ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Քաղաքացին Արցախում զոհվածի հարազատի անունից Facebook–ով գումար է խնդրել Կանադայում ապրող նրա բարեկամից․ երիտասարդը կալանավորվել է խարդախության համար․ ՔԿ

Քաղաքացին Արցախում զոհվածի հարազատի անունից Facebook–ով գումար է խնդրել Կանադայում ապրող նրա բարեկամից․ երիտասարդը կալանավորվել է խարդախության համար․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է 23-ամյա երիտասարդի կողմից խարդախությամբ խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժինը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ երիտասարդը տեղյակ լինելով, որ Արարատի մարզի բնակչի թոռը զոհվել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում, խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, խաբեությամբ ձեռք բերելով Արարատի մարզի բնակչի անվամբ գրանցված  ֆեյսբուքյան էջ մուտք գործելու հնարավորություն, «Messenger» հավելվածի միջոցով նամակագրական կապ է հաստատել Կանադայում բնակվող վերջինս ծանոթ կնոջ հետ և զոհված թոռան գերեզմանատան ծախսերը հոգալու պատրվակով խնդրել է որպես օգնություն գումար ուղարկել: 23-ամյա տղայի կողմից նշված անձանց անվամբ դրամական փոխանցումների համակարգով կինը կատարել է խոշոր չափերի՝ 1.606.637 դրամի փոխանցում, ինչը երիտասարդը խաբեության եղանակով հափշտակել է: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
18:01 - 23 հուլիսի, 2021
Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, կալանավորվել է, իսկ Նարեկ Կարապետյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, կալանավորվել է, իսկ Նարեկ Կարապետյանին ձերբակալելու որոշում է կայացվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2021 թ. հուլիսի 18-ին Երևանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևանի բնակիչ Ռոբերտ Սուքիասյանն է:Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ռոբերտ Սուքիասյանը, երթևեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, 2021 թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի և մի խումբ անձանց հետ վիճաբանել է Ն.Կարապետյանի  և նրա ընկերոջ հետ, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ նշված անձինք հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց: Այդ ընթացքում Ռոբերտ Սուքիասյանը, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, նախ` գլխով, ապա՝ բռունցքով, հարվածել է Ն.Կարապետյանի դեմքին, որից հետո հանել ու ցուցադրաբար լիցքավորել է օրինական հիմունքներով իրեն պատկանող BROWNING տեսակի 9 x 17 տրամաչափի մարտական ատրճանակը, ապա՝ շարունակելով խուլիգանական գործողությունները՝ նշված ատրճանակից 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ՝ գետնին՝ շրջապատում գտնվող անձանց մոտ առաջացնելով վախի մթնոլորտ:Այնուհետև Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաև Նարեկ Կարապետյանի  ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք և հեռացել:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ Նարեկ Կարապետյանին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը: Նախաքննությունը շարունակվում է:
13:27 - 22 հուլիսի, 2021
Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել դիրքի ավագին, նա կալանավորվել է. ՔԿ

Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել դիրքի ավագին, նա կալանավորվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում՝ ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ լեյտենանտ Հ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով: Այս մասին հայտնում է ՔԿ-ն:Մասնավորապես՝ 2021թ. հուլիսի 16-ին` ժամը 21:40-ի սահմաններում, զորամասի կրակային դիրքում լեյտենանտ Հ.Ա.-ն զեկույց ստանալով, որ դիրքի տարածքում հակառակորդի ենթադրյալ շարժ է նկատվել, իրականացրել է դիտարկում և տեղանքի ուսումնասիրություն, որի ընթացքում, ժամը 21:45-ի սահմաններում շարժ նկատելով, խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգից մենահատ կրակոցներ արձակել հիշյալ ուղղությամբ, ինչի հետևանքով ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մահացու վնասվածք՝ առաջացնելով ծանր հետևանքներ:Լեյտենանտի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:34 - 20 հուլիսի, 2021
Երասխ համայնքի ղեկավարի՝ բեկորային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երասխ համայնքի ղեկավարի՝ բեկորային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Ռաֆիկ Օղիկյանի՝ բեկորային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու հատկանիշներով: 2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արարատի մարզի Երասխ գյուղի վարչական շրջանի ղեկավար Ռադիկ Ռաֆիկ  Օղիկյանը, գտնվելով ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, հակառակորդի հետ փոխհրաձգության ընթացքում ստացել է բեկորային վնասվածք՝ աջ բազկի շրջանում: Դեպքի առթիվ Քքննչական կոմիտեի ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
12:28 - 20 հուլիսի, 2021
Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է Ամիրյան փողոցում կրակոցների դեպքին

Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է Ամիրյան փողոցում կրակոցների դեպքին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է նախորդ օրը Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին: Սուքիասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն իր համար անընդունելի է: «Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո: Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»,-գրել է նա: Ավելի վաղ քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2021թ. հուլիսի 18-ին ժամը 19:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում կրակոցներ են: Նույն օրը հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի՝ ծնված 1979թ։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխված անձը հրազենային մարմնական վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նախնական տվյալներով՝ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում՝ մայթեզրին, վիճաբանել են իրար հետ, հարվածներ հասցրել միմյանց, որի ժամանակ ներկաներից մեկը ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել: Լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, թե կրակողը Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է:
21:37 - 19 հուլիսի, 2021
Քննչական կոմիտեն պարզում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքները

Քննչական կոմիտեն պարզում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքները

2021թ. հուլիսի 18-ին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը Արարատի մարզի Լանջազատ համայնքի տարածքում գտնվող հանգստյան գոտում ծառայություն իրականացնելիս՝ ժամը 20.40-ի սահմաններում, նկատել է, որ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ երկու անձինք թմրանյութ են օգտագործում, և ցանկացել է նրանց բերման ենթարկել, սակայն հարակից տաղավարում գտնվող անձինք խոչընդոտել են բերման ենթարկելու գործընթացը, չեն ենթարկվել օրինական պահանջներին, հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ինքը վայր է ընկել, իսկ ուսադիրը պոկվել է: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նախնական տվյալներով՝ Լանջազատ համայնքում մի խումբ անձինք մասնակցել են խնջույքի, որի ժամանակ նկատել են, որ ոստիկանները ցանկանում են բերման ենթարկել խնջույքի մասնակիցներից մեկի ընկերոջը: Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ ներկաները խոչընդոտել են ոստիկանների աշխատանքը, որի ընթացքում հայհոյել են ու հարվածներ հասցրել ոստիկաններից մեկին: Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրած երկու անձանց ինքնությունը: Վերջիններս որպես կասկածյալ հարցաքննվել են՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ, կատարվել են առերես հարցաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:48 - 19 հուլիսի, 2021
Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ ձերբակալվել է դիրքի ավագը

Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ ձերբակալվել է դիրքի ավագը

2021թ. հուլիսի 16-ին` ժամը 21:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Խաչատուրի Ղազարյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա.Ղազարյանը մահացել է: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է դիրքի ավագ, լեյտենանտ Հ.Ա-ն: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:59 - 19 հուլիսի, 2021
Կրակոցներ՝ Ամիրյան փողոցում. հարուցվել է քրեական գործ

Կրակոցներ՝ Ամիրյան փողոցում. հարուցվել է քրեական գործ

2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում կրակոցներ են: Նույն օրը հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի՝ ծնված 1979թ.։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխված անձը հրազենային մարմնական վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նախնական տվյալներով՝ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում՝ մայթեզրին, վիճաբանել են իրար հետ, հարվածներ հասցրել միմյանց, որի ժամանակ ներկաներից մեկը ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել:Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են 9մմ տրամաչափի 3 հատ  պարկուճ և արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ,  նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ, հարցաքննվել եմ մի շարք վկաներ, կատարվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունների զննություններ։Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթը, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը, ինքնությունը պարզելու, նրանց, ինչպես նաև՝ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:00 - 19 հուլիսի, 2021
Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը կալանավորվել է․ Քննչական կոմիտե

Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը կալանավորվել է․ Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՝ Սիսիանի համայնքապետարանում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն այսօր՝ 2021թ. հուլիսի 17-ին, կալանավորվեց՝ պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, տեղեկացնում է Քննչական կոմիտեն:Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արթուր Սարգսյանը, 2016թ. հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:Նրա նախաձեռնությամբ, 2016թ. դեկտեմբերին, Սիսիանի համայնքապետարանի միջոցներից շուրջ 10.000.000 ՀՀ դրամի չափով համայնքի կարիքների համար գնում կատարելու նպատակով, կազմակերպվել է Սիսիանի «էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացումը:Այդ նպատակով, Ա.Սարգսյանի որոշմամբ, ստեղծվել է մրցույթի գնահատող հանձնաժողով, որի որոշմամբ մրցույթի հաղթող է ճանաչվել Սարգսյանների ընտանիքի մերձավորին պատկանող ՍՊԸ-ն՝ առաջարկելով 10.230.000 ՀՀ դրամ, մինչդեռ մրցույթի մասնակցության հայտ է ներկայացրել նաև մեկ այլ ՍՊ ընկերություն՝ առաջարկելով ավելի ցածր գին՝ 6.598.950 ՀՀ դրամ:Այնուհետև համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձի կողմից, խմբային շահերից ելնելով, կազմվել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, կապալի աշխատանքների կատարման ժամանակահատվածի վերաբերյալ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն՝ պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ ակտ, որից հետո համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն անձնական և շահադիտական այլ դրդումներով, կազմել և իր ստորագրությամբ ու կնիքով վավերացրել է իրականությանը չհամապատասխանող և բովանդակային կեղծ տեղեկություն պարունակող պաշտոնական փաստաթուղթ՝ Սիսիան համայնքի «է.Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի կարիքների համար ջեռուցման համակարգի տեղակայման աշխատանքների կատարողական ակտ:Արդյունքոմ՝ համայնքի ղեկավարի և մրցութային հանձնաժողովի անդամների կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է 3.631.050 ՀՀ դրամի գույքային վնաս:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նախօրեին Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
22:51 - 17 հուլիսի, 2021
Սիսիանի համայնքապետը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման համար․ ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել

Սիսիանի համայնքապետը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման համար․ ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Սիսիան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արթուր Սարգսյանը, 2016թ. հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես՝ համայնքի ղեկավար Ա.Սարգսյանի նախաձեռնությամբ, 2016թ. դեկտեմբերին, Սիսիանի համայնքապետարանի միջոցներից շուրջ 10.000.000 ՀՀ դրամի չափով համայնքի կարիքների համար գնում կատարելու նպատակով, կազմակերպվել է Սիսիանի «էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացումը: Քննության տվյալներով՝ մինչև գնման ընթացակարգեր նախաձեռնելը, համայնքի ղեկավարի և նրա եղբոր նախնական համաձայնությամբ արդեն իսկ կանխորոշված է եղել, որ աշխատանքներն իրականացվելու են վերջինիս պատկանող ՍՊ ընկերության կողմից: Ավելին՝ վերջինիս տնօրենը, մինչ մրցույթ հայտարարելը, անձամբ ուսումնասիրել և ծանոթացել է հայտարարվող մրցույթի նախագծա-նախահաշվային փաստաթղթերին: «Այնուհետև, ձևական գնման գործընթաց կազմակերպելու նպատակով, համայնքի ղեկավարի՝ 2016թ. որոշմամբ ստեղծվել է մրցույթի գնահատող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են համայնքապետարանի աշխատակիցները, գնահատող հանձնաժողովի կողմից գնման հրավերը հրապարակվել է էլեկտրոնային գնումների համակարգի՝ «armeps.am» կայքում, սակայն Ա.Սարգսյանի եղբորը պատկանող ընկերության կողմից մուտք գործելու հետ կապված խոչընդոտներ առաջանալու պատճառով վերջինիս նախաձեռնությամբ և նրա փոխարեն գնմանը մասնակցության հայտ է ներկայացրել Սարգսյանների ընտանիքի կնքահորը պատկանող ՍՊԸ-ն՝ ներկայացրած հայտին կից գնի առաջարկի համաձայն՝ առաջարկելով 10.230.000 ՀՀ դրամ: Հրավերով նախատեսված հայտերի բացման օրը՝ 2016 թվականի դեկտեմբերի 26-ին, մասնակցության հայտ է ներկայացրել նաև մեկ այլ ՍՊ ընկերություն՝ առաջարկելով ավելի ցածր գին՝ 6.598.950 ՀՀ դրամ: Գիտակցելով ավելի նվազ գնային առաջարկ ներկայացնելու ու դրանով պայմանավորված՝ մրցույթին այդ ընկերության կողմից հաղթող ճանաչվելու անխուսափելիությունը՝ Ա.Սարգսյանը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանձնարարել է գնահատող հանձնաժողովի քարտուղարին ստեղծել նշված ընկերության հայտը մերժելու արհեստական հիմքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ գնահատող հանձնաժողովի անդամներն ու քարտուղարը, համայնքի ղեկավարին չհակադրվելու, վերջինիս հանձնարարությունն անվերապահ կատարելու խմբային շահերից ելնելով, տվյալ ժամանակահատվածում գործողության մեջ գտնվող «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով, ավելի քիչ գնային առաջարկ ներկայացրած ՍՊ ընկերության հայտը բավարար գնահատելու մրցույթի հաղթող ճանաչելու փոխարեն, անհիմն մերժել են ներկայացված հայտը և տուժանքի համաձայնագրի վճարման պահանջագրի լրացման կարգը գնահատել անբավարար՝ արձանագրելով, որ բացակայում է շահառուի անվանումը, պատճառաբանելով, թե համապատասխան տեղերում չեն արվել անհրաժեշտ նշումները: Մինչդեռ, համաձայն հենց համայնքապետարանի կողմից հրապարակված մրցույթի հրավերի, ներկայացվող վճարման պահանջագրերի համապատասխան նշված տեղերը ենթակա են եղել լրացման հենց մրցույթային հանձնաժողովի կողմից: «Այսինքն՝ մրցութային հանձնաժողովը, իր պարտականությունը վերագրելով որպես ՍՊ ընկերության բացթողում, առանց օրինական հիմքի, մերժել է առավել ցածր գնային առաջարկ ներկայացրած ընկերության հայտը՝ դիտավորությամբ անտեսելով համայնքի ղեկավարի ընտանիքի կնքահորը պատկանող ՍՊ ընկերության կողմից ներկայացրած վճարման պահանջագրում բացթողման հանգամանքը: Արդյունքում՝ մրցույթում առավել ցածր գին առաջարկած մասնակցի փոխարեն հաղթող է ճանաչվել բարձր գին առաջարկած, համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված ՍՊԸ-ն, որի հետ 2016թ. դեկտեմբերի 27-ին կնքվել է վերը նշված աշխատանքների կատարման գնման պայմանագիրը, իսկ վերջինս էլ նույն օրն իր հերթին ենթակապալի պայմանագիր է կնքել համայնքի ղեկավարի եղբորը պատկանող ՍՊ ընկերության հետ: Դրանից ընդամենը երկու օր անց՝ 29.12.2016թ., համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձի կողմից, խմբային շահերից ելնելով, կազմվել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, կապալի աշխատանքների կատարման ժամանակահատվածի վերաբերյալ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն՝ պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ ակտ, որից հետո համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն անձնական և շահադիտական այլ դրդումներով, կազմել և իր ստորագրությամբ ու կնիքով վավերացրել է իրականությանը չհամապատասխանող և բովանդակային կեղծ տեղեկություն պարունակող պաշտոնական փաստաթուղթ՝ Սիսիան համայնքի «է.Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի կարիքների համար ջեռուցման համակարգի տեղակայման աշխատանքների կատարողական ակտ, մինչդեռ աշխատանքներն իրականում կատարվել են 2017թ. հունվարին»,- հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և մրցութային հանձնաժողովի անդամների կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս, համայնքապետի կողմից կազմված պաշտոնական բնույթ կրող կեղծ փաստաթղթի հիման վրա համայնքապետարանի բյուջեից կապալառու կազմակերպությանն անհիմն հատկացվել է 10.230.000 դրամ գումար՝ Սիսիան համայնքին պատճառելով 3.631.050 ՀՀ դրամի գույքային վնաս: Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու համար: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:17 - 17 հուլիսի, 2021
Արգիշտի Քյարամյանը առաջին խորհրդակցությունն է անցկացրել Քննչական կոմիտեի և Դեպարտամենտի աշխատակիցների հետ

Արգիշտի Քյարամյանը առաջին խորհրդակցությունն է անցկացրել Քննչական կոմիտեի և Դեպարտամենտի աշխատակիցների հետ

Արգիշտի Քյարամյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո, այսօր առաջին խորհրդակցությունն անցկացրեց Կոմիտեի և Դեպարտամենտի աշխատակիցների հետ: Այս մասին հայտնում է ՔԿ-ի պաշտոնական կայքը։ «Իր խոսքում ՔԿ նախագահը նշեց, որ քննիչի աշխատանքը հոգեհարազատ է իրեն: Իրավաբանական կրթություն ստանալուց հետո այն եղել է իր առաջին աշխատանքը:Արգիշտի Քյարամյանը, վստահության համար շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետի պաշտոնակատարին և Կառավարությանը, շեշտեց, որ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնն իրեն է փոխանցվել մի մարդուց, ում աշխատանքը, նվիրվածությունը և պատասխանատվությունը լավագույն օրինակ են հանդիսացել համակարգի բոլոր աշխատողների համար. «Հայկ Գրիգորյանի հետ մենք եղել և կմնանք լավ ընկերներ»,- ասաց ՔԿ նախագահը:Անդրադառնալով համացանցում տարածված այն լուրերին, թե Քննչական կոմիտեում կադրային ջարդ է սպասվում, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը մասնավորապես նշեց, որ դա ամենևին էլ այդպես չէ. «Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ աշխատելու ընթացքում ես տեսել եմ պրոֆեսիոնալների մի մեծ խումբ, որոնց հետ շարունակելու եմ աշխատել նաև հետագայում: Պետք է հստակեցնել աշխատանքի սկզբունքներն ու մոտեցումները. չի լինելու աշխատանքի իմիտացիա. անընդունելի է խոսել աշխատանքի մասին ու չաշխատել»:Հաջորդ հանգամանքը, որը կարևորեց ՔԿ նախագահը, պատասխանատվությունն է, առանց որի հնարավոր չէ աշխատել:Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը բոլորին մաղթեց բարի ծառայություն և հաջողություն հետագա համատեղ աշխատանքում»։ Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ՀՀ կառավարության արտահերթ նիստի ընթացքում որոշում էր կայացվել Հայկ Գրիգորյանին ազատել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել Արգիշտի Քյարամյանին։
15:16 - 14 հուլիսի, 2021
Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Գորիսում կրակոցների դեպքից

Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Գորիսում կրակոցների դեպքից

 Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտնում է Գորիսում կրակոցների դեպքի մասին, որի հետևանքով կան վիրավորներ: ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը. «2021թ. հուլիսի 14-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով մոտակա շենքերի բնակիչների նկատմամբ, զենքի և որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը՝ իրենց մոտ ապօրինի պահվող հրազենով ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ կրակոցներ են արձակել Գորիս քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չեն հասցրել վերջիններիս  սպանելու հանցավոր դիտավորությունը, քանի որ նրանք տեղափոխվել են «Գորիսի» բժշկական կենտրոն և ստացել անհրաժեշտ բուժօգնություն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:  Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել  ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին: Կատարվել են առգրավումներ, զննություններ,հարցաքննվել են մի շարք անձինք: Կատարվում է նախաքննություն»:
13:15 - 14 հուլիսի, 2021
Քննչական կոմիտեից ակնկալում եմ ավելի արդյունավետն և վճռական գործողություններ. Նիկոլ Փաշինյանը ՔԿ կոլեգիայի անդամներին է ներկայացրել Արգիշտի Քյարամյանին

Քննչական կոմիտեից ակնկալում եմ ավելի արդյունավետն և վճռական գործողություններ. Նիկոլ Փաշինյանը ՔԿ կոլեգիայի անդամներին է ներկայացրել Արգիշտի Քյարամյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՔԿ արդեն նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին՝ վերջին երեք տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: «Ուզում եմ ընդգծել, որ պարոն Գրիգորյանի մասնագիտական և մարդկային հատկանիշները շատ բարձր եմ գնահատում և պիտի ասեմ, որ մենք արդեն խոսել ենք՝ պարոն Գրիգորյանի ներուժը կներառվի պետական կառավարման համակարգում, այդ հարցն առաջիկայում կքննարկենք և որոշում կկայացնենք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արգիշտի Քյարամյանին՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելու առթիվ: «2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր փուլ ենք մտնում և այդ փուլի առանձնահատկությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մանդատ են տվել իշխանությանը՝ ՀՀ-ում հաստատելու օրենքի և իրավունքի դիկտատուրա: Նոր պայմաններում Քննչական կոմիտեից ակնկալում եմ ավելի արդյունավետ գործողություններ, ավելի վճռական գործողություններ և ավելի հատուկ գործողություններ՝ ժողովրդի ակնկալիքները բավարարելու համար: Իհարկե շատ կարևոր աշխատանք է արվել, սակայն շարունակաբար պիտի աշխատենք նախաքննության արդյունավետությունը, տեմպերը և արդյունավետ ելքերն ապահովելու ուղղությամբ: Հույս ունեմ, որ պարոն Քյարամյանի ղեկավարությամբ այդ աշխատանքը կիրականացվի: Համոզված եմ, որ պարոն Գրիգորյանն իր ահռելի փորձով աջակից կլինի պարոն Քյարամյանին՝ այդ գործունեության մեջ: Պարոն Գրիգորյան, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ կատարած աշխատանքի և ընդհանրապես Ձեր պատրաստակամության համար՝ շարունակելու ծառայությունն այլ կարգավիճակում՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Պարոն Քյարամյան, ցանկանում եմ հաջողություններ մաղթել այս կարևոր պաշտոնում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետի պաշտոնակատարին ընձեռված հնարավորության և բարձր վստահության համար: «Պարոն վարչապետ, 3 տարի անընդմեջ Դուք բոլոր հարցերով Քննչական կոմիտեի կողքին եք կանգնել, բոլոր խնդիրները, որոնք ծառացել են՝ կազմակերպչական բնույթի, բարոյահոգեբանական մթնոլորտը, սոցիալական երաշխիքներն ապահովելու առումներով, միշտ ընդառաջել եք ինձ և Քննչական կոմիտեի ողջ անձնակազմին: Մշտապես բարձր վստահություն է եղել մեր նկատմամբ և թույլ տվեք խորին շնորհակալություն հայտնել Ձեզ և իմ գործընկերներին»,- ասել է ՔԿ նախկին նախագահը: Հայկ Գրիգորյանը նշել է, որ վերջին 7 ամիսների ընթացքում աշխատել է Արգիշտի Քյարամյանի հետ և բարձր է գնահատում նրա անձնական, մասնագիտական, բարոյահոգեբանական հատկանիշները: Իր հերթին, ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանը ևս շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ու կառավարությանը՝ երկրի համար կարևոր ժամանակահատվածում այս պատասխանատու պաշտոնը վստահելու համար: Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել նաև Հայկ Գրիգորյանին՝ համատեղ աշխատանքի համար: «Պարոն վարչապետ, վստահեցնում եմ՝ Քննչական կոմիտեի առջև ծառացած յուրաքանչյուր խնդիր լուծվելու է արագ, արդյունավետ և օրենքի տառին համապատասխան»,- նշել է Արգիշտի Քյարամյանը:
12:26 - 14 հուլիսի, 2021