Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարար, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության նախկին պետ։

Ծնվել է 1973 թվականին, Ստեփանակերտում։

1998-1999 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) արտաքին գործերի նախարարության քաղաքական վարչությունում որպես երկրորդ քարտուղար, 2000-2001 թվականներին ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության քաղաքական ծրագրավորման բաժնի պետ, 2001 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր զբաղեցրել է ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության պետի պաշտոնը։

2001 թվականի դեկտեմբերից մինչև 2005 թվականի հունվար աշխատել է ԼՂՀ նախագահին կից պլանավորման խմբում, 2005 թվականի փետրվարից մինչև 2007 թվականի սեպտեմբեր աշխատել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի օգնական, 2007 թվականի սեպտեմբերից զբաղեցնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետի պաշտոնը։

2013 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 2019 թվականի փետրվարի 26-ին հիմնադրել է Արցախի պահպանողական կուսակցությունը, իսկ նույն թվականի ապրիլի 17-ին ընտրվել կուսակցության նախագահ:

2021 թվականի հունվարին նշանակվել է ԱԳ նախարար։

ԱՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարներին Արցախի պատմական ժառանգության պաշտպանության կոչ է հղել

ԱՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարներին Արցախի պատմական ժառանգության պաշտպանության կոչ է հղել

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հունվարի 26-ին նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝  Ադրբեջանի իշխանությունների կողմից այդ երկրի օկուպացիայի տակ գտնվող Արցախի Հանրապետության տարածքներում հայկական մշակութային ժառանգության սիստեմատիկորեն և դիտավորյալ ոչնչացման կապակցությամբ, ինչը միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում է։Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նամակներում մանրամասն փաստեր են ներկայացվում Ադրբեջանի իշխանությունների կողմից նմանատիպ հանցագործությունների հետևողականորեն  իրականացման վերաբերյալ՝ նախկին ԽՍՀՄ ժամանակաշրջանում, ապա նաև հաջորդած տարիներին՝ նպատակ ունենալով մասնակիորեն կամ ի սպառ ոչնչացնել ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական ներկայության ցանկացած վկայություն։  Մասնավորապես՝ որպես հայկական մշակութային ժառանգության կործանման պրակտիկայի թերևս ամենաողբերգական փաստ նշվում է 1997-2006 թթ. Նախիջևանի Հին Ջուղայի հայկական գերեզմանատան մի քանի հազար միջնադարյան խաչքարերի  դիտավորյալ ավերման մասին։ Նամակներում նաև տեղեկացվում է, որ խորհրդային ժամանակաշրջանում և 1992-1994 թթ. Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների կողմից հիմնահատակ քանդվել և ամբողջությամբ ոչնչացվել են հայկական 167 եկեղեցիներ, 8 վանական համալիրներ և 123 գերեզմանատներ։ Նույն ժամանակահատվածում շուրջ 2500 հայկական խաչքարեր և ավելի քան 10 000 հայկական գերեզմանաքարեր են ավերվել և օգտագործվել որպես շինանյութ։ԱԳ նախարարը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի նման քաղաքականությունն ավելի ինտենսիվ է դարձել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում և շարունակվում է մինչ օրս, ինչն   ադրբեջանական ռազմական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում մոտ ապագայում հայկական մշակութային ժառանգության ամբողջական ոչնչացման իրական սպառնալիք է։ Մասնավորապես՝ ուշադրություն է հրավիրվում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու  վրա ադրբեջանական զինված ուժերի անօդաչու թռչող սարքից երկու անգամ կանխամտածված հարվածներ հասցնելու փաստի վրա։  Մատնանշվում է նաև ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների կողմից հայկական ժառանգության հուշարձանների և արտեֆակտերի դիտավորյալ ոչնչացումը, որի մասին վկայող բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ են տարածվում համացանցում։ԱԳ նախարարը կոչ է անում միջազգային կազմակերպությունների ղեկավարներին արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ երաշխավորելու հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների պաշտպանությունը և պահանջել Ադրբեջանի իշխանություններից՝ հարգել և կատարել իրենց ստանձնած պարտավորությունները՝ պահպանելու ներկայումս նրանց վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգությունը և հրաժարվել այն ոչնչացնելու տխրահռչակ քաղաքականությունից։Նամակներին կից ուղարկվել է նաև Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից պատրաստված զեկույցը՝ Արցախի Հանրապետության` Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգի վերաբերյալ։
19:04 - 26 հունվարի, 2021
Դավիթ Բաբայանը նամակներ է հղել միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների հարցով

Դավիթ Բաբայանը նամակներ է հղել միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների հարցով

 Հունվարի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մասնագիտացված մարմիններին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց հետ կապված իրավիճակի  վերաբերյալ։ Այս մասին հայտնեցին Արցախի արտաքին գործերի նախարարությունից:  Նամակներում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը, խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, նույն տարվա դեկտեմբերին հարձակվել և օկուպացրել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը և գերեվարել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 64 զինծառայողների: Այնուհետև Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են ռազմագերիների նկատմամբ քրեական գործեր հարուցելու իրենց մտադրության մասին, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է:Նամակներում ընդգծվում է, որ միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիաները, չեն դադարում կիրառվել հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո, հետևաբար՝ գերեվարված զինծառայողները ռազմագերիներ են՝ համաձայն Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան կոնվենցիայի (III) 4-րդ  հոդվածի, և ռազմական գործողությունների ավարտից հետո պետք է հայրենադարձվեն: Ադրբեջանի կողմից ռազմագերիների քրեական հետապնդումը միայն նրա համար, որ նրանք մասնակցել են ռազմական գործողություններին, Ժնևյան երրորդ կոնվենցիայի կոպիտ խախտում է:Նամակներում նշվում է, որ Ադրբեջանը ձգձգում է իր մոտ պահվող այլ զինծառայողների և քաղաքացիական անձանց վերադարձը, ովքեր գերեվարվել էին Ադրբեջանի կողմից  2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայի ընթացքում և դրանից հետո: Ընդգծվում է, որ Ադրբեջանի նման դիրքորոշումը հակասում է եռակողմ հայտարարությունն իր տառին և ոգուն համապատասխան լիակատար իրականացնելու իր իսկ ստանձնած պարտավորություններին՝ արյունալի հակամարտության թողած վերքերը բուժելու նպատակով:Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կոչ է անում հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Ժնևյան կոնվենցիաների իրագործումը և նշված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը՝ նրա կողմից պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց բոլոր իրավունքները պաշտպանելու նպատակով:
12:36 - 19 հունվարի, 2021
Արթուր Թովմասյանը կարևորել է անհետ կորածների որոնման հարցում ջանքերի ակտիվացումը

Արթուր Թովմասյանը կարևորել է անհետ կորածների որոնման հարցում ջանքերի ակտիվացումը

 Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է նորանշանակ արտգործնախարար Դավիթ Բաբայանի, փոխարտգործնախարարների և նախարարության աշխատակազմի ղեկավարի հետ:  Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Արթուր Թովմասյանը շնորհավորել է Դավիթ Բաբայանին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և բեղմնավոր աշխատանք է մաղթել: «Նոր իրողություններից ելնելով՝ արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքների ուղղվածությունն ու  ծավալն է փոխվել»,- ասել է խորհրդարանի ղեկավարը և մարտահրավերներին դիմագրավելու հարցում Ազգային ժողովի աջակցությունը հայտնել արտաքին քաղաքական գերատեսչությանը: Այդ համատեքստում երկրի օրենսդիր մարմնի ղեկավարը երկու կարևոր հարց  է առանձնացրել՝ ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը: Արթուր Թովմասյանը կարևորել է  Հայաստանի արտգործնախարարության հետ կապերի խորացումը ու անհետ կորածների որոնման  հարցում ջանքերի ակտիվացումը : Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն իր հերթին  կարևորել է  նման հանդիպումները՝ ընդգծելով խորհրդարանական բոլոր ուժերի տեսանկյուններին ծանթանալու անհրաժեշտությունը: Նա նշել է, որ նախարարությունը  լավ թիմ ունի և պատրաստ են դիմագրավելու առկա մարտահրավերներին: Երկուստեք կարևորվել է խորհրդարանական դիվանագիտությունը, որը թույլ է տալիս շրջանցել բազմաթիվ քաղաքական խոչընդոտներ: Հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը  ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:
17:00 - 14 հունվարի, 2021
Այս փուլում մեր համագործակցությունն առանցքային նշանակություն է ձեռք բերում. Այվազյանը՝ Բաբայանին

Այս փուլում մեր համագործակցությունն առանցքային նշանակություն է ձեռք բերում. Այվազյանը՝ Բաբայանին

Հունվարի 5-ին մեկնարկեց ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցն Արցախի Հանրապետություն. նախարարը հանդիպեց Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ։ Նախարար Այվազյանը շնորհավորեց Դավիթ Բաբայանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան արգասաբեր գործունեություն իր նոր կարգավիճակում։ Նախարարներ Այվազյանը և Բաբայանը կարևորեցին Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ավանդական համագործակցության ամրապնդումը` այդ թվում փոխայցելությունների և խորհրդակցությունների պարբերաբար անցկացման միջոցով՝ արտաքին քաղաքական օրակարգի առանցքային հարցերի շուրջ արդյունավետ քննարկումներ կազմակերպելու, ինչպես նաև հետագա համատեղ անելիքներն ուրվագծելու նպատակով։ Նախարար Այվազյանն ընդգծեց, որ Արցախի և Հայաստանի առջև այսօր ծառացել են հրատապ հասցեագրում պահանջող խնդիրներ, և այդ առումով ավելի քան հրամայական է երկու երկրների պետական կառույցների, նախևառաջ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև սերտ համագործակցությունն ու համակարգումը:  Արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կյանքի կոչմանը, արցախահայության առջև ծառացած հիմնախնդիրների հասցեագրմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց ազատ արձակման և հայրենադարձման, տեղահանված արցախահայերի` հայրենիք վերադարձի պայմանների ստեղծման և նրանց անվտանգության երաշխիքների ապահովման, պատերազմի հումանիտար և սոցիալ֊տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ քայլերի գործարկման առաջնահերթությունը: Այս համատեքստում ԱԳ նախարարներ Այվազյանն ու Բաբայանն ընդգծեցին միջազգային մասնագիտական կառույցների` տեղում ներգրավման անհրաժեշտությունը՝ համընդգրկուն լուծումներ ապահովելու նպատակով: Երկուստեք շեշտվեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը հիմք է ստեղծում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման շուրջ քննարկումներ անցկացնելու համար՝ մրջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Որպես հակամարտության քաղաքական կարգավորման առանցք` նշվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչումը, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքների դեօկուպացիան և արցախահայության իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը։ Հանդիպման շրջանակներում Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներ Արա Այվազյանը և Դավիթ Բաբայանը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2021թ. խորհրդակցությունների պլան: Այնուհետև հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով՝ Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար կազմի մասնակցությամբ: Նախարար Այվազյանը նշեց, որ այժմ թևակոխել ենք մի փուլ, երբ դիվանագիտության դերն ու նշանակությունն առանցքային դիրքերում են հայտնվել: «Այս փուլում մեր համագործակցությունը նույնպես առանցքային նշանակություն է ձեռք բերում: Այդ իսկ պատճառով, մեր քննարկումերը հետայսու ավելի ինտենսիվ և ներառական բնույթ են կրելու։ Մենք ունենք հստակ նպատակներ մեր առաջ դրված խնդիրների հասցեագրման համար, և այս նպատակին են ծառայեցվելու մեր բոլոր ռեսուրսները և մեր ողջ ներուժը»։
19:45 - 05 հունվարի, 2021
Հին Թաղլար և Խծաբերդ գյուղերը հայկական կողմի վերահսկողության ներքո են, իրավիճակը այս պահին կայուն է․ Դավիթ Բաբայան |medialab.am|

Հին Թաղլար և Խծաբերդ գյուղերը հայկական կողմի վերահսկողության ներքո են, իրավիճակը այս պահին կայուն է․ Դավիթ Բաբայան |medialab.am|

medialab.am: Հին Թաղլար և Խծաբերդ գյուղերը հայկական կողմի վերահսկողության ներքո են, այս պահին իրավիճակը կայուն է։ Այդ մասին «Սոլովյով լայվի» ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ «Հայկական կողմը եռակողմ հայտարարության բոլոր կետերը անվիճարկելիորեն իրականացնում է՝ որքան էլ դրանք հոգեբանական և ռազմաքաղաքական առումով ծանր լինեն մեզ համար։ Առանց ռազմական գործողությունները հանձնել ենք երկու շրջան՝ ամբողջությամբ, գյուղեր։ Մեզ համար դա ծանր գործընթաց է։ Մենք այդպես ենք արել և դա ծանր պատերազմի արդյունքն է։ Վերջին գործողությունները լայնամասշտաբ չեն եղել, ադրբեջանական զինված մի քանի խմբեր փորձել են վերցնել երկու գյուղերը, որոնք եռակողմ հայտարարության ստորագրման պահին հայկական կողմի վերահսկողության ներքո են եղել։ Երբ արցախյան զինված ուժերի ներկայացուցիչները տեսել են, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայացոցիչները մոտենում են գյուղերի ուղղությամբ, բնականաբար, իմաց են տվել, որ կանգ առնեն։ Սակայն վերջինները կանգ չեն առել, ինչն էլ բախում է առաջացրել։ Այս պահի դրությամբ իրավիճակը կայուն է, բանակցություններ են վարվում, այդ թվում՝ ռուս խաղաղապահ ուժերի մասնակցությամբ, որպեսզի իրավիճակը հանդարտվի։ Ես կարծում եմ՝ դա ադրբեջանական կողմից պրովոկացիա էր, ուղղակի պրովոկացիա», -հարցազրույցում ասել է Բաբայանը։ Վլադիմիր Սոլովյովը մի քանի անգամ հատուկ կրկնեց հարցը՝ ո՞ր կողմի վերահսկողության ներքո են գյուղերը, քանի որ իրարամերժ տեղեկություններ են տարածվում, ինչին Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Գյուղերը հայկական վերահսկողության ներքո են»։  Շարունակությունը՝ medialab.am-ում։
22:07 - 12 դեկտեմբերի, 2020
Դավիթ Բաբայանն Արցախի շփման գծում հակառակորդի հարձակումը համարում է սադրիչ գործողություն նաև ՌԴ դեմ |armenpress.am|

Դավիթ Բաբայանն Արցախի շփման գծում հակառակորդի հարձակումը համարում է սադրիչ գործողություն նաև ՌԴ դեմ |armenpress.am|

armenpress.am: Արցախի նախագահի խորհրդականը պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի հարձակումը համարում է սադրիչ գործողություն նաև Ռուսաստանի դեմ: «Եղել է առաջ շարժվելու սադրիչ փորձ, որը կասեցվել է: Բարեբախտաբար, մենք զոհեր չունենք: Այս գործողություններն ուղղված են և՛ Արցախի, և՛ Ռուսաստանի դեմ: Չի բացառվում, որ նման սադրիչ գործողություններ լինեն հետագայում ևս, բայց կարծում եմ, որ պատասխանը կոշտ է լինելու, այդ թվում նաև՝ խաղաղապահների կողմից: Պետք է ճշտենք հանգամանքները, տեսնենք, թե ինչպես է ամեն ինչ եղել»,- ասաց Բաբայանը: ԱՀ նախագահի խորհրդականը շեշտեց, որ նմանատիպ գործողություններից կամ Բաքվում անցկացվող շքերթից պետք չէ մտահոգվել: Նա ընդգծեց, որ ավելի կարևոր վտանգ են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ կոչերը:
13:02 - 12 դեկտեմբերի, 2020
Դավիթ Բաբայանը հաստատել է Արցախի օդանավակայանի բացման լուրը․ «ՌԻԱ նովոստի» |1lurer.am|

Դավիթ Բաբայանը հաստատել է Արցախի օդանավակայանի բացման լուրը․ «ՌԻԱ նովոստի» |1lurer.am|

1lurer.am:  Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը «ՌԻԱ նովոստի»-ին հաստատել է Արցախի օդանավակայանի մոտալուտ բացման լուրը, սակայն ժամկետները չի նշել: Ստեփանակերտի մերձակայքում գտնվող օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին: Թռիչքների մեծ մասը դեպի Երևան և Բաքու էին՝ գրում է գործակալությունը։   90-ականների սկզբին՝ ղարաբաղյան հակամարտության տարիներին, օդանավակայանը ծառայում էր ռազմական կարիքների համար: Հետո այն չի շահագործվել:   Վերակառուցումից հետո՝ արդեն 2012-ին, օդանավակայանը տեխնիկապես պատրաստ էր շահագործման, սակայն Բաքուն զգուշացրել էր, որ թռիչքները դեպի Ստեփանակերտ կդիտարկի որպես Ադրբեջանի օդային տարածքի խախտում, և չէր բացառել, որ կստիպի ինքնաթիռներին վայրէջք կատարել: Օդանավակայանից կանոնավոր քաղաքացիական օդային հաղորդակցություն չկար:
14:12 - 02 դեկտեմբերի, 2020
Դավիթ Բաբայանն անդրադարձել է Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հնարավորությանը |armenpress.am|

Դավիթ Բաբայանն անդրադարձել է Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հնարավորությանը |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ընդգծում է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ նախատեսվող տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պարագայում քննարկման պետք է դրվի նաև Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացումը։ Այս մասին ասաց Դավիթ Բաբայանը։    «Ռուսական կողմի աջակցությամբ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացմամբ կստեղծվի  արտաքին աշխարհի հետ կապող երկրորդ կարևոր ուղին : Բացի այդ, օդանավակայանը վերաբացվելուց հետո կարող է դառնալ տրանսպորտային  կարևոր հանգուցակետ, ինչպես նաև սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հնարավորություն կընձեռի», -մասնավորապես ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ իր տեղեկությամբ ռազմական գործողությունների ընթացքում Ստեփանակերտի օդանավակայանը թիրախավորվել է, սակայն լուրջ վնասներ չեն եղել:  
19:43 - 01 դեկտեմբերի, 2020
Արցախը դրական է գնահատում միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված պատերազմի դադարեցմանը |armenpress.am|

Արցախը դրական է գնահատում միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված պատերազմի դադարեցմանը |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետությունը դրական է գնահատում միջազգային հանրության և առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված հրադադարի վերականգնմանը և պատերազմի դադարեցմանը: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: «Կարծում եմ, եթե այս անգամ հակառակորդը չհարգի միջազգային ջանքերը և կրկին խախտի հրադադարի ռեժիմը, ապա 3-րդ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները շատ ավելի կոշտ և լրիվ այլ մեթոդներով են վերականգնելու զինադադարը: Սա մարտահրավեր է միջազգային հանրությանը և չեմ կարծում, որ երրորդ անգամ որոշ երկրներ կհանդուրժեն նման պահվածքը»,- նշեց Բաբայանը: Նա ընդգծեց, որ իր խորին համոզմամբ, եթե միջազգային հանրության ջանքերը ժամանակին ավելի կոշտ լինեին, գուցե նման իրավիճակ չստեղծվեր: Բաբայանը շեշտեց, որ կային կազմակերպություններ, որոնք պարտավոր էին ավելի օպերատիվ ու կոշտ ձևով արձագանքել: «Մենք պետք է շարունակենք մեր համագործակցությունը տարբեր միջազգային կառույցների հետ: Խաղաղության և մեր անվտանգության ամենակարևոր գրավականը ճիշտ աշխարհաքաղաքականությունն է, եղբայրական երկրների հետ հարաբերությունները նոր որակի հասցնելը»,- ասաց ԱՀ նախագահի խորհրդականը: Բաբայանի խոսքով՝ Արցախը պինդ է, կանգուն է անկախ ամեն ինչից: ԱՀ նախագահի խորհրդականը հույս հայտնեց, որ այս զինադադարն իր նպատակին կհասնի, սակայն, անկախ ամեն ինչից, իրենք շատ լավ գիտեն, թե ում հետ գործ ունեն: «Բանակը, մեր զինված ուժերը շարունակելու են իրենց պատմական և հերոսական առաքելությունը մեր ժողովրդին ու պետականությունը պահպանելու ուղղությամբ»,- ասաց Բաբայանը:
12:59 - 18 հոկտեմբերի, 2020
Հակառակորդի թիրախն Արաքս գետի վրա կառուցված ջրամբարն է. Դավիթ Բաբայան |pastinfo.am|

Հակառակորդի թիրախն Արաքս գետի վրա կառուցված ջրամբարն է. Դավիթ Բաբայան |pastinfo.am|

pastinfo.am: 2020թ. հոկտեմբերի 18-ի ժամը 00-ից սկսված զինադադարը, ընդհանուր առմամբ, որոշ ուղղություններում մտել է ուժի մեջ, բայց որոշ ուղղություններում հակառակորդը շարունակում է իր նենգ հայատյաց քաղաքականությունը ու փորձում որոշ հատվածներում ճեղքել պաշտպանության բանակի պաշտպանական համակարգը: ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ բոլոր նման քայելրը կասեցվում են ու հետ շպրտվում, բայց նաեւ կարծիք է հայտնել, որ որոշ հատվածներում նման փորձերը հակառակորդի կողմից կշրանունակվեն: «Հիմնական թիրախն Արաքս գետի վրա կառուցված ջրամբարն է, որը հիմնականում բավարարում է հարեւան Իրանի Իսլամական հանրապետության կարիքները: Թուրքիան, Ադրբեջանը ու ահաբեկիչները փորձում են ռազմավարական կարեւոր այդ հանգույցը կամ շարքից հանել, կամ վերցնել իրենց վերահսկողության տակ, որ ազդեցություն գործեն, ազդեցության լծակ ունենան Իրանի նկատմամբ, որովհետեւ այնտեղ ունենք լուրջ էկոլոգիական խնդիր», - ասել է Դ. Բաբայամը: Նրա խոսքերով` դա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ թուրք-ադրբեջանական ու ահաբեկիչների եռամիասնությունն ունի հեռահար աշխարհաքաղաքական նպատակներ:
11:44 - 18 հոկտեմբերի, 2020
Հակառակորդի մեծ ստորաբաժանումներ են ոչնչացվել․ Դավիթ Բաբայան|hetq.am|

Հակառակորդի մեծ ստորաբաժանումներ են ոչնչացվել․ Դավիթ Բաբայան|hetq.am|

hetq.am: Հոկտեմբերի 7-ի առավոտյան Արցախի հարավում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդը մեծ կորուստներ է կրել, նրա մեծածավալ հարձակման փորձը լիակատար ձախողվել է, մեծ ստորաբաժանումներ են ոչնչացվել։ Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում հրավիրած մամուլի ասուլիսին տեղեկացրեց Արցախի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։ «Թշնամին թիրախավորում է բացառապես քաղաքացիական օբյեկտներ, և սա ռազմավարություն է։ Սա ոչ միայն ռազմավարություն և մարտավարություն է, այլ սա իրենց հոգու կառուցվածքն է, իրենց փիլիսոփայությունն է, աշխարհայացքը՝ ահաբեկել մեզ, թիրախավորել դպրոցները, մանկապարտեզները, որպեսզի փորձ անի մեր ժողովրդի կամքը կոտրել, ջարդել, չի ստացվելու։ Թիրախավորում են ենթակառուցվածքները։ Ամեն ինչ անում են, որ մաքսիմալ վնաս հասցնեն մեր բնակիչներին»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը։ 
12:57 - 07 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի գործողություններն անմիջականորեն կապված են քաղաքակիրթ աշխարհի դեմ Թուրքիայի դեմարշի հետ․ Ստեփանակերտ |news.am|

Ադրբեջանի գործողություններն անմիջականորեն կապված են քաղաքակիրթ աշխարհի դեմ Թուրքիայի դեմարշի հետ․ Ստեփանակերտ |news.am|

news.am: Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն անմիջականորեն կապված են քաղաքակիրթ աշխարհի դեմ Թուրքիայի դեմարշի հետ: Մեկնաբանելով իրավիճակը Տավուշի ուղղությամբ՝ այս մասին ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ «Առաջին հայացքից, այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, կարելի է ինչ-որ ֆորս մաժոր եւ անտրամաբանական համարել: Բայց եթե դա համակողմանի դիտարկենք, կարելի է տեսնել, որ չնայած առողջ տրամաբանության բացակայությանը, կան որոշակի նպատակներ եւ բանաձեւեր, որոնց համաձայն Ադրբեջանը գործում է»,- ասաց Բաբայանը: Ըստ նրա՝ նախ թշնամին երբեք չի թուլանում, չի քնում: «Նա անընդհատ ուսումնասիրում է մեր թույլ կողմերը: Գործում է տարբեր հատվածներում: Ուստի պետք է միշտ զգոն լինել: Երկրորդը՝ թշնամին Հայաստանի եւ Արցախի սահմանը տարբեր ուղղություններ չի համարում: Սա միեւնույն սահմանն է, ռազմաճակատի միեւնույն գիծը, որը նա ցանկանում է ճեղքել: Ցանկացած թուլացում ձեռնտու կլինի Ադրբեջանին։ Ինչո՞ւ հենց այս օրերին: Եկեք նայենք աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցողին: Ստամբուլում որոշեցին Սուրբ Սոֆիան կրկին մզկիթի վերածել: Այսքան տասնամյակներ այն թանգարան էր: Աթաթուրքը, կայացնելով այդ որոշումը, ցանկանում էր պատմական փոխզիջում հաստատել: Այժմ մենք հակառակն ենք տեսնում: Սա ահաբեկչական գործողություն է քաղաքակիրթ համայնքի դեմ, ընդ որում՝ ինչպես իսլամական, այնպես էլ քրիստոնեական: Եվ ահա այստեղ բացահայտվում են Բաքվի նպատակները. ադրբեջանցի «եղբայրներն» այսպիսով խրախուսում են Էրդողանին։ Սրանք մի շղթայի օղակներն են՝ ահաբեկչություն քաղաքակիրթ համայնքի դեմ: Ադրբեջանը միշտ կփորձի ինչ-որ քայլեր ձեռնարկել իր ավագ եղբորը համահունչ: Երբ մեծ եղբայրը ինչ-որ կեղտոտ արարք է անում, կրտսերը ձգտում է հնարավորինս հետ չմնալ»,- նշել է Արցախի նախագահի խորհրդականը: Պատասխանելով հարցին, թե ինչու՞ է միջադեպը տեղի ունեցել Հայաստանի հետ սահմանին, որտեղ Ադրբեջանը ստիպված կլինի գործ ունենալ ոչ միայն ԵԱՀԿ-ի, այլեւ ՀԱՊԿ-ի հետ, Դավիթ Բաբայանը հիշեցրեց, թե ինչպես ուղղափառ աշխարհն արձագանքեց Թուրքիայի գործողություններին: «Սա Ադրբեջանի յուրատեսակ պատասխանն էր տարբեր երկրներին՝ եւ ԵԱՀԿ-ին, եւ Ռուսաստանին, եւ Արեւմուտքին եւ քաղաքակիրթ աշխարհին: Ի՞նչ է, այլ խնդիրներ հիմա չկա՞ն: Սուրբ ​​Սոֆիան պարտադիր պետք է մզկի՞թ դառնա: Եթե մզկիթ չդառնա, կորոնավիրուսը կտարածվի ամբողջ աշխարհու՞մ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:
12:32 - 13 հուլիսի, 2020
Այդ փաստաթուղթը, ըստ երևույթին, Բաքվում է պատրաստվել․ Դավիթ Բաբայանը՝ Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարության մասին
 |factor.am|

Այդ փաստաթուղթը, ըստ երևույթին, Բաքվում է պատրաստվել․ Դավիթ Բաբայանը՝ Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարության մասին |factor.am|

factor.am: Բաքուն փորձում է ընդլայնել իր լոբբինգի շրջանակը։ Այդ փաստաթուղթը, ըստ երևույթին, պատրաստվել է Բաքվում՝ Ադրբեջանի նախագահականում կամ ԱԳ նախարարությունում։ Մեկնաբանելով Եվրախորհրդարանի պատգամավորների տարածած հայտարարությունը՝ նման կարծիք հայտնեց արտաքին քաղաքականության գծով Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Եվրախորհրդարանի պատգամավորները, հիշեցնենք, տարածած հայտարարությունում անդրադառնալով Հայաստանն Արցախին կապող երրորդ մայրուղու շինարարության ծրագրին՝ այն միջազգային իրավունքի խախտում են որակել։ «Սա սուբյեկտիվ կարծիք է։ Իհարկե՝ լավ է, որ ընդամենը երկու-երեք պատգամավոր է, այն էլ՝ ըստ երևույթին, նրանք շատ սերտ կապեր ունեն ադրբեջանական լոբբինգի հետ, նաև սեր ունեն խավիարի նկատմամբ։ Մի՞թե որևէ այլ կարևոր հարց չկա այդ պատգամավորների համար, որևէ տագնապալի զարգացում տեղի չի ունենում ո՛չ Կովկասում, ո՛չ տարածաշրջանում, ո՛չ աշխարհում, որ ամեն ինչ թողած՝ անցել են Հայաստան-Արցախ երրորդ մայրուղուն»,- տարակուսում է Դավիթ Բաբայանը։Նրա խոսքով՝ եթե եվրոպացի պատգամավորներն այդքան մտահոգ են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման մասին, ինչո՞ւ են պապանձվում, երբ Իլհամ Ալիևը հայտարարություններ է անում Հայաստանի մասին։ «Երբ մի երկրի ղեկավարը տարածքային հավակնություններ է ներկայացնում հարևան պետությանը, ասում է, որ Երևանը ադրբեջանական քաղաք է, որ այն նվիրել են հայերին և երբևէ չեն համակերպվելու այս կորստի հետ։ Մի կողմ թողնենք պատմական իմաստով անհեթեթությունները, երբ մի ժողովուրդ, որը 1900-ականներին է ձևավորվել, խոսում է 3000-ամյա քաղաքի մասին։ Հարցն այն է, որ ինքն այդպիսի նման բացեիբաց հայտարարությունների միջոցով ուղերձներ է ներկայացնում աշխարհին։ Իսկ սա իսկապես խարխլում է կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում և հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Ինչո՞ւ էին նույն այդ պատգամավորները պապանձված, երբ ադրբեջանցիները կաշառեցին հունգարացիներին և Ռամիլ Սաֆարովին՝ այդ հանցագործին և մարդասպանին, հասցրեցին Բաքու, հերոսացրեցին և ազատ արձակեցին։ Ո՞ւր էին նրանք»,- հայտարարեց Արցախի նախագահի խորհրդականը։ Դավիթ Բաբայանն ի գիտություն եվրոպացի պատգամավորների շեշտեց՝ այս ծրագիրը որևէ վտանգ, ագրեսիա չի պարունակում, այն զուտ մարդասիրական, տնտեսական և պաշտպանական նշանակություն ունեցող ծրագիր է։ Կարծիք հայտնելով, որ Բաքուն պարզապես փորձում է ընդլայնել իր լոբբինգի շրջանակը, Դավիթ Բաբայանն ասաց․ «Այդ փաստաթուղթը, ըստ երևույթին, պատրաստվել է Բաքվում՝ Ադրբեջանի նախագահականում կամ ԱԳ նախարարությունում։ Խնդիրն այն է, որ իրենք ունեն ադրբեջանամետ կամ, այսպես ասած, ադրբեջանական և թուրքական լոբբինգի ազդեցության ներքո գտնվող պատգամավորների շրջանակ։ Մենք չպետք է վհատվենք, բայց սա թող լինի ևս մեկ ազդանշան, որ մենք որևէ կառույցի վրա հույս չպետք է դնենք։ Սա ևս մեկ ահազանգ է, որ Ադրբեջանը չի փոխվում, և մենք միշտ պետք է սթափ լինենք»։Շարունակությունը՝ factor.am-ում։
20:35 - 11 հունիսի, 2020