ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամ երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստի շրջանակում ստորագրվել է 19 որոշում

ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստի շրջանակում ստորագրվել է 19 որոշում

Սեպտեմբերի 30-ին Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 39-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում ստորագրվել են ընդհանուր առմամբ 19-ը որոշումներ, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, այդ թվում՝ Միավորված կոլեգիայի 38-րդ նիստի ընթացքում ստորագրված որոշումների իրականացման ընթացքին, ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից աշխատաքնային խմբերին, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ապրանքների դասակարգմանը, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված լիազորված տնտեսական օպերատորների կողմից հատուկ պարզեցման կիրառման պրակտիկային, ԵԱՏՄ անդամ պետությունների տարածք ներմուծված և ազատ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների էլեկտրոնային տեղեկատվության տրամադրմանն ու մի շարք այլ հարցերին: Նիստի քննարկումների արդյունքում ստեղծվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից ոչ ինտրուզիվ զննման սարքավորումների հարցերով զբաղվող  աշխատանքային խումբ։ Այն կզբաղվի նորմատիվ կարգավորման միասնական մոտեցումների մշակմամբ, միասնական տվյալների բազայի և համապատասխան գրադարանների ստեղծմամբ, որոնց օգտագործումը թույլ կտա օպտիմալացնել և արագացնել մաքսային հսկողությունը: Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ 40-րդ նիստն անցկացնել 2022 թվականի 4–րդ եռամսյակում՝ Ղազախստանի Հանրապետությունում: Միավորված կոլեգիայի նիստի նախօրեին պատվիրակությունը ծանոթացել է Մոսկվայի տարածաշրջանային մաքսատան էլեկտրոնային հայտարարագրման կենտրոնի աշխատանքին, որտեղ մշակվում է ՌԴ հայտարարագրերի մինչև 20%-ը:
18:25 - 30 սեպտեմբերի, 2022
Կսահմանվեն ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ |1lurer.am|

Կսահմանվեն ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ |1lurer.am|

1lurer.am: Կառավարության որոշմամբ կսահմանվեն ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ, որոնք համապատասխանում են տվյալ ոլորտում գործող միջազգային լավագույն փորձին, գրավիչ կդարձնեն ԵԱՏՄ և այլ պետությունների քաղաքացիների համար ՀՀ տարածքում տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացը: «Մենք փորձում ենք նկարագրել, թե ինչպիսին պետք է լինի ավտոշուկան, որտեղ պետք է տեղի ունենա մեքենաների առքուվաճառքի գործընթացը: Վերցրել ենք տարբեր երկրների փորձ: Սահմանվել են տարրական չափորոշիչներ, սկսած շուկայի տարածքից: Սահմանվել է, որ այնտեղ բազմաթիվ ծառայություններ պետք է լինեն՝ և՛ ֆինանսական, և՛ ոստիկանական, և՛ մաքսային, որպեսզի այդ շուկայում ոչ միայն մեքենա գնել-վաճառել լինի, այլ նաև հնարավոր լինի մաքսազերծել մեքենան, հաշվառում իրականացնել, պետհամարանիշ ստանալ»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նախարարի խոսքով՝ սա նման է նաև հարևան Վրաստանի փորձին:
12:14 - 08 սեպտեմբերի, 2022
Հուսով ենք՝ ՌԴ և մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կկարողանանք կառավարել ու մեր տարածաշրջանային իրավիճակը պահել վերահսկողության ներքո. ՀՀ վարչապետ

Հուսով ենք՝ ՌԴ և մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կկարողանանք կառավարել ու մեր տարածաշրջանային իրավիճակը պահել վերահսկողության ներքո. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում մասնակցել է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Մյանմայի, Մոնղոլիայի վարչապետները, Չինաստանի ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը: Հեռավար կերպով ֆորումին ելույթով են հանդես եկել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Մալայզիայի և Վիետնամի կառավարությունների ղեկավարները: Իր ելույթով Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Հարգելի բարեկամներ, Թույլ տվեք առաջին հերթին շնորհակալություն հայտնել Վլադիմիր Վլադիմիրիին Հարավարևելյան տնտեսական 7-րդ ֆորումին հրավիրելու համար, որը մտքեր և գաղափարներ փոխանակելու հարթակ է հարցերի լայն շրջանակի շուրջ: Պետք է նշել, որ ընթացիկ տարում ամենատարածված նախադասությունը, հավանաբար, այն է, որ «մենք ապրում ենք ոչ սովորական ժամանակներ»: Բայց եթե նայենք խորը` հարց է առաջանում, իսկ ե՞րբ են այդ ժամանակները եղել սովորական: Եթե արդար լինենք, ապա մարդկության պատմությունն ընդհանրապես շղթա է և ոչ սովորական ժամանակների հերթականություն: Դրա համար մարդկությունը ստեղծել է այլ բանաձև, որ յուրաքանչյուր ճգնաժամային իրավիճակներ բերում են նոր մարտահրավերներ և բացում նոր հնարավորություններ: Այժմ կառավարությունների և պետությունների գլխավոր խնդիրն է հասկանալ` ինչպես կառավարել մարտահրավերները և ինչպես նկատել ու օգտագործել հնարավորությունները: Այս համատեքստում, իհարկե ոչ սովորական ժամանակներ են մեր տարածաշրջանի համար նույնպես, որովհետև այստեղ կան մարտահրավերներ, որոնք գոյություն ունեն արդեն երկար ժամանակ և դրանք առաջին հերթին կապված են անվտանգության հետ: Սա ի՞նչպես է կապված ընթացիկ իրավիճակի հետ. երբ ողջ միջազգային հանրության ուշադրությունը և հատկապես անվտանգության ոլորտում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ իրավիճակի վրա` կան կոնկրետ մտահոգություններ, որ դա կարող է մեր տարածաշրջանում բերել իրավիճակի ապակայունացման: Եվ, ի դեպ, մեզ մոտ ոչ այդքան կայուն իրավիճակ է եղել վերջին տարիներին: Տեղյակ եք, որ 2020 թվականին մենք պատերազմ վերապրեցինք և երբ Ադրբեջանը սկսեց այդ պատերազմը` միջազգային հանրության ողջ ուշադրությունը, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության, կենտրոնացած էր կորոնավիրուսի պանդեմիայի վրա: Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության և մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կկարողանանք կառավարել ու մեր տարածաշրջանային իրավիճակը պահել վերահսկողության ներքո: Սա շատ կարևոր է նաև գլոբալ անվտանգության համար: Ցանկանում եմ նշել, որ մենք ունենք նաև լավ նորություններ, քանի որ այժմ Հայաստանի տնտեսության մեջ առկա է շատ լավ դինամիկա: Այս տարի մենք նպատակադրվել ենք նվազագույնը ունենալ 7 տոկոս տնտեսական աճ: Եվ այդ համատեքստում, ցանկանում եմ ընդգծել, որ Եվրասիական տնտեսական միությունը մեր երկրի համար արդարացրել է իրեն այս կոնկրետ իրավիճակում ևս, քանի որ այն տնտեսական աճը, որն այժմ նկատվում է Հայաստանում, կապված է այն ազատությունների հետ, որոնք ապահովում է Եվրասիական տնտեսական միությունը: Նկատի ունեմ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ու մենք սա ուղիղ տեսնում ենք: Իհարկե, այստեղ պետք է աշխատել հաջորդ փուլի վրա, որպեսզի պահպանենք այդ դինամիկան, որ նման տնտեսական աճից հետո տնտեսական նոր ճգնաժամ չառաջանա: Քանի որ այստեղ արդեն քննարկվեց տարածաշրջաններին վերաբերող հարցը` պետք է պարզաբանել, թե ինչ կապ ունի Հայաստանը Հարավարևելյան ֆորումի և Հեռավոր Արևելքի հետ: Հայտնի է, որ ընթացիկ իրավիճակում լոգիստիկ սխեմաները փոխվում են, և եթե նայենք քարտեզին` կարող ենք տեսնել և նկատել, որ հնարավորություններ են բացվում նաև Հայաստանի համար: Ի հեճուկս ամենի՝ ապրանքների տեղափոխումը արևելքից արևմուտք և արևմուտքից արևելք չեն դադարի, և հյուսիսից հարավ ու հարավից հյուսիս նույնպես: Եթե նայենք քարտեզին, ակնհայտ է, որ Հայաստանը գտնվում է այդ ճանապարհների և ուղիների խաչմերուկում: Մենք կարծում ենք, որ իրապես կան հնարավորություններ, որոնք պետք է փորձել օգտագործել: Այժմ Հայաստանում իրականացնում ենք Հյուսիս-հարավ նախագիծը` դա նոր ավտոմոբոլիային ճանապարհի կառուցումն է, որը Իրանի հետ մեր հարավային սահմանը կապում է Վրաստանի հետ հյուսիսային սահմանին: Այստեղ նաև ի հայտ է գալիս նոր հնարավորություն: Գիտեք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, շնորհիվ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի անձնական ջանքերի, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարություն: Եվ այդ հայտարարության 9-րդ կետում խոսվում է տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին: Դրանից հետո` 2021 թվականի հունվարի 11-ին, այս անգամ Մոսկվայում, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել ենք եռակողմ հայտարարություն` ստեղծելու աշխատանքային խումբ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ, որը զբաղվում է մեր տարածաշրջանում` Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների բացման ուղղությամբ: Այս նախագծի գաղափարն այն է, որ Հայաստանը տրանսպորտային ուղիներ կստանա Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանը տրանսպորտային ուղիներ կստանա Հայաստանի տարածքով: Գլոբալ առումով, դա նոր միջազգային առևտրային ուղիների բացման հնարավորություն է: Պետք է ասեմ, որ մենք շահագրգիռ ենք դրանում և հույս ունենք` Ռուսաստանի աջակցությամբ մոտ ապագայում լուծել այդ հարցը: Այստեղ, իհարկե, ամեն ինչ որոշված չէ: Կա ոչ վատ առաջընթաց եռակողմ հանձնաժողովի աշխատանքում, բայց ամեն ինչ որոշված չէ, քանի որ պետք է լուծել իրավական բնույթի հարցեր, թե ինչպիսի իրավական կարգավորումներով պետք է գործեն այդ ճանապարհները: Ընդհանուր դիրքորոշումը հստակ է, որ բացվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների լիակատար սուվերենությամբ, որոնցով դրանք անցնում են: Եվ մենք հույս ունենք, որ այդ սկզբունքով կկարողանանք իրականացնել այդ նախագիծը, որը մենք անվանում ենք «Հայկական խաչմերուկ»: Հույս ունենք, որ Հայաստանի տարածքով կանցնեն հարավը հյուսիսին, արևմուտքը արևելքին կապող ճանապարհները: Կարծում եմ` այդ նախագիծը շատ կարևոր է ոչ միայն տարածաշրջանի երկրների` Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի համար, այլ նաև Ռուսաստանի Դաշնության, հեռավոր աևելյան երկրների, ընդհանրապես արևելյան երկրների, աֆրիկյան տարածաշրջանի համար, Մերձավոր Արևելքի համար նույնպես: Սա իրապես գլոբալ նախագիծ է, որը հույս ունենք իրականացնել: Գիտեք, որ սկսել ենք խոսակցություն Թուրքիայի հետ: Հույս ունենք` Ռուսաստանի աջակցությամբ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Ինտենսիվ խոսակցություն է գնում Ադրբեջանի հետ` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Այս համատեքստում նույնպես ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակից: ՌԴ-ն նաև շատ մոտ գործընկեր է Ադրբեջանի համար նույնպես, կարծում եմ՝ դա հնարավորություն է բացում: Ցանկանում եմ ընդգծել նաև ՌԴ դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ: Մեր տարածաշրջանում անվտանգային գլխավոր մտահոգություններն ինչո՞ւմ են կայանում: Սա մտահոգում է մեզ: Կան ուժեր, որոնք կարծում են` Ռուսաստանը, որը մեր տարածաշրջանում հանդիսանում է անվտանգության առանցքային գործոն, - համենայն դեպս նման ընկալում առկա է Հայաստանի Հանրապետությունում, դա հաստատվում է այն հարաբերություններով և պայմանագրերով, որոնք գործում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև, - ՌԴ-ն շատ է զբաղված ուկրաինական թեմայով, և դա կարելի է օգտագործել որպես հարմար առիթ` իրավիճակի ապակայունացման համար: Կարող է զվարճալի թվալ, սակայն կա իրավիճակ, երբ կան ուժեր, որոնք մեծ էներգիա են ծախսում, որպեսզի Հայաստանը Մոսկվայում ներկայացնեն որպես պրոարևմտյան կառավարությամբ պետություն, իսկ Եվրոպայում և Արևմուտքում Հայաստանը ներկայացնել որպես խիստ պրոռուսական, և դա օգտագործել որպես գործոն` տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման համար: Շատ ուրախ եմ, որ մենք այս հարցերի շուրջ գտնվում ենք սերտ երկխոսության մեջ մեր գործընկերների հետ` փորձելով պարզաբանել մեր դիրքորոշումները միջազգային օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ: Իհարկե, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ինչպես եղել, այնպես էլ մնում են ու պետք է լինեն դաշնակցային, ռազմավարական: Հույս ունենք, որ այդ գործոնը կլինի առանցքային մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության համար: Ցանկանում եմ իմ ելույթն ավարտել մի փոքր ոչ սովորական մտքով: Չեմ կարող ասել, որ համոզված եմ դրանում, բայց ունեմ տպավորություն, որ պետությունները, աշխարհի բոլոր կառավարություններն՝ առանց բացառության, ցանկանում են խաղաղություն և կայունություն: Խնդիրը նրանում է, որ յուրաքանչյուրն ունի իր պատկերացումը խաղաղության և կայունության մասին: Փաստացի, բոլոր պատերազմները, հակամարտությունները տեղի են ունենում ինչի՞ համար, ինչպիսի՞ նպատակ ունեն այդ հակամարտություններն ու պատերազմները: Վերջնական նպատակը խաղաղությունն է, քանի որ բոլորը պայքարում են խաղաղության համար, բոլորը ցանկանում են խաղաղություն, կայունություն, և գլխավոր խնդիրը դրանում է: Յուրաքանչյուրն ունի խաղաղության և կայունության իր պատկերացումը, և մեր նպատակն ու խնդիրն է, ցավոք, երբեմն անլուծելի խնդիր, ինչ-որ կերպ մոտեցնել մեր պատկերացումները: Գլխավոր խաղացողների համար, իհարկե, առավել դժվար է մոտեցնել պատկերացումները խաղաղության և կայունության բանաձևերի շուրջ, որոնց վրա պետք է հիմնվի խաղաղությունն ու կայունությունը: Վերջին տարիների շատ տարածված է այս ձևակերպումը` բազմաբևեռություն: Կարծես սրանում ևս կա շատ մոտ կոնսենսուս, բայց խնդիրը նրանում է, որ բազմաբևեռությունը ևս յուրաքանչյուրը հասկանում է յուրովի և այստեղ ևս պետք է փորձել մոտեցնել դիրքորոշումներն ու պոտենցիալ բազմաբևեռության պատկերացումները: Շնորհակալություն ուշադրության համար»: Այնուհետև վարչապետ Փաշինյանը պատասխանել է ֆորումը վարող լրագրող Իլյա Դորոնովի հարցերին: Հարց – Պարոն վարչապետ, Հայաստանն այն երկիրն է, որը գիտի ինչ է էներգետիկ ճգնաժամը, առևտրային ճգնաժամը: 1990-ական թվականներին այդ ամենը վերապրել եք որպես երկիր: Բայց այժմ ձեզ մոտ տեղի է ունենում Ռուսաստանի հետ ինտենսիվ հարաբերությունների ուժեղացում: Վերջին մի քանի շաբաթներին Դուք Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ շփվել եք մի քանի անգամ, եկել եք Վլադիվոստոկ` ֆորումին մասնակցելու, իսկ չե՞ք վախենում, որ կընկնեք պատժամիջոցների տակ: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կարծում եմ` վախենալը ոչ այնքան օգտակար դիրքորոշում է, պետք է աշխատել, ինչպես ասացի, կառավարել այն մարտահրավերները, որոնք ի հայտ են գալիս և փորձել ոչ միայն նկատել այն հնարավորությունները, որոնք բացվում են, այլ նաև աշխատել, որպեսզի նոր հնարավորություններ բացվեն: Իհարկե, մենք ևս մտահոգված ենք առևտրային, էներգետիկ անվտանգությամբ: Պետք է ասել, որ մեզ մոտ ևս մեծ գնաճ է և այն ուղիղ ազդում է մեր երկրի սոցիալական վիճակի վրա, բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը կառավարելի է: Խնդիր կա, բայց մենք չունենք ճգնաժամային իրավիճակ: Ցանկանում եմ ընդգծել, որ դա նաև Ռուսաստանի Դաշնության աջակցության շնորհիվ է: Հատկապես տարվա առաջին կիսամյակում բոլորն ունեին մեծ մտահոգություններ, և մենք ոչ միայն ԵԱՏՄ շրջանակում, այլ նաև երկկողմ ֆորմատով շատ ինտենսիվ շփվել ենք, բարձրացրել հարցեր: Պետք է ասեմ, որ տպավորված եմ այն օպերատիվությամբ, թե ինչպես են և՛ Վլադիմիր Վլադիմիրին, և՛ Միխայիլ Վլադիմիրին արձագանքում այն հարցերին և խնդրանքներին, որոնք բարձրացվել են հայկական կողմից: Սա շատ կարևոր գործընկերություն է: Ես վստահ չեմ, որ Հայաստանի բոլոր բնակիչները գիտեն այս նյուանսները, չնայած նրան, որ այդ մասին մշտապես խոսում ենք, բայց դա իսկապես շատ կարևոր է: Մենք հենց նոր խոսում էինք տարբեր ուղղություններով ցորենի տեղափոխման մասին, բայց պետք է ընդգծեմ, որ շնորհիվ այն որոշումների, որոնք ընդունվել են Ռուսաստանի նախագահի, կառավարության կողմից` մեզ հաջողվել է այդ մարտահրավերները կառավարել միասին: Մեզ համար միայնակ շատ դժվար կլիներ զբաղվել դրանով»: Այնուհետև ի պատասխան լրագրողի հարցի` Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դեպի Հայաստան ՌԴ քաղաքացիների հոսքին: «Բազմաթիվ մարդիկ պարզապես եկել են Հայաստան, քանի որ մարդկանց անհրաժեշտ է ստանալ աշխատավարձեր, որովհետև նրանք փաստացի գտնվելով Ռուսաստանում, աշխատում են Արևմուտքի հետ: Ֆինանսական փոխանցումների հետ կապված խնդիրների պատճառով նրանք այժմ տեղափոխվել են Հայաստան: Իմ ելույթում ես փորձեցի ներկայացնել մեր տեսակետը: Հույս ունեմ, որ դա Ռուսաստանում ընկալվում է որպես ԵԱՏՄ-ում տեղաշարժ, քանզի ԵԱՏՄ-ն հենց դրա համար էլ ստեղծվել է, որպեսզի տեղի ունենա ապրանքների, ծառայությունների, աշխատուժի, կապիտալի ազատ տեղաշարժ, ինչը և այժմ մենք տեսնում ենք իրականում: Վլադիմիր Վլադիմիրին այդ մասին ասաց, որ ինքը զգուշացրել է ապագա որոշ խնդիրների մասին, որոնք կարող են ի հայտ գալ այն գործարարների համար, որոնք աշխատում են Արևմուտքում, բայց կարծում եմ` Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է հենց այդպիսի իրավիճակների համար, որպեսզի մեր երկրների տնտեսությունները լինեն ավելի ճկուն: Արդարության համար պետք է ասել, որ հունվար-փետրվարին մեզ մոտ արդեն նկատվում էր տնտեսական բարձր աճ, բայց մարտին արդեն ի հայտ եկան խնդիրներ և մտահոգություններ: Իհարկե, մարդիկ, որոնք ժամանեցին Հայաստան, շատ լավ օգնեցին, և մենք շատ ուրախ ենք: Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ, քանի որ կան նաև ոլորտներ, որոնք կարելի է միասին զարգացնել: Այժմ ի հայտ է եկել ռուսական տարածաշրջանների` հայ գործընկերների հետ աշխատելու լավ դինամիկա: Դուք հարցրեցիք հնարավոր պատժամիջոցների մասին, ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հարցի վրա. եթե թեորեապես Հայաստանը հայտնվի պատժամիջոցների տակ` դա ձեռնտու չի լինի Ռուսաստանին: Ի՞նչ ենք առաջարկում. մենք առաջարկում ենք համագործակցել գրագետ և օգտագործել այն հնարավորությունները, որոնք այժմ բացվել են և նկատել նաև այն մարտահրավերները, որոնք ոչ միայն առնչվում են Ռուսաստանին, այլ նաև ԵԱՏՄ-ին, մեր համագործակցությանը, որպեսզի կառավարենք և ինչ-որ կերպ չեզոքացնենք այդ մարտահրավերները: Այնպես որ, մենք շատ ուրախ ենք ՌԴ այն քաղաքացիների համար, որոնք ժամանել են Հայաստան: Երբ այս տարվա առաջին կիսամյակում քննարկում էինք` մեր ռուս գործընկերների ուշադրությունը հրավիրեցի հետևյալի վրա: Եթե նրանք տեղափոխվում են Հայաստան` նրանք մնում են Եվրասիական տնտեսական միությունում և հնարավորությունը, որ կվերադառնան Ռուսաստան՝ Հայաստանից մի քանի անգամ ավելի է, քան այն, որ նրանք աշխատեն Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում: Նախկինում շատ ռուս զբոսաշրջիկներ արձակուրդներին ժամանում էին Հայաստան, այժմ արձակուրդին ժամանում են Ռուսաստան: Ներկայումս մենք մեծ խնդիր ունենք անշարժ գույքի հետ, քանի որ Հայաստանում անշարժ գույքի գները բարձրանում են, վարձով բնակարնների գները ևս աճում են: Դա խնդիր է, բայց այն ստեղծում է նոր հնարավորություններ: Եթե չեմ սխալվում, այս տարի արդեն շինարարության ոլորտում ունենք 13 տոկոս աճ: Ռուսական բիզնեսը ևս հետաքրքրված է ներդրումներ իրականացնելու այդ ոլորտում: Հնարավոր տնտեսական խնդիրների համատեքստում շատ կարևոր է՝ չնայած նրան, որ մենք շատ սերտորեն համագործակցում ենք ՌԴ-ի հետ, միջազգային վարկանիշային գործակալությունները վերահաստատում են Հայաստանի Հանրապետության բարձր վարկանիշը: Ռուսաստանցի գործարարների ուշադրությունն եմ ցանկանում հրավիրել, որ Հայաստանը հիանալի առաջխաղացում է արձանագրում ազատ տնտեսություն ունեցող պետությունների վարկանիշային աղյուսակում, և այս համատեքստում, մենք ունենք նոր հավակնություններ և հույս ունենք, որ համաշխարհային մասշտաբով վարկանիշային աղյուսակում կհայտնվենք լավագույն տասնյակում: Ունենք շատ լավ հնարավորություններ, որպեսզի Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը լինի էլ ավելի բարձր մակարդակի, չնայած նրան, որ Ռուսաստանը մշտապես, վերջին 30 տարիների ընթացքում եղել է Հայաստանի թիվ մեկ առևտրատնտեսական գործընկերը: Շատ կարևոր է, որ այժմ հնարավորություն է ստեղծվել փոխել նաև տնտեսական համագործակցության որակը»:  
16:44 - 07 սեպտեմբերի, 2022
Փորձ է արվել ԵԱՏՄ անդամ պետությունից ներմուծել բժշկական ձեռնոցներ և դիմակներ՝ շուկայականից մի քանի անգամ ցածր գնով

Փորձ է արվել ԵԱՏՄ անդամ պետությունից ներմուծել բժշկական ձեռնոցներ և դիմակներ՝ շուկայականից մի քանի անգամ ցածր գնով

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում, բացահայտել է ԵԱՏՄ անդամ պետությունից ՀՀ տեղափոխվող ապրանքների գների բազմակի անգամ պակաս թերհայտարարագրման դեպք: Մասնավորապես, օրերս ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ հայր և որդի Մարգարյանների կողմից նախատեսվում է «Մեդեկս գրուպ» ՍՊԸ-ի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից Հայաստանի տարածք ներմուծել 2 բեռնատար բժշկական ձեռնոցներ և դիմակներ` շուկայականից մի քանի անգամ ցածր գնով:  Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով մշակվել և ձեռնարկվել են բազմակողմանի, մեծածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում վարչության աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո տվյալ բեռնատարները մուտք են գործել Բագրատաշենի սահմանային անցակետ և ուղեկցվել մաքսային պահեստ: Ապրանքների փաստացի հետազոտման արդյունքում պարզվել է, որ ներմուծված ապրանքների իրական արժեքը կազմում է շուրջ 460 հազար ԱՄՆ դոլար, մինչդեռ ընկերության կողմից ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելով ներմուծման փաստաթղթերում, հայտարարագրվել է շուրջ 87 հազար ԱՄՆ դոլար:  Ձեռք բերված նյութերը, այդ թվում՝ նշված նախնական հաշվարկն ուղարկվել է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն, որտեղ առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Նախաքննություն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան, որի որոշմամբ բեռնատարները խուզարկվել են, իսկ ներմուծված ապրանքներն ամբողջությամբ առգրավվել:Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից կատարված նախնական հաշվարկի համաձայն՝ ընկերության կողմից պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին՝  ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից ՀՀ տարածք տեղափոխվող ապրանքների ձեռքբերման փաստաթղթերում (ինվոյսներում) ապրանքների ձեռքբերման գները նշել իրականությանը համապատասխան` հետագա հարկային հսկողությունից և ավելի խիստ վարչարարությունից խուսափելու համար, ինչպես նաև առաջնորդվել օրենքի գերակայության սկզբունքով և պահպանել հարկային օրենսդրության պահանջները:Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։  
13:12 - 31 օգոստոսի, 2022
ԵԱՏՄ երկրները քննարկում են Ստրատեգիական նախաձեռնությունների եվրասիական գործակալության ստեղծման հարցը

 |armenpress.am|

ԵԱՏՄ երկրները քննարկում են Ստրատեգիական նախաձեռնությունների եվրասիական գործակալության ստեղծման հարցը |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) քննարկվում է Ստրատեգիական նախաձեռնությունների եվրասիական գործակալության ստեղծման գաղափարը: Այդ հարցը քննարկել են Միության պետությունների տնտեսական գերատեսչությունների ղեկավարաները եւ ներկայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵԱՏՀ)՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հարթակներում: Այդ մասին հաղորդվում է ԵԱՏՀ-ի տելեգրամ-ալիքում: ԵԱՏՀ-ի ինտեգրացման եւ մակրոէկոնոմիկայի նախարար Սերգեյ Գլազեւը, որի խոսքը բերված է հաղորդագրության մեջ, ճշտել է, որ առաջարկվում է չստեղծել նոր ինստիտուտ, այլ աշխատանքը կառուցել ստրատեգիական պլանավորման ազգային գործակալությունների կոնսորցիումի հիման վրա: «Այդ կոնսորցիումի գործունեության նպատակը կարող է դառնալ ընդհանուր մեթոդաբանության մշակումը ներդրումային նախագծերի գնահատման համար, ներդրումային գրավչության բարձացման եւ ներդրումային նախագծերի պատրաստման վերաբերյալ»,- ասել է Գլազեւը: Նշվում է, որ հետագայում ստացված փորձի հիման վրա հնարավոր է զարգացման ինստիտուտի ստեղծում՝ մշակված սկզբունքների եւ մոտեցումների օգտագործմամբ: Կողմերը համաձայնվել են շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ եւ ԵԱՏՀ-ին առաջարկել են մշակել Ստրատեգիական նախաձեռնությունների եվրասիական գործակալության ստեղծման հայեցակարգ եւ համաձայնագրի նախագիծ: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կայացել է Ղրղզստանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:50 - 29 օգոստոսի, 2022
ՀՀ-ն մեծ նշանակություն է տալիս ԵԱՏՄ ներսում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը և պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու համար. Փաշինյան

ՀՀ-ն մեծ նշանակություն է տալիս ԵԱՏՄ ներսում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը և պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու համար. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Մինչ նիստի մեկնարկը` ԵԱՏՄ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարները մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմավորման 10-ամյակին նվիրված նամականիշերի թողարկման արարողությանը: Վարչապետ Փաշինյանը ընդլայնված կազմով նիստին հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ, նիստի հարգելի մասնակիցներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ղրղզստանցի գործընկերներին և անձամբ Ակիլբեկ Ժապարովին ավանդական ջերմ հյուրընկալության և այսօրվա միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Անկեղծորեն ողջունում եմ Եվրասիական տնտեսական միության անդամ և դիտորդ երկրների կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաև այսօրվա հանդիպման մասնակիցներին և հյուրերին։ Անկասկած, միջկառավարական խորհրդի նիստը լավ հնարավորություն է մի շարք առանցքային հարցերի շուրջ մտքերի փոխանակումը շարունակելու և համաշխարհային տնտեսության՝ վերջին ամիսներին աննախադեպ մասշտաբներ և խորություն ստացած մարտահրավերները նվազագույնի հասցնելու նպատակով փոխընդունելի լուծումներ մշակելու համար: Չնայած համաշխարհային տնտեսական փոխակերպումներին և ֆինանսական համակարգերի զգալի ցնցումներին, եվրասիական ինտեգրացիայի առավելությունների շնորհիվ առևտրատնտեսական հարաբերություններում որոշակի դրական միտում է նկատվում: Այս համատեքստում նշեմ, որ 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունն ապահովել է ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճ։ Այդ ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 52,5 տոկոսով և կազմել 1,7 մլրդ ԱՄՆ դոլար, ընդ որում՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտահանումն աճել է 48,9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 54,2 տոկոսով։ Նշեմ, որ փոխադարձ առևտրում արտահանման աճի տեմպերն ավելի բարձր են, քան հայկական արտադրանքի արտահանման աճի տեմպերը երրորդ երկրներ։ Վստահ եմ, որ հետագա համագործակցությունը ոչ պակաս արդյունավետ կլինի, այդ թվում՝ նոր նախաձեռնությունների իրականացման շնորհիվ: Եվս մեկ հարց կա, որի վրա կցանկանայի իմ գործընկերների ուշադրությունը հրավիրել։ Վերջին ամիսներին Միության արտաքին առևտրի կառուցվածքի փոփոխությունների պատճառով մաքսատուրքերի բաշխման հարցում զգալի շեղումներ են եղել։ Ելնելով դրանից՝ անհրաժեշտ ենք համարում առաջիկայում վերադառնալ բաժնեմասերի բաշխման միասնական մեթոդաբանության հաստատման հարցի քննարկմանը։ Հարգելի գործընկերներ, որպես երեկ՝ նեղ կազմով հանդիպմանը սկսված օրակարգային առանցքային հարցերի քննարկման շարունակություն, կցանկանայի կանգ առնել մեր Միության համար արդիական որոշ ասպեկտների վրա։ Նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս Միության ներսում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը և պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու համար։ Ապրանքների և ծառայությունների ամբողջական միասնական շուկայի հասնելու տեսանկյունից կարևոր ենք համարում տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտում ինտեգրացիան։ Ճիշտ մոտեցման դեպքում տրանսպորտային-լոգիստիկ ոլորտը կարող է ԵԱՏՄ-ի զարգացման հիմնական շարժիչներից մեկը և միավորման համար մրցակցային առավելություն դառնալ՝ ստեղծելով տարանցիկ փոխադրումների բարենպաստ կազմակերպչական և տնտեսական պայմաններ։ ԵԱՏՄ-ի տրանսպորտային-լոգիստիկ համալիրի կառուցման համար անհրաժեշտ է համաժամանակացնել տնտեսական քաղաքականությունն ազգային և վերազգային մակարդակներում և ապահովել ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի նախագծման ու շահագործման մոտեցումների ընդհանրությունը: Այս համատեքստում, ցանկանում եմ առանձնահատուկ նշել Եվրասիական զարգացման բանկի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ ակտիվ համագործակցությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ կոոպերացիոն էֆեկտով ինտեգրացիոն նախագծերի խթանման հարցում։ Նոր կոոպերատիվ շղթաների ստեղծումն ու ֆինանսական ինստիտուտների գործիքակազմի օգտագործումն արդյունավետ խթան կծառայեն արդյունաբերական կոոպերացիայի զարգացման համար։ Առաջադրված խնդիրների լուծման ոչ պակաս կարևոր գործոն է թվայնացման առավելությունների օգտագործումը, որն իր հերթին ամուր հիմք է ստեղծում անդամ երկրների՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում արդյունավետ ինտեգրման և փոխգործակցության համար։ Համաշխարհային փորձը հստակ ցույց է տվել, թե որքան նշանակալի կարող է լինել դրա ներդրման տնտեսական ազդեցությունը։ Տնտեսության և առևտրի ոլորտում թվային տեխնոլոգիաների առաջխաղացումը կխթանի առկա խոչընդոտների նվազագույնի հասցնելը և նույնիսկ ամբողջական վերացումը, ինչն իր հերթին կբարձրացնի տնտեսական կապերի արդյունավետությունը և կկրճատի ծախսերը առևտրում և կոոպերացիոն շղթաներում։ Մեկ այլ կարևոր ոլորտ եմ համարում էլեկտրոնային առևտրի զարգացումը։ ԵԱՏՄ երկրների համար էլեկտրոնային առևտրի ոլորտում պետական կարգավորումն ու վերահսկողությունը գնալով ավելի արդիական են դառնում՝ թելադրելով հարկային վարչարարության լավագույն միջազգային փորձին համապատասխան հարկային մեխանիզմների ապահովմամբ հուսալի վերահսկողության համակարգի կառուցման անհրաժեշտությունը։ Հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ անհրաժեշտ է համատեղ ջանքերով օպերատիվ շարժվել էլեկտրոնային առևտրի նորմատիվ-իրավական միջավայրի բարելավման ուղղությամբ։ Ակնհայտ է, որ տնտեսական աճի բարձրացմանն ուղղված միջոցառումները կապված են կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության ոլորտների մի շարք խնդիրների լուծման հետ, և այս կապակցությամբ առաջնային է դառնում ԵԱՏՄ երկրների միջև տնտեսական բաղադրիչը սոցիալական և հումանիտար նախագծերով ամրապնդելու անհրաժեշտությունը։ Այս տեսանկյունից մենք ողջունում ենք ԱՊՀ և ԵԱՏՄ առաջին երիտասարդական ֆորումի անցկացումը։ Հուսով ենք, որ երիտասարդների հետ աշխատանքը հաստատապես կմտնի մեր կազմակերպության օրակարգ, իսկ ֆորումը կդառնա երիտասարդ մասնագետներին ինտեգրացիոն գործընթացների զարգացման ներկա փուլում որոշումների կայացման գործընթացներում ներգրավելու արդիական ձևաչափ: Համոզված եմ, որ ֆորումի այսօրվա մասնակիցներից դուրս կգան նոր առաջնորդներ, որոնք կձևավորեն մեր երկրների պետական քաղաքականությունը։ Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ, վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ համատեղ աշխատանքի համար։ Հայկական կողմը ևս մեկ անգամ հաստատում է իր պատրաստակամությունը՝ համագործակցելու մեր ընդհանուր օրակարգի առաջմղման գործում՝ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու նպատակով։ Շնորհակալություն ուշադրության համար»։ Նիստի ընթացքում քննարկվել են Միության շրջանակում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը, արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորմանը, տրանսպորտային ինտեգրացիոն նախագծերի զարգացմանը, ալկոհոլային շուկայի կարգավորումներին և էլեկտրոնային առևտրի հարկային վարչարարության առանձին ասպեկտներին վերաբերող հարցեր:  Նիստի ընթացքում որոշում է կայացվել Եվրասիական միջկառավարակն խորհրդի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին` Երևանում:
11:07 - 26 օգոստոսի, 2022
Անհրաժեշտ է կենտրոնանալ՝ փորձելով պահպանել ԵԱՏՄ երկրների միջև առկա առևտրաշրջանառության տեմպը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահի հետ հանդիպմանը

Անհրաժեշտ է կենտրոնանալ՝ փորձելով պահպանել ԵԱՏՄ երկրների միջև առկա առևտրաշրջանառության տեմպը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահի հետ հանդիպմանը

Աշխատանքային այցով Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին մասնակցող կառավարությունների ղեկավարները հանդիպել են Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Պատվիրակությյունների ղեկավարներին դիմավորել է Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և նրանց ուղեկցել հանդիպման սրահ: Ղրղզստանի նախագահը ողջունել է կառավարությունների ղեկավարներին և հույս հայտնել, որ Չոլպոն-Ատայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցնի արդյունավետ` ի նպաստ հետագա համագործակցության զարգացման: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ղրղզստանի նախագահին ջերմ ընդունելության համար և նշել. «Սպասվում է կարևոր նիստ, ունենք մեծ և հագեցած օրակարգ` կարևոր հարցերի շուրջ: Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հանգել կոնկրետ որոշումների և հնարավորինս քիչ աշխատանք թողնել Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին: Կարող եմ նշել, որ Եվրասիական տնտեսական տարածքում բացասական կանխատեսումներն իրականություն չդարձան, հակառակը` հաստատվեց իրավիճակի մեր ընկալումը, քանի որ մենք հստակ ֆիքսել էինք, որ պանդեմիայից հետո ստեղծված իրավիճակը, իհարկե, իր հետ բերում է նոր մարտահրավերներ, սակայն նաև ստեղծում է նոր հնարավորություններ:Ուրախ եմ, որ մենք կենտրոնացել ենք այդ օրակարգի վրա, որի նպատակն է` կառավարել մարտահրավերները և օգտագործել այն հնարավորությունները, որոնք ստեղծվում են: Երբ նայում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում առևտրաշրջանառության թվերին` տեսնում ենք, որ կան աճի մեծ ցուցանիշներ` համեմատ 2021 թվականի հետ: Իհարկե, սա պետք է արձանագրել, բայց չպետք է հանգստանալ, քանի որ դժվար ժամանակները, ցավոք, չեն ավարտվել: Անհրաժեշտ է կենտրոնանալ` փորձելով պահպանել ԵԱՏՄ երկրների միջև առկա առևտրաշրջանառության տեմպը: Վստահ եմ, որ արդյունավետ կաշխատենք և ընդունվելիք որոշումներն օգտակար կլինեն մեր քաղաքացիներին, երկրներին և Միությանը»:
17:31 - 25 օգոստոսի, 2022
ԵԱՏՄ-ում կարող է ստեղծվել Երիտասարդական նախաձեռնությունների աջակցության եվրասիական հիմնադրամ

 |armenpress.am|

ԵԱՏՄ-ում կարող է ստեղծվել Երիտասարդական նախաձեռնությունների աջակցության եվրասիական հիմնադրամ |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միությունում կարող է ստեղծվել Երիտասարդական նախաձեռնությունների աջակցության եվրասիական հիմնադրամ: Այս մասին տեղեկացնում են ԵԱՏՄ մամուլի ծառայությունից։ Նման առաջարկ է հնչեցրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի «Ապագա» երիտասարդական համաժողովի բացմանը, որն ընթանում է «Ռուխ Օրդո» մշակութային կենտրոնում, Ղազախստանի Հանրապետության Չոլպոն-Ատա քաղաքում: «Կարծում եմ, որ հիմնադրամը կարող էր ունենալ տարածաշրջանային բաժանմունքներ և անհատույց մատուցել խորհրդատվական, կրթական և այլ ծառայություններ, կազմակերպչական և իրավական աջակցություն ցուցաբերել երիտասարդական ինտեգրացիոն նախագծերին», - նշել է Միխայիլ Մյասնիկովիչը: Միջոցառմանը մասնակցել է նաև Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ, վարչապետ Ակիլբեկ Ժապարովը: Ողջույնի խոսքում Ղրղզստանի կառավարության ղեկավարը նշել է, որ ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի երիտասարդական օրակարգը եվրասիական ինտեգրման նոր վեկտորներից մեկն է: «Կրթությունն ու հասարակական նախագծերը, հատկապես միջազգային տնտեսության, ռոբոտաշինության և ՏՏ ոլորտում, հսկայական հնարավորություններ են ստեղծում ստեղծարար երիտասարդների համար։ ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական օրակարգը եվրասիական ինտեգրման նոր, կարևոր ուղղություններից է։ Այդ ուղղության հետագա դիվերսիֆիկացումը թույլ կտա ընդլայնել մեր երիտասարդության շփումների աշխարհագրությունը այլ պետությունների, ինտեգրացիոն տարածաշրջանային միավորումների հետ ՝ Հարավային Ամերիկայից մինչև Հարավարևելյան Ասիա», - ասել է Ակիլբեկ Ժապարովը: ԵՏՀ խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հիշեցրել է, որ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղության համաձայն, որը հաստատվել է պետությունների ղեկավարների կողմից, նախատեսված է եվրասիական ինտեգրման գործընթացներում հանրության լայն ներգրավում: Ընդ որում, մինչև 30 տարեկան երիտասարդները իրենց արժանի տեղն են գտնում Միության սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր խնդիրների լուծման գործում: «Հաղորդակցության ուղիների ստեղծման համար մենք նախատեսում ենք ԵՏՀ –ում ստեղծել «մեկ պատուհան»՝ երիտասարդների դիմումների օպերատիվ քննարկման, երիտասարդ ձեռներեցներին, երիտասարդ մասնագետներին, ուսանողներին աջակցելու համար», - ընդգծել է ԵՏՀ խորհրդի նախագահը: Նրա խոսքով՝ հանձնաժողովը ձգտում է երիտասարդության համար աշխատանքային լրացուցիչ հնարավորություններ ստեղծել։ Անցյալ տարի գործարկվել է «աշխատանք առանց սահմանների» միասնական համակարգը։ Այսօր բազայում կա ավելի քան 500 հազար թափուր աշխատատեղ։ «Երիտասարդությանը մեծ դեր է հատկացվում Եվրասիական տնտեսական միության զարգացման հետագա ուղղությունների մշակման գործում։ Եվ դա ճիշտ է։ Մասնակցելով միութենական շինարարությանը՝ դուք ձեզ համար կենսապայմաններ եք ստեղծում, - ամփոփել է Միխայիլ Մյասնիկովիչը։
17:05 - 25 օգոստոսի, 2022
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական վերաապահովագրական ընկերություն հիմնադրմանը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական վերաապահովագրական ընկերություն հիմնադրմանը

ՀՀ կառավարության օգոստոսի 18-ի նիստի ընթացքում գործադիրը հավանություն տվեց «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ ընկերությունը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվում է Եվրասիական տնտեսական միության փոխադարձ և արտաքին առևտրի խթանման, համատեղ կոոպերացիոն նախագծերի և ներդրումների իրագործման նպատակով՝ լրացնելով անդամ պետությունների արտահանման-վարկային գործակալությունների գործառույթները վերազգային մակարդակում։ Ընկերության հիմնադրման նպատակն է աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների  միջև փոխադարձ առևտրի խթանմանը, համատեղ համագործակցության նախագծերի և ներդրումների իրագործմանը, ներդրումների ծավալների մեծացմանը, տնտեսական ինտեգրման զարգացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը և երրորդ երկրների հետ միության առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը՝ ԵԱՏՄ ու երրորդ երկրներում ձեռնարկատիրական և (կամ) քաղաքական ռիսկերից արտահանման վարկերի, արտահանմանն ուղղված ֆինանսավորման և ներդրումների վերաապահովագրման ոլորտում գործունեություն իրականացնելու միջոցով։ Ընկերությունն իրականացնում է միջազգային ֆինանսատնտեսական համագործակցության, այդ թվում՝ մասնակից պետությունների արտահանման վարկային գործակալությունների, միջազգային ֆինանսական և բանկային կազմակերպությունների ու միությունների համագործակցության ամրապնդմանն ուղղված գործունեություն՝ նոր մասնակիցների համար դրան միանալու բաց սկզբունքի համաձայն։ Ընկերությունը միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող միջազգային կազմակերպություն է, որն ունի միջազգային իրավունակություն և իր իրավասության շրջանակներում միջազգային համաձայնագրեր կնքելու իրավունք։ Ընկերության կանոնադրությամբ սահմանում են մի շարք գործառույթներ: Մասնավորապես, ընկերությունը կհամագործակցի մասնակից պետությունների և երրորդ երկրների արտահանման վարկային գործակալությունների, ապահովագրողների և վերաապահովագրողների հետ՝ արտահանման վարկերի, արտահանմանն ուղղված ֆինանսավորման և ներդրումների վերաապահովագրության ու ապահովման գործառույթների իրականացման նպատակով, մասնակից պետություններում ռիսկերի վերաապահովագրման դեպքում կաջակցի ռիսկերի գնահատման իրականացման, ռիսկերի նվազեցման և վնասների կարգավորման գործընթացին, կիրականացնի սեփական արժեթղթերի թողարկումը, տեղաբաշխումը, շրջանառությունը, մարումը և հետգնումը:
16:38 - 18 օգոստոսի, 2022
ԵԱՏՄ-ն անցնում է ինտեգրացիոն ներուժի բացահայտման փուլ՝ ի շահ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման և կայուն տնտեսական աճի. վարչապետ

ԵԱՏՄ-ն անցնում է ինտեգրացիոն ներուժի բացահայտման փուլ՝ ի շահ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման և կայուն տնտեսական աճի. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Նախ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն դիմավորել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին, այնուհետև տեղի է ունեցել տեսալուսանկարահանման արարողությունը: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ, Նիստի հարգելի մասնակիցներ, Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել բելառուսական կողմին և անձամբ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման և, իհարկե, ջերմ ընդունելության ու ավանդական հյուրակալության համար։ Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում նախագահող կողմին և անձամբ Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի ղեկավար Ակիլբեկ Ժապարովին՝ քննարկվող հարցերի թեմաների մշակմանն ուղղված ջանքերի համար։ Անկեղծորեն ողջունում եմ Եվրասիական տնտեսական միության անդամ և դիտորդ երկրների ներկայացուցիչներին։ Եվրասիական տնտեսական միությունն աստիճանաբար ավարտում է կայացման փուլը և անցնում է իր ինտեգրացիոն ներուժի բացահայտման փուլ՝ ի շահ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման, մեր պետությունների կայուն տնտեսական աճի, մրցունակության ամրապնդման և միջազգային ասպարեզում իր տնտեսական շահերի արդյունավետ առաջմղման։ Հաշվի առնելով նոր իրողությունները՝ ավելանում է մեր գործողությունների սերտ համակարգումը մեծացնելու անհրաժեշտությունը՝ որպես անդամ պետությունների՝ համաշխարհային տնտեսության ժամանակակից պայմաններին հարմարվելու հիմք: Ժամանակակից տնտեսական մարտահրավերների համատեքստում կարևորագույն խնդիրներից մեկը մնում է մեր երկրների պարենային անվտանգության ապահովումը։ Ներկայումս, օբյեկտիվ պատճառներով, գյուղատնտեսական ընդհանուր շուկայում որոշակի տեսակների գյուղատնտեսական ապրանքների մատակարարման սահմանափակումներ են առաջանում, ինչը կարող է բացասաբար ազդել մեր երկրներում գյուղատնտեսության կայուն գործունեության և, ընդհանրապես, Միության պարենային ապահովության վրա։ Այս առումով, կարծում եմ, որ Միության անդամ երկրները պետք է առաջին հերթին կոլեկտիվ հիմունքներով հակազդեն ռիսկերին՝ օգտագործելով համախմբված և փոխընդունելի լուծումներ մշակելու ներուժը՝ նվազագույնի հասցնելով պարենային ապրանքների պակասուրդի հավանականությունը։ Հանդիպման հարգելի մասնակիցներ, Որպես երեկ սկսված մեր օրակարգային առանցքային հարցերի քննարկման շարունակություն՝ կցանկանայի կանգ առնել Միության համար արդիական որոշ ասպեկտների վրա։ Մեր պետությունների համար Միության շրջանակներում համագործակցությունն առաջնահերթ ուղղություն է, որը թույլ է տալիս ուժեղացնել ավանդական համագործակցությունը և ստեղծել նոր գործընկերային հարաբերություններ՝ միավորման տնտեսական ներուժն իրացնելու նպատակով։ Այս համատեքստում, Միության միասնական շուկայի գործունեության նպատակով, կարևոր եմ համարում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը, արտահանման և ներմուծման նոր լոգիստիկ շղթաների ձևավորումը, ներմուծման փոխարինման զարգացումը և բիզնեսի գործունեության պայմանների հետագա բարելավումը։ Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ բիզնեսի առջև ծառացած խոչընդոտների զգալի մասը ծագում է գործունեության միասնական, կոորդինացված, համաձայնեցված կանոնների բացակայության պատճառով։ Միայն կառուցողական երկխոսության, բաց լինելու և թափանցիկության պատրաստակամությունը կարող է օգնել այս հարցում դրական դինամիկայի պահպանմանը։ Կարևոր եմ համարում նաև ալկոհոլային խմիչքների շուկայի հարցի կարգավորումը։ Միասնական նպատակների և սկզբունքների, ընդհանուր կարգավորող միջոցառումների հաստատումը կարող է նպաստել ընդհանուր շուկայի ստեղծմանը` առանց փոխադարձ առևտրում խտրական սահմանափակումների և բացառումների: Հայաստանի համար սա առաջնահերթ ուղղություն է և ունի արտահանման լայն հնարավորություններ։ Գործընկերներ, Մեր աչքի առաջ տեղի է ունենում համաշխարհային տնտեսության թվային վերափոխում։ Առանց առաջադեմ թվային գործիքների և տեխնոլոգիաների տիրապետման՝ դժվար է մրցակցել համաշխարհային ասպարեզում։ Միության թվային օրակարգի ձևավորման պահից ի վեր արդեն մեկնարկել են մի շարք լայնածավալ նախագծեր, որոնց շնորհիվ մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունները դարձել են ավելի պարզ և թափանցիկ՝ դրանց արդյունավետությունը գնահատելու տեսանկյունից։ Կարևոր եմ համարում նավիգացիոն կնիքների միջոցով բեռնափոխադրումներին հետևելու համակարգի ձևավորումը, էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև քննարկումը անդրսահմանային էլեկտրոնային առևտրի, որի աճը մեզ համար նոր մարտահրավերներ է ստեղծում և պահանջում է արտադրանքի անվտանգության, սպառողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև հարկերի և մաքսային մուտքերի ամբողջականության ապահովման հետ կապված խնդիրների արդյունավետ լուծում։ Հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ երկրների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը՝ գործընթացների թվայնացումը կխնայի Հայաստանի ժամանակն ու նյութական ռեսուրսները։ Լոգիստիկան թվային լուծումներ պահանջող ևս մեկ ոլորտ է: Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել անդամ պետությունների՝ տրանսպորտային ենթակառուցվածքների, բազմամոդուլ լոգիստիկ կենտրոնների և եվրասիական տրանսպորտային միջանցքների ստեղծման և զարգացման վերաբերյալ համակարգման և փոխգործակցության համաձայնեցված առաջարկների մշակման կարևորությունը: Հայկական կողմը մեծապես կարևորում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ երկխոսության և համագործակցության զարգացումը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարական նախաձեռնության իրականացման գործում։ Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ, Վերջում կնշեմ, որ չնայած օբյեկտիվ դժվարություններին, որոնք առաջանում են փոխզիջումների հասնելու ճանապարհին, մենք շարունակում ենք շարժվել դեպի արդյունավետ միավորման կառուցումը, որը հաջողությամբ կգործի այսօրվա դժվարին իրողություններում։ Շնորհակալություն արդյունավետ աշխատանքի և կառուցողական քննարկման համար»: Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել և ընդունել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև թվային օրակարգի շրջանակում համագործակցությանը: Նիստում ընդունված որոշմամբ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին հանձնարարվել է ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների հետ միասին ապահովել, մասնավորապես, ցորենի, գարու, եգիպտացորենի, արևածաղկի սերմերի, շաքարավազի և այլ ապրանքների վերաբերյալ ինդիկատիվ հաշվեկշիռների պատրաստումը: Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը շնորհանդեսով ներկայացրել է թվայնացման գործընթացի ուղղությամբ առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերն ու քայլերը: Նիստում ստորագրվել են համաձայնեցված փաստաթղթերն ու արձանագրությունները: Որոշում է կայացվել Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել օգոստոսի վերջին` Ղրղզստանում: Նիստից հետո կառավարությունների ղեկավարներն այցելել են Մինսկի «Հաղթանակի» հրապարակ` ծաղկեպսակներ դրել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված հուշարձանի մոտ` հարգանքի տուրք մատուցելով բոլոր զոհերի հիշատակին:
15:37 - 21 հունիսի, 2022
ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են զարգացնել եվրասիական տրանսպորտային երթուղիները

ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են զարգացնել եվրասիական տրանսպորտային երթուղիները

Եվրասիական տնտեսական միության մասնակիցները պատրաստ են ակտիվացնել աշխատանքը՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների զարգացման ուղղությամբ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո։ «Որոշում է կաացվել, որն ուղղված է տրանսպորտային ենթակառուցվածքների, այդ թվում՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների զարգացմանն ուղղությամբ աշխատանքների ակտիվացմանը», - ասել է Մյասնիկովիչը։ Նրա խոսքով, մասնավորապես, առաջարկ կա «Հայաստանում Հարավային երկաթուղի կառուցելու, վերակառուցելու Մ-1 ավտոմոբիլային ճանապարհը՝ Եվրոպա-Արևմտյան Չինաստան ավտոմոբիլային երթուղու զարգացման համար, որի մի ճյուղը նաև Բելառուս կտանի, կառուցելու Եվրոպա-Արևմտյան Չինաստան և Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղիները»։   Նորա Վանյան
15:28 - 21 հունիսի, 2022
ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի հիմնական համաձայնագրի կնքումը բանակցային փուլում է. Քերոբյան

 |armenpress.am|

ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի հիմնական համաձայնագրի կնքումը բանակցային փուլում է. Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: 2021 թվականին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 2.74 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 20.7 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը:   Նրա խոսքով՝ արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2021 թվականին կազմել է 888.8 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 25.2 տոկոսով, իսկ ներմուծումը կազմել է 1.85 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 18.6 տոկոսով: «Ներդրումները 2021 թվականին ՀՀ տնտեսության իրական հատվածում ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 32.4 միլիարդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար աճելով 111.8 միլիարդ դրամով: Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը ԵԱՏՄ երկրներից կազմել է 40.1 միլիարդ դրամ, ինչը 2020 թվականի նկատմամբ աճել է 99.7 միլիարդ դրամով»,-ասաց Քերոբյանը՝ հավելելով, որ ներդրումները կատարվել են հիմնականում Ռուսաստանից 32.4 միլիարդ դրամ՝ հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտում, և Բելառուսից 6.9 միլիոն դրամ՝ մեծածախ առևտրի ոլորտում: Անդրադառնալով սակագնային կարգավորման ոլորտին, Քերոբյանն ասաց, որ 2021 թվականին Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից ընդունվել է սակագնային կարգավորման 18 որոշում: Վահան Քերոբյանն ասաց, որ ՀՀ առևտրաշրջանառությունը Իրանի հետ 2021 թվականին կազմել է 502.8 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 25.2 տոկոսով: «Իրականում առևտրաշրջանառության աճի տեմպը էապես ավելի բարձր էր: Այն զգալիորեն վնասվել է անցած տարվա աշնանը բեռնափոխադրումների առումով առաջացած խնդիրների պատճառով: Գորիս -Կապան ճանապարհի մի հատված մեր հսկողությունից դուրս մնաց, դրա պատճառով ապրանքաշրջանառության հետ կապված լուրջ խնդիրներ առաջացան»,-ասաց նա: Նախարարի խոսքով՝ 2021 թվականին ՀՀ առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ աճել է 30.7տոկոսով, Սերբիայի հետ 20.6 տոկոսով: «Այժմ տարբեր բանակցային փուլերում են գտնվում ԵԱՏՄ անդամ երկրների և Իսրայելի , Եգիպտոսի, Հնդկաստանի, և նաև ԵԱՏՄ երկրների և Իրանի արդեն ոչ ժամանակավոր, այլ հիմնական ազատ առևտրի համաձայնագրի կնքումը»,-հավելեց նա:
18:55 - 06 հունիսի, 2022
ԵԱՏՄ երկրները պետք է օպերատիվ կերպով հարմարվեն արագ փոփոխվող արտաքին և ներքին պայմաններին. Նիկոլ Փաշինյան

ԵԱՏՄ երկրները պետք է օպերատիվ կերպով հարմարվեն արագ փոփոխվող արտաքին և ներքին պայմաններին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակապի միջոցով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ- Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: ԵԱՏՄ-ում որպես դիտորդ պետություններ՝ ելույթներով հանդես են եկել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսը: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, Նիկոլ  Փաշինյանն իր ելույթում նախ շնորհակալություն է հայտնել ղրղզական կողմին՝ այսօրվա հանդիպումը կազմակերպելու և քննարկման թեմաների լայն շրջանակ մշակելու ուղղությամբ ջանքերի համար։ Ողջունելով ԵԱՏՄ անդամ և դիտորդ երկրների ղեկավարներին՝ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է. «Մենք անցկացնում ենք Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի այս տարվա առաջին նիստը, ինչի կապակցությամբ ցանկանում եմ բոլորիս հաջողություն մաղթել համատեղ արդյունավետ աշխատանքի շարունակման գործում։ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրումից հետո անցել է ընդամենը 8 տարի, սակայն ԵԱՏՄ-ն արդեն ամենադինամիկ զարգացող ինտեգրացիոն միավորումներից է, ինչի մասին են վկայում նաև «Ռազմավարություն-2025»-ի իրականացման արդյունքները։ Այնուամենայնիվ, մեր երկրները պետք է օպերատիվ կերպով հարմարվեն արագ փոփոխվող արտաքին և ներքին պայմաններին։ Կարծում եմ, որ մենք արդեն պետք է ուրվագծենք 2025 թվականից հետո ռազմավարական փուլում մեր Միության զարգացման հորիզոնները՝ հաշվի առնելով ձևավորվող աշխարհակարգը։ Անհրաժեշտ է ավելի լայն հայացք նետել ինտեգրացիոն նախագծին, դնել ու իրականացնել հավակնոտ նպատակներ, յուրացնել համագործակցության նոր ոլորտներ ու ոլորտներ։ Հարգելի գործընկերներ, որպես ժամանակի պահանջներին և մարտահրավերներին հարմարվելու գործիք՝ մենք կարևորում ենք ԵԱՏՄ անդամ-պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղեցույցների հետևողական իրականացումը, որտեղ սահմանվում են մեր երկրների տնտեսությունների առջև ծառացած կարևորագույն խնդիրները։ Ցանկանում եմ նշել Հանձնաժողովի՝ ԵԱՏՄ անդամ երկրների հետ համատեղ կատարած մեծ աշխատանքը ներքին շուկայում խոչընդոտները վերացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում չի կարելի անտեսել դրանց առաջացման բուն պատճառները, քանի որ դրանք հիմնականում կրում են տնտեսական բնույթ։ Համոզված եմ, որ մեր տնտեսությունները զարգացնելուն և երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու նպատակով արդյունաբերական համագործակցության ուղղված համակարգված գործողությունները կդառնան ներքին շուկայում խոչընդոտների զգալի կրճատման բանալին։ Արդյունաբերական համագործակցության ակտիվացումը, համատեղ ձեռնարկությունների ու նորարարական նախագծերի զարգացումն ու իրականացումը, ինչպես նաև գիտատեխնիկական համագործակցությունը թույլ կտան կապել «գիտական հայտնագործություններ» - «արդյունաբերական ոլորտ» շղթան։ Հարկ է նաև արձանագրել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջանցիկ զարգացումը, թվայնացումը մեր երկրների լիազոր մարմինների և տնտեսվարող սուբյեկտների միջև փոխգործակցության ժամանակակից ձևերի զարգացման կարևորագույն պայմաններն են։ Իսկ վստահությունը փոխգործակցության ընթացքում՝ այն հիմքն է, որի միջոցով մենք կարող ենք ապահովել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը: Միևնույն ժամանակ, մենք պետք է հասկանանք, որ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման և թվայնացման արդի պայմաններում ցանկացած քայլ կարող է իրականացվել միայն տեղեկատվական անվտանգության պատշաճ մակարդակի առկայությամբ։ Հարկ է նշել նաև համաշխարհային տնտեսության՝ վերջին ամիսներին աննախադեպ ծավալներ և խորություն ստացած մարտահրավերների ռիսկերը նվազագույնի հասցնելու մեխանիզմների մշակման կարևորությունը։ Մեր կարծիքով, նպատակահարմար է մտածել պիլոտային նախագծերի և համատեղ միջոցառումների մշակման մասին, որոնք ուղղված կլինեն առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը և կոոպերացիոն փոխգործակցության ամրապնդմանը։ Միևնույն ժամանակ, անդամ-պետությունների կայուն տնտեսական աճ ապահովելու համար անհրաժեշտ է ինտեգրացիոն գործընթացների զարգացման արդիական հարցերի շուրջ մշտապես համագործակցել գործարար համայնքի հետ։ Բիզնեսի շահերը հաշվի առնելու և առաջ մղելու, ծրագրերի իրականացմանը գործարար համայնքի մասնակցության ընդլայնման տեսակետից ցանկանում եմ առանձնացնել երեկ տեղի ունեցած Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում իրականացված աշխատանքը։ Փորձագիտական քննարկումներն արդյունավետ գործիք են ներկա իրավիճակի համապարփակ գնահատման և դրա հիման վրա մեր միավորման կայուն զարգացմանն ուղղված գործնական միջոցառումներ մշակելու համար: Գործընկերներ, միջազգային համագործակցության համատեքստում արդիական է թվում երրորդ երկրների գործընկերների հետ շփումների ձևավորումը և փոխգործակցության կոնկրետ շղթաների կառուցումը: Կարող եմ վստահորեն նշել, որ տարիների ընթացքում Միությունը զգալիորեն ընդլայնել է միջազգային համագործակցության հորիզոնները։ Կարևոր եմ համարում հերթական անգամ ուշադրություն հրավիրել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև լիարժեք ազատ առևտրի համաձայնագրի շուտափույթ կնքման հարցում Հայաստանի շահագրգռվածության վրա։ Թեհրանի հետ ժամանակավոր համաձայնագրի գործունեության փորձը հստակ ցույց է տալիս իրանական շուկայի գրավչությունը և համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Այսօր մենք նաև նախատեսում ենք Ինդոնեզիայի Հանրապետության հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը տալ։ Կարևոր է այսուհետ ևս շարունակել հագեցնել միջազգային օրակարգը, որպեսզի և՛ Միության երկրները, և՛ մեր գործընկերները տեսնեն փոխշահավետ համագործակցության շոշափելի արդյունքներ։ Հանդիպման հարգելի մասնակիցներ, Եզրափակելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ համատեղ աշխատանքի համար և ևս մեկ անգամ հաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու յուրաքանչյուր անդամ-պետության և միավորման շահերին համապատասխանող համատեղ որոշումների մշակմանն ու ընդունմանն ուղղված ջանքեր գործադրել։ Շնորհակալություն ուշադրության համար»։ Խորհրդի նիստում անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ միջազգային գործունեությանը, Միության շրջանակում տարբեր ոլորտների շուկաներում փոխգործակցության դյուրացմանն ու հետևողական պարզեցմանը, ինչպես նաև նախորդ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցերի:
17:02 - 27 մայիսի, 2022