ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցած անդրանիկ համագումարով, նախագահն է Գագիկ Ծառուկյանը

ԲՀԿ-ն աջ-կենտրոնամետ, լիբերալ պահպանողական քաղաքական կուսակցություն է։ Մասնակցել է ԱԺ 2007-ի, 2012-ի, 2017-ի հերթական և 2018-ի արտահերթ ընտրություններին՝ այս բոլոր ընտրություններում հաղթահարելով անցողիկ շեմը։

«Բարգավաճ Հայաստան»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում էր Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ-ն չի հաղթհարել անցողիկ շեմը և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան՝ ստանալով 50 444 ձայն (3.95%)

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն ու այլ կուսակցություններ պահանջում են վարչապետի եւ կառավարության հեռացումը

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն ու այլ կուսակցություններ պահանջում են վարչապետի եւ կառավարության հեռացումը

Շուրջ 17 կուսակցություններ՝ այդ թվում՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն տարածել են համատեղ հայտարարություն, որով պահանջում են կառավարության եւ վարչապետի հեռացումը։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․ «Հայ ժողովուրդը, խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժեր, մեկտեղել են իրենց կարողականությունը՝ դիմագրավելու հայկական երկու պետություններին ուղղված թուրքադրբեջանական ագրեսիան: Պատերազմական այս օրերին քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով իշխանություններին ենք ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված հանդիպումների առաջարկներ, որոնք   մնացել են անպատասխան եւ չիրագործված:   Պատերազմը սաստիկ է, կորուստներն՝ անդառնալի եւ ծանր: Որպես պետություն եւ ժողովուրդ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջեւ, որը պահանջում է վճռական որոշումներ եւ գործողություններ: Մինչդեռ, քաղաքական իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն մեր ժողովրդին ուղղված գոյապահպանական սպառնալիքին: Այս ընթացքում իշխանությունն ի ցույց դրեց իր բացահայտ անկարողությունը, ներքին եւ արտաքին մարտահրավերները դիմակայելու անընդունակությունը: Մարդկային եւ տարածքային կորուստները, Հայաստանի դաշնակիցների եւ առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ ոչ լիարժեք հարաբերություններն ակնհայտ են դարձնում գործող իշխանության սնանկությունը: Այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են քաղաքական իշխանությունները, որոնք չձերբազատվեցին անսխալականության իրենց բարդույթից՝ հայկական երկու պետությունները կանգնեցնելով ծանր իրողությունների, իսկ Արցախը՝ նաեւ տարածքային լրջագույն կորուստների առջեւ: Ուստի, իշխանությունները զրկվել են հայ ժողովրդին ներկայացնելու քաղաքական եւ բարոյական հիմքերից: Անդառնալի կորուստները կանխելու համար, պահանջում ենք՝ 1.    ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի եւ նրա կառավարության ժամ առաջ, ինքնակամ եւ անցնցում հեռացումը,2.    իրավիճակում բեկում մտցնելու կարողություն ունեցող եւ ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծումը:Սիրելի հայրենակիցներ, օրհասական այս պահին մեր պահանջը թելադրված է հայկական երկու պետությունների լինելիության հրամայականով եւ այն վստահությամբ, որ նոր իրավիճակում հայոց անկոտրում բանակն ու միասնական հայ ժողովուրդն ի զորու են հաղթական ճեղքում ապահովել ռազմաճակատում»:  1    «Ազատություն» կուսակցություն2    «Ազգային անվտանգություն» կուսակցություն3    «Ազգային օրակարգ» կուսակցություն4    «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն5    «Ազգային համաձայնություն» կուսակցություն6    «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցություն7    «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն8    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն9    «Երկիր Ծիրանի» կուսակցություն10    «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն11    «Համերաշխություն» կուսակցություն12    «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն13    «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն14    «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն15    «Հայրենիք» կուսակցություն16    «Մեկ Հայաստան» կուսակցություն17    «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն    
19:39 - 09 նոյեմբերի, 2020
Պատգամավորներն առաջարկում են 1000 դրամները բարձրացնել ըստ աշխատավարձի չափի |hetq.am|

Պատգամավորներն առաջարկում են 1000 դրամները բարձրացնել ըստ աշխատավարձի չափի |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Շաքե Իսայանն առաջարկում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հատկացվող դրոշմանիշային վճարները` 1000 դրամները, բարձրացնել ըստ աշխատավարձի հարկման բազայի: Նոյեմբերի 5-ին, Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է ֆիզիկական անձանց համար 1000 դրամները դարձնել 3000 դրամ: Պատգամավորներն առաջարկում են մինչև 150 հազար դրամ հարկման բազայի դեպքում 1000 դրամ դրոշմանիշային վճարը թողնել անփոփոխ, 150 հազարից 300 հազար դրամ հարկման բազայի դեպքում` 2000 դրամ, 300 հազարից 500 հազար դրամ հարկման բազայի դեպքում` 3000 դրամ, 500 հազարից մեկ միլիոն դրամ հարկման բազայի դեպքում` 6000 դրամ, մեկ միլիոն դրամից ավելի հարկման բազայի դեպքում` 12 հազար դրամ: Անհատ ձեռնարկատերերը և նոտարները ևս 12 հազար դրամ են պարտավորվում վճարել յուրաքանչյուր ամիս: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ստեղծված պատերազմական իրավիճակում կտրուկ ընդլայնվելու է հիմնադրամի շահառուների շրջանակը, և հատուցումների պատշաճ տրամադրման համար անհրաժեշտ է լինելու զգալի չափով հավելյալ ֆինանսական ռեսուրսներ ներգրավել: Ուստի պատգամավորներն առաջարկում են ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգի, ինչը թույլ կտա զգալի չափով ավելացնել հավաքագրվող դրամական միջոցները:    
18:23 - 06 նոյեմբերի, 2020
ԲՀԿ-ն կամավորականների ջոկատ է ձեւավորում

ԲՀԿ-ն կամավորականների ջոկատ է ձեւավորում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը երեկ՝ հոկտեմբերի 22-ին, գրավով ազատվեց կալանքից, կամավորագրման կոչով դիմել է կուսակիցներին։ «Սիրելի’ հայրենակիցներ, կուսակից ընկերներ, հարգելի՛ գործընկերներ. Անազատության մեջ գտնվելու օրերի ընթացքում չի եղել գեթ մեկ վայրկյան, որ ես չմտածեմ ու չանհանգստանամ Արցախի և Հայաստանի անվտանգության, մեր զինվորների կյանքի համար: Թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմին դիմակայելու և թշնամուն արժանի հակահարված տալու համար այսօր անհրաժեշտ է մեզանից յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունը: Օրհասական այս իրավիճակում բոլոր տարակարծություններն ու անհամաձայնությունները մի կողմ դնելու և Արցախ-Հայաստան-Սփյուռք մեկ բռունցք դարձած պայքարը շարունակելու ժամանակն է: Ամեն կորցրած վայրկյանի համար մենք չափազանց թանկ գին ենք վճարում: Ես անասելի ցավ եմ ապրում յուրաքանչյուր զինվորի ու կամավորականի թափած արյան ամեն մի կաթիլի համար: Ցավակցություններս ու խոնարհումս մարտի դաշտում հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր բոլոր հայորդիների ընտանիքներին ու հարազատներին: Փա՛ռք ու պատի՛վ նրանց: Թեպետ պատերազմի առաջին իսկ օրերից «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության մի շարք պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, հարյուրավոր կուսակցականներ եղել և այս պահին էլ առաջնագծում են, բայց այսօր անհրաժեշտ է բոլորիս համախմբումը: Կոչ եմ անում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բոլոր անդամներին, մարզային կառույցների ներկայացուցիչներին կամավորագրվել կուսակցության կողմից ձևավորվող ջոկատին:Ես անձամբ եմ առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը և իմ բոլոր ռեսուրսներով ու հնարավորություններով շարունակելու եմ լինել հայ զինվորի կողքին: Այսօր հայրենիքն ունի մեզանից յուրաքանչյուրի կարիքը: Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր ուժերի մեկտեղմամբ է միայն հնարավոր հաղթել: Մենք կորցնելու և որևէ մեկին տալու հայրենիք չունենք: Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում և դա անբեկանելի ճշմարտություն է: Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, հայ զինվորին և հայոց անպարտ բանակին… Հ.Գ Կամավորագրվել ցանկացող բոլոր անձինք կարող են դիմել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուներին գործընթացը կազմակերպելու համար»,- ասված է Գագիկ Ծառուկյանի գրառման մեջ:
15:16 - 23 հոկտեմբերի, 2020
Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի․ դատարանը բավարարեց պաշտպանների գրավի միջնորդությունը |armtimes.com|

Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի․ դատարանը բավարարեց պաշտպանների գրավի միջնորդությունը |armtimes.com|

armtimes.com: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց որոշումը՝ այսպիսով բավարարելով պաշտպանների գրավի միջնորդությունը։ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալու համար: Նրան կալանավորելու որոշումը կայացվել էր սեպտեմբերի 25-ին նույն դատավորի՝ Մնացական Մարտիրոսյանի կողմից: Որոշման հրապարակումից հետո պաշտպանները այն որակել էին անօրինական, ավելի ուշ՝ բողոք ներկայացրել դրա դեմ, սակայն Վերաքննիչ դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը։ Դրանից հետո պաշտպանները գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն էր ներկայացրել դատարան։
18:06 - 22 հոկտեմբերի, 2020
13 կուսակցությունները կոչ են անում Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքել

13 կուսակցությունները կոչ են անում Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքել

13 կուսակցությունները կոչ են անում Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքել․ «2020թ. սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի կողմից, Թուրքիայի բացայատ աջակցությամբ և խրախուսմամբ սանձազերծած պատերազմը մեկ անգամ ևս շեշտեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ռազմավարական դաշինք կնքելու անհրաժեշտությունը։ Հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին 1990 թ. օգոստոսի 23-ի, ԼՂՀ հռչակման մասին 1991 թ. սեպտեմբերի 2-ի հռչակագրերը եւ արձանագրելով Արցախի ինքնիշխանության հռչակման ու դրան հաջորդած գործընթացի օրինականությունն ու համապատասխանությունը միջազգային և ներպետական իրավական կառուցակարգերին, Նկատի ունենալով՝ – Հայաստանի հանձնառությունը՝ երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը եւ անվտանգության ապահովման հետ կապված հարցերում համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը, – բանակցային գործընթացի լիարժեքության եւ արդյունավետության ապահովման առումով Արցախի Հանրապետության լիիրավ մասնակցության անխուսափելիությունը, – բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի, նրա տարածքային ամբողջականության վերականգնման եւ անվտանգության հետ կապված հարցերի լուծման առաջնահերթությունը, – մարդու հիմնարար իրավունքների իրացման, անվտանգության, ռազմական համագործակցության, արտաքին քաղաքական գործունեության եւ բազմաթիվ այլ բնագավառների հետ կապված Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների իրավահարաբերությունների՝ մինչ օրս լիարժեք կարգավորված չլինելու հանգամանքը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը. Մենք՝ ներքոստորագրյալ կուսակցություններս, կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իշխանություններին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել երկու հանրապետությունների միջև ռազմավարական համապարփակ համագործակցության պայմանագիր կնքելու ուղղությամբ։ «Ազատություն» կուսակցություն «Ազգային օրակարգ» կուսակցություն «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցություն «Բարգավաճ Հայաստան կուսակցություն» «Երկիր Ծիրանի» կուսակցություն «Ժառանգություն» կուսակցություն «Լուսավոր Հայաստան կուսակցություն» «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն» «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» «Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միություն» «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն «Մեկ Հայաստան» կուսակցություն»
17:23 - 29 սեպտեմբերի, 2020
ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարությունը |armenpress.am|

ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովը միաձայն՝ 118 կողմ ձայներով ընդունեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը: Հայտարարության նախագիծը հեղինակել են խորհրդարանի երեք խմբակցությունների պատգամավորներ: ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը հայտարարության նախագծի քննարկմանը կրկին օրակարգ բերեց Արցախի ճանաչման խնդիրը: «Մեր բոլորի բարոյական պարտքն է օրակարգ բերել Արցախի անկախության ճանաչումը, եթե կա անհրաժեշտություն, կազմակերպել խորհրդարանի փակ նիստ, քննարկել բոլոր այն արգումենտները, որ կարող է մեզ այսօր կաշկանդել ճանաչելու Արցախի անկախությունը: Դա մեր բարոյական պարտքն է, պետք է անենք»,-ասաց պատգամավորն ու համոզմունք հայտնեց, որ դա զսպող մեխանիզմ է լինելու: «Իմ քայլ»-ից Սոֆիա Հովսեփյանը շեշտեց, որ Արցախը, արցախցին ունեն ինքնորոշման իրավունք: «Եվ մենք այդ ինքնորոշման իրավունքին տեր ենք: Բավական է, որ մենք հույսներն դնենք միջազգային կառույցների վրա»,-ասաց նա: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ այս պատերազմը քաղաքակրթական և արժեբանական պատերազմ է: «Մինչ աշխարհի տարբեր մայրաքաղաքներում գրվում են դատապարտող դատարկ հայտարարությունները, այդ նույն պահին զոհվում են մեր զինվորներն ու խաղաղ բնակիչները»,-նշեց նա: «Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանը շեշտեց, որ անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը՝ միջազգային հանրությանը հասցնելու ոչ միայն հայկական կողմի մարտական հաջողությունները, այլ նաև Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները և Թուրքիայի ագրեսիվ միջամտությունը: «Անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը տեղեկատվությունը ճշգրիտ, թիրախային և արդյունավետ հասցնելու համար: Հերիք եղավ, հաղթելու ենք»,-նշեց պատգամավորը:
15:32 - 28 սեպտեմբերի, 2020
ՀՀ ԱԺ-ն միջազգային հանրությունից պահանջում է հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի դեմ իրականացվող ագրեսիան

ՀՀ ԱԺ-ն միջազգային հանրությունից պահանջում է հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի դեմ իրականացվող ագրեսիան

Հայաստանի Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծն է։  Նիստը սկսելուց առաջ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար ընկած զինվորների հիշատակը, որից հետո ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընթերցեց հայտարարության նախագիծը՝ ընգծելով, որ ներկայացվելիք հայտարարությունը հեղինակել են ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորներ։ Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ․ «ՀՀ Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան եւ լայնամասշտաբ զինված հարձակումը, որով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու սկզբունքը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այս հանցավոր գործողությունները, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներով խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, քաղաքացիական բնակչության եւ օբյեկտների նկատմամբ ոչ ընտրողական հարձակումները, դրանց նախորդած ագրեսիան՝ Տավուշում 2020 թվականի հուլիսին, մշտական ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունը, որոնք նպատակ են հետապնդում հայաթափել Արցախի Հանրապետությունը, մեկ անգամ եւս փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունն իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների, ամբողջ հայ ժողովրդի, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանի անվտանգության համար։ Ուստի հայկական զինված ուժերի ինքնապաշտպանական բոլոր գործողություններն ուղղված են այս վտանգի չեզոքացմանը։ Քաղաքացիական բնակչության՝ ծերերի, երեխաների, կանանց դեմ ռազմական գործողություններ վարելը արգելված է ոչ միայն միջազգային իրավունքով, այլեւ բոլոր քաղաքակրթություններում, համաշխարհային բոլոր կրոններում եւ դավանանքներում։ Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել՝ զսպելու ոչ միայն Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան, այլեւ նրա դաշնակից Թուրքիայի շարունակական նկրտումները՝ միջամտելու Արցախյան հակամարտությանը, որոնք կհանգեցնեն տարածաշրջանի ծայրաստիճան ապակայունացմանը՝ անմիջական սպառնալիք ստեղծելլով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի այս արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որն անպայմանորեն պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին։ Մենք պահանջում ենք իրերն իրենց անուններով կոչել․ հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիան, սահման գծել մարդասիրության եւ մարդատյացության միջեւ։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է, որ հայկական կոմղը մշտապես հավատարիմ է մնացել հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում,  միեւնույն ժամանակ, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու արցախահայերի անվտանգությունը եւ ինքնորոշման կամարտահայտությունը»։
13:35 - 28 սեպտեմբերի, 2020
Վերաքննիչ դատարանը, օրենքի խախտմամբ, հնարավորություն տվեց, որ դատախազությունը վերացնի իր թերությունը. Երեմ Սարգսյան

Վերաքննիչ դատարանը, օրենքի խախտմամբ, հնարավորություն տվեց, որ դատախազությունը վերացնի իր թերությունը. Երեմ Սարգսյան

Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը գրել է.   «Ի պատասխան օրվա քաղաքական իշխանությունից բացարձակապես «անկախ» դատախազության «իրավական» հայտարարությանը․ Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը գլխավոր դատախազի խորհրդականի գրառման միջոցով հայտարարություն է տարածել Գագիկ Ծառուկյանի կալանավորման հետ կապված։  Հայտարարության ամբողջ իմաստն, ըստ էության, կայանում է հետևյալում՝ -առաջին ատյանի դատավոր Ռոբերտ Պապոյանը «շատ վատն է», ամոթ իրեն, չկատարեց քաղաքական պատվերը և չկալանավորեց Գագիկ Ծառուկյանին։ Ռոբերտ Պապոյանի նկատմամբ պետք է կարգապահական վարույթ հարուցվի, նա պետք է հրապարակային պատժվի, որ հանձնարարություն չկատարող մյուս դատավորներն այլևս նման համարձակություն չունենան։ -Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը՝ «նենց՝ ոչինչ»։ Ճիշտա նա էլ չկատարեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու քաղաքական պատվերը, դրա համար էլ վճռաբեկ բողոք ներկայացրեցինք, բայց գոնե բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը և հնարավորություն տվեց, որ «Մացոն» կալանավորի։ - Դե վճռաբեկ դատարանը հեչ՝ մերնա։ Ինչ ասենք՝ կանեն, պետքա՝ 3 օրում վճռաբեկ բողոքը կմերժեն, պետքա՝ վճռաբեկի աշխատակից կուղարկեն փոստ, որ պաշտպանի ստորագրած հետադարձ ծանուցումն առձեռն վերցնի ու վազելով հասցնի վճռաբեկ դատարան, որ արագությունն ապահովեն, պետքա՝ գործն այնքան կպահեն, որ «Մացոյի» հերթապահության օրն առձեռն մուտքագրեն դատարան, որ գործը նա քննի։  -Իսկ առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն իրոք՝ ապրի։ Ինչպես կար, այնպես էլ շարունակում է մնալ օրվա քաղաքական իշխանության սրտի դատավորը, ով մշտապես կատարել և վստահ ենք,որ կատարելու է քաղաքական իշխանության պահանջները /որակումները ԶԼՄ-ներինն է, իսկ հաստատող փաստերը՝ Նիկոլ Փաշինյանի ազատազրկման և ներկայիս իշխանության ներկայացուցիչների կողմից մշտապես որպես քաղաքական որակված այլ գործերով մյուս անձանց ազատազրկման դատավճիռները վկա, որոնք նույնպես Մնացական Մարտիրոսյանն է կայացրել/։  Դե իհարկե՝ հասկանալի է, որ դատախազությունն այս գրառմամբ իր պարտքն է համարում գոնե հրապարակային կերպով աջակցել օբյեկտիվ քննադատության արժանացած դատավոր Մարտիրոսյանին, չէ որ հետո էլի նման որոշումների կարիք է լինելու։ Միաժամանակ, նույն հայտարարությամբ գլխավոր դատախազությունը խորհրդականի միջոցով պնդում է, թե իբրև Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում և որ այս քրեական գործը և կալանավորումը բացառապես իրավական տիրույթում են։  Նկատելի է, որ գլխավոր դատախազությունն այլևս խուսափել է խոհրդականի գրառումները որպես պաշտոնական հաղորդագրություն ներկայացնելուց, քանի որ հասկանում են, որ ժամանակը և փորձը ցույց են տվել, որ դրա իրավունքը չունեն, քանզի իշխանափոխությունից հետո դատախազությունը շատ արագ կարգով սկսեց օրվա քաղաքական իշխանությանը հաճո որոշումներ կայացնել և գործողություններ կատարել։  Մասնավորապես, շատ արագ նոր երևան եկած հանգամանքների հիմքով անհիմն կարգով վերացվեցին մի շարք քրեական գործերով իրենց իսկ կողմից կարճ ժամանակ առաջ կայացված կամ օրինականությունը հաստատված կարճման որոշումները և տրամաբանորեն հակառակ որոշումներ կայացվեցին՝ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, նույնիսկ սկսեցին դիմել դատարաններ նախկինում «քաղաքական հետապնդումների» հետևանքով դատապարտված անձանց օրինական ուժի մեջ մտած դատավճիռները բեկանելու խնդրանքով։  Դե իհարկե, հիմա էլ կպնդեն, թե դա ոչ մի կապ չունի օրվա քաղաքական իշխանության ցանկությունների հետ և իրենք այդ ցանկությունները երբեք չեն կատարել և չեն էլ կատարելու։ Մնում է պարզել, թե գոնե դատախազությունում կա արդյոք մեկ աշխատակից, ով անկեղծորեն հավատում է դրան։ Կամ ասենք՝ ի վիճակի է արդյոք դատախազությունն այսօր հայտարարել, որ օրվա քաղաքական իշխանության կառավարման շրջանում եղել են կամ կան քաղաքական հետապնդումներ։ Պատկերացնում եք , թե ինչ վեթինգ տեղի կունենա դատախազությունում։ Վստահ եմ՝ պակերացնում եք։  Դրա համար էլ ավելի լավ է լռել, քան, թե ուղղակի հայտարարություններ անել, որոնց համար մի օր նույնպես կարող եք զղջալ և շատ արագ ուղիղ հակառակ որոշումներ կայացնել։  Մի բան էլ՝ պետք չի «գլուխ գովել», թե իբրև վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության վերաքննիչ բողոքը հենց դատախազության ներկայացրած հիմնավորումներով։  Այդ նույն հիմնավորումները դատախազությունը չէր ներկայացրել առաջին ատյանում միջնորդության քննության ժամանակ, քանի որ լավ էլ հասկանում էր, որ դրանք իրականում այդ հիմքի հետ ոչ մի կապ չունեն։ Հենց այդ պատճառով էլ նշված փաստաթղթերը չէր ներկայացրել դատարան, դրանց վրա որևէ հղում չէր կատարել, դրանց բովանդակությունը դատարանում չէր ուսումնասիրվել, ուստի այդ հիմնավորումները առաջին ատյանի դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը չէր կարող դնել որոշման հիմքում։ Գոնե էստեղ հնարավոր չէ մանիպուլյացիա անել, քանի որ դատական նիստի ձայնագրությունն առկա է։  Ավելին, վերաքննիչ դատարաննն էլ բացարձակապես իրավունք չուներ առաջին ատյանի դատարան չնեկայացված, չհետազոտված, քննության առարկա չհանդիսացած, դատախազության կողմից որպես կալանավորման հիմքը հաստատող հիմնավորում գոնե ակնարկով չանդրադարձած, այսինքն՝ «չեղած» հիմնավորումներին առաջին ատյանի դատարանի կողմից չանդրադառնալը դիտել որպես խախտում և այդ հիմքով բեկանել որոշումը՝ ուղարկելով նոր քննության։  Քանի որ դատախազության հայտարարությունը լի էր վերաքննիչի որոշումից մեջբերումներով, ուստի մեկ մեջբերում էլ ես կատարեմ․ «/․․․/ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ միգուցե դա թե դատախազների, թե քննիչի և թե Առաջին ատյանի դատարանի թերությունն է, որ հետևողական չեն եղել նշված հանգամանքը քննարկման առարկա դարձնելու առումով,/․․․/»։   Իսկ միթե առաջին ատյանի դատարանը պետք է դատախազության փոխարեն կալանավորման հիմք որոներ և հետևողական լիներ, որ այդ հիմքի մասին դատախազությունը խոսի, որ հիմնավորումներ նեկայացնի։ Միթե դատավորն էլ պետք է դատարանում դատախազի դեր կատարեր և աշխատեր պաշտպանության կողմի դեմ։  Վերաքննիչ դատարանի որոշման անօրինական լինելուն դեռ առանձին կանդրադառնամ, սակայն իրականում, վերաքննիչ դատարանը, օրենքի խախտմամբ, հնարավորություն տվեց, որ դատախազությունը վերացնի իր թերությունը, որպիսի մոտեցումը իրավական պետության մեջ տեղ չի կարող ունենալ։ Գոնե դրա համար շնորհակալ եղեք վերաքննիչ դատարանին․․․»։
16:42 - 26 սեպտեմբերի, 2020
Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն այլեւս քաղաքական բանտարկյալ է. ԲՀԿ հայտարարությունը

Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն այլեւս քաղաքական բանտարկյալ է. ԲՀԿ հայտարարությունը

ԲՀԿ քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Երեկ դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապօրինի որոշմամբ կալանավորեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Որեւէ հիմնավոր փաստ դատարանի կողմից չներկայացվեց, թե առաջադրված մեղադրանքից չորս ամիս անց Գագիկ Ծառուկյանն ինչպես է խոչընդոտել նախաքննությանը։ Տեղի ունեցածն ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարի եւ ԲՀԿ-ի հանդեպ։ Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն այլեւս քաղաքական բանտարկյալ է: Իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հեղափոխությունից երկուսուկես տարի անց, բոլոր ոլորտներում արձանագրելով բացահայտ տապալումներ եւ ձախողումներ, փորձում է քաղաքական կեղտոտ հաշվեհարդարներով լռեցնել ընդդիմությանը՝ ամենակատարածու դատավորին իջեցնելով Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հրահանգ։ Իշխանության թիրախում են ԲՀԿ բազմաթիվ գործիչներ, պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, որոնց հանդեպ շինծու իրավական գործընթացների անվան տակ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Սիրելի՛ հայրենակիցներ, մեր երկիրն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Ապաշնորհ իշխանությունը երկիրը սոցիալական աղետի հասցնելով՝ ազգային մեր ինքնության դեմ կատաղի պայքար մղելով, արցախյան հիմնախնդրի շուրջ ադրբեջանական քաղաքական վերնախավի հետ բանագնացների միջոցով կոնֆիդենցիալ պայմանավորվածություններ ձեռք բերելով, քաղաքական հաշվեհարդարներով երկրում փորձում է հաստատել վախի եւ սարսափի մթնոլորտ, ինչը վստահաբար չի ստացվելու։ ԲՀԿ-ն իր համախոհ քաղաքական ուժերի հետ միասին շարունակելու է պայքարը հանուն մեր երկրի եւ քաղաքացիների այն խնդիրների լուծման, որի ակնկալիքով մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ երկուսուկես տարի առաջ փողոցներ էին փակել եւ որոնք լուծելու փոխարեն իշխանությունը զբաղված է երկրում ներքին թշնամիների հարատեւ փնտրտուքով, քաղաքական հաշվեհարդարներով եւ բռնապատեություն հաստատելու փորձերով։ Սիրելի՛ հայրենակիցներ, Գագիկ Ծառուկյանի եւ մեր պայքարն արդար է: Մեզ քաղաքական հաշվեհարդարներով վախեցնել եւ լռեցնել չի հաջողվելու եւ վստահաբար մենք ունենալու ենք նոր որակի իշխանություն, որտեղ տեղ չեն ունենալու վրեժխնդրությունը, փոքրոգությունն ու անձնական հաշվեհարդարները: Իսկ Գագիկ Ծառուկյանի հանդեպ անամոթ եւ էժանագին այս հաշվեհարդարի պատվիրատուներն ու բոլոր մասնակիցները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Եւ դա ընդամենը շատ կարճ ժամանակի հարց է։ Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»  
11:10 - 26 սեպտեմբերի, 2020
Քանի որ գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի հետ, դատարանը թքած է ունեցել արդարադատության սկզբուքների վրա․ Իվետա Տոնոյանը՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման մասին |tert.am|

Քանի որ գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի հետ, դատարանը թքած է ունեցել արդարադատության սկզբուքների վրա․ Իվետա Տոնոյանը՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման մասին |tert.am|

tert.am: Գագիկ Ծառուկյանի՝ ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր այցելելը վկայում է այն մասին, որ մենք առավել քան վստահ էինք, որ դատարանը իրականացնելու է քաղաքական հանձնարարություն և միջնորդությունը բավարարելու է։ Այս մասին Ազգային Անվտագության ծառայության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ «Ծառուկյանը թիմակիցներին հորդորեց չընկճվել և պայքարը ավարտին հասցնել և նշեց, որ քաղաքական պատվերի այս հեղինակները պատասխան են տալու ժողովրդի և Աստծո առաջ: Մեր հետագա անելիքիների մասին վաղը կտեղեկացնենք և՛ եռյակի ձևաճափով, և՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ձևաչափով»,-նշեց ԲՀԿ պատգամավորը: Նա նշեց, որ փաստաբանները նշել են, որ դատարանը որևէ հիմնավորում չի կարողացել ներկայացնել, որ այս ամիսների ընթացքում՝ սկսած հունիսի 16-ից, Ծառուկյանը փորձել է խոչընդոտել գործի քննության ընթացքին.  «Քանի որ գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի և պատվերի հետ, դատարանը բացարձակապես թքած է ունեցել թե՛ արդարադատության սկզբուքների և թե՛ այն հիմնական գաղափարների իրագործմանը, որին միտված է»: Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Խորհրդարանում գործընթաց սկսվի Գ․ Ծառուկյանին մանդատից զրկելու հետ կապված, Իվետա Տոնոյանը նշեց, որ որևէ մեկը չի կարող նման գործընթացով հանդես գալ, քանի որ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործը որևէ իրավաբանական հենք չունի: Շարունակությունը՝ tert.am-ում։
10:11 - 26 սեպտեմբերի, 2020
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին |armtimes.com|

Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին |armtimes.com|

armtimes.com: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ դատարանի շենքից: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին`ասելով, որ փաստաբանները կխոսեն նիստի մասին: Ծառուկյանը միայն նշեց, որ պահանջում է Կառավարության 100 տոկոսի հրաժարականը: Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իրենք ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին, եւ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դրա վերաբերյալ որոշում կայացնելու: Ըստ նախնական տվյալների՝ այն կհրապարակվի այսօր՝ ժամը 13:30-ին: Ըստ պաշտպանի՝ երբ իրենց բողոքները մուտք են եղել Վճռաբեկ դատարան, դրանից հետո իրենք հավաստի տեղեկություններ են ստացել, որ ինչ-որ պաշտոնատար անձանց միջամտության արդյունքում, եւ ընդհանրապես, ինչ-որ մարմինների փոխադարձ համաձայնությամբ նախապես որոշում է կայացվել, որ վճռաբեկ բողոքները պետք է հնարավորինս շուտ մերժվեն, եւ դա պետք է այնպես արվի, որ համապատասխանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի հերթապահությանը, եւ միջնորդության քննությունը հանձնարարվի հենց դատավոր Մնացական Մարտիրոսյանին Ըստ պաշտպանի՝ այս տեղեկատվությունը հետագայում հաստատվել են օբյեկտիվ փաստական տվյալներով. «Մասնավորապես, այնպիսի հանգամանքներ տեղի ունեցան, որ այլ գործով տեղի չեն ունենում. վճռաբեկ բողոքը մերժվել է ընդամենը 3 օրում.  բողոքը դատարան մուտքագրվել է սեպտեմբերի 7-ին, իսկ 10-ին արդեն մերժվել է, ինչը բացառիկ դեպք է, Վճռաբեկ դատարանը եռամսյա ժամկետ ունի, եւ եթե իրավաբաններին հարցնեք, կփաստեն՝ փորձը ցույց է տալիս, որ 2-րդ, 3-րդ ամսվա մեջ է որոշումը կայացվում, բացառիկ դեպքերում՝ 1 ամսվա ընթացքում, բայց 3 օրվա ընթացքում որոշում լինի՝ այն էլ այն դեպքում, երբ գործը 8 հատոր է, իսկ նախորդ նիստերի արձանագրությունը՝ 50 հատոր, փաստում է, որ ակնհայտ շահագրգռվածություն կա»: Ըստ պաշտպանի՝ երբ իրենց բողոքը վերադարձվել է՝ տեխնիկական շտկոմներ անելու, տրամադրվել է 2 օր ժամկետ, մինչդեռ այլ դեպքերում տրամադրվում է 5, 10, 25 օր. «Սա էլ մի կողմ թողնելով՝ ասեմ, որ հստակ փաստական տվյալներ ունենք, որ Վճռաբեկ դատարանի աշխատակիցներին հանձնարարական է եղել, որ անձամբ գնան փոստային բաժանմունք, եւ ստանան պաշտպանի կողմից Վճռաբեկ դատարանի որոշումը ստանալու վերաբերյալ հետադարձ ծանուցում»: Պաշտպանը դա ընդգծեց՝ ցույց տալու, թե ինչ անհանգիստ են եղել աշխատակիցները՝ ցանկալի ժամկետում որոշում կայացնելու համար. «Դատարանի աշխատակիցը փոստային բաժանմունք է գնում, վերցնում, բան ու գործ չունեն էլի, այս ամենը կատարվեց նրա համար, որ որոշումը կայացվի կոնկրետ ժամկետում. ամսի 10-ին որոշումը ուղարկեցին բոլորին, բայց գործը չուղարկեցին, մինչեւ ամսի 17-ը մնաց Վճռաբեկ դատարանում, որպեսզի հանկարծ այնպես չստացվի, որ այլ դատարանի հերթապահության խնդիր լինի»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:51 - 25 սեպտեմբերի, 2020
Քաղաքական հաշվեհարդար է այն, ինչ այսօր կատարվում է Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ-ի հետ. իշխանությունն անցել է բոլոր կարմիր գծերը. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

Քաղաքական հաշվեհարդար է այն, ինչ այսօր կատարվում է Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ-ի հետ. իշխանությունն անցել է բոլոր կարմիր գծերը. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am: Այն, ինչ այսօր կատարվում է Գագիկ Ծառուկյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, միանշանակ քաղաքական հաշվեհարդար է, այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Այս մասին Կենտրոն և Նոր-Նորքի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, որտեղ քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:«Աբսուրդ է Գագիկ Ծառուկյանի հնարավոր կալանավորումը, և ես մտածում եմ՝ այս դատավորը (գործով դատավորը Մնացական Մարտիրոսյանն է) պատահաբար չի ընտրվել, նա նույն դատավորն է, որ 2010-ին Նիկոլ Փաշինյանին 7 տարի ազատազրկելու դատական որոշում կայացրեց, բայց չեմ ուզում դատավորի ու դատարանի անմեղության կանխավարկածը խախտել: Կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանի փաստաբաններն ունեն այնքան հիմնավոր փաստարկներ, որ այս դատական գործընթացն ընդամենը ֆարս է»,-ասաց նա: Դիտարկմանը, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ԲՀԿ-ն վարկաբեկված ուժ է համարել, Զոհրաբյանն արձագանքեց, որ եթե ինքն ունենար Աղազարյանի կենսագրությունը, ամոթից կլռեր: «Անիմաստ է իշխանություններին անգամ հորդորով դիմելը, որովհետև անցել են բոլոր կարմիր գծերը: Չկա այլևս բարոյականության որևէ գիծ, որ այդ մարդիկ անցած չլինեն»,-նշեց նա: Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, նաև իրեն ու Գևորգ Պետրոսյանին առնչվող քրեական գործեր կհարուցվեն, Նաիրա Զոհրաբյանը նախ ասաց, թե իր հեռախոսը 24 ժամ գաղտնալսվում է, ապա շարունակեց. «Մենք ունենք տեղեկություն, որ ամեն ինչ անում են նաև իմ և Գևորգ Պետրոսյանի նկատմամբ քրեական գործեր հարուցելու, կանչում են մարդկանց, հարցեր տալիս: Ես չեմ բացառում, որ կհարուցեն քրեական գործ: Ես չգիտեմ՝ իրենք ինչ մահապարտներ կարող են գտնել, որ մեր դեմ ցուցմունքներ կտան: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ես և ընտրական կեղծիքը: Ես առանց ավելորդ համեստության կարող եմ ասել՝ եթե ՀՀ անկախության պատմությունից այս կողմ եղել են 15-20 լավագույն պատգամավորներ, դրանցից մեկը ես համարում եմ ինձ»,- ասաց նա:Պատգամավորի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իրավապահների վրա կոնկրետ հանձնարարական կա՝ գտնել, պեղել իրենց մասին տեղեկություններ, մոնտաժել հեռախոսազրույցներ: «Ինձ արդեն ասել են, որ առաջիկայում պատրաստվում են ևս մեկ ձայնագրություն հրապարակել, որտեղ ես իբր վատ եմ արտահայտվել հայ ժողովրդի մասին»,-նշեց նա՝ տեսակետ հայտնելով, թե այս ամենի նպատակն իրենց լռեցնելն է, սակայն արդյունքի չեն հասնի:
12:46 - 25 սեպտեմբերի, 2020
Գագիկ Ծառուկյանի դեմ քրգործը քաղաքական ենթատեքստ ունի․ անկախ դեպքերի զարգացումից՝ հանրահավաքը տեղի է ունենալու. Վահե Էնֆիաջյան |tert.am|

Գագիկ Ծառուկյանի դեմ քրգործը քաղաքական ենթատեքստ ունի․ անկախ դեպքերի զարգացումից՝ հանրահավաքը տեղի է ունենալու. Վահե Էնֆիաջյան |tert.am|

tert.am: Հայաստանում չեղած տեղը հարյուրից ավել մարդ են կանչում, հարցաքննում. ոչ մի բովանդակություն չկա: Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ մեղադրանքի և հարցաքննությունների մասին:Ըստ նրա՝ ցանկացած մեկը, ով անօրինական գործողություն է ծավալել, պետք է պատասխանատվության ենթարկվի, սակայն իշխանության ներկայացուցիչներին պետք է հարցնել, թե ինչով է խանգարում ԲՀԿ-ն, որ քրեական հետապնդում է իրականացվում: «Հունիսի 5-ի հայտնի քաղաքական խորհրդի նիստից հետո սկսվեց հայտարարությունների շարք և քաղաքական պարզաբանումներ չհնչեցին, սակայն սպառնալիքներ և վիրավորանքներ եղան, որին էլ հաջորդեց այս քրեական գործը: Բնականաբար սա քաղաքական ենթատեքստ ունի, բայց իրականությունը ուշ թե շուտ ջրի երես է դուրս գալու»,- ասաց նա:Վահե Էնֆիաջյանը նշեց, որ սպասվող հանրահավաքին հնչելու են այն համոզմունքները, որոնք ժողովդի և իրենց համար արդիական են:
11:48 - 25 սեպտեմբերի, 2020
Դատարանում մեկնարկել է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը |armenpress.am|

Դատարանում մեկնարկել է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունը։ Ծառուկյանը ժամանել է դատարան։ Դատարանի շենքի դիմաց հավաքվել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, ինչպես նաև աջակիցները։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, հունիսի 21-ին մերժել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս որոշումը Վերաքննիչ դատարանը բեկանել է և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդություններին: Ավելի վաղ, ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները:
10:36 - 25 սեպտեմբերի, 2020