արգելել են թռչել դեպի Եվրոպա |panarmenian.net|

Հայկական ավիաընկերություններին արգելել են թռչել դեպի Եվրոպա |panarmenian.net|

panarmenian.net: Հայկական բոլոր ավիաընկերություններին արգելվել է թռչել Եվրոպա, հայտնում են Եվրահանձնաժողովից։ Ավիաընկերություններին առաջարկվել է օգտվել անձնակազմ և ինքնաթիռ վարձակալելու և միայն այդ տարբերակով թռիչքներ իրականացնելու հնարավորությունից (wet-leased)։ Ինքնաթիռներն ու օդաչուները թռիչքներ իրականացնելու հնարավորություն չեն ունենա։ Որոշումը կայացվել է Եվրահանձնաժողովի՝ հունիսի 2-ին հրապարակած «սև ցուցակի» (EU Air Safety List) հիման վրա, որը ներառում է այն երկրներն ու կոնկրետ ավիաընկերությունները, որոնց ինքնաթիռները կամ չունեն իրավունք մտնելու ԵՄ օդային տարածք, կամ դրանց վերաբերյալ գործում են կոնկրետ սահմանափակումներ։ Համաձայն հրապարակված ցանկի՝ հայկական բոլոր ավիաընկերություններին արգելվում է ԵՄ թռիչքներ իրականացնել, քանի որ դրանք չեն համապատասխանում միջազգային անվտանգային չափորոշիչներին։ Ցուցակում են հայտնվել Aircompany Armenia, Armenia Airways, Armenian Helicopters, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia ավիաընկերությունները և Skyball-ը։ Ավելի վաղ ժամանակավորապես սահմանափակվել էր 2 ավիաընկերության՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը։ Նշվում էր, որ Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությանը հորդորել էին վերանայել 2 ավիաընկերության՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու սահմանափակման մասին որոշումը` հնարավորություն տալով ավիաընկերություններին տրամադրելու անվտանգության մակարդակը հավաստող լրացուցիչ ապացույցներ:
18:46 - 02 հունիսի, 2020
Հունիսի 4-ին կիրականացվեն Երևան-Ռոստով-Երևան և Երևան-Վորոնեժ-Երևան չվերթներ

Հունիսի 4-ին կիրականացվեն Երևան-Ռոստով-Երևան և Երևան-Վորոնեժ-Երևան չվերթներ

ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տեղեկացնում ենք, ս․ թ․ հունիսի 4-ին կիրականացվի Երևան-Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 08:30, ժամանում դեպի Երևան 12:30):Ս․ թ․ հունիսի 4-ին կիրականացվի Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 14:00, ժամանում դեպի Երևան 19:20): Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։ Առաջիկա չվերթերի մասին տեղեկություն ստանալու համար խնդրում ենք հետևել մեր ֆեյսբուքյան էջին»:
17:03 - 02 հունիսի, 2020
Ի՞նչ խնդիրներ է լուծում «Ազգային», կամ «Տեղական» ավիափոխադրողը․ Հակոբ Ճաղարյան

Ի՞նչ խնդիրներ է լուծում «Ազգային», կամ «Տեղական» ավիափոխադրողը․ Հակոբ Ճաղարյան

Բազմպիսի ամբիոններից բազմիցս հնչեցված` իբր «Ազգային Ավիափոխադրող» նշանակում է պետական գումարներով, արտնություններով, վնասով աշխատող... և այլ նմանօրինակ ներկայացումները բացարձակ ապակողմնորոշում են, և ոչ մի աղերս չունեն իրականության հետ: Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, քաղավիացիայի մասնագետ Հակոբ Ճաղարյանը։ «Ազգային» կոչվում է երկրում գրանցված, տվյալ երկրի օրենքներով աշխատող, երկրի ավիաշուկայի միակ, կամ հիմնական ավիափոխադրողը: Որն իր հերթին բազմաթիվ քաղաքական և տնտեսական խնդիրների լուծման համար հանդիսանում է ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՔ: (ICAO doc.9626 art. 5.1) Ոչ մի բառով անդրադարձ չի կատարվում նրա սեփականության ձևին: Այն կարող է լինել պետական, մասնավոր, կամ համատեղ կապիտալով հիմնված: Ի՞նչ խնդիրներ է լուծում «Ազգային», կամ ավելի ճիշտ կլիներ այն անվանել`«Տեղական» ավիափոխադրողը` Քաղաքական Ոլորտում - Քաղաքական անկախություն; - Պաշտպանվածություն և անդադար կապ աշխարհի հետ ռազմական իրավիճակներում և բնական աղետների դեպքում;- Կապ արտերկրի հետ; Տնտեսական ոլորտում` - Մրցակցություն, (նրանից հետևող արդյունքներով` ծառայությունների որակի բարձրացում և սպասարկման գների նվազում);- Ավիափոխադրումների ավելի լայն աշխարհագրություն;- Արտաքին շուկաների սպասարկման հնարավորություն;- Զբոսաշրջության և տնտեսական այլ ոլորտների զարգացում;- Աշխատատեղեր և բարձր զբաղվածություն;- Հարակից ծառայությունների սպառման ծավալների աճ;- Լրացուցիչ պետական եկամուտներ Ցանկացած կետ պատրաստ եմ բացել քննարկումներում: Ցանկանում եմ նշել, որ «Հայեցակարգի» ներկայացված մասի հիմնական կազմողը Վահան Հարությունյանն է  Հարցերը կարող եք ուղղել նաև նրան Հաջորդ գրառմանս կանդրադառնամ Ազգային Հարստություն հանդիսացող Օդաչուների, ավիացիոն ինժեներների, օդային երթևեկության կարգավարների (դիսպետչերներ) իրական արժեքին, պատրաստության և կայացման ծախսերին ու կարևորությանը»,- գրել է նա։
21:48 - 25 մայիսի, 2020
Քաղավիացիայի կոմիտեն ներկայացնում է առաջիկա օրերին տարբեր քաղաքներից դեպի Երեւան կայանալիք չվերթների ժամանակացույցը

Քաղավիացիայի կոմիտեն ներկայացնում է առաջիկա օրերին տարբեր քաղաքներից դեպի Երեւան կայանալիք չվերթների ժամանակացույցը

Ս․ թ. մայիսի 23-ին կիրականացվի Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 12:00, ժամանում դեպի Երևան ժամը 17:20): Այս մասին հայտնում է ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն։ Ս. թ. մայիսի 23-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չվերթը Azimuth ավիաընկերության կողմից (ժամանում 17:40): Ս. թ. մայիսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10): Ս. թ. մայիսի 27-ին կիրականացվի Դամասկոս-Երևան չվերթը Cham Wings ավիաընկերության կողմից (ժամանում 00:05): Ս. թ. մայիսի 27-ին կիրականացվի Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 19:30): Ս. թ. մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10): Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Կոմիտեն խնդրում է ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգնալ օդանավակայան։ Հարգանքով,
17:39 - 22 մայիսի, 2020
Հայկական ավիաընկերությունները դեպի ՌԴ թռիչքներ չեն կատարում ՀՀ Քաղավիացիայի Կոմիտեից այդ թռիչքները կատարելու թույլտվությունը չստանալու պատճառով․ Հակոբ Ճաղարյան

Հայկական ավիաընկերությունները դեպի ՌԴ թռիչքներ չեն կատարում ՀՀ Քաղավիացիայի Կոմիտեից այդ թռիչքները կատարելու թույլտվությունը չստանալու պատճառով․ Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչու հայկական ավիաընկերությունները ՌԴ-ից հայերի չեն տեղափոխում Իմ ամեն հարցազրույցից հետո, որտեղ ես հանրությանը, առանց թաքցնելու, ներկայացնում եմ հայկական ավիացիայի ներկա իրավիճակը, պատճառները, և ստեղծված իրավիճակից ելքի միջազգայնորեն ընդունված կարգավորումները, ռուսալեզու մամուլում և «անկաշառ» բլոգերների մոտ սկսվում է հիստերիայի հերթական սրացումը: Ահավասիկ` Արցախից Մոսկվա «թռած» ոմն «բլոգեր» Roman Baghdasaryan Infoteka 24 ռուսալեզու կայքում հոդված է տեղադրել հարցադրմամբ, թե` «Զվարթնոցում» իմ պաշտպանած հայկական «Արմենիա» և «Ատլանտիս» ավիաընկերություններն ունեն 3 օդանավ: Ինչու՞ նրանք ՌԴ-ից Հայաստան չեն տեղափոխում այնտեղ մնացած ՀՀ քաղաքացիներին: Ինչով կհիմնավորեին հայկական ավիափոխադրողների կարևորության մասին իմ պնդումները: Ու, որ ես շարունակում եմ քարկոծել իշխանություններին միայն քարկոծելու նպատակով: Կարծում եմ լավ հարց է: Նախ` Հայկական ավիաընկերությունները դեպի ՌԴ թռիչքներ չեն կատարում (ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ) ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեից այդ թռիչքները կատարելու թույլտվությունը չստանալու պատճառով: Բացատրությունը`Քանի որ COVID-19 պատճառով «Զվարթնոց» օդանավակայանը կարող է սպասարկել սահմանափակ քանակությամբ` օրեկան ոչ ավելի, քան 200 ուղևոր, իսկ այդ քանակությունն արդեն (ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ) ամրագրված են ռուսական ավիաընկերությունների կողմից:Համոզված եմ, որ ազգն իրավունք ունի ճանաչել իր «հերոսներին»:Եվ ՀՀ ՔԱԿ-ը կամ կհերքի մեղադրանքս, ինչին կհետևի զրպարտության համար դատարան դիմելը, կամ կհաստատի տեղեկությունս, ինչով կպատասխանի իր «հովանավորի» հարցին: Ավելացնեմ, որ ավելի ուշ ՔԱԿ-ը, ի վերջո կռահել է իր գործողության անթաքույց հակապետական «Անհեթեթությունը» և ի վերջո Մայիսի 23-ի համար «Արմենիա» ավիաընկերությանը թույլտվություն է տվել դեպի Վորոնեժ մեկ թռիչք կատարելու: ԵՎ Ես իմ հարցազրույցներից ու հրապարակումներից և ոչ մեկում ոչ մի անձնավորված մեղադրանք չեմ արտահայտել: Ասել եմ, և պնդում եմ` ոլորտի կառավարումը համակարգային խնդիր է, և այդ համակարգը հնարավոր էր, նույնիսկ նրա բացարձակ բացակայության պայմաններում, կարգավորել 3-4 ամսում:Զրոյից:Ինչի համար կպահանջվի ոչ ավելի գումար, քան նախորդ տարվա գործուղումներին հատկացվածի կեսը: Եվ մեղադրանքները, նախկինների թերություններին վերագրելու փորձերը, Եվրոպական Ավիացիոն Անվտանգության Գործակալության ծայրահեղ բացասական գնահատականի պատճառները, ICAO աուդիտը շատ բարձր` միջազգային նորմերին 84%-ից ավել համապատասխանությամբ ներկայացրած ավիացիոն իշխանություններին վերագրելը շարունակում եմ համարել անբարոյական սուտ: ՀՀ Ավիացիոն իշխանությունները կարիք ունեն արմատական վերափոխումների: Ավելի ճիշտ` վերակազմավորման, 1,5 տարում հիմնովի քանդածը զրոյից ստեղծելու համար: (տեխնիկական մասով) Ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից վարվող քաղաքականության արմատական վերանայման (քաղաքական բաղկացուցիչը) Դա Հայաստանի համար ինքնիշխանության կարևորագույն գործիքի` Տեղական ավիաընկերությունների կայացման միակ ուղին է»։
09:21 - 20 մայիսի, 2020
Քաղավիացիայի կոմիտեն հորդորել է EASA-ին վերանայել 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու սահմանափակման մասին որոշումը

Քաղավիացիայի կոմիտեն հորդորել է EASA-ին վերանայել 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու սահմանափակման մասին որոշումը

ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ մայիսի 12-ին առցանց տարբերակով տեղի է ունեցել Եվրոպական անվտանգության թիմի նիստը, որին մասնակցել են կոմիտեի ներկայացուցիչները՝ կոմիտեի նախագահի գլխավորությամբ, ինչպես նաև «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «ԱՐՄԵՆԻԱ» Էյրվեյզ», «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Արմենիան Հելիքոփթերս» և «Սքայբոլ» օդանավ շահագործողի վկայական կրող ընկերությունների ներկայացուցիչները։ Նիստը տևել է 6 ժամ, որի ընթացքում Կոմիտեի և ավիաընկերությունների կողմից ցուցադրվել են թռիչքային անվտանգության ապահովման հետ կապված շնորհանդեսներ: Կոմիտեն համապարփակ կերպով ներկայացրել է ՀՀ-ում թռիչքային անվտանգության ոլորտում իրավիճակը, նշանակալի փոփոխությունները, նախորդ տարվա նոյեմբեր ամսվա լսումներից հետո կատարված հստակ քայլերը և հետագա կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունները։ Նշենք, որ ժամանակավորապես սահմանափակվել էին թվով 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքները)։ Կոմիտեն հորդորել է EASA-ին վերանայել 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու սահմանափակման մասին որոշումը` հնարավորություն տալով ավիաընկերություններին տրամադրելու անվտանգության մակարդակը հավաստող լրացուցիչ ապացույցներ: Հաշվի առնելով խնդրի լրջությունը՝ Կոմիտեն մնում է այն համոզմունքին, որ թռիչքային անվտանգության մակարդակի բարձրացման հետ կապված խնդիրները լուծելու նպատակով անհրաժեշտ է Եվրամիության, անդամ պետությունների, EASA-ի և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի սերտ համագործակցությունը: Ըստ Եվրոպական Միության գործընկերների հայտարարության՝ վերջնական զեկույցը նախատեսվում է տրամադրել Կոմիտեին այս ամսվա վերջին:  
18:38 - 13 մայիսի, 2020