Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահն է։ 

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:

1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:

1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:

2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Հրաժարական է ներկայացրել 2022թ. հունվարի 21-ին:

Սա նոր աշխարհ է, որտեղ փոքր երկրները կարող են լինել հզոր.Արմեն Սարգսյան

Սա նոր աշխարհ է, որտեղ փոքր երկրները կարող են լինել հզոր.Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով Դոհայում մասնակցել է հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին և ելույթով հանդես եկել ֆորումի լիագումար նիստին: Ֆորումն այս տարի անցկացվում է «Կառավարման վերաիմաստավորումը բազմաբևեռ աշխարհում» խորագրով և նվիրված է արագ փոփոխվող աշխարհում արդյունավետ կառավարման համակարգերի ձևավորման խնդիրներին: Նախագահ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է գլոբալ աշխարհի զարգացման միտումներին: «Իրականությունն այն է, որ աշխարհը ոչ միայն բազմաբևեռ է, այլև շատ ավելի բարդ, քան ակնկալում էինք։ Բազմաբևեռ աշխարհի բարդությունների հետ մեկտեղ կան նաև շատ հարցեր, որոնք մնում են անպատասխան։ Անորոշությունն ավելի շատ է, քան որոշակիությունը, անկանխատեսելի իրադարձություններ ավելի շատ են տեղի ունենում, քան այնպիսինները, որոնք հնարավոր է կանխատեսել և համապատասխան քայլեր ձեռնարկել,-նշել է նախագահը։ -Ինչու՞ է այս ամենը տեղի ունենում։ Ներկայումս մենք ինչ-որ առումով ժամանակի խաչմերուկում ենք, և այդ ժամանակի դարպասով մուտք ենք գործում դեպի նոր դարաշրջան»։ Նրա խոսքով՝ այսօր բնական, իրական կյանքին զուգահեռ՝ գոյություն ունի մեկ այլ՝ վիրտուալ կյանք, ինչն ստեղծում է բոլորովին նոր ու տարբեր միջավայր, որն ավելի քվանտային բնույթ ունի. քաղաքականության, անվտանգության ռազմավարությունների համար այլևս հին պարադիգմերը չեն գործելու և անհրաժեշտ է լինելու հաշվի առնել նոր աշխարհի իրողությունները: «Ես այստեղ կանդրադառնամ մի հարցի՝ «փոքրի» կարևորությունը։ Իմ ներկայացրած բոլոր օրինակները վերաբերում էին «փոքրի ուժին»՝ մեկ կամ երկու տաղանդավոր մարդիկ ստեղծում են հսկայական բազմաֆունկցիոնալ ընկերություններ։ Մեկ կամ երկու քաղաքական գործիչներ, ովքեր մեծ եռանդ ունեն և հասկանում են աշխարհում կատարվողը` օգտագործելով գլոբալ, սոցիալական ցանցը, իրականացնում են հեղափոխություն՝ դառնալով իրենց ժողովրդի հաջորդ առաջնորդը։ Կան երկրներ, որոնք նախկինում հայտնի չէին, բայց, ունենալով հզոր ռազմական ուժ, ստեղծել են իրենց սեփական ռազմական գործիքները, որոնք կարող են լինել նույնքան արդյունավետ, որքան մեծ ուժերի գործիքներն են,-ընդգծել է նախագահ Սարգսյանը։- Այդ «փոքրի ուժը» սկսվում է անհատից, խմբերից, մոտիվացված մարդկանցից, որոնք հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն՝ ունենալով մեկ կարգախոս, մեկ թիրախ, մեկ դեր իրենց կյանքում․ այդպես է նաև պետությունների պարագայում։ Անշուշտ, այս աշխարհը բազմաբևեռ է։ Եվ ոչ միայն գերտերությունները, այլ նաև փոքր և հաջողակ երկրներն ունեն իրենց սեփական «հզոր ձայնը»։ Ես ուրախ եմ, որ այդ պարզ գաղափարը կամ ուղերձը հղում եմ հենց այստեղ՝ Դոհայում։ Կատարը հիանալի օրինակ է փոքր երկրի, որը ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև հաջողակ։ Այս «ծովածոցում» շատ այլ երկրներ կան, որոնք նմանատիպ հաջողություն ունեն։ Այդպիսին է Սինգապուրը, որը մեծ ազդեցություն ունի գլոբալ հեռանկարների վրա։ Այդպիսին է Ռուանդան, որի նախագահն այստեղ է: Այո, սրանք փոքր երկրներ են, սակայն ունեն հստակ տեսլական, հստակորեն ընկալում են իրենց առավելությունը և դարձնում այն հաջողություն։ Որոշ երկրներ՝ ինչպես Կատարն է, ոչ միայն օգտագործում է բնական ռեսուրսները, այլև դրանք ծառայեցնում է ապագայի կերտմանը։ Այդ ապագան հիմնված չի լինելու բնական ռեսուրսների վրա, այլ՝ կրթության, արհեստական բանականության, նոր տվյալների կառավարման և տեխնոլոգիաների վրա»։ Խոսելով Հայաստանի մասին, նախագահ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը նույնպես այդ առումով առավելություն ունի: «Այս նոր աշխարհում մեր երկիրը նույնպես առավելություն ունի: Դա ոչ միայն հազարամյակների մեր մշակութային ժառանգությունն է կամ մեր ծագումը, այլ այն, որ մենք մեծապես արժևորում ենք կրթությունը, գիտությունն ու տեխնոլոգիաները: Մեզ հաջողվել է, օրինակ, ստեղծել կրթական և գիտական համակարգ, որը մենք այժմ արտահանում ենք Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի նման զարգացած երկրներ,-նշել է նախագահը։- Հայաստանը երկիր է, որն ունի շատ հստակ առավելություն՝ մենք փոքր ժողովուրդ ու պետություն ենք, սակայն գլոբալ ազգ ենք։ Աշխարհում ապրող հայերի թիվը չորսից հինգ անգամ գերազանցում է Հայաստանի հայերի թիվը։ Նրանք վերապրածներ են՝ մարդիկ, ովքեր կարող են փոխել իրենց կենսակերպը՝ իրավիճակին համապատասխան։ Նրանք լավ քաղաքացիներն են այն երկրների, որտեղ ապրում են։ Սա շատ կարևոր է Հայաստանի նախագահի համար՝ գիտակցել, որ հայերը տարբեր երկրներում իրենց դրսևորում են նույն կերպ, ինչպես իրենց սեփական երկրում։ Սա ուժ է, որը, հույս ունեմ, Հայաստանը կդասի այն փոքր երկրների շարքին, որոնք նաև հաջողակ են։ Այո, անշուշտ, աշխարհը բարդ է և բազմաբևեռ։ Աշխարհն այնքան բարդ է, որ մենք դա պետք է կոչենք քվանտային։ Մենք պետք է հասկանանք, թե այս նոր աշխարհն ինչքան արագ է փոխկապակցվում նորագույն տեխնոլոգիաների հետ։ Սա նոր աշխարհ է, որտեղ փոքրը կարող է և՛ գեղեցիկ լինել, և՛ ուժեղ։ Ցանկանում եմ, որ բոլոր փոքր երկրները գիտակցեն, որ կարող են լինել փոքր, բայց հզոր»։
10:21 - 16 դեկտեմբերի, 2019
Երախտապարտ ենք Ձեզ և Ձեր գործընկերներին. նախագահը ուղերձ է հղել Նենսի Փելոսիին |azatutyun.am|

Երախտապարտ ենք Ձեզ և Ձեր գործընկերներին. նախագահը ուղերձ է հղել Նենսի Փելոսիին |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել Ձեզ և Ձեր գործընկերներին՝ արդարության համար պայքարին նվիրվածության և այն ջանքերի համար, որ ներդրեցիք այս հոկտեմբերին Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման համար»:   «Բարձր եմ գնահատում նաև Սենատի որոշումը, որը հզոր քայլ է՝ ուղղված ապագայի ոճրագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը: Ողջ աշխարհի հայության անունից Ձեզ եմ փոխանցում ամենաջերմ զգացմունքներն ու խորին երախտագիտությունը: Համոզված եմ, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հետագա համագործակցության զարգացումը համահունչ կլինի երկու երկրների երկարաժամկետ շահերին»,-ասվում է նախագահ Սարգսյանի ուղերձում», - նշված է նախագահի ուղերձում:   Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։   Ավելի վաղ` անցած հոկտեմբերին էլ Կոնգրեսի ստորին պալատը` Ներկայացուցիչների տունն էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը ձայների գերակշռող մեծամասնությամբ` 405 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ:  
12:25 - 14 դեկտեմբերի, 2019
Արմեն Սարգսյանը կմասնակցի հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին |shantnews.am|

Արմեն Սարգսյանը կմասնակցի հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին |shantnews.am|

shantnews.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով Դոհայում կմասնակցի հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին: «Դոհա ֆորումը» երկխոսության միջազգային հեղինակավոր հարթակ է, որը հիմնվել է 2000 թվականին և համախմբում է աշխարհի քաղաքական ու տնտեսական առաջնորդների, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների՝ ժամանակակից աշխարհի մարտահրավերները քննարկելու, դրանց լուծման գաղափարների շուրջ մտքեր փոխանակելու նպատակով:   «Դոհա ֆորում-2019»-ը անցկացվում է «Կառավարման վերաիմաստավորումը բազմաբևեռ աշխարհում» խորագրով՝ նպատակ ունենալով երկխոսություն ծավալել արագ փոփոխվող աշխարհի զարգացման միտումների և ժամանակակից պահանջներին համապատասխան՝ կառավարման առավել արդյունավետ համակարգեր ստեղծելու շուրջ:      
10:51 - 14 դեկտեմբերի, 2019
ՀՀ նախագահը Սենատին է փոխանցել հայ ժողովրդի երախտագիտությունը Ցեղասպանության բանաձևի ընդունման համար

ՀՀ նախագահը Սենատին է փոխանցել հայ ժողովրդի երախտագիտությունը Ցեղասպանության բանաձևի ընդունման համար

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 13-ին ուղերձ է հղել ԱՄՆ Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ ՄըքՔոնելին, Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերին, սենատորներ Ռոբ Մենենդեսին և Թեդ Քրուզին՝ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունման կապակցությամբ։  «Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել ձեզ և ԱՄՆ Սենատի անդամներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունման համար, որը հզոր քայլ է՝ ուղղված ապագա ոճրագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը: Սենատի որոշումը նշանակալի քայլ է վերահաստատելու, որ ճշմարտությունը, արդարությունը և մարդկությունը մնում են մարդու հիմնարար իրավունքների հիմնասյուներն ու արժեքները: Այս առումով ես բարձր եմ գնահատում ԱՄՆ Սենատի որոշումը և, օգտվելով առիթից, կցանկանայի ձեզ և ամերիկացի ժողովրդին փոխանցել հայ ժողովրդի խորին երախտագիտությունն ու հարգանքը: Համոզված եմ, որ մենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական երկխոսությունը, ակտիվացնենք երկկողմ հարաբերությունները և ամրապնդենք մեր գործընկերությունն ու համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում»,-ասվում է նախագահ Սարգսյանի ուղերձում։
06:13 - 14 դեկտեմբերի, 2019
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ խորհրդարանական ընտրություններում պահպանողական կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ «Հայաստանը մեծապես կարևորում է հայ-բրիտանական համագործակցության շարունակական ընդլայնումն ու ամրապնդումը։ Մեզ հաջողվել է հաստատել արդյունավետ փոխգործակցություն թե´ երկկողմ և թե´ բազմակողմ հարթակներում։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները էլ ավելի կզարգանան` ի շահ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության ժողովուրդների»,-մասնավորապես նշվում է նախագահի ուղերձում:
12:42 - 13 դեկտեմբերի, 2019
Հայաստանն ու Ֆինլանդիան ունեն համագործակցության հեռանկարներ. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Հայաստանն ու Ֆինլանդիան ունեն համագործակցության հեռանկարներ. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակկոնենին (նստավայրը՝ Հելսինկի): Խոսելով հայ-ֆիննական հարաբերությունների մասին՝ Հանրապետության նախագահն ասել է, որ երկու երկրներն ունեն փոխշահավետ գործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ: «Մենք շատ ընդհանրություններ ունենք և շատ բան կարող ենք սովորել միմյանցից»,-ընդգծել է նա: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների նախագահական ինստիտուտների համագործակցության հնարավորություններին: Հաշվի առնելով Ֆինլանդիայի խորհրդարանական կառավարման հարուստ փորձն ու ավանդույթները՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել երկու երկրների նախագահական կառույցների միջև փոխգործակցության, մասնավորապես, նախագահների աշխատակազմերի միջև փոխայցելությունների և փորձի փոխանակման ծրագրերի հնարավորությունը: Նախագահն ասել է, որ իր նպատակն է մեր երկրում ունենալ խորհրդարանական կառավարման պայմաններում կայացած ու ամուր նախագահական ինստիտուտ և ստեղծել ավանդույթներ: Նշելով, որ Ֆինլանդիան մեծ առաջընթաց է գրանցել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում՝ նախագահն ասել է, որ այս ոլորտի զարգացումն առաջնահերթություն է նաև Հայաստանի համար: Նախագահ Սարգսյանը պատմել է, որ նախագահական ինստիտուտն ունի տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված իր նախաձեռնությունը, որը կոչվում է ATOM և որը նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ընկերություններին բերել Հայաստան, որտեղ նրանք կարող են զբաղվել արհեստական բանականության զարգացմամբ, մաթեմատիկական մոդելավորմամբ և այլ ուղղություններով։ Նա նշել է, որ ուրախ կլինեն այս հարթակում, ի թիվս տեխնոլոգիական այլ գործընկերների, տեսնել նաև ֆիննական ընկերություններ:
10:44 - 10 դեկտեմբերի, 2019
Ձեզնից յուրաքանչյուրը և՛ օրենքի, և՛ պետության, և՛ պետականության դեմքն է. նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Ձեզնից յուրաքանչյուրը և՛ օրենքի, և՛ պետության, և՛ պետականության դեմքն է. նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավորներ Արման Սարոյանի, Նարեկ Բեգլարյանի, Անի Աթանեսյանի, Ջոն Հայրապետյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ազատ Դունամալյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: «Ցանկանում եմ հիշեցնել, որ ձեր աշխատանքից շատ բան է կախված մեր երկրի թե՛ կայնության, թե՛ պետականության կառուցման իմաստով: Չկա պետություն, որտեղ որոշակի ինստիտուտներ կայուն չեն, որտեղ որոշակի ինստիտուտների նկատմամբ խորը հարգանք չկա, և այդ երկիրը կայուն է ու զարգացման հնարավորություն ունի»,-նշել է նախագահը՝ զարգացման կարևոր ինստիտուտներից մեկը համարելով հենց դատական համակարգը: Նախագահն ընդգծել է օրենքի և օրինականության պահպանման դերն ու կարևորությունը երկրում արդարության ու արդարադատության և դատարանների նկատմամբ վստահության տեսանկյունից: «Օրենքները՝ սկսած Սահմանդրությունից, կենդանի են, երբ կիրառվում են: Եվ այդ կիրառությունը ձեր ձեռքերում է: Ձեր զգացմունքները, նախընտրությունները պետք է մի կողմ դրվեն, և դուք պետք է առաջնորդվեք միմիայն օրենքով: Միայն այդ դեպքում մեր քաղաքացիները կվստահեն պետական համակարգին, կվստահեն արդարադատությանն ու դատական համակարգին: Իսկ առանց դրա չենք կարող ունենալ կայուն երկիր, որը կարողանա դիմակայել փորձություններին: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է համարի, որ ճիշտ երկրում է ապրում,-ընդգծել է նախագահը: -Ձեզնից յուրաքանչյուրը և՛ օրենքի, և՛ պետության, և՛ պետականության դեմքն է: Մաղթում եմ, որ ձեր պարտականությունները կատարեք ամենաբարձր պրոֆեսիոնալ մակարդակով»:
10:26 - 10 դեկտեմբերի, 2019
Արցախի անկախության հանրաքվեի, Սահմանադրության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին

Արցախի անկախության հանրաքվեի, Սահմանադրության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին

Մեծարգո պարոն նախագահ, Շնորհավորում եմ Արցախի Հանրապետությունում նշվող եռատոնի՝ Արցախի անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Եթե մայիսյան եռատոնը ռազմական հաղթանակների ընդհանրացումն է, ապա դեկտեմբերյան եռատոնն այդ հաղթանակների իրավական ձևակերպումն է դեռ 1991 թվականի դեկտեմբերի 10-ից սկսած: Այն վկայում է ինքնիշխան Արցախում անկախ պետականության կայացման և ժողովրդավարության գործընթացների անշրջելիության մասին: Արցախի անկախության հռչակումը համազգային երազանքի մի մասն էր, Արցախի Սահմանադրության ընդունումը՝ այդ երազանքի իրավական ամրագրումը: Այսօր մեր հավաքական կամքն ունի իրացման այլ ճակատ՝ ազատ ու անկախ Հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի հզորացում և բարգավաճում: Այդ ճանապարհը շարունակելու ենք անցնել միասին, ձեռք ձեռքի տված, քանի որ դա հաջողության և հաղթանակի ուղին է։ Մաղթում եմ Ձեզ և բոլոր արցախցիներին խաղաղություն և ամենայն բարիք:
07:02 - 10 դեկտեմբերի, 2019
«Ինչո՞ւ 31 տարի անց Գյումրին վերականգնված չէ». նախագահն ասաց՝ հարցին միայն մեկ մարդ կարող է պատասխանել, եւ դա ինքը չէ |armtimes.am|

«Ինչո՞ւ 31 տարի անց Գյումրին վերականգնված չէ». նախագահն ասաց՝ հարցին միայն մեկ մարդ կարող է պատասխանել, եւ դա ինքը չէ |armtimes.am|

armtimes.am: Սարգսյանն իրեն ուղղված հարցին արձագանքեց՝ իրականում չեմ կարող պատասխանել: Դրան կարող է պատասխանել միայն մեկ մարդ, որը նախորդ բոլոր տարիներին պատասխանատու է եղել․ «Բայց պատասխանատու է նաեւ մեր ողջ ժողովուրդը՝ մեզ հետ միասին: Իրականում պետք է պատմությունը չմոռանանք, եւ ետ նայենք: 88-ի ողբերգության կողքին կար Ղարաբաղի ազատության, անկախության համար մղվող, եւ ընդհանրապես, մեր ազգային ազատագրական շարժումը: Սրանք միացան, եւ 1991 թվականն էր, հետագայում պատերազմ, փակված ճանապարհ, երկիր, որը չուներ բանակ, չուներ դրամ, չուներ Կենտրոնական բանկ եւ ուներ երիտասարդ կառավարություն, որը պետք է սովորեր, եւ կառավարեր: Սկիզբը շատ դժվար է եղել: Սա քաղաք է, որ հոգի է ունեցել, հոգի է ունեցել ոչ թե 30 տարի առաջ, այլ դարերով, եւ այդ հոգին կարծես սառել էր: Մարդիկ, որոնք 88-ին իրենց հարազատներին, ընտանիքի անդամներին, ծնողներին եւ զավակներին են կորցրել, 30 տարի Հայաստանի հյուսիսում ապրել են անմարդկային, անբնական պայմաններում, դոմիկներում: Եթե նույնիսկ բնակարան են ստացել, միեւնույնն է, քաղաքը կենդանի չի եղել: Մարդիկ միայն բնակարանով չեն ապրում, մարդիկ միայն տուն գալ, քնելով չեն ապրում: Մենք բոլորս զբաղված լինելով անկախությամբ, Ղարաբաղի հարցերով՝ գուցե մեղավոր ենք, որ ինչ-որ պահի ավելի շատ եռանդ, ժամանակ եւ սեր չենք տվել Գյումրուն»,-ասաց նախագահ Արմեն Սարգսյանը: Ավելին՝ armtimes.am-ում։    
10:36 - 07 դեկտեմբերի, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին

Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին

1988 թվականի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին։ Քաղաքի Սուրբ Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցում Հանրապետության նախագահը ներկա է գտնվել երկրաշարժի զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագին՝ ձեռամբ՝ Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հայր Գարեգին Համբարձումյանի, օրհնությամբ՝ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի։ Պատարագին ներկա են եղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, բազմաթիվ գյումրեցիներ։ Այնուհետև նախագահ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նախագահությամբ կատարվել է երկրաշարժի զոհերի հոգեհանգստյան կարգ։
09:34 - 07 դեկտեմբերի, 2019
Փոխգործակցություն՝ լայն հեռանկարներով. նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանը

Փոխգործակցություն՝ լայն հեռանկարներով. նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նորանշանակ դեսպան Անդրե Յոհաննես Խրունևալդը (նստավայրը՝ Կիև): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նա իր նպաստը կբերի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: «Մեր նպատակն է ոչ միայն բարելավել հարաբերություններն, այլև ավելի մերձեցնել մեր ժողովուրդներին,- ընդգծել է նախագահը:-Ուրախ կլինեմ ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսային հյուրընկալել Հայաստանում՝ բացահայտելու մեր երկիրը, որը հնագույն քաղաքակրթությունների խաչմերուկ է եղել: Այն այժմ դարպաս է դեպի ԵԱՏՄ»: Դեսպան Անդրե Յոհաննես Խրունևալդը նշել է, որ իր առաջին այցն է Հայաստան և շատ տպավորված է մեր երկրով ու մարդկանցով: «Այն շատ տարբեր է և յուրօրինակ: Մեր երկրների միջև համագործակցության շատ հնարավորություններ եմ տեսնում»,-ասել է նա: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ հավատարմագրերի հանձնմամբ նոր հնարավորություններ կբացվեն՝ ավելի սերտացնելու հարաբերությունները երկու երկրների ու ժողովուրդների միջև: Զրուցակիցներն անդրադարձել են փոխգործակցության հեռանկարային ուղղություններին՝ նշելով, որ երկու երկրներն էլ հայտնի են ադամանդագործության ոլորտում ունեցած բարձր որակներով և կարող են հաջողությամբ համագործակցել: Անդրադարձ է կատարվել նաև նորագույն տեխնոլոգիաների, կրթության և գիտության ոլորտներին, ինչպես նաև այդ ոլորտների զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորություններին:
11:49 - 05 դեկտեմբերի, 2019