ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, Ռումինիայի դեսպանն ու լիազոր նախարարը քննարկել են փորձի փոխանակման հնարավորությունները

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, Ռումինիայի դեսպանն ու լիազոր նախարարը քննարկել են փորձի փոխանակման հնարավորությունները

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. պարոն Կորնել Իոնեսկուին և լիազոր նախարար Իոնել Իվանին: Ինչպես տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ողջունելով ռումինական պատվիրակությանը և նրանց ներկայացնելով իր ղեկավարած հակակոռուպցիոն մարմնի գործունեության հիմնական ուղղությունները՝ Սասուն Խաչատրյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեծապես կարևորում է միջազգային լավագույն փորձի ուսումնասիրումն ու ներդրումը՝ հատկապես հաշվի առնելով, որ կոռուպցիան ինքնին միջազգային մակարդակի համընդհանուր խնդիր է, որը լուծելու համար համատեղ կամք և ջանքեր են պահանջվում: Ռումինիայի դեսպանը ևս ներկայացրել է իրենց երկրի՝ կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացած Ազգային հակակոռուպցիոն մարմնի գործառույթներն ու լիազորությունների շրջանակը՝ նշելով, որ Ռումինիան մեծ առաջընթաց է արձանագրել հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարվող կոռուպցիոն հանցագործությունների քննության բնագավառում: Դեսպան Իոնեսկուի խոսքով՝ Ռումինիայի ազգային հակակոռուպցիոն մարմինը թափանցիկ և հրապարակային աշխատանքի շնորհիվ այսօր վայելում է հանրության զգալի մասի վստահությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարում ավելի արդյունավետ միջոցառումների իրականացման, ինչպես նաև երկու երկրների հակակոռուպցիոն մարմինների միջև համագործակցային կապերի ձևավորման ու փորձի փոխանակման հնարավորությունները, այդ թվում՝ փոխադարձ այցերի միջոցով:  
12:32 - 03 մարտի, 2023
Կալանավորից և դատապարտյալից կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել ՔԿՀ պաշտոնատար անձին. վերջինս կալանավորվել է

Կալանավորից և դատապարտյալից կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել ՔԿՀ պաշտոնատար անձին. վերջինս կալանավորվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել են ՀՀ քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ի կողմից նույն ՔԿՀ-ի կալանավորից և դատապարտյալից  կաշառք ստանալու դեպքեր: Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա. Ա.-ն ՔԿՀ հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ի օգտին հովանավորչության և թողտվության, այն է՝ վերջինիս նկատմամբ բարեհաճ վերաբերմունք դրսևորելու և խնդիրներ չստեղծելու, ինչպես նաև արգելված առարկա հանդիսացող բջջային հեռախոսը չառգրավելու համար դատապարտյալից պահանջել է 200.000 ՀՀ դրամ կաշառք: Դրանից հետո՝ 2022 թվականի մայիսի 30-ին, կաշառքի հիշյալ գումարը դատապարտյալ Ա. Ս.-ի կնոջ բանկային հաշվից փոխանցվել է ՔԿՀ պաշտոնյայի՝ Ա. Ա.-ի կնոջ անվամբ գրանցված, սակայն փաստացի Ա. Ա.-ի կողմից տնօրինվող բանկային հաշվին: Բացի այդ, վերը նշված պաշտոնատար անձը նույն քրեակատարողական հիմնարկի կալանավոր, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «օրենքով գող» Ա. Դ.-ի օգտին նույնպես բարեհաճ վերաբերմունք դրսևորելու, խնդիրներ չստեղծելու, ինչպես նաև բջջային հեռախոսը չառգրավելու համար, հիշյալ կալանավորից պահանջել և վերջինիս հետ փոխկապակցված անձանց կողմից վճարային տերմինալներից տարբեր օրերին կատարված փոխանցումների միջոցով ստացել է ընդհանուր 448.600 ՀՀ դրամ կաշառք, որը կրկին փոխանցվել է իր կնոջ բանկային հաշվեհամարին: 2023թ. փետրվարի 28-ին հիշյալ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է չորս անձ: 2023թ. մարտի 2-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ դատապարտյալ Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել 436-րդ հոդվածի (Կաշառք տալը) 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ հիշյալ ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): Նույն օրը քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Ա. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:52 - 03 մարտի, 2023
Հիմնավորվել է, որ ՊՆ զորամասի հրամանատարը պահանջել է ընդհանուր 3500 ԱՄՆ դոլար կաշառք. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Հիմնավորվել է, որ ՊՆ զորամասի հրամանատարը պահանջել է ընդհանուր 3500 ԱՄՆ դոլար կաշառք. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքեր: Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Վ. Ա.-ն, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, կաշառք տվող անձանց օգտին գործողություններ կատարելու համար Վ. Ս.-ի միջոցով ստացել է խոշոր չափերով կաշառք: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։  Մասնավորապես`  նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի համապատասխան ծառայության պետ Վ. Ս.-ն, նույն զորամասի դասակի հրամանատար Տ. Չ.-ից տեղեկանալով այլ պաշտոնի նշանակվելու վերջինիս ցանկության մասին, պատրաստակամություն է հայտնել օժանդակել այդ նպատակով նրա կողմից նույն զորամասի հրամանատարին 1.500 ԱՄՆ դոլար կաշառք տալուն: Վ. Ս.-ն այդ մասին տեղեկացրել է հիշյալ պաշտոնատար անձին՝ իր մտերիմ Վ. Ա.-ին, ով համաձայնվել է կաշառքի դիմաց միջնորդել իր վերադասին՝ Տ. Չ.-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով ավելի բարձր պաշտոնի նշանակելու: Համաձայն նախապես ձեռք բերած պայմանանավորվածության՝ 2022 թ. մարտի 12-ին կաշառքի գումարի մի մասը Տ. Չ.-ն փոխանցել է Վ. Ս.-ին, ով, իր հերթին, այն փոխանցել է Վ. Ա.-ին: Արդյունքում` Տ. Չ.-ն 2022 թ. մարտի 22-ին զեկուցագիր է ներկայացրել Վ. Ա.-ին՝ խնդրելով միջնորդել վերադասին՝ իրեն նշանակել հիշյալ զորամասի համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնին, որից հետո Վ. Ա.-ն, ստացած կաշառքի դիմաց իր ծառայողական լիազորություններն օգտագործելով Տ. Չ.-ի օգտին, միջնորդություն է ներկայացրել իր վերադասին, և  Տ. Չ.-ն նշանակվել է նշված պաշտոնին: Բացի այդ, Վ. Ս.-ն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով նույն զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ Հ. Ա.-ի հետ և նրանից տեղեկանալով, որ զորամասի համապատասխան գումարտակի հրամանատարը տեղափոխվում է այլ պաշտոնի, առաջարկել է օժանդակել Հ. Ա.-ին՝ հրամանատարի հիշյալ պաշտոնին նշանակվելու համար վերադաս պաշտոնատար անձին կաշառք տալուն: Այնուհետև Վ. Ս.-ն այդ մասին հայտնել է Վ. Ա.-ին, ով համաձայնվել է  2.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց միջնորդել իր վերադասին՝ Հ. Ա.-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով ավելի բարձր պաշտոնի նշանակելու: 2022 թ. մարտից մայիսն ընկած ժամանակահատվածում Հ. Ա.-ն Վ. Ս.-ի միջոցով Վ. Ա.-ին փոխանցել է պայմանավորված կաշառքի գումարից 1500 ԱՄն դոլարը: Արդյունքում` Վ. Ա.-ն, կաշառքի դիմաց իր ծառայողական լիազորություններն օգտագործելով Հ. Ա.-ի օգտին, հաստատել է Հ. Ա.-ի ծառայողական բնութագիրը և մայիսի 18-ին ներկայացրել է վերջինիս համապատասխան գումարտակի հրամանատարի պաշտոնին նշանակելու միջնորդագիր, որից հետո Հ. Ա.-ն նշանակվել է հիշյալ պաշտոնում: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/, Վ. Ս.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/, Հ. Ա.-ին և Տ. Չ.-ին՝  ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով: Վ. Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:37 - 28 փետրվարի, 2023
Արվում է ամեն ինչ՝ կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն ձևավորելու նպատակով. Սասուն Խաչատրյան

Արվում է ամեն ինչ՝ կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն ձևավորելու նպատակով. Սասուն Խաչատրյան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին: Կոմիտեի նախագահը դեսպանին ներկայացրել է Հայաստանի նորաստեղծ հակակոռուպցիոն մարմնի գործառույթներն ու առաջնահերթությունները՝ նշելով, որ կառույցի կողմից արվում է հնարավոր ամեն ինչ՝ կոռուպցիայի նկատմամբ երկրում զրո հանդուրժողականություն ձևավորելու նպատակով: Միաժամանակ Սասուն Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ չինացի գործընկերների հետ համագործակցային կապերի հաստատումն ու փորձի փոխանակումը դրականորեն կանդրադառնան երկու երկրների իրավապահ մարմինների աշխատանքների վրա՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ Չինաստանում նույնպես գործում է կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացած, համանման գործառույթներ իրականացնող մարմին՝ Ազգային վերահսկիչ հանձնաժողովը: Անդրադառնալով Չինաստանի ղեկավարության կողմից կոռուպցիայի դեմ տարվող խիստ և հետևողական պայքարին՝ դեսպան Ֆան Յոնը նշել է, որ դա այն գլխավոր գործոնն է, որը նպաստել է երկրի արագ զարգացմանն ու կառավարության նկատմամբ ժողովրդի վստահության ձևավորմանը: Ըստ դեսպանի՝ երկիրը չի կարող զարգանալ, եթե կոռուպցիայի դեմ անհրաժեշտ պայքար չի տարվում: Դեսպանը նաև ընդգծել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև արդեն իսկ ձևավորված է արդյունավետ համագործակցային միջավայր, ուստի շատ լավ կլինի, եթե կողմերը փորձեն ամրապնդել համագործակցությունը նաև իրավապահ ոլորտում՝ հատկապես հաշվի առնելով, որ երկու երկրների կառավարություններն էլ ունեն կոռուպցիայի դեմ պայքարելու անհրաժեշտ կամք և վճռականություն: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կոռուպցիայի դեմ պայքարում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությանն ու կարևորությանը: Սասուն Խաչատրյանը, կառույցի գործունեության առաջնահերթությունների շարքում առանձնացնելով օպերատիվ ծառայողների կարողությունների զարգացումն ու հակակոռուպցիոն միջոցառումներում նորագույն մեթոդների կիրառումը, հույս է հայտնել, որ չինացի գործընկերները նույնպես կարող են աջակցել այդ հարցում: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են խորացնել նոր ձևավորվող համագործակցային կապերն ու արդյունավետ աշխատանքներ տանել փորձի փոխանակման և մի շարք այլ ծրագրերի իրագործման ուղղությամբ։  
12:09 - 23 փետրվարի, 2023
Բացահայտվել են ՃՈ տեսուչների կողմից վարորդներից կաշառք ստանալու նոր դեպքեր. ձերբակալվել է 4 տեսուչ

Բացահայտվել են ՃՈ տեսուչների կողմից վարորդներից կաշառք ստանալու նոր դեպքեր. ձերբակալվել է 4 տեսուչ

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու և ստանալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների նոր դեպքեր: Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչներ Ա. Ս.-ն, Մ. Հ.-ն, Վ. Խ.-ն և Հ. Գ.-ն երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված մի շարք վարորդների օգտին ապօրինի անգործության՝ խախտումները չարձանագրելու և վարչական պատասխանատվության չենթարկելու համար, վերջիններից որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Ճանապարհային ոստիկանության վերը նշված չորս տեսուչները կաշառք ստանալու կասկածանքով այսօր ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ առերևույթ հանցագործությունների, ինչպես նաև դրանք կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու ուղղությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:03 - 20 փետրվարի, 2023
Շուրջ 58 մլն ՀՀ դրամ հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենը

Շուրջ 58 մլն ՀՀ դրամ հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենը

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ. Մ.-ն, զբաղեցնելով «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, 2019-2021 թթ. ընթացքում վատնման եղանակով կատարել է իրեն վստահված շուրջ 58 մլն ՀՀ դրամի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք: Ինչպես տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ըստ քրեական վարույթի նյութերի՝ 2019 թվականի նոյեմբերի 8-ին «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև կնքվել է «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագիր, որով հիշյալ ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման՝ արհեստագործական մասնաշենքի շինարարական աշխատանքների կազմակերպման համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նույն տարվա ընթացքում ՊՈԱԿ-ին փոխանցվել է 156.721.600 ՀՀ դրամ գումար: Վերը նշված պայմանագրի շրջանակում Գ. Մ.-ն ՊՈԱԿ-ի անունից պայմանագրեր է կնքել 2020 թվականի հունվարին հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչված՝ տեխնիկական հսկողության ծառայություններ մատուցող ընկերության և շինարարական աշխատանքներ իրականացնող երկու ընկերությունների կոնսորցիումի հետ: Վերջինիս հետ կնքած պայմանագրի արժեքը կազմել է 135 մլն ՀՀ դրամ:   Այնուհետև հիշյալ ընկերությունների ղեկավարներ Դ. Խ.-ն և Ս. Մ.-ն նախնական համաձայնությամբ՝ խեղաթյուրելով կապալառու կազմակերպության կողմից փաստացի կատարված շինարարական աշխատանքների իրական ծավալները և դրանցում ներառելով աշխատանքների կատարված լինելու մասին մտացածին ուռճացված տվյալներ, 2020 թվականի ընթացքում կազմել և ստորագրել են ընդհանուր 103.076.170 ՀՀ դրամ արժեքի շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ 6 կատարողական կեղծ ակտեր և ներկայացրել ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Մ.-ին, այնինչ կապալառու կազմակերպության կողմից փաստացի կատարվել են ընդամենը 58.440.909 ՀՀ դրամ արժեքի աշխատանքներ: Բացի այդ, Գ. Մ.-ն էլ իր հերթին՝ Դ. Խ.-ի օժանդակությամբ, կատարողական ակտերի ամսաթվերին համապատասխան կազմել է կեղծ տեղեկություններ պարունակող 6 արձանագրություններ և ակտեր, իսկ մեկ դեպքով՝ առանց որևէ կատարողական ակտի, կազմել է 12.210.600 ՀՀ դրամի աշխատանքների կատարման վերաբերյալ հանձնման-ընդունման կեղծ արձանագրություն և ակտ: Արդյունքում, փաստացի 58.440.909 ՀՀ դրամ արժեքի շինարարական աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման պայմաններում, Գ. Մ.-ն, հիշյալ ընկերությունների ներկայացուցիչների օժանդակությամբ, ՊՈԱԿ-ին հատկացված և ի պաշտոնե իրեն վստահված դրամական միջոցներից կապալառու կազմակերպությանը վճարել է 115.286.770 ՀՀ դրամ գումար՝ կատարելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 56.845.861 ՀՀ դրամ գումարի վատնում: Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Գ. Մ.-ն 2019 թ.-ին ՊՈԱԿ-ում աշխատանքի է ընդունել Ս. Հ.-ին, սակայն վերջինս աշխատանքի չի հաճախել և աշխատանքային պարտականությունները չի կատարել: Տեղեկացված լինելով հիշյալ հանգամանքի մասին՝ Գ. Մ.-ն, վատնման եղանակով հափշտակություն կատարելու նպատակով, իր ստորագրությամբ հաստատել է Ս. Հ.-ի կողմից իբրև մշտապես աշխատանքի հաճախելու վերաբերյալ  կեղծ տեղեկագրերն ու դրանք ներկայացրել վճարման: Հիշյալ փաստաթղթերի հիման վրա ՊՈԱԿ-ին հատկացված միջոցներից Ս. Հ.-ի անվամբ անհիմն ելքագրվել է ընդհանուր 803.161 ՀՀ դրամ գումար, որը Գ. Մ.-ն վատնման եղանակով հափշտակել է: Գ. Մ.-ն, Դ. Խ.-ն և Ս. Մ.-ն 17.02.2023թ.-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել են: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:04 - 17 փետրվարի, 2023
Բերդի նախկին համայնքապետը որդուն առաձնատուն կառուցելու համար կեղծ փաստաթղթեր է տրամադրել․ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է նախաքննության ավարտի մասին

Բերդի նախկին համայնքապետը որդուն առաձնատուն կառուցելու համար կեղծ փաստաթղթեր է տրամադրել․ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է նախաքննության ավարտի մասին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2017-2022թթ.-ին Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Հ. Մ.-ի որդին՝ Ա. Մ.-ն, առանց համապատասխան շինարարության թույլտվության, 2015-2016թթ. Բերդ քաղաքում կառուցել է 1088,71 քմ մակերեսով ինքնակամ շինություններ, որոնք օրինականացնելու նպատակով Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավարը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես, տեղեկացված լինելով որդու՝ ինքնակամ շինություններով եռահարկ առանձնատուն կառուցելու հանգամանքի մասին, Հ. Մ.-ն միջոցներ չի ձեռնարկել դրանց շինարարությունը ժամանակին կասեցնելու, ինչպես նաև որդու նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ: Փոխարենը՝ 2017 թվականի մարտի 13-ին, որդուն հատկացրել է շինարարության թույլտվության վերաբերյալ կեղծ բովանդակությամբ պաշտոնական փաստաթուղթ, որում ձևականորեն ներառել է արդեն իսկ կառուցված բնակելի տան շինարարական աշխատանքներն իբրև ապագայում իրականացված լինելու ժամկետները և այլ տվյալներ: Այնուհետև՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին, կազմել և տրամադրել է մեկ այլ պաշտոնական կեղծ փաստաթուղթ՝ ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, որում ներառել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե իբրև շինարարական աշխատանքները սկսվել են 2017 թվականի մայիսի 14-ին և ավարտվել 2019 թվականի հոկտեմբերի 14-ին: Արդյունքում՝ Ա. Մ.-ի կողմից կառուցված ինքնակամ շինությունները սահմանված կարգով չեն օրինականացվել, որի հետևանքով Բերդ համայնքի բյուջե չի մուտքագրվել քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարման ենթակա 1.197.581 ՀՀ դրամը, ինչն էական վնաս է պատճառել Բերդ համայնքի շահերին: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Հ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), իսկ Ա. Մ.-ին՝ 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով  (երկու դրվագ) և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Նշենք, որ քրեական վարույթը Հարություն Մանուչարյանի մասին է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
17:43 - 06 փետրվարի, 2023
Հինգ անձ է ձերբակալվել կաշառքով պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետման փաստով քննվող վարույթի շրջանակում

Հինգ անձ է ձերբակալվել կաշառքով պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետման փաստով քննվող վարույթի շրջանակում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ք. Ա.-ն և Ա.Պ.-ն իրենց որդուն՝ Ռ. Պ.-ին բժշկական կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու համար դիմել են ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանման բժշկական հանձնաժողովի անդամ Ք. Տ.-ին և նախնական համաձայնության են եկել՝ այդ նպատակով վերջինիս կաշառք տալու հարցում։  Ինչպես տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, հանձնաժողովի վերը նշված պաշտոնատար անձը, ունենալով զինապարտների պիտանելիության վերաբերյալ եզրակացություն տրամադրելու լիազորություն, Ռ. Պ.-ի օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ բժշկական կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար, Ք. Ա.-ից  2022 թվականի նոյեմբերի 23-ին պահանջել է խոշոր չափերով՝ 1 մլն 777 հազ. 185 ՀՀ դրամ գումարին համարժեք 4500 ԱՄՆ դոլար կաշառք: Այնուհետև  Ք. Ա.-ն և իր ամուսինը՝ Ա. Պ.-ն, վերջինիս եղբոր և հանձնաժողովի անդամ Ք. Տ.-ի ամուսնու օժանդակությամբ, պահանջված կաշառքի գումարը 2022 թվականի նոյեմբերի 27-ին տվել են Ք. Տ.-ին: «03.02.2023 թ.-ին  Ք. Տ.-ն, Ք. Ա.-ն, Ա. Պ.-ն և նրանց օժանդակած անձինք ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ առերևույթ հանցագործությունների, ինչպես նաև դրանք կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու ուղղությամբ: Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:20 - 03 փետրվարի, 2023
Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչն ապօրինի ծագման գործով պահանջում է հայցային վաղեմություն կիրառել |hetq.am|

Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչն ապօրինի ծագման գործով պահանջում է հայցային վաղեմություն կիրառել |hetq.am|

hetq.am: Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա կնոջ, որդու, դստեր և զոքանչի ունեցվածքը հօգուտ Հայաստանի բռնագանձելու պահանջով դատախազության հայցադիմումը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։ Այսօր՝ փետրվարի 3-ին, դատարանը շարունակեց քննել Գասպարյանի ներկայացուցչի միջնորդությունը, որով դատարանին խնդրել են գործով անցնող գույքերից մեկի մասով հայցային վաղեմություն կիրառել։  Խոսքը ոստիկանապետի կնոջ Սուսաննա Գասպարյանին պատկանող Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող բնակարանի մասին է։ Ըստ Գասպարյանի ներկայացուցուցիչ Վարազդատ Ասատրյանի՝ 2008 թ-ին գնված բնակարանը բռնագանձելու պահանջ ներկայացնելու համար դատախազությունը բաց է թողել դատարան դիմելու օրենքով սահմանված ժամկետը։ Գտնում են, որ գույքի ձեռքբերման մասին պետությունն իմացել է ավելի վաղ, քանի դրա վերաբերյալ դատախազությունում կուսումնասիրվեր Գասպարյանի ունեցվածքը: Դատավոր Նարինե Ավագյանը որոշեց, որ դատախազությունը պետք է ապացուցի, որ այդ գույքի ձեռքբերման մասին տեղեկացել է ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրության շրջանակում, իսկ ոստիկանապետի ներկայացուցիչը պետք է ապացուցի, որ պետությունը նշված գույքը Գասպարյանի կնոջ կողմից ձեռքբերելու մասին իմացել է դեռևս 2008 թ-ին։ Այսօրվա նիստը հետաձգվեց, որպեսզի Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչը միջնորդության քննության համար հավելյալ ապացույցներ ներկայացնի դատարան։ Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է Գասպարյանից և նրա ընտանիքի անդամներից հօգուտ պետության բռնագանձել Երևան քաղաքում գտնվող 4 անշարժ գույք (1 տուն, 2 բնակարան, 1 ավտոտոնակ), Կոտայքի և Գեղարքունի մարզերում գտնվող 3 անշարժ գույք, ինչպես նաև 3 ավտոմեքենա։ Այս ամենից բացի՝ դատախազությունը պահանջում է ոստիկանապետի ընտանիքից բռնագանձել նաև 169 միլիոն դրամ և 5 միլիոն ռուբլի (հանդիսանում է ավանդ)։ 2011 թ-ից 2018 թ.-ն ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Գասպարյանն ու նրա ընտանիքի անդամները անցնում են նաև մի քանի քրեական գործով։
18:01 - 03 փետրվարի, 2023
Բացահայտվել են ՃՈ տեսուչների կողմից երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ թույլ տված բազմաթիվ վարորդներից կաշառք ստանալու դեպքեր. ՃՈ երեք տեսուչ ձերբակալված է

Բացահայտվել են ՃՈ տեսուչների կողմից երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ թույլ տված բազմաթիվ վարորդներից կաշառք ստանալու դեպքեր. ՃՈ երեք տեսուչ ձերբակալված է

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու և ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» տեսուչներ Կ. Հ.-ն, Կ. Մ.-ն և Ա. Ա.-ն երթևեկության կանոնների խախտումներ, իսկ որոշ դեպքերում անգամ կոպիտ խախտումներ թույլ տված՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի կամ վարորդական վկայականի երթևեկող, նույնիսկ վարորդական իրավունքից զրկված բազմաթիվ վարորդների նկատմամբ արձանագրություններ չկազմելու դիմաց վերջիններից պահանջել և ստացել են մինչև 10.000 ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, նախաքննությամբ տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ ոստիկանության հիշյալ պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են պաշտոնեական դիրքը և խախտումներ թույլ տված վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմել: 30.01.2023 թ.-ին  ՃՈ տեսուչներ Կ. Հ.-ն, Կ. Մ.-ն և Ա. Ա.-ն կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ առերևույթ հանցագործությունների, ինչպես նաև դրանք կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու ուղղությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:49 - 31 հունվարի, 2023
Ոստիկանության պաշտոնյան ապօրինի ուղևորափոխադրումները չարձանագրելու դիմաց կաշառք է պահանջել. նախաքննությունն ավարտվել է

Ոստիկանության պաշտոնյան ապօրինի ուղևորափոխադրումները չարձանագրելու դիմաց կաշառք է պահանջել. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Արմավիր քաղաքից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների գործունեությանը չխոչընդոտելու դիմաց ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ դասակի առաջին ջոկի հրամանատար Ա. Ս.-ն կարգավարի գործունեություն իրականացնող անձանցից պահանջել և ստացել է կաշառք: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նշվում է՝ նախաքննությամբ պարզվել է, որ ապօրինի ուղևորափոխադրումներն Արմավիրի ավտոկայանի տարածքում համակարգել են կարգավարի գործառույթներ իրականացնող Ս. Հ.-ն և Գ. Ե.-ն, որոնք մտերիմ հարաբերությունների մեջ են գտնվել ՀՀ ոստիկանության վերը նշված պաշտոնյայի հետ: Վերջինս, քաջատեղյակ լինելով Արմավիրի մարզի մի շարք վարորդների կողմից յուրաքանչյուր օր Արմավիրի ավտոկայանի հարակից տարածքից դեպի Երևանի կենտրոնական ավտոկայան և հակառակ ուղղությամբ առանց համապատասխան լիցենզիայի առկայության ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնելու մասին, կաշառք ստանալու դիմաց չի արձանագրել վարչական իրավախախտումները: «Արդյունքում՝ Ս. Հ.-ն և Գ. Ե.-ն 2021 թ. դեկտեմբերից 2022 թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում վարորդներից հավաքել և Ա. Ս.-ի պահանջով վերջինիս տվել են ընդհանուր 220.000 ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը վճարային տերմինալների միջոցով տարբեր օրերի փոխանցել են Ա. Ս.-ի էլեկտրոնային դրամապանակին: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 311-րդ հոդվածի 2-րդ մասով, Ս. Հ.-ին և Գ. Ե.-ին` ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-րդ մասով: Ա. Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին, ում կողմից այն հաստատվել է, և նյութերն ուղարկվել են դատարան»,- ասվում է Կոմիրտեի հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:41 - 19 հունվարի, 2023
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քննվող քրեական վարույթով կատարված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ Վ. Ս.-ն, նույն բաժնի պետ Կ. Խ.-ի հետ նախնական համաձայնությամբ 2022 թվականի ընթացքում տնտեսվարողներից պարբերաբար կաշառք են ստացել: «Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հիշյալ պաշտոնատար անձինք նույն վարչական շրջանի տարածքում առևտրային գործունեություն իրականացնող մի շարք տնտեսվարողների կողմից համապատասխան ընթացակարգի խախտմամբ գովազդային վահանակների տեղադրման փաստը չարձանագրելու և դրա համար պատասխանատվության միջոցներ չձեռնարկելու, ինչպես նաև բացօթյա առևտրի համար նախատեսված տուրքն ամբողջությամբ չգանձելու դիմաց 2022 թվականի նոյեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում նշված տնտեսվարողներից որպես կաշառք ստացել են ընդհանուր 320.000 ՀՀ դրամ: 2023 թվականի հունվարի 17-ին Վ. Ս.-ն և Կ. Խ.-ն կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Կատարվում է նախաքննություն»,- նշվում է Կոմիտեի հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:58 - 17 հունվարի, 2023
Կաշառք ստանալու և տալու մեջ մեղադրվող ՀՀ ՍԱՏՄ պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կաշառք ստանալու և տալու մեջ մեղադրվող ՀՀ ՍԱՏՄ պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՍՊԸ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն, իր օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ժամկետանց հավի ձուն ոչնչացնելու գործընթացը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու համար, 2022 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավար Ա. Մ.-ին տվել է 250.000 ՀՀ դրամ կաշառք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ՍՊ ընկերության կողմից ՌԴ արտահանման ենթակա մեկ բեռնատար հավի ձվի խմբաքանակի տեղափոխման հետ կապված խնդիրների պատճառով ձվի պիտանելիության ժամկետն անցել է, և այն հետ է վերադարձվել ՀՀ՝ ոչնչացման նպատակով: Սակայն ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն հիշյալ ժամկետանց ձվի խմբաքանակը չի ոչնչացրել, այլ փոխարենը պիտանելիության ժամկետն անցած՝ ավելի հին ձվի չնչին խմբաքանակ է ոչնչացրել: Դրանից հետո՝ 2022 թվականի նոյեմբերի 22-ին,  ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Գ. Պ.-ն կազմել է արձանագրություն այն մասին, թե իբր պիտանելիության ժամկետը լրացած 302.000 հատ ձվի ամբողջ խմբաքանակը ոչնչացվել է, ինչն այնուհետև հաստատել է իր ստորագրությամբ, որի դիմաց տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավարի դրդմամբ ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ից որպես կաշառք ստացել է մեկ արկղ ձու: Այնուհետև Ա. Մ.-ն կեղծ տեղեկություններ պարունակող՝ վտանգավոր արտադրանքի ոչնչացման վերը նշված ակտը դրել է պաշտոնական շրջանառության մեջ և ուղարկել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին: Ոչնչացման գործընթացը սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու հետևանքով ժամկետանց ձվի որոշ մասն ըստ էության իրացվել է ՀՀ շուկայում: 26.12.2022թ.-ին ՀՀ ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավար Ա. Մ.-ն, ՍԱՏՄ երկու պաշտոնատար անձինք և ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Ա. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435‑րդ հոդվածի 2‑րդ մասի 3‑րդ կետով, 46‑436‑րդ հոդվածի 2‑րդ մասի 3‑րդ կետով և 445‑րդ հոդվածի 1‑ին մասով, Գ. Պ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435‑րդ հոդվածի 2‑րդ մասի 3‑րդ կետով և 445‑րդ հոդվածի 1‑ին մասով և Ռ. Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435‑րդ հոդվածի 2‑րդ մասի 3‑րդ կետով /երկու դրվագ/ և 46-445‑րդ հոդվածի 1‑ին մասով: Ռ. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ Գ. Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ համակցված կիրառվել են ՀՀ-ից բացակայելն արգելելը և պաշտոնավարումը կասեցնելը: Հիշյալ երեք մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին, ում կողմից այն հաստատվել է, և նյութերն ուղարկվել են դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:13 - 17 հունվարի, 2023
Կաշառք ստանալու և տալու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ՀՀ ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավարը և ՍԱՏՄ երկու պաշտոնյաներ

Կաշառք ստանալու և տալու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ՀՀ ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավարը և ՍԱՏՄ երկու պաշտոնյաներ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՍՊ ընկերության կողմից ՌԴ արտահանման ենթակա մեկ բեռնատար հավի ձվի խմբաքանակի տեղափոխման հետ կապված խնդիրների պատճառով ձվի պիտանելիության ժամկետն անցել է, և այն հետ է վերադարձվել ՀՀ՝ ոչնչացման նպատակով: Սակայն ՍՊԸ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն, իր օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ժամկետանց հավի ձուն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ ոչնչացնելու գործընթացը կազմակերպելու համար, 2022 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավար Ա. Մ.-ին տվել է 250.000 ՀՀ դրամ կաշառք: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։  Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն հիշյալ ժամկետանց ձվի խմբաքանակը փաստացի չի ոչնչացրել, այլ փոխարենը պիտանելիության ժամկետն անցած ավելի հին ձվի չնչին խմբաքանակ է ոչնչացրել: Դրանից հետո ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Գ. Պ.-ն կազմել է արձանագրություն այն մասին, թե իբր արտահանման ենթակա ժամկետանց ձվի ամբողջ խմբաքանակը ոչնչացվել է, ինչն այնուհետև հաստատել է իր ստորագրությամբ, որի դիմաց տեսչական մարմնի ղեկավարի դրդմամբ ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Հ-ից որպես կաշառք ստացել է մեկ արկղ ձու: Սահմանված կարգի խախտմամբ ոչնչացման գործընթացի կազմակերպման հետևանքով ժամկետանց ձվի որոշ մասը ըստ էության իրացվել է, ինչով էական վնաս է պատճառվել հասարակության օրինական շահերին: 26.12.2022թ.-ին ՀՀ ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավար Ա. Մ.-ն, ՍԱՏՄ երկու պաշտոնատար անձինք և ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:54 - 27 դեկտեմբերի, 2022
Մանկատան հաշվապահը մեղադրվում է ավելի քան 8 մլն ՀՀ դրամ հափշտակելու մեջ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մանկատան հաշվապահը մեղադրվում է ավելի քան 8 մլն ՀՀ դրամ հափշտակելու մեջ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Հ. Վ.-ն, 2018-2021 թվականների ընթացքում որպես հաշվապահ, այնուհետև՝գլխավոր հաշվապահ աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում, յուրացման եղանակով հափշտակել է պետական բյուջեից տրամադրված և բարեգործական միջոցներից ՊՈԱԿ-ին նվիրաբերված առանձնապես խոշոր չափերի՝ 8.147.390 ՀՀ դրամը: Ինչպես հայտնում են Կոմիտեից, նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Վ.-ն, աշխատելով ռադիո-էլեկտրասարքավորումների նորոգմամբ զբաղվող ՍՊ ընկերությունում, այդ հանգամանքը թաքցրել է ՊՈԱԿ-ի տնօրենից և որպես հաշվապահ՝ 2018 թ.-ին աշխատանքի ընդունվել հիշյալ մանկատանը: Հ. Վ.-ն, ի պաշտոնե լիազորված լինելով միանձնյա տնօրինել ՊՈԱԿ-ի բանկային հաշվեհամարին առկա դրամական միջոցները, նշված հաշվին առկա գումարը 2018թ.-ի տարբեր ամիսներին մաս-մաս փոխանցել է ՊՈԱԿ-ի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ չգտնվող՝ ռադիո-էլեկտրասարքավորումների նորոգմամբ զբաղվող վերը նշված ՍՊ ընկերության բանկային հաշվին և յուրացման եղանակով հափշտակել մանկատանը պետական բյուջեի միջոցներից տրամադրված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 5.452.390 ՀՀ դրամը, որն այնուհետև կանխիկացրել և տնօրինել է սեփական հայեցողությամբ: Նախաքննությամբ բացահայտվել է նաև, որ 2019 թ.-ին ՊՈԱԿ-ի բանկային հաշիվը ենթակա է եղել փակման, իսկ դրամական միջոցների մնացորդը՝ պետական գանձապետական հաշվին փոխանցման: ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը, սակայն, համապատասխան միջոցներ չի ձեռնարկել բանկային հաշվի փակման ուղղությամբ, և այդ հանգամանքից օգտվելով՝ Հ. Վ.-ն, իբրև մատուցված ծառայությունների դիմաց, ՊՈԱԿ-ի հաշվից վերը նշված նույն ՍՊԸ-ի հաշվին փոխանցել է բարեգործական միջոցներից ՊՈԱԿ-ին տրամադրված 2.695.000 ՀՀ դրամը, որը հետագայում կանխիկացրել և տնօրինել է սեփական հայեցողությամբ: Այսպիսով, Հ. Վ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է պետությանը և ՊՈԱԿ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8.147.390 ՀՀ դրամը՝ պետությանը պատճառելով 5.452.390 ՀՀ դրամի, ՊՈԱԿ-ին՝ 2.695.000 ՀՀ դրամի գույքային վնաս:  Այնուհետև, վերը նշված հափշտակությունները քողարկելու նպատակով, Հ. Վ.-ն ՊՈԱԿ-ի համապատասխան հաշվետվություններում իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ է մտցրել յուրացված դրամական միջոցներն իբրև նպատակային նշանակությամբ ծախսելու վերաբերյալ: Վերոհիշյալ կեղծ հաշվետվությունները դրվել են շրջանառության մեջ՝ ներկայացվելով լիազոր պետական մարմնին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Վերը նշված հանցավոր արարքների համար Հ. Վ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Միաժամանակ, նախաքննության ընթացքում ձեռք են բերվել 2018-2019թթ. ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարած անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու վերաբերյալ առերևույթ հանցագործության տվյալներ, որի կապակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ և ուղարկվել ըստ ենթակայության: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:58 - 23 դեկտեմբերի, 2022