#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Ես միշտ կողմ եմ համերաշխության կոալիցիաներին․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նախկին նախագահների հետ հնարավոր համագործակցության մասին

Ես միշտ կողմ եմ համերաշխության կոալիցիաներին․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նախկին նախագահների հետ հնարավոր համագործակցության մասին

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցին։  «Իմ առաջարկը մերժվել է (երեք նախագահների դաշինք կազմելու վերաբերյալ, խմբ․), և այլևս դրան վերադառնալ հնարավոր չէ։ Ուրիշ բան, եթե խորհրդարանում այնպիսի վիճակ ստեղծվի, մենք էլ անցնենք, Նիկոլն էլ, Ռոբերտն էլ, ուրիշները, և որևէ մեկը մեծամասնություն չունենա, ստիպված պետք է գնանք կոալիցիաներ ձևավորելուն։ Մենք կնայենք, կտեսնենք։  Ես միշտ կողմ եմ համերաշխության կոալիցիաներին, թեև դրանք Հայաստանի համար նոր պրոբլմներ ստեղծելու մի երևույթ է կոալիցիա կոչեցյալը, որը կարող է վեց ամիսը մեկ փոխվել, և կընկնենք այն երկրների շարքը, որոնք տարին մեկ երկու երեք կառավարություն են փոխում։ Վատ վարիանտ է, բայց եթե ուրիշ ելք չկա, իհարկե պետք է փորձենք։ Կփորձենք սխալ որոշումներ չկայացնել»։ Դիտարկմանը, որ և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին, և Նիկոլ Փաշինյանին ինքն է բերել քաղաքականությունը, առաջին նախագահն ասաց․ “Ես ոչ իրենց ծնողն եմ, ոչ էլ իրենց ծնողական ժողովի նախագահն եմ, իրենք իրենց ուժերով դարձել են այդպիսի դեմքեր, ես չեմ ծնել ոչ մեկին»։ Անդրադառնալով մեղադրանքներին, ըստ որոնց իր՝ նախագահ լինելու շրջանում է Ղարաբաղը դուրս բերվել բանակցություններից, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց․  «Ղարաբաղյան կարգավորման պրոցեսի միակ ատյանը Մինսկի խմբի համանախագահությունն է, ուրիշ ոչինչ, իսկ Ղարաբաղը այդ ատյանում ճանաչված էր որպես լիիրավ հակամարտող կողմ։ Կողքի բանակցությունները, որոնք միշտ էին ընթանում,  եթե չընթանային, ոչմիբան չէր ստացվի։ Ասում են՝ իբր Ժիրայր Լիպարիտյանը մի տարի բանակցել է Գուրզադեի հետ։ Այո, խոսել են, դա բանակցություն չի, բանակցությունը այն է, երբ այդ օրգանը, որտեղ դու բանակցում ես, որոշումներ է կայացնում։ Որոշումներ կայացնում էր միայն  ՄԽ համանախագահությունը, իսկ դրանից դուրս հազար ու մի կոնսուլտացիաներ կարող էին լինել՝ շոշափելու համար Ադրբեջանի մտադրությունները, տրամադրությունները և այլն։ Փոխանակ դա քաջալերեին, գովեին, միջազգային հանրությունը գովում էր, բայց Ռոբերտ Քոչարյանը հետին թվով, (այն ժամանակ ինքն էլ չէր բողոքում բացարձակապես, չկա այդպիսի բան, չեք գտնի),  հիմա մի պատրվակ է գտել, որ իբր Ղարաբաղին հակամարտության կողմից հեrացրել են Լևոն Տեր Պետրոսյանը և Ժիրայր Լիպարիտյանը»։
15:09 - 10 հունիսի, 2021
Սամսոնյանը պարզաբանեց, թե քարոզարշավի շրջանակում ԼՀԿ-ն ինչու հանրահավաքներ չի անցկացնում |armenpress.am|

Սամսոնյանը պարզաբանեց, թե քարոզարշավի շրջանակում ԼՀԿ-ն ինչու հանրահավաքներ չի անցկացնում |armenpress.am|

armenpress.am:  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար հանրահավաքային քարոզարշավի ձևաչափը չի ընտրել՝ իր ընտրողների ժամանակը խնայելու և իրենց ուղերձն ավելի լայն շրջանակների հասցնելու համար:  Այս մասին ասաց կուսակցության ցուցակի անդամ Անի Սամսոնյանը՝ Արաբկիրում քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում: «Մենք պարզապես խնայում ենք մարդկանց նյարդերն ու ժամանակը: Մարդիկ պարապ չեն, որ քարոզարշավի ընթացքում անընդհատ գան հանրահավաքների որևէ քաղաքական գործչի կամ ուժի հետ: Մենք գիտենք, որ մեր ընտրողները զբաղված մարդիկ են: Մեր ընտրողներն այն մարդիկ են, որոնք զբաղված են իրենց աշխատանքային առօրյայով, չենք փորձում այնպիսի ձևաչափեր ընտրել, որ մարդկանց անհանգստացնենք: Դրա իմաստն էլ չկա, քարոզարշվային այս ձևաչափով մենք կարողանում ենք գնալ բակեր, ավելի շատ մարդիկ տեսնել»,- ասաց Սամսոնյանը: Նրա կարծիքով՝ բակից բակ գնալով ընտրողներին ավելի շատ են կարողանում իրենց ուղերձը հղել: Սամսոնյանը նաև շեշտեց, որ «Լուսավոր Հայաստանն» այն քաղաքական ուժն է, որ կարող է պարզ երեսով մտնել բակեր և մտահոգություն չունենալ, որ կարող է խնդիր ունենալ: «Այն ուժերը, որոնք ընտրել են հանրահավաքային ձևաչափը, հավաքում են իրենց կողմնակիցներին, իրենց համար ստեղծում հարմարավետության գոտի և այդ գոտում ներկայացնում իրենց ծրագրերը»,- կարծիք հայտնեց նա: Գևորգ Գորգիսյանն էլ ասաց. «Քարոզարշավի ինտենսիվությունն այնքան է աճել և ատելության խոսքն այնքան է մեծացել, որ այսօր մեր ամենակարևոր ուղերձը, որ հղում ենք քաղաքացիներին, համերաշխությունն է»: Նա համոզված է, որ առանց համերաշխության, քաղաքական ուժերն իրենց ծրագրային դրույթներից որևէ մեկը չեն կարողանալու կյանքի կոչել: «Եթե մենք շարունակենք ռեսուրսները միմյանց դեմ ուղղել, միմյանց ոչնչացնելու վրա, որևէ ծրագիր կյանքի չի կոչվելու և այն, ինչ ունենք, դա էլ է ինչ-որ պահի վերանալու»,- ասաց Գորգիսյանը:
15:03 - 10 հունիսի, 2021
Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա․ Լևոն Տեր–Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի պնդման մասին, թե առաջին նախագահն իրեն ասել է՝ հողերը պետք է տաս

Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա․ Լևոն Տեր–Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի պնդման մասին, թե առաջին նախագահն իրեն ասել է՝ հողերը պետք է տաս

Դուք ոչ թե ինձ պետք է հարցնեք, այլ Նիկոլ Փաշինյանին, ցույց տուր այդ ասածի ձայնագրությունը, իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ,«Հայ ագզային կոնգրես» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Լևոն Տեր–Պետրոսյանը իրեն 2018 թվականին ասել է՝ հողերը պետք է տաս։ «Ես գնացել եմ նրան մի բան ասելու։ Եթե դուք հետևել եք իմ հրապարակումներին, ինձ միշտ մտահոգել է Ղարաբաղի հարցը՝ անկախ նրանից Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք, Նիկոլ Փաշինյանի օրոք, ես նրան ասել եմ հետևյալը․ քո առաջին գործը պետք է լինի ֆիքսել այն ժառանգությունը, որ դու Ղարաբաղի հարցում ստացել ես Սերժ Սարգսյանից փաստաթղթով։ Հարց է տալիս ինչ փաստաթուղթ, ասում եմ՝ ես հիմա թելադրում եմ, նամակ ես գրում ԱԳ նախարարին, պահանջում եմ երկու օրվա ընթացքում ինձ ներկայացնել Ղարաբաղի կարգավորման իրավիճակը ապրիլի 18-ի դրությամբ։ Ասեց ինչու է պետք քեզ, որպեսզի դու դա ունենաս, թե ինչպիսի ժառանգություն ես ստացել, դրանից հետո ավելի լավ լուծում կբերես, կլինի քո պատիվը, ավելի վատ լուծում կբերես, կլինի քո խայտառակությունը»,-ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։
14:49 - 10 հունիսի, 2021
«Պատիվ ունեմ» դաշինքի համար անկյունաքարային են երկրի անվտանգության հիմնախնդիրները. Խաչիկ Գալստյան |armenpress.am|

«Պատիվ ունեմ» դաշինքի համար անկյունաքարային են երկրի անվտանգության հիմնախնդիրները. Խաչիկ Գալստյան |armenpress.am|

armenpress.am: «Պատիվ ունեմ» դաշինքը ԼՂ հիմնախնդիրն ու հայրենիքի անվտանգության հիմնահարցը անկյունաքարային է համարում:  «Պատիվ ունեմ» դաշինքի «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը մամուլի ասուլիսին ընդգծեց, որ, եթե չլինի անվտանգություն՝ չի լինի նաև խաղաղություն, չլինի խաղաղություն՝ չի լինի կայունություն, չլինի կայունություն՝ չի լինի նաև զարգացում և, վերջապես, չլինի զարգացում՝ չի լինի բարեկեցություն: «Դաշինքի համար անկյունաքարային է հայրենիքի անվտանգության հիմնահարցը և ԼՂ հիմնախնդիրը»,- շեշտեց դաշինքի անդամը: Խաչիկ Գալստյանը նշեց, որ իրենք շոշափել են հասարակական կարծիքը, նայել են հասարակական տրամադրությունները, ստացել թարմ սոցիոլոգիական տվյալներ, ինչպես նաև ի մի բերել հանդիպումները: «Ուսումնասիրով այս ամենը՝ վստահաբար կարող եմ ասել, որ ի դեմս «Պատիվ ունեմ» դաշինքի, մենք ստանալու ենք մեր ընտրողների պատկառելի թվով ձայները: Մեր ձայները կլինեն այնպիսին, որ ապագայի կառավարությունն առանց «Պատիվ ունեմ» դաշինքի անհնար կլինի պատկերացնել»,- նշեց Գալստյանը: Նա նաև հայտնեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզչական խմբերը արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին հասցրել են լինել ՀՀ տարբեր մարզերում՝ Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում, Արարատում: Գալստյանի խոսքով՝ հունիսի 10-ին «Պատիվ ունեմ» դաշինքը՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ գտնվում է ՀՀ հարավային սահմաններում: Նրա խոսքով՝ դաշինքի անդամները նաև ակտիվ են Երևանում՝ տեղի են ունենում բակային հանդիպումներ, կլոր-սեղան քննարկումներ:
14:38 - 10 հունիսի, 2021
Հանրությունը չի հասկանում` Սարգսյանն իր ձայնագրությամբ Փաշինյանին ուզում էր վնաս տալ, թե՞ օգուտ. Նիկոլ Փաշինյան |hetq.am|hetq.amhetq.am

Հանրությունը չի հասկանում` Սարգսյանն իր ձայնագրությամբ Փաշինյանին ուզում էր վնաս տալ, թե՞ օգուտ. Նիկոլ Փաշինյան |hetq.am|hetq.amhetq.am

hetq.amhetq.amhetq.am: Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Լոռու մարզի Սպիտակ քաղաքում անդրադարձավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը, որից հետո, ըստ Սարգսյանի, հանրությունն իր գնահատականը պետք է տար Նիկոլ Փաշինյանին: «Որքան հետևել եմ արձագանքներին, հանրությունը տարակուսած է, նրանք հարց են տալիս, ասում են` հիմա այդ ձայնագրությամբ չհասկացանք` Սարգսյանն ուզում էր վնաս տալ Փաշինյանին, թե՞ օգուտ տալ, և այդ հարցը շատ լեգիտիմ է, որովհետև այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին և ամբողջությամբ հիմնավորում է մեր այն դիրքորոշումները, մեր այն պատմությունը, որը վերջին յոթ ամսվա ընթացքում ամենատարբեր հարթակներից ներկայացրել ենք ժողովրդին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով`պատմությունն այն մասին է, որ 2018 թվականի մայիսից իր ժառանգած ԼՂ բանակցային գործընթացը փակուղում է հայտնվել, և այդ պահի դրությամբ ամենամեծ խնդիրը եղել է այն, որ միջնորդները հետագա զարգացումների և խնդրի կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ արտահայտել են նույն դիրքորոշումը, ինչ Ադրբեջանը: «Բայց շատ կարևոր է արձանագրել, որ դա 2018-ին չէ, որ տեղի է ունեցել, դա տեղի է ունեցել շատ ավելի վաղ: Ես խոսել եմ այդ մասին` խոսելով 2016-ի հունվարի իրադարձությունների մասին, երբ միջնորդները Հայաստանին, ըստ էության, պայման են ներկայացրել հրաժարվել Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի գաղափարից: Ինչը նշանակում է, որ, ըստ էության, հարցը դրված է եղել այսպես` նախկինում գոյություն ուներ տարածքներ կարգավիճակի դիմաց, հետո` տարածքներ խաղաղության դիմաց բանաձև, 2016-2018 թվականներին ձևակերպվեց և ապրիլյան պատերազմով ամենավերին աստիճանի լրջացավ տարածքներ ոչ մի բանի դիմաց բանաձևը»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը: Ըստ Փաշինյանի` 1998 թվականին Արցախին բանակցային գործընթացից հանելով` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչնչացրել է արցախյան առաջին պատերազմի դիվանագիտական հաղթանակը, ապա, նրա համոզմամբ, Քոչարյանն առաջ է քաշել Մեղրին Ադրբեջանին հանձնելու տարբերակը, ինչը մերժել են Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը: Փաշինյանն ասաց` նույնիսկ գործընկերների հետ է քննարկել, թե ինչու է Սերժ Սարգսյանն այդ ձայնագրությունը հրապարակել, և այդպես էլ պատասխան չի գտել: Փաշինյանը նաև հիշեցրեց, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին այդ ձայնագրությունը հրապարակելու համար: Նա վստահեցրեց` կառավարությունը նախորդող երեք տարիներին ուժերի ներածին չափով արել է հնարավորն ու անհնարը` նման սցենարից խուսափելու համար: Նա հարց հնչեցրեց, թե ինչու Սարգսյանը, հրապարակելով այդ ձայնագրությունը, չի անդրադարձել այն մեղադրանքներին, թե իբր Փաշինյանը Դուբայում 5 միլիարդ դոլարով հողերը ծախել է: «Բա ի՞նչ եղավ էդ հողերը ծախելու թեման, հիմա էլ հողերը չտալու մեջ են մեղադրում, ժողովուրդ»,-ասաց նա` դիմելով հավաքվածներին: Շարունակությունը՝ hetq.am-ում։ 
13:46 - 10 հունիսի, 2021
Freedom House-ը Հայաստանի քաղաքական ուժերին կոչ է արել զերծ մնալ բռնության և ատելության խոսքի կիրառումից

Freedom House-ը Հայաստանի քաղաքական ուժերին կոչ է արել զերծ մնալ բռնության և ատելության խոսքի կիրառումից

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում նախընտրական շրջանում քաղաքական գործիչների կողմից ատելության և բռնության խոսքի կիրառման կապակցությամբ:  Freedom House-ը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որին կցել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը, որում վերջինս դատապարտել էր քաղաքական գործիչների կողմից բռնության և ատելության խոսքի կիրառումը և կոչ էր արել զերծ մնալ նման հռետորաբանությունից:  Freedom House-ի հայտարարության մեջ նշվում է, որ նման գործողությունները նպաստում են հասարակության բևեռացմանն ու ատելության խոսքի տարածմանն այն պայմաններում, երբ երկիրը վերականգնվում է Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո և պատրաստվում է պատմական խորհրդարանական ընտրությունների: «Մենք բոլոր կուսակցություններին կոչ ենք անում զերծ մնալ նման հռետորաբանությունից և պահպանել վարքի ժողովրդավարական նորմերը ընտրական շրջանի ընթացքում»,- ասված է հայտարարության մեջ:
12:45 - 10 հունիսի, 2021
Պետությունը պետք է հնարավորություն տա սփյուռքի հայրենակիցների կողմից ընտրված պատգամավորներ ունենալ ԱԺ-ում․ Արթուր Վարդանյան

Պետությունը պետք է հնարավորություն տա սփյուռքի հայրենակիցների կողմից ընտրված պատգամավորներ ունենալ ԱԺ-ում․ Արթուր Վարդանյան

Մեր միտքը, մեր գաղափարն այնպիսին է, որ Հայաստանն ու Արցախը՝ որպես հայրենիք, պատկանում են համայն հայությանը։ Եթե մենք ունենք բազմամիլիոնանոց սփյուռք, մտածում ենք, որ այդ սփյուռքը պետք է իր ներգրավվածությունն ունենա մեր երկրի պետականաշինության մեջ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց «Համահայկական ազգային պետականություն կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Արթուր Վարդանյանը։ «Հենց հիմքում դա է դրված․ բոլորս պետք է մեր լուման կարողանանք ներդնել, այդ հնարավորությունն ունենանք և մասնակից դառնանք մեր պետականաշինության և մյուս ոլորտներում»,- ասաց նա։ Վարդանյանի խոսքով՝ պետությունը պետք է փոխի օրենքների ամբողջ փաթեթը, ինչը վերաբերում է սփյուռքին, և հնարավորություն տա մեր սփյուռքի հայրենակիցների կողմից ընտրված պատգամավորներ ունենալ ԱԺ-ում։  «Իհարկե, իրավական նորմեր պետք է լինեն, որ այդ մարդիկ լինեն ՀՀ քաղաքացի և այլն, բայց հնարավորություն տալ ընտրել իրենց իսկ ներկայացուցչին, ովքեր կարող են գործ անել ՀՀ-ում և ԱԺ-ում՝ ներկայացնելով հենց սփյուռքին։ Իմ կարծիքով՝ դա բավականին մեծ վստահության քվե կլինի նրանց համար»,- նշում է Վարդանյանը։ Անդրադառնալով՝ պատերազմին և դրա չկրկնվելու անհրաժեշտության թեմային՝ Արթուր Վարդանյանն ասաց․ «Մեր բանակը պետք է լինի մեր պետության գրավականը և երաշխիքը մեր անվտանգության։ Հզորացնել բանակը և բանակի հետ համատեղ հզորացնել մեր դիվանագիտությունը։ Պետք է ստեղծենք այնպիսի արտաքին քաղաքականություն, որը պետք է լինի անփոփոխ՝ անկախ նրանից, թե ով է գալիս իշխանության։ Եվ պետք է ունենանք Պաշտպանության նախարարություն, որտեղ ՊՆ-ն պետք է իր գործով զբաղվի՝ անկախ նրանից, թե ով է գալիս իշխանության»։
11:18 - 10 հունիսի, 2021
Եթե Քոչարյանը գա, պատերազմ չի լինելու․ Ագնեսա Խամոյանhetq.am

Եթե Քոչարյանը գա, պատերազմ չի լինելու․ Ագնեսա Խամոյանhetq.am

hetq.am«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը կարծում է, որ եթե գործող իշխանությունները մնան, ապա կորցնելու ենք նաև Արցախի մնացած մասը։ Այս մասին Ագնեսա Խամոյանն ասաց «Հետք»-ի հետ զրույցում՝ նշելով, որ ընտրություններից անմիջապես հետո նախ պետք է ներազգային համերաշխություն հաստատել։  Նա կարծում է, որ Հայաստանը պատերազմ սկսել չի կարող օբյեկտիվորեն, քանի որ բանակն այն վիճակում չէ, որ պատերազմի։ «Եթե Քոչարյանը գա, պատերազմ չի լինելու։ Բանակցությունների միջոցով, մեր գործընկերների միջոցով, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի միջոցով պետք է սկսվեն բանակցություններ, ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- ասաց Ագնեսա Խամոյանը՝ նշելով, որ բանակցություններով պետք է նվազագույնը Հադրութի և Շուշիի վերադարձ լինի։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում։
10:09 - 10 հունիսի, 2021
ԱԺԲ-ն բողոք է հղել ԿԸՀ-ին՝ կապված քարոզարշավի ընթացքում հնչող ատելության խոսքի և բռնության կոչերի հետ

ԱԺԲ-ն բողոք է հղել ԿԸՀ-ին՝ կապված քարոզարշավի ընթացքում հնչող ատելության խոսքի և բռնության կոչերի հետ

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը բողոք է հղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ՀՀ Գլխավոր դատախազին։ «Հարգելի՛ պարոն Մուկուչյան 2021 թ. հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Քարոզարշավի երկրորդ օրը, հունիսի 8-ին, ԿԸՀ-ի կողմից ընտրություններին մասնակցելու գրանցված որոշ քաղաքական ուժեր աչքի են ընկել բռնության և զենք գործադրելու հրապարակային կոչերով, միմյանց սպառնալի վերջնագրեր ներկայացրել, քարոզել ոչ թե քաղաքական միտք, այլ՝ ատելության խոսք։ Այսօր՝ հունիսի 9-ին քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչը հրապարակել է նաև գաղտնիք պարունակող տեղեկություններ։   Այս ամենը կատարում են քաղաքական ուժերի առաջնորդները, այն է՝ վարչապետի հավանական թեկնածուները։   Ընտրական գործընթացի շահառուն ու իրավատերը ՀՀ քաղաքացին է։ Վերոնշյալ քաղաքական անթույլատրելի վարքագիծը հասցեագրված է ՀՀ քաղաքացուն։ Հրապարակայնորեն միմյանց հայհոյող ու սպառնացող քաղաքական «գործիչները» չեն թաքցնում իրենց առհամարանքն ու անհարգալից վերաբերմունքը ՀՀ քաղաքացու ու պետության նկատմամբ։   ՀՀ Սահմանադրության 194-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ»։   Օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնելը դա միայն քվեաթերթիկ տպելը կամ հանձնաժողովների կազմեր ձևավորելը չէ։ Դա միայն եթերաժամերը վիճակահանությամբ որոշելը կամ թեկնածուների ներկայացրած թղթերի ստուգելը չէ։   ԿԸՀ-ի իրական առաքելությունը շատ ավելի մեծ է, քան ընթացակարգային գործառույթներ իրականացնելը։   ԿԸՀ-ն պարտավոր է ՀՀ քաղաքացու համար ապահովել ոչ թե ձևական (ֆորմալ), այլ՝ բովանդակային ընտրություն բացառապես օրինականության չափանիշներով գործընթացին մասնակցող քաղաքական միավորների ու թեկնածուների մասնակցությամբ։   Սույն բողոքով պահանջում եմ հրավիրել ԿԸՀ-ի արտահերթ կամ հրատապ նիստ և քննարկել հունիսի 8-9-ին բռնության և զենք գործադրելու հրապարակային կոչերով հանդես եկած, ինչպես նաև սպառնալիքի ու ատելության խոսք տարածող և ԿԸՀ-ի կողմից ընտրություններին մասնակցելու գրանցված բոլոր քաղաքական ուժերի (թեկնածուների) գրանցումը անվավեր ճանաչելու հարցը»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ։  
10:00 - 10 հունիսի, 2021
Քաղաքական ուժերը այսօր ևս շարունակելու են իրազեկման ակցիաներ ու հանրահավաքներ իրականացնել |armenpress.am|

Քաղաքական ուժերը այսօր ևս շարունակելու են իրազեկման ակցիաներ ու հանրահավաքներ իրականացնել |armenpress.am|

armenpress.amՔայլերթներ, իրազեկման ակցիաներ, հանրահավաքներ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 4-րդ օրը քաղաքական ուժերը կշարունակեն արշավներ իրականացնել և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում: Ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ն գրանցել է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք, սակայն «Հայոց արծիվներ միասնական Հայաստան» կուսակցությունը  հայտարարել է ընտրապայքարից դուրս գալու մասին: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավի չորրորդ օրը նույնպես հանդիպումները կանցկացնեն երկու խմբով։ Առաջին խումբը 14։00-ից կլինի Տավուշի մարզում՝ Այրում, Հաղթանակ, Բերդավան, Կողբ, Նոյեմբերյան, Կոթի, Աչաջուր, Իջևան և Դիլիջան համայնքներում։ Կուսակցության երկրորդ խումբը ժամը 11։00-ից հանդիպումներ կունենա Երևանի Արաբկիր համայնքում՝ Պրահայի այգում, Երազ բիզնես թաղամասում և Մերգելյանի այգում։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացնելու է Արմավիրի մարզում: Կուսակցության ներկայացուցիչները ժամը 10:00-ից լինելու են Էջմիածին ու Արմավիր քաղաքներում: Վերադառնալու են Երևան ժամը 15:00-ի սահմաններում ու կիրականացնեն իրազեկման ակցիաներ: «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հունիսի 10-ին՝ լինելու է Արարատի մարզում: Արշավը սկսելու են ժամը 13:00-ին՝ Արարատ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակից: Նրանք լինելու են նաև Արտաշատի թատրոնամերձ հրապարակում:  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վաղ առավոտից լինելու են Լոռու մարզում: Ժամը 18:30-ին նրանք կլինեն Վանաձորում՝ Հայքի հրապարակում: «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ լինելու է Արագածոտնի մարզում: Հանդիպումներ են անցկացնելու  Թալինում, Ծաղկահովտում, Ալագյազում: Վերջին կետը լինելու է Աշտարակ քաղաքը: Նախընտրական կենտրոնական շտաբում տեղի կունենա շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի, դաշինքի անդամներ Գեղամ Նազարյանի և Աննա Գրիգորյանի ճեպազրույցը: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով։ Ժամը 14։00-ին «Էլիտ պլազա» հյուրանոցում տեղի կունենա կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ասուլիսը։ «Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես կներկայանա ասուլիսային ձևաչափով։ Ժամը 12։00-ին տեղի կունենա «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանի և հանրային կապերի խորհրդական Վարդան Ոսկանյանի մամուլի ասուլիսը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լինելու է Տավուշի մարզում։ Քաղաքացիների հետ հանդիպումը տեղի կունենա Իջևան քաղաքում ժամը 18:00-ին: «Զարթոնք» կուսակցությունը առավոտյան ժամը 9:00-ին լինելու է Դավիթաշեն վարչական շրջանում։ Երթուղին սկսելու են Սրբոց Նահատակաց եկեղեցուց։ Շրջելու են ու իրազեկման ակցիա իրականացնեն։  «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը ժամը 11։00-ին կներկայացնի իր նախընտրական ծրագրի քաղաքական, տնտեսական և իրավական դրույթները։ Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի հունիսի 11-ին ժամը 08:00-ին և կտևի մինչև հունիսի 13-ը ժամը 20:00-ն: Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցություններն ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը ժամը 18:00-ն: Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան  քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու: 
09:17 - 10 հունիսի, 2021