Սահմանային լարվածություն Տավուշում

2020 թվականի հուլիսի 12-ին, ժամը 12։30 Տավուշի մարզի հայկական դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա։ Ադրբեջանցի զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Քանի որ շարժումը մեր զինծառայողների համար անսպասելի է եղել, նրանք վերադասին զեկուցելիս ստացել են հրահանգ՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, օպերատիվ իրավիճակին չտիրապետելու հանգամանքը, կոչ են արել լքել տարածքը, որն իրականցվել է․ թողնելով ավտոմեքենան՝ ադրբեջանցի զինծառայողները վերադարձել են իրենց դիրքեր։ 

Դրանից հետո սկսվել է 82մմ ականանետերով հրետակոծություն եւ մարտական խմբերի շարժ՝ դեպի նույն դիրքը, ինչը կասեցվել է հրետակոծությամբ եւ համապատասխան գործողություններով։ Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է։ 

Հուլիսի 13-ին հակառակորդը նույն սցենարով, տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15-20 րոպեն մեկ, սկսել է հրետակոծությունը։ 

Նույն օրը Ադրբեջանական ԶՈՒ-երը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Տավուշի մարզի Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։ Ավելի ուշ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ 

Հուլիսի 12-ի, լույս 13-ի գիշերվանից հայաստանյան տասնյակ լրատվամիջոցներ DDoS հարձակման տակ են եղել։ 

Հուլիսի 13-ին ՀՀ Զինված ուժերը խոցել են հակառակորդի մի քանի անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը՝ կամիկաձե: 

Հուլիսի 13-ին մարտական պայմաններում առաջին անգամ կիրառվել են հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ներ։ Ըստ ՊՆ-ի՝ դրանք փայլուն արդյունքներ են գրանցել:

Հուլիսի 13-ի, լույս 14-ի գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։ 

Հուլիսի 14-ի առավոտյան Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել։ Ժամը 12-ի մոտակայքում հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Հուլիսի 14-ին ադրբեջանական հաքերները կիբերհարձակում են գործել gov.am, e-gov.am եւ primeminister.am պաշտոնական կայք էջերի վրա։ Վարչապետի կայքում հաքերները տեղադրել էին Ալիեւի ուղերձը եւ Մուբարիզ Իբրահիմովի նկարը։

Հուլիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 11 սպանվածի մասին․ կորուստների թվում կա նաեւ երկու մայոր: 

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի բնակավայրին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից կրակոցներ են արձակվել նույն բնակավայրի 19-րդ փողոցի տներից մեկի բնակչի առանձնատան ուղղությամբ։ Առանձնատունը վնասվել է, վերոնշյալ բնակիչը և նրա ընտանիքի անդամները պատսպարվել են թաքստոցում։

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը եւ կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: 

Հուլիսի 14-ին հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ։ 

ՀՀ ԶՈՒ-երի խոցած ԱԹՍ-ն «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքն է, որն արժե մոտ 30 մլն ԱՄՆ դոլար։ Սա աշխարհում այս տիպի ԱԹՍ-ի առաջին հայտնի խոցումն է:

Հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տավուշի մարզի Այգեպար գյուղը: Գնդակոծության հետեւանքով վնասվել է 7 տուն: 

Հուլիսի 14-ի երեկոյան հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գեւորգի Գաբրելյանը եւ կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը։ Զինծառայողներն առաջնագծում չեն եղել։

Հուլիսի 14-ին, ժամը 19։00-ի սահմաններում սահմանում տիրել է հարաբերական անդորր։

Հուլիսի 14-ին հայկական հաքերային թիմերից մեկը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների եւ օֆիսների WiFi սարքերը, փոխել դրանց վրայի DNS կարգավորումները։

Հուլիսի 14-ին Monte Melkonian Cyber Army-ն կոտրել եւ հրապարակել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալներ մի մասը, որտեղ կան ռազմածովային մարտիկների, նավապետների, նավաստիների, ինժեներների եւ այլ անձանց տվյալներ՝ կապված Ադրբեջանի ծովային կառույցի հետ:

Հուլիսի 14-ին, Ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում։ 

Հուլիսի 14-ին, ժամը 18։00-ից սկսված հարաբերական անդորրը պահպանվել է նաեւ հուլիսի 15-ի առավոտյան։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ 

Հուլիսի 15-ին պահպանվել է հրադադարի ռեժիմը։ Միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել։ Իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է եղել։

Հուլիսի 15-ի, լույս 16-ի գիշերը՝ ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ 

Հուլիսի 15-ին, ժամը 05:20-ին ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը շարունակվել է նաեւ առավոտյան։ 

Բոլոր տվյալները կան հիմնավոր հետևություն անելու, որ խաղաղ բնակավայրերի հրետանակոծումը թիրախային է․ ՄԻՊ

Բոլոր տվյալները կան հիմնավոր հետևություն անելու, որ խաղաղ բնակավայրերի հրետանակոծումը թիրախային է․ ՄԻՊ

Ադրբեջանական կողմը դարձյալ այսօր հրետանակոծել է Հայաստանի Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերը (Այգեպար և այլն)։ Երեկ նույն քաղաքացիական բնակավայրերում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի անկախ փաստահավաք աշխատանքներն արձանագրեցին, որ հրետանակոծումն իրակակացվում է առավելապես այս արկերով։ Բոլոր տվյալները կան հիմնավոր հետևություն անելու, որ խաղաղ բնակավայրերի հրետանակոծումը թիրախային է։ Երեկ մենք տեղում արձանագրեցինք նաև, որ հենց այս արկերը, ընկնելով թիրախի վրա, անմիջապես պայթում են ու վերածվում տարբեր չափի բազմաթիվ բեկորների, որոնցից ամեն մեկը կարող է մարդկային կյանքեր խլել, անդամահատել։ Էլ չեմ խոսում գույքին, հատկապես տներին վնասներ հասցնելու մասին։ Բացարաձակ դստապարտելի երևույթ է ոչ միայն քաղաքացիական բնակավայերը հրետանակոծելը, այլև դա հենց այս արկերից անելը։
10:07 - 16 հուլիսի, 2020
Արցախի ԱԺ խմբակցությունները դատապարտել են հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի գործողությունները

Արցախի ԱԺ խմբակցությունները դատապարտել են հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի գործողությունները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել, որով դատապարռել են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի հրահրած մարտական գործողությունները։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարությունը ստորև․ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները խստորեն դատապարտում են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի հրահրած մարտական գործողությունները, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Թիրախավորելով հայկական բնակավայրերը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սեփական ժողովրդին ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ, որը հղի է իր իսկ համար աղետալի հետևանքներով: Հավատարիմ մնալով հրադադարի պահպանման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բանակցային եղանակով լուծելու սկզբունքին՝ միաժամանակ, զգուշացնում ենք, որ Հայաստանի ու Արցախի պետական սահմանների հանդեպ ցանկացած ոտնձգություն կստանա համարժեք պատասխան: Փաստում ենք, որ համավարակի արագ տարածման պայմաններում, երբ ողջ աշխարհը ուժերը միավորել է համաշխարհային ծանր առողջապահական ու տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար, Ադրբեջանի և նրա ռազմական հովանավոր Թուրքիայի նման ագրեսիվ վարքագիծը վտանգավոր է ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ` ողջ տարածաշրջանի համար: ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ ենք անում վճռականորեն դատապարտել Ադրբեջանի նման պահվածքը և անհրաժեշտ մեխանիզմներ կիրառել իրավիճակի հետագա սրացումը կասեցնելու, տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը անխաթար պահելու համար»: «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն «Միասնական հայրենիք» խմբակցություն Արցախի «Արդարություն» խմբակցություն «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
10:06 - 16 հուլիսի, 2020
ԱՄՆ 4 կոնգրեսականներ դիմել են Պոմպեոյին և Էսպերին խնդրանքով՝ վերանայել անվտանգության համար Ադրբեջանին տրամադրվող ֆինանսական միջոցները

ԱՄՆ 4 կոնգրեսականներ դիմել են Պոմպեոյին և Էսպերին խնդրանքով՝ վերանայել անվտանգության համար Ադրբեջանին տրամադրվող ֆինանսական միջոցները

ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենք Փըլոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը և Ադամ Շիֆը դիմել են Պետքարտուղար Մայք Պոմպեոյին և Պաշտպանության քարտուղար Մարկ Էսպերին՝ արտահայտելով իրենց մտահոգությունը վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության առնչությամբ և համարել այն Ադրբեջանի հետևողական ռազմատենչ հռետորաբանության ու քարոզչության մաս:Նրանք նաև դիմել են խնդրանքով՝ վերանայել անվտանգության համար Ադրբեջանին տրամադրվող ֆինանսական միջոցները, քանի որ մտահոգված են, որ դրանք օգտագործվում են Հայաստանի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին, ժամը 12։30, Տավուշի մարզում գտնվող մեր դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով մեքենան, վերադարձել են: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել:Ադրբեջանական կողմը պարբերաբար նոր գործողությունների էր դիմում՝ մինչեւ հուլիսի 14-ի, լույս 15-ի գիշերը։ Հուլիսի լույս 16-ի գիշերը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի  շարժ։  Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը,  կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։Հակառակորդն ունի տեխնիկայի զգալի եւ մարդկային տասնյակ կորուստներ՝ այդ թվում՝ բարձր սպայական կազմից․ պաշտոնապես հայտարարվել է 12 զոհի մասին։ Հայկական կողմն ունի 4 զոհ, 10 վիրավոր, որոնցից մեկի վիճակը հուլիսի 15-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր։
09:31 - 16 հուլիսի, 2020
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության կոչ է անում |armenpress.am|

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության կոչ է անում |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանին ռազմական բախումը, կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը և վերսկսել երկխոսությունը։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ «Ֆրանսիան դատապարտում է ռազմական բախումները, որոնք սկսվել են կիրակի օրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և հանգեցրել մի քանի մարդու մահվան։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և վերականգնել երկխոսությունը էսկալացիայից խուսափելու համար։ Հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող՝ Ֆրանսիան իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ վերահստատում է իր ձգտումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ համապատասխան միջազգային իրավունքին»,- ասված է հայտարարության մեջ։
09:21 - 16 հուլիսի, 2020
Թշնամու սանձազերծած գործողությունների զսպիչ ուժը մեր բանակի պաշտպանությունն է. Գարեգին Բ

Թշնամու սանձազերծած գործողությունների զսպիչ ուժը մեր բանակի պաշտպանությունն է. Գարեգին Բ

Թշնամու սանձազերծած պատերազմական գործողությունների հիմնական զսպիչ ուժը, արդարև, մեր բանակի հզոր պաշտպանությունն է: Այս մասին գրառում է կատարված Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական ֆեյսբուքյան էջում: «Թշնամու սանձազերծած պատերազմական գործողությունների հիմնական զսպիչ ուժը, արդարև, մեր բանակի հզոր պաշտպանությունն է․․․։ Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, հետևորդ աստվածապատվեր խաղաղության ու համերաշխության, նախանձախնդիր՝ աստվածաշնորհ ազատության: Հայրենիքի խաղաղությունը, ազգի ազատ կյանքի պաշտպանությունը սրբազան առաքելություն է մեզ համար: Մեր ժողովուրդը, որ իր պատմության ընթացքում օրհասական վտանգների դեմ համախումբ, իր հավատքի ուժով և ոգու արիությամբ բազում հաղթանակներ է կերտել, այսօր ևս նույն հանձնառությամբ հերոսաբար կանգնած է ընդդեմ վայրագությունների ու բռնությունների, ընդդեմ պարտադրված պատերազմի՝ վերահաստատելու համար խաղաղությունը: Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հոգևորականները նույնպես մարտնչող մեր զինվորների կողքին են՝ հավատքով զորացնելով ու քաջալերելով մեր հայրենյաց պաշտպաններին և աղոթելով, որ միշտ հաղթական լինի բազուկը հայ զինվորի»:
09:16 - 16 հուլիսի, 2020
Ներքին Խնձորեսկ գյուղից անհետացած ՀՀ քաղաքացու հարցով դիմել եմ Կարմիր խաչին. Արման Թաթոյան |azatutyun.am|

Ներքին Խնձորեսկ գյուղից անհետացած ՀՀ քաղաքացու հարցով դիմել եմ Կարմիր խաչին. Արման Թաթոյան |azatutyun.am|

azatutyun.am: «Ներքին Խնձորեսկ գյուղից անհետացած ՀՀ քաղաքացու հարցով դիմել եմ Կարմիր խաչին», - այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը: «Այդ պահի դրությամբ Կարմիր խաչի հայկական պատվիրակության ղեկավարն ինձ ասաց, որ իրենք բացել են գործ, նախաձեռնել են հատուկ գործընթաց և դիմել են համապատասխան հարցմամբ Ադրբեջանի Կարմիր Խաչի պատվիրակությանը և դեռ չունեն պատասխան», - նշեց Թաթոյանը: Մարդու իրավունքների պաշտպանը հայտնեց, որ Ադրբեջանի հաստատելու մասին տեղեկացել են հրապարակային աղբյուրներից. «Կարմիր խաչը մեզ տեղեկացրել է, որ դեռ իրենք պաշտոնական հաստատում չունեն, մենք կապի մեջ կլինենք միջազգային մեր գործընկերների հետ՝ մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում: Ես նաև քննարկել էին մի շարք այլ հարցեր, որոնց թվում էր նաև այնտեղ ազատազրկման դատապարտված մեր մյուս հայրենակիցներին <....>, մանրամասներն այս պահին չեմ կարող հրապարակել: Մենք կապի մեջ ենք նաև Ներքին Խնձորեսկի անհետացած և Ադրբեջանի տարածքում հայտնված մեր քաղաքացու ազգականների հետ»: Ավելի վաղ պաշտոնական Բաքուն հայտարարել է, թե Հայաստանի 30-ամյա քաղաքացի Նարեկ Սարդարյանն ինքնակամ հատել է սահմանն ու անցել Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածք։ Այսօր տեղի հեռուստաընկերությունը ցուցադրել է Սարդարյանի հետ հարցազրույցը՝ պնդելով, թե նա խնդրել է իրեն Ադրբեջանի քաղաքացիություն տրամադրել։
09:07 - 16 հուլիսի, 2020
Հակառակորդը ժամը 05:20-ին սկսել է հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը․ կրակը այս պահին էլ շարունակվում է․ Շուշան Ստեփանյան

Հակառակորդը ժամը 05:20-ին սկսել է հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը․ կրակը այս պահին էլ շարունակվում է․ Շուշան Ստեփանյան

Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա նշել է, որ թեժ մարտից հետո հակառակորդը,  կորուստներ կրելով, հետ է շպրտվել։  Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։ ՊՆ խոսնակը հավելել է, որ սա երեկ ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է։
07:40 - 16 հուլիսի, 2020
Ընդհանուր առմամբ՝ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ, որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական

Ընդհանուր առմամբ՝ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ, որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական

Սահմանային իրավիճակի ամփոփում ժամը 21:30-ի դրությամբ, հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։ Սահմանամերձ համայնքներում երեկ կեսգիշերից հետո կրակոցներ, հատկապես մեծ տրամաչափի զինատեսակներից չեն եղել: Ընդհանուր առմամբ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ, որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական: Մոտավորապես 50-ից ավելի հրետանային արկեր են կիրառվել հայկական 5-6 բնակավայրերի նկատմամբ: Գրեթե լիովին պահպանվում է հրադադարի ռեժիմը, բայց մեր զինված ուժերը բարձր մարտունակություն ունեն, զգոն են, լիարժեք տիրապետում են իրավիճակին, հետևում են հակառակորդի բոլոր գործողություններին։ ՀՀ ԶՈՒ-ն պատրաստ է հակառակորդի զինված ուժերի թե՛ ցամաքային, թե՛ օդային զորատեսակների սադրանքներին, ինչպես անհրաժեշտ հակահարված տալ, այնպես էլ տեսնում է բոլոր շարժերն ու գործողությունները։ Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին, ժամը 12։30, Տավուշի մարզում գտնվող մեր դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով մեքենան, վերադարձել են: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը պարբերաբար նոր գործողությունների էր դիմում՝ մինչեւ հուլիսի 14-ի, լույս 15-ի գիշերը։ Հակառակորդն ունի տեխնիկայի զգալի եւ մարդկային տասնյակ կորուստներ՝ այդ թվում՝ բարձր սպայական կազմից․ պաշտոնապես հայտարարվել է 12 զոհի մասին։ Հայկական կողմն ունի 4 զոհ, 10 վիրավոր, որոնցից մեկի վիճակը հուլիսի 15-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։
22:46 - 15 հուլիսի, 2020
Լենա Նազարյանը նամակներ է ուղարկել Չինաստան-ՀՀ բարեկամական խմբի և Վրաստան-ՀՀ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարներին

Լենա Նազարյանը նամակներ է ուղարկել Չինաստան-ՀՀ բարեկամական խմբի և Վրաստան-ՀՀ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբերի ղեկավար՝ այսօր նամակներ եմ ուղարկել ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների համաչինական ժողովի Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Չժան Եսուին եւ Վրաստանի Խորհրդարանի նախագահի տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկիին։ Տեղեկացրել եմ նրանց Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանների ուղղությամբ Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ագրեսիայի, ինչպես նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աջակցող հայտարարությունների մասին, որը ստեղծում է լրացուցիչ լարվածություն, ապակայունացնում է տարածաշրջանային անվտանգությունը: Կոչ եմ արել մեր գործընկերներին խստորեն դատապարտել ՀՀ պետական սահմանում Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի ղեկավարության և նրա դաշնակիցի կողմից անընդունելի հռետորաբանությունն ու գործողությունները»։  
19:36 - 15 հուլիսի, 2020
Ալիեւը տեսավ իրական վտանգ, որ կարող են հնչել նաեւ իր հրաժարականը պահանջող ելույթներ․ Տաթևիկ Հայրապետյան

Ալիեւը տեսավ իրական վտանգ, որ կարող են հնչել նաեւ իր հրաժարականը պահանջող ելույթներ․ Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանային լարումը իսկապես որոշակիորեն կապված է Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների հետ։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ նշելով, որ դրանից հետո տեսանք՝ ինչ իրավիճակ ստեղծվեց սահմանին, ինչ անհաջողություններ կրեց ադրբեջանական բանակը։ «Շատ ուշագրավ էր, որ Բաքվում հենց երեկ տեղի ունեցան, իմ կարծիքով, բավականին մասշտաբային ցույցեր․ հաշվի առնելով կարանտինային իրավիճակը՝ կոչ էին անում շարունակել պատերազմական գործողությունները»,- ասաց Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում երեկ տեղի ունեցած բազմահազարանոց ցույցերին։  Պատգամավորը մեր զրույցում հայտնեց, որ այդ ցույցերը որոշ ժամանակ անց՝ ընդամենը հաշված ժամերի ընքացքում, սկսեցին ստանալ հակաիշխանական էլեմենտներ, եւ ավելին՝ մի քանի ցուցարարներ մտան իրենց Ազգային ժողովի՝ Մեջլիսի շենք․ «Այդ ամենի արդյունքում էլ իշխանությունը որոշում կայացրեց արագ ցրել ցույցերը։ Ես ներքին համոզմունք ունեմ, որ արտաքին քաղաքական քարոզչական նպատակներով թույլատրված, ինչ-որ տեղ գուցե նաեւ հրահրված այս հակահայկական ցույցերը շատ կարճ ժամանակում իշխանության համար դարձան վտանգավոր՝ հենց իշխանության պահպանման տեսանկյունից։ Կարծում եմ՝ Ալիեւը տեսավ ռեալ վտանգ, որ կարող են հնչել նաեւ իր հրաժարականը պահանջող ելույթներ, առավել եւս այն բռնաճնշված հասարակության մեջ, որի բռնապետը ինքն է հանդիսանում»։ Հայրապետյանի խոսքով՝ 90-ականներից սկսած՝ Ադրբեջանը ունի այս փորձը․ հակահայկականությունը կարեւոր միավորող գործոն է հանդիսանցել ադրբեջանական հասարակության համար․ «Ընդհանուր առմամբ, Ալիեւը վերջին տարիներին եւս ընդգծված հակահայկական քաղաքականություն է վարել, եւ իր համար այդ ընդհանրական թշնամու կերպարի ստեղծումը, սահմանային իրավիճակի օգտագործումը կարեւոր միջոց է իշխանության պահպանման համար։ Նույն 90-ականերից կա այդ փորձը, երբ հակահայկական ցույցերը սկսում են դառնալ իշխանության դեմ ուղղված ելույթներ, եւ կարծում եմ, որ Ալիեւը վախենում է հենց դրանից։ Եթե ինչ-որ պահի իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, Ալիեւը կարող է կորցնել իշխանությունը Բաքվում, դրա համար ինքը արագորեն սաստեց հետագա զարգացումները։ Ի՞նչն է նման տրամադրություններ հրահրում՝ հատկապես բարձրաստիճան զինվորականների թաղումներն են առնձնակի էմոցիոնալության բերում»,- ասաց պատգամավորը։ Խոսելով ցուցարարների վանկարկումների մասին՝ Հայրապետյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, հիմնականում հնչել են «մահ հայերին», «Ղարաբաղը մերն  է», «Տուն չենք գնալու», «Զե՛նք տուր մեզ, Ալիեւ» եւ այլ կոչեր, իսկ ավելի ուշ՝  ցուցարարները սկսել են պահանջել գլխավոր շտաբի պետի հրաժարականը։ Ինչ վերաբերում է հնարավոր զարգացումներին՝ Հայրապետյանը դժվարացավ ասել, թե առաջիկայում ինչ կարող է լինել ապագայում․ «Այսօր մի քանի նոր թաղումներ են սպասվում, այդ հավաքների համար թաղումներն են լավ առիթ ծառայել, բայց, տեսեք, իրականում համաճարակային ռեժիմ է, եւ այս ընթացքում՝ մինչ այս դեպքերը, ոստիկանությունը ցանկացած դրսեւորում ճնշել է։ Օրինակ՝ երեք հոգով քայլում էին, ոստիկանությունը ճնշում էր դա։ Մեկ էլ հանկարծ երեկ ոստիկանները հանգիստ քայլում էին ժողովրդի կողքին՝ մինչ այն պահը, երբ ցույցին որոշակի հակաիշխանական էլեմենտներ էին սկսում ավելանալ։ Դրանից հետո ոստիկանությունը սկսել մահակներով արագորեն ճնշել ցույցերը։ Սկզում ցուցարարները որեւէ առաջնորդ չունեին, հետո սկսեցին տարբեր կարգախոսներ պտտել, ու այստեղ որեւէ կոնկրետ մեկը չի երեւում, օրինակ՝ չի երեւում, թե Ադրբեջանի այսինչ կուսակցությունն է կազմակերպել կամ այսինչ շարժումն է կազմակերպել, կամ իսլամիստները։ Այստեղ տարբեր էլեմենտներ են խառնվում, ինչը իսկապես ավելի վտանգավոր է, եւ խաղում են ամենանուրբ լարերի վրա, հակահայկականության վրա, որովհետեւ, եթե երեկվա ցույցերին հետեւեք, կտեսնեք այն հսկայական ատելությունը, որը առկա է մեր հանդեպ»։ Պատգամավորի կարծիքով՝ այս պարագայում մեր բանակի դերը է՛լ ավելի պետք է շեշտվի՝ որպես մեր ֆիզիզկական գոյության եւ անվտանգության կարեւոր երաշխավոր, որովհետեւ մարդիկ 10․000-ներով հավաքվել էին եւ խնդրում էին՝ գնալ եւ սպանել հայերին, դա էր նրանց նպատակը․ «Ըստ իս՝ իշխանությունը սկզբում ուզում էր քարոզչական արտաքին շղարշ ապահովել, թե «տեսեք՝ իմ ժողովուրդը պատերազմ է տենչում», եւ նմանատիպ այլ երեւույթներ։ Հետո հասկացավ, որ դա կարող է պտտվել իր դեմ եւ արագորեն մարեց դա։ Ես չեմ կարծում, որ իշխանություններին ձեռնտու է նման տրամադրությունների հետագա հրահրումը, որովհետեւ կարող է իր դեմ պտտվել, առավել եւս դրանց անհաջողությունների ֆոնին՝ ռազմաճակատում»,- եզրափակեց Տաթեւիկ Հայրապետյանը։ Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին, ժամը 12։30, Տավուշի մարզում գտնվող մեր դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով մեքենան, վերադարձել են: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը պարբերաբար նոր գործողությունների էր դիմում՝ մինչեւ հուլիսի 14-ի, լույս 15-ի գիշերը։ Հակառակորդն ունի տեխնիկայի զգալի եւ մարդկային տասնյակ կորուստներ՝ այդ թվում՝ բարձր սպայական կազմից․ պաշտոնապես հայտարարվել է 12 զոհի մասին։ Հայկական կողմն ունի 4 զոհ, 10 վիրավոր, որոնցից մեկի վիճակը հուլիսի 15-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։ Ասպրամ Փարսադանյան
19:06 - 15 հուլիսի, 2020
Թուրքիայի կողմնակալ և սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. ԱԳՆ

Թուրքիայի կողմնակալ և սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայում հնչած վերջին հայտարարությունների առնչությամբ․ «Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Տավուշ մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած հարձակումից հետո Թուրքիայի ղեկավարությունը՝ այդ թվում նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, հանդես են եկել մի շարք պաշտոնական հայտարարություններով: Այդ հայտարարություններում առկա են ոչ միայն Ադրբեջանին անվերապահ աջակցության հանձնառություն, այլև Հարավային Կովկասի հանդեպ անթաքույց տարածաշրջանային հավակնություններ, որոնք Թուրքիայի նախագահը և նրան ձայնակցող պաշտոնյաները փորձում են հիմնավորել մեր տարածաշրջանում Թուրքիայի ‹‹պատմական առաքելության›› վկայակոչմամբ: Պատմական առաքելության և էթնիկ կամ կրոնական ընդհանրությունների վկայակոչմամբ Թուրքիան արդեն իսկ ապակայունացրել է իրավիճակը հարևան մի շարք տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում և Հյուսիսային Աֆրիկայում՝ անասելի տառապանքներ պատճառելով այդ տարածաշրջանների ժողովուրդներին: Պետք է արձանագրել, որ 21-րդ դարում Թուրքիան մեր տարածաշրջանի հանդեպ քաղաքականությունը կառուցում է ցեղային ընդհանրությունների և Հայոց ցեղասպանության արդարացման և այդ հանցանքի անպատժելիության ավանդույթների վրա: Թուրքիայի կողմնակալ և սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և փաստում է, որ Թուրքիան միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ, շրջանակներում չի կարող որևէ ներգրավում ունենալ հակամարտության առնչվող գործընթացներում: Թուրքիան այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և մեր տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը, որի դիմակայումը պահանջում է լայն տարածաշրջանային և միջազգային համագործակցություն»:
18:49 - 15 հուլիսի, 2020