Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։ Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 27-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Անթալիայի ֆորումին մասնակցելու հրավեր են ուղարկել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարին և Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն էլ հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը ևս մարտին կայցելի Թուրքիա և կմասնակցի Անթալիայի ֆորումին, սակայն  ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը հերքել էր տեղեկությունը՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։
14:48 - 07 մարտի, 2022
Արարատ Միրզոյանը և Ջեյմս Քլեվերլին հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին

Արարատ Միրզոյանը և Ջեյմս Քլեվերլին հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին

Մարտի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Ջեյմս Քլեվերլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նշելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել բրիտանական կողմի նախաձեռնությամբ։ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ջեյմս Քլեվերլիին պետնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության մեջ։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ նշելով, որ անցած ժամանակաշրջանում մեծ աշխատանք է կատարվել երկկողմ հարաբերությունների կայացման ուղղությամբ: Կողմերն ընդգծել են ընդհանուր արժեքների և փոխվստահության վրա հիմնված համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու պատրաստակամությունը։ Ընդգծվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի նշանակությունը՝ այս համատեքստում կարևորելով նաև Միացյալ Թագավորության կողմից ցուցաբերված աջակցությունը։Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի, ինչպես նաև՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը:Անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, իսկ հարյուրավոր անհետ կորածների, այդ թվում՝ տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված: Քննարկվել են նաև միջազգային օրակարգին վերաբերող այլ հարցեր:
17:40 - 04 մարտի, 2022
Կշռադատված և սթափ մոտեցումների որդեգրումը հրամայական է. Արարատ Միրզոյան

Կշռադատված և սթափ մոտեցումների որդեգրումը հրամայական է. Արարատ Միրզոյան

Մարտի 2-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ անդամակցություն 30-ամյակին և Դիվանագետի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, հասարակաքաղաքական գործիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նշելով, որ ելույթով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՄԱԿ-ում ՀՀ առաջին մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթերս Յահիյան, որը ներկայացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի ուղերձը։ Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև նորանշանակ դիվանագետներին վկայականներ հանձնելու հանդիսավոր արարողությունը, ինչպես նաև հայտարարվել է բարձրագույն դիվանագիտական աստիճանների շնորհման մասին։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է․ «Մեծարգո' Հանրապետության նախագահի պարտականություններ կատարող, Մեծարգո' պարոն վարչապետ, Գործադիր, օրենսդիր, դատական մարմինների հարգելի' գործընկերներ, Սիրելի' դիվանագետներ, Տիկնա'յք և պարոնայ'ք, Ուղիղ 30 տարի առաջ Նյու Յորքում՝ Միավորված Ազգերի Կազմակերպության կենտրոնակայանում, ծածանվեց Հայաստանի նորանկախ Հանրապետության եռագույնը: Մի քանի րոպե տևած այս միջոցառումը տրամաբանական հանգրվանն էր 1988 թվականին մեկնարկած համազգային շարժման, որը կրում էր մեր ժողովրդի ազգային երազանքը՝ ապրել ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանում։ Այն տրամաբանական հանգրվանն էր տասնամյակներ և հարյուրամյակներ առաջ մեկնարկած համազգային իղձերի և փնտրտուքների՝ վերականգնել Հայոց անկախ պետականությունը։ Պատահական չէ, որ հենց անկախ ազգերի ընտանիքին՝ ՄԱԿ-ին, Հայաստանի Հանրապետության անդամակցության այդ օրը՝ մարտի 2-ը, հետագայում հռչակվեց որպես դիվանագետի և դիվանագիտական ծառայության օր Հայաստանում: Եվ այսօր, կարծում եմ, արժե վերհիշել այն ճանապարհը, որն անցել է հայկական դիվանագիտությունը և արտաքին գործերի նախարարությունը վերջին երեսուն տարիների ընթացքում։ Արտաքին գործերի նախարարությունը հիմնադրվեց մեր ժողովրդի համար բարդագույն օրերին, երբ ընթանում էր արցախյան առաջին պատերազմը։ Ըստ էության, ԱԳՆ-ում մեկ հովանու տակ հավաքվեցին անկախական շարժման ներկայացուցիչներ, նախկին Խորհրդային Միությունում արդեն իսկ ծառայած դիվանագետներ և Սփյուռքից ժամանած պրոֆեսիոնալներ, ում ուսերին էր դրված մեր գերատեսչության հիմնադրման և միևնույն ժամանակ` արտաքին աշխարհում արդեն Հայաստանի Հանրապետության պետական շահի առաջմղման առաքելությունը։ Անցած 30 տարիների ընթացքում մեր դիվանագիտությունը, ինչպես և մեր պետությունն, անցավ բազմաթիվ վայրիվերումների միջով և ՀՀ պետական շահը սպասարկելու առանցքային առաքելության մեջ կարողացավ գրանցել թե' կարևոր հաջողություններ, թե' թերացումներ և անհաջողություններ։ Հաջողություններով, անշուշտ, պետք է հպարտանալ։ Ձախողումների մասին պետք է առանց վարանելու ուղիղ խոսել և վերլուծել, կատարել անհրաժեշտ էական շտկումները։  Իմ մասնավոր գնահատմամբ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմը՝ հակառակորդի ագրեսիվ հակահայ քաղաքականությանը և բազմաթիվ արտաքին մյուս կարևոր գործոններին զուգահեռ, ներհայաստանյան կամ, եթե կուզեք, նույնիսկ ներհայկական իմաստով հետևանք էր նաև ողջ հայ քաղաքական մտքի, այդ թվում և՝ դիվանագիտական մտքի, երկարամյա, ոչ սթափ վերլուծությունների և գնահատականների: Սա անհրաժեշտ է արձանագրել, որովհետև դրա հետ կապված խնդիրները և մարտահրավերները այս պահին էլ չափազանց առարկայական են, ուստիև կշռադատված և սթափ մոտեցումների որդեգրումը այսրոպեական հրամայական է։ 44-օրյա պատերազմից հետո, այսօր ստեղծված իրավիճակում, երբ աշխարհն արագորեն փոփոխվում է, և Հայաստանի առաջ ծառացած են լրջագույն անվտանգային մարտահրավերներ, կարծում եմ՝ մենք, հարգելի՛ դիվանագետներ և գործընկերներ, պարտավոր ենք նախևառաջ բացել մեր միտքը, ապա և՝ աշխատել ուժերի գերլարմամբ և ծայրահեղ կարգապահությամբ՝ Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրը վերականգնելու, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն կառուցելու, դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերություններն ավելի խորացնելու, մյուսների հետ մեր ունեցած խնդիրներն արժանապատվորեն հարթելու, Արցախի հայության իրավունքները պաշտպանելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, նրա մանդատի ներքո և բոլորին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա ԼՂ հիմնախնդիրը լուծելու, մեր ինքնիշխանությունն ամրապնդելու, ընդհանուր առմամբ՝ մեր հայրենիքի կենսական շահերը սպասարկելու` նրան իսկապես ծառայելու համար։ Ինչպես հենց ԱԳՆ-ում են սիրում իրավացիորեն նշել՝ արտաքին գործերի նախարարությունն, ըստ էության, ուժային կառույց է։ Եվ հենց այս տրամաբանությամբ պիտի նշեմ, որ մեզ բոլորիս անհրաժեշտ է աշխատել զորանոցային ռեժիմով՝ անշեղորեն իրականացնելու մեր այս առաքելությունը։ Հարգելի' ներկաներ, Այս տարիների ընթացքում արտաքին գործերի նախարարությունը կայացել է որպես ուրույն ավանդույթներ ունեցող կառույց, որոնք, անկասկած, պիտի միասին փորձենք պահպանել։ Միևնույն ժամանակ կարևոր եմ համարում, որ շարունակենք արտաքին գործերի նախարարության հետագա շարունակական կատարելագործումը և զարգացումը՝ 21-րդ դարի մեծ արագություններին և պահանջվող որակներին համարժեք։ Պիտի կարողանանք ավագ սերնդի հսկայական փորձը համադրել երիտասարդ տաղանդի և ժամանակակից կրթության հետ, իրականացնենք արդարացի և կայուն սերնդափոխություն։ Այս համատեքստում կարևորում եմ այն աշխատանքը, որն իրականացվում է դիվանագիտական դպրոցի կողմից և անկասկած պիտի շարունակվի։ Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ շնորհավորել և երախտիքի խոսքեր հնչեցնել ԱԳՆ ստեղծման ակունքներում կանգնած գործընկերներին, Բուենոս Այրեսից մինչև Պեկին մեր 45 դեսպանություններում ծառայած և այս պահին ծառայող մեր գործընկերներին, Սանկտ Պետերբուրգից մինչև Էրբիլ և Հալեպ մեր գլխավոր հյուպատոսություններում մեր քաղաքացիներին և հայրենակիցներին աջակցող մեր գործընկերներին, միջազգային կազմակերպություններում մեր մշտական ներկայացուցչություններում յուրաքանչյուր տառի ու ստորակետի համար կռիվ տվող մեր գործընկերներին։ Առանձնահատուկ կերպով ուզում եմ նշել այն գործընկերներին, ովքեր այս պահին Ռուսաստանում, Ուկրաինայում, Լեհաստանում, Սլովակիայում, Ռումինիայում, Հունգարիայում և Մոլդովայում աշխատում են արտակարգ ռեժիմով՝ աջակցելու ռազմական գործողությունների գոտուց մեր քաղաքացիների անվտանգ վերադարձին հայրենիք։ Չեմ կարող մոռանալ, անշուշտ, ԱԳՆ-ում դիվանագիտական ծառայությանն աջակից գործառույթներ իրականացնող գործընկերներին։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել գործադիրի և օրենսդիրի գործընկերներին, Եկեղեցուն, Սփյուռքում համայնքային կառույցների ներկայացուցիչներին, ում հետ մեր նախարարությունն ակտիվորեն աշխատել է անցած 30 տարիների ընթացքում:  Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է իր պատասխանատու առաքելությունը՝ անշեղորեն և հետևողականորեն պահպանելու և ամրապնդելու Հայաստանի անկախությունը, պետականությունը, ինքնիշխանությունը, առաջ մղելու մեր պետական շահը»:
10:52 - 03 մարտի, 2022
Հայաստան-Թուրքիա ներկայացուցիչների երկրորդ հանդիպման քննարկումը եղել է շատ ավելի կոնկրետ․ ԱԳ նախարար |armenpress.am|

Հայաստան-Թուրքիա ներկայացուցիչների երկրորդ հանդիպման քննարկումը եղել է շատ ավելի կոնկրետ․ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դրական է գնահատում Ժնևում կայացած Հայաստան-Թուրքիա հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը։ «Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը գնահատում եմ դրական։ Կարող եք ամեն ինչ կարդալ նաև ներկայացուցիչների կողմից արված հայտարարության մեջ։ Կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների և որ գործընթացի վերջնարդյունքը հարաբերությունների կարգավորումն է և, իհարկե, մեզ համար, Հայաստան-Թուրքիա սահմանների բացումը»,- ասաց Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին, թե ինչպիսին է Հայաստանի արտաքին գործերի նախարարի գնահատականը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ։ ԱԳ նախարար նշեց, որ երկրորդ հանդիպման ժամանակ շատ ավելի կոնկրետ է եղել քննարկումը, քան ենթադրաբար և արդարացիորեն կարող էր լիներ առաջին հանդիպումը։ «Միևնույն ժամանակ, կարծում եմ, բոլորս հասկանում ենք, որ շատ շոշափելի արդյունքներ նույնիսկ երկրորդ հանդիպման համար ակնկալել դժվար է՝ մի գործընթացի, որը պետք է լուծումներ տա հարյուրամյակների և տասնամյակների խնդիրներին»,- եզրափակեց Միրզոյանը։
18:04 - 02 մարտի, 2022
Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձման հրատապությանը

Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձման հրատապությանը

Ժնևում մարտի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ: Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, անդրադառնալով ԿԽՄԿ գործունեությանը որպես ոչ քաղաքական և մարդասիրական կառույցի` ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է կազմակերպության գործունեության կարևորությունն՝ ուղղված Արցախում հումանիտար հարցերի կարգավորմանը: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը Պիտեր Մաուրերի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությանը, ինչպես նաև՝ բռնի անհետացման դեպքերի և անհետ կորած անձանց ճակատագրերի բացահայտմանը: Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային կառույցների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքն ապահովելու և վերջիններիս տեղում ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակելու համագործակցությունը հումանիտար հարցերի կարգավորման նպատակով։
15:55 - 01 մարտի, 2022
Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

Փետրվարի 28-ին տեղի է ունեցել Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության կազմակերպած ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը։ ԱԳՆ  լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան։ Իր ելույթում նախարար Միրզոյանը, մասնավորապես, ասել է․ «Հարգարժա՛ն գլխավոր տնօրեն,Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ ողջունել ձեզ բոլորիդ այսօր այս առանձնահատուկ միջոցառմանը՝ նվիրված Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 30-ամյակին: Ինձ համար պատիվ է մասնակցել այս ցուցահանդեսի բացմանը Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Նորին Գերազանցություն Տատյանա Վալովայայի հետ միասին: Հարգելի՛ գլխավոր տնօրեն,Ես բարձր եմ գնահատում Ձեր բացման խոսքը և շնորհակալություն եմ հայտնում Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակին՝ այս միջոցառմանը մասնակցելու և արժեքավոր ներդրում ունենալու համար: Դարեր շարունակ մենք ձգտել, պայքարել և հետամուտ ենք եղել մեր նախնիների հայրենիքում անկախություն ու պետականություն կերտելուն։ Այս առումով մենք երջանիկ սերունդ ենք, քանի որ ականատես ենք եղել, թե ինչպես է իրականանում մեր ազգային երազանքը։ 1992 թվականի մարտի 2-ին հայոց եռագույնը բարձրացվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև՝ նոր էջ բացելով մեր երկրի պատմության մեջ՝ որպես համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ։ Մենք գնահատում ենք դրա արժեքը և սեփական փորձից գիտենք, թե որքան զոհողություններ են անհրաժեշտ ինքնիշխան իրավահավասարության առավելություններից օգտվելու, և որքան ավելի ջանքեր են պահանջվում այն պահպանելու համար։ Հայաստանն, այսպիսով, հաստատակամորեն և անդրդվելիորեն հանձնառու է բազմակողմանիությանը, որի կենտրոնում է Միավորված ազգերի կազմակերպությունը: Հայաստանն, այսպիսով, լիովին հավատարիմ է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին: Այս լուսանկարներում, որոնք այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, դուք կգտնեք այդ հետևողական հանձնառության օրինակները, որոնք արտահայտված են ՄԱԿ-ի տարբեր մարմիններում և կոմիտեներում ակտիվ ներգրավվածության միջոցով կազմակերպության հովանու ներքո համատեղ ջանքերում Հայաստանի ունեցած ներդրմամբ: Հայաստանը նախագահել և աշխատել է տարբեր բյուրոներում և կառավարման մարմիններում, մասնակցել մի շարք խաղաղապահ առաքելությունների, միացել առանցքային կոնվենցիաների և պայմանագրերի, կազմակերպել ՄԱԿ-ի միջոցառումներ և սերտորեն աշխատել ՄԱԿ-ի երկրի թիմի հետ: Հուսով եմ, որ այս լուսանկարները կկարողանան փոխանցել ՄԱԿ-ի շրջանակներում մեր ունեցած համագործակցության իրական ոգին և ծավալը, և համաչափ կարևորությունը, որ տալիս ենք կազմակերպության բոլոր հիմնասյուներին՝ խաղաղություն և անվտանգություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և զարգացում: Թույլ տվեք ամփոփել՝ մեջբերելով Քոֆի Անանին, ով հավատացած էր, որ «մեզ միավորում է ավելին, քան բաժանում է»։ Իսկապես, ՄԱԿ-ը եզակի հարթակ է, որը թույլ է տալիս մեզ կառուցելու այն ամենի վրա, ինչը միավորում է մեզ և կամրջելու մեր միջև առկա բացը։ Հայաստանը շարունակում է հաստատակամորեն հավատալ այս առաքելությանը։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորիդ այստեղ մեզ հետ լինելու, և վերջին 30 տարիների ընթացքում այս համաշխարհային բազմակողմ միջավայրում Հայաստանի անցած ուղու հիշարժան դրվագները վերադիտելու համար»:
09:40 - 01 մարտի, 2022
ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանում Հայաստանը Ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևի նախագիծ է ներկայացրել

ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանում Հայաստանը Ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևի նախագիծ է ներկայացրել

Փետրվարի 28-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածը, որը նախագահում էր ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ, ՄԱԿ Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը։ Նիստի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորեւ։ «Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ, պարո՛ն փոխնախագահ՝ որպես խորհրդի այս նստաշրջանի նախագահող: Մարդու իրավունքների խորհուրդը բազմակողմ դիվանագիտության առանցքային ձեռքբերումներից է, քանի որ այն հանդիսանում է մարդու իրավունքների երկխոսության պահպանման և խթանման անփոխարինելի հարթակ՝ անկախ միջազգային և տարածաշրջանային տարբեր ճգնաժամերից: Այս խորհուրդը կոչված է պաշտպանելու յուրաքանչյուրին բոլոր ժամանակներում։ Այստեղ Անհատի անկապտելի արժանապատվությունն է նժարին դրված։ Աշխարհում գոյություն ունեցող և փոփոխվող բազում ճգնաժամերի պայմաններում հակամարտային իրավիճակներում գտնվող մարդկանց իրավունքները պետք է լինեն Մարդու իրավունքների խորհրդի և նրա հատուկ ընթացակարգերի հատուկ ուշադրության կենտրոնում։ Հենց այս տեսլականով ու նպատակներով է Հայաստանը մեկնարկել խորհրդում իր անդամակցության երրորդ տարին։ Կարծում եմ` արտաքին թեմատիկ խնդիրների և երկրի ճգնաժամային իրավիճակների արձագանքման և հասցեագրման գործում մենք կարողացանք մեզ դրսևորել որպես վստահելի և հուսալի գործընկեր: Մենք վճռական ենք՝ շարունակելու մեր ներդրումը՝ առավելագույնս կառուցողական և դրական: Այս համատեքստում ուրախ եմ հայտնել, որ Հայաստանը մտադիր է խորհրդի այս նստաշրջանում կրկին ներկայացնել Ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևի նախագիծը։ Սա մի օրակարգ է, որը Հայաստանը տարիներ շարունակ առաջ է մղում։ Ժնևում մեր թիմը կազմակերպելու է խորհրդակցությունների թափանցիկ գործընթաց՝ բոլոր շահագրգիռ պետությունների և այլ կողմերի մասնակցությամբ։ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած բարդություններից և քաղաքական ճգնաժամից հետո անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որով Հայաստանի ժողովուրդը վերահաստատեց իր հավատարմությունն ու նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և մարդու իրավունքներին: Միջազգային դիտորդներն արտահերթ խորհրդարանական ընտորթյունները գնահատել են որպես մարդու իրավունքների ոլորտում ստանձնած հանձնառություններին և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան։ Բոլորովին վերջերս «Economist Intelligence Unit»-ի հրապարակած այս տարվա Ժողովրդավարության ինդեքսում Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է ճանաչվել ընտրական գործընթացների և բազմակարծության, կառավարության գործունեության, քաղաքական ներգրավվածության, քաղաքական մշակույթի ու քաղաքացիական ազատությունների ոլորտում։ Այս տարի լրանում է Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 30-ամյակը։ Վերահաստատում եմ իմ երկրի անսասան հանձնառությունը բազմակողմանիությանը, որի հիմքում է Միավորված ազգերի կազմակերպությունը, ինչպես նաև մեր լիակատար հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին։ Պատահական չէ, որ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության առաջին տողում նշված է «մենք՝ ժողովուրդներս»՝ որպես կազմակերպության լեգիտիմության աղբյուր։ Մարդիկ և նրանց իրավունքները պետք է ՄԱԿ-ի գործունեության առաջնային և առանցքային տեղում լինեն: Ինքնորոշման իրավունքը Միավորված ազգերի կազմակերպության հիմնական նպատակներից է, և այդ իրավունքի դեմ ուժի կիրառումը կարող է առաջացնել մարդու իրավունքների խախտումների մի ամբողջ շղթա, ներառյալ՝ զանգվածային ոճրագործություններ և էթնիկ զտումներ: Սա այն է, ինչին մենք ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ 2020թ. սանձազերծված պատերազմի ժամանակ և հետո։ ՄԱԿ-ը և նրա մարմիններն օժտված են համընդհանուր մանդատով՝ անվերապահ, անխոչընդոտ, անարգել հասանելիություն ունենալու կարիքի մեջ գտնվող մարդկանց՝ անկախ նրանց գտնվելու վայրից և հանգամանքներից: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվություն ստանձնելու Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում անվերապահ հասանելիություն ապահովելու համար։ ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգային մանդատ կրողները մի քանի անգամ դիմում են հղել Ադրբեջանին, որոնցում արծարծվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում վարձկաններ օգտագործելու, արտադատական մահապատիժների, կամայական ձերբակալությունների, բռնի անհետացումների, կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ հարցեր: Ադրբեջանը հրաժարվել է պատշաճ պատասխան տալ և փաստորեն, ընդհանրապես չի պատասխանել վերջին դիմումներին, ինչը բացահայտ մարտահրավեր  է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մեխանիզմին։ Անպատժելիությունը հանգեցնում է նոր խախտումների։ Լեռնային Ղարաբաղից բացի Ադրբեջանը շարունակում է մարդու իրավունքների խախտումների իր քաղաքականությունը՝ այժմ էլ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում, որտեղ քաղաքացիական բնակչությունը տուժում է Ադրբեջանի զինված ուժերի շարունակական սադրիչ գործողություններից: Այս ագրեսիվ քաղաքականությունն ուղեկցվում է միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ խախտումներով։ Հրադադարի հաստատումից 16 ամիս անց Ադրբեջանը շարունակում է պահել 38 հայ ռազմագերիների, այդ թվում՝  քաղաքացիական անձանց, իսկ հարյուրավոր անհայտ կորածների, այդ թվում՝ տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված: Այն մարդկանց ծանր վիճակը, որոնց ՄԱԿ-ը հասանելիություն չունի, չպետք է մոռացվի: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չպետք է խտրականության ենթարկվի իր ծագման, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային ծագման կամ այլ պատճառներով: Մենք ձգտում ենք հասնել հայերի անվտանգ, արժանապատիվ եւ կամավոր վերադարձին իրենց հայրենի տները՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում։ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Միջազգային դատարանի կողմից առաջադրված միջանկյալ միջոցները, որոնք Ադրբեջանին հարկադրում են դադարեցնել հայերի նկատմամբ ռասիստական և խտրական դրսևորումները, ներառյալ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և վանդալիզմը, պետք է անվերապահորեն կատարվեն: Այս միջոցները գալիս են ապացուցելու Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը, այդ թվում՝ վերջինիս ռազմատենչ հռետորաբանությունը, ժողովրդին գոյատևման միջոցներից զրկելը, հայ բնակչությանն անընդհատ ահաբեկել ու ուժի կիրառման նոր սպառնալիքը։ Միայն այս խնդիրների հասցեագրմամբ մենք կարող ենք ապահովել մեր տարածաշրջանում կայունություն, խաղաղություն, արդարություն և մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանություն»։
22:50 - 28 փետրվարի, 2022
Ժնևում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ

Ժնևում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ

Փետրվարի 28-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի միջև հաստատված երկխոսության կապակցությամբ։ Նախարար Միրզոյանը նշել է, որ որպես բռնի տեղահանումներից անմիջականորեն տուժած երկիր՝ Հայաստանը մշտապես աջակցել է Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի ջանքերին՝ ուղղված բռնի տեղահանումներից տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը:Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար խնդիրներին։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրենց բնակավայրերից բռնի տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ստեղծման և անվտանգության ու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը։ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է Արցախում միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի կողմից հումանիտար առաքելությունների իրականացումը՝ անընդունելի համարելով Ադրբեջանի կողմից այս հարցի քաղաքականացումը և արհեստական խոչընդոտների ստեղծումը։
14:24 - 28 փետրվարի, 2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայում և Եվրոպական Միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայում և Եվրոպական Միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայում և Եվրոպական Միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ և կանադացի ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու՝ երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր զրուցակցին ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգը՝ ուղղված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը։ Ստեֆան Դիոնը նշել է, որ Հայաստանը շարժվում է ժողովրդավարական բարեփոխումների կարևոր ուղիով և ընդգծել, որ իր առաքելության հիմնական նպատակը Կանադայի կողմից Հայաստանի ժողովրդավարական գործընթացին աջակցությունն է: Արարատ Միրզոյանը կարևորել է դատական համակարգի արդիականացման, հանրային ծառայությունների թվայնացման և արդյունավետ կառավարման և մի շարք այլ ոլորտներում կանադական կողմի հետ փորձի փոխանակումը, և համոզմունք հայտնել, որ այս փոխգործակցությունը ճանապարհ կհարթի երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման համար։ Քննարկվել է նաև ՀՀ խորհրդարանի կարողությունների զարգացման և քաղաքացիական հասարակությանն աջակցելու հնարավորությունները։ Զրուցակիցները նշել են Կանադայում հայկական համայնքի կարևոր դերը հայ-կանադական հարաբերությունների շարունակական ամրապնդման գործում։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային օրակարգի մի քանի հարցեր: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները։
17:35 - 25 փետրվարի, 2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի պատվիրակության հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի պատվիրակության հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 23-ին ընդունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդին և ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամ Մարկետա Գրեգորովային: Երկուստեք կարևորվել է փոխադարձ արժեքների, մասնավորապես` ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված ՀՀ-ԵՄ գործընկերության ամրապնդումը, Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցության խթանումը: Մարինա Կալյուրանդը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և նշել, որ Եվրոպական խորհրդարանը, եվրոպական ինստիտիուտները լիովին աջակցում են դրանց: «Նախարար Միրզոյանը կարևորել է հայկական կողմի համար առաջնային նշանակություն ունեցող հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը, որն արտացոլված է համապատասխան բանաձևերում և զեկույցներում: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է 44-օրյա պատերազմի, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ որ Արարատ Միրզոյանն ու Մարինա Կալյուրանդն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: Նշվում է, որ հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում շեշտվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված ընթացիկ զարգացումները:
19:16 - 23 փետրվարի, 2022
Արարատ Միրզոյանը կարևորել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ համագործակցության ընդլայնումը

Արարատ Միրզոյանը կարևորել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ համագործակցության ընդլայնումը

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին։ Զրուցակիցները նշել են, որ այս տարի նշվելու է ՍԾՏՀԿ ստեղծման 30-ամյակը և կարևորել կազմակերպության հետագա զարգացումը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է ՍԾՏՀԿ-ի հետ ոլորտային համագործակցության ընդլայնումը՝ ընդգծելով, որ այն կնպաստի ՀՀ կառավարության՝ տարածաշրջանային տնտեսական ներառական համագործակցության միջոցով երկրում կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Գլխավոր քարտուղար Կոմանեսկուն բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ գործունեությունը և ներդրումը ՍԾՏՀԿ զարգացման գործում: Կողմերը շեշտել են կազմակերպության շրջանակներում տարածաշրջանային համակարգված գործողությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված փոխշահավետ տնտեսական համագործակցության, նորարարական և կայուն զարգացման, բարձր մրցունակության խթանման համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը։ Նախարար Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ ՍԾՏՀԿ-ի հիմնական նպատակների արդյունավետ իրագործումը, որոնց հիմքում ընկած են ապաքաղաքականացված, ներառական տարածաշրջանային տնտեսական համագործակցությունն ու առևտրի դյուրացումը, շրջափակման և փակ սահմանների քաղաքականության անթույլատրելիությունը, կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանային կայունության և խաղաղության համար։
17:10 - 23 փետրվարի, 2022
Արարատ Միրզոյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահներին

Արարատ Միրզոյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահներին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 21-ին ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահներ Անդրիուս Կուբիլիուսին և Մակա Բոտչորիշվիլիին: Ինչպես հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից, Հանդիպմանը մասնակցում էր նաև «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության զարգացման դինամիկայի առնչությամբ՝ այդ համատեքստում բարձր գնահատելով խորհրդարանական դիվանագիտության դերը։ Արարատ Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանին՝ Հայաստանի համար մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ համապատասխան բանաձևերով իր սկզբունքային դիրքորոշումն արտահայտելու համար։ Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարների շուրջ։ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահները բարձր են գնահատել վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Երկուստեք կարևորվել է բազում մարտահրավերների պայմաններում 2021թ. հունիսին Հայաստանում ազատ ու թափանցիկ արտահերթ ընտրությունների անցկացումը: ՀՀ ԱԳ նախարարն ու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի։ Անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը։ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի շարունակական խախտման և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը չկատարելու անթույլատրելիությունը։ Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ և տևական կարգավորման նպատակով բանակցային գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
14:57 - 21 փետրվարի, 2022
Արարատ Միրզոյանը Մյունխենում մասնակցել է Հարավային Կովկասի զարգացման հեռանկարներին նվիրված քննարկմանը

Արարատ Միրզոյանը Մյունխենում մասնակցել է Հարավային Կովկասի զարգացման հեռանկարներին նվիրված քննարկմանը

Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից կազմակերպված քննարկմանը, որը նվիրված էր հարավկովկասյան տարածաշրջանի զարգացման հեռանկարներին։ «Չեթըմ հաուզ»-ի կանոններով անցկացված միջոցառման ընթացքում Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել մասնակիցների հարցերին։ ԱԳՆ հանրային կապերի և դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցում էին նաև Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալպասը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը, «GIZ» տնօրեն Ինգրիդ-Գաբրիելա Հովենը, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար Նիլս Անենը։
10:48 - 20 փետրվարի, 2022
Արարատ Միրզոյանը և «Jigsaw Google» ընկերության տնօրենը քննարկել են հետագա փոխգործակցության հեռանկարները

Արարատ Միրզոյանը և «Jigsaw Google» ընկերության տնօրենը քննարկել են հետագա փոխգործակցության հեռանկարները

Փետրվարի 19-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել «Jigsaw Google» ընկերության տնօրեն Ջարեդ Քոհենի հետ: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտները ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններից են, և ներկայացրել է այդ ոլորտների զարգացման հեռանկարները Հայաստանում: ԱԳ նախարարը գոհունակությամբ է նշել բարձրտեխնոլոգիական ոլորտի զարգացման համար ՀՀ-ում ստեղծված բարենպաստ միջավայրն ու օտարերկրյա ընկերությունների հետ համագործակցության հաջող փորձը։ Այդ համատեքստում Արարատ Միրզոյանը և Ջարեդ Քոհենը քննարկել են հետագա փոխգործակցության հեռանկարները: Հաշվի առնելով «Jigsaw Google»-ի հետաքրքրվածությունը հայկական ՏՏ ընկերությունների հետ համագործակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարն ընկերության ներկայացուցիչներին հրավիրել է այցելել Հայաստան։
22:01 - 19 փետրվարի, 2022