Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 8 մարդ |hetq.am|

Իրանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 8 մարդ |hetq.am|

hetq.am: Ութ մարդ զոհվել, ևս երկուսն անհետ կորել են Իրանի երեք օսթաններում (պրովինցիա) ուժեղ ջրհեղեղների հետևանքով։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 4-ին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Հասան Քուսիյան։  «Այս պահի դրությամբ Կարմիր մահիկի աշխատակիցները Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Թեհրան, Զենջան, Սեմնան, Ղազվին, Քուրդիստան, Քերման, Մազանդարան և Խորմոզգան պրովինցիաներում, ջրհեղեղի պատճառով, իրականացրել են փրկարարական աշխատանքներ… Ցավոք, զոհվել է 8 մարդ, որոնցից վեցը Ղազվին պրովինցիայում, մեկը՝ Արևմտյան Ադրբեջանում և ևս մեկը՝ Մազանդարանում»,- նրա խոսքերը մեջբերել է ISNA գործակալությունը։ Քուսիյան հավելել է, որ Ղազվինում կորել է նաև երկու մարդ, որոնց որոնումները շարունակվում են։ «Ընդհանուր առմամբ, փրկվել է 978 մարդ, որոնցից 3-ը ստացել են վնասվածքներ և տեղափոխվել բուժհաստատություններ»,- նշել է Իրանի Կարմիր մահիկի ներկայացուցիչը։ Իրանի հյուսիսարևմտյան հատվածում արդեն մեկ շաբաթ է շարունակվում են ջրհեղեղները, որը պայմանավորված է հորդառատ անձրևներով։ 
21:07 - 04 օգոստոսի, 2021
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ

Օգոստոսի 3-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Գեղարքունիքի մարզ։ Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ: Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը, մտահոգություն հայտնելով երկու երկրների սահմանային վեճերի շարունակության կապակցությամբ ընդգծել է երկու կողմերի զսպվածության և երկու երկրների միջև վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Նա իր ցավակցությունն է հայտնել վերջին ընդհարումների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին։ Պարզաբանելով բոլոր կողմերի` միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը, դեսպան Զոհուրին նշել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովումը բխում է տարածաշրջանի ժողովուրդների շահերից և հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման հարցում:
17:26 - 03 օգոստոսի, 2021
Իրանի ԱԳՆ-ն հերքել է Արաբական ծովում Mercer Street լցանավի դեմ հարձակման մեղադրանքները |tert.am|

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Արաբական ծովում Mercer Street լցանավի դեմ հարձակման մեղադրանքները |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մեղադրանքներն Արաբական ծովում իսրայելական Mercer Street լցանավի վրա հարձակման մեջ հակասական և անհիմն են: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին ասել է Իրանի ԱԳՆ ներկաայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:«Այդ մեղադրանքները բոլորավին անհիմն են: ԱՄՆ-ի և Բրիտանիայի այդ բոլոր հայտարարությունները հակասական արտահայտություններ են պարունակում: Նախ Իրանին մեղադրում են հարձակման մեջ` առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու, այնուհետև խոսում են այն մասին, որ դա հնարավոր էր»,- ասվում է ԱԳՆ ներկայացուցչի թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:Վերջինս հավելել է, որ Իրանն առանց հապաղելու կպաշտպանի իր ազգային շահերը, ինչպես նաև կարձագանքի ցանկացած հնարավոր արկածախնդրության, որն ուղղված կլինի իր դեմ:
17:17 - 02 օգոստոսի, 2021
Մեծ Բրիտանիան Իրանին մեղադրել է Արաբական ծովում Mercer Street լցանավի վրա հարձակվելու մեջ |tert.am|

Մեծ Բրիտանիան Իրանին մեղադրել է Արաբական ծովում Mercer Street լցանավի վրա հարձակվելու մեջ |tert.am|

tert.am: Լոնդոնը կարծիք է հայտնել, որ Իրանը պատասխանատվություն է կրում Արաբական ծովում ճապոնական Mercer Street լցանավի վրա իրականացված հարձակման համար, ինչի հետևանքով անձնակազմի երկու անդամ է մահացել, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի:«Կարծում ենք, որ դա միջազգային իրավունքի նորմերի նպատակաուղղված և ակնհայտ խախտում է Իրանի կողմից: Միացյալ Թագավորության իրականացրած գնահատման արդյունքում եզրակացություն է արվել, որ Իրանը հուլիսի 29-ին բարձր ճշգրտությամբ հարձակում է իրականացրել Mercer Street-ի վրա Օմանի ծոցի ափամերձ միջազգային ջրերում՝ կիրառելով մեկ կամ ավելի անօդաչու թռչող սարք»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասվում է թագավորության ԱԳՆ հայտարարության մեջ:Հայտարարության մեջ նաև ասվում է նավարկության ազատության ապահովման անհրաժեշտության և այն մասին, որ «Իրանը պարտավոր է դադարեցնել նման հարձակումներ իրականացնել»:
22:19 - 01 օգոստոսի, 2021
Խամենեին Իրանի նոր կառավարությանը խորհուրդ է տվել դասեր քաղել անցյալից և «չվստահել ԱՄՆ-ին» |tert.am|

Խամենեին Իրանի նոր կառավարությանը խորհուրդ է տվել դասեր քաղել անցյալից և «չվստահել ԱՄՆ-ին» |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանիի և նրա վարչակազմի հետ վերջին հանդիպման ընթացքում ասել է, որ Ռոհանիի նախագահության օրոք ակնհայտ է դարձել, որ Արևմուտքին վստահելն իմաստ չունի և նոր կառավարությունը դրանից դասեր է քաղելու, գրում է իրանական Tehran Times թերթը։ Ալի Խամենեին նշել է, որ «եթե Միացյալ Նահանգները հարվածներ չի հասցնում, ապա այդ պահին պարզապես միջոցներ չունի» և շեշտել, որ պատժամիջոցները չեղարկելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունները միայն թղթի վրա են, սակայն ո՛չ իրագործվել են, ո՛չ էլ իրագործվելու են։ Հանդիպման ավարտին Իրանի հոգևոր առաջնորդն ԱՄՆ-ի վարքը որակել է «դիտավորություն» և հաջորդ վարչակազմին խորհուրդ է տվել դասեր քաղել այս փորձից և այն հաշվի առնել։
10:56 - 29 հուլիսի, 2021
Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են |azatutyun.am|

Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են |azatutyun.am|

azatutyun.am: Իրանում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ ջրի պակասի և սոցիալական կացության վատթարացման կապակցությամբ: Մայրաքաղաք Թեհրանում ցուցարարները համարձակվել են բացահայտ և հրապարակավ քննադատել իսլամական հանրապետության ղեկավարներին, ինչը չափազանց հազվադեպ երևույթ է Իրանում: Ալբորզի վարչական շրջանի կենտրոն Քերեջ ավանում զայրացած ցուցարարները վանկարկել են «Մա՛հ բռնապետին» կարգախոսը: Թեհրանում նախօրեին մարդիկ վանկարկել են «Մի՛ վախեցեք, մի՛ վախեցեք, մենք միասին ենք» և «Քերաջից մինչև Խուզեսթան՝ միասնություն» կարգախոսները: Ցույցերը սկսվել են հուլիսի 15-ին Խուզեսթանի նահանգի տասնյակ ավաններում: Իրավիճակն Իրանում վատթարացել է երաշտի, կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի և ամերիկյան պատժամիջոցների արդյունքում տնտեսական անկման հետևանքով: Երաշտը, որն ամենածանրն է անցած 5 տասնամյակների ընթացքում, լուրջ հարված է հասցրել գյուղատնտեսությանը: Մի քանի տասնյակ ավաններում խափանվել է հոսանքի մատակարարումը: «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության հաղորդագրության համաձայն, Քերաջում մեծ թվով ցուցարարներ վանկարկում են «Ռեզա շահ, Աստված լուսավորի հոգիդ» կարգախոսը: Ռեզա Շահ Փահլավին արդիական Իրանի հիմնադիրն էր: Ցուցարարները նաև հայհոյում և անիծում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մաս կազմող «Բասիջ» անվամբ ռազմականացված ջոկատների ծառայողներին:
14:50 - 27 հուլիսի, 2021
Ռուսաստանն ինքն այժմ Covid-19-ի դեմ պատվաստանյութի պակաս ունի․ ՌԴ-ում Իրանի դեսպան |tert.am|

Ռուսաստանն ինքն այժմ Covid-19-ի դեմ պատվաստանյութի պակաս ունի․ ՌԴ-ում Իրանի դեսպան |tert.am|

tert.am: Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Մորգուլովի հետ հանդիպումից հետո նշել է, որ Ռուսաստանն ինքը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պակաս ունի, ուստի չեն կարող պատվաստանյութեր արտահանել որևէ երկիր, հայտնում է Tehran Times թերթը։Իրանի դեսպանն ու ՌԴ փոխարտգործնախարարը հանդիպման ընթացքում քննարկել են պատվաստանյութերին, իրանցի առևտրականներին և ուսանողներին վերաբերող հարցեր։«Պատվաստանյութերի վերաբերյալ իմ կողմից բարձրացված հարցին ի պատասխան նա նշեց, որ Ռուսաստանում այժմ արտադրության պակաս կա, և այս պահին որևէ երկիր պատվաստանյութ չի արտահանվում: Նա նշել է, որ Ռուսաստանը գործընթացի կարգավորումից հետո կկատարի իր պարտավորությունները», - իր ինստագրամյան էջում գրել է Մոսկվայում Իրանի դեսպանը։
10:17 - 26 հուլիսի, 2021
ԱՆԻՖ-ը և «Մասդար»-ը պլանավորում են Հայաստանում ևս մեկ 200 Մվտ հզորությամբ արևային կայանի կառուցման առաջարկ անել |armenpress.am|

ԱՆԻՖ-ը և «Մասդար»-ը պլանավորում են Հայաստանում ևս մեկ 200 Մվտ հզորությամբ արևային կայանի կառուցման առաջարկ անել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հետաքրքրությունների պետական ֆոնդը (ԱՆԻՖ) և արաբական «Մասդար» ընկերությունը պլանավորում են աշնանն առաջարկել Դաշտադեմում և Թալինում 200 Մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցմանը զուգահեռ նույն հզորությամբ ևս մեկ կայանի ներդրում: Այս մասին ասաց Հայաստանի հետաքրքրությունների պետական ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը: «Մենք՝ «Մասդար»-ի և ԱՆԻՖ-ի թիմը, աշնանը ևս 200 Մվտ-ի կառուցման առաջարկ ենք ներկայացնելու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Դա ամենայն հավանականությամբ կլինի էլ ավելի էժան սակագնով, քան այս պայմանագրով է ֆիքսվել  (նկատի ունի Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքներում կառուցվելիք 200 Մվտ հզորությամբ կայանի պայմանագիրը-խմբ.)»,-ասաց Փափազյանն ու պարզաբանեց՝ այսինքն 2.99 ցենտից էժան: Ֆոնդի տնօրենը հիշեցրեց, որ փոփոխություններ են արվել Պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքում: «Եթե օրենքը նախկինում շատ բարդ էր, և իմ անձնական կարծիքով թափանցիկ պատ էր հանդիսանում ՀՀ-ում այս ֆորմատով ներդրումներ անելու համար, ապա վերջերս ընդունված փոփոխությունները հնարավորություն են տալիս երկկողմանի բանակցություններով այս մասշտաբի ծրագրեր իրականացնել»,-ասաց Փափազյանը: Նոր 200 Մվտ հզորությամբ կայանի տեղն արդեն պլանավորել են, այն կլինի Արագածոտնից ոչ հեռու։ Ավելին՝ armenpress.am-ում
09:57 - 23 հուլիսի, 2021
Իրանն ու ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագրի կնքման բանացկություններ են սկսում |civilnet.am|

Իրանն ու ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագրի կնքման բանացկություններ են սկսում |civilnet.am|

civilnet.am: Հուլիսի 21-ին Թեհրանում Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև կայացել է ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցերով բանակցային պատվիրակությունների հանդիպումը: Այն կփոխարինի 2019-ի հոկտեմբերից գործող ժամանակավոր համաձայնագրին, որը կնքված էր եռամյա ժամկետով: Ինչպես հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությունը, միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկել են առաջիկա բանակցություններին տեխնիկական առաջադրանքի նախագիծը, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել փաստաթղթի հնարավոր լրացման շուրջ: «Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել ընթացիկ ժամանակավոր համաձայնագրի համեմատ մեր փոխգործակցության նոր խնդիրների՝ ապրանքային ընդգրկման ընդլայնման, ոլորտային համագործակցության աջակցության և պետական գնումների անցկացման թափանցիկության բարձրացման վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, որ հաշվի առնելով երկու կողմերի բանակցությունների նկատմամբ մոտեցումների նմանությունը, աշխատանքի էական ծավալը կարող է իրականացվել սեղմ ժամկետում»,- նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: Նշվում է, որ համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ամբողջական ձևաչափով առաջին փուլը նախատեսված է ընթացիկ տարվա սեպտեմբերին: 2019-ից գործող ազատ առևտրի համաձայնագիրը դրական ազդեցություն է ունեցել ԵԱՏՄ-ի և արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող Իրանի միջև առևտրային կապերի ակտիվացման հարցում: Այսպես, 2020-ին ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 18,5 տոկոսով՝ 2019-ի ցուցանիշների համեմատությամբ՝ հասնելով 2,9 մլրդ դոլարի: 2021-ի հունվար-մարտ ամիսներին Իրանի հետ ԵԱՏՄ երկրների ապրանքաշրջանառությունը 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 33,8 տոկոսով: ԵԱՏՄ երկրներից Իրան արտահանումը 2021-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 43,5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 20 տոկոսով: Իրանի հետ ԵԱՏՄ-ի առևտրում ամենամեծ մասնաբաժինը պատկանում է Ռուսաստանին (78,6 տոկոս): Ղազախստանի մասնաբաժինը 11,2 տոկոս է, Բելառուսի մասնաբաժինը՝ 0,7 տոկոս, Հայաստանի մասնաբաժինը՝ 8,9 տոկոս, Ղրղզստանի մասնաբաժինը՝ 0,7տոկոս։ Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը 2018-ի մայիսին ժամանակավոր համաձայնագիր էին կնքել ազատ առևտրի գոտու մասին, որն ուժի մեջ է մտել 2019-ին: Բանակցությունների արդյունքում, որոնք սկսվել են 2016 թվականից, պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ առևտրում ներմուծման մաքսատուրքերի նվազեցման մասին՝ երեք տարի ժամկետով ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև հաստատված մի շարք ապրանքների նկատմամբ:
12:19 - 22 հուլիսի, 2021
Մեկնարկել են ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները |armenpress.am|

Մեկնարկել են ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները |armenpress.am|

armenpress.am: Թեհրանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ երկրների ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցերով համապատասխան պատվիրակությունների հանդիպումը: Կնքվելիք համաձայնագիրը փոխարինելու է 2019 թվականի հոկտեմբերին կնքված Ժամանակավոր համաձայնագրին: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչությունը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնևը հայտնել է, որ հանդիպման արդյունքներով ձեռք են բերվել պայմանավորվածություններ փոխգործակցության նոր խնդիրների քննարկման վերաբերյալ, որոնք առնչվում են ապրանքային ծածկույթի ընդլայնմանը, արդյունաբերական համագործակցության աջակցմանը, պետական գնումների թափանցիկության ավելացմանը: Համաձայնագրի կնքման համար առաջին ամբողջական ձևաչափով բանակցությունների փուլը նախատեսված է այս տարվա սեպտեմբերին:
19:38 - 21 հուլիսի, 2021