ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Ուսուցիչները նշում են, որ նոր չափորոշիչը տալիս է նույն հնարավորությունը, ինչ լեզվի խորացված ուսուցման պարագայում է․ Ժաննա Անդրեասյան

Ուսուցիչները նշում են, որ նոր չափորոշիչը տալիս է նույն հնարավորությունը, ինչ լեզվի խորացված ուսուցման պարագայում է․ Ժաննա Անդրեասյան

Գիրք նվիրելու օրվա առիթով այցելել էինք դպրոցներից մեկը, որն ընդգրկված է նաև նոր չափորոշիչները փորձարկող դպրոցների ցանկում։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:«Ուսուցիչներն առաջին հանդիպում-քննարկումներից, վերապատրաստումներից բավական ոգևորված էին ու, մասնավորապես, օտար լեզուների ուսուցման մասով նշում էին, որ ըստ էության՝ նոր չափորոշիչը տալիս է նույն հնարավորությունը, ինչ լեզվի խորացված ուսուցման պարագայում է ստացվում։  Իհարկե, խնդիրներ էլ ենք ունենալու և միասին փոխելու ենք, բայց ուսուցիչների պատրաստակամությունը՝ գնալ ընդառաջ փոփոխություններին և միասին անել այդ փոփոխությունը, ամենակարևոր բանն է»,- գրել է Անդրեասյանը:     
10:15 - 21 փետրվարի, 2021
Շարունակվում են երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակման աշխատանքները

Շարունակվում են երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակման աշխատանքները

«Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության» նախագծի մշակման աշխատանքային խումբը գումարել է հերթական նիստը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:  Հանդիպման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ սկզբում համավարակի, հետո նաև արցախյան պատերազմի և դրանից բխող խնդիրների պատճառով հանձնաժողովի աշխատանքները ժամանակավորապես առկախվել էին: «ԿԳՄՍ նախարարությունն աշխատանքային խմբի ջանքերով և Եվրամիության տրամադրած փորձագիտական աջակցության շրջանակում մշակել է ռազմավարության նախագծի նախնական տարբերակ, որն աշխատանքային խումբն առաջիկայում կլրամշակի՝ լայն հանրային քննարկման ներկայացնելու համար: Երիտասարդության ոլորտի զարգացման համար ուղենշային այս փաստաթուղթն առաջիկա շաբաթներին պետք է շարունակի անցնել հանրային մասնակցության մի քանի շրջափուլ՝ ներառելով արցախյան վերջին պատերազմով և համավարակի մարտահրավերներով պայմանավորված վերանայումներ: Մեր նպատակն է մշակել այնպիսի հայեցակարգային փաստաթուղթ, որը կնպաստի երիտասարդական ոլորտի համակարգմանն ու զարգացմանը միտված թիրախային ծրագրերի իրականացմանը, կապահովի ոլորտային այլ ռազմավարություններում երիտասարդության շեշտադրումը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը և հավելել, որ փաստաթուղթը նաև կներառի այնպիսի գործողություններ, որոնք ՀՀ միջազգային և այլ պարտավորություններով արդեն իսկ ամրագրված են ռազմավարական փաստաթղթերում և նպաստելու են երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության օրակարգերին: Հանդիպման ընթացքում ռազմավարության մշակման ժամանակացույցը և մոտեցումները ներկայացրել է ԿԳՄՍՆ Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պետրոսյանը, իսկ նախագծի վերաբերյալ առաջարկությունները՝ ԵՄ փորձագետ Արսեն Սիմոնյանը: Այնուհետև նախագիծը քննարկվել է փոքր խմբերով, և ներկայացվել են դրա արդյունքները: Նշենք, որ «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության» նախագծի մշակման աշխատանքային խմբի նիստն անցկացվել է «Վիշեգրադ միջազգային հիմնադրամ»-ի կողմից ֆինանսավորվող «ՊրոԴեՖորմ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Ստեփանավանի երիտասարդական կենտրոնը:
11:45 - 20 փետրվարի, 2021
ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ

ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ՝ տեղում ծանոթանալու ընթացող շինարարական ու վերանորոգման աշխատանքներին: Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ներկայացրել է օդափոխության և ջերմախոնավային համակարգի տեղադրման աշխատանքները և նշել, որ նոր համակարգի գործարկումը թանգարանի համար մի շարք խնդիրներ կլուծի: Դ. Պողոսյանը նաև ներկայացրել է թանգարանում տեղ գտած որոշ եզակի ցուցանմուշներ, որոնք վերանորոգման աշխատանքներից հետո կցուցադրվեն հանրությանը: Նախարար Վահրամ Դումանյանը հետաքրքրվել է՝ արդյոք վերջին երկրաշարժը որևէ հետևանք չի թողել: Ի պատասխան՝ տնօրենն ասել է, որ բոլոր նմուշներն էլ անվնաս են մնացել: Դ. Պողոսյանի վստահեցմամբ՝ մի քանի ամիս հետո թանգարանը դռները կբացի հանրության առաջ: Հայաստանի ազգային պատկերասրահում պահվում է ավելի քան 25000 նմուշ, որոնք ժամանակակից օդափոխության և ջերմախոնավային համակարգի բացակայության պատճառով վտանգված են եղել: Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը ներկայացրել է շենքային պայմանների ընթացիկ խնդիրները, որոնք հրատապ լուծումներ են պահանջում: Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ դրանք լրացուցիչ քննարկելու և արդյունավետ լուծումներ գտնելու վերաբերյալ:
20:09 - 19 փետրվարի, 2021
Թատերական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միացնելու մասին խոսք չի եղել և չկա.Վահրամ Դումանյան |armenpress.am|

Թատերական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միացնելու մասին խոսք չի եղել և չկա.Վահրամ Դումանյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը անհիմն է համարում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միացնելու մասին շրջանառվող լուրերը: Նա հիշեցնում է, որ ԵԹԿՊԻ ռեկտոր Լիլիթ Արզումանյանն օրեր առաջ հերքել է միացման մասին համացանցում տարածվող ինֆորմացիան: Փետրվարի 19-ին լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց. «Այդ հարցը պատահաբար եմ լսել: Չգիտեմ, թե այն ում երևակայության արդյունքում է թևավորվել: Թատերական ինստիտուտի ուսանողներն էլ ակցիա էին իրականացնում»,- նշեց Դումանյանն ու ընդգծեց, որ Թատերական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միացնելու մասին խոսք չի եղել և չկա։ Ավելի վաղ համացանցում և այլ հարթակներում լուրեր էին պտտվում այն մասին, թե ԵԹԿՊԻ-ն առաջիկայում միացվելու է Մանկավարժական համալսարանին: Թատերական ինստիտուտի ուսանողներին մտահոգել էր շրջանառվող ինֆորմացիան, և նրանք բուհում բողոքի ակցիա էին նախաձեռնել:
14:45 - 19 փետրվարի, 2021
Նոր օրինագծով առաջին փուլում դիմորդը կհայտագրի բացառապես մեկ մասնագիտություն

Նոր օրինագծով առաջին փուլում դիմորդը կհայտագրի բացառապես մեկ մասնագիտություն

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու մասին» Կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ այդմ՝ առաջարկվող փոփոխությունները հիմնականում վերաբերում են ընդունելության քննությունների և մասնագիտությունների հայտագրման գործընթացին, անցկացման ժամկետներին և հայտագրման եղանակին։ Գործող կարգով սահմանված է, որ դիմորդներն ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը հանձնում են այն բուհում, որի մասնագիտությունն ընդունելության դիմում-հայտում հայտագրել են առաջինը: Նախագծով ամրագրվում է հայտագրման, փաստաթղթերի ներկայացման առցանց եղանակը՝ ընդունելության քննությունները կազմակերպող և անցկացնող Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքի միջոցով։ Այս կարգավորումը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ և կանոնակարգված դարձնել գործընթացը: Գործող կարգով դիմորդները դիմում-հայտում հայտագրում են մինչև 2 անվճար և մինչև 8 վճարովի մասնագիտություն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 5-րդ, 6-րդ տեղերում հայտագրված մասնագիտություններով բուհ ընդունվում են շատ քիչ դիմորդներ, իսկ 7-րդ տեղից հետո հայտագրված մասնագիտություններով ընդունելություն լինում է գրեթե բացառիկ դեպքերում: Բացի դրանից՝ 8 մասնագիտություն հայտագրելը նվազեցնում է մասնագիտական կողմնորոշմամբ բուհ ընդունվելու հնարավորությունը, քանի որ դիմորդները, հաճախ նախընտրած մասնագիտությունից բացի, հայտագրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք պարզապես ունեն նույն մրցութային քննությունները: Արդյունքում՝ բազմաթիվ դիմորդներ, դուրս մնալով նախընտրած մասնագիտության մրցույթից, ընդունվում են այլ մասնագիտություններով:  Նախագծով սահմանվում է, որ բուհերի ընդունելության մրցույթն անցկացվում է հիմնական և լրացուցիչ փուլերով: Հիմնական փուլի մրցույթն անցկացվում է բացառապես մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) հայտագրմամբ: Դիմորդն ընդունելության դիմում-հայտում լրացնում է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի և մեկ մասնագիտության անվանումը, տվյալ մասնագիտությամբ սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները: Հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ: Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհերի մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկաներից դիմորդն ունի դրական գնահատականներ, և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:   Այսպիսով՝ հայտագրման այս եղանակը հնարավորություն է տալիս  մասնագիտական հստակ կողմնորոշում ունեցող դիմորդներին ընդունվել բուհ՝ իրենց նախընտրած մասնագիտությամբ։ Մասնագիտության հայտագրումն անցկացվում է երկու փուլով` առաջին և երկրորդ: Առաջին փուլն ընդգրկում է ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից նախընտրած մասնագիտության համար սահմանված քննական առարկաների առցանց հայտագրումը, իսկ երկրորդ փուլը՝ հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիների, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիների,  զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների կողմից տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկաների առցանց հայտագրումը։ Նախագծով հստակեցվել են նաև ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվելու արտոնություններ ունեցող դիմորդների խմբերը, ներկայացվող պահանջները և դեպքերը: Սահմանվել է արտոնություն մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդների համար, այն է՝ զորացրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ընդունելության քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով) անվճար ուսուցմամբ ընդունվելու հնարավորություն՝ ըստ ՀՀ կառավարության հաստատած տեղերի: Տվյալ մասնագիտության գծով բանակից զորացրվածների համար անվճար տեղեր հատկացված չլինելու դեպքում զորացրված դիմորդն անվճար ուսուցման մրցույթին մասնակցում է ընդհանուր հիմունքներով, իսկ վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս: Հավելենք, որ 2012 թվականից առ այսօր ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ընդունելության գործընթացը կարգավորվել է Կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ բացառությամբ 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության՝ պայմանավորված նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ:
10:27 - 19 փետրվարի, 2021
ԿԳՄՍՆ-ում քննարկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկը

ԿԳՄՍՆ-ում քննարկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Այն վարել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ մշակութային քաղաքականությունը չի կարող տարանջատված լինել արտաքին քաղաքականությունից. «Ամեն ինչ պետք է անենք միջազգային տեղեկատվական ինքնամեկուսացման մեջ չհայտնվելու, կապը չխզելու համար. մեզ համար այժմ՝ առավել քան երբևէ, կարևոր է ներկա լինել այդ միջավայրում: Պետք է հստակեցնենք ոլորտի ռազմավարական առաջնահերթությունները, իմանանք՝ ինչպես ենք դիրքավորվում միջազգային հարթակում»: Նախքան նիստի օրակարգին անցնելը խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող Հռիփսիմե Պիկիչյանը ներկայացրել է ոլորտում առկա խնդիրները՝ ինստիտուտում պահվող ձայնագրությունների թվայնացման վերաբերյալ: Խնդրի առնչությամբ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ պետք է աշխատել պահպանված ժառանգությունը ոչ միայն թվայնացնելու, այլև կենսունակ դարձնելու, երգն ու երաժշտությունը երաժշտական խմբերի միջոցով հանրայնացնելու ուղղությամբ՝ որոշակի ծրագրերի մշակմամբ, և այդպիսով նաև ձևավորելով միջոլորտային ամուր կապ: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհրդի անդամները, ըստ ընթացակարգի, խորհրդի նոր նախագահ են ընտրել Հռիփսիմե Պիկիչյանին: Հանդիպմանը քննարկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկը: Խորհրդի անդամները հանդես են եկել առաջարկություններով, մասնագիտական դիտողություններով: Առանձին-առանձին անդրադառնալով ցանկում ընդգրկված արժեքներին՝ ամփոփվել են ներկայացված առաջարկները, լրամշակման, խմբագրման ենթակա կետերը, արժեքներին վերաբերող մասնագիտական առանձնահատկությունները, արված աշխատանքը և անելիքները, կարևորվել են ձեռք բերված հմտությունները: Մասնավորապես, առաջարկվել է «ասեղնագործությունը» հանել ցանկից՝ որպես անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեք, քանի որ վերջին տարիներին ասեղնագործական նմուշների պահպանման ակտիվ գործունեություն է ծավալվում դասընթացների կազմակերպման միջոցով: Քննարկվել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովից ստացված առաջարկների՝ համատեղ հայտ պատրաստելու ցանկը: Որոշվել է առաջարկող կողմից խնդրել հիմնավոր տեղեկություններ ցանկի նմուշների վերաբերյալ՝ հետագա համագործակցությունը հստակեցնելու նպատակով:
20:30 - 18 փետրվարի, 2021
Բակալավրիատի կրթական ծրագրով կհատկացվի 2918 անվճար և 22.300 վճարովի տեղ

Բակալավրիատի կրթական ծրագրով կհատկացվի 2918 անվճար և 22.300 վճարովի տեղ

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2021/2022 ուստարվա ընդունելության համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2918 անվճար և 22.300 վճարովի տեղ: Մագիստրատուրայի կրթական ծրագրով (անվճար), առկա ուսուցմամբ առաջարկվում է հատկացնել 1391 տեղ, որից 1099-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին:  Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։  Բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա՝ բակալավրի ու մագիստրատուրայի կրթական ծրագրերով ընդունելության տեղերի հատկացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծերը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի e-draft.am տեղեկատվական հարթակում: Բակալավրիատի ծրագրով` անվճար տեղերից 88-ը առաջարկվում է տրամադրել օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում` 70 տեղ նախատեսված է սփյուռքահայ դիմորդների, 13 տեղ` միջպետական պայմանագրերով ընդունելության համար: Միջպետական համաձայնագրի շրջանակում ևս 5 տեղ կհատկացվի Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետին` Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների ուսումնառության համար: Բակալավրիատի կրթական ծրագրով Արցախի Հանրապետությանը հատկացված է 60 նպատակային տեղ (չհաշված ՀՀ ոստիկանության կրթահամալիրին և ՀՀ ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային հատկացված տեղերը): 350 տեղ նախատեսվում է հատկացնել ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար: Պահուստային տեղերի համար նախատեսվել է 62 տեղ: Նախորդ տարիների նման այս տարի ևս առանձին ընդունելության տեղեր կհատկացվեն «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար: Բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում 2021/2022 ուսումնական տարում ընդունելություն կիրականացվի մի շարք նոր մասնագիտություններով (կրթական ծրագրերով)՝ «Գեոդեզիա և կադաստր», «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր», «Մեքենասարքավորումների ճարտարագիտություն», «Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն», «Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ» և «Ճշգրիտ գյուղատնտեսություն», «Պետական և ռազմական կառավարում», «Արհեստական բանականությամբ համակարգեր», «Միջուկային տեխնոլոգիաների կառավարում», «Նորարարությունների տնտեսագիտություն», «Մարդկային ռեսուրսների կառավարում», «Մարքեթինգային հաղորդակցություններ», «Հանրային ծառայությունների բիզնեսի կազմակերպում և կառավարում», «Կիրառական վիճակագրություն» և այլն: Նախագծով մագիստրատուրայի համար նախատեսված է պահուստային 9 տեղ ընդունելության մրցույթում հավասար միավորներ (ՄՈԳ) ունեցող դիմորդների համար: Անվճար տեղերի հայտը ձևավորելիս հաշվի է առնվել շահագրգիռ կազմակերպությունների և բուհերի ներկայացրած հայտերը, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջարկը` ըստ բուհերի կարիերայի կենտրոնների վերլուծության: Նախապատվությունը տրվել է՝ ճարտարագիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի, ճարտարապետության և շինարարության, համակարգչային, ֆիզիկական, կենսաբանական գիտությունների, գյուղատնտեսական գիտությունների և մաթեմատիկայի ոլորտների մասնագիտություններին և կրթական ծրագրերին: Շահագրգիռ կառույցներն ու անհատներն իրենց առաջարկներն ու դիտողությունները կարող են ներկայացնել բակալավրի կրթական ծրագրով տեղերի համար մինչև մարտի 2-ը, մագիստրատուրայի կրթական ծրագրի համար` մարտի 5-ը ներառյալ:
15:57 - 18 փետրվարի, 2021
Հայտնի են 2020 թվականի լավագույն ուսանողները

Հայտնի են 2020 թվականի լավագույն ուսանողները

Այսօր ԿԳՄՍ-ում տեղի է ունեցել 2020 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալները, բուհերի ռեկտորներ և ուսանողներ: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան վերջին գոյամարտի ընթացքում նահատակված հերոսների հիշատակը։   Հաղթողներին հանձնելով հավաստագրեր ու նվերներ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչվելը հպարտանալու առիթ է, բայց միևնույն ժամանակ նաև պատասխանատվություն և ձեռք բերածը նորովի վերարժևորելու և հաջողությունը շարունակելու կարևոր նախապայման:   «Մրցույթով նպատակ ունենք այս կերպ ևս բացահայտել ու խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում: Շատ կարևոր է, որ այս մրցույթի շրջանակում բուհերի ուսանողների միջև բարձրանա մրցակցությունը, ինչը նպաստավոր է որակական առաջընթացի, հետաքրքրությունների ընդլայնման, ինքնադրսևորվելու հնարավորությունների խթանման և կարողությունների բացահայտման առումով:   Սիրելի՛ երիտասարդներ,   ապագայի կերտման ճանապարհին մենք ձեր լավագույն գործընկերն ենք, աջակիցն ու հովանավորը: Ուս ուսի, ձեռք ձեռքի տված շատ անելիքներ ունենք մեր պետության կայացման և առաջխաղացման գործում: Ջանք մի՛ խնայեք ձեր նախընտրած ոլորտում կայանալու, նոր ասելիքով հանդես գալու, լավագույն ապագան կերտելու համար: Խորը ցավով եմ նշում, որ մեր ուսանողները ևս հանուն հայրենիքի իրենց կյանքը չխնայեցին և հերոսացան: Դուք այժմ կրկնակի եռանդով պետք է աշխատեք՝ տեր լինելով նաև նրանց կորցրած ապագային: Լավագույնները միայն ներկաները չեն. դուք լավագույնների ներկայացուցիչն եք, քանի որ մենք ունենք հրաշալի երիտասարդություն և ուսանողություն: Դուք պետք է գիտակցեք, որ այս երկրի իրական տերն եք ու մեր երկիրը տանելու եք դեպի զարգացում և հզորացում:   Անվտանգությունը սկսվում է կրթությունից. մտքով ու գաղափարով պետք է ապահովենք մեր անվտանգությունը»,- նշել է Վահրամ Դումանյանը՝ ուսանողներին մաղթելով անսպառ եռանդ, բարձր պատասխանատվություն, սեր և նվիրում նախընտրած ոլորտում։   Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ հանձնաժողովը դժվարությամբ է ընտրել լավագույններին, քանի որ մրցույթն անցել է բավականին մրցակցային պայմաններում. «Չնայած մեր երկրին պատուհասած մարտահրավերներին՝ համավարակին և Արցախյան գոյամարտին, այդուհանդերձ, որոշում կայացրեցինք անցկացնել մրցույթը, քանի որ հատկապես նման իրավիճակում կարևոր է ընդգծել գիտելիքի դերը, իսկ այս մրցույթը հենց դրա մասին է: Հիմա, առավել քան երբևէ, ուսանողները պետք է լավ սովորեն՝ կիրթ ու կարողունակ հասարակություն և զարգացած պետություն ունենալու համար»:   Մրցութային հանձնաժողովի անդամ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը ներկայացրել է, թե ինչպես և ինչ սկզբունքով են ընտրել լավագույններին։ Լավագույնը ճանաչված ուսանողներին ողջունել ու շնորհավորել են նաև Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Ռուբեն Աղգաշյանը:   Նշենք, որ մրցույթն անցկացվել է ըստ կրթական աստիճանների` բակալավր ու մագիստրոս, և ըստ 7 ոլորտների՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ-սպորտ: Մրցույթում հաղթող են ճանաչվել 38 ուսանողներ, որոնք ներկայացրել են հանրապետության 16 բուհ: 1-ին տեղ է գրավել 13 ուսանող, որոնց կշնորհվի 415.000 դրամ, իսկ 2-րդ տեղ՝ 13 ուսանող, որոնք կստանան 305.000 դրամ կրթաթոշակ: 3-րդ հորիզոնականը զբաղեցրած 12 ուսանողի կշնորհվի 220.000 դրամ կրթաթոշակ: Բացի դրանից՝ ուսանողների համար նախարարությունը պատրաստել էր նվերներ՝ գրքերի տեսքով, որոնք տպագրվել են գերատեսչության դրամաշնորհներով:   Հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի երաժիշտներից կազմված ջազային քառյակի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակի կատարումներով:   Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել Երևանի թիվ 8 արհեստագործական ուսումնարանի խոհարարության, Երևանի հումանիտար քոլեջի կարպետագործության և գորգագործության, Երևանի թեթև արդյունաբերական քոլեջի դիզայնի և կարի տեխնոլոգիայի, Երևանի զարդարվեստի ուսումնարանի փայտի գեղարվեստական մշակման և ոսկերչության, Երևանի ինֆորմատիկայի քոլեջի մեխոտրոնիկայի և ռոբոտաշինության, Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջի գինեգործության և փայտի գեղարվեստական մշակման, ինչպես նաև Արարատի պետական քոլեջի գինեգործության բաժինների ուսանողների ցուցահանդեսը:
19:33 - 17 փետրվարի, 2021
Անհրաժեշտ է խթանել հայ և վրացի երիտասարդների շփումները. ԿԳՄՍ նախարարը՝ դեսպանին

Անհրաժեշտ է խթանել հայ և վրացի երիտասարդների շփումները. ԿԳՄՍ նախարարը՝ դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:   Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, շնորհավորելով նախարար Վ. Դումանյանին նշանակման առթիվ, ասել է, որ հանդիպումը որոշ ժամանակով հետաձգվել է՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, բայց ուրախ է, որ, ի վերջո, այն կայանում է: Դիվանագետը համոզմունք է հայտնել, որ թեև նախարարը պաշտոնը ստանձնել է Հայաստանի համար բարդ ժամանակահատվածում, սակայն փորձառության շնորհիվ կկարողանա հաղթահարել մարտահրավերներն ու լուծել իր առջև դրված խնդիրները:   Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Վ. Դումանյանն արձանագրել է, որ հայ և վրացի ժողովուրդները շատ ընդհանրություններ, իսկ եղբայրական ու բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Նրա խոսքով՝ անցած տարին Հայաստանի համար շատ բարդ է եղել: Նախ՝ կորոնավիրուսը, հետո նաև պատերազմը մարդկային անդառնալի կորուստների պատճառ են դարձել:   «Մեզ համար մեծապես կարևոր է նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային հուշարձանների ճակատագիրը, որոնք, հայկական լինելուց զատ, նաև համամարդկային մեծ արժեք են ներկայացնում»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ այս հարցում հայկական կողմն ապավինում է ինչպես միջազգային հանրության, այնպես էլ վրաց գործընկերների հնարավոր աջակցությանը:   Համոզմունք հայտնելով, որ Հայաստանը կարճ ժամանակահատվածում կհաղթահարի պատերազմի հետևանքները, դեսպանը մեջբերել է վրացի հայտնի բանաստեղծ, հրապարակախոս Իլյա Ճավճավաձեի այն միտքը, թե միայն ուժեղ Հայաստանով է ամուր Վրաստանի հարավը:   Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են համատեղ երկկողմ, ինչպես նաև միջազգային ծրագրերի շրջանակում բազմակողմ համագործակցությունը: Նախարար Վ. Դումանյանը նշել է, որ անհրաժեշտ է հայ և վրացի երիտասարդների միջև խթանել շփումները՝ այդպիսով երկարաժամկետ կտրվածքով ապահովելով հետագա համագործակցությունը մասնագետների շրջանում: Համակարծիք լինելով նախարարի հետ՝ Գիորգի Սագանելիձեն ասել է, որ կրթության և գիտության բնագավառում նույնպես առկա է համագործակցության մեծ ներուժ:   Հանդիպման ավարտին կողմերն արձանագրել են, որ անհրաժեշտ է ակտիվացնել ու զարգացնել նաև միջբուհական շփումներն ու համատեղ ուսանողական փոխանակման ծրագրերը:
19:12 - 17 փետրվարի, 2021
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը քննարկվել է ռեկտորների խորհրդի նիստում

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը քննարկվել է ռեկտորների խորհրդի նիստում

ԿԳՄՍ նախարարությունում հրավիրվել է ռեկտորների խորհրդի նիստ, որի օրակարգում ներառված էր Ազգային ժողովում նախորդ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի քննարկման հարցը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Նիստին մասնակցել է Հայաստանի պետական բուհերի 13 ռեկտոր, ինչը բավարար էր քվորումի ապահովման համար: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Հայ-ռուսական համալսարանի ռեկտորը, ով նիստին ներկա չէր, փոխանցել էր գրավոր առաջարկներ քննարկվող օրինագծի վերաբերյալ: Նիստին մասնակից բոլոր ռեկտորներն օրինագծի առնչությամբ մի շարք մտահոգություններ են հայտնել, ինչպես նաև ներկայացրել գրավոր առաջարկների փաթեթներ` դրանք Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին ներկայացնելու և նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ քննարկելու նպատակով: Ռեկտորները մտահոգիչ են համարում նախագծի անցումային դրույթներով սահմանված 2022-24 թվականներին ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման  պահանջը` նշելով, որ բուհերի բյուջեներն այդ դեպքում կարող են ունենալ ֆինանսական ճեղքվածք` հաշվի առնելով, որ հավատարմագրումն ենթադրում է տևական գործընթաց և  վճարումների կատարում: Բանն այն է, որ նախագծով ընդհուպ մինչև գործունեության լիցենզիայի դադարեցման խնդիր է դրվում, եթե բուհը նշված ժամկետներում հավատարմագրում չի անցնում:  Բացի դրանից` օրինագծով առաջարկվող որոշ ձևակերպումներ բուհերի համար կարող են առաջացնել հարկային պարտավորությունների կատարման խնդիրներ` հավելյալ հարկային բեռի ռիսկ հարուցելով: Ռեկտորներից շատերի կարծիքով` օրինագիծը՝ որպես ոլորտը կարգավորող հիմնարար  իրավական ակտ, բավականին մեծ թվով բացառություններ է սահմանել,  ինչը  հակասում է ոլորտի միասնական կարգավորման տրամաբանությանը և խնդրահարույց է համընդհանուր օրինաչափության և բուհերի հանդեպ խտրական մոտեցման տեսանկյունից: Խնդիրներ կան նաև մասնագիտական տերմինների սահմանման, ընդհանրապես նախագծի լեզվական և ոճական շարադրանքի հետ կապված: Ըստ ռեկտորների խորհրդի` անհրաժեշտ է շտկումներ անել`  առաջարկվող ձևակերպումները հստակեցնելու և հետագայում տարընթերցումներից խուսափելու համար: Բարձրացվել է նաև բուհերի կառավարման մոդելի` խորհուրդների ձևավորման և ռեկտորի ընտրության հարցը, ըստ որի՝ խորհրդի 9 անդամից 5-ը նշանակվելու են լիազոր մարմնի, 4-ը` բուհի կողմից` ներառյալ ուսանողական, դասախոսական և բուհի հետ համագործակցող գործարար համայնքը: Բուհի ռեկտորը, ըստ նախագծի, ընտրվում է կառավարման խորհրդի կողմից՝ ընտրանքային կարգով։ Խորհրդի որոշմամբ՝ կարող է առաջարկվել ռեկտորի մինչև երեք թեկնածու, որոնցից մեկին կնշանակի լիազոր մարմնի ղեկավարը: Կարծիքներ են հնչել, որ այդ մոտեցումը բուհական ինքնավարության ու ակադեմիական ազատության սահմանափակում է, և ըստ էության՝ նշանակում է ռեկտորի նշանակովի մոդելի ներմուծում: Այդպիսի մոդել, ի դեպ, նախկինում կիրառվել է ԵՊՀ-ում` ֆակուլտետների դեկանների ընտրության ժամանակ (երեք թեկնածուից մեկին նշանակել է ռեկտորը), սակայն հետագայում որոշվել է անցում կատարել ուղիղ ընտրության կարգին: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ռեկտորների բարձրացրած խնդիրների ու առաջարկների վերաբերյալ նշել է, որ դրանք կհամակարգվեն և կներկայացվեն խորհրդարանի քննարկմանը: Նախարարի գնահատմամբ` կատարյալ օրենքներ չեն լինում, և այս նախագիծն էլ լավագույնը լինելու հավակնություն չի կարող ունենալ, սակայն ներկա պայմաններում կարգավորման պահանջը հասունացած է. «Բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող օրենքի նախագծի մշակմամբ զբաղվել են կրթության և գիտության վերջին 4 նախարարները. այն ունի տարիների պատմություն: Նախագծի հիմնական բովանդակությունը պետք է փնտրել ոչ թե ռեկտորի ընտրության կամ նշանակման, այլ կրթական ծրագրերի, կրեդիտային համակարգի և բազմաթիվ խորքային հարցերի մեջ: Ցանկացած բուհ նախ և առաջ ավանդույթների պատմություն է, և ռեկտորը, անկախ նրա անձից, պետք է դառնա այդ ավանդույթների կրողն ու զարգացնողը»,- նշել է Վահրամ Դումանյանը: Անդրադառնալով ռեկտորի ընտրության և բուհերի կառավարման խորհուրդների մոդելին` նախարարը նշել է, որ առաջարկվող լուծումը, երբ ռեկտորի 3 թեկնածուից մեկին նշանակում է լիազոր մարմնի ղեկավարը, կիրառվում է աշխարհի բազմաթիվ առաջադեմ երկրների համալսարաններում: Կա նաև հակառակը, այսինքն՝ ուղիղ ընտրության դրական փորձը: Հայաստանի համար այս փուլում նմանօրինակ մոդելի նախընտրությունը, ըստ նախարարի, որոշ իմաստով բխում է առկա իրավիճակից: «Ինձ համար անհասկանալի են այն ձևակերպումները, թե Կառավարությունը փորձում է միջամտել ռեկտորի ընտրությանը: Այդպիսի հայտարարությունները  երբեմն արվում են այնպիսի տոնայնությամբ, կարծես թե խոսքը հարևան պետության, այլ ոչ թե ՀՀ կառավարության մասին է: Պետությունը՝ որպես բուհի հիմնադիր, վճռորոշ խոսքի իրավունք ունի և կարող է կարևոր դերակատարում ունենալ` անկախ նրանից, թե տվյալ պահին ով է ներկայացնում իշխանությունը: Բուհի և պետության հարաբերությունները պետք է գործընկերային լինեն, իսկ բուհի ներքին մթնոլորտը` ակադեմիական: Պետք չէ մոռանալ, որ տվյալ պարագայում ռեկտորը պետության հիմնադրած բուհում վարձու աշխատող է` ընդամենը: Պետական բուհի մասին խոսելիս պետք է չմոռանալ նաև, որ բուհը պետական ապրանքանիշ է` բրենդ, հետևաբար պետությունն իրավունք ունի պայմաններ և պահանջներ դնել»,- նշել է Վահրամ Դումանյանը: Նախարարի խոսքով` ներկայում բուհերի մի մասն ունեն հիմնադրամի, մյուսները` այլ կազմակերպաիրավական կարգավիճակ, ինչը համակարգում խառնաշփոթ է հարուցում, և այդ առումով ևս միասնական կարգավորման խնդիր կա: Հանդիպման ընթացքում բարձրացվել են նաև նախագծով առաջարկվող այլ կարգավորումների` ուսանողական խորհուրդների և ուսանողական մարմինների ձևավորման, կառավարման և ակադեմիական (գիտական) խորհուրդների իրավասությունների հավասարակշռման, վարչական աշխատանքի համար սահմանված տարիքային շեմի (65 տարեկանից հետո վարչական աշխատանքի կատարումը սահմանափակվում է), ամբիոնի վարիչի պաշտոնը ոչ թե վարչական, այլ գիտամանկավարժական պաշտոն դիտարկելու հարցերը:
13:38 - 17 փետրվարի, 2021
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար միջազգային փառատոն է կազմակերպվում

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար միջազգային փառատոն է կազմակերպվում

Ռուսաստանի Դաշնության «Զարգացում» մշակութային նախագծերի կենտրոնը 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը կազմակերպում է «Яркий Мир-2021» միջազգային փառատոնը՝ նախատեսված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների համար: Փառատոնի հիմնական նպատակն է բացահայտել և զարգացնել ԿԱՊԿՈՒ երեխաների տաղանդը, բարեկամություն հաստատել նրանց միջև, խրախուսել երեխաներին՝ համագործակցելու և ընկերանալու հասակակիցների հետ, բացահայտել մանկավարժի և ծնողների հաջող փորձը, ոգեշնչել նրանց: Փառատոնին հրավիրվում են մասնակցելու՝ 5-18 տարիքային խմբի ԿԱՊԿՈՒ երեխաները, նրանց հետ աշխատող մանկավարժները, նրանց ընկերները, ներառական կրթություն իրականացնող թիմերը, ծնողները: Փառատոնի մասնակիցները կարող են ներկայացնել տեսանյութեր, նկարներ, լուսանկարներ, ձեռագործ իրեր, շարադրություններ: Յուրաքանչյուր աշխատանք կհրապարակվի մրցույթի կայքում : Մանրամասներին կարելի է ծանոթանալ` այցելելով փառատոնի կայք։
20:53 - 16 փետրվարի, 2021
Պետք է ունենանք ադապտիվ սպորտի ոչ թե երկու մարզիկով ներկայացող, այլ մեդալների համար պայքարող մրցունակ թիմ. Գիլոյան

Պետք է ունենանք ադապտիվ սպորտի ոչ թե երկու մարզիկով ներկայացող, այլ մեդալների համար պայքարող մրցունակ թիմ. Գիլոյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է պետական աջակցության ծրագրում ներառված հաշմանդամային սպորտի զարգացման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և ՀՀ մարզպետարանների ու Երևանի քաղաքապետարանի սպորտի գծով պատասխանատուներին: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ հանդիպման նպատակը հաշմանդամային սպորտին և զանգվածային մարզական միջոցառումներին առնչվող հարցերի քննարկումն է: Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ այժմ նախարարությունում աշխատում են մի ծրագրի ուղղությամբ, որը հնարավորություն կտա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդներին զբաղվել տարբեր սպորտաձևերով, իսկ հետագայում մասնակցել մրցաշարերի. «Ծրագիրը բաղկացած է լինելու երկու մասից: Առաջին մասով նախատեսվում է հոգեբանական աջակցության միջոցով հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդներին ընդգրկել ադապտիվ սպորտում, իսկ երկրորդ մասով՝ աջակցել նրանց արդեն պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու ճանապարհին: Այս ծրագրում ընդգրկված կլինեն անվասայլակով բասկետբոլը և հանդբոլը, սեղանի թենիսը, աթլետիկական էստաֆետը, շախմատը, շաշկին: Քննարկում ենք մի մարզահամալիր կահավորելու տարբերակը, որը հարմարեցված կլինի հաշմանդամային սպորտին: Հատկապես պատերազմից հետո նման ծրագիրն անհրաժեշտություն է»: Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև պարալիմպիկ հավաքականը համալրելու և գրանցած արդյունքները բարելավելու խնդրին. «Պարալիմպիկ խաղերի հետ կապված վիճակագրությունը գոհացուցիչ չէ: Պետք է աշխատենք մասնակիցների շրջանակն ընդլայնելու, մեդալներ նվաճելու ուղղությամբ: Հասկանալի է, որ հաշմանդամային սպորտի ֆինանսավորումը դեռևս այն մակարդակի չէ, որ մենք արդյունք պահանջենք, բայց ես խորապես համոզված եմ՝ միայն պետական աջակցությանը պետք չէ սպասել. յուրաքանչյուրս պետք է փորձի իր հնարավորությունների սահմանում լուծել եղած խնդիրները: Պետք է ունենանք ադապտիվ սպորտի ոչ թե պարզապես երկու մարզիկով ներկայացող, այլ մեդալների համար պայքարող մրցունակ թիմ: Սա ինքնանպատակ հայտարարություն չէ. եթե մենք չենք պայքարում հաղթանակի համար, սպորտը վերածվում է զուտ ֆիզիկական կուլտուրայի, իսկ այդպես միջազգային մրցումների մասնակցելն անհարիր է և անընդունելի»: Հաջորդիվ նախարարի տեղակալը խոսել է հանրապետության մարզերում և Երևանում նախատեսված զանգվածային մարզական միջոցառումների՝ այս տարի ոչ մեծ ծավալով անցկացնելու թեմային. «Կորոնավիրուսի համավարակի և պատերազմի առաջացրած տնտեսական խնդիրների պատճառով այս տարի, նախորդների համեմատ, ավելի քիչ զանգվածային մարզական միջոցառումներ կանցկացնենք, սակայն եղածները պետք է կազմակերպվեն հավուր պատշաճի: Շարունակում ենք քննարկել այլընտրանքային տարբերակներ՝ չեղարկված միջոցառումներն անցկացնելու համար»: Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում ստեղծվելու է սպորտային հեռուստաալիք, որը մարզական կազմակերպություններին իրենց կազմակերպած առաջնությունները ցուցադրելու և այդպիսով մարզաձևերն ավելի մասսայական դարձնելու հնարավորություն կտա: Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը պատասխանել է ներկաների հարցերին, լսել նրանց առաջարկները և բարձրաձայնած խնդիրները՝ ընդգծելով, որ դրանց լուծումները հնարավոր են միայն համատեղ և նվիրված աշխատանքի միջոցով:
17:57 - 16 փետրվարի, 2021
Գիտական կազմակերպություններին կտրվի գործունեության ազատություն. ԿԳՄՍ նախարարը՝ ԳԱԱ նախագահության անդամներին

Գիտական կազմակերպություններին կտրվի գործունեության ազատություն. ԿԳՄՍ նախարարը՝ ԳԱԱ նախագահության անդամներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամների հետ այսօր քննարկել է Ազգային ժողովում նախորդ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը:   Հանդիպման ընթացքում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ու նախագահության մյուս անդամները ներկայացրել են նախագծով առաջարկվող նոր կարգավորումներին առնչվող իրենց հիմնական մտահոգություններն ու հանդես եկել առաջարկներով:   ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշել է, որ 2019 թվականի սեպտեմբերին՝ նախագծի աշխատանքային տարբերակին ծանոթանալուց հետո, քննարկումներ են եղել ԳԱԱ կազմում գործող ինստիտուտների, ակադեմիայի թղթակից անդամների և նախագահության հետ, կազմակերպվել են հանդիպումներ նախարարության պատասխանատուների մասնակցությամբ, և ակադեմիայի կողմից բարձրացված մի շարք խնդիրներ այժմ Ազգային ժողովում գտնվող նախագծում լուծում են ստացել:   Վիճահարույց մի շարք հարցեր, սակայն, դեռևս լուծված չեն: Մասնավորապես, ակադեմիայի ներկայացուցիչների համար առաջնային է ԳԱԱ կարգավիճակի հարցը. նրանք համարում են, որ օրինագծով պետք է հստակ ամրագրվեն ակադեմիայի՝ որպես գիտական կառույցի դերակատարումն ու գործառույթները:   Ըստ ԳԱԱ նախագահի՝ ընդունելի չէ նոր օրինագծում գիտության և բարձրագույն կրթության ոլորտները կարգավորող` «Բարձրագույն և հետբուհական կրթության», «Գիտության և գիտատեխնիկական գործունեության», «ԳԱԱ մասին» օրենքների միավորումը մեկ իրավական ակտի մեջ:   «Օրենքների միավորումը ո՛չ բարձրագույն կրթության, ո՛չ էլ գիտության զարգացմանը չի նպաստելու, որովհետև այս երկու բնագավառները, ունենալով ընդհանրություններ, զարգանում են տարբեր տրամաբանությամբ»,- նշել է Ռադիկ Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ ԳԱԱ ակադեմիայի կազմում գործող 12 ինստիտուտներ հիշատակվում են միջազգային հեղինակավոր սանդղակներում՝ skopius-ի ցանկում:    Ակադեմիայի նախագահության ներկայացուցիչները բարձրացրել են ակադեմիական ինստիտուտների հետագա գործունեության, կառավարման և գիտության ֆինանսավորման հարցերը:   ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, պարզաբանելով բարձրաձայնված խնդիրները, համոզմունք է հայտնել, որ և՛ ակադեմիական հանրության, և՛ պետության նպատակներն ընդհանուր են, այն է՝ ունենալ մրցունակ և զարգացած գիտություն: Տարբերությունը մոտեցումների մեջ է: Ակադեմիկոսների կողմից հաճախ հիշատակվող խորհրդային ժամանակների գործունեության մոդելը, երբ ակադեմիան ստանում էր խոշոր ֆինանսավորում, ըստ նախարարի, այսօր չի կարող գոյություն ունենալ կամ վերականգնվել:   «Պետք է իրատես լինենք և հասկանանք, որ մենք այսօր գտնվում ենք տնտեսական և հասարակական բոլորովին այլ իրավիճակում: Խորհրդային Միությունն իր անսահման ֆինանսական ռեսուրսներով վաղուց այլևս չկա: Ես գտնում եմ, որ բարձրագույն կրթությունն ու գիտությունը միմյանցից անջատելը նպատակահարմար չէ: Այս երկու համակարգերը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, և պետք է կարգավորումը տալ միասնական օրենքով: Ես համամիտ եմ, որ օրենքի նախագծում պետք է ամրագրել ֆինանսավորման կոնկրետ ծավալ` հաշվի առնելով գիտության շահը և պետության հնարավորությունները»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ նախագծի առնչությամբ հանրային հարթակներում հնչող՝ «ակադեմիան քանդելու, գիտությունը ոչնչացնելու» մասին որակումները կառուցողական չեն ու խաթարում են շահագրգիռ քննարկում ծավալելու և արդյունավետ լուծումներ գտնելու տրամաբանությունը:   Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ ներկայացված որոշ առաջարկներ, մասնավորապես ակադեմիային գիտական կազմակերպությունների գիտամեթոդական ղեկավարում իրականացնելու գործառույթ վերապահելու և այդպիսով հիմնարար հետազոտությունների համակարգում իրականացնելու, ինչպես նաև օրինագծում ֆինանսավորման հստակ ցուցանիշներ (առաջարկ է եղել ՀՆԱ-ի 4 տոկոսը) ամրագրելու առաջարկները կքննարկվեն «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ:   Ինչ վերաբերում է ակադեմիական ինստիտուտների հետագա գործունեությանը, ապա, նախարարի խոսքով, ըստ նախագծի, դրանք կգործեն որպես առանձին գիտական կազմակերպություններ, որոնց կառավարման գլխավոր մարմինը 8 անդամից բաղկացած խորհուրդը կլինի. 5 անդամը` գիտական համայնքի, 3-ը՝ լիազոր մարմնի կողմից առաջադրված: Ըստ օրինագծի` ինստիտուտներին տրվում է գործունեության ազատության` ներառյալ կոնսորցիումներում ընդգրկվելու, բուհերի և տարբեր գիտական կազմակերպությունների հետ միավորվելով՝ ցանցեր ստեղծելու հնարավորություն:   «Այսինքն` պետությունն ուզում է ոչ թե սահմանափակումներ մտցնել, այլ գիտական կազմակերպություններին տալ գործունեության ազատություն: Դա ամենևին չի նշանակում, թե ԳԱԱ ենթակայությամբ գործող գիտական ինստիտուտները դժգոհ են, կամ նրանց վրա մինչ այժմ ճնշումներ են գործադրվել: Չկա նման բան, տրվում է գործունեության ազատություն: Սա պետության քաղաքական մոտեցումն է` գիտական կազմակերպությունը պետք է գործունեության ազատություն ունենա, ինքնուրույն կառավարվի և ստանա ֆինանսավորում: Առաջարկում եմ մինչ այժմ եղած իրավիճակին մոտենալ քննադատաբար և ընդունել, որ գիտությունը տիտղոսներով չի զարգանում: Ընդունելով ֆինանսական բաղադրիչի խնդիրը՝ պետք է նաև ընդունենք, որ զարգացում լինում է այն ժամանակ, երբ գիտնականը զբաղվում է գիտական գործունեությամբ»,- նշել է Վ. Դումանյանը՝ հավելելով, որ ԳԱԱ համակարգում գործող ավելի քան 30 ինստիտուտների ֆինանսավորման և գործունեության արդյունավետության հարցը պետք է, ի վերջո, դիտարկվի, և վաղուց կուտակված խնդիրների լուծմանը պետք է մի օր գնալ, որքան էլ այդ լուծումները ծանր լինեն:   Հանդիպման ընթացքում ելույթներ են ունեցել ԳԱԱ ակադեմիայի փոխնախագահ Յ. Շուքուրյանը, նախագահության անդամներ Է. Ղազարյանը, Յ. Սուվարյանը, Ա. Հախումյանը, Վ. Բաղդասարյանը, Գ. Պողոսյանը, Ռ. Հարությունյանը, ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հայոցյանը:
19:14 - 15 փետրվարի, 2021
Հաստատվել է նախադպրոցական կրթության ծախսարդյունավետ մոդելների ներդրման կարգը

Հաստատվել է նախադպրոցական կրթության ծախսարդյունավետ մոդելների ներդրման կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելները և դրանց ներդրման կարգը»: Մոդելների ներդրման արդյունքում հանրապետության բազմաբնակավայր համայնքներում կձևավորվեն նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը՝ հատկապես սոցիալապես անապահով  ընտանիքների համար ապահովելով մատչելիություն,  ներդնելով նախադպրոցական կրթական ծառայությունների կառավարման արդյունավետ մեխանիզմներ: Բացի դրանից, նախադպրոցական կրթական ծառայություններ չմատուցող բնակավայրերում կձևավորվեն ցածր արժողությամբ (ծախսարդյունավետ) նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր իրականացնող համայնքահեն հաստատություններ: Առաջարկվում է նախադպրոցական կրթական ծառայության մատուցման մի քանի տարբերակ․ Տարբերակ 1.  Ծառայությունները 3.5-4 ժամ տևողությամբ են, առանց ցերեկային քնի ապահովման: Խմբում երեխաների առավելագույն քանակը` 30։ Նպատակահարմար է կիրառել, եթե բնակավայրում առկա է գործող համայնքային հաստատություն (համայնքապետարան, մշակույթի կենտրոն)։ Տարբերակ 2. 8 ժամյա ծառայությունը կիրառելի է, եթե երեխաների թիվը փոքր է՝ 15-20 երեխա, և համայնքն ունի միջոցներ ամբողջ օրով նախադպրոցական կրթություն տրամադրելու համար։ Տարբերակ 3. 4-4.5 ժամ տևողությամբ ծառայությունը կիրառելի է, եթե համայնքում երեխաների թիվը մինչև 15 է, և չկա մյուս մոդելներն իրականացնելու հնարավորություն։ Նպատակահարմար է կիրառել, եթե բնակավայրում առկա է համապատասխան պայմաններ ունեցող տուն։ Համայնքը կարող է համակարգել մինչև 3 տան պայմաններում մատուցվող ծառայությունը։ Տարբերակ 4. 8 ժամ ծառայությունը կիրառելի է, եթե նախադպրոցական կրթական ծառայության կազմակերպման համար համայնքն ունի միջոցներ, սակայն չունի համապատասխան շինություն։ Նպատակահարմար է կիրառել, եթե համայնքում առկա է մինչև 15 երեխա ընդունելու համար նախատեսված տուն։ Տարբերակ 5. Կիրառելի է բացառապես խոշորացված բազմաբնակավայր համայնքներում՝  տվյալ համայնքում արդեն գործող նախադպրոցական ուսումնական հաստատության` համապատասխան բնակավայրում մասնաճյուղ ստեղծելու միջոցով, կամ առանց որևէ մասնաճյուղ ստեղծելու կամ իրավաբանական անձի վերակազմակերպում իրականացնելու՝ համայնքի տարբեր բնակավայրերում գործունեություն իրականացնելու միջոցով:  Տարբերակ 6. Դպրոցներում 1-ամյա նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում 5-6 տարեկանների համար: Այս դեպքում դպրոցի դասասենյակներից մեկը կվերածվի նախադպրոցական խաղասենյակ-դասարանի: Տարբերակ 7. Դպրոցներում երեքամսյա նախապատրաստական նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում՝ 5-ից 6 տարեկան երեխաների համար: Տարբերակ 8. Նպատակահարմար է, եթե համայնքի երեխաների թիվը մինչև 15 է, և նախադպրոցական կրթությունը կազմակերպելու համար կա մասնագետների խնդիր։ Ենթադրում է, որ մասնագիտական թիմը 1 օրվա ընթացքում առնվազն 2-3 համայնքում կմատուցի նախադպրոցական ծառայություններ։ Գործընթացը կընթանա հետևյալ փուլերով՝ համայնքների հայտերի ներկայացում, դրանց գնահատում, բնակավայրերի ընտրություն ու համապատասխան մոդելի հաստատում, դրամաշնորհի հատկացում և հաշվետվությունների ընդունում: Հայտի ընտրության ժամանակ առաջնահերթությունը կտրվի այն բնակավայրերին, որոնք կներկայացնեն մոդելի գործունեության շարունակականության ապահովման հնարավորություններն ու երաշխիքները: Առաջնահերթություն կտրվի նաև պետությունից սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների, սոցիալ-տնտեսական ցածր մակարդակ ունեցող, ինչպես նաև հիմնականում ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերին։ Նախարարությունը ֆինանսական միջոցները կհատկացնի դրամաշնորհի միջոցով, որոնք նախատեսված են նախադպրոցական կրթական ծառայության մատուցման համար նախատեսվող շինության բարեկարգման, գույքով և սարքավորումներով համալրման աշխատանքների իրականացման և երեխաների հետ աշխատող մայրերի (կամ համայնքի այն ներկայացուցիչների, ովքեր աշխատելու են որպես դաստիարակներ) համար մասնագիտական վերապատրաստումներ կազմակերպելու համար: Արդյունքում, տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորություն կընձեռնվի այլընտրանքային մոդելների ներդրման միջոցով նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնել այդ տարիքի բոլոր երեխաների համար:
15:21 - 15 փետրվարի, 2021
Ինչու՞ է կարևոր ավելացնել գիտության պետական հատկացումները. «Գիտուժ»-ի հայտարարությունը

Ինչու՞ է կարևոր ավելացնել գիտության պետական հատկացումները. «Գիտուժ»-ի հայտարարությունը

Առաջատար տեխնոլոգիական արդյունաբերության մի շարք գործարարների կողմից ստեղծված «Գիտուժ» նախաձեռնության անդամները հայտարարություն են տարածել գիտության պետական հատկացումներն ավելացնելու կարևորության վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք. «Գիտուժ» նախաձեռնության անդամները, գիտակցելով հզոր գիտական ներուժի առաջնահերթությունը երկրի անվտանգության և թռիչքային զարգացման համար, կոչ են անում Կառավարությանը և Ազգային ժողովին գիտատար տնտեսության և դրա համար անհրաժեշտ հզոր գիտության մասին բազմիցս կրկնվող խոսքերից անհապաղ անցնել կոնկրետ գործողությունների։ Մասնավորապես՝ 2021թ. առնվազն 50% տոկոսով ավելացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական բյուջեով նախատեսված հատկացումները՝ ուղղելով այն թիրախային գիտական թեմաների ֆինանսավորման ծրագրերի մեջ։  ՀՀ գիտության ոլորտը կարգավորող օրենքում ամրագրել, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական հատկացումները պետք է աստիճանաբար աճեցնել հետեւյալ ժամանակացույցով՝ 2022թ. - բյուջեի առնվազն 2%, 2023թ. - բյուջեի առնվազն 3%, 2024 թվականից սկսած - բյուջեի առնվազն 4% (մոտավորապես ՀՆԱ-ի 1%):  Միայն առաջին և երկրորդ գործողությունները կատարելուց հետո լիազոր պետական մարմնին հանձնարարել 2021թ. իրականացնել գույքագրում, վերլուծություն, ռազմավարության մշակում և իրականացման մեկնարկ: Հայաստանի անկախացումից ի վեր պետության գիտական քաղաքականությունը փաստացիորեն բերել է գիտության գրեթե վերացմանը: Օրինակ՝ Վերջին 30 տարիների ընթացքում գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների համար հատկացվում է տարեկան ՀՆԱ-ի շուրջ 0,25 տոկոսը։ Այս ցուցանիշով մենք մոտ ենք Ուգանդային և Բուրունդիին։ Իսկ, օրինակ, Բուրկինա Ֆասոն ծախսում է իր ՀՆԱ-ի 0.7%-ը, Իրանը՝ 0.8%, Սինգապուրը՝ 1,9%, Թուրքիան՝ 1%:  Համապատասխան միջավայրի, պայմանների և պետության կողմից իջեցված խնդիրների բացակայության պատճառով գրանցվել է գիտնականների քանակի մոտավորապես 7-ապատիկ նվազում՝ հատկապես ուղեղների արտահոսքի արդյունքում։ Եթե նախկինում մեկ միլիոն բնակչի հաշվին ընկնող գիտնականների թվով Հայաստանն առաջնային դիրքեր էր գրավում աշխարհի երկրների շարքում, ապա այսօր մեր այդ ցուցանիշը 2 անգամ պակաս է Եվրոպայի միջինից: Հայաստանում գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների 40%-ը, իսկ ղեկավարների 50%-ը կենսաթոշակային տարիքի է։ Գրեթե իսպառ վերացել են կիրառական հետազոտություններով ու փորձարարական մշակումներով զբաղվող, այսպես կոչված, ճյուղային ինստիտուտները, որոնց գերակշիռ մասը եղել է պետական գերատեսչությունների անմիջական ենթակայության տակ, Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգից դուրս: Գիտաշխատողների միջին բազային աշխատավարձը մոտավորապես 100.000 դրամ է՝ Հայաստանի միջին աշխատավարձից գրեթե երկու անգամ քիչ։ Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցների 2/3-ը ստանում է նվազագույն աշխատավարձ: Հասարակության մեջ տեղի է ունեցել գիտնականի վարկանիշի ահռելի անկում, որը, ցավոք, հաճախ դրսեւորվում է անհարգալից վերաբերմունքով, կարևորության նսեմացմամբ և քամահրանքով։  Ու թեև նշված պայմաններում Հայաստանում դեռ կան փոքր թվով նվիրյալներ, որ շարունակում են զբաղվել գիտական գործունեությամբ և տպավորիչ արդյունքներ գրանցել (Global Innovation Index 2020, էջ 218, “Scientific & technical articles/bn PPP$ GDP“ ցուցանիշ), սակայն նպատակը ոլորտի բարեփոխումն ու դրա զարգացման և շարունակականության ապահովումն է. ներկա ցածր աշխատավարձով և անբարենպաստ միջավայրում անհնար է գիտական կարիերայով հետաքրքրել մեր տաղանդավոր և ստեղծարար միտք ունեցող երիտասարդությանը: Մեր կողմից առաջարկված առաջին գործողությամբ հնարավոր կլինի՝ մասնակիորեն կանխել դեռ առկա գիտական ներուժի իսպառ վերացումը,  սկսել գիտության երիտասարդացման գործընթացը,  մեկնարկել գերակա, միեւնույն ժամանակ Հայաստանում բացակայող կամ թերզարագացած ուղղություններում գիտնականների ներգաղթ, մասնավորապես՝ հայրենադարձություն, բուհերում մշակել և սկսել իրականացնել արդիական կրթական ծրագրեր՝ մրցունակ և պահանջված ճարտարագետներ կրթելու համար, սկսել գիտական ենթակառուցվածքների արդիականացման և համակարգի առողջացման գործընթացը: Մեր առաջարկած երկրորդ գործողությամբ Հայաստանը կամրագրի անվտանգ, գիտելիք ու հավելյալ արժեք ստեղծող երկիր դառնալու իր հանձնառությունը՝ գոյատևման և զարգացման միակ ճանապարհը 21-րդ դարում: Այդ հանձնառությունը և դրա իրականացումը հնարավորություն կտա ունենալ ուժեղ մարդկային կապիտալ, որակյալ բարձրագույն կրթություն, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ապահովել մտավոր սեփականության մշտական հոսք դեպի տնտեսություն, տեխնոլոգիական և նորարարական միջազգային բարձր վարկանիշ և գրավչություն, և որպես հետեւանք՝ հզոր տնտեսություն և հզոր բանակ։  Վերոհիշյալ երեք գործողությունների հաջորդականությունը պայմանավորված է այն փաստերով, որ առաջին հերթին մենք այլեւս ժամանակ չունենք և երկրորդ՝ միայն պետության կոնկրետ քայլերից և հանձնառությունը վերցնելուց հետո հնարավոր կլինի գոնե մասնակիորեն վերացնել պետական մարմինների ու գիտական համայնքի՝ արդեն երեսուն տարվա հակադրությունը, ստեղծել փոխըմբռնման և համագործակցային առողջ միջավայր, ձեռք բերել դաշնակիցներ, համատեղ աշխատել ռազմավարության մշակման ու կյանքի կոչման համար: Հայաստանն ապագայում ուժեղ և մրցունակ տեսնելու համար պետք է ընդունել մինչ օրս կատարված սխալներն ու բացթողումները: Մի՞թե արցախյան 44-օրյա պատերազմի անդառնալի կորուստները և հետևանքները բավականաչափ սթափեցնող չեն, որպեսզի մենք մեկընդմիշտ գիտակցենք՝ հզոր տնտեսություն և ռազմարդյունաբերություն ունենալու համար մեզ պետք է գիտուժ, մեզ պետք են բարձրակարգ գիտնականներ և ճարտարագետներ՝ նորագույն գիտելիքներով զինված։ Իսկ գիտության առաջխաղացմանը նպաստող պայմանների և միջավայրի ստեղծողը պետությունն է, որն ընդամենը մեր կողմից վճարվող հարկերի ճիշտ վերաբաշխմամբ կարող է վերածնել հզոր գիտությունը Հայաստանում։ Եթե մենք այսօր չգիտակցենք այս պարզ ճշմարտությունը, վաղն արդեն իսկապես ուշ կլինի: «Գիտուժ» նախաձեռնության
12:12 - 15 փետրվարի, 2021