Մեկնարկել են տնօրենի հավաստագրման քննությունները. դիմել է 505 հավակնորդ
22:15 - 19 հունվարի, 2021

Մեկնարկել են տնօրենի հավաստագրման քննությունները. դիմել է 505 հավակնորդ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հունվարի 15-ից մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննությունները: Դրանք տեղի կունենան մինչև մարտի 16-ը ներառյալ՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 505 հավակնորդ, որոնցից հավաստագիր ստանալու վերապատրաստումներին մասնակցել է 475-ը:

Երկրում առկա համավարակով պայմանավորված՝ ամեն օր քննություններին մասնակցում է առավելագույնը 15-16 հավակնորդ:

Հանձնաժողովում ընդգրկված է 7 անդամ. 3-ը՝ ԿԳՄՍ նախարարության, 2-ը՝ գիտական կազմակերպության և 2-ը՝ քաղաքապետարանի կամ մարզպետարանի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը կազմվում է քննությունից առնվազն 24 ժամ առաջ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով:

Քննությունները կազմակերպվում են երկու փուլով` գրավոր (թեստային) և բանավոր (հարցազրույց):

Առաջին փուլում 90 և ավելի տոկոս ճիշտ պատասխաններ ապահոված հավակնորդները հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ստանում: Հանձնաժողովը յուրաքանչյուր հավակնորդի ներկայությամբ համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ձևավորում է 5 հարցից բաղկացած հարցատոմս:

Յուրաքանչյուր հարց գնահատվում է 2 միավոր, 75 և ավելի տոկոս միավոր հավաքած հավակնորդներին հավաստագիր տալու վերաբերյալ որոշում է կայացվում:

Հավաստագիրը տվյալ անձին իրավունք է տալիս հինգ տարի շարունակ ՀՀ տարածքում գործող ցանկացած դպրոցում մասնակցել տնօրենի թափուր տեղի մրցույթին և ընտրվել։

Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ մրցույթի հավակնորդների փաստաթղթերն ընդունվել են մինչ 2020 թ. սեպտեմբերի 27-ը, սակայն ՀՀ-ում պատերազմական դրությամբ պայմանավորված՝ հավաստագրման քննությունների գործընթաց չի կազմակերպվել:   


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել