ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու նպատակով պետական բյուջե է վճարվել 290 մլն դրամ գումար

Պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու նպատակով պետական բյուջե է վճարվել 290 մլն դրամ գումար

Պարզվել են կառուցապատողի կողմից, հարկերից խուսափելու նպատակով, ձեռնարկատիրական իրական եկամուտները թաքցնելու, կառուցվող շենքից անշարժ գույք գնելու պայմանագրում փաստացի ստացած գումարից գույքի ցածր արժեքով գին սահմանելու միջոցով կատարված խաբեության դեպքի էական հանգամանքներ։    Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ կառուցապատող ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանները և ավտոկայանատեղիները փաստացի օտարվել են համապատասխան պայմանագրերում արտացոլված գումարից ավելի բարձր արժեքով: Անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է ընկերության վաճառքի գծով տնօրենը: ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, այդ թվում` խուզարկությունների արդյունքում պարզվել է, որ կառուցապատող ընկերության համապատասխան ղեկավար անձանց կողմից 2023 թվականի ընթացքում բազմաբնակարան շենքից օտարվել է 88 բնակարան և 19 ավտոկայանատեղի` «Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրեր» կնքելու միջոցով: Առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու և այդ միջոցով շահույթ ստանալու նպատակով՝ համապատասխան ղեկավար անձանց կողմից ուղղակի դիտավորությամբ թաքցվել են հարկման օբյեկտ հանդիսացող՝ հարկի հաշվարկման և վճարման պարտավորություն առաջացնող  ձեռնարկատիրական իրական եկամուտները և դրսևորվել է խաբեություն։ Մասնավորապես, վերոնշյալ պայմանագրերում ներառվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ ու  գնման իրավունքի և անշարժ գույքի ընդհանուր գինն արտացոլվել է տվյալ գույքի դիմաց փաստացի ստացած գումարից ավելի ցածր արժեքով։ Դրա հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` 290.612.819 ՀՀ դրամի վնաս: Նախաքննությամբ ձեռք բերված հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա կառուցապատող ընկերության վաճառքի գծով տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու նպատակով պետական բյուջե վճարվել է 290.613.000 ՀՀ դրամ գումար: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:38 - 03 նոյեմբերի, 2023
Հայ-իրանական սահմանին նոր անցակետ կկառուցվի․ ՊԵԿ նախագահ
 |civilnet.am|

Հայ-իրանական սահմանին նոր անցակետ կկառուցվի․ ՊԵԿ նախագահ |civilnet.am|

civilnet.am: Մեղրիի անցակետի գործող շենք շինություններն ամբողջությամբ քանդվելու են, զրոյից կառուցվելու է նոր անցակետ։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ «Մեզ համար ամոթալի է, որ մինչև հիմա մեր երկրի հարավային դարպասի շենք-շինություններն այդ վիճակում են գնվում։ Մենք դա շատ վաղուց պետք է արած և ավարտած լինեինք»,- ասաց նա։ Բադասյանի խոսքով՝ նոր անցակետը համապատասխանելու է միջազգային լավագույն ստանդարտներին։ Կառուցվող մաքսակետում ներառվելու են նաև բարեփոխումները՝ ուղիների տարանջատում, ավելի արագ ու հարմարավետ կետի անցում, արդյունավետ մաքսային հսկողություն և այլն։ Հոկտեմբերի 23-ին Երևանում Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը հայտարարել էր, որ Հայաստանն ու Իրանը քննարկել են հայ-իրանական սահմանին նոր կամուրջ կառուցելու հեռանկարը։ Նրա կարծիքով՝ Հայաստանի ու Իրանի միջև գործող կամուրջն արդեն բավարար չէ ապահովելու աճող ապրանքաշրջանառության ծավալները։ Իրանցի նախարարը նշել է, որ հայկական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ այդ առթիվ աշխատանքային խումբ ձևավորելու համար։ Նույն օրը Հայաստանն իրանական ընկերությունների հետ ստորագրել էր «Հյուսիս-հարավի» Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության պայմանագիրը։ Տրանշ 4-ի՝ Քաջարան-Ագարակ վերակառուցման գործող ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ՝ Ագարակ (Իրանի սահման)-Վարդանիձոր-նախատեսվող Քաջարանի թունելի ելք հատվածը։ Նախատեսվում է կառուցել թվով 5 նոր փոխհատում, 6 նոր Էստակադա, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2023 թվականի վերջին և ավարտել երեք տարվա ընթացքում։
15:17 - 31 հոկտեմբերի, 2023
ՊԵԿ-ը կտեղափոխվի Աշտարակի խճուղում գտնվող ՊՆ-ի նախկին շենք. 1.5 մլրդ դրամ կծախսվի
 |armeniasputnik.am|

ՊԵԿ-ը կտեղափոխվի Աշտարակի խճուղում գտնվող ՊՆ-ի նախկին շենք. 1.5 մլրդ դրամ կծախսվի |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի շենքը Երևանի Խորենացի հասցեում գտնվող հասցեից կտեղափոխվի Աշտարակի խճուղում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության նախկին շենք։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց կոմիտեի ղեկավար Ռուստամ Բադասյանը: Բադասյանը նշեց, որ այդ նպատակով 2024 թ. 1.5 մլրդ դրամի ծախս է նախատեսված։ «Մենք Խորենացի հասցեում գտնվող շենքը հանձնելու ենք պետական գույքի կառավարման կոմիտեին, և ՊԵԿ-ը կտեղափոխվի Աշտարակի խճուղում առկա շենք, որպեսզի և՛ վարչական շենքն այնտեղ տեղակայվի, և՛ հարևանությամբ գործի Երևանի արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոնը»,- ընդգծեց նա։ ՊԵԿ նախագահի ԱՏԳ կենտրոնը, ըստ նրա, բիզնես գործունեության դյուրացման համար կարևոր բարեփոխումներից մեկն է, և հենց դա է նաև հնարավորություն տալիս, որ ՊԵԿ վարչական շենքը տեղափոխվի Աշտարակի խճուղում գտնվող տարածք։ Հիշեցնենք, որ 2023 թ. ապրիլի 15-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը տրամադրել ՊԵԿ-ին։ ՊԵԿ-ը դիմել էր պատկան մարմիններին ու բողոքել, որ ինչ-որ մարդիկ ինքնակամ եկել ու ապրում են այդ շենքում: ՊՆ նախկին այդ շենքում մի քանի տարի շարունակ բնակություն էին հաստատել քաղաքացիներ, որոնք չէին ցանկանում դուրս գալ շենքից ու բողոքի ակցիաներ էին անցկացրել։
13:43 - 31 հոկտեմբերի, 2023
Օգոստոսին միկրոբիզնեսում շուրջ 2000 աշխատատեղ կորել է. ՊԵԿ-ը վարչարարություն է սկսել
 |1lurer.am|

Օգոստոսին միկրոբիզնեսում շուրջ 2000 աշխատատեղ կորել է. ՊԵԿ-ը վարչարարություն է սկսել |1lurer.am|

1lurer.am: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ կանոնների փոփոխությունից հետո՝ օգոստոսին, միկրոձեռնարկատիրության դաշտում գործող բիզնեսներում շուրջ 2000 աշխատատեղ կորել է: Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի դիտարկմանը, որը վերաբերում է միկրոբիզնեսի դաշտում նկատվող բացասական երևույթներին: Ռուստամ Բադասյանը նախ տեղեկացրեց, որ չեն վերացել պատգամավորի մատնանշած չարաշահումների դեպքերը, ապա հավելեց, որ քանի դեռ կան հարկման հատուկ համակարգեր, միշտ ունենալու ենք չարաշահման դեպքեր: «Բայց ֆինանսների նախարարության օրենսդրական փոփոխության արդյունքում հուլիսի 1-ից միկրոյի դաշտում արդեն պետք է եկամտային հարկի դրույքաչափն ընդհանուր լիներ: Եվ հուլիս ամսվա արդյունքներով օգոստոսին նկատեցինք, որ միկրոյում շուրջ 2000 աշխատատեղ կորել է: Այսինքն՝ ոչ թե 2000 աշխատող սկսել են ընդհանուր դրույքաչափով գործել և հարկերը վճարել, այլ ուղղակի աշխատանքից ազատել են, կամ ցույց են տալիս, որ ազատել են: Իհարկե, անմիջապես սկսել ենք վարչարարություն այդ 2000 աշխատատեղը հայտնաբերելու համար»,- ասաց Բադասյանը:
13:20 - 31 հոկտեմբերի, 2023
ՊԵԿ-ը բացահայտել է առանց հաշվարկային փաստաթղթերի մրգի և բանջարեղենի վաճառքի դեպքեր

ՊԵԿ-ը բացահայտել է առանց հաշվարկային փաստաթղթերի մրգի և բանջարեղենի վաճառքի դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը մշտական հսկողություն է իրականացնում 3-րդ երկրներից միրգ-բանջարեղենի ներմուծմամբ և մեծածախ վաճառքով զբաղվող տնտեսավարողների նկատմամբ։ ՊԵԿ լրատվականի հաղորդմամբ՝ ձեռնարկված միջոցառումների ընթացքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ մի խումբ հարկ վճարողներ ՀՀ տարածք ներմուծված միրգ-բանջարեղենն իրացնում են առանց հաշվարկային փաստաթղթերի կամ  դուրս են գրում ոչ իրական արժեքներով հաշվարկային փաստաթղթեր։ «Այսպես` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու կողմից հիմնադրվել է «Սիամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Ներմուծվել է շուրջ 1900 տոննա միրգ, որն ըստ ձեռքբերված տեղեկությունների, ամբողջությամբ իրացվել է, սակայն հարկային հաշվարկներում չի արտացոլվել։  Կատարված նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս։ Հանցանք կատարած լինելու անմիջականորոն ծագած հիմնավոր կասկածի հիմքով՝ ընկերության տնօրենը Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ դեպքի առթիվ  նախաձեռնվել է քերական վարույթ։ Քրեական վարույթով նախաքննության շրջանակում ընկերության տնօրենը տվել է խոստովանական ցուցմունք, ներկայացրել է հարկային հաշվարկները և վերականգնել է պատճառված վնասի մի մասը, իսկ մյուս մասը պարտավորվել է վերականգնել սեղմ ժամկետում։ Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը ճշտելու և վերականգնելու ուղղությամբ։ Պետական եկամուտների կոմիտեն միրգ-բանջարեղենի մեծածախ առևտրով զբաղվող տնտեսավարողներին հորդորում է հարկային մարմին ներկայացված հաշվարկներում չխեղաթյուրել միրգ-բանջարեղենի ձեռքբերման և իրացման իրական գներն ու քանակները, ձեռնպահ մնալ մեծածախ եղանակով ապրանքների իրացումները հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով և գների թերհայտարարագրմամբ ձևակերպելուց, ինչպես նաև արհեստականորեն ձևավորված ավելացված արժեքի հարկի դեբետները հետ ստանալուց»,- նշված է հաղորդագրությունում։
11:11 - 30 հոկտեմբերի, 2023
Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ՀՀ ՊԵԿ Բագրատաշենի մաքսակետի պաշտոնատար անձինք

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ՀՀ ՊԵԿ Բագրատաշենի մաքսակետի պաշտոնատար անձինք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի գլխավոր մաքսային տեսուչները «Ինտերտրանս» ՍՊ ընկերության կողմից ներմուծված ապրանքները համապատասխան ստուգման չենթարկելու և խախտումը չարձանագրելու համար կաշառք են ստացել: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ «Ինտերտրանս» ՍՊԸ-ի կողմից ներմուծված հագուստի քաշի և տեսակի հետ կապված՝ մաքսակետում առաջացած խնդիրները իրենց օգտին լուծելու, ներկրված բեռը չստուգելու, հայտնաբերված խախտումը չարձանագրելու համար ՍՊԸ տնօրեն Ա. Մ.-ն հիշյալ ընկերության համար բեռներ տեղափոխող ավտոտրանսպորտային միջոցի վարորդ Ա. Վ.-ին դրդել է կաշառք տալ «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Վ. Մ.-ին: Վերջինս, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով «Ինտերտրանս» ՍՊ ընկերության, ինչպես նաև վարորդ Ա. Վ.-ի օգտին ապօրինի անգործություն դրսևորելու՝ ներմուծված ապրանքների փաստացի քաշը փաստաթղթերին չհամապատասխանելու պայմաններում համապատասխան ստուգման չենթարկելու և խախտումը չարձանագրելու համար, 2023 թվականի օգոստոսի 15-ին ստացել է 76.200 ՀՀ դրամին համարժեք 20.000 ՌԴ ռուբլի գումար կաշառք: Բացի դրանից՝ նախաքննությամբ պարզվել է, որ «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի մեկ այլ պաշտոնատար անձ՝ գլխավոր մաքսային տեսուչ Հ. Ք.-ն, վերը նշված նույն ընկերության և վարորդ Ա. Վ.-ի օգտին ապօրինի անգործություն դրսևորելու՝ առանց համապատասխան վերահսկողության ՀՀ ներմուծված ապրանքների բացթողման համար, 2023 թվականի հուլիսի 13-ին վերջինից որպես կաշառք պահանջել է 60.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով «Iqos» անհատական էլեկտրական գոլորշիացնող սարք: «Ինտերտրանս» ՍՊ ընկերության տնօրեն Ա. Մ.-ն, վարորդ Ա. Վ.-ն և երկու մաքսային տեսուչները ձերբակալվել են:  Ա. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Ա. Վ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Գլխավոր մաքսային տեսուչներ Վ. Մ.-ին և Հ. Ք.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վ. Մ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես համակցված խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, գրավը և պաշտոնավարման կասեցումը, իսկ Հ. Ք.-ի նկատմամբ՝ տնային կալանքը: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:36 - 26 հոկտեմբերի, 2023
ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար եկամտահարկի վերադարձի ծրագրի վերաբերյալ

ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար եկամտահարկի վերադարձի ծրագրի վերաբերյալ

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն մանրամասներ է ներկայացրել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար եկամտահարկի վերադարձի ծրագրի վերաբերյալ։ Ներկայացնում ենք ՊԵԿ-ի ներկայացրած տեղեկատվությունը․ «Հիփոթեքային վարկերի տոկոսները վերադարձվում են վճարված եկամտային հարկի գումարների չափով, բայց ոչ ավել, քան յուրաքանչյուր եռամսյակի համար 1.5 միլիոն դրամը /ՀՀ հարկային օրենսգիրք, 160-րդ հոդված/։ Տարիների ընթացքում նվազում է հիփոթեքային վարկերի վճարվող տոկոսների գումարների չափը և ավելանում է մայր գումարների չափը։  Եթե ֆիզիկական անձը չի հանդիսանում կամ դադարում է հանդիսանալ վարձու աշխատող, ապա համապատասխանաբար չի օգտվում կամ դադարում է օգտվել եկամտային հարկի վերադարձման համակարգից: Եկամտային հարկը չի վերադարձվում՝   2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Կառավարության որոշմամբ սահմանված շինությունների տարածագնահատման Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված առաջին գոտում: 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով՝ երկրորդ գոտում։ 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով՝ երրորդ գոտում։ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձ չի գործելու Երևանի տարածքում։ Նշված սահմանափակումները չեն կիրառվում մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընդունված որոշումներով ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուցվող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ, ինչպես նաև մինչև վերոնշյալ փոփոխությունն ստացված հիփոթեքային վարկերի շրջանակում եկամտային հարկի գումարների հետագա վերադարձի նկատմամբ: Պետական եկամուտների կոմիտեի կողմից եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հայտի հաստատումից հետո, անհրաժեշտ է գրանցվել  «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» և ուղարկել էլեկտրոնային դիմումն ընդհանուր սահմանված կարգով: Վարկառուն էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումից բացի հարկային մարմին այլ փաստաթղթեր չի ներկայացնում, բացառությամբ ֆիզիկական անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում: Տվյալ դեպքում,  մինչ էլեկտրոնային եղանակով դիմումն ուղարկելը, թղթային եղանակով հարկային մարմին ներկայացվում է հաշվետու եռամսյակի ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների և դրանցից հաշվարկված ու ՀՀ պետբյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված և գործատուի կողմից հաստատված տեղեկանք»:  
17:25 - 24 հոկտեմբերի, 2023
Լարսի անցակետում դեպի Ռուսաստան ուղղությամբ մեքենաների հերթեր գրեթե չկան. ՊԵԿ նախագահի տեղակալ |armenpress.am|

Լարսի անցակետում դեպի Ռուսաստան ուղղությամբ մեքենաների հերթեր գրեթե չկան. ՊԵԿ նախագահի տեղակալ |armenpress.am|

armenpress.am: Վերին Լարսի անցակետում դեպի Ռուսաստան գնացող ուղղությամբ հայկական բեռնատարների հերթեր գրեթե չկան, Ռուսաստանից դուրս եկող ուղղությամբ որոշակի հերթեր առաջանում են: ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը: Մուրադյանը վստահեցրեց, որ ՊԵԿ-ն ամենօրյա ռեժիմով, նույնիսկ օրական մի քանի անգամ իր հսկողության ներքո է պահում Վերին Լարսում իրավիճակը՝ գիտակցելով դրա կարևորությունը: Ըստ նրա՝ վերջին 1 ամսվա ընթացքում 2 անգամ է եղել, որ եղանակային պայմաններով պայմանավորված՝ բեռնատար մեքենաների համար որոշակիորեն սահմանափակվել է Վերին Լարսի անցակետով անցման հնարավորությունը, ինչը, սակայն, տևել է ժամեր: «Հայաստանից դեպի Ռուսաստան գնացող մեքենաների համար հերթերը գրեթե բացակայում են: Մեր մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանից դուրս գալուց հետո 1-2, մաքսիմում 3 օրվա ընթացքում անցնում են անցակետը»,-ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը: Մուրադյանը հիշեցրեց, որ դեռ նախորդ տարի Ռուսաստանի գործընկերներն անցակետից մի քանի կմ հեռավորության վրա առանձին տարածք էին նախատեսել, որտեղ ԵԱՏՄ ապրանքների, այս դեպքում Հայաստանից գնացող ապրանքների ու տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացնում էին առանձնացված մաքսային հսկողություն: «Դա նպաստում էր մեր մեքենաների և ապրանքների նկատմամբ ավելի արագ, արտոնյալ մաքսազերծման գործընթացին: Վերջին տարվա ընթացքում այդ տարածքում տեղադրվել է 2-3 մաքսազերծման սարք, որ էլ ավելի արագ իրականացվի»,-նշեց Մուրադյանը: Ինչ վերաբերում է Ռուսաստանից դեպի Վրաստան, Հայաստան եկող բեռներին, ապա ՊԵԿ նախագահի տեղակալն ասաց. «Որոշակի հերթեր առաջանում են՝ տրանսպորտային միջոցների մեծ քանակի պատճառով: Երկու հանգամանք են ազդում դրա վրա: Մեկը վրացական կողմում իրականացվող շինարարական աշխատանքներն են: Մենք մեր վրացի գործընկերների հետ ակտիվ աշխատում ենք, և իրենք, կախված ծանրաբեռնվածությունից, կարող են ուղղությունները փոխել՝ երեք ուղի դուրս, մեկ ուղի ներս կամ հակառակը: Այնուամենայնիվ, որոշակի փոքր հերթեր առաջանում են: Մյուս հանգամանքն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունում ընդունվել են արտահանման որոշակի սահմանափակումներ: Մաքսային օրենսգիրքն ասում է՝ եթե կան արտահանման որոշակի սահմանափակումներ, դրանց նկատմամբ հսկողությունը պետք է իրականացվի այն արտահանողի մաքսային կետում, որտեղից արտահանվում է: Սա ևս երբեմն առաջացնում է նման հարցեր»: Սակայն Մուրադյանը հավաստիացրեց, որ Ռուսաստանի գործընկերների հետ ևս ակտիվ աշխատել են, հարկ վճարողներին էլ դրա մասին տեղեկացրել են, որ խոչընդոտներ չառաջանան:
13:42 - 23 հոկտեմբերի, 2023
Բացահայտվել է հատուկ սխեմայի միջոցով պետական բյուջեից ԱԱՀ-ի գումարներ հափշտակելու դեպք

Բացահայտվել է հատուկ սխեմայի միջոցով պետական բյուջեից ԱԱՀ-ի գումարներ հափշտակելու դեպք

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հայտնել է հատուկ սխեմայի միջոցով պետական բյուջեից ավելացված արժեքի հարկի գումարներ հափշտակելու դեպք բացահայտելու մասին։ Այս մասին Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել։ «Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ  են ստացվել, այն մասին, որ  առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրական մտադրության` պետական գրանցում է ստացել մի կազմակերպություն, որի նպատակն է եղել արհեստականորեն ստեղծել ավելացված արժեքի հարկի գումարներ՝ դրանք պետական բյուջեից հափշտակելու նպատակով: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության, ինչպես նաև Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից մշակվել և իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ստացված տվյալների իսկությունը ստուգելու նպատակով: Պարզվել է, որ 2023 թվականի հուլիսին պետական գրանցում ստացած «ԷՔՍՊՈՐՏ ԳՐՈՒՊ 1» ՍՊԸ-ն, իր հանցավոր մտադրությունը քողարկելու նպատակով, արհեստականորեն ստեղծել է պայմաններ, ինչպես նաև հարկային մարմնին տեղեկացրել է՝ իբրև թե Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Գործարանային  հասցեում զբաղվում է հակակոռոզիոն պատրաստուկների արտադրությամբ։ Պարզվել է նաև, որ հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով՝ այսպես կոչված հակակոռոզիոն պատրաստուկներն ընկերության կողմից երկու դեպքով արտահանվել են Ռուսաստանի Դաշնություն։ Մինչդեռ, ըստ օպերատիվ տվյալների, արտահանվող արպրանքը չէր հանդիսացել հակակոռոզիոն նյութ, նման արտադրություն ընկերության կողմից իրականում չէր կազմակերպվել, արտահանման գործընթացը նպատակ է հետապնդել հափշտակել ձեռք բերված 1․171․085 լիտր ավտոմոբիլային վառելիքի հարկային հաշիվներում արտացոլված ավելացված արժեքի հարկը։ Ենթադրյալ հակակոռոզիոն պատրաստուկների արտահանման ընթացքում Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից իրականացվել են նմուշառումներ: Նշանակվել է փորձաքննություն, որի եզրակացությամբ հաստատվել են նախկինում ստացված օպերատիվ տեղեկություններն առ այն, որ արտահանվող ապրանքը չի հանդիսանում հակակորոզիոն պատրաստուկ, այլ իրենից ներկայացնում է շահագործված շարժիչային յուղ։ Հետազոտման արդյունքում պարզվել է, որ հիշյալ հասցեում, հակակոռոզիոն պատրաստուկների  արտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ սարքավորումներ ևս առկա չեն եղել։ Միջոցառումների ընթացքում ձեռք բերված անհերքելի փաստական տվյալների և հանգամանքների առկայության պայմաններում «ԷՔՍՊՈՐՏ ԳՐՈՒՊ 1» ՍՊԸ-ի տնօրեն Կ․ Կ․-ն Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում խոստովանել է, որ իրականում չի զբաղվել հակակոռոզիոն պատրաստուկների արտադրությամբ ու դրանց արտահանմամբ և պարտավորվել է վերականգնել պետությանը պատճառված վնասը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից պետական բյուջեից 75 մլն դրամ ավելացված արժեքի հարկ հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է ընկերության տնօրեն Կ․Կ․-ն։ Միաժամանակ, ձեռք բերված տեղեկություններով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտե: Նախաձեռնվել է  քրեական վարույթ, որի  արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասի ամբողջ գումարը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները և քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում են, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբող­ջական շրջանակը, ինչպես նաև «ԷՔՍՊՈՐՏ ԳՐՈՒՊ 1» ՍՊԸ-ի կողմից վառելիքի ձեռքբերումների՝ դրանց ուղեկցող փաստաթղթերի արժանահավատությունը պարզելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
12:20 - 17 հոկտեմբերի, 2023
ՀՀ ՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել են. ԱՊՀ մաքսային ծառայողների հանդիպում Տաջիկստանում

ՀՀ ՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել են. ԱՊՀ մաքսային ծառայողների հանդիպում Տաջիկստանում

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, մասնակցել է Տաջիկստանի Հանրապետությունում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 77-րդ նիստին, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի մաքսային մարմինների պատվիրակությունները՝ մարմինների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև ներկայացուցիչներ՝ ԱՊՀ Գործադիր կոմիտեից և ԵՏՀ հանձնաժողովից։ Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից: «Նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել է 12 որոշում, այդ թվում՝ մաքսային մարմինների կողմից տրանսպորտային և առևտրային փաստաթղթերի նշագրմանը, ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծմանը, մաքսային հայտարարագրման առանձնահատկություններին, փոխադրումների հետագծելիության նպատակով նավիգացիոն կապարակնիքների կիրառմանն առնչվող մի շարք հարցեր։ Հաստատվել է նաև խորհրդի 2024 թվականի աշխատանքային ծրագիրը։ ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի գործունեությանը ակտիվ մասնակցության համար ՀՀ ՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել են  «ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների իրավապահպան ստորաբաժանումների համագործակցության զարգացման համար» կրծքանշաններով:  Որոշում է կայացվել ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2024 թվականի առաջին կիսամյակում՝ Ուզբեկստանի Հանրապետությունում»,- նշված է հաղորդագրությունում: 
12:31 - 13 հոկտեմբերի, 2023
2023թ․ հոկտեմբերի 15-ից ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորումը կիրականացվի ԵԱՏՄ կարգավորումներով

2023թ․ հոկտեմբերի 15-ից ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորումը կիրականացվի ԵԱՏՄ կարգավորումներով

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2023 թվականի «Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները հաստատելու մասին»  թիվ  1699-Ն որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հոկ­տեմբերի 15-ից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող` ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ալկոհոլային ապրանքների դրոշմավորումը կիրականացվի՝ Եվրասիական տնտե­սական հանձնաժողովի խորհրդի կողմից 2021 թվականի մարտի 5-ին հաստատ­ված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմա­կերպչա­կան մոդելի համաձայն։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորմանը զուգահեռ շարունակվելու է նաև ակցիզային դրոշմավորումը։ Միաժամանակ, կոմիտեն հիշեցնում է, որ ՀԴՄ կիրառողները, հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում, ՀԴՄ-ի միջոցով կամ ՀԴՄ-ին միացված ծրագրային և (կամ) տեխնիկական միջոցներով պետք է ապահովեն այդ հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան։ Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում այդ ապրանքների վրա առկա հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնի միասնական շտեմարան չփոխանցելը՝ դիտվում է ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։
13:39 - 09 հոկտեմբերի, 2023
ՊԵԿ-ը՝ ՌԴ-ում հոկտեմբերի 1-ից որոշ իրավակարգավորումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

ՊԵԿ-ը՝ ՌԴ-ում հոկտեմբերի 1-ից որոշ իրավակարգավորումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից որոշ իրավակարգավորումներում կատարվել են փոփոխություններ (վերաբերում են Հայաստանի, Բելոռուսի, Ղազախստանի և Ղրղզստանի Հանրապետություններից տարբերվող երկրների ապրանքների արտահանման մաքսատուրքերին), որոնց արդյունքում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 304-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով Ռուսաստանի Դաշնությունից ցամաքային տրանսպորտով Հայաստանի Հանրապետություն այդ ապրանքները տեղափոխելու դեպքում դրանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման գործառնությունները (այդ թվում` տարանցման հայտարարագրի գրանցումը) ենթակա են իրականացման ապրանքներն ուղարկող սուբյեկտի (այլ կերպ ասած ապրանքները վաճառողի) գտնվելու վայրը սպասարկող մաքսային մարմնում, այսինքն` 2023 թվականի հոկտեմբերի 1-ից այդ ապրանքների մաքսային գործառնությունները (տարանցման հայտարարագրի գրանցումը) այլևս չեն կարող իրականացվել Ռուսաստանի Դաշնությունից ելքի սահմանային մաքսային կետերում (այդ թվում` Վերին Լարսի մաքսային կետում), ինչպես մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը տեղի էր ունենում:  «Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ վերը նշված ապրանքների համար տարանցման հայտարագրերը ենթակա են ներկայացման  ապրանքներն ուղարկող սուբյեկտի գտնվելու վայրի մաքսային մարմին, քանի որ նշված մաքսային գործառնության իրականացումը Ռուսաստանի Դաշնության սահմանային կետերում (այդ թվում՝ Վերին Լարսի անցումային կետում)  Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմինները չեն իրականացնելու: Ապրանքների ամբողջական ցանկը բերված է հետևյալ հղումով`  http://publication.pravo.gov.ru/document/0001202309210020»,- ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։
19:47 - 04 հոկտեմբերի, 2023
ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ծխախոտի խոշոր չափաքանակի տեղափոխումը

ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ծխախոտի խոշոր չափաքանակի տեղափոխումը

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը շարունակում է անզիջում պայքարն Իրանի Իսլամական Հանրապետությունից  ծխախոտների անօրինական ներմուծման դեմ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ Նշվում է, որ օրերս բացահայտվել է հերթական խոշոր դեպքը։ Մասնավորապես, Մեղրիի մաքսակետ ժամանած  բեռնատարի վարորդի խցիկի զննման արդյունքում հայտնաբերվել է 880 տուփ չհայտարարագրած ծխախոտ: Մաքսավորների մոտ կասկածներ է առաջացրել, որ ցեմենտով բարձված բեռնատարում հնարավոր է առկա լինի  մաքսային հսկողությունից թաքցված մեծ քանակությամբ ծխախոտ։ Մանրակրկիտ մաքսային զննում իրականացնելու նպատակով` բեռնատարն ուղեկցվել է Հարավային տերմինալ ՓԲ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստ, որտեղ անցկացված հսկողության արդյունքում` ցեմենտի պարկերի արանքում,  հայտնաբերվել է շուրջ 10 հազար տուփ ծխախոտ։ Այսպես, 2023 թվականի հունվարի 1-ից Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից  բացահայտվել է Ագարակ պետական սահմանի անցման կետով  մաքսային հսկողությունից թաքցման և չհայտարարագրման եղանակով ընդհանուր 47 հազար 543 տուփ ծխախոտի ապօրինի տեղափոխման 84 դեպք։ Հարուցվել են վարչական վարույթներ` Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 313-րդ և 316-րդ հոդվածների հատկանիշներով։  Մաքսավորների ուշադրության ներքո է գտնվում նաև կեղծ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված ծխախոտների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման կանխումը, այդ թվում՝ որպես անձնական օգտագորմծան ապրանք։ 2023 թվականի ընթացքում Մեղրիի մաքսակետում հայտնաբերված 3 դեպքով Պետական եկամուտների կոմիտեի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե ՀՀ քրեական օրենսգրքի 289-րդ հոդվածի հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու նպատակով։
12:23 - 15 սեպտեմբերի, 2023
ՊԵԿ պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների հարկային մարմինների համաժողովին

ՊԵԿ պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների հարկային մարմինների համաժողովին

Օրերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Վրաստանում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում հարկային մարմինների համագործակցության 4-րդ ամենամյա համաժողովին (The Belt and Road Initiative Tax Administration Cooperation Forum- BRITACOF)։ Միջոցառումը համախմբել է նախաձեռնությանն անդամակցող երեք տասնյակ երկրների հարկային մարմինների պատվիրակներին, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների, գիտական հաստատությունների և գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Համաժողովում քննարկվող հիմնական թեմաներն են՝ հարկային ոլորտի գլոբալ զարգացումները և առավել հրատապ խնդիրները, այդ թվում՝ հարկային մարմիններում աշխատանքային միջավայրի օպտիմալացումը և այդ նպատակով թվային տեխնոլոգիաների կիրառումը, հարկային օրենսդրության և վարչարարության թափանցիկության ապահովումը, հարկային վարչարարական բեռի նվազեցումը և հարկային կարգապահության դյուրացումը, ինչպես նաև բիզնեսի և հարկային մարմինների միջև վեճերի կարգավորման մեխանիզմները։ Համաժողովի պանելային քննարկումների ընթացքում հիմնական զեկուցողների շարքում հանդես է եկել նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։ ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների դերը՝ հարկային կարգապահության բարելավման գործում։ Համաժողովի շրջանակում կազմակերպվել է նաև «Հարկային երկխոսություն գործարարների և արտադրողների հետ» քննարկում, որի ընթացքում ձեռներեցները և շահագրգիռ այլ կողմերը հնարավորություն են ունեցել հարկային խնդիրների վերաբերյալ մտքեր փոխանակել, բարձրաձայնել մտահոգությնները և  ներկայացնել առաջարկներ։ BRITACOF-ն ամենամյա պաշտոնական միջոցառում է, որն ապահովում է փոխգործակցության հարթակ՝ խթանելով «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների միջև հարկային հարցերով երկխոսությունը, ամրապնդելով հարկային մարմինների համագործակցությունը և զարգացնելով պետական մարմինների, միջազգային կառույցների և գիտական հաստատությունների կարողությունները։ BRITACOF-ում Հայաստանն ունի դիտորդի կարգավիճակ և շարունակական մասնակցում է համաժողովներին՝ ներկայացնելով մեր երկրի հարկային մարմնի փորձն ու տեսլականը։
11:37 - 13 սեպտեմբերի, 2023
Ծովինար Սողոմոնյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից

Ծովինար Սողոմոնյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից

ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը, սեփական դիմումի համաձայն, ՀՀ վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 12-ի N 934-Ա որոշմամբ ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ Որոշման համաձայն՝ Ծովինար Սողոմոնյանը կպաշտոնավարի մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ։   «Բարձր գնահատելով Ծովինար Սողոմոնյանի ներդրումը մաքսային համակարգի բարեփոխման և զարգացման գործում՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված մաքսային մարմնի խնդիրների իրականացման և մաքսային մարմնի գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում զգալի ավանդ ունենալու համար, ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանին պարգևատրել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալով»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
18:46 - 12 սեպտեմբերի, 2023