ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

9 մարզի 101 դպրոցում ուսուցիչների բացակայության պատճառով 18 առարկա չի դասավանդվում. ԿԳՄՍ փոխնախարար

9 մարզի 101 դպրոցում ուսուցիչների բացակայության պատճառով 18 առարկա չի դասավանդվում. ԿԳՄՍ փոխնախարար

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2020 թվականի դրությամբ հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով։ Չդասավանդվող առարկաների թիվը 18 է, իսկ նախնական հաշվարկներով առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք։ Այս խնդրի կարգավորման նպատակով, բացի գործուղման կարգի և տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման փոփոխություններից, սկսել ենք դպրոցների մենթորական աջակցության և էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիրը։   Ինչպես նշել էի, այս բոլոր դպրոցներում ստեղծվել են անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ, որտեղ հնարավոր է կազմակերպել հեռավար ուսուցում։   Մինչև 2021 թվականի մարտի 30-ը նախատեսվում է արագ աջակցության դասընթացների մշակում և առցանց հարթակներում դրանց բաց հասանելիության ապահովում։ Այս բաղադրիչի արդյունքներից կարող են օգտվել բոլոր ուսուցիչները, սակայն առանց համաժամանակյա ուղեկցման։   Հաջորդ բաղադրիչով նույն ժամանակահատվածում կմշակվեն և կհավաքագրվեն էլեկտրոնային դասավանդող դպրոցների ընտրության չափանիշները։ Մրցույթը կանցկացվի բաց ձևաչափով և հասանելի կլինի բոլոր դպրոցներին։ Այնուհետև կիրականացվի դպրոցների կարողությունների զարգացում. յուրաքանչյուր դպրոցի համար նախատեսվում է պատրաստել առնվազն մեկ մենթոր։ Ավագ մենթորները ապրիլ-մայիս ամիսներին կպատրաստեն ընտրված դպրոցների ուսուցիչներին՝ զարգացնելով նրանց էլեկտրոնային դասավանդման կարողությունները։   Էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացման գործընթացն արդյունավետ ավարտած դպրոցները կարող են ծառայություններ մատուցել ուսուցչի կարիք ունեցող դպրոցներին։ Էլեկտրոնային դասավանդման կարողությունների որակի ապահովման նպատակով մինչև օգոստոսի 30-ը նախատեսվում է մշակել և ներդնել որակի ապահովման մեխանիզմներ՝ հիմնված մշտադիտարկման գործիքների և որակի ճանաչման վրա։   Ծրագրի միջոցով 2021 թվականի սեպտեմբերից բոլոր 101 դպրոցներում կապահովվի ներքոնշյալ առարկաների ուսուցումը: Հետագայում նշված մեխանիզմով հնարավոր կլինի օպերատիվ արձագանքել բոլոր դեպքերին, երբ ուսուցչի բացակայության պատճառով երեխաները որևէ առարկա չեն ուսումնասիրում»։
17:57 - 23 հունվարի, 2021
Հանրապետական մարզական խաղեր՝ 63 տարեկանից բարձր անձանց համար. ՀՀ ԿԳՄՍՆ

Հանրապետական մարզական խաղեր՝ 63 տարեկանից բարձր անձանց համար. ՀՀ ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տարեց բնակչության առողջության ամրապնդման, նրանց շրջանում սպորտի մասսայականացման և առողջ կենսակերպի գաղափարների արմատավորման նպատակով այս տարի անցկացնելու է «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթը: Մրցույթը կկայանա օգոստոս-հոկտեմբեր ամիսներին և կանցկացվի երեք փուլով՝ համայնքային, մարզային և հանրապետական: Խաղերին կարող են մասնակցել 63 տարեկանից բարձր այն անձինք, որոնք ունեն բժշկի թույլտվություն: ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ մրցույթի 1-ին փուլի անցկացման պատասխանատվությունը կրելու են քաղաքային և գյուղական համայնքները, 2-րդ փուլինը` ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարության համապատասխան վարչությունները և բաժինները: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը համակարգելու է 2-րդ և 3-րդ փուլերի նախապատրաստման ու անցկացման աշխատանքները, իսկ եզրափակիչ փուլի կայացման անմիջական պատասխանատվությունը կրելու է նախարարության հաստատած մրցավարական հանձնաժողովը։ Խաղերը կանցկացվեն 5 մարզաձևից` շախմատ, շաշկի, նարդի (կարճ), բասկետբոլի գնդակի նետում զամբյուղի մեջ և դարթս: Յուրաքանչյուր մասնակից կարող է մրցել միայն մեկ մարզաձևում: Խաղերի 1-ին փուլի մրցումներին առանձին մարզաձևերից 1-3-րդ տեղերը գրաված տարեցները կպարգևատրվեն համայնքապետարանների հավաստագրերով, 2-րդ փուլի մրցանակակիրները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, եզրափակիչ փուլի մրցանակակիրները՝ հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևներով, իսկ ամենատարեց մասնակիցները՝ հուշանվերներով: Այս ամենից զատ՝ 1-3-րդ տեղերը գրաված մարզերը կստանան հավաստագրեր, գավաթներ, շնորհակալագրեր: Հավելենք, որ խաղերի մասնակցության մարզային հայտերը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն են ներկայացվելու մինչև սեպտեմբերի 15-ը։ Հարցերի դեպքում զանգահարել (010) 59-96-32 հեռախոսահամարով:
19:59 - 22 հունվարի, 2021
Պետական մարմինների աշխատակիցների միջև կանցկացվի հրաձգության հանրապետական մրցույթ

Պետական մարմինների աշխատակիցների միջև կանցկացվի հրաձգության հանրապետական մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական մարմինների աշխատողների շրջանում առողջարարական ու մարզական աշխատանքները խթանալու և նրանց՝ հայրենիքի պաշտպանության գործին ըստ անհրաժեշտության լավագույնս պատրաստ լինելու նպատակով այս տարվա մարտին անցկացնելու է հրաձգության հանրապետական մրցույթ: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ  ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ 19 հունվարի 2021 թ. 37-Ա/2 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ մրցույթն անցկացվելու է թիմային և անհատական հաշվարկով: Հրաձգության մրցույթին կարող են մասնակցել ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների, մարզպետարանների և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի, ինչպես նաև խոշոր համայնքների աշխատակազմի աշխատակիցներից կազմված թիմերը (բացառությամբ՝ ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների), թիմի կազմը՝ 3 տղամարդ, 3 կին և 1 ներկայացուցիչ: Յուրաքանչյուր պետական մարմին կարող է մասնակցել մեկ թիմով, բացառությամբ այն կառույցների, որոնք ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխության արդյունքում միավորվել են. վերջիններս կարող են մասնակցել երկու թիմով: Թիմային հաշվարկով 1-3-րդ  տեղերը գրաված տղամարդկանց և կանանց թիմերը կպարգևատրվեն գավաթով և հավաստագրերով, մրցանակային տեղեր զբաղեցրած անհատները՝ մարզահագուստով, գավաթներով, մեդալներով, հուշանվերներով և հավաստագրերով, իսկ 1-ին տեղերը գրաված մասնակիցները (տղամարդ և կին)՝ նաև օդամղիչ զենքով: Հավելենք, որ թիմերն իրենց մասնակցությունը պետք է հաստատեն մինչև 2021 թվականի մարտի 17-ը՝ ժամը 17:00-ն՝ կազմկոմիտեին ներկայացնելով տվյալ պետական մարմնի ղեկավարի կողմից հաստատված հայտը, հայտավորված աշխատողների աշխատանքի ընդունման հրամանների, անձնագրերի պատճենները և նրանց առողջության մասին բժշկական տեղեկանքը։ Հայտի հետ հարկ է պարտադիր ներկայացնել անվտանգության կանոնների ծանուցման թերթիկը՝ բոլոր մասնակիցների և թիմի ներկայացուցչի ստորագրությամբ։ Հայտերը ներկայացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, սենյակ 604, հեռախոս` (010) 59-96-34, էլեկտրոնային հասցե՝ [email protected]):
17:58 - 20 հունվարի, 2021
Հաշմանդամային սպորտին հատկացվող գումարն ավելի քան եռապատկվել է

Հաշմանդամային սպորտին հատկացվող գումարն ավելի քան եռապատկվել է

2021 թվականի ՀՀ պետական բյուջեով հաշմանդամային (ադապտիվ) սպորտին տրամադրվելիք պետական աջակցության գումարը մի քանի անգամ ավելացել է: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, 2020 թվականին ադապտիվ սպորտին հատկացվել է շուրջ 29 միլիոն դրամ, իսկ այս տարի աջակցության գումարն ավելի քան եռապատկվել է և կազմելու է շուրջ 104 միլիոն դրամ: Դրանից զատ՝ ավելացել է շահառու կազմակերպությունների թիվը. մինչև 2020 թվականը ներառյալ պետական աջակցություն է տրամադրվել հաշմանդամային սպորտի զարգացման խնդիրներով զբաղվող 4 մարզական հասարակական կազմակերպությունների («Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայաստանի կույրերի միավորում», «Հայկական հատուկ օլիմպիադաներ»), իսկ 2021 թվականին աջակցություն ստացող կազմակերպությունների թիվն ավելացել է 3-ով: Այս տարի աջակցություն են ստանալու նաև Հայաստանի անվասայլակով բասկետբոլի, Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական  և Հաշմանդամային սպորտի ֆեդերացիաները: 2021 թվականին ավելանալու են նաև պետական աջակցության շրջանակում անցկացվող ՀՀ առաջնությունների, միջազգային մրցաշարերի և մասնակիցների թիվը,  մարզաձևերի քանակը: Բացի խուլերի ըմբշամարտ, շախմատ, ֆուտզալ, կույրերի շախմատ մարզաձևերից՝ հաշմանդամություն ունեցող մարզիկները կմասնակցեն նաև պաուերլիֆթինգ, պարականոե, անվասայլակով բասկետբոլ, հաշմանդամային սեղանի թենիս, պարաաթլետիկա, հաշմանդամային բազկամարտ, սեղմում հենարանից մարզաձևերից անցկացվող մրցումներին: Նշենք նաև, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այս տարի նախատեսում է իրականացնել «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը, որի կանոնակարգը հաստատվել է նախարար Վահրամ Դումանյանի՝ 11 հունվարի 2021 թ. 11-Ա/2 հրամանով: Բացի դրանից՝ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին կարող են մասնակցել հաշմանդամություն ունեցող անձանց (հայրը կամ մայրը տեղաշարժվում են սայլակով) ընտանիքները:
11:49 - 20 հունվարի, 2021
Կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը սահմանող օրինագիծն ընդունվեց |armenpress.am|

Կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը սահմանող օրինագիծն ընդունվեց |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը սահմանող օրինագիծը: Կառավարության մշակած նախագիծը ներկայացրել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Նախագիծը նպատակ ունի ստեղծել իրավական հիմքեր կրթության ոլորտում տեղեկատվական կառավարման և վարչական ռեգիստրների վարման գործառույթների իրականացման համար, սահմանել մի շարք լիազորող նորմեր, որոնք, Սահմանադրության փոփոխությունից հետո անհրաժեշտ էր ամրագրել օրենքի մակարդակում, և վերաբերում են, մասնավորապես, լիցենզիայի, ներդիրի և լիցենզավորված անձանց գործունեությանն առնչվող հաշվետվության ձևերի սահմանմանը»,- նշել էր Անդրեասյանը:
11:08 - 20 հունվարի, 2021
Հաստատվել են դպրոցի զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը․ ԿԳՄՍՆ

Հաստատվել են դպրոցի զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը․ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը:Պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը, որը հաստատության 5 տարվա ռազմավարական փաստաթուղթն է, ընդգրկում է մի շարք էական բաղադրիչներ. մասնավորապես` իրավիճակի վերլուծություն, նպատակների և խնդիրների սահմանում, նպատակների իրականացումն ապահովող միջոցառումների հաջորդականություն ու ժամանակացույց, պատասխանատուներ, արդյունքների գնահատման չափանիշներ, ռիսկեր, բյուջե և վերահսկողության մեխանիզմներ:Դպրոցի զարգացման ծրագիրը մշակելիս պարտադիր է նաև հաստատության առաքելության սահմանումը, դպրոցի ուժեղ և թույլ կողմերի բացահայտումը, հիմնախնդիրների ձևակերպումը, դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների նկարագրությունը, ֆինանսավորման մեխանիզմները և այլն: Ցանկացած գործողության համար պետք է սահմանել ակնկալվող արդյունք, որը պետք է լինի չափելի, արտահայտվի կոնկրետ ցուցանիշներով` թվեր, տոկոսներ, բնութագրիչներ: Յուրաքանչյուր գործողության համար պետք է կատարվի նաև ֆինանսական հաշվարկ` նշելով ֆինանսավորման աղբյուրը: Զարգացման ծրագիրը հաստատում և դրա իրականացման ընթացքը վերահսկում է  դպրոցի կառավարման խորհուրդը` 5-ամյա ծրագրի հիման վրա կազմված աշխատանքային պլանների կատարողականների հաստատման միջոցով: Այդ նպատակով կառավարման խորհուրդը տարեկան առնվազն երկու անգամ քննարկում է ծրագրի դրույթների կատարողականները` տալով համապատասխան գնահատականներ, տնօրենին ապահովելով շարունակական խորհրդատվությամբ և այլ աջակցությամբ: Դպրոցի զարգացման ծրագրի իրականացմանը կարող են ներգրավվել համայնքի և այլ հաստատությունների ներկայացուցիչներ: Համաձայն հանրակրթության ոլորտը կարգավորող օրենսդրության` զարգացման ծրագիրը տնօրենի հավակնորդից պահանջվող հիմնական փաստաթղթերից է, որի մշակման համար հավակնորդը հանդիպում է սովորողների, ծնողների և մանկավարժների հետ, ապա ծրագիրը ներկայացնում մանկավարժական ու ծնողական խորհուրդներին՝ նրանց քվեն ստանալու համար: Ընտրվելուց հետո զարգացման ծրագիրը դառնում է տնօրենի գործունեության հիմնական ուղենիշը, որը միաժամանակ նրա գործունեության արդյունավետության գնահատման առաջնային չափանիշն է: Զարգացման ծրագրի չկատարելը կամ ոչ բավարար կատարելն օրինական հիմք է տնօրենին անվստահություն հայտնելու համար:
10:20 - 20 հունվարի, 2021
Մեկնարկել են տնօրենի հավաստագրման քննությունները. դիմել է 505 հավակնորդ

Մեկնարկել են տնօրենի հավաստագրման քննությունները. դիմել է 505 հավակնորդ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հունվարի 15-ից մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննությունները: Դրանք տեղի կունենան մինչև մարտի 16-ը ներառյալ՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 505 հավակնորդ, որոնցից հավաստագիր ստանալու վերապատրաստումներին մասնակցել է 475-ը: Երկրում առկա համավարակով պայմանավորված՝ ամեն օր քննություններին մասնակցում է առավելագույնը 15-16 հավակնորդ: Հանձնաժողովում ընդգրկված է 7 անդամ. 3-ը՝ ԿԳՄՍ նախարարության, 2-ը՝ գիտական կազմակերպության և 2-ը՝ քաղաքապետարանի կամ մարզպետարանի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը կազմվում է քննությունից առնվազն 24 ժամ առաջ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով: Քննությունները կազմակերպվում են երկու փուլով` գրավոր (թեստային) և բանավոր (հարցազրույց): Առաջին փուլում 90 և ավելի տոկոս ճիշտ պատասխաններ ապահոված հավակնորդները հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ստանում: Հանձնաժողովը յուրաքանչյուր հավակնորդի ներկայությամբ համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ձևավորում է 5 հարցից բաղկացած հարցատոմս: Յուրաքանչյուր հարց գնահատվում է 2 միավոր, 75 և ավելի տոկոս միավոր հավաքած հավակնորդներին հավաստագիր տալու վերաբերյալ որոշում է կայացվում: Հավաստագիրը տվյալ անձին իրավունք է տալիս հինգ տարի շարունակ ՀՀ տարածքում գործող ցանկացած դպրոցում մասնակցել տնօրենի թափուր տեղի մրցույթին և ընտրվել։ Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ մրցույթի հավակնորդների փաստաթղթերն ընդունվել են մինչ 2020 թ. սեպտեմբերի 27-ը, սակայն ՀՀ-ում պատերազմական դրությամբ պայմանավորված՝ հավաստագրման քննությունների գործընթաց չի կազմակերպվել:   
22:15 - 19 հունվարի, 2021
Մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունները

Մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունները

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հունվարի 15-ից մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննությունները: Դրանք տեղի կունենան մինչև մարտի 16-ը ներառյալ՝ համաձայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 505 հավակնորդ, որոնցից հավաստագիր ստանալու վերապատրաստումներին մասնակցել է 475-ը: Երկրում առկա համավարակով պայմանավորված՝ ամեն օր քննություններին մասնակցում է առավելագույնը 15-16 հավակնորդ: Հանձնաժողովում ընդգրկված է 7 անդամ. 3-ը՝ ԿԳՄՍ նախարարության, 2-ը՝ գիտական կազմակերպության և 2-ը՝ քաղաքապետարանի կամ մարզպետարանի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը կազմվում է քննությունից առնվազն 24 ժամ առաջ՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով: Քննությունները կազմակերպվում են երկու փուլով` գրավոր (թեստային) և բանավոր (հարցազրույց): Առաջին փուլում 90 և ավելի տոկոս ճիշտ պատասխաններ ապահոված հավակնորդները հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ստանում: Հանձնաժողովը յուրաքանչյուր հավակնորդի ներկայությամբ համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ձևավորում է 5 հարցից բաղկացած հարցատոմս: Յուրաքանչյուր հարց գնահատվում է 2 միավոր, 75 և ավելի տոկոս միավոր հավաքած հավակնորդներին հավաստագիր տալու վերաբերյալ որոշում է կայացվում: Հավաստագիրը տվյալ անձին իրավունք է տալիս հինգ տարի շարունակ ՀՀ տարածքում գործող ցանկացած դպրոցում մասնակցել տնօրենի թափուր տեղի մրցույթին և ընտրվել։ Մրցույթի հավակնորդների փաստաթղթերն ընդունվել են մինչ 2020 թ. սեպտեմբերի 27-ը, սակայն ՀՀ-ում պատերազմական դրությամբ պայմանավորված՝ հավաստագրման քննությունների գործընթաց չի կազմակերպվել: 
17:51 - 19 հունվարի, 2021
Առաքման նոր սակագներ գրահրատարակչության ոլորտում. քննարկում ԿԳՄՍՆ-ում

Առաքման նոր սակագներ գրահրատարակչության ոլորտում. քննարկում ԿԳՄՍՆ-ում

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ընդունել է գրահրատարակչությունների տնօրեններին և «Հայփոստ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին՝ քննարկելու հրատարակչության ոլորտում «Հայփոստ»-ի սահմանած սակագնային փաթեթները: Նարինե Խաչատուրյանը կողմերին շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու համար և նշել. «Մեր հանդիպման նպատակը հատավաճառ գրականության առաքմանն առնչվող խնդիրներն են և քննարկման արդյունքում դրանց հնարավոր լուծումներ տալը: Շատ կարևոր են երկու կողմերի մոտեցումն ու դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ»: Քննարկման ընթացքում հրատարակչությունների տնօրենները ներկայացրել են ոլորտում սակագնային փաթեթի բարձրացման ռիսկերը՝ մասնավորապես նշելով, որ այն կարող է հանգեցնել առաքման ծառայության ոչ թե թանկացմանը, այլ փակմանը, ինչպես նաև հրատարակչության գործունեության բյուջեի բարձրացմանը: Անդրադառնալով «Հայփոստ» ՓԲԸ-ի նոր սակագներին՝ ընկերության պատասխանատուները ներկայացրել են "M"պարկ միջազգային սակագնային փաթեթը, որը նախատեսված է հրատարակչությունների համար: Նշյալ փաթեթի միջոցով մինչև 30 կգ տպագրական նյութերը (թերթեր, ամսագրեր, հրատարակչական պարբերություններ, գրքեր և այլն) ուղարկվում են մեկ հասցեով, յուրաքանչյուր լրիվ և ոչ լրիվ կգ-ի համար գանձվող քաշի վճարը՝ 4500 դրամ, ամբողջ պարկի համար գանձվող պատվերի վճարը՝ 2000 դրամ, իսկ պայմանագիր ունենալու դեպքում՝ սահմանված գնից 20 տոկոս զեղչով: Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքման սակագնային փաթեթների վերաբերյալ հանրապետության մյուս հրատարակիչների և գրախանութների համար ապահովել լայն իրազեկում, ոլորտում այլ խնդիրների քննարկման նպատակով ներկա պատասխանատուների հետ կազմակերպել լրացուցիչ հանդիպումներ:  
19:06 - 18 հունվարի, 2021
2020-ին սփյուռքի դպրոցներին տրամադրվել է շուրջ 26460 կտոր գիրք․ ԿԳՄՍՆ

2020-ին սփյուռքի դպրոցներին տրամադրվել է շուրջ 26460 կտոր գիրք․ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սփյուռքի կրթօջախներին դասագրքերի և այլ ուսումնական գրականության տրամադրման բյուջետային ծրագրի շրջանակում 2020 թ.-ին  տրամադրել է 26460 կտոր գիրք, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը:Գրքերը տրամադրվել են սփյուռքի 11 երկրների 30 դպրոցների: Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համաձայնությամբ 13 290 կտոր դասագիրք և մեթոդական գրականություն առաքվել է Վրաստանի՝ հայերենով ուսուցմամբ հանրային դպրոցներ:Ռուսաստան է առաքվել 8055 կտոր գիրք, Գերմանիա՝ 430, ԱՄՆ՝ 955, Իսպանիա՝ 600, Ֆրանսիա՝ 215, Իսրայել՝ 624, Ավստրիա՝ 180, Իռլանդիա՝ 80, Լեհաստան՝ 213, Ուկրաինա՝ 690: Ամբողջությամբ բավարարվել է 1-7-րդ դասարանների մայրենիի, հայոց լեզվի և հայ գրականության դասագրքերի պահանջարկը:Աջակցությունը լինելու է շարունակական. 2021 թ. կապահովվեն 1-ին և 8-9-րդ, 2022 թ.-ին՝ 1-ին և 10-11-րդ դասարանների համար նախատեսված դասագրքերն ու մեթոդական ձեռնարկները:        Նույն ծրագրի շրջանակում նախատեսվել է տպագրության ներկայացնել «Հայ մշակույթի պատմության ակնարկ» ձեռնարկը: Այն էլեկտրոնային ձևաչափով կներկայացվի մասնագիտական հաստատություններին և սփյուռքի կրթօջախներին՝  քննարկելու և դրա ընթացքում հնչած կարծիքներն ու դիտողությունները հաշվի առնելու նպատակով:
11:29 - 18 հունվարի, 2021
Յուրաքանչուր աշակերտ կարող է հաճախել մշակութային երեք հաստատություն

Յուրաքանչուր աշակերտ կարող է հաճախել մշակութային երեք հաստատություն

2021 թ.-ին հանրակրթական դպրոցներում սովորող յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն է ընձեռվում մինչև հրամանով սահմանված ժամանակահատվածի ավարտն անվճար հիմունքներով այցելել մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ից: «Դպրոցական բաժանորդային (աբոնեմենտային) համակարգի ներդրման ծրագիրը կիրականացվի նաև 2021 թ.-ին: Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 14-ի N 24-Ա/2 հրամանի՝ 2021 թ.-ին հանրակրթական դպրոցներում սովորող յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն է ընձեռվում մինչև հրամանով սահմանված ժամանակահատվածի ավարտն անվճար հիմունքներով այցելել մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ (ցանկը կցվում է): Ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Բաժանորդային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում սովորող ավելի քան 386.000 աշակերտներ կարող են մասնակցել իրենց համայնքի կամ ՀՀ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը: Ծրագիրը երաշխավորում է դպրոցահասակների մշակութային կրթության իրավունքի իրացման հնարավորությունը: Ծրագրի նպատակն է մշակութային միջոցառումներին աշակերտների ներգրավվածության բարձրացումը, մշակութային հաստատություն այցելելու ավանդույթի, գեղարվեստական ճաշակի և լայն աշխարհայացքի ձևավորումը:
13:13 - 17 հունվարի, 2021
Նոր կարգ. քոլեջներում և ուսումնարաններում մանկավարժները կընտրվեն մրցույթով

Նոր կարգ. քոլեջներում և ուսումնարաններում մանկավարժները կընտրվեն մրցույթով

2021 թվականի հունվարից ուժի մեջ է մտել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների թափուր տեղի համալրման մրցութային կարգը՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Համաձայն նոր կարգավորման` քոլեջներում և ուսումնարաններում առարկաները (մոդուլները) դասավանդող մանկավարժի` դասախոսի (բացառությամբ` զինվորական ղեկավարի), ինչպես նաև արտադրական ուսուցման վարպետի, թափուր տեղը համալրվելու է մրցույթով: Նմանօրինակ կարգավորում նախկինում չի եղել: Մրցույթի հայտարարում և կազմակերպում Մրցույթ հայտարարվում է միայն մանկավարժի թափուր տեղ առաջանալու դեպքում և հետևյալ ընթացակարգով. Թափուր տեղ առաջանալու օրվանից հետո 7-օրյա ժամկետում, իսկ նախապես թափուր տեղ առաջանալու օրը հստակ իմանալու դեպքում, ոչ շուտ, քան այն առաջանալուց մեկ ամիս առաջ տրվում է մրցույթի հայտարարություն: Հաստատության տնօրենը թափուր տեղ առաջանալու մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է պետական լիազորված մարմնին` այդ մասին տեղեկատվությունը vetarmenia.am կայքէջում տեղադրելու նպատակով: Մրցույթի հայտարարությունը հրապարակվում է «Կրթություն» շաբաթաթերթում կամ տեղական մամուլում, առկայության դեպքում՝ նաև հաստատության կայքէջերում: Այդ մասին տեղեկատվություն է տրվում նաև տվյալ տարածքի զբաղվածության ծառայությանը: Հայտարարության տեքստում նշվում են հաստատության և թափուր տեղի անվանումը, աշխատանքային ծանրաբեռնվածությունը, պետական կրթական չափորոշչով մանկավարժի համար սահմանված պահանջները, ինչպես նաև փաստաթղթերի ցանկը, փաստաթղթերի ընդունման և մրցույթի անցկացման վայրը և ժամանակահատվածը: Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից սկսած 10 աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթը չկայանալու դեպքում, անկախ պատճառներից, թափուր տեղը լրացնելու համար պարբերաբար (մրցույթը չկայանալու օրվանից հետո մեկ շաբաթվա ընթացքում) տրվում է նոր հայտարարություն` մինչև հաղթող ճանաչվելը: Թափուր տեղ առաջանալու դեպքում տնօրենը դասաժամերը տրամադրում է նույն հաստատությունում տվյալ առարկան (մոդուլը) դասավանդող կամ համապատասխան որակավորում ունեցող մանկավարժին` պահպանելով աշխատողի ծանրաբեռնվածության առավելագույն ծավալը չգերազանցելու պայմանը: Համապատասխան մանկավարժ չլինելու դեպքում մինչև մրցույթի կայանալը աշխատանքի կարող է ընդունել սահմանված պահանջներին բավարարող անձի` որոշակի ժամկետային պայմանագրով: Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, որը հանրակրթական առարկաների դասավանդման դեպքում համապատասխանում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, իսկ մասնագիտական առարկաների դեպքում` տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջներին: Պահանջվող փաստաթղթեր Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` դիմում, որի ձևը սահմանված է կարգով, կրթությունը հավաստող փաստաթուղթ` դիպլոմ (բնօրինակը և պատճենը),անձնագիր (բնօրինակը և պատճենը), աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),ինքնակենսագրություն (ձևը սահմանված է կարգով),լուսանկար` 3 x 4 չափսի, այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` միջազգային պայմանագրերով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների, ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը), հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում), մրցույթին մասնակցելու իրավունք չունեն դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված, մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված, մանկավարժական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությամբ (ցանկը սահմանված է ՀՀ կառավարության կողմից) տառապող անձինք, ինչպես նաև նրանք, ում դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ (բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար): Մրցութային հանձնաժողով Մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ տնօրենը ձևավորում է մրցութային հանձնաժողով` 5 անդամից բաղկացած: Հանձնաժողովում պարտադիր ընդգրկվում են` տնօրենը, որը նաև հանձնաժողովի նախագահն է, տնօրենի ուսումնական գծով տեղակալը, բաժնի կամ ամբիոնի վարիչը (առկայության դեպքում), հաստատության խորհրդի նախագահը կամ նրա համաձայնությամբ` խորհրդի անդամներից մեկը` բացառությամբ խորհրդի կազմում ներառված ուսանողներից և մանկավարժներից: Տնօրենը հանձնաժողովի ամբողջական կազմը համալրում է իր ընտրությամբ` նախապատվությունը տալով տվյալ առարկայի (մոդուլի) համար պահանջվող որակավորում ունեցող անձանց: Մրցույթի անցկացում և հաղթող Մրցույթն անցկացվում է բանավոր` հարցազրույցի միջոցով, յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին` նախապես կազմված առաջադրանքներից, որոնք առնչվում են դասավանդվելիք առարկային (մոդուլին) և մանկավարժական գործունեությանը: Վիճակահանությամբ ընտրում է հարցատոմս` բաղկացած հինգ հարցից, որտեղ կարող են ներառվել նաև 1-3 գործնական հարցեր: Կարող է տրվել մինչև հինգ հարակից հարց: Պատրաստվելու համար տրվում է մինչև 15 րոպե ժամանակ, պատասխանն արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից, հնչեցրած բոլոր պատասխանները ձայնագրվում են։ Մասնակիցը համարվում է հարցազրույցի փուլը հաղթահարած, եթե ճիշտ է պատասխանել հարցատոմսի հինգ հարցից առնվազն երեքին և հարակից հարցերի գերակշիռ մասին: Պատասխանները գնահատվում են «ճիշտ» կամ «սխալ»: «Սխալ» գնահատման դեպքում հանձնաժողովի նախագահի կամ հարց տվողի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը: Քվեարկությամբ հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը ստացել է առավելագույն «կողմ» ձայներ: Հավասար «կողմ» ձայն հավաքած մասնակիցներից տնօրենը կարող է առավելություն տալ նրան, ով ունի առավել երկար մանկավարժական, կա՛մ մասնագիտական աշխատանքային ստաժ, կա՛մ առավել բարձր գիտական աստիճան, կա՛մ տվյալ առարկայի գծով վերապատրաստման վկայական: Հաղթողի հետ երեք աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է աշխատանքային պայմանագիր` նրա դիմումի հիման վրա: Բողոքարկում Մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո՝ 1 ժամվա ընթացքում, մասնակիցը կարող է բողոքարկել դրանք: Բողոքարկման արդյունքում ընդունված որոշումը կարող է բողոքարկվել` դիմելով կրթության պետական կառավարման լիազոր մարմնին կամ դատական ատյան:
13:16 - 16 հունվարի, 2021
ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում

2021 թ. հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադան, որը կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների գծով: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Այս տարի օլիմպիադան անցկացվել է առցանց, որին Հայաստանը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի երկու և «Քվանտ» վարժարանի մեկ թիմեր: Օլիմպիադային մասնակցել են 20 երկրի 1005 դպրոցական, այդ թվում՝ 420-ը մաթեմատիկայից, 290-ը՝ ֆիզիկայից, 295-ը՝ ինֆորմատիկայից: Հայաստանը ներկայացնող 21 մասնակցից 10-ն արժանացել են ոսկե, 5-ը՝ արծաթե և 2-ը՝ բրոնզե մեդալների: «Քվանտ» վարժարանի թիմն արժանացել է 5 ոսկե և 2 բրոնզե մեդալների՝ թիմային հաշվարկում գրավելով առաջին տեղը, իսկ ֆիզմաթ դպրոցի մեկ թիմը նվաճել է 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ՝ արժանանալով պատվավոր մրցանակի: Ֆիզմաթ դպրոցի երկրորդ թիմն արժանացել է 2 ոսկե և 2 արծաթե մեդալների: Ոսկե մեդալների են արժանացել. «Քվանտ» վարժարան՝ Արզումանյան Լորետա - 12-րդ դասարան, մաթեմատիկա Մոսոյան Կարեն - 12-րդ դասարան, ֆիզիկա Գյուլամիրյան Դավիթ - 12-րդ դասարան, ֆիզիկա Աբելյան Ալեքսանդր - 12-րդ դասարան, ինֆորմատիկա Խլղաթյան Արայի - 11-րդ դասարան, ինֆորմատիկա Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց՝ Բաբասյան Էրիկ - 12-րդ դասարան, մաթեմատիկա Հովհաննիսյան Վահագն - 11-րդ դասարան, մաթեմատիկա Ասատրյան Վահրամ - 11-րդ դասարան, մաթեմատիկա Գյոլեցյան Արտաշես - 12-րդ դասարան, ֆիզիկա Կոստանյան Էմիլ - 12-րդ դասարան, ինֆորմատիկա Արծաթե մեդալների են արժանացել. Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց՝ Կարապետյան Հայկ - 11-րդ դասարան, մաթեմատիկա Կարագուլյան Մհեր - 12-րդ դասարան, մաթեմատիկա Համբարձումյան Ռուբեն - 11-րդ դասարան, մաթեմատիկա Չախոյան Հակոբ - 12-րդ դասարան, ֆիզիկա Կարախանյան Ռուբեն - 12-րդ դասարան, ֆիզիկա Բրոնզե մեդալների են արժանացել. «Քվանտ» վարժարան՝ Պետրոսյան Համլետ - 10-րդ դասարան, մաթեմատիկա Պարզյան Ռազմիկ - 10-րդ դասարան, մաթեմատիկա Նշենք, որ արդեն 17 տարի շարունակ ՀՀ դպրոցների սաները մասնակցում են այդ օլիմպիադային:
21:13 - 15 հունվարի, 2021
2021 թվականին ևս մշակութային օջախները բաց կլինեն դպրոցականների համար

2021 թվականին ևս մշակութային օջախները բաց կլինեն դպրոցականների համար

 Դպրոցական բաժանորդային (աբոնեմենտային) համակարգի ներդրման ծրագիրը կիրականացվի նաև 2021 թ.-ին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 14-ի N 24-Ա/2 հրամանի՝ 2021 թ.-ին հանրակրթական դպրոցներում սովորող յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն է ընձեռվում մինչև հրամանով սահմանված ժամանակահատվածի ավարտն անվճար հիմունքներով այցելել մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ (ցանկը կցվում է): Ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Բաժանորդային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում սովորող ավելի քան 386.000 աշակերտներ կարող են մասնակցել իրենց համայնքի կամ ՀՀ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը: Ծրագիրը երաշխավորում է դպրոցահասակների մշակութային կրթության իրավունքի իրացման հնարավորությունը: Ծրագրի նպատակն է մշակութային միջոցառումներին աշակերտների ներգրավվածության բարձրացումը, մշակութային հաստատություն այցելելու ավանդույթի, գեղարվեստական ճաշակի և լայն աշխարհայացքի ձևավորումը: Ծրագրի ավարտ է սահմանվել 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:
17:25 - 15 հունվարի, 2021