Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան, ռեժիսոր, հասարակական և քաղաքական գործիչ։

2021 թ․ դեկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց։ Դեկտեմբերի 22-ին Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից․ քաղաքապետարանում տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքում Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։

Ծնվել է 1976թ․ դեկտեմբերի 18-ին։ 

1996 - 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան։ 2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատել է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ 2012 թվականից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։ 2018 թվականի սեպտեմբերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրվել է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։

Երևանի քաղաքապետն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետը ստորագրել են համագործակցության ճանապարհային քարտեզ

Երևանի քաղաքապետն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետը ստորագրել են համագործակցության ճանապարհային քարտեզ

 Սանկտ Պետերբուրգ կատարած պաշտոնական այցելության ընթացքում Երևանի քաղաքապետ Հակ Մարությանը նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հետ ստորագրել է Երևան և Սանկտ Պետերբուրգ քաղաքների միջև 2021-2025թթ․ համագործակցության ճանապարհային քարտեզ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա նշում է, որ ճանապարհային քարտեզը ներառում է փոխգործակցություն հանրակրթության, մշակույթի, առողջապահության, քաղաքային այլ ենթակառուցվածքների ոլորտներում: «Երկու գործընկեր, հարազատ քաղաքների միջև հարաբերությունների զարգացումը և խորացումը մեր առաջնահերթությունների թվում է։ Պարոն նահանգապետին հրավիրեցի մոտակա ժամանակներս հյուրընկալվել Երևանում»,- նշել է Հայկ Մարությանը:
13:50 - 01 դեկտեմբերի, 2021
«Մետրոգիպրոտրանս»-ը ՀՀ կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել

«Մետրոգիպրոտրանս»-ը ՀՀ կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել

Երևանի մետրոյի նոր՝ Աջափնյակ կայարանի նախագծման մրցույթում հաղթող է ճանաչվել, ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Նախագծման աշխատանքների և մետրոյի հեռանկարային զարգացման խնդիրներ են քննարկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը: Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քաղաքային տրանսպորտային բարեփոխումների մեջ կարևոր տեղ ունի մետրոպոլիտենի զարգացումը, և Երևանի քաղաքապետարանը հստակ քայլեր է ձեռնարկում նոր կայարանը կառուցելու նպատակով: «Տրանսպորտային ընդհանուր բարեփոխումները, որոնք շատ կարևոր են Երևանի համար, բաղկացած է մի քանի մասերից և, իհարկե տարբեր փուլերից: Մենք այժմ շատ ակտիվ զբաղվում ենք վերգետնյա տրանսպորտով, այսինքն՝ ավտոբուսների համալրմամբ և արդեն դրանց շահագործմամբ, որը շարունակական բնույթ է կրում և զուգահեռաբար զբաղվում ենք նաև ստորգետնյա տրանսպորտով, որը մետրոպոլիտենն է: Երևանի քաղաքապետարանի կողմից բավականին բարդ աշխատանք է կատարվել, մենք մեր շուրջն ենք հավաքել մետրոպոլիտենի աշխատանքին տեղյակ բոլոր մասնագետներին, որոնք այս պահին Հայաստանում են և համախմբված կարողացանք անցկացնել այդ մրցույթը, որը վերաբերում է նախագծման փուլին: Մրցույթի նախապատրաստումը և անցկացումը տևեց համարյա մեկուկես տարի: Այս պահին մենք հասել ենք ավարտական փուլին. մրցույթն ունեցավ հաղթող, որի հետ արդեն ստորագրվել է պայմանագիր»,- նշել է քաղաքապետը։ «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը հանդիպման ընթացքում քաղաքապետին է ներկայացրել Աջափնյակի կայարանի նախագծման էսքիզային տարբերակները: «Ինձ թվում է՝ մետրոպոլիտենը, քաղաքի զարգացման տեսակետից, շատ բան է որոշում, և երբ մետրոն նախագծվում է մինչև հիմնական շինարարությունը, նշանակում է , որ քաղաքն ապրում է, իսկ մարդկանց միջև կապը՝ ընդլայնվում, քանի որ նրանք կարող են քաղաքի մի հատվածից հասնել մյուսը: Պետք է ինչ-որ բանից սկսել, և այն, որ մենք հաղթեցինք մետրոյի նոր կայարանի փոքրիկ մի հատվածի նախագծման մրցույթում, դա նույնպես լավ սկիզբ է ու նշանակում է, որ պետք է առաջ ընթանալ: Նկատելի է, որ քաղաքային իշխանությունը մտածում է ռազմավարական լուծումներ գտնել նոր շենքերի կառուցման, տրանսպորտային ենթակառուցվածքների արդյունավետ զարգացման համար՝ անգամ սահմանափակ հնարավորություններով,- նշել է «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը: «Մետրոգիպրոտրանս» ընկերությունն, ի դեպ, Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել։ Ծրագրին շահավետ պայմաններով պատրաստ է աջակցել Արտահանման վարկերի ապահովագրությա ռուսաստանյան գործակալությունը։ «Մենք այդ միջոցներով երևի կկարողանանք թարմացնել նաև հին մետրոպոլիտենի ենթակառուցվածքները, ու նաև կարող ենք նախատեսել քաղաքի այն հատվածները, դեպի ուր կարող են ընդլայնվել կայարանները»,- ասել է Վալերի Աբրամսոնը: «Վեց ամսվա ընթացքում պետք է ֆինանսավորվի այս նախագիծը, որպեսզի աշխատանքներն սկսվեն: Ուզում եմ տեղեկացնել, որ մետրոպոլիտենը հանդիսանում է պետական գույք, սա համայնքային գույք չէ, ուստի և ֆինանսավորումը պետք է արվի պետական բյուջեից, ոչ թե համայնքի բյուջեից: Մենք բոլորս էլ գիտենք, որ այսօր բավականին լուրջ խնդիրներ կան հանրապետությունում, և ես հուսով եմ, որ այդ խնդիրները հաղթահարելի են, որպեսզի նաև ֆինանսներ գտնվեն մետրոպոլիտենի համար»,- նշել է Հայկ Մարությանը: Նախագծի նախնական տարբերակով նախատեսվում է Հրազդանի վրայով կամուրջ կառուցել միայն մետրոյի համար, «Մետրոգիպրոտրանսն» առաջարկում է նաև երկրորդ հարկ կառուցել ավտոմեքենաների կամ հետիոտնի համար: Զրույցի ընթացքում կողմերը նկատել են, որ ցանկալի է նախընտրել ստորգետնյա կայարանի կառուցումը՝ կամրջի վրայի կայարանի փոխարեն, քանի որ ստորգետնյա կայարանները շատ ավելի հարմար են մետրոյից օգտվող մարդկանց համար եւ զանազան ենթակառույցների զարգացման հնարավորություն են տալիս: Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնին է փոխանցել մետրոյի «Աջափնյակ» կայարանի հատվածի նախագծման ստորագրված պայմանագիրը:
12:34 - 24 նոյեմբերի, 2021
Շահագործման ենք հանձնում Երևանի սքեյթ-պարկը, շների պարկը և Օղակաձեւ այգու վերականգնված հատվածը. Հայկ Մարության

Շահագործման ենք հանձնում Երևանի սքեյթ-պարկը, շների պարկը և Օղակաձեւ այգու վերականգնված հատվածը. Հայկ Մարության

Շահագործման ենք հանձնում Երևանի սքեյթ-պարկը, շների պարկը և Օղակաձեւ այգու վերականգնված հատվածը. ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Հավատարիմ մեր նախընտրական ծրագրին՝ վերականգնում ենք Երևանի կանաչ տարածքնեը և հանգստի գոտիները: Շահագործման ենք հանձնում Օղակաձև այգու 6-րդ հատվածը՝ ավելի քան 12 հեկտար մակերեսով: Այգին ազատեցինք ապօրինի շինություններից, բետոնից մաքրեցինք ու կանաչապատեցինք շուրջ 50 000 քմ տարածք, թարմացրեցինք ծառերը և տնկեցինք 8600 ծաղիկ, հիմնեցինք ավելի քան 4400 քմ սիզամարգ, անցկացրեցինք նոր լուսավորության ցանց՝ 111 նոր լուսատուներով, ներդրեցինք ոռոգման նոր համակարգ՝ 5450 գծամետր խողովակներով, ինչպես նաև՝ այգու տարածքում հիմնեցինք երկու թեմատիկ պարկ՝ շների զբոսանքի այգին եւ սքեյթ-պարկը»,- գրել է Մարությանը: Մանրամասները տեսանյութում․  
11:52 - 13 նոյեմբերի, 2021
Հայկ Մարությանն ինքնամեկուսացված է |armenpress.am|

Հայկ Մարությանն ինքնամեկուսացված է |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ինքնամեկուսացված է: ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այդ մասին նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը: «Երևանի քաղաքապետը նախատեսում էր անձամբ գալ և ներկայացնել բյուջեն, հաշվի առնելով ներկայիս համաճարակը, կորոնավիրուսը մտավ իրենց տուն էլ: Ներկայում իր կինը և երեխաները վարակվել են կորոնավիրուսով: Գտնվելով վտանգավոր գոտում՝ չի ցանկանում վտանգել մյուսների կյանքը: Նա մեկուսացված է, ոչ ոքի հետ շփման մեջ չի գտնվում»,- ասաց փոխքաղաքապետը: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հայկ Մարությանը պետք է ներկայացներ 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի քաղաքապետարանի ծախսերն ու եկամուտները:
17:13 - 05 նոյեմբերի, 2021
Երեւանում եւս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի. Հայկ Մարության

Երեւանում եւս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի. Հայկ Մարության

Երեւանում եւս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Եվս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի: Կապալառու ընկերությունների հետ կնքեցի երևանյան ևս 6 մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագրերը։ Ուզում եմ շեշտել, որ մենք հենց հիմնանորոգո՛ւմ ենք մանկապարտեզները, ոչ թե կոսմետիկ կամ մասնակի աշխատանքներ ենք կատարում: Ծրագրի կարևոր բաղադրիչներն են սեյսմակայունությունը, էներգախնայողությունը և մեր մանուկների հարմարավետությունը: Ծրագիրը ֆինանսավորվում է եվրոպական կառույցների և Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարի հիմնանորոգված 12 մանկապարտեզ ենք հանձնել, քաղաքապետարանի ծրագրով 8 մանկապարտեզ այս պահին հիմնանորոգվում է, 8 մանկապարտեզ մեր դոնոր կառույցների հետ ենք հիմնանորոգում և ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի այս պայմանագրերի կնքման արդյունքում, ընդհանուր՝ 34 մանկապարտեզ»,- գրել է քաղաքապետը։
11:26 - 23 հոկտեմբերի, 2021
Երեւանը միշտ եւ բոլոր պարագաներում կշարունակի լինել մեր քաղցր հայրենիքի զարգացման ու բարգավաճման  առաջամարտիկը․ Հայկ Մարության

Երեւանը միշտ եւ բոլոր պարագաներում կշարունակի լինել մեր քաղցր հայրենիքի զարգացման ու բարգավաճման առաջամարտիկը․ Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի երեւանցիներ, սիրելի հայրենակիցներ, Այսօր, ավանդույթի համաձայն, նշում ենք Էրեբունի-Երեւանի օրը։ Արդեն տեղյակ եք, որ այս տարի, հայտնի հանգամանքների բերումով, տոնական միջոցառումներ չեն լինի, իսկ դրա համար նախատեսված բյուջեն կփոխանցվի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու այլ մշակութային հաստատությունների վերազինման, ինչպես նաեւ Արցախում ընթացող բնակարանաշինության ծրագրերին։  Այդուհանդերձ, մենք քաղաքային կյանքի բազմաթիվ ոլորտներում ունենք բավական լավ նորություններ, ավարտուն ձեռքբերումներ ու նորընթաց ծրագրեր։ Դրանք վերաբերում են հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներին՝ քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը, մշակութին ու հատկապես, տրանսպորտային բարեփոխումներին։ Այդ ծրագրերը Ձեր դատին կներկայացնենք առաջիկա շաբաթներին՝ երեւանյան օրերի ընթացքում։  Մեր հազարամյա մայրաքաղաքը՝ մշտադալար Երեւանը, միշտ եւ բոլոր պարագաներում կշարունակի լինել մեր քաղցր հայրենիքի զարգացման ու բարգավաճման առաջամարտիկը։ Վստահ եմ, որ այս գիտակցությամբ հաջորդ տարիներին մենք կտոնենք մեր քաղաքի օրը։  Տոնդ շնորհավոր, Երեւա՛ն»։
11:53 - 09 հոկտեմբերի, 2021
Հայկ Մարությանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել զոհված հերոսների հիշատակին

Հայկ Մարությանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել զոհված հերոսների հիշատակին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների շիրիմներին: Քաղաքապետ Մարությանը զրուցել է զոհված զինծառայողների հարազատների հետ՝ մաղթելով նրանց ուժ և համբերություն: Հայկ Մարությանն այցելել է նաև Երկրապահ կամավորականների միություն՝ մասնակցելու Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը, ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:
19:08 - 27 սեպտեմբերի, 2021
Երեւանը միշտ Ստեփանակերտի թիկունքին է, որովհետեւ Ստեփանակերտը Երևանի թիկունքն է ու հենարանը․ Հայկ Մարության

Երեւանը միշտ Ստեփանակերտի թիկունքին է, որովհետեւ Ստեփանակերտը Երևանի թիկունքն է ու հենարանը․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին քաղաքի օրվա առթիվ: Մարությանը մասնավորապես նշել է. «Քիչ առաջ քաղաքապետ Դավիթ Սարգսյանին շնորհավորական ուղերձ փոխանցեցի՝ բոլոր երեւանցիների եւ իմ անունից ջերմագին բարեմաղթանքներ հղելով ստեփանակերտցի մեր քույրերին ու եղբայրներին։ Հայոց աշխարհի երկու մայրաքաղաքները միշտ իրար հետ են եղել ու շարունակելու են իրար հետ լինել՝ արհավիրքի պահին, թե ուրախության։ Երեւանը միշտ Ստեփանակերտի թիկունքին է, որովհետեւ Ստեփանակերտը Երևանի թիկունքն է ու հենարանը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով վերացնելու ենք պատերազմի բոլոր հետեւանքները ու շարժվելու առաջ՝ դեպի անվտանգ ու բարեկեցիկ կյանք։ Տոկունություն եմ մաղթում մեր եղբայրներին եւ անսպառ հավատ՝ վաղվա օրվա նկատմամբ»։
16:51 - 25 սեպտեմբերի, 2021
Հավատում եմ մեր ժողովրդի իմաստությանը, աշխատասիրությանն ու կենսասիրությանը. Հայկ Մարության

Հավատում եմ մեր ժողովրդի իմաստությանը, աշխատասիրությանն ու կենսասիրությանը. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ: Երևանի քաղաքապետի խոսքով` հավերժական Հայաստանի անկախ պետականության վերականգնումը մեր նորագույն ժամանակների ամենամեծ ձեռքբերումն է, մեր հպարտության անսպառ աղբյուրն ու մեր կենսագործունեության հիմնական շարժիչներից մեկը՝ անհատական ու հավաքական իմաստներով։ «Կերազեինք այս իսկապես տոնական օրը դիմավորել անխառն տոնական տրամադրությամբ։ Մինչդեռ մեր պետականությունն այսօր ահռելի մարտահրավերների առաջ է կանգնած, մեր հանրությունն ինքնության խոր ճգնաժամ է ապրում՝ տառապելով պետական անլիարժեքության բարդույթից։ Միայն իրերն իրենց անունով կոչելով, մեզ պատուհասած ողբերգության ամբողջ ծավալը գիտակցելով ու մեր խնդիրները ճշգրիտ ախտորոշելով կկարողանանք հաղթահարել այս ամենն ու դուրս գալ դեպի զարգացման ու հաղթանակի ուղի։ Խոնարհվում եմ Հայաստանի անկախության եւ Հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի առաջ։ Նրանք են, որ ստիպում են մեզ ձգվել, հավաքել ուժերն ու լավատես լինել։ Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստությանը, աշխատասիրությանն ու կենսասիրությանը, մենք անպայմա՛ն կհասնենք մեր երազած Հայաստանին։ Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՜ հայ ժողովուրդը, կեցցե՜ հավերժական Հայաստանը»,- իր ուղերձում նշել է Մարությանը:
14:06 - 21 սեպտեմբերի, 2021
Զոհված զինծառայողների հարազատները խորհրդատու կաշխատեն պատերազմի մասնակիցների ընտանիքների հետ. Հայկ Մարությանը հանդիպել է զոհված հերոսների ծնողներին

Զոհված զինծառայողների հարազատները խորհրդատու կաշխատեն պատերազմի մասնակիցների ընտանիքների հետ. Հայկ Մարությանը հանդիպել է զոհված հերոսների ծնողներին

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերն ու կանայք Երևանի վարչական շրջանների սոցիալական աշխատողների հետ միասին հավասարապես խորհրդատու կաշխատեն պատերազմի մասնակիցների ընտանիքների հետ: Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ՝ «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն» ՀԿ-ի հետ դեռևս մայիսին նշված խմբերի համար կազմակերպվել էր հատուկ սեմինար: Ծրագրում ընդգրկված շուրջ 60 մասնակիցներից դասընթացները հաջողությամբ ավարտել են 13-ը, որոնց հավաստագրերը հանձնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Այս մասին  տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: «Շնորհակալ եմ, որ կարողացել եք ուժ գտնել ձեր մեջ և որոշել եք օգնել նույն ցավն ապրած ընտանիքներին: Մենք բոլորս մեծ պարտք ունենք ձեր առջև և այդ պարտքը ոչ թե հայրենասիրական վեհ խոսքեր ասելով՝ այլ այդպես ապրելով ու գործելով պետք է մեր ողջ կյանքի ընթացքում մարենք: Դա, իհարկե, ամենաքիչն է, ինչ կարող ենք անել ձեզ համար: Վստահ եղեք, որ ձեր օգնությունը շատ մեծ է լինելու այդ դժոխքի միջով անցած ընտանիքներին»,- ընդգծել է քաղաքապետը: Փորձնական այս ծրագիրն իրականացվել է երեք փուլով: Նախ՝ համայնքի նախաձեռնությանը միացած զոհված զինծառայողների հարազատները մասնակցել են Ռեքավերի քոլեջի հոգեբանական աջակցության հավասար խորհրդատուի տեսագործնական վերապատրաստման դասընթացներին։ Ծրագրի 2-րդ փուլում թիրախային խմբի հետ միասին արդեն մեկնարկել են դասընթացներ՝ վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինների աշխատակիցների համար: Արդեն 3-րդ փուլում փաստացի գործունեությամբ պատերազմից տուժած ընտանիքներին հոգեբանական աջակցություն կտրամադրեն: «Մտածեցինք և հասկացանք, որ միգուցե այն մարդիկ, ովքեր օգնության կարիք ունեն հենց իրենք կարող են մեզ օգնել այդ գործում: Եվ այդ մտահաղացումը եղավ, որ հավասարապես խորհրդատուներ լինեն: Իրենք շատ ուժեղ են, մենք հասել ենք այն վիճակին, որ ոչ ոքի չէին ցանկանում լսել, փակվել էին, բայց հիմա իրենք են ուզում լսել, ուզում են օգնել, իրենք են գաղափարներ տալիս մեզ ու, ամենակարևորը, վստահեցին համայնքին: Մենք այդ վստահությունը չպետք է կորցնենք»,- նշում է Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը: «Ծրագիրը հետաքրքիր է այն իմաստով, որ նպաստում է համայնքի կարողությունների զարգացմանը՝ այսպիսի բարդ սոցիալ-հոգեբանական խնդրին առնչվելու և այդ խնդիրները լուծելու համար: Պատերազմից տուժած մեր քաղաքացիների այս խումբը, որը հարազատ է կորցրել, ինքը ևս, ինքնակազմակերպվելով, հայտ է ներկայացնելու հանրությանը՝ ունենալու իր խոսքը: Նրանք ոչ միայն պարփակվելու են այդ խմբի խնդիրների մեջ, այլև մյուսներին ևս օգնելու և ձեռք մեկնելու խնդիր են դրել իրենց առջև, ինչը վստահ եմ, համայնքի հետ համատեղ կարող են իրականացնել»,- ասում է Երևանի ավագանու անդամ Սաթենիկ Մկրտչյանը: «Մեզ համար, իսկապես շատ մեծ պատիվ էր, որ նման ուժեղ մարդկանց ընդգրկեցինք ծրագրի մեջ և հիմա միասին կարող ենք աշխատել ու ավելի արդյունավետ հոգեբանական աջակցություն ցուցաբերել բոլոր կարիք ունեցողներին»,- նկատում է «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ նախագահ, Ռեքավերի քոլեջի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանը: Հանդիպմանը զոհվածների մասնակից մայրերն ու կանայք ընդգծում են՝ համախմբվել են մի գաղափարի շուրջ. «Հանուն իրենց երեխաների շարունակելու են ապրել, որ ապրեցնեն նրանց»:
16:31 - 16 սեպտեմբերի, 2021
Նոր 211 ավտոբուսները հոկտեմբերի առաջին տասնօրյակում կլինեն Փոթիի նավահանգստում․Հայկ Մարության |armenpress.am|

Նոր 211 ավտոբուսները հոկտեմբերի առաջին տասնօրյակում կլինեն Փոթիի նավահանգստում․Հայկ Մարության |armenpress.am|

armenpress.am: Երևանի համար նախատեսված 211 նոր ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում։ Ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Եթե ամեն ինչ նախատեսված գրաֆիկով գնա, ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում: Մինչև Երևան հասնելու համար, հավանաբար, կպահանջվի շուրջ 10 օր»,- պատասխանելով ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հարցին՝ նշեց Հայկ Մարությանը: Քաղաքապետը տեղեկացրեց նաև, որ նոր 8,6-մետրանոց ավտոբուսները մասամբ փոխարինելու են ներկայում գործող երթուղիներում ներգրավված շարժակազմերը, մասամբ՝ աշխատելու են նոր երթուղիներում: Նա ընդգծեց, որ ավտոբուսների փոխարինման այս գործընթացը տրանսպորտային բարեփոխումների անցումային փուլն է, իսկ վերջնարդյունքում շուրջ 850 ավտոբուսով կներդրվի բրիտանական խորհրդատուի առաջարկած նոր տրանսպորտային ցանցը:
14:58 - 14 սեպտեմբերի, 2021
«Երևանի բազմաբնակարան շենքերի աղբամուղների 46%-ը փակվել է». խորհրդակցություն՝ քաղաքապետարանում

«Երևանի բազմաբնակարան շենքերի աղբամուղների 46%-ը փակվել է». խորհրդակցություն՝ քաղաքապետարանում

Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա: Քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ հանգստի գոտու կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքներն ընթանում են լայն թափով: Շուտով ավարտուն տեսք կստանա Հրազդան գետի վրա կառուցվող 252 մետր երկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջը: Այս պահին տեղադրվում է կամրջի վերջին հենարանը: Մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերն իրար կապող ճանապարհն ամբողջությամբ նախատեսվում է շահագործման հանձնել մինչև այս տարեվերջ: Մայրաքաղաքում շարունակվում է շրջիկ առևտրի չգրանցված կցորդների ակտիվ ապամոնտաժումը: Քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ համայնքի ուժերով արդեն իսկ տարհանվել է 49, տնտեսվարողների միջոցներով՝ 8 շարժական կետ: Շրջիկ առևտրի կետերն արդեն այս տարվանից գործում են միայն քաղաքապետարանի թույլտվությամբ: Տնտեսվարողների համար ստեղծվել է հարմարավետ էլեկտրոնային հարթակ, որտեղ կարող են գրանցվել ու կազմակերպել իրենց բիզնեսը: Պահանջը սահմանված է օրենքով, իսկ շրջիկ առևտրի համար հատուկ վայրերն ու չափորոշիչները՝ ավագանու որոշմամբ: Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում շարունակվում է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը։ Հունիսի 22-ից մինչ օրս ապամոնտաժվել է 93 ինքնակամ կառույց: Շնորհակալություն հայտնելով ոստիկանությանը՝ գործուն աջակցության համար, քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ապօրինաբար կառուցված շինությունների քանդման հարցում պայքարը լինելու է շարունակական: Համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ Երևանի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացը: Քաղաքապետին զեկուցվել է, որ արդեն իսկ 1682 աղբամուղ է փակվել՝ ընդհանուր առմամբ բազմաբնակարաններում առկա աղբամուղերի 46%-ը: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել գործընթացը՝ ընդգծելով, որ միայն այս կերպ է հնարավոր շենքերում լուծել գարշահոտության, առնետների ու առհասարակ, սանիտարական խնդիրները։
16:49 - 06 սեպտեմբերի, 2021
Ամենօրյա անդուլ աշխատանքի շնորհիվ պատվով ենք հաղթահարելու բոլոր դժվարությունները. Հայկ Մարությանը շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Ամենօրյա անդուլ աշխատանքի շնորհիվ պատվով ենք հաղթահարելու բոլոր դժվարությունները. Հայկ Մարությանը շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Քաղաքապետի ուղերձի մեջ, մասնավորապես, նշված է. «Հարգելի՛ մանկավարժներ, ծնողներ, սիրելի՛ աշակերտներ, մեկնարկում է 2021-2022 ուսումնական տարին: Այսօր ուրախությամբ պետք է փաստել, որ թեև համաճարակային իրավիճակով պայմանավորված սահմանափակումներով, սակայն Գիտելիքի օրը նշում ենք ավանդական տոնականությամբ: Նախորդ տարի մեր երկիրը կանգնեց ահռելի մարտահրավերների առջև՝ պատերազմ, համավարակ, որոնց ազդեցությունն արդիական է նաև այսօր: Մեր դպրոցներում այս ամիսներին ձևավորվել են իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության գործին նվիրաբերած շրջանավարտների անունները կրող անկյունները, փառքի սրահները, որ ձևավորվել են այս ամիսներին, աշակերտների համար յուրօրինակ ուխտավայրեր են լինելու՝ պարտավորեցնելով բոլորին մեծ ջանասիրությամբ սովորելու, ձեռք բերելու գիտելիքներ, հմտություններ և բազմապատիկ ավելիով ծառայեցնելու սեփական ներուժը իրենց անձի կայացման և Հայրենիքի զարգացման սրբազան գործին: Սիրելինե՛ր, շնորհավորում եմ Գիտելիքի օրվա լուսավոր տոնի առթիվ՝ լիահույս, որ համատեղ ջանքերի, ամենօրյա անդուլ աշխատանքի և անմնացորդ նվիրումի շնորհիվ պատվով ենք հաղթահարելու բոլոր դժվարությունները և հաջողելու ենք ուսյալ, հայրենասեր, իրավատեր սերունդների կրթության նվիրական առաքելությունը»:
11:37 - 01 սեպտեմբերի, 2021