ՅՈՒՆԵՍԿՕ

ՅՈՒՆԵՍԿՕ, լրիվ անվանումը՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն, ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում 1946 թվականին։ Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը՝ զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր։ Նրա ոլորտային օֆիսների մեծ մասը գործում են խմբակային՝ ընդգրկելով երեք կամ ավելի պետություններ․ գոյություն ունեն նաև ազգային և տարածաշրջանային գրասենյակներ։

«Թուրքիան կտեղեկացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ին Սուրբ Սոֆիայի վերաբերյալ հետագա քայլերի մասին». Չավուշօղլու |tert.am|

«Թուրքիան կտեղեկացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ին Սուրբ Սոֆիայի վերաբերյալ հետագա քայլերի մասին». Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարայի կողմից Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելուց հետո Թուրքիան կտեղեկացնի Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ) Սուրբ Սոֆիայի վերաբերյալ հետագա քայլերի մասին: Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է նաև, որ Թուրքիան զարմացած է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի արձագանքից: «Թուրքիան կտեղեկացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ին Սուրբ Սոֆիայի վերաբերյալ հետագա քայլերի մասին: Մենք պետք է պաշտպանենք մեր նախնիների ժառանգությունը, և տաճարի կարգավիճակը դրա հետ ոչ մի կապ չունի»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Պատասխանելով Հունաստանի, Հռոմի պապի և այլոց արտահայտած քննադատության և անհանգստության մասին հարցին՝ Չավուշօղլուն ասել է. «Մենք հարգում ենք ցանկացածի կարծիքը, եթե անգամ այդ կարծիքի հետ համաձայն չենք, բայց չենք կարող ընդունել Թուրքիայի ինքնիշխանության դեմ արվող մեկնաբանությունները»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը:
16:46 - 13 հուլիսի, 2020
Մեզ խորապես մտահոգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Մեզ խորապես մտահոգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը Թուրքիայի իշխանությունների որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ մեկնաբանություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Մեզ խորապես մտահոգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը:  Սուրբ Սոֆիայի տաճարը զուտ պատմական և մշակութային կոթող չէ։ Իր պատմության ընթացքում այն ունեցել է տարբեր կրոնական, մշակութային և քաղաքական նշանակություն: Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակի շնորհումը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկումը հնարավորություն են տվել դարձնել այն ոչ թե քաղաքակրթությունների բախման, այլ համագործակցության և մարդկության միասնության խորհրդանիշ: Ցավով պետք է արձանագրել, որ Թուրքիայի իշխանությունների վերջին որոշումը փակում է Սուրբ Սոֆիայի տաճարի պատմության այդ՝ կարևոր խորհրդանիշի և առաքելության էջը։ Այս որոշումը ստեղծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայրի բնույթիև նպատակի էական փոփոխության վտանգավոր նախադեպ և անհրաժեշտ է դարձնում Թուրքիայի տարածքում նման կարգավիճակ ունեցող  պատմական վայրերի պահպանման նպատակով միջազգային հանրության և հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտադիտարկումը»։
21:03 - 11 հուլիսի, 2020
ԵՊՀ-ում հիմնադրվել է ցեղասպանության կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն

ԵՊՀ-ում հիմնադրվել է ցեղասպանության կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն

Երևանի պետական համալսարանը և Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) հայտարարել են Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի հիմնադրման մասին: «Յուրաքանչյուր տարի Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, մրցութային կարգով ընտրում է աշխարհի տարբեր երկրներում ամբիոնների հիմնադրման վերաբերյալ որոշակի թվով նախագծեր, որոնք գործում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, նրա հռչակած առաջնահերթություններին համահունչ: ԵՊՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի հիմնադրումն այն շարունակական աշխատանքի գնահատականն է, որն իրականացվել է վերջին տարիներին ԵՊՀ ՀՀԻ-ի ցեղասպանագիտության բաժնում՝ կազմակերպված գիտաժողովները, սեմինարները, քննարկումները, բաց դասախոսությունները, տեղեկատվության հանրայնացնելու աշխատանքը, ինչպես նաև «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը:Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ կրթությունն առաջնային նշանակետերից է: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ‹‹UNITWIN››  ծրագիրը խթանում է համալսարանների միջև միջազգային համագործակցությունը ու ցանցային կապի ստեղծումը: Այն օգնում է ամբողջ աշխարհում հզորացնել բարձրագույն ուսումնական հաստատությունները, լրացնել գիտելիքների բացը և համագործակցել 2030-ի Կայուն զարգացման օրակարգի շուրջ: Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի բացումն ազդարարվեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռավար դասախոսություն-հանդիպմամբ, որին մասնակցում էին  Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի և Հայաստանում Ամերիկյան համալսարանի ուսանողներն ու շրջանավարտները:   ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դասախոսություն կարդաց «Հայաստանը և ցեղասպանությունների կանխարգելման քաղաքականությունը» թեմայով: Պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի ղեկավարն է, արդեն երկար տարիներ մասնագիտանում է ցեղասպանագիտության ոլորտում:  2017 թվականից նա ղեկավարում է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժինը, ինչպես նաև 2018 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանագիտության բաժինը: 2007-2018 թթ. եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը:  Սուրեն Մանուկյանը ցեղասպանությունների ուսումնասիրության մեջ ներգրավված գրեթե բոլոր մասնագետների միավորող միջազգային կազմակերպության խորհրդի անդամ է 2017 թվականից: Մեզ հետ զրույցում պարոն Մանուկյանը նշեց, որ Երևանի պետական համալսարանում ամբիոնի հիմնական նպատակն է ցեղասպանագիտական կրթության խթանումը Հայաստանում՝ ինչպես համալսարանական, այնպես էլ ոչ ֆորմալ մակարդակներում: ‹‹Տեղեկատվական արշավների, հրապարակումների, սեմինարների և աշխատաժողովների միջոցով ամբիոնը նպատակ ունի հասնելու ցեղասպանություն երևույթի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ամբողջ աշխարհում, ինչը կնպաստի ցեղասպանությունների դատապարտմանը և կանխարգելմանն ուղղված միջազգային քաղաքականությանը››,- ասաց պարոն Մանուկյանը: Նրա խոսքով, Հայաստանը վերջին տարիներին իր վրա է վերցրել գլոբալ մակարդակում ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման առաջամարտիկի դերը: ‹‹Սրա վկայություններն են, օրինակ, երկու տարին մեկ պարբերականությամբ Երևանում անցկացվող Ցեղասպանության հանցագործության կանխարգելմանն ուղղված գլոբալ ֆորումները կամ 2020 թ. հունիսի 22-ին Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված այդբովանդակ բանաձևը,- փաստեց Սուրեն Մանուկյանը,- և մեր նորաստեղծ ամբիոնը գործադրելու է բոլոր ջանքերը գիտական և կրթական ոլորտում ցեղասպանությունների միջազգային ճանաչման և կանխարգելման հարցին նպաստելու համար››: ԵՊՀ ՀՀԻ ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի նպատակներն են խթանել ցեղասպանագիտական կրթությունը ֆորմալ և ոչ ֆորմալ մակարդակներում, բարձրացնել  ցեղասպանությունների և այլ զանգվածային հանցագործությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը տարբեր միջոցառումների, տեղեկատվության արշավների, հրապարակումների, սեմինարների միջոցով հասարակության շրջանում, ինչպես նաև համագործակցել  ՅՈՒՆԵՍԿՕ-ի այլ ամբիոնների և այլ կազմակերպությունների հետ՝  ոլորտին առնչվող տարբեր ծրագրեր իրականացնելու համար:  Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը գործելու է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում: Հարկ է նաև հիշեցնել, որ  Երևանի պետական համալսարանում մեկնարկել է 2020-2021 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելությունը «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրում (տրվում է Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան) ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցման համար հատկացվում է 2 տեղ: Մագիստրատուրայի ընդունելության առաջին փուլի փաստաթղթերն ընդունվելու են հունիսի 5-ից մինչև հուլիսի 6-ն առցանց` https://admission.ysu.am/ կայքի միջոցով,  իսկ երկրորդ փուլի փաստաթղթերն առցանց ընդունվելու են հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 24-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
19:43 - 25 հունիսի, 2020
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ԳԵՈՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ԳԵՈՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարությունը բնապահպանության ոլորտի առաջնահերթ խնդիրների և գերակայությունների, ընթացիկ բարեփոխումների ընդլայնման հնարավորությունների համատեքստում համագործակցության նոր ծրագրերի վերաբերյալ քննարկումներ են իրականացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հետ:ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի 2020-2021թթ. երկամյակի շրջանակներում շրջակա միջավայրի նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարություն է ներկայացրել «Վայոց ձորի մարզի երկրաբանական լանդշաֆտների և բնության հուշարձանների արդյունավետ կառավարում՝ երկրաբանական բազմազանության պահպանության և մշակութային-լանդշաֆտային ժառանգության կայուն զարգացման համար»:Ծրագրային հայտով դիտարկվում է մի շարք գործողությունների իրականացում, այդ թվում. բնության երկրաբանական, հիդրոերկրաբանական  և բնապատմական հուշարձանների ցանկի արդիականացում, հուշարձանների հստակ տեղորոշում, դրանց վերաբերյալ ճանաչողական-տեղեկատվական փաթեթների կազմում, բնության հուշարձանների կապակցում տարածաշրջանային բնույթի երկրաբանական, տեկտոնական-կառուցվածքային  երևույթների հետ, տեղական ինքնակառավարման մարմինների, ազդակիր համայնքների և շահագրգիռ հանրության համար սեմինարների և ինֆորմացիոն այցելությունների կազմակերպում, հանրային իրազեկման և էկոլոգիական կրթության զարգացում, մշակութային-լանդշաֆտային ժառանգության համալիր դիտարկում որպես Վայոց ձորի մարզում էկոլոգիական տուրիզմի զարգացման հեռանկարային ուղղություն: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ելակետային տեղեկատվության ապահովման նպատակով ս.թ. հունիս ամսվա ընթացքում շրջակա միջավայրի նախարարության մասնագետները կազմակերպել և իրականացրել են ճանաչողական երթուղիներ՝ ներառելով Վայոց ձորի մարզի երկրաբանական, ջրագրական, տեկտոնական և պատմական-մշակութային հուշարձանների տեղավայրերը: Ուսումնասիրվել և տեղորոշել են երեք տասնյակից ավելի հուշարձաններ, ինչը արտացոլված է ստորև ներկայացված քարտեզում: Հավաքված փաստացի նյութերը հիմք են հանդիսանալու մշակվելիք փաստագրական փաթեթների, բուկլետների համար: Յուրաքանչյուր հուշարձանի համար կազմվելու է տեղեկատվական փաթեթ, որտեղ նկարագրվելու է հուշարձանի նշանակությունը տարածաշրջանի երկրաբանական զարգացման պատմության, հնէաբանական հետազոտությունների, տեկտոնական ակտիվ տեղաշարժերի, հանքայնացման խորքային աղբյուրների բացահայտման և հետազոտական մեկնաբանության տեսակետից:Ծրագրավորվող աշխատանքները խթան կհանդիսանան մարզի դպրոցական տարիքի երեխաներին նոր էկոլոգիական գիտելիքների ուսուցման, դաստիարակության, էկոլոգիական մշակույթի արմատավորման, շրջակա միջավայրի պահպանության, բնօգտագործման և էկոլոգիական անվտանգության բնագավառում անձի ճիշտ և խելամիտ կողմնորոշման, ունակությունների դրսևորման և վարքագծի ձևավորման համար:
16:35 - 22 հունիսի, 2020
Հայկական դուդուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է 2008 թվականին․ ԿԳՄՍՆ

Հայկական դուդուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է 2008 թվականին․ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Հայկական դուդուկի երաժշտությունը դեռ 2005 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներից մեկը, և 2008 թ. «Դուդուկն ու իր երաժշտությունը» վերնագրով հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։  «Դուդուկ հայկական նվագարանը և դրա երաժշտությունը հայկական ժողովրդական երաժշտական մշակույթի բնութագրական դրսևորումներից է, այն տարածված ու կենսունակ է ոչ միայն նվագարանային կատարողական արվեստում, այլև հասարակության մեջ՝ ընտանիքներում, համայնքներում, մշակութային, կրթական տարբեր կազմակերպություններում։ Վերջին տարիներին բազում ծրագրեր են իրականացվում դուդուկի պահպանության, փոխանցման և հանրահռչակման ուղղությամբ, կազմակերպվում են տեղական և միջազգային փառատոներ, ֆլեշմոբեր և այլ միջոցառումներ։ Դրա վկայություններից է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում մեկնարկած «Արի պարի քոչարի» ֆլեշմոբը, որն այս տարի նվիրվում է Դուդուկ (ծիրանափող) հայկական նվագարանին։ Նպատակը՝ բացահայտել տաղանդավոր դուդուկահարներին և հայկական դուդուկի նվագը ճանաչելի դարձնել համայն աշխարհին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում 2021 թ. գրանցելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ երկու պետություններ՝ Ադրբեջանը և Թուքիան, համատեղ հայտ են ներկայացրել «Բալաբանի կատարողական արվեստը և արհեստագործությունը» վերնագրով։ Բալաբան անվանմամբ երաժշտական նվագարանի մասին հայտը դեռևս 2012 թվականից էր Ադրբեջանը ներկայացել ՅՈՒՆԵՍԿՕ գրանցմանը, և գործընթացը կասեցվել էր ու գտնվում էր սպասողական հայտերի ցանկում։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի քննարկմանը կներկայացվի միայն 2021 թ., եթե արժանանա կոնվենցիայի գնահատման մարմնի անկախ փորձագետների դրական գնահատականին։ Նշենք նաև, որ, ըստ կոնվենցիայի, այս կամ այն երկրի՝ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում որևէ տարրի վերաբերյալ հայտի գրանցումը չի ենթադրում տարրի հանդեպ սեփականության իրավունք։ Ցանկում տարրը գրանցելիս ճանաչվում են տվյալ երկրում (կամ բազմազգ հայտերի դեպքում՝ տվյալ երկրներում) համայնքների, խմբերի կամ անհատ կրողների՝ տվյալ տարրի մշակութային դրսևորումները, առանձնահատկությունները և կենսունակությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
13:11 - 08 ապրիլի, 2020
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարն ԱՄՆ-ին կոչ է արել կատարել մշակութային օբյեկտների պաշտպանության իր պարտավորությունները |news.am|

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարն ԱՄՆ-ին կոչ է արել կատարել մշակութային օբյեկտների պաշտպանության իր պարտավորությունները |news.am|

news.am: ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր տնօրեն Օդրե Ազուլեն ԱՄՆ-ին կոչ է արել կատարել մշակութային օբյեկտների պաշտպանության իր պարտավորությունները, որոնք ԱՄՆ-ը ստանձնել է որպես մշակութային արժեքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի մասնակից, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ազուլեն նման հայտարարություն է արել իրանցի դեսպան Ահմադ Ջալալիի հետ հանդիպման ժամանակ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը վավերացրել է 2 կոնվենցիա 1954 եւ 1972 թվականներին, եւ դրանք վերաբերում են մշակութային արժեքների եւ համաշխարհային ժառանգության պաշտպանությանը: Հունվարի 3-ին Պենտագոնը տեղեկացրել էր գործողության մասին, որի ընթացքում Բաղդադի օդանավակայանի մոտ սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին: ԱՄՆ վարչակազմի վարկածով՝ հատուկ գործողությունը պաշտպանիչ բնույթ է կրել, քանի որ ունեցել է Մերձավոր Արեւելքում ամերիկացի զինծառայողներին պաշտպանելու նպատակ: Արտակարգ նիստի արդյունքներով Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը խոստացել է վրեժ լուծել: Խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ «Ամերիկան պատասխանատվություն է կրում այդ հանցավոր արկածախնդրության հետեւանքների համար»: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ հեռախոսազրույցի ընթացքում հարձակումը ԱՄՆ-ի կողմից ահաբեկչության դրսեւորում է անվանել: Թեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել «դատապարտել այդ հանցավոր գործողությունը», ինչպես նաեւ հայտարարել է ինքնապաշտպանության իր իրավունքի մասին:
05:54 - 07 հունվարի, 2020
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը ելույթ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի նախարարների համաժողովին |armenpress.am|

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը ելույթ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի նախարարների համաժողովին |armenpress.am|

armenpress.am: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակում նոյեմբերի 19-ին կայացած մշակույթի նախարարների բարձրաստիճան համաժողովին մասնակցել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 100 անդամ պետությունների ոլորտային նախարարներ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, Նարինե Խաչատուրյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները հնարավորություն են ընձեռել մշակույթի և գեղարվեստական կրթության բնագավառում սկիզբ դնել բարեփոխումների՝ հիմնվելով համընդհանուր արժեքների` խաղաղության, ժողովրդավարության և մարդու հիմնարար ազատությունների վրա: Իր խոսքում նախարարի տեղակալը կարևորել է կանանց, երիտասարդների ներգրավումը մշակութային քաղաքականության մշակման գործընթացում: Անդրադարձել է նաև «Իմ արվեստը դպրոցում» ծրագրին, որի շրջանակում հայտնի արվեստագետներն, արվեստաբաններն ու փորձագետները, այցելելով դպրոցներ, իրենց փորձն են փոխանցում դպրոցականներին` կրթելու ստեղծագործ երիտասարդություն: «Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է նաև սահմանափակ կարողություններով անձանց ազատ ստեղծագործելու և մշակութային կյանքին մասնակցություն ունենալու հնարավորության ստեղծումը` ինչն ապահովում է բազմազանությունը, ներառականությունը և ազատությունը մշակույթի ոլորտում: Կարողությունների զարգացման նպատակով կանանց համար կազմակերպվում են աշխատաժողովներ, սեմինարներ, տոնավաճառներ և այլ միջոցառումներ` հատուկ ուշադրություն դարձնելով փախստականների, մասնավորապես` Սիրիայից հայրենիք վերադարձած կանանց համար»,- նշել է Նարինե Խաչատուրյանը` հավելելով, որ կինոարտադրության բնագավառում նաև հնարավորություն է ընձեռվում մեկտեղել մասնագետների և կինոարտադրողների հնարավորությունները, իսկ ՏՏ ոլորտում այս տարի Եվրոպա Նոստրա մրցանակաբաշխությունում հաղթել են երկու նախագիծ` «Սոլակ-1» և «Թումո» ստեղծարար կենտրոնի սաների իրականացրած հետազոտական աշխատանքները: Նարինե Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը՝ միջմշակութային երկխոսության միջոցով նպաստելու խաղաղությանը և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի ձևավորմանը: Համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը երկկողմ հանդիպում է ունեցել Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Ստիլիանի Մանդոննի հետ՝ վերջինիս խնդրանքով: Հանդիպմանը մասնակցել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ կրթամշակութային համագործակցության բաժնի պետ Լենա Թերզիկյանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընթացքն ու գալիք ծրագրերը: Երկուստեք ընդգծվել է հայ-հունական բարեկամության վրա հիմնված միջմշակութային երկխոսության խորացման և ընդլայնման, մշակութային ժառանգության պահպանման գործում համատեղ ջանքերի կարևորությունը` որպես հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող երկրներ:  
14:53 - 20 նոյեմբերի, 2019
Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ

ՅՈՒՆԵՍԿՕ կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 18-ին Փարիզում հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի և կրթության հարցերով տեղակալ տիկին Ստեֆանիա Ջիաննինիի հետ։ Էռնեստո Օտտոնեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտում Հայաստանի և ՅՈւՆԵՍԿՕ-ի միջև ընթացող ծրագրերը և համագործակցության հեռանկարները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՅՈւՆԵՍԿՕ-ի «Մոսուլի վերականգնում» լայնածավալ ծրագրի իրագործմանը։ Նախարար Հարությունյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել ակտիվ մասնակցությունը ծրագրի իրականացմանը։ Պարոն Օտտոնեն շնորհակալություն է հայտնել ծրագրին Հայաստանի ներգրավվածության, մասնավորապես, Մատենադարանի՝ մատենագրերի վերականգնման և հավաքածուների թվայնացման մասնագետների տրամադրման և Իրաքի համապատասխան մասնագետների համար Հայաստանում վերապատրաստումների կազմակերպման հարցում։ Նա ընդգծել է, որ հայ մասնագետների բացառիկ փորձը շատ օգտակար կլինի այս հարցում։ Բարձր է գնահատվել ՅՈւՆԵՍԿՕ-ի 4 մշակութային կոնվենցիաների կոմիտեներում Հայաստանի ակտիվ գործունեությունը։ Նախարար Հարությունյանը նաև անդրադարձել է 2020 թվականի գարնանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակում ՅՈւՆԵՍԿՕ-ի և ՖՄԿ հետ համատեղ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպվելիք միջոցառմանը, որը նվերված է լինելու մշակութային բազմազանության և միջմշակութային երկխոսության ամրապնդմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև մշակութային ոլորտի օրենսդրական բարեփոխումներին ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագիտական օժանդակության տրամադրման հնարավորությունը։ ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում Հայաստանի և ՅՈւՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությանը։ Մասնավորապես, կարևորվել է մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում համագործակցության շարունակականությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընթացիկ տարվա դեկտեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ի մասնագետները ճանաչողական այց կկատարեն Հայաստան։ Նախարար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հոկտեմբերի 11-13-ը Հայաստանում կայացած Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված համաժողովին ՅՈւՆԵՍԿՕ-ի մասնակցության համար։Կարևորվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի և Հայաստանի ակտիվ համագործակցությունը՝ կրթության ոլորտում նոր տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառման հարցում։ Այդ համատեքստում ընդգծվել են Հայաստանի դրական ներուժը և առկա ձեռքբերումները։
07:28 - 19 հոկտեմբերի, 2019
ՖՄԿ-ն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Հայաստանը 2020-ին «Ապրել միասին» կարգախոսի ներքո  միջոցառում կանցկացնեն

ՖՄԿ-ն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Հայաստանը 2020-ին «Ապրել միասին» կարգախոսի ներքո միջոցառում կանցկացնեն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մարտի 18-ին կայացել է կազմակերպությունում ֆրանկոֆոն խմբի կողմից կազմակերպված, Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում՝ «Soirée des saveurs» խորագրով։  «Միջոցառմանը ներկա էին և ելույթներով հանդես եկան ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն (Louise Mushikiwabo) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն (Audrey Azoulay)։ ՖՄԿ գլխավոր քարտուղարն իր ելույթում անդրադարձավ Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովին, փաստեց, որ «Ապրել միասին» թեմայի արժեքները ընդհանուր են երկու կազմակերպությունների համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանություններին և ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին գագաթաժողովի հաջողության համար։ Իր խոսքում ՖՄԿ գլխավոր քարտուղարն անդրադարձավ նաև կազմակերպության գագաթաժողովում Հայաստանի նախագահության ընթացքում, 2020թ․ նախատեսված ՖՄԿ-ՅՈՒՆԵՍԿՕ-ՀՀ համատեղ միջոցառմանը, որը նվիրված է լինելու «Ապրել միասին»-ի խթանմանը, և ընդգծեց, որ այդ միջոցառումը կնպաստի Ֆրանկոֆոնիայի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության առավել զարգացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։ armtimes.com
07:50 - 21 մարտի, 2019