Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահն է։ 

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:

1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:

1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:

2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Հրաժարական է ներկայացրել 2022թ. հունվարի 21-ին:

Վստահություն ունենք, որ նախագահը կստորագրի սահմանադրական փոփոխությունների հարցը հանրաքվեի դնելու նախագիծը․ Մակունց |news.am|

Վստահություն ունենք, որ նախագահը կստորագրի սահմանադրական փոփոխությունների հարցը հանրաքվեի դնելու նախագիծը․ Մակունց |news.am|

news.am:  Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կդրվի ՀՀ նախագահի կողմից ստորագրելուց հետո, սահմանադրական դատարան չի ուղարկվի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ մակունցը։ «Իհարկե պետք է որոշումը լինի ՀՀ նախագահի մոտ, հաստատելուց հետո նոր կազմակերպչական աշխատանքներ կիրականացվեն։ Նախագիծը Սահմանադրական դատարան չի ուղարկվելու։ Ժամկետները փոփոխական կարող են լինել կախված այն հանգամանքից, թե որ օրը կստորագրի նախագահը։ Հանրաքվեն նախնական մարտի վերջից մինչև ապրիլի 5-ը ընկած ժամանակահատվածում կլինի»,-ասաց նա։ Հարցին՝ ունե՞ն վստահություն, որ նախագահը կստորագրի, Մակունցն ասաց․ «Այո, կա այդ վստահությունը»։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ վարչապետի և նախագահի հանդիպմանն է պայմանավորվածություն ձեռք բերվել, Մակունցն ասաց․ Վարչապետի և նախագահի հանդիպմանը մամուլին տեղեկացվել է, որ քննարկվել է ՍԴ-ի թնջուկի հարցը, քննարկման մանրամասներին տեղյակ չեմ»։ Հարցին՝ հանրությունը ունի՞ բավարար իրավական գիտելիքներ այս քվեարկության համար, Մակունցն ասաց․ «Ժողովրդավար երկրում չկա այլընտրանք քաղաքացու կամարտահայտմանը»։ Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողով դիմելու ԵԽԽՎ համազեկուցողների կոչին, նա նշեց․ «Համազեկուցողների հայտարարությունը եղել է այն ժամանակ, երբ լիագումար նիստերի դահլիճում նիստ էր և «Իմ քայլը» խմբակցությունը չի հասցրել քննարկել և ձևավորել դիրքորոշում այդ կապակցությամբ։ Մենք խոսենք, քննարկենք, անպայման տեղյակ կպահենք հանրությանը, թե ինչ ենք պատրաստվում անել այդ կապակցությամբ։ Իրավական առումով չգիտեմ ինչպիսի ընթացակարգեր են նախատեսվում, երբ հանրաքվեի որոշման հետ կապված կոչ է արվում դիմել Վենետիկի հանձնաժողովին»։
17:10 - 06 փետրվարի, 2020
Արմեն Սարգսյանը երբևէ ներդրում չի կատարել Ադրբեջանում կամ Թուրքիայում. ՀՀ նախագահի աշխատակազմ

Արմեն Սարգսյանը երբևէ ներդրում չի կատարել Ադրբեջանում կամ Թուրքիայում. ՀՀ նախագահի աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կամ նրա ընտանիքի որևէ անդամ երբևէ՝ նախկինում, ներկայում ուղղակի կամ անուղղակի որևէ ներդրում չի կատարել և ապագայում չի կատարելու Ադրբեջանում կամ Թուրքիայում: Անդրադառնալով Հանրապետության նախագահին առնչվող որոշ հայտարարությունների վերաբերյալ տարբեր լրատվամիջոցներից մեզ ուղղված հարցադրումներին։ «Հաշվի առնելով Հանրապետության նախագահին առնչվող որոշ հայտարարությունների վերաբերյալ տարբեր լրատվամիջոցներից մեզ ուղղված հարցադրումները՝ հարկ ենք համարում տեղեկացնել. Նախագահ Արմեն Սարգսյանը լրացնում է տարեկան հայտարարագիր: Այն բաց փաստաթուղթ է, որտեղ հստակ նշված են նախագահի եկամուտները և ֆինանսական միջոցները: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կամ նրա ընտանիքի որևէ անդամ երբևէ՝ նախկինում, ներկայում ուղղակի կամ անուղղակի որևէ ներդրում չի կատարել և ապագայում չի կատարելու Ադրբեջանում կամ Թուրքիայում: Բացի այդ, Արմեն Սարգսյանը երբևէ չի եղել British Petrolium ընկերության բաժնետեր: Ինչպես նշված է նախագահի պաշտոնական կենսագրության մեջ, նա եղել է ընկերության ավագ խորհրդատու, և, պայմանագրի համաձայն, Կովկասը բացառված է եղել նրա գործունեության շրջանակներից: Բացի այդ, British Petrolium -ը բաց բաժնետիրական ընկերություն է, որի բոլոր բաժնետերերը հայտնի են: Համացանցից օգտվել իմացող ցանկացած մարդ հեշտությամբ կարող է գտնել նրանց անունները: Գոյություն ունեն Knightsbridge տեղանունը ներառող հարյուրավոր ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալում իրարից խիստ տարբեր ոլորտներում, աշխարհի տարբեր երկրներում և ունեն տարբեր սեփականատերեր ու բաժնետերեր: Knightsbridge տեղանունը ներառող ընկերությունների փոքր խումբը, որի հետ առնչություն է ունեցել Արմեն Սարգսյանը, արդեն վաղուց գոյություն չունի, այդ ընկերություններից և ոչ մեկը երբևէ որևէ ներդրում չի կատարել British Petrolium ընկերության ծրագրերում և Ադրբեջանում: Հնչեցվող մեկնաբանություններն անհիմն են ու մտացածին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
15:04 - 06 փետրվարի, 2020
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչներին

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչներին:  Ամերիկայի առևտրի պալատի անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը, հիմնական ծրագրերն ու առաջիկա անելիքները: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տնտեսական և հարակից ոլորտների խնդիրներին ու մարտահրավերներին: Նախագահ Սարգսյանը ողջունելի է համարել երկրի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր առաջարկություն՝ պատրաստակամություն հայտնելով իր հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց: Նախագահ Սարգսյանը խոսել է նաև նախագահական նախաձեռնությունների մասին՝ մասնավորապես առանձնացնելով Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը: Նախագահն անդրադարձել է նաև այս տարի Հայաստանում անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որը մասնավորապես նվիրված է լինելու արհեստական բանականությանն ու աշխարհաքաղաքական ռիսկերին, ինչպես նաև Horasis-China միջազգային համաժողովին, որի շրջանակում Հայաստան կայցելեն մի քանի տասնյակ չինական ընկերություններ։
11:48 - 05 փետրվարի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը: Կարևորելով արդեն ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող հանդիպումները՝ Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր: Նախագահ Արմեն Սարգսյան-Պարոն վարչապետ, ուրախ եմ այսօր հյուրընկալել Ձեզ: Սա, կարծես, մեր ավանդույթն է՝ պարբերաբար հանդիպել, քննարկել և՛ երկրում, և՛ երկրից դուրս՝ միջազգային ոլորտում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, նաև կիսվել մեզանից յուրաքանչյուրի ինստիտուտի՝ կառավարության և նախագահական ինստիտուտների այցելությունների, հանդիպումների, ձեռքբերումների, դժվարությունների մասին:Այնպես որ, կրկին ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում: Վարչապետ Նիկոլ Փաշինյան-Շնորհակալ եմ պարոն նախագահ, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Սա, ըստ էության, 2020 թվականի մեր առաջին աշխատանքային հանդիպումն է, և ուրախ եմ նաև արձանագրել, որ 2019 թվականը հաջող տարի ստացվեց Հայաստանի Հանրապետության համար: Հրապարակվել են 2019 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշները, և կարող եմ արձանագրել, որ 2019-ին ունեցել ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի առավելագույն թիվը՝ այդ մեթոդով տնտեսական հաշվարկների մեկնարկից ի վեր. մեկնարկը եղել է 2011 թվականին: 2019-ին մենք արձանագրեցինք հեղափոխությունից հետո անցումային կառավարման շրջանը և մեր քննարկումների առանցքում էլ միշտ եղել է այն, որ պետք է ավելի ու ավելի շատ կարևորենք մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների թեման և հիմնադրենք ու ներդնենք ռազմավարական կառավարման տրամաբանությունը: Կարծում եմ, որ 2020 թվականին հենց այդպիսի մի փուլ ենք թևակոխում, և մեր երկրում ինստիտուտների կայացումը, հակակշիռների և փոխզսպումների համակարգի ներդրումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և հիմա էլ մեր ուշադրության կենտրոնում է: Գիտեք, նաև արձագանքել եք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, եթե կարելի է ասել ճգնաժամին, և այսօր հույս ունեմ, որ մենք կքննարկենք նաև դրա հետ կապված խնդիրը, մտքեր կփոխանակենք: Իհարկե, ես միանշանակ կիսում եմ Ձեր այն տեսակետը, որ մենք այդ հարցին պետք է մոտենանք հենց երկրի ինստիտուցիոնալ կայացման տրամաբանությամբ, մեր երկրի ազգային և պետական շահերի տրամաբանությամբ, հակակշիռների և փոխզսպումների ճշգրիտ և աշխատող համակարգ ունենալու տրամաբանությամբ, որովհետև միայն այդ պարագայում է, որ մենք կունենանք անշրջելի ժողովրդավարություն, անշրջելի օրենքի գերակայություն՝ սրանից բխող հետևանքներով, և, իհարկե, անշրջելի Սահմանադրական իրականություն, որը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և մեր աշխատանքային քննարկումների առանցքում: Այնպես որ շատ ուրախ եմ այս առիթի համար: Նախագահ Արմեն Սարգսյան-Շատ լավ, ես էլ եմ պատրաստ քննարկման: Ուշադրությամբ կլսեմ Ձեզ, պարոն վարչապետ: Շատ էական է այն, ինչ Դուք ասացիք՝ ինստիտուտների կայանալը մեր երկրում, հավասարակշի՛ռ ինստիտուտների, որովհետև եթե խոսում ենք երկարաժամկետ, կայուն զարգացման մասին, առանց դրա հնարավոր չի լինի: Իհարկե, արժե նաև քննարկել ապագա ծրագրերը՝ ներդրումային ծրագրերը: Ուրախությամբ կարող եմ ասել, որ կարծես թե նոր, փոքրիկ հաղթանակներ կան իմ այցելությունների ժամանակ՝ լինի դա Պարսից ծոցի երկրներ, Դավոս կամ Իսրայել: Կկիսվեմ Ձեզ հետ:
12:45 - 04 փետրվարի, 2020
ՀՀ նախագահը կարևորում է ՍԴ բնականոն գործունեությունը. որևէ գործընթաց չպետք է վնասի երկրի միջազգային հեղինակությունը |aysor.am|

ՀՀ նախագահը կարևորում է ՍԴ բնականոն գործունեությունը. որևէ գործընթաց չպետք է վնասի երկրի միջազգային հեղինակությունը |aysor.am|

aysor.am։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հետևում է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, և կարծում է, որ ցանկացած գործընթաց պետք է տեղի ունենա բացառապես իրավական հարթության մեջ և չպետք է վտանգի երկրի կայունությունն ու միջազգային հեղինակությունը, այս մասին գրավոր հարցմանն ի պատասխան նշել են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ - Խնդրում եմ ներկայացնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշումը Սահմանադրական դատարանի և ՍԴ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: - Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին: Հանրապետության նախագահը կարևորում է Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը և համարում է, որ ցանկացած գործընթաց պետք է տեղի ունենա բացառապես իրավական հարթության մեջ, բոլոր իրավական սկզբունքների և նորմերի պահպանմամբ՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Որևէ գործընթաց չպետք է վտանգի երկրի կայունությունն ու միջազգային հեղինակությունը, չպետք է լինի անձնավորված, պետք է հիմնվի հասարակական համերաշխության և հանդուրժողականության վրա: - Խնդրում եմ ներկայացնել՝ արդյոք նախագահը կարծում է, որ ՍԴ նախագահի դեմ գործադիր իշխանության կողմից հարձակում է տեղի ունենում (հաշվի առնելով Հանրային հեռուստաընկերության հայտնի ռեպորտաժը, նախաքննական գաղտնիքի բացահայտումը, ՀՀ վարչապետի՝ այդ կապակցությամբ գրառումը): - Հանրապետության նախագահի կողմից ընթացիկ քրեական գործերի համատեքստում տեղի ունեցող իրադարձություններին ցանկացած գնահատական կամ որակում կարող է դիտվել որպես միջամտություն նախաքննություն կամ հետաքննություն իրականացնող մարմինների կամ դատական իշխանության գործունեությանը և խնդրահարույց է իրավունքի ու սահմանադրականության տեսանկյունից: - Ինչպիսի՞ն է ՀՀ նախագահի դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների մասին։ Շարունակությունը՝ aysor.am-ում
09:08 - 03 փետրվարի, 2020
Հայկական բանակն այսօր ազգային միասնականության և համախմբման կենդանի մարմնացումն է․ Արմեն Սարգսյան

Հայկական բանակն այսօր ազգային միասնականության և համախմբման կենդանի մարմնացումն է․ Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի 28-ամյակի առթիվ։ «Սիրելի՛ զինվորներ, պարոնայք սպաներ և գեներալներ, Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ, մաղթում խաղաղություն և նոր հաղթանակներ։ Հայկական բանակը ծնունդ առավ և ձևավորվեց մեր նորօրյա ազատագրական պայքարի հերոսական մարտերում: Նա վերականգնեց այն փառքը և համբավը, որը հայ զինվորականներն ունեին հին կայսերական ժամանակներից մինչև Սարդարապատ, մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, որտեղ մեր ժողովրդի քաջարի զավակները՝ մարշալներից, գեներալներից մինչև զինվորներ, ոսկե տառերով գրեցին իրենց անունները Մեծ Հաղթանակի կերտման պատմության էջերում: Այս տարի այդ հաղթանակի 75-ամյա հոբելյանն է, հաղթանակ, որում մեծագույն ներդրում ունեն մեր նախնիները, հաղթանակ, որին իրենց կյանքը զոհաբերեցին մեր ժողովրդի 300 հազարից ավելի որդիներն ու դուստրերը։ Գլուխ եմ խոնարհում Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված մեր նախնիների հիշատակի առաջ և երախտագիտությունս մաղթում վետերաններին, ովքեր ոչ միայն վառ են պահում հաղթանակի հիշողությունը, այլև իրենց կենսափորձով ու անցած ուղիով պատմության կենդանի դաս են մեզ համար։ Այսօր մեր սահմաններին նրա՛նց սերունդներն են, նրանց հաղթական ուղին շարունակողները, մարտական ավանդույթները հաջորդ սերնդին փոխանցողները։ Հայկական բանակն այսօր ազգային միասնականության և համախմբման կենդանի մարմնացումն է: Այն մեր հպարտության և ազգային արժանապատվության ամուր սյունն է, որի շուրջը ձևավորվում և դաստիարակվում է գիտակից և հայրենասեր քաղաքացին: Բանակը յուրաքանչյուրիս հարազատն է, իսկ մեզնից յուրաքանչյուրը՝ բանակի հարազատը։ Բանակը մեր ընտանիքն է, քանի որ յուրաքանչյուր ընտանիք ինչ-որ կերպ, ուղղակի կամ անուղղակի կապված է բանակի հետ։ Բանակը մեր հպարտությունն է, մեր հզոր հաղթաթղթերից մեկը։ Բանակը մեր ճակատն է։ Եվ բանակի շնորհիվ մենք բաց ճակատով, այսինքն՝ հպարտությամբ, արժանապատվությամբ, ազատ ու համարձակ ենք նայում մեր հեռու և մոտ հարևանների, մեր բարեկամների ու հակառակորդների, մեր ծանոթների ու անծանոթների աչքերին։ Բոլոր ժամանակներում մեր կամավորի, զինվորի, սպայի նշանաբանը եղել են Հայրենիք, Պատիվ, Նվիրվածություն բառերը։ Այդ նշանաբանով են ձեռք բերվել մեր հաղթանակները, այդ նշանաբանով են պաշտպանվել մեր ընտանեկան օջախները, ազատագրվել մեր տարածքները, այդ նշանաբանով են այսօր պաշտպանվում Հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու խաղաղությունը: Արդի ժամանակներում բանակը նաև տնտեսության, գիտության և մասնագիտական կարողությունների զարգացման խթան է: Ժամանակակից բանակը նշանակում է նոր մտածողություն, նոր հմտություններ, ավելի որակյալ կրթություն և գիտություն, նոր տեխնոլոգիաներ, ժամանակակից արդյունաբերություն, այդ թվում՝ ռազմարդյունաբերություն, ժամանակակից գյուղատնտեսություն, սննդի անվտանգություն, մի խոսքով՝ նոր տնտեսություն։ Անշուշտ, պետության կողմից շարունակաբար ձեռք բերվող զինատեսակները ամրապնդում են մեր զինված ուժերի ռազմատեխնիկական հիմքը։ Սակայն առանց մարդկային կապիտալի, այդ հիմքը չի կարող լիարժեք ամուր լինել։ Բոլորիս ջանքերը, բոլորիս մտքերը պետք է ուղղված լինեն այդ կապիտալը հոգեպես, ֆիզիկապես, տնտեսապես համալրելուն և որակապես այն նոր մակարդակի բարձրացնելուն։ Սիրելի հայրենակիցներ, Հայկական բանակը յուրաքանչյուր օր մեզ տալիս է ամենաթանկը՝ խաղաղության և ապահովության զգացում։ Այս հունվարի 28-ին էլ տարվա մյուս բոլոր օրերի նման շարունակենք աղոթել մեր զինվորների համար՝ ձե՛զ համար, հարգելի՛ զինվորներ, ազատամարտիկներ, սպաներ և գեներալներ, ձե՛զ համար, զինծառայողների հարգելի ծնողներ, ձե՛զ համար, մեր սիրելի հերոսների հարգելի ծնողներ ու հարազատներ։ Մտածենք և գործենք մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի, մեր այսօրվա ու վաղվա համար։ Փա՛ռք մեր զինված ուժերին: Կեցցե՛ն Հայաստանի և Արցախի հանրապետությունները: Աստված պահապան բոլորիս»։
06:45 - 28 հունվարի, 2020
Նախագահը Սարգսյանը  բարձրացրել է Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Նախագահը Սարգսյանը բարձրացրել է Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր այցելել են Իսրայելի խորհրդարան՝ Կնեսետ, որտեղ նրանց հյուրընկալել է Կնեսետի նախագահ Յուլի Էդելշտեյնը և տիկին Իրինա Նևզլինը: Ողջունելով Հայաստանի նախագահին՝ Կնեսետի նախագահը, մասնավորապես, նշել է․ «Մեզ համար մեծ պատիվ է ձեզ ընդունել մեր երկրում։ Ուրախ ենք ձեր այցելության համար՝ նույնիսկ եթե այն տեղի է ունենում ոչ այդքան ուրախ իրադարձության շրջանակում»։ Յուլի Էդելշտեյնը վստահություն է հայտնել, որ նախագահ Սարգսյանի այցը, ինչպես նաև Իսրայելում դեսպանություն բացելու՝ Հայաստանի որոշումը կարևոր անկյունաքար կլինեն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: «Կարծում եմ, որ այս այցը շատ դրական փոփոխություն կբերի մեր հարաբերություններում։ Մեր գործակցության ներուժը շատ ավելին է, քան մենք ներկայում օգտագործում ենք»,- ասել է Իսրայելի Կնեսետի նախագահը։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ եղել է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ակունքներում: «Անկեղծ ասած, տարիներ շարունակ ես ցանկանում էի վերադառնալ Իսրայել, քանի որ հիշողություններ ունեմ այս երկրի հետ կապված»,-ասել է Հայաստանի նախագահը՝ կարևորելով Իսրայելի փորձը տարբեր, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում, ինչպես նաև փորձի փոխանակումը։ Անդրադառնալով պատմության նման էջերին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու ժողովուրդների ճակատագրերի նմանությունները տպավորիչ են, և դրանք հուշում են, որ պետք է մտածել ապագայի մասին․ «Կարող ենք համատեղ ստեղծել այդ ապագան և՛ որպես երկու պետություն, և՛ որպես երկու ժողովուրդ։ Հայաստանը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ, նույնն է նաև Իսրայելը։ Ես այստեղ եմ նաև համագործակցության ոլորտների նախանշման համար։ Հայաստանը կարևորում է շատ ոլորտների զարգացումը՝ կրթություն, գիտություն, անվտանգություն, գյուղատնտեսություն, նորագույն տեխնոլոգիաներ։ Ես, որպես նախագահ, նախաձեռնություն ունեմ Հայաստանը դարձնել նոր տեխնոլոգիական հանգույց, քանի որ մենք ունենք մի շարք առավելություններ դա անելու համար։ Մեր երկրում կան բարձրակարգ ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, ծրագրավորման ոլորտում ունենք լավ կրթական ծրագրեր»: Նշելով, որ պատմության շատ էջեր ողբերգական են հայ և հրեա ժողովրդի համար՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ պետք է համատեղել ջանքերը, որպեսզի նման մարդկային աղետներ այլևս երբեք չլինեն և երբևէ չկրկնվեն։ Հայաստանի նախագահը բարձրացրել է Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ ընդգծելով, որ պատմության այս ամոթալի էջի ճանաչումն ու դատապարտումը չպետք է պայմանավորված լինի այսօրվա քաղաքական շահերով ու իրողություններով: «Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին բարոյական պատասխանատվություն է և հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին, միաժամանակ այն կարևոր ներդրում է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում»,-շեշտել է Հայաստանի նախագահը: Այցի ավարտին Հայաստանի նախագահը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Այնուհետև նախագահ Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը շրջայց են կատարել խորհրդարանի շենքում:
07:58 - 23 հունվարի, 2020
ՀՀ նախագահը Դավոսում հանդիպել է Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի հետ

ՀՀ նախագահը Դավոսում հանդիպել է Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում․ վերջին հանդիպումը Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի հետ էր։ «Հայաստանի նախագահը և Apple-ի գործադիր տնօրենը մտքեր են փոխանակել տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ»,- ասված է նախագահականի տարածած հաղորդագրությունում։ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին այս տարի մասնակցում է մոտ 3 հազար մարդ՝ 117 երկրից։ Միջոցառումներում ներգրավված են 53 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, միլիարդատերեր 36 երկրից, այդ թվում՝ Մարկ Ցուկերբերգը, Ջորջ Սորոսը, Բիլ Գեյթսը։ Համաժողովն այս տարի անցկացվում է «Շահագրգիռ կողմերը՝ հանուն աշխարհի համախմբման և կայունության» խորագրի ներքո և նվիրված է կայուն զարգացմանը։
08:43 - 22 հունվարի, 2020
Արմեն Սարգսյանը Դավոսի համաժողովի շրջանակում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ

Արմեն Սարգսյանը Դավոսի համաժողովի շրջանակում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ:  Նշելով, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ընթացող զարգացումներին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկիրը կարևորում է բարեկամ Իրաքի, այդ թվում՝ Իրաքյան Քուրդիստանի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը և երկու երկրների դինամիկ հարաբերությունների համատեքստում շարունակելու է ակտիվացնել ու խորացնել կապերը նաև անմիջականորեն Իրաքյան Քուրդիստանի հետ։ Որպես դրան նպաստող կարևոր գործոն՝ Հայաստանի նախագահը նշել է հայերի ներկայությունը, որոնք, ապրելով Իրաքյան Քուրդիստանում, իրենց նպաստն են բերում նրա զարգացմանը։ Հնարավոր համագործակցության ոլորտներ են դիտարկվել տեղեկատվական տեխնոլոգիաները, ստեղծագործ կրթությունը, զբոսաշրջությունը, էլեկտրոնային կառավարումը։ Հայաստանի նախագահը նշել է, որ հայկական կողմը պատրաստակամ է տրամադրել իր փորձը էլեկտրոնային կառավարման ոլորտում։ Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումից բացի որպես համագործակցության ոլորտ զրուցակիցները հեռանկարային են համարել բարձրագույն կրթությունը, այդ թվում՝ Հայաստանի համալսարաններում Իրաքից, մասնավորապես՝ Իրաքյան Քուրդիստանից ուսանողներին ուսանումը։
08:22 - 22 հունվարի, 2020
Այս աշխարհը չի լինելու գործարանների երկիր, այն երիտասարդների աշխարհ է լինելու․ Արմեն Սարգսյան

Այս աշխարհը չի լինելու գործարանների երկիր, այն երիտասարդների աշխարհ է լինելու․ Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում որպես բանախոս մասնակցել է «Հավասարակշռելով ներքին և գլոբալ անհավասարությունը» թեմայով քննարկմանը: Հայաստանի նախագահի հետ որպես բանախոս հանդես է եկել տնտեսագիտության նոբելյան մրցանակի դափնեկիր, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ժոզեֆ Ստիգլիցը: Նա եղել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլիթոնի տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահը, Համաշխարհային բանկի ավագ փոխնախագահը և գլխավոր տնտեսագետը, մի շարք հետազոտությունների հեղինակ է։ Նրա վերջին գիրքը կոչվում է՝ «Անհավասարության գինը. ինչպես է այսօրվա բաժանված հասարակությունը վտանգում մեր ապագան»: Հաշվի առնելով, որ համաժողովի՝ 2020-ի համաշխարհային ռիսկերի զեկույցում անհավասարությունը նշվում է որպես ռիսկի գլխավոր գործոն, քննարկվել է, թե ինչպես որոշում կայացնողները կարող են բարելավել հավասարակշռությունը ներքին քաղաքական առաջնահերթությունների ու գլոբալ տնտեսական իրավիճակի միջև։ Մինչ քննարկման մեկնարկը նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պրոֆեսոր Ստիգլիցին իր կյանքում ունեցած դերակատարման համար, պարզաբանելով, որ 1996 թվականին որպես Հայաստանի վարչապետ պաշտոնավարելիս աղքատության հաղթահարման հարցում անհամաձայնություն է ունեցել Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ։ «Աղքատության հաղթահարման ձևն ինձ համար՝ որպես վարչապետ, զարգացումն էր,- պատմել է նախագահ Սարգսյանը։- Համաշխարհային բանկի նախագահի հետ մենք եկանք ընդհանուր հայտարարի՝ Հայաստանը դարձնել ոչ թե աղքատության դեմ պայքարող երկիր, այլ զարգացնել այն։ Այդ «մարտում» ինձ քաջալերում էին գլոբալիզացիայի վերաբերյալ պրոֆեսոր Ստիգլիցի հոդվածները»։ Անդրադառնալով համաշխարհային ռիսկերին՝ նախագահ Սարգսյանը խոսել է դրանց քվանտային վարքագծի և քվանտային քաղաքականության հիմքերի մասին։ «Ես այդ տեսությունը ներկայացրել եմ 600 էջանոց գրքում, որը շուտով լույս կտեսնի,-ասել է Արմեն Սարգսյանը ։- Հասկանալու համար, թե որքան հեռու կգնա քո երկիրը, պետք է դիտարկել աշխարհի ներկայիս վիճակը։ Ես սրա մասին մտածում էի նախագահ դառնալուց առաջ։ Որպես քաղաքացի՝ ինձ զարմացնում էր համանմանությունը։ Դա պատկերացնելու համար պետք է 100 տարի հետ գնալ, երբ մենք գործ ունեինք բնական գիտությունների և ֆիզիկայի աշխարհի հետ, երբ գիտնականները կարողանում էին վերլուծել դասական երևույթները մինչև այն պահը, երբ նրանք բախվեցին գործընթացների, որոնք հնարավոր չէր բացատրել։ Դա մեծ իրարանցում առաջացրեց։ Այդ ժամանակ անհրաժեշտ էր փոխել երևույթների ընկալման տրամաբանությունը։ Ալբերտ Այնշտայնի, Վերներ Հայզենբերգի, Ռիչարդ Ֆեյնմանի նման տաղանդները փոխեցին ֆիզիկայի ընկալման փիլիսոփայությունը, այլ ոչ թե ստեղծեցին նոր բան։ Մեր շուրջը կատարվող մեծագույն հայտնագործություններում յուրաքանչյուրն իր մասնիկն ունի։ Ներկայիս սերունդն ապրում է երկու աշխարհներում՝ նյութական և վիրտուալ։ Մենք տարրական մասնիկներ ենք։ Հաջորդ կարևոր կետն այն է, որ բնակչության թիվն աճում է։ Երբ ես ուսումնասիրում եմ բնությունը, հասկանում եմ, որ այն դասական չէ, այլ՝ քվանտային։ Քվանտային օրենքներն են կարգավորում մարմինները։ Ես սկսեցի գիտակցել, որ մենք գնալով ավելի ու ավելի շատ ենք դառնում քվանտային, որ սա նախկին հասարակությունից միանգամայն տարբեր հասարակություն է։ Փոխվում է նաև ժողովրդավարությունը, քանի որ նորմալ ժողովրդավարական երկրներում դու քվեարկում ես քո խորհրդարանի, նախագահի օգտին հաջորդ հինգ տարիների համար, այնուհետև սպասում ես արդյունքներին, հարցերին և այլն։ Այժմ դու ամեն օր քվեարկում ես քո ֆեյսբուքյան էջում։ Մենք այսօր ապրում ենք միանգամայն տարբեր աշխարհում, որը քվանտային է և գնալով դառնում է ավելի բարդ, քանի որ չկան կարգավորումներ ոչ միայն այն իմաստով, որ մենք չենք հասկանում, թե ինչ է կատարվում, այլ՝ չկան կարգավորումներ նաև սոցիալական հարթակում։ Ուստի, բարի գալուստ նոր աշխարհ, որը, ինչպես բնությունը, դասական չէ, այլ՝ քվանտային։ Եվ ես անձնապես ոգևորված եմ դրանից, քանի որ մենք ունենք գիտնականներ, ովքեր պետք է հասկանան՝ ինչպես է այդ քվանտային քաղաքականությունն աշխատում։ Եվ դա հիանալի խնդիր է, ուստի դրա բացահայտումը կլինի ձեռքբերում։ Աշխարհում շատ զարգացող երկրներ պարտքեր ունեն, որոնք պետք է վճարեն։ Ինչքան մեծ է պարտքը, այնքան շատ խնդիրներ են առաջանում: Ինչպե՞ս լուծել այս խնդիրը: Դու կարող ես վերաֆինանսավորել այն, կարող ես բանակցել, կարող ես խթանել քո տնտեսությունը, տնտեսական աճ ունենալ, բայց, միևնույն է, սահմանափակված ես որոշ պարտավորություններով: Բայց եկեք այս հարցը այլ տեսանկյունից դիտարկենք: Ամենամեծ խնդիրներից մեկը, որն այսօր բոլորը քննարկում են, կապված է շրջակա միջավայրի հետ: Մեզանից յուրաքանչյուրը փոխկապակցված է ոչ միայն այն պարտքով, որը մենք ժառանգել ենք ԱՄՀ-ից կամ Համաշխարհային բանկից, այլ՝ նաև երկկողմ պարտքերով: Եկեք պատկերացնենք, որ կա մի մեծ երկիր, որը կարևորում է կլիմայական փոփոխությունները և համաձայն է ամեն տարի մեկ միլիարդ ԱՄՆ դոլար ներդնել կլիմայական փոփոխությունների բարելավման գործում. ծառեր է տնկում, արտադրությունն ավելի մաքուր է դարձնում և այլն: Եկեք նաև պատկերացնենք, որ կա ավելի փորք երկիր, որն ունի 5 հարյուր միլիոն ԱՄՆ դոլարի պարտք այս երկրին և պետք է ծառայություններ մատուցի նրան: Պատկերացրեք նաև, որ կան երկու խելացի առաջնորդներ, որոնք համաձայնել են իրենց ջանքերը համատեղել և միջազգային հանրությանը համոզել են, որ ավելի փոքր երկրները այս պարտքի մի մասը կծախսեն իրենց երկիրն ավելի կանաչ դարձնելու վրա, հազարավոր, միլիոնավոր ծառեր կտնկեն և այդ վարկը կփոխանցեն ավելի մեծ երկրին, վերջինս էլ կկարողանա հաստատել, որ նրանք հարյուր միլիոնավոր դոլարներ են ներդրել «կանաչ պարտատոմսերում»: Գաղափարն այն է, թե ինչպես կկարողանանք Երկիր մոլորակն ավելի կանաչ և ավելի քիչ CO2-ով լցված դարձնել, թե ինչպես ազատվենք պարտքերից` ի նպաստ կլիմայի: Արդյունքում՝ ավելի փոքր երկիրն աշխարհի համար շատ օգտակար քայլ անելով ևս մեկ հնարավորություն կունենա վերցնել հինգ հարյուր միլիոն դոլար: Մենք ապրում ենք անորոշ, անկանխատեսելի աշխարհում: Ես միշտ մտածել եմ, որ անորոշությունը հնարավորություն է ստեղծում: Հնարավորություններ են բացվում փոքր երկրների համար, քանի որ տեխնոլոգիական առումով մենք բոլորս սկսում ենք նույն մակարդակից: Հայաստանը փոքր երկիր է, որտեղ կան շատ գիտնականներ, ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, հիանալի կրթական համակարգեր ծրագրավորման ոլորտում։ Ամեն ինչ փոխվելու է, քանի որ ապագայում մեքենաշինության համար այլևս գործարաններ անհրաժեշտ չեն լինի: 5, 10, 15 տարի հետո, երբ դուք գնաք առևտրի կենտրոն, մինչև ձեր երեխայի համար սնունդ կգնեք, ձեր մեքենան պատրաստ կլինի: Ձեր մեքենան կունենա երեք հազար բաղադրիչ, այն կլինի էլեկտրական, որը ձեզ համար կպատրաստեն երկու ռոբոտ: Սա է իրականությունը: Արդյունաբերական ձեռնարկություններում իրականացվող արտադրական գործընթացները կտրուկ կփոխվեն: Մենք այսօր աշխատում ենք գտնել մեծ շուկաներ, որտեղ աշխատուժն ավելի էժան է, իսկ ապագայում մեծ ընկերությունների առավելությունը կլինի այն, որ նրանք նոու հաու կունենան: Սա շատ կարևոր է, քանի որ աշխարհի ապագան մեծապես կախված է ստարտափերից։ Սակայն, ինչպե՞ս ես պատրաստվում նորարարություն անել, երբ արդյունաբերական ամբողջ տրամաբանությունը ասում է, որ դու պետք է գնաս համալսարան, դառնաս ինժեներ, հետո ավագ ինժեներ, վերջում՝ փոխնախագահ: Սա ստեղծում է մեկ այլ խնդիր, քանի որ Հայաստանը դեպի ծով ելք չունի, բայց ես մտածում եմ Հայաստանում նավահանգիստ ստեղծել, Հայաստանը դարձնել միջազգային խոշոր «նավահանգիստ» համաշխարհային տեղեկատվության օվկիանոսում: Այստեղ մենք հանդիպում ենք այլ խնդիրների՝ տվյալների հետ կապված ռիսկեր, կարգավորումներ և այլն: Բայց եթե մենք գնում ենք ստարտափ ունենալու ուղղությամբ, ապա գաղափարն է դառնում ամենահզոր գործիքը: Իսկ ո՞րն է գաղափարը: Կարո՞ղ եք այն վաճառել, այն արժեք ունենալու՞ է, ապագայում կլինե՞ն արդյոք գաղափարների շուկաներ, կկարողանա՞նք դրանք կարգավորել: Մենք մուտք ենք գործում նոր աշխարհ, և ես չեմ վախենում այդ փաստից: Կարծում եմ՝ այն արագությունը, որ մենք ունենալու ենք, կհանգեցնի նրան, որ չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը կլինի վերջինը, քանի որ այն շատ արագ տեղի կունենա: Չորրորդը, հինգերորդը, վեցերորդը կլինի մեր էվոլյուցիան, հեղափոխությունը, քանի որ մենք ապրելու ենք այս նոր աշխարհում և պետք է սկսենք ստանդարտներից դուրս մտածել: Պետք է զուգահեռաբար զարգացնել բոլոր ոլորտները, պետք է զարգացնել զբոսաշրջությունը, մշակույթը, պետք է արտադրել և վաճառել ամեն ինչ։ Բայց այս ամենի հիմքում պետք է լինեն նոր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը: Այս ամենի լավ օրինակներ կան Աֆրիկայում ևս․ նայեք Ռուանդային, որտեղ էլեկտրոնային կառավարման համակարգը մեծ փոխություններ է բերել: Ես շատ լավատես եմ: Այս աշխարհն ամբողջովին տարբեր է լինելու, այն չի լինելու գործարանների երկիր, այլ՝ երիտասարդների աշխարհ է լինելու»:
06:03 - 22 հունվարի, 2020
ՀՀ նախագահն ԱՄԷ-ում տված հարցազրույցում ներկայացրել է ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը |armenpress.am|

ՀՀ նախագահն ԱՄԷ-ում տված հարցազրույցում ներկայացրել է ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանը կողջունի Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքումը: Այս մասին Էմիրությունների լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը կախված է Պարսից ծոցի համագործակցության երկրների խորհրդի ցանկությունից: Իրենք կարող են իրենց հետաքրքրությունն ու ցանկությունը հայտնել ուղիղ միությանը կամ գործընկերներից մեկին, օրինակ՝ Հայաստանին: Եթե ինձ հայտնեն այդ ցանկության մասին, ես այն կփոխանցեմ միությանը»,- նշել է նախագահը: Արմեն Սարգսյանը հավելել է, որ Եվրասիական տարածաշրջանից դուրս գտնվող որոշ երկրների, ինչպիսին, օրինակ՝ Սինգապուրն է, արդեն ԵԱՏՄ-ի հետ ստորագրել է ազատ առևտրի համաձայնագիր, որոշ երկրներ էլ հայտնել են այդ ցանկության մասին:
05:51 - 22 հունվարի, 2020
«Մայքրոսոֆթը» հետաքրքրված է ՀՀ նախագահի՝ «ATOM» նախաձեռնությամբ

«Մայքրոսոֆթը» հետաքրքրված է ՀՀ նախագահի՝ «ATOM» նախաձեռնությամբ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է համաշխարհային տեխնոլոգիական առաջատար «Մայքրոսոֆթ» ընկերության Համաշխարհային կոմերցիոն բիզնեսի (WCB) գործադիր փոխնախագահ Ջուդսոն Ալթհոֆի հետ: Կարևորելով ընկերության հետ համագործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է տեխնոլոգիական և կրթական հանգույց դառնալու՝ Հայաստանի հնարավորությունները։ Ջուդսոն Ալթհոֆն ասել է, որ իրենց ընկերությունը հետաքրքրված է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցությամբ, մասնավորապես, արհեստական բանականության զարգացմամբ, մաթեմատիկական մոդելավորմամբ և մի շարք այլ ուղղություններով։ Համակարծիք լինելով, որ «Մայքրոսոֆթ»-ը հետաքրքիր գործընկեր կարող է լինել նախագահական հիշյալ ծրագրի համար՝ կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները և առաջիկայում ստորագրել փոխգործակցության մասին հուշագիր։ Անդրադարձ է եղել նաև կրթական ոլորտում համագործակցությանը:
05:28 - 22 հունվարի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Դավոս քաղաքում մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը, որն այս տարի անցկացվում է «Շահագրգիռ կողմերը՝ հանուն աշխարհի համախմբման և կայունության» խորագրով: Գործունեության 50 տարիների ընթացքում Դավոսի ամենամյա հանդիպումը դարձել է աշխարհի ամենաազդեցիկ բարձր մակարդակի հավաքներից մեկը, որն ամեն տարի համախմբում է պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, գործարար հանրության ներկայացուցիչների ու հեղինակավոր փորձագետների՝ քննարկելու գլոբալ, տարածաշրջանային և արդյունաբերական օրակարգերը, լուծումներ առաջարկելու առկա խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ: Ֆորումին այս տարի մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 700 բանախոսներ և ավելի քան 3000 մասնակիցներ: Համաշխարհային տնտեսական համաժողովի 2020 թվականի ամենամյա հանդիպումը պաշտոնապես բացել է Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր և նախագահ պրոֆեսոր Կլաուս Շվաբը։ Ողջույնի ուղերձ հղելով ներկաներին՝ նա մասնավորապես ասել է, որ հպարտ է այն համայնքով, որ կարողացել են ձևավորել անցած հիսուն տարիների ընթացքում։ Նա հատկապես ողջունել է Երիտասարդ գլոբալ առաջնորդներին (Young Global Leaders) և Գլոբալ փոփոխություն կերտողներին (Global Shapers), որոնք հավատում են աշխարհի փոխկապակցվածությանը և պատրաստ են միասին աշխատել։ Հայաստանի նախագահը ներկա է գտնվել նաև Դավոսի համաժողովի շրջանակում անցկացվող 26-րդ ամենամյա Crystal Award մրցանակաբաշխությանը: Այս տարի ֆորումը հաղթողներ է ճանաչել արվեստագետներ Թիսթեր Գեյթսին, Լինեթ Ուոլվորթին, պարուսույց Ջին Շինին և դերասանուհի Դիփիկա Պադուկոնեին՝ հասարակության կայունության ապահովման, ներառականության, հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման գործում ունեցած բացառիկ ներդրման համար: Դավոսի ֆորումի 50-րդ ամենամյա հանդիպման բացման առիթով կազմակերպված համերգում միասնության և ուրախության միջազգային կոչով հանդես է եկել Եվրամիության պատանեկան նվագախումբը՝ Սան Պաուլոյի սիմֆոնիկ նվագախմբի երգչախմբի և մենակատարների մասնակցությամբ։
10:38 - 21 հունվարի, 2020