Սահման

Եթե ադրբեջանական կողմը բանակցություններով հետ չքաշվի, Հայաստանն ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ունի. Մարուքյան |armenpress.am|

Եթե ադրբեջանական կողմը բանակցություններով հետ չքաշվի, Հայաստանն ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ունի. Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սահմանային միջադեպի առնչությամբ հայկական կողմի ձեռնարկած միջոցներն այս պահին համարում է ճիշտ, կարծում է՝ եթե բանակցությունները արդյունք չտան, Հայաստանն ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ունի: Մարուքյանն այս մասին ասաց մայիսի 14-ին հրավիրված ասուլիսում: «Ակնհայտ է, որ սա ճգնաժամային իրավիճակ է, ադրբեջանական կողմը, հատելով հայկական պետական սահմանը, խախտել է մեր պետության օրենսդրությունը, տարածքային ամբողջականությունը և հայտնվել մի տեղում, որտեղ չպետք է հայտնվեր»,-ասաց Մարուքյանը: Ըստ նրա՝ այդ իմաստով հայկական կողմի գործողությունները կարող են լինել երկու ուղղությամբ: «Առաջինն այն էր, որ հենց ի սկզբանե հատելու ժամանակ փորձ արվեր կանխել և հարված հասցնել: Սակայն, իրավիճակն այնպիսին է, որ նրանք եկել այնտեղ, տեղակայվել են, նոր են հայտնաբերվել»,-ասաց Մարուքյանը: Հայտնաբերելուց հետո սկսվել են բանակցություններ: «Ես կարծում եմ, որ հայկական կողմը լեգիտիմ իրավունք ունի, որ եթե բանակցությունների արդյունքում Ադրբեջանը չվերադառնա, ապա կիրառի իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ ուժ կիրառի: Սակայն, այս պահին եղած բանակցությունները և միջոցները, որոնք կիրառվում են, կարծում եմ՝ ճիշտ է, պետք է բոլոր միջոցները սպառել, նոր մնա ուժի միջոցը: Սակայն, հույս կա, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ կքաշվի»,-ասաց Մարուքյանը: ԼՀԿ ղեկավարը շատ ճիշտ քայլ համարեց նաև ՀԱՊԿ-ին դիմելը՝ նշելով, որ ՀՀ սահմանում հասունանում է նոր էսկալացիա: Սա ԼՀԿ-ի համար ներքաղաքական բնույթի հարց չէ: «Մենք անվտանգության հարցն արտաքին թշնամու կողմից ստեղծված ճգնաժամը որևէ ձևով չենք օգտագործել ներքաղաքական նպատակներով և չենք օգտագործելու և նաև կոչ ենք անում մյուս բոլոր քաղաքական ուժերին անել նույնը: Եթե թշնամին ոտնձգություն է իրականացնում մեր սահմանների նկատմամբ, ապա այդ սահմանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանը չէ, այն Նիկոլ Փաշինյանի սահմանը չէ, դա ՀՀ սահմանն է, բոլորիս սահմանն է, և բոլորով մեկ մարդու պես պետք է կանգնենք ու այդ սահմանը պահենք, եթե բանակցելու գործ է, բանակցենք, եթե կռվելու գործ է, կռվենք»,-ասաց Մարուքյանը: ԱԺ պատգամավորներն օգտագործում են նաև խորհրդարանական դիվանագիտության հարթակը՝ իրազեկելու, թե ինչ է տեղի ունենում:
15:01 - 14 մայիսի, 2021
Փաշինյանը Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ կապված Պուտինից օգնություն չի խնդրել. Պեսկով |tert.am|

Փաշինյանը Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ կապված Պուտինից օգնություն չի խնդրել. Պեսկով |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանը ուրբաթ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի հետ կապված Մոսկվայի կողմից օգնության թեման: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:«Ոչ, Փաշինյանն օգնություն չի խնդրել: Իհարկե, հայկական կողմը ծայրաստիճան անհանգստություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ: Այս մտահոգությունը կիսել է նաև նախագահ Պուտինը: Եվ նախագահ Պուտինը շեշտել է եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը: Առաջին հերթին այն դրույթը, որը վերաբերում է հրադադարի ռեժիմի պահպանման հրաժեշտության մասին»,-ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը և Փաշինյանը քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնումը:
14:24 - 14 մայիսի, 2021
ՌԴ-ը պատրաստ է շարունակել նպաստել Հվ. Կովկասում իրավիճակի կարգավորմանը․ Զախարովան՝ Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակի մասին |tert.am|

ՌԴ-ը պատրաստ է շարունակել նպաստել Հվ. Կովկասում իրավիճակի կարգավորմանը․ Զախարովան՝ Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակի մասին |tert.am|

tert.am: Մենք ուշադրությամբ հետևում ենք ադրբեջանական և հայկական կողմերի միջև սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին: Այս մասին ասաց ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Tert.am-ի դիտարկմանն առ այն, թե Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին Սյունիքում և Գեղարքունիքում տեղի ունեցողի հետ կապված, և հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունեն դրա և նաև այն բանի վերաբերյալ, որ ՀՀ-ը առանձին ՌԴ-ին, որպես ռազմավարական գործընկեր, չի դիմել օգնության համար: «Մենք ելնում ենք նրանից, որ նման բոլոր դեպքերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ շարունակել նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը»,- ասված է պատասծանում։
13:01 - 14 մայիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի մասին

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի մասին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաև, որ ինքն այսօր հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ընթացակագրերի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար: Վլադիմիր Պուտինն անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան և հույս հայտնել իրավիճակի արագ կայունացման ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման վերաբերյալ: Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու իր տրամադրվածությունը` տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր վերադարձով:
11:33 - 14 մայիսի, 2021
Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին․ Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին․ Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

Մայիսի 13-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմմանուել Մակրոնը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող զարգացումների թեմայով հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ֆրանսիայի նախագահականի հաղորդագրությունը տարածել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը։   «Հանրապետության Նախագահը հիշեցրել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը։   Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին՝ այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։    
00:52 - 14 մայիսի, 2021
Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ, ընդգծել Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերման անհրաժեշտությունը

Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ, ընդգծել Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերման անհրաժեշտությունը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի` Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հետևանքով ստեղծված իրավիճակն ու այն հանգուցալուծելու քայլերը: Ֆրանսիայի նախագահն իր զորակցություն է հայտնել Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում: Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին մեր երկրի ու հայ ժողովրդի նկատմամբ մշտական ուշադրություն ցուցաբերելու և բարեկամական վերաբերմունք արտահայտելու համար:Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է հետագայում ևս իր նպաստը բերել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը, մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին:
00:49 - 14 մայիսի, 2021
Պաշտոնական Բաքվի հայտարարությունը՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ

Պաշտոնական Բաքվի հայտարարությունը՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է սահմանային իրավիճակին և այդ մասին հայտարարություն տարածել, հայտնում է az.sputniknews.ru-ն։«Ըստ 2020 թ.-ի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության, եղանակային պայմանների բարելավմամբ պայմանավորված, Ադրբեջանի սահմանապահ զորքերը տեղակայվում են Հայաստանի սահմանակից Լաչինի և Քելբաջարի (Քարվաճառ) շրջանների՝ Ադրբեջանի դիրքերում, որոնք ունեն լեռնային բարդ տեղանք և կլիմայական պայմաններ: Այս գործընթացն իրականացվում է կանոնավոր և համակարգված կերպով»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։«Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում իրականացվող սահմանների պաշտպանության համակարգի ամրապնդման միջոցառումներն իրականացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծը որոշող քարտեզների հիման վրա։ Անկախության վերականգնումից ի վեր՝ երկու երկրները, հասկանալի պատճառներով, չունեին պետական ​​սահման, և այդ պատճառով մենք խոսում ենք բարդ տեխնիկական գործընթացի մասին, որն այժմ ուղեկցվում է կողմերի միջև տարաձայնություններով: Զարմանալի է, որ հայկական կողմը ոչ ադեկվատ արձագանքեց այս գործընթացին և սադրիչ հայտարարություններ արեց: Մենք անընդունելի ենք համարում պաշտոնական շրջանակների փորձերը` այդ հարցը քաղաքական նպատակներով օգտագործելու համար՝ կապված Հայաստանում նախընտրական իրավիճակի հետ»:  Ադրբեջանի արգործնախարարության տվյալներով ՝ մայիսի 12-ից Ադրբեջանի պետական ​​սահմանապահ ծառայության ղեկավարությունը ուղարկվել է նշված տարածք, բանակցություններ են տարվում հայկական կողմի սահմանապահների հետ, և ձեռնարկվում են համապատասխան քայլեր իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:  «Մենք խորհուրդ ենք տալիս, որ Հայաստանի քաղաքական և ռազմական շրջանակները խուճապի չմատնվեն, ընդունեն միջպետական ​​սահմանային ռեժիմի իրողությունը Ադրբեջանի Զանգելան, Կուբաթլի, Լաչին և Քելբաջար շրջանների երկայնքով և անհիմն չսրեն իրավիճակը տարածաշրջանում։ Նման դեպքերը կարող են և պետք է լուծվեն երկու կողմերի զինվորականների փոխադարձ շփումների միջոցով:Իր հերթին, Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածության կարգավորմանը և կոչ է անում ձեռնարկել համապատասխան քայլեր»։  
23:19 - 13 մայիսի, 2021
ՀՀ դեսպանը Իրանի ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրել է Սյունիքում ստեղծված իրավիճակը

ՀՀ դեսպանը Իրանի ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրել է Սյունիքում ստեղծված իրավիճակը

Մայիսի 13-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհսեն Բահարվանդի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրեց մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը՝ անթույլատրելի համարելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը: ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի խնդրանքով դեսպան Թումանյանն ներկայացրեց լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցներն ընդգծեցին տարածաշրջանային անվտանգության ու կայունության սպառնալիքների չեզոքացման հրամայականը, այդ թվում՝ երկու երկրների համագործակցության միջոցով:
20:33 - 13 մայիսի, 2021
Հայաստանը պատրաստվում է դիմել ՀԱՊԿ-ին․ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ

Հայաստանը պատրաստվում է դիմել ՀԱՊԿ-ին․ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ

Արդեն երկրորդ օրն է՝ Սյունիքի մարզի Սեւ լճի շուրջ եւ մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է․ պատճառն այն է, որ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների որոշ խմբեր հատել են ՀՀ պետական սահմանը եւ Սեւ լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել։ ՀՀ ԶՈՒ-երը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել։ Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները մեր զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից։ Այս մասին այսօր ԱԽ նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս ընդգծեց, որ ո՛չ ՀՀ, ո՛չ էլ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների կողմից հրազենի կամ այլ զինատեսակի կիրառման դեպք չի գրանցվել։ Այնուամենայնիվ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում։  Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ իրադրության խոր եւ համակողմանի գնահատումն ակնհայտ է դարձնում, որ ադրբեջանցիների իրականացրածը սադրանք է, որը կարող է ունենալ շատ ավելի ընդարձակ ռազմաքաղաքական նպատակներ․ «Նկատի ունեմ՝ ադրբեջանցիները տվյալ տեղանքում հայ-ադրբեջանական սահմանը, հնարավոր է, հատել են ոչ թե տեղային խնդիրներ լուծելու, այլ ռազմական բախում սադրելու նպատակով։ Սրա մասին են վկայում հետեւյալ փաստերը․ առաջին, տվյալ տեղանքում իրենց գտնվելը Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները փորձում են բացատրել ակնհայտորեն կեղծված քարտեզների միջոցով՝ դրանցով փորձելով հիմնավորել, թե դա ադրբեջանական տարածք է։ Ինչպես արդեն նշել եմ՝ Խորհրդային միության ժամանակ հաստատվված քարտեզները միանշանակ են դարձնում, որ Ադրբեջանի այդ պնդումները որեւէ հիմք չունեն, ինչի մասին գիտեն հենց իրենք՝ ադրբեջանցիները։  Երկրորդ՝ սադրանքների մեկնարկի օրը Ադրբեջանը հայտարարեց մայիսի 16-ին 15 հազար զինծառայողների մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին։ Երրորդ՝ դեռեւս ապրիլի վերջին Ադրբեջանի նախագահը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հանդես եկավ բացահայտ սպառնալիքներով՝ ասելով, որ ուժի գործադրմամբ միջնացք կբացի Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ՝ ինչպես ինքն է հորջորջում՝ Զանգեզուրի միջանցքի տեսքով»,- հավելեց Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ տեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը, համաձայն որի՝ «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու եւ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»։ «Ելնելով վերը նշվածից՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարում եմ միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու եւ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։ Երկրորդ՝ միջոցներ միջոցներ ձեռնարկել՝ Հավաքական անվտանգության կազմակերպության՝ 2010-ի դեկտեմբերի 10-ի՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար։ Սույն կարգով սահմանվում է ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ուղղված որոշումներ ընդունելու մեխանիզմը։ Չնայած այս պահին իրադարձությունների նշված թատերաբեմերում հրաձգության եւ փոխհրաձգության դեպքեր չունենք, ՀԱՊԿ ընթացակարգերի արագ ձեռնարկումն անհրաժեշտ է իրադարձությունների հետագա սրում թույլ չտալու եւ ՀՀ տարածքային ամբողջականությունը, կայունությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելու համար, եւ այս միջոցները մենք ձեռնարկում ենք որպես ՀԱՊԿ անդամ։»,- եզրափակեց Փաշինյանը։
19:15 - 13 մայիսի, 2021
ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Սյունիքում իրավիճակի զարգացմանը և անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկվեն |armenpress.am|

ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Սյունիքում իրավիճակի զարգացմանը և անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկվեն |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ պաշտպանության նախարար պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ կայքը: «ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը, և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն Կոլեկտիվ անվտանգության Պայմանագրով ու ՀԱՊԿ Կանոնադրությամբ նախատեսված քայլեր», - ասվում է Կազմակերպության հաղորդագրությունում: Մայիսի 13-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀԱՊԿ մասնակից պետությունների մայրաքաղաքներին իրավիճակի մասին տեղեկություններ փոխանցելու նպատակով: Մայիսի 12-ին Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր:  
17:54 - 13 մայիսի, 2021
Սյունիքում ստեղծված իրավիճակը չափազանց մտահոգիչ է. Արմեն Սարգսյան

Սյունիքում ստեղծված իրավիճակը չափազանց մտահոգիչ է. Արմեն Սարգսյան

Սյունիքում ստեղծված իրավիճակը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գնահատում է չափազանց մտահոգիչ և կարևոր է համարում շուտափույթ հանգուցալուծումը: Այս մասին ասվում է ՀՀ նախագահի տարածած հայտարարության մեջ: «Հրատապ և անհետաձգելի է անհրաժեշտ բոլոր միջոցների ձեռնարկումը՝ անվերապահորեն պաշտպանելու Հայաստանի Հանրապետության, ՀՀ քաղաքացու շահերը և անվտանգությունը: Նախագահը և նախագահի աշխատակազմը մշտական կապի մեջ են պետական համապատասխան մարմինների հետ: Տեղեկատվություն է ստացվում նաև անմիջապես Սյունիքի մարզից: Նախագահի դիրքորոշումն է, որ երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն, դրանց նկատմամբ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է և պետք է արժանանա հստակ ու կտրուկ հակազդեցության, ինչպես նաև միջազգային արձագանքի: Իրավիճակի հետագա սրման, տարածաշրջանի առանց այն էլ զգայուն իրադրության խաթարման ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»,- ասված է հայտարարության մեջ:
17:51 - 13 մայիսի, 2021
Պետական սահմանը խախտած զինվորական համազգեստով անձանց մենք կարող ենք ձերբակալել․ ռազմական փորձագետ

Պետական սահմանը խախտած զինվորական համազգեստով անձանց մենք կարող ենք ձերբակալել․ ռազմական փորձագետ

Երեկ մամուլում մեկը մյուսի հետեւից հրապարակումներ եղան, ըստ որոնց հակառակորդը որոշակի գործողություններ է սկսել Սյունիքի Իշխանասարի, Սեւ լճի ուղղությամբ, եւ որ հայկական կողմից նույնիսկ վիրավորներ կան։ Որոշ ժամանակ անց ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբ՝ հերքելով Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին լուրերը եւ հայտնելով, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները, ըստ ՊՆ-ի, դադարեցրել են այդ աշխատանքները։   Իսկ երեկ ուշ երեկոյան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը Սեւ լիճ տեղանքում հատել են ՀՀ պետական սահմանը եւ խորացել մինչև 3,5 կիլոմետր: Մայիսի 13-ի առավոտյան Փաշինյանը հայտնեց, որ այս պահին ընթանում են բանակցություններ՝  իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի եւ դրա հնարավոր ելքերի մասին Infocom.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ։ Պետրոսյանցի խոսքով՝ Սյունիքում ռազմական գործողությւոններ չեն եղել, եւ խնդիրն առավել շատ քաղաքական դաշտում է։ Խոսելով տարածվող այն կարծիքների մասին, թե հայկական կողմը կարող էր գերի վերցնել ՀՀ պետական սահմանն անցած ադրբեջանցիներին, մեր զրուցակիցը մանրամասնեց․ «ՀՀ՝ միջազգայնորեն ընդունված պետական սահմաններից այս կողմ ցանկացած փոփոխության դեպքում հակառակորդ կողմը հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում կատարած կողմ, եւ մենք իրավունք ունենք ձերբակալելու կամ գերի վերցնելու։ Գերի վերցնել կարող ենք այն դեպքում, երբ մարտական գործողություններ են ընթանում։ Եթե մարտական գործողություններ չեն ընթանում, այլ պետության քաղաքացիները, որոնք հատել են սահմանը, պետք է ձերբակալվեն, եւ քանի որ հատել են պետական սահմանը ու զինվորական հագուստով են, զինված են, նշանակում է, որ կարող է դիվերսիոն խումբ լինել։ Կան տարբեր օրենքներ, որոնց հիման վրա կարող ես այդ գործողությունները կատարել եւ ձեռբակալել։ Բայց թե ինչու երեկ հայկական կողմը նման քայլեր չի իրականացրել՝ չեմ կաող ասել»։  Ռազմական փորձագետի կարծիքով՝ նման միջադեպերի կրկնությունը բացառված չէ, քանի դեռ հստակ որոշված, գծված եւ կառուցված չեն սահմանները։ Պետրոսյանցի խոսքով՝ բաց աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Սյունիքում սահմանները դեռ հստակեցված չեն, ինչի արդյունքում կողմերը կանգնում են նման միջադեպերի առջեւ․ երբ կլինի հստակ կառուցված սահման, արդեն ամեն ինչ կփոխվի։  Մեր զրուցակիցը մինչեւ աշուն չի կանխատեսում լայնածավալ ռազմական գործողություններ, քանի որ, ըստ նրա, մեր եղանակային պայմանները որոշակի սահմանափակում են ե՛ւ տեխնիկայի օգտագործումը, ե՛ւ ծագում են մարտական գործողություններին մասնակցող անձնակազմի մարտական ապահովման խնդիրներ․ «Եթե նայենք նաեւ պատմությունը, կտեսենք, որ 1988 թվականից մինչեւ հիմա մարտական գործողությունները հիմնականում եղել են աշնանը եւ գարնանը»,- նկատեց փորձագետը։ Խոսելով շրջանառվող այն լուրերի մասին, թե ադրբեջանական կողմը շրջանցել է հայկական դիրքերը եւ հայտվել Սեւ լճի տարածքում, Պետրոսյանցն ասաց՝ առհասարակ պաշտպանվող կողմը այնպիսի միջոցառումներ է կազմակերպում եւ ծառայությունը այնպես է կարգավորում, որ հակառակորդը հնարավորություն չունենա հատել սահմանը, իսկ հակառակորդի խնդիրը այն է, որ անցնի սահմանը։ Ռազմական փորձագետի կարծիքով՝ նման միջադեպերը կանխելու համար պետք է ամբողջապես պատրաստ լինել, պետք է նախապես իմանալ հակառակորդի պլանների մասին եւ լավ պատրաստվել, այդ թվում՝ տեխնիկապես։  «Ինձ թվում է, որ որպես այդ ՀԱՊԿ անդամ՝ մենք կարող ենք դիմել այս կազմակերպությանը, քանի որ խոսքը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին է։ Հարցը քաղաքական է, բայց դիմելուց հետո մենք կիմանանք, թե մեր դաշնակիցները, որքանով են մեր դաշնակիցները»,- ասաց Պետրոսյանցը՝ անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելու անհրաժեշտության մասին։ Իսկ ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե այն երեք կիլոմետրը, որն անցել է ադրբեջանական կողմը, ռազմական կարեւոր նշանակություն չունի, Պետրոսյանցն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա որեւէ հատված, որը ռազմական կարեւոր նշանակություն չունենա, որովհետեւ մարտական գործողությունների խորությունը, նրա պնդմամբ, ժամանակակից տեխնոլոգիաները փոխել են․ եթե նախկինում՝ 20-րդ դարում, այդ խորությունը կարող էր հասնել 200 կիլոմետրի, ապա այսօր կարող է հասնել 1000 կիլոմետրի․ «Խոսքը ոչ թե սահմանային ճակատի մասին է, այլ խորքային։ Հայաստանն ունի՞ այդքան տարածք, պատասխանը ոչ է։ Հետեւաբար ՀՀ-ում չկա մի հատված, որը ռազմական կարեւոր նշանկաություն չունենա»։ Ասպրամ Փարսադանյան
17:36 - 13 մայիսի, 2021