ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձել է Աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր

Ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձել է Աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր

Ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) դարձել է Աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Բելգրադում ընթացող մրցաշարի եզրափակչում Թևանյանը գոտեմարտել է Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևի դեմ և 9։1 հաշվով հաղթանակ տոնել։ Նշվում է, որ եզրափակչի ճանապարհին ևս Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնը վստահ հաղթանակներ է տոնել։ Որակավորման փուլում Թևանյանը 6։0 հաշվով պարտության է մատնել Մոլդովայի ներկայացուցիչ Նիկոլայ Գրահմեզին, 1/8 եզրափակչում հաղթել է Հաջի Մոհամեդ Ալիին (Բահրեյն)՝ 11։0, 1/4 եզրափակչում 10։0 հաշվով առավելության է հասել Նիկոյալ Օխլոպկովի (Ռումինիա) նկատմամբ, իսկ եզրափակչի ուղեգրի համար գոտեմարտում 7։2 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանին։ Սա Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի երրորդ մեդալն է Աշխարհի գավաթի խաղարկությունում․ երեկ արծաթե մեդալ է նվաճել Արսեն Հարությունյանը (57 կգ), իսկ Արման Անդրեասյանը (70 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։ ԿԳՄՍՆ-ն հիշեցնում է նաև, որ ավելի վաղ հունահռոմեականներից Աշխարհի գավաթում արծաթե մեդալակիր է դարձել Մալխաս Ամոյանը (72 կգ), իսկ Սլավիկ Գալստյանը (63 կգ) նվաճել է բրոնզե մեդալ:
22:48 - 18 դեկտեմբերի, 2020
Առաջին Թումո տուփը բացվեց Գավառում

Առաջին Թումո տուփը բացվեց Գավառում

Այսօր` դեկտեմբերի 18-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և dot818 ընկերության համագործակցության շնորհիվ Գավառ քաղաքում բացվեց առաջին Թումո տուփը, որն ուղղված է մարզային քաղաքներում և գյուղերում կրթության  զարգացմանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։Բացման միջոցառմանը Թումոյին և Գավառի Թումո տուփի հովանավոր dot818 ընկերությանը միացան ՀՀ ԿԳՍՄՆ նախարար Վահրամ Դումանյանը, փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԲՏԱ փոխնախարար Վիկտորյա Պողոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև Թումո շրջանավարտներ ու Գավառի տուփի ապագա ուսանողներ։Ողջունելով ներկաներին` Թումո կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը նշեց. «Թումոյի մարզային ընդլայնումը էլ ավելի մեծ թափ է ստանում Գավառի Թումո տուփի բացումով: Հաշված օրերից ևս մի Թումո տուփ կբացվի Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում: Այս գործընթացը շարունակական է, և դրանով մենք վերահաստատում ենք մեր առաքելությունը` Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնել Հայաստանի և Արցախի անգամ ամենափոքր համայնքների պատանիներին»: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կարևորեց Տուփի ծրագրի իրականացումը փոքր համայնքներում․ «Շնորհակալ եմ մեր գործընկերներին, որ անգամ այս դժվարին ժամանակահատվածում կարողացան բացել առաջին Թումո տուփը Գավառում։ Մարզպետարանը և մեր համայնքները պատրաստակամ են աջակցել առաջիկա Թումո տուփերի բացմանը Գեղարքունիքի մարզում։ Ուրախությամբ նշեմ, որ առաջիկայում Սևանում ևս կունենանք Թումո տուփ։ Կարևորում եմ Թումոյի կրթական ծրագրի էլ ավելի ապակենտրոնացումը․ այսպես երեխաները կարողանում են հենց իրենց համայնքում ստանալ ժամանակակից կրթություն»։  Համագործակցությանն ու նախագծի կարևորությանն ԱՄՆ-ից անդրադարձավ dot818-ի հիմնադիր Դավիթ Տոնոյանը՝ նշելով․ «dot818-ը շատ ոգևորված և հպարտ է Գավառի Թումո տուփ նախագծի իրականացմամբ։ Հայ պատանիների մտքի բնական ճկունության զարգացումն է մեր հաջողությունների երաշխիքը արհեստի, արվեստի, շինարարության, մշակույթի և գիտության մեջ։ Լավագույնն եմ ցանկանում Գավառի երեխաներին և Թումոյի թիմին։ Մինչ հաջորդ նախագիծ Հայաստանում»։ Միջոցառմանը նաև տեղի ունեցավ Թումո տուփի ամենաառաջին գրանցված գավառցի պատանիների ծանոթացումը ծրագրին ու հանդիպումն արդեն փորձառու թումոցիների և շրջանավարտների հետ: Եգորը, Հայկն ու Լարիսան առաջին փորձարկումներն արեցին ռոբոտաշինության, նկարչության և ծրագրավորման ոլորտներում:Թումո տուփ նախագծի նպատակը փոքր համայնքների պատանիների համար Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնելն է։ Այն փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Ուսանողները՝ Թումո կրթական ծրագրի մաս կազմող ինքնուսուցման փուլը անցնելու են Տուփում, իսկ Թումոյի գործնական դասընթացների համար ուղևորվելու են Թումո Դիլիջան։ Յուրաքանչյուր Թումո տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։ Բացի Թումոյի հիմնական ծրագրից, առավոտյան ժամերին Տուփը կարող է օգտագործվել այլ կրթական ծրագրեր իրականացնելու համար։Dot818-ը ամերիկյան մարքեթինգային ընկերություն է, որը հիմնվել է 2011 թվականին Կալիֆորնիայում: Այն զբաղվում է հրատարակչական, գովազդի և մարքեթինգի գործառույթներով: Կալիֆորնիայում տեղակայված գլխամասից բացի այն նաև ունի գրասենյակ Հյուսիսային Կարոլինայում և Մեծ Բրիտանիայում:Թումո տուփի հաջորդ ուղղությունը Տավուշի մարզի Բերդ քաղաքն է։ Դրա բացումը նույնպես կկայանա այս ամիս:
17:36 - 18 դեկտեմբերի, 2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է թատրոնների տնօրեններին

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է թատրոնների տնօրեններին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թատրոնների տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որը ներկայացրել է տնօրեններին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:  Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում սա մշակութային գործիչների հետ առաջին հանդիպումն է: Տնօրեններին ներկայացնելիս նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հատկանշական է համարել համավարակի և պատերազմական իրավիճակի պայմաններում թատրոնների նպատակային ակտիվ գործունեությունը և շնորհակալություն հայտնել գործընկերներին:   «Այս իրավիճակում մեզնից յուրաքանչյուրը կարիք ունի նոր գաղափարական և հոգևոր արժեքների, մեր խնդիրն է վերաիմաստավորել անցյալը, ներկան, հասկանալ՝ ինչ ենք ուզում և ինչ ճանապարհով պետք է հասնենք մեր նպատակին: Ամեն ինչ պետք է անենք՝ զարգացնելու մեր հոգևոր-մշակութային դաշտը. սա պայքարի ձեր ճակատն է, որն անչափ կարևոր է մեր իրականության համար»,- ընդգծել է նախարար Վ. Դումանյանն ու ցանկացած խնդիր քննարկելու և լուծման ուղիներ փնտրելու պատրաստակամություն հայտնել: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ թատրոնների տեխնիկական հագեցվածության, շինարարական, ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների, նախատեսված ծրագրերի, հետպատերազմյան շրջանում ոլորտի խնդիրների հաղթահարման միջոցառումների և այլնի վերաբերյալ: Տնօրենները հակիրճ ներկայացրել են իրենց առաջարկները, ապագային ուղղված տեսլականը: Նրանց խոսքով՝ հենց առկա իրավիճակում մարդիկ կարծես առավել շատ կարիք ունեն մշակութային միջոցառումների և հոգևոր պահանջմունքների բավարարման: Թատրոնների գործունեությունն այժմ առավելապես ուղղված է զոհված զինծառայողների երեխաների և Հայաստանում ապաստանած արցախցի փոքրիկների ժամանցն ու մշակութային կյանքը կազմակերպելուն: Հանդիպման ավարտին նախարարը վստահություն է հայտնել, որ միասնական ուժերով կհաղթահարեն առկա դժվարությունները, և խաղաղ պայմաններում արվեստի գործիչները ստեղծագործական աշխատանքի առավել լայն հնարավորություն կունենան: 
19:20 - 17 դեկտեմբերի, 2020
Կրթամշակութային հաստատությունների նորոգման ծավալները կավելանան

Կրթամշակութային հաստատությունների նորոգման ծավալները կավելանան

ՀՀ կառավարության դեկտեմբերի 17-ի նիստում որոշվել է 171 մլն 590,5 հազար դրամ գումար հատկացնել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավման նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄ նախարարությունը:   Նախարարության 2020 թվականի պետական բյուջեի տնտեսումների վերաբաշխման հաշվին կկատարվեն կապիտալ բնույթի մի շարք աշխատանքներ: Մասնավորապես նախատեսվում են «Երևանի պարարվեստի պետական քոլեջի» պարասրահի հատակի հիմնանորոգում, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում: Հատկացման շրջանակում նախատեսվում է նաև «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի» վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, որով կվերակառուցվեն ստորգետնյա 5 պահոցները, 2 միջանցքները, հորիզոնական և թեք թունելների աստիճանավանդակներն ու օժանդակ այլ տարածքներ: Մատենադարանի նշված ստորգետնյա հատվածները գտնվում են գերխոնավ միջավայրում՝ գրունտային ջրերի հարևանությամբ: Հորիզոնական և թեք թունելներում անհրաժեշտ է ջրամեկուսացնել և ամրացնել սեյսմիկ կարերը, հատակի վրա ապահովել տեղափոխմանն ու պահպանմանը հարմարեցված սալահատակ, իրականացնել ընդհանուր նորոգման աշխատանքներ, տեղադրել մեխանիկական և էլեկտրական քարշակ մեխանիզմներ: Նախատեսվում են նաև «Կամերային երաժշտության ազգային կենտրոնի» ջեռուցման արտաքին համակարգի հիմնանորոգում, «Երևանի թիվ 195 ավագ դպրոցի» վերանորոգում, ինչպես նաև մի շարք հուշարձանների վերականգնման/վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն: Որոշվել է ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում գտնվող՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանի հեղինակած «Ճանապարհաշինարարներ» մոնումենտալ քանդակի վերականգնման աշխատանքների գնման ընթացակարգը սահմանել մեկ անձից` հիմք ընդունելով քանդակագործի դստեր` Է. Բեջանյանի՝ քանդակագործ Ռ. Մանուկյանին տրամադրված հեղինակային իրավունքի լիազորագիրը: 
18:33 - 17 դեկտեմբերի, 2020
Մարզահամերգային համալիրը ֆինանսական խնդիրներ ունի. այլ ծրագրերից գումար կուղղվի դրա պահպանությանը  |hetq.am|

Մարզահամերգային համալիրը ֆինանսական խնդիրներ ունի. այլ ծրագրերից գումար կուղղվի դրա պահպանությանը |hetq.am|

hetq.am: Պետական գույքի կառավարման կոմիտեն նախատեսում է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի այլ ծրագրերի համար նախատեսված գումարն ուղղել համալիրի պահպանությանը։ Կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով մարզահամերգային համալիրը ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնել։ Այդ իսկ պատճառով Պետական գույքի կառավարման կոմիտեն քննարկման է ներկայացրել որոշման նախագիծ՝ առաջարկելով համալիրի սահադաշտի վերազինման համար սարքավորումների ձեռքբերման մոտ 127 միլիոն դրամն ուղղել համալիրի պահպանությանը։ Թեև սահադաշտի վերազինման համար մրցույթ էր հայտարարվել, սակայն այն հաղթած ընկերության հետ կնքվել է համաձայնագիր՝ պայմանագիրը լուծելու մասին։ Հատկացվող այդ գումարն ուղղվելու է աշխատավարձերի, էներգետիկ, պահնորդային ծառայությունների վճարման համար։ Ինչպես քննարկման ներկայացված նախագծում նշված է՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տարեկան մուտքերը 2020 թվականի նախահաշվով սահմանվել էր 407 միլիոն դրամ, որից՝ պետական բյուջեից համալիրի պահպանության դրամաշնորհի շրջանակներում՝ 183 մլն դրամ, ձեռնարկատիրական գործունեությունից՝ 224 մլն դրամ։ Ձեռնարկատիրական գործունեությունից մուտքերի մի մասը ևս ուղղվելու է համալիրի՝ որպես հանրապետական նշանակության հուշարձանի պահպանությանը։ Մարզահամերգային համալիրը, սակայն, հենց տարեսկզբից հայտնվել է ֆինանսական ծանր ռիսկային գոտում։ Նախ մարտ ամսից COVID-19 համաճարակի հետևանքով Հանրապետությունում գործող արտակարգ, այնուհետ նաև ռազմական իրավիճակով պայմանավորված ձեռնարկատիրական գործունեությունից ակնկալվող մուտքերը խիստ նվազել են։ Մասնավորապես՝ հետաձգվել կամ չեղարկվել են նախատեսված միջոցառումները, ձախողվել են ձեռք բերված գրեթե բոլոր պայմանավորվածությունները։ Միևնույն ժամանակ ռազմական դրության և համավարակային պայմաններում Մարզահամերգային համալիրն իր ամբողջ ներուժը կենտրոնացրել է պետության կարիքների հրատապ լուծում պահանջող աշխատանքերի իրականացմանը։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
17:55 - 17 դեկտեմբերի, 2020
Նախարարները ընդհանուր հայտարարի չեկան. ՀՊՏՀ ռեկտորի նշանակումը հետաձգվեց |tert.am|

Նախարարները ընդհանուր հայտարարի չեկան. ՀՊՏՀ ռեկտորի նշանակումը հետաձգվեց |tert.am|

tert.am: Կառավարությունն այսօր հետաձգեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Դիանա Ռոբերտի Գալոյանի ընտրության արդյունքները: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ մասնակցել է երկու թեկնածու, ընտրվել է Դիանա Գալոյանը: «Հետաքրքիր զուգադիպությամբ այսօր դեկտեմբերի 17-ն է և ուղիղ 5 ամիս առաջ՝ հուլիսի 17-ին, եղել են ընտրություններ՝ ըստ նախապես հայտարարված մրցույթի»,-ասաց նա: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն էլ նշեց, որ ընտրությունների հետ կապված եղել է դատական հայց. «Մասնավորապես՝ դատարանի կողմից եղել է որոշում ընտրությունների արդյունքները կասեցնել։ Ինքս խորհրդի անդամ եմ և կարծում եմ, որ այս հարցի շուրջ հավելյալ ուսումնասիրության կարիք կա։ Համաձայն եմ, որ 5 ամիսը բավականին երկար ժամկետ է, քանի որ խաթարվում է կրթական գործընթացը, սակայն մյուս կողմից դատարանի որոշումը հնարավոր է առաջիկայում այդ որոշման մեջ փոփոխություն մտցնի»,-ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում։
13:25 - 17 դեկտեմբերի, 2020
Ավարտվել է ՀՀ դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադան

Ավարտվել է ՀՀ դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադան

Ծաղկաձորում կայացել է ՀՀ դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Օլիմպիադան կազմակերպել է Հայաստանի շախմատի ակադեմիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Եզրափակիչ փուլում մեդալային տեղերի համար պայքարել են հանրապետության 8 ուժեղագույն թիմերը՝ Երևանի թիվ 130 հիմնական դպրոց, Երևանի թիվ 55 հիմնական դպրոց, Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոց, ՖՈՏՈՆ վարժարան, Երևանի թիվ 181 հիմնական դպրոց, Աշտարակի թիվ 4 հիմնական դպրոց, Երևանի թիվ 35 հիմնական դպրոց, Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց: Համառ պայքարում պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևանի թիվ 181 հիմնական դպրոցը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար գրավել են Աշտարակի թիվ 4 և Երևանի թիվ 35 դպրոցները:  1/4-րդ եզրափակիչ փուլը չհաղթահարած թիմերի անդամները միջազգային գրոսմայստերներ Սմբատ Լպուտյանի և Տիգրան Հարությունյանի հետ մրցելու հնարավորություն են ստացել:
21:33 - 16 դեկտեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավոր հատվածում նախադպրոցական կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացի կարգավորման հարցերը, հաստատությունների կողմից ներկայացված առաջարկներն ու դիտարկումները: Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով երկխոսության և դաշտի խնդիրներն ու կարիքները համակարգված ներկայացնելու համար: «Ունենք գործող լիցենզավորման կարգ, և առաջիկայում՝ օրենքի փոփոխությունից հետո, մեր առջև լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն ընդլայնելու խնդիր կա: Դա ոչ միայն նախադպրոցական կրթական ծրագիրն է, այլև ծառայությունները: Միասին պետք է որոշենք, թե ինչպիսին պետք է լինեն լիցենզավորման չափորոշիչները: Մեր հանդիպման նպատակն է, որ դուք մեզ ներկայացնենք այն առանձնահատկությունները, որոնք այս խնդրին են վերաբերում: Արդյունքները պետք են լինեն լիցենզավորման կարգի հիմնավոր փոփոխությունը, դաշտի կարգավորումը՝ առանց սահմանափակելու որակյալ ծառայությունների տրամադրումը: Միաժամանակ պետք է պետական հոգածություն և վերահսկողություն ունենանք երեխաներին ուղղված ծառայությունների նկատմամբ՝ բացառելով կասկածելի որակի և բովանդակության ծառայությունների տրամադրումը»,- ասել է նախարարի տեղակալը: Ասոցիացիայի ներկայացուցիչները խոսել են իրենց մտահոգող խնդիրների մասին, այդ թվում՝ ընթացակարգերի պարզեցման, չափանիշների վերանայման, մանկավարժական կադրերի ընտրության ու վերապատրաստման, առողջապահական նորմերի և այլնի մասին: Ժ. Անդրեասյանի խոսքով՝ նախադպրոցական կրթության չափորոշիչները ներկայումս ամբողջությամբ լրամշակվում են՝ մանկավարժական բուհերի, մասնագիտացված կառույցների ներկայացուցիչների, հոգեբանների և այլ մասնագետների ներգրավմամբ։ Չափորոշիչը բխելու է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից՝ ապահովելով հարթ անցում տարրական դպրոց։ «Խնդիրն այն է, որ ինչ ծրագիր էլ իրականացնեք, դուք պետք է ապահովեք այդ կարողունակությունները. դրանց հասնելու ճանապարհին ձեզ տրվում է մանկավարժական ազատության հնարավորությունը»,- ընդգծել է նախարարի տեղակալը: Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել, քննարկել ներկայացվող նախագիծը և հավելյալ դիտարկումների դեպքում դրանք փոխանցել ԿԳՄՍ նախարարություն, ինչի արդյունքում առաջարկները հնարավորինս հաշվի կառնվեն:
14:04 - 16 դեկտեմբերի, 2020
ԿԳՄՍ-ն նախանշել է Համաշխարհային բանկի հետ համագործակցության նոր ուղղությունները

ԿԳՄՍ-ն նախանշել է Համաշխարհային բանկի հետ համագործակցության նոր ուղղությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը տեսաhանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի հետ։ Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ։ Ողջունելով ՀԲ-ի պատվիրակությանը՝ նախարար  Դումանյանը բարձր է գնահատել բանկի հետ համագործակցությունը և ընդգծել, որ նախարարությունը շահագրգիռ է իրականացվող  ծրագրերի շարունակականությամբ և պատրաստակամ է զարգացնել այդ գործընկերությունը։ «Ցավոք, ամբողջ աշխարհում համավարակն իր բացասական ազդեցությունն ունեցավ նաև կրթական համակարգի վրա։ Բացի դրանից՝ մեր երկիրն անցավ սարսափելի պատերազմի միջով, և մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ երկրի անվտանգության և զարգացման հիմքում միանշանակ ընկած է կրթությունը։ Արցախի մշակութային ժառանգության մի զգալի հատված, դժբախտաբար, գտնվում է անմիջական վտանգի ներքո, հետևաբար մենք կարևորում ենք համամարդկային այդ արժեքների պահպանությունը, այդ թվում՝ առաջադեմ մարդկության ջանքերի շնորհիվ»,-նշել է նախարարը և շեշտել, որ բարձրագույն կրթությունն ու գիտությունն անբաժանելի են, և բնագիտական ուղղություններին հատուկ կարևորություն է տրվելու։ Վ. Դումանյանի խոսքով՝ հանրակրթության ոլորտում, որը հանդիսանում է կրթության հիմքը, բարեփոխումները ևս կշարունակվեն։  Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն Վահրամ Դումանյանին շնորհավորել է նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և փաստել, որ ՀԲ-ն տարիներ շարունակ եղել է Հայաստանի գործընկերը կրթության ոլորտում՝ սկսած վաղ մանկությունից մինչև բարձրագույն կրթության ոլորտ։ Ըստ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարի՝ համատեղ իրականացվող ծրագրերից մեկը մոտենում է ավարտին, և անհրաժեշտ է նախանշել հետագա համագործակցության ուղղությունները և առաջնահերթությունները։ Սիլվի Բոսութղոն վստահություն է հայտնել, որ Հայաստանը կարող է լավագույնս իրացնել ՏՀՏ ոլորտի իր ներուժը, մասնավորապես՝ արհեստական բանականության բնագավառում։ «Հայաստանի մարդկային ներուժն ահռելի է, և դա պետք է օգտագործել՝ ի նպաստ ՀՀ տնտեսության և հասարակության զարգացման։ Չնայած առկա բոլոր դժվարություններին՝ Հայաստանը պետք է ոտքի կանգնի, շարունակի ապրել և լիարժեք իրացնել այդ ներուժը»,- ասել է Սիլվի Բոսութղոն։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչը շնորհավորել է Հայաստանին՝ վերջերս հրապարակված մաթեմատիկայի և բնագիտության 2019 թվականի միջազգային գնահատման արդյունքների կապակցությամբ՝ նշելով, որ մեր երկիրն արձանագրել է 42 միավորային կետով բարելավում, ինչը, ըստ նրա, ահռելի առաջընթաց է։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է ՀԲ-ի հետ իրականացվող «Կրթության բարելավում» և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրերի բարեհաջող ընթացքին՝ որպես գործընկեր ընդգծելով բանկի աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմը։ Նա նաև ներկայացրել է 2021-25 թթ. կրթության ռազմավարության մշակման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Ժաննա Անդրեասյանն իր հերթին անդրադարձել է վերոնշյալ երկու ծրագրերի շրջանակում իրականացվող գործընթացներին, մասնավորապես՝ առարկայական չափորոշիչների մշակման, հետագայում դրանց ներդրման, ուսուցիչների լայնածավալ վերապատրաստման, դասագրքրեի փոփոխության և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման խնդիրներին։ Փոխնախարարը կարևորել է նախակրթարանների հիմնման, ավագ դպրոցների հիմնանորոգման, «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» միջոցով բուհերում լաբորատորիաների կազմավորման գործընթացները։ Նա նաև շեշտել է համավարակի պայմաններում մեկ այլ կարևոր համագործակցության՝ ճգնաժամային իրավիճակում նախադպրոցական ծառայությունների մոդելի գծագրման և դաստիարակների վերապատրաստման ծրագրի, ինչպես նաև մարզային 101 ուսումնական հաստատություններում, որտեղ ուսուցչի բացակայության պատճառով որևէ առարկա չի դասավանդվում, հեռաուսուցման լաբորատորիաներ ստեղծելու մասին: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հետագա աշխատանքային քննարկումների ընթացքում առավել մանրամասն և հստակ կնախանշվեն համագործակցության ուղղությունները։
12:39 - 16 դեկտեմբերի, 2020
Գրադարանավարի օրվա առթիվ մի շարք գրադարաններ և մշակութային հաստատություններ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության պատվոգրով և շնորհակալագրով

Գրադարանավարի օրվա առթիվ մի շարք գրադարաններ և մշակութային հաստատություններ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության պատվոգրով և շնորհակալագրով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով Գրադարանավարի օրվա առթիվ, ինչպես նաև արտակարգ դրության օրերին առցանց հարթակում կատարած արդյունավետ աշխատանքային գործունեության համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով պարգևատրվել են. ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հայաստանի ազգային գրադարանը (տնօրեն՝ Աննա Չուլյան), Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը» (տնօրեն՝ Ռուզան Տոնոյան), Վ. Պետրոսյանի անվան Արագածոտնի մարզային գրադարանը (տնօրեն՝ Լուսինե Կիրակոսյան), «Արմավիրի մարզային գրադարանը (տնօրեն՝ Աիդա Ղազարյան), Օ. Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանը (տնօրեն՝ Վաչե Պետրոսյան), Վ. Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանը» (տնօրեն՝ Մարիամ Համբարձումյան), Լոռու մարզային գրադարանը (տնօրեն՝ Կարինե Հակոբյան), Կոտայքի մարզային գրադարանը (տնօրեն՝ Անահիտ Խեչոյան), Շիրակի մարզային գրադարանը (տնօրեն՝ Գևորգ Ամիրյան), Սյունիքի մարզային գրադարանը (տնօրեն՝ Լիաննա Գասպարյան), Վայոց ձորի մարզային գրադարանը (տնօրեն՝ Արփինե Ավագյան), Տավուշի մարզային գրադարանը (տնօրեն՝ Անահիտ Ղուկասյան), Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը (տնօրեն՝ Հասմիկ Կարապետյան), Երևանի Աջափնյակ վարչական շրջանի «Գրադարանների կենտրոնացած համակարգ» կազմակերպությունը (տնօրեն՝ Արմինե Պետրոսյան), ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը (տնօրենի ժ/պ՝ Նունե Շահվերդյան), ՀՀ էկոնոմիկայի նախարարւթյան Նորամուծությունների և ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանը (ղեկավար՝ Լևոն Ղարիբյան), Հայաստանի պետական տնտեսագիտական համալարանի գիտական գրադարանը (ղեկավար՝ Արմինե Հովհաննիսյան), Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարանի առաջատար գրադարանավար Նաիրա Իվանյանը: Գրադարանավարի օրվա առթիվ, ինչպես նաև նախարարության հետ սերտ համագործակցության համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով պարգևատրվել են. Խամաճիկների պետական թատրոնը (գեղարվեստական ղեկավար՝ Աննա Էլբակյան), Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնը (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Բայանդուրյան), Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը (գեղարվեստական ղեկավար՝ Կարեն Ներսիսյան), «Գեղարեգ» կրթամշակութային երիտասարդական հասարակական կազմակերպությունը (նախագահ՝ Գրիգոր Դաշտոյան):
21:09 - 15 դեկտեմբերի, 2020
Երեք մեդալ՝ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում. ԿԳՄՍՆ

Երեք մեդալ՝ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ  դեկտեմբերի 7-14-ը տեղի է ունեցել ֆիզիկայի միջազգային օլիմպիադան: Օլիմպիադան պետք է ամռանը տեղի ունենար Վիլնյուս քաղաքում, սակայն COVID-19 համաճարակի պատճառով այս տարի այն անցկացվել է առցանց: Օլիմպիադային մասնակցել է 52 երկրի 250 աշակերտ։ Հայաստանը ներկայացել է հինգ մասնակիցներով, որոնք Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի սաներ են: Օլիմպիադայի արդյունքներով 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Գյոլեցյանն արժանացել է ոսկե, իսկ Հակոբ Չախոյանն ու Ռուբեն Կարախանյանը՝ բրոնզե մեդալների: Ի դեպ, Արտաշես Գյոլեցյանը հոկտեմբեր ամսին ոսկե մեդալի էր արժանացել նաև աստղագիտության միջազգային օլիմպիադայում: ՀՀ թիմը ղեկավարել է Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի ուսուցիչ Բիլոր Կուրղինյանը: Նշենք նաև, որ սա ֆիզիկայի միջազգային օլիմպիադաներում ձեռք բերած երկրորդ ոսկե մեդալն է։
20:21 - 14 դեկտեմբերի, 2020
Շրջանառության մեջ է դրվել երեք նոր նամականիշ․ գումարը կուղղվի հուշարձանների վերականգնմանը
 |armtimes.com|

Շրջանառության մեջ է դրվել երեք նոր նամականիշ․ գումարը կուղղվի հուշարձանների վերականգնմանը |armtimes.com|

armtimes.com: Սույն թվականի նոյեմբերի 30-ից շրջանառության է դրվել երեք նամականիշ՝ նվիրված « Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային: Նամականիշների վրա պատկերված են վերականգնման ենթակա երեք պատմամշակութային հուշարձաններ, Վայոց ձորի մարզում գտնվող Ագարակաձորի կամուրջը եւ Շիրակի մարզում գտնվող Մարմարաշեն եւ Երերույք տաճարն ու Մարմարաշեն վանքը։ Նամականիշերի վաճառքից ստացված հասույթը, փոխանցվելու է Հայաստանի բոլոր հուշարձանների վերկանգմնան եւ ամրակայման համար։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Հայփոստ» ՓԲ ընկերության ու Հայաստանի ֆիլատելիստների միության համագործակցությամբ։ Նույն նպատակով հետագայում նաեւ բացիկներ են թողարկվելու։ Այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը։ Փոխնախարարը նշեց, որ նամականիշների վրա պատկերված հուշարձանների ընտրությունը շատ մեծ դժվարությամբ են կատարել, քանի որ Հայաստանում հուշարձանները շատ-շատ են ու բոլորն էլ փառահեղ։ «Մեզ այդ հարցում օգնել է հուշարձանագետ, երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը։ Հուշարձաններն ընտրել ենք հետեւյալ տրամաբանությամբ, որպեսզի ե՛ւ հոգեւոր կառույցներ լինեն ե՛ւ քաղաքացիական, այնտեղ դուք տեսնում եք Վայոց ձորում Ագարակաձորի կամուրջը։ Երեք նկարները, որոնք հրապարակվել են նամականիշերի վրա, շարունակական են լինելու։ Հետագայում սրանց փոխարեն կընտրենք նոր խմբաքանակներ»,-ասաց նա։ Փոխնախարարը նաեւ նկատեց՝ վերոնշյալ հուշարձաններն ընտրելիս հաշվի է առնվել մի քանի կարեւոր հանգամանքներ, առաջնայիններից է, թե օրինակ, որոնք են առավել վտանգվածների թվում։ «Այս երեք հուշարձաններն էլ ունեն ամրակայման, վերականգման խնդիրներ, Մարմաշենի վանքի վերականգման նախագծին արդեն արված է, իսկ Երերույքինն ընթացքի մեջ է, Ագարակաձորինը դեռ ոչ։ Առաջին երկուսի ամրակայման համար նախագծման աշխատանքներում 8 միլիոն դրամ շահել է Երերույքը, 7 միլիոն 900 հազար էլ Մարմաշենը։ Կարելի է ասել սրանց գումարը կա, իսկ նամականիշի միջոցով ստացված հասույթն էլ կծառայեցվի այլ՝ ամրակայման կարիք ունեցողների համար,- հայտնեց նա։ Ըստ Խաչատուրյանի՝ ացելությունները այս երեք մշակութային վայրեր ավելի քիչ են, այնինչ կարող են զբոսաշրջային մեծ երթուղիներ ապահովել։ Այս հարցը եւս դիտարկվել է, հուշարձաններն ընտրելիս։ «Միջազգային հուշարձանային հասցեներում եւս սրանք կան, այսինքն Եվրոպան սրանք ճանաչում է, աշխարհը ծանոթ է, բայց մենք պիտի կյանքի կոչենք դրանց գործունեությունը»,- շեշտեց փոխնախարարը։ Իսկ ինչ վերաբերում է նամականիշերին եւ ընդհանրապես նման ձեւով մշակութային կոթողներին գումար հատկացնելուն, փոխնախարարը նկատեց՝ պետությունը տարեկան գումար է հատկացնում բյուջեից, սակայն այդ գումարը միշտ չէ որ բավարարում է։ Այս ձեւով կարծես օգնում են ու պետությանը բեռը թեկուզ աննշան, բայց թեթեւացնում է։ Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։
21:40 - 11 դեկտեմբերի, 2020
Հայաստանի կրթական բարեփոխումների համար հաստատվել է GPE հետազոտական դրամաշնորհը

Հայաստանի կրթական բարեփոխումների համար հաստատվել է GPE հետազոտական դրամաշնորհը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2018 թ․-ից քայլեր է ձեռնարկել համագործակցելու «Գլոբալ գործընկերությունը կրթության ոլորտում» («Global Partnership for Education» (GPE)) միջազգային կազմակերպության հետ, որը զարգացող երկրներում կրթական համակարգերի ամրապնդման գործընթացն ակտիվորեն  խթանող կառույց է: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:  GPE-ի ծրագրի նպատակն է նպաստել հանրակրթության ոլորտի զարգացման քաղաքականության իրականացմանը՝ համախմբելով միջազգային գործընկեր կառույցներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և մասնավոր հիմնադրամներին: GPE-ի առաջին փուլի դրամաշնորհային ծրագրին մասնակցելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ձևավորվել է տեղական կրթական խումբ, որի կազմում ընդգրկվել են նախարարության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մանկավարժական ասոցիացիաների և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ: GPE-ի ծրագրի ընթացակարգի համաձայն՝ տեղական կրթական խմբի կողմից մասնակցային հիմունքներով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամն ընտրվել է որպես ծրագրային հայտի դրամաշնորհի գործակալ, իսկ Ասիական զարգացման բանկը՝ համակարգող գործակալություն: Նախորդ ամիսներին ԿԳՄՍ նախարարությունը հաջողությամբ կազմակերպել է GPE-ի ծրագրի առաջին փուլի՝ հանրակրթության ոլորտի զարգացման պլանի և ճանապարհային քարտեզի դրամաշնորհին (Education Sector Plan Development Grants) դիմելու բոլոր աշխատանքները: Ծրագրային հայտը ներկայացրել է GPE կազմակերպությանը և ստացել վերջինիս հաստատումը՝ 522695 ԱՄՆ դոլար ֆինանսական աջակցություն: Այդ դրամաշնորհի շրջանակում 2021 թ․-ին դրամաշնորհի գործակալի կողմից միջազգային և տեղական փորձագետների ներգրավմամբ կիրականացվեն հանրակրթության ոլորտի արդիական խնդիրների հետազոտություններ, որոնք էապես կբարելավեն հանրակրթության ոլորտում ներկայումս մշակվող Հայաստանի Հանրապետության կրթության ռազմավարության հանրակրթության ոլորտի գործողությունների հասցեականությունը: Համաձայն GPE ընթացակարգերի՝ այս հետազոտական դրամաշնորհի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն է ստանում հետազոտական փուլից հետո դիմելու GPE ծրագրի 2-րդ փուլին («Education Sector Plan Implementation Grants» - ESPIG) և դրա շրջանակում GPE-ի կողմից ակնկալելու մինչև 5 մլն ԱՄՆ դոլար ֆինանսական անհատույց աջակցություն՝ 1-ին փուլի հետազոտությունների արդյունքներով արձանագրված խնդիրները 2022 թվականից լուծելու համար: Ինչպես նշում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, GPE-ի դրամաշնորհը կարևոր է ինչպես հանրակրթության բարեփոխումներին հավելյալ ռեսուրսների ներգրավման, այնպես և առաջնահերթաբար այդ բարեփոխումների շուրջ հանրային երկխոսության և մասնակցության ինստիտուցիոնալացման համար: «Մենք լիահույս ենք, որ տեղական կրթական խումբը կհանդիսանա հանրակրթության բարեփոխումների շուրջ շարունակական երկխոսության և համագործակցության կարևորագույն ձևաչափ և հարթակ ոչ միայն GPE-ի այս ծրագրի համար, այլև առհասարակ կրթական բարեփոխումներին մասնակցային գործընթացի ապահովման ընդհանուր շրջանակում»,- փաստում է Արթուր Մարտիրոսյանը:
10:41 - 11 դեկտեմբերի, 2020
Վահրամ Դումանյանը կարևորել է Հայաստանում ամերիկյան համալսարանի գործունեությունը

Վահրամ Դումանյանը կարևորել է Հայաստանում ամերիկյան համալսարանի գործունեությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանում ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:  Օրակարգում ՀՀ կառավարության և Հայաստանում ամերիկյան համալսարանի միջև համագործակցությամբ իրականացվող ծրագրերի, հետագա գործունեությանն ու առաջիկայում նախատեսվող նախագծերին վերաբերող հարցերն էին: Նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Հայաստանում համալսարանի գործունեությունը, ինչը, ըստ նախարարի, ստեղծում է մարդկային կարողություն՝ աշխատաշուկայի կարիքներին համապատասխան, և նպաստում է երկրի տնտեսության զարգացմանը: «Հատկապես կարևորում եմ մեր համագործակցությունը հայկական տեխնոլոգիական ուսումնասիրությունների և զարգացումների համատեքստում: Մենք մեծ նշանակություն ենք տալիս արհեստական բանականությանը վերաբերող նորարարություններին: Այս թեման պարբերաբար քննարկվում է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ»,- ասել է նախարարը: Հայաստանում ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իրենք իրականացնում են տարբեր ծրագրեր՝ երկրի համար առաջնահերթություններ գտնելու և այդպիսով կառավարությանն աջակցելու նպատակով: Նա ևս կարևորել է արհեստական բանականության ոլորտի զարգացումը: Նախարար Վ. Դումանյանը և համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսն անդրադարձել են նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ կարևորելով համալսարանի արձագանքը դրա վերաբերյալ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
18:25 - 10 դեկտեմբերի, 2020