Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ նշվեց, որ  Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբ։

Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն՝ խաղաղապահ զորակազմը ԼՂ-ում տեղակայվել է 5 տարի ժամկետով։ Ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի հերթական 5-ամյա ժամկետով, եթե կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ներկայումս խաղաղապահ առաքելության հրամանատարը գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է։

Ադրբեջանը դեռևս չի ստոագրել խաղաղապահների մանդատը։

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ՌԴ և Արցախի 41 քաղաքացի տեղափոխվել է ՀՀ

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ՌԴ և Արցախի 41 քաղաքացի տեղափոխվել է ՀՀ

  Այսօր ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի և ԼՂ 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան, որն առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր: Այդ մասին հայտնում են Արցախի կառավարության ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնից:   ՌԴ քաղաքացիները վաղուց սպասում էին իրենց տեղափոխությանը, իսկ Արցախի քաղաքացիները ուսանողներ են, որոնք ընդունվել են ՀՀ և արտասահմանյան բուհեր: Ըստ խաղաղապահների հետ ձեռքբերված նախնական պայմանավորվածության՝ առաջիկա օրերին շարունակվելու է ուսանողների և ՌԴ քաղաքացիների տեղափոխությունը:   Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը շարունակում է խոչընդոտել բազմաթիվ անձանց երկկողմանի տեղաշարժը: Այս պահի դրությամբ, հարյուրավոր քաղաքացիներ Հայաստանում սպասում են Արցախ վերադարձին, շտապ և պլանային առողջական հիմքերով 333 անձ հերթագրված է Կարմիր խաչի միջոցով Հայաստան տեղափոխվելու համար՝ չհաշված հումանիտար, աշխատանքային և այլ նպատակներով երկկողմանի տեղաշարժի անհրաժեշտությունը հազարավոր անձանց մոտ:   Ադրբեջանական կողմը շարունակում է նվաստացուցիչ պայմաններ ստեղծել Հակարիի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետում՝ ի լրումն Արցախի քաղաքացիների նկատմամբ անօրինական հսկողության ու խոչընդոտների: Մասնավորապես, անձանց կամքին հակառակ՝ ադրբեջանցիները և իրենց հրավիրած լրագրողները հերթական անգամ նկարահանել են նրանց դեմքերը և օգտագործել քարոզչական նպատակներով: Բացի դրանից, ադրբեջանական կողմը թույլ չի տվել ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաները անցնեն Հակարիի կամուրջը՝ ստիպելով ուղևորներին իրենց բեռներով հանդերձ ոտքով անցնել կամուրջը, որից հետո Գորիսից ընդառաջ եկած մեքենաներով շարունակել են ճանապարհը (ապացույցը՝ կից տեսանյութով):        
14:41 - 21 օգոստոսի, 2023
Խաղաղապահների հրամանատարը Հելեն Դադայանի հարազատներին ասել է՝ «սպասենք. եթե ԿԽՄԿ-ն պատասխան չտա, իրենք կփորձեն աճյունը տեղափոխել» |artsakhpress.am|

Խաղաղապահների հրամանատարը Հելեն Դադայանի հարազատներին ասել է՝ «սպասենք. եթե ԿԽՄԿ-ն պատասխան չտա, իրենք կփորձեն աճյունը տեղափոխել» |artsakhpress.am|

artsakhpress.am: Գյումրի-Երևան ավտոճանապարհին ավտովթարի զոհ դարձած Արցախի Ճարտար քաղաքի բնակչուհի Հելեն Դադայանի հարազատներն այսօր հավաքվել են Ստեփանակերտի ԿԽՄԿ գրասենյակի առաջ՝ պահանջելով աղջկա աճյունը տեղափոխել հայրենիք։ «Արդեն մոտ մեկ շաբաթ է` Հելենի աճյունը Գորիսի դիահերձարանում է։ Տևական ժամանակ է` ԿԽՄԿ-ն ձգձգում է պատասխանը։ Հիմա եկել ենք այստեղ` խնդրելու, որպեսզի կատարեն իրենց գործը, իսկ թե ինչու չեն կատարում, գոնե պատճառն ասեն։  Մեր հարցին այդպես էլ չի պատասխանել գրասենյակի ղեկավարը։ Թողել և հեռացել է։ ԿԽՄԿ-ն այս պահին, փաստորեն,  սպասում է Ադրբեջանի պատասխանին։ Մեզ է միացել նաև պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ու առաջարկել դիմել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովին։ Օդանավակայանում հանդիպել ենք Լենցովին, ով ասել է, որ  սպասենք. եթե ԿԽՄԿ-ն պատասխան չտա, իրենք կփորձեն աճյունը տեղափոխել։ Իսկ եթե չստացվի, ապա պետք է բանակցեն, որպեսզի ծնողները գնան ու մասնակցեն հուղարկավորությանը»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնել է Հելենի եղբայրը` Նվեր Ստեփանյանը։
21:24 - 19 օգոստոսի, 2023
Ռուս խաղաղապահները հրելով հեռացրին օդանավակայանի մուտքը փակած ավտոմեքենան

Ռուս խաղաղապահները հրելով հեռացրին օդանավակայանի մուտքը փակած ավտոմեքենան

Արցախում ռուս խաղաղապահները հրելով հեռացրին Ստեփանակերտի օդանավակայանի մուտքը փակած ավտոմեքենան։ Արթուր Օսիպյանի խոսքով այս պահին ևս մուտքը փակ է, բայց արդեն ռուսական զրահափոխադրիչով։ Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Արցախի Հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը և Արցախի մի խումբ քաղաքացիներ փակել էին ՌԴ խաղաղապահ զորախմբի ճանապարհը դեպի Ստեփանակերտի օդանավակայան։ Ակցիայի մասնակիցների պահանջը Լաչինի միջանցքի բացումն է։  Այսօր առավոտյան դեպի Ստեփանակերտի օդանավակայան մուտքը շարունակում էր արգելափակված մնալ։ Արթուր Օսիպյանը հայտնել էր, որ ռուս խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանի մուտքը արգելափակած մեքենային են մոտեցրել զրահափոխադրիչ։  Ռուս խաղաղապահներն Օսիպյանին հորդորել էին հեռացնել ավտոմքենան, հակառակ դեպքում կանցնեն դրա վրայով։
11:25 - 16 օգոստոսի, 2023
Խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանի մուտքը արգելափակած մեքենային զրահափոխադրիչ են մոտեցրել

Խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանի մուտքը արգելափակած մեքենային զրահափոխադրիչ են մոտեցրել

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ երեկոյան Արցախի Հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը և Արցախի մի խումբ քաղաքացիներ փակել էին ՌԴ խաղաղապահ զորախմբի ճանապարհը դեպի Ստեփանակերտի օդանավակայան։ Ակցիայի մասնակիցների պահանջը Լաչինի միջանցքի բացումն է։  Այսօր առավոտյան Արթուր Օսիպյանը հայտնեց, որ դեպի Ստեփանակերտի օդանավակայան մուտքը շարունակում է արգելափակված մնալ՝ կից հրապարակելով մուտքի մոտ կանգնած մեքենայի լուսանկարը։ Ավելի ուշ Արթուր Օսիպյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ ռուս խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանի մուտքը արգելափակած մեքենային են մոտեցրել զրահափոխադրիչ։  Ըստ Արթուր Օսիպյանի՝ ռուս խաղաղապահներն իրեն հորդորել են հեռացնել ավտոմքենան, հակառակ դեպքում կանցնեն դրա վրայով։ Օսիպյանը նաև կոչ է այսօր՝ ժամը 19։00-ին, հավաքվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, լուծելու տրանսպորտի հարցը, ապա իջնել Իվանյան։  
11:03 - 16 օգոստոսի, 2023
ՄԱԿ ԱԽ նիստից առաջ Ադրբեջանը փորձել է «անցակետում» դեպքն օգտագործել հերթական բեմականացման նպատակով․ Արցախի պետնախարար

ՄԱԿ ԱԽ նիստից առաջ Ադրբեջանը փորձել է «անցակետում» դեպքն օգտագործել հերթական բեմականացման նպատակով․ Արցախի պետնախարար

Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետով ՀՀ քաղաքացիների կողմից անարգել տեղաշարժի մասին Ադրբեջանի հայտարարությունն (14.08.2023) իրականությանը չի համապատասխանում։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Երբ Լաչինի միջանցքով հազիվ վերականգնվել է ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի միջոցով բուժառուներին ՀՀ բուժհաստատություններ տեղափոխելու գործընթացը և ամեն երթ կազմակերպելու համար մի քանի օր տևող բանակցություններ են վարվում, որպեսզի ԿԽՄԿ տարբերանշանը կրող մեքենայից քաղաքացիական անձ չառևանգվի, Ադրբեջանը երեկ տեղեկություն է հրապարակել, թե իբր տեսեք՝ ինչպես են ՀՀ քաղաքացիները անարգել անցնում Հակարիի կամրջի վրա տեղադրված «անցակետով»: Զարմանալիորեն այդ պահին նույն վայրում էին հայտնվել նաև թուրքական լրատվամիջոցները»,- նշել է Ներսիսյանը: Պետնախարարը գրել է, որ իրականում «անցակետով» անցած անձինք հանդիսանում էին Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմում քաղաքացիական ծառայություն իրականացնող անձինք, նրանք «անցակետ» են տեղափոխվել խաղաղապահ ուժերի կողմից և նրանց տրանսպորտային միջոցներով: «Իսկ ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստից առաջ Ադրբեջանը փորձել է այդ դեպքն օգտագործել հերթական բեմականացման նպատակով»,- ընդգծել է պաշտոնյան: «Տեսանյութերից ակնհայտորեն դիտվում է, թե ինչպես են ռուս խաղաղապահների տրանսպորտային միջոցները 14.08.2023թ. նրանց տեղակայման վայրից ճանապարհվում Լաչինի միջանցքի ուղղությամբ, և ինչպես են «անցակետում» խաղաղապահների տեղակայման վայրից մարդիկ անցնում Հայաստանի Հանրապետություն»,- եզրափակել է Գուրգեն Ներսիսյանը։
08:54 - 16 օգոստոսի, 2023
Պահանջում ենք ձեռնարկել համապատասխան քայլեր՝ զսպելու Ադրբեջանի հնարավոր սադրիչ գործողությունները․ Արցախի ԱԳՆ

Պահանջում ենք ձեռնարկել համապատասխան քայլեր՝ զսպելու Ադրբեջանի հնարավոր սադրիչ գործողությունները․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն ևս հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի տարածած ապատեղեկատվության կապակցությամբ, որում ասվում է. «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքում և խստիվ դատապարտում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող ստահոդ լուրերն այն մասին, թե իբր Արցախի ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում: Տեղեկատվական դաշտը նման կեղծ լուրերով լցնելով, ինչպես արդեն բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, Ադրբեջանը հող է նախապատրաստում հետագա սադրանքների իրականացման համար: Միջազգային դերակատարների և հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանն իրադրության լարման է գնում Արցախի խաղաղ բնակչությանը պարտադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ գումարելու Հայաստանի Հանրապետության պահանջից ընդամենը երկու օր անց: Սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետից միջազգային կառույցների ուշադրությունը շեղելու փորձ: Վերստին նշում ենք, որ 2022 թ. դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի անօրինական գործողությունների հետևանքով հայտնվել է լիակատար շրջափակման մեջ: Ավելին, 2023 թ. հունիսի 15-ից Արցախի ժողովուրդը զրկված է Լաչինի միջանցքով նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի միջոցով սննդամթերքի, դեղորայքի և կենսական նշանակության մնացած բոլոր ապրանքների անգամ նվազագույն քանակի ներկրման հնարավորությունից։ Այսպիսով միջազգային հանրության կողմից գործուն քայլերի բացակայության պայմաններում Ադրբեջանը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, միջազգային համընդհանուր իրավական նորմերը, ինչպես նաև Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդունված կոնկրետ միջազգային իրավական ակտերը, որոնց թվում են ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումները Լաչինի միջանցքի ապարգելափակման վերաբերյալ։ Պահանջում ենք միջազգային բոլոր դերակատարներից և, մասնավորապես, ՌԴ խաղաղապահ զորակազմից անհապաղ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ զսպելու Ադրբեջանի հնարավոր սադրիչ գործողությունները: Ստեղծված իրավիճակում հրամայական ենք համարում հնարավորինս հրատապ ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստի գումարումը՝ Լաչինի միջանցքի ամբողջական և անվերապահ ապարգելափակմանն ուղղված անհրաժեշտ և արդյունավետ միջոցների իրականացման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով»։
11:23 - 15 օգոստոսի, 2023