ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Վազգեն Մանուկյանը կանչվել է ՔԿ՝ հարցաքննության
 |armenpress.am|

Վազգեն Մանուկյանը կանչվել է ՔԿ՝ հարցաքննության |armenpress.am|

armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը: «ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 12.02.2021թ. և 20.02.2021թ. Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից, իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,- ասաց Եգանյանը: Վազգեն Մանուկյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվել է 04.03.2021թ.՝ ժամը 11:00-ին, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման ծանոթացման և մեղադրանքի շուրջ հարցաքննության համար վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին: Այսօր ավելի վաղ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ տեղեկացրել էր, որ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր ՔԿ-ից ստացել է ծանուցագիր:  
20:05 - 03 մարտի, 2021
ՔԿ-ն վարույթ է ընդունել «Ազատության» լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքով հարուցված քրգործը

ՔԿ-ն վարույթ է ընդունել «Ազատության» լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքով հարուցված քրգործը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում պարզելու «Ազատություն» լրատվական կենտրոնի՝ լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2021 թ. փետրվարի 23-ին Երևան քաղաքի Թումանյան-Սայաթ-Նովա և Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկների հատվածում հավաքի մասնակից մի խումբ անձինք հարձակվել են «Ազատություն» լրատվական կենտրոնի նկարահանող խմբի՝ օպերատորի և լրագրողի վրա, հարվածներ հասցրել նրանց, ինչպես նաև վնասել տեսախցիկը, որի հետևանքով վերջիններս չեն կարողացել լուսաբանել տեղի ունեցող իրադարձությունները, և այդ կերպ խոչընդոտվել է նրանց օրինական մասնագիտական գործունեությունը: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով, որը 2021 թ.մարտի 2-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Կատարվում է նախաքննություն:
19:30 - 03 մարտի, 2021
Վարույթ է ընդունվել դպրոցի տնօրենի կողմից առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը

Վարույթ է ընդունվել դպրոցի տնօրենի կողմից առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը

Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել Ն. Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի տնօրենի կողմից առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է. «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Ն. Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի տնօրենի կողմից առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի հանգամանքները: Նախնական տվյալներով՝ Էրեբունի վարչական շրջանում գտնվող, Ն.Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի տնօրենը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն վերադարձած և 2019թ. ռուսերեն ուսուցմամբ 4-րդ դասարան ընդունված աշակերտին 2020թ. հայերեն ուսուցման 5-րդ դասարան չտեղափոխելու դիմաց 2020թ. օգոստոս ամսին նույն աշակերտի համադասարանցու ծնողի միջոցով աշակերտի ծնողից որպես կաշառք պահանջել է զգալի չափերի՝ ընդհանուր 145.575 ՀՀ դրամ գումարին համարժեք 300 ԱՄՆ դոլար գումար, որի փոխարեն վերջինս կաշառք տալու միջնորդ հանդիսացած ծնողին է փոխանցել ընդհանուր 150.000 ՀՀ դրամ գումար: Այնուհետև, 2021թ. փետրվարի 16-ին նույն դպրոցի տնօրենը, կաշառք տվող ծնողին իր աշխատասենյակ հրավիրելով և հայտնելով, որ պահանջված 300 ԱՄՆ դոլարից իրեն է փոխանցվել ընդամենը 100 ԱՄՆ դոլար, պահանջել է 104.984 ՀՀ դրամ գումարին համարժեք 200 ԱՄՆ դոլար գումար: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 2-րդ մասով, 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 1-ին մասով և 313-րդ հոդվածի (կաշառքի միջնորդությունը) 1-ին մասով: 2021թ. մարտի 2-ին քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում»:
18:40 - 02 մարտի, 2021
ՔԿ-ն և «Երևանի Գլաձոր» համալսարանի կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոնը համաձայնագիր ստորագրեցին

ՔԿ-ն և «Երևանի Գլաձոր» համալսարանի կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոնը համաձայնագիր ստորագրեցին

ՀՀ քննչական կոմիտեի և «Երևանի Գլաձոր» համալսարանի կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոնի միջև այսօր՝ փետրվարի 23-ին, Քննչական կոմիտեում ստորագրվեց համաձայնագիր:   Փաստաթուղթն ստորագրեցին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և «Երևանի Գլաձոր» համալսարանի կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոնի տնօրեն, համալսարանի հիմնադիր, ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը:   Համաձայնագրով կողմերի միջև համագործակցության հիմքեր կստեղծվեն, ինչպես նաև կամրագրվեն իրականացվելիք համատեղ աշխատանքները:   Քննչական կոմիտեի նախագահը, կարևորելով համաձայնագրի ստորագրումը, նշեց, որ այն հիմք կհանդիսանա կառույցների միջև սերտ համագործակցություն ձևավորելու գործում՝ միաժամանակ ընդգծելով ուսումնական հաստատությունում քրեագիտություն առարկայի դասավանդման առանցքային դերը:   «Որպեսզի անձը լավ քննիչ համարվի, չափազանց կարևոր է, որ նրա մոտ կրիմինալիստիկական գիտելիքները լինեն բարձր մակարդակի վրա»,- ասել է Հայկ Գրիգորյանը:   Իր հերթին Ժորա Ջհանգիրյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության համար, նշեց. «Գլաձոր» համալսարանում կրիմինալիստիկայի կենտրոնի բացումը ուներ մեկ նպատակ՝ նպաստել Հայաստանի Հանրապետությունում արդարադատության իրականացմանը»:   Անդրադարձ կատարվեց նաև նախաքննության ընթացքում նշանակվող փորձաքննությունների կազմակերպմանը:   Նախաքննության փուլում փորձաքննությունների կատարման ժամկետների հարցը շարունակում է մնալ օրակարգային, արդիական և պահանջում է համալիր լուծում և համաձայնագրի ստորագրումը ևս մեկ քայլ է՝ քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկված և իրականացվող քայլերի շարքում: Փաստաթղթի ստորագրումը նպատակ է հետապնդում՝ բարձրացնելու նախաքննության ընթացքում նշանակվող փորձաքննությունների ինչպես որակը, այնպես էլ՝ դրանց իրականացման գործընթացի արդյունավետությունը, ինչպես նաև՝ կանխելու նախաքննության ժամկետների անհարկի ձգձգումը:   Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է նաև մասնագիտական ոլորտում փորձի փոխանակում՝ ճանաչողական այցերի, խորհրդատվությունների, կլոր սեղանների և գիտաժողովների անցկացման միջոցով, երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող գիտագործնական, ինչպես նաև՝ մասնագիտական և կազմակերպական բնույթի այլ ուղղություններով։
19:21 - 23 փետրվարի, 2021
Ուսումնական հաստատության տնօրենը կաշառք է պահանջել․ ոստիկանության նոր բացահայտումը

Ուսումնական հաստատության տնօրենը կաշառք է պահանջել․ ոստիկանության նոր բացահայտումը

Ոստիկանության Էրեբունու բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի պետական հանրակրթական ուսումնական հաստատության պաշտոնատար անձ հանդիսացող տնօրենը, իր լիազորությունների շրջանակում կաշառք տվող անձի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ սահմանված նորմատիվ ակտերի խախտմամբ ՌԴ-ից Հայաստան մշտական բնակության վերադարձած և, ըստ նախնական պայմանավորվածության, 2019 թվականին ռուսերեն ուսուցմամբ 4-րդ դասարան ընդունված, Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշակերտին, արդեն 2020 թվականին հայերեն ուսուցման 5-րդ դասարան չտեղափոխելու համար, 2020 թվականի օգոստոսին նույն աշակերտի համադասարանցու ծնողի միջոցով որպես կաշառք պահանջել է զգալի չափերի՝ 300 ԱՄՆ դոլար։ Այնուհետև 2021 թվականի փետրվարի 16-ին ուսումնական հաստատության տնօրենը կաշառք տված ծնողին իր աշխատասենյակ հրավիրելով և հայտնելով, որ 300 դոլարից իրեն փոխանցվել է ընդամենը 100-ը, պահանջել է 200 դոլար։ Իսկ երկու օր անց՝ փետրվարի 18-ին, իր աշխատասենյակում հրաժարվել է վերցնել պահանջած 200 դոլարը՝ պատճառաբանելով, որ մյուս ծնողն արդեն իսկ կարգավորել է խնդիրը։ Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի շրջանակներում՝ նույն օրը ուսումնական հաստատության տնօրենի աշխատասենյակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթեր, ընդհանուր 5300 դոլար և 165 հազար դրամ անհայտ ծագման գումար, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլն։ Տնօրենը բերման է ենթարկվել ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական  հանցագործությունների դեմ պայքարի վարչություն, որտեղ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։
17:00 - 22 փետրվարի, 2021
Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4 մլն դրամ գրավ

Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4 մլն դրամ գրավ

 2021 թ. փետրվարի 18-ին Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել   4 մլն  ՀՀ դրամ գրավ: Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն:ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև Սյունիքի մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրության արդյունքում  քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից ս.թ. փետրվարի 17-ին որոշում է կայացվել` Մեղրի համայնքի ղեկավարին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, այն բանի համար, որ վերջինս, 2008թ. նոյեմբերի 13-ից մինչ օրս զբաղեցնելով նախ Սյունիքի մարզի Ագարակ համայնքի, ապա՝ 2016թ. սեպտեմբերի 24-ից՝ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը, օժտված լինելով օրենքով սահմանված դեպքերում և կարգով ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու և վերացնելու իրավասությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:  Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ագարակ քաղաքի բնակչուհին, հաղթելով Ագարակի համայնքապետարանի կողմից հայտարարված և 16.02.2007թ. տեղի ունեցած մրցույթում,  վարձակալության իրավունքով, տարեկան 18000 ՀՀ դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով ձեռք է բերել Ագարակ համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0,02 հա մակերեսով հողատարածքը: Ագարակ համայնքի ղեկավարի՝ 28.11.2007թ. որոշմամբ՝ վերոնշյալ բնակչուհուն թույլատրվել է վարձակալության տրամադրված հողատարածքը ենթավարձակալության տրամադրել երրորդ անձի: Նույն օրը Ագարակի բնակչուհու և ՓԲ ընկերության միջև կնքվել է հողի ենթավարձակալության պայմանագիր, որի համաձայն՝ Ագարակի բնակչուհին ամսական 50000 ՀՀ դրամ (տարեկան 600. 000 ՀՀ դրամ) վարձավճարով վերոնշյալ հողատարածքը ենթավարձակալությամբ տրամադրել է ՓԲ ընկերությանը, որն էլ նշված հողատարածքում ապօրինի կառուցել է շարժական կապի բջջային կայան: Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ նշված հողատարածքը վարձակալության վճարը բազմակի անգամ գերազանցող գումարի դիմաց ՓԲ ընկերությանը ենթավարձակալության տրամադրելու պայմանագրով օգտագործվում է ոչ իր գործառնական նշանակությամբ, համայնքի և քաղաքացու միջև կնքված վարձակալության պայմանագիրը միակողմանի խզելու փոխարեն, 2009թ. ապրիլի 1-ին համայնքի անունից Ագարակի բնակչուհու հետ կնքել է համաձայնագիր, ըստ որի՝ վերջինիս վարձակալած հողատարածքի վարձավճարը փոփոխվել և տարեկան 18000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 300000 ՀՀ  դրամ, իսկ 2011թ. հուլիսի 27-ին, իր կողմից կայացված որոշմամբ, համայնքի բնակչուհին տուգանվել է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ հողամասի նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու պարտավորությունը խախտելու համար: Արդյունքում' 2008թ. նոյեմբերի 13-ից մինչև 2021թ. հունվարն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե 7.350. ООО ՀՀ դրամի փոխարեն վճարվել է 3. 657. 500 ՀՀ դրամ՝ առաջացնելով ծանր հետևանքներ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:46 - 18 փետրվարի, 2021
Տարոն Մարգարյանին, Արման Սահակյանին և այլ նախկին պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Տարոն Մարգարյանին, Արման Սահակյանին և այլ նախկին պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Տարոն Մարգարյանը, 2009թ. հուլիսի 6-ից մինչև 2011թ. նոյեմբերի 15-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի, իսկ 2011թ. նոյեմբերի 15-ից մինչև 2018թ. հուլիսի 9-ը՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ունենալով քաղաքապետարանի աշխատանքները ղեկավարելու և կազմակերպելու, սահմանված կարգով Երևանի վարչական սահմաններում գտնվող գեոդեզիական կետերի և սահմանանիշերի պահպանությունն ապահովելու, ինչպես նաև իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելու և Երևանի սեփականություն համարվող գույքը տնօրինելու լիազորություններ, 2011թ. սեպտեմբերից մինչև 2014թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Մասնավորապես, Երևանի նախկին քաղաքապետը, նպատակ ունենալով Երևան քաղաքի որոշ դպրոցների կողմից զբաղեցրած հողատարածքներից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախաձեռնել է դպրոցների զբաղեցրած հողամասերի սահմանները վերաճշտելու գործընթաց և հանձնարարել քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին և աշխատակիցներին՝ թողարկել դպրոցների հողատարածքների նոր հատակագիծ: Վերջինիս հանձնարարությամբ՝ 2011թ. Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող ՊՈԱԿ-ի պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների զբաղեցրած 13.172 քմ հողատարածքից անհիմն նվազեցվել է 3693,12 քմ. մակերեսով հողատարածք, որից 3569,8 քմ. մակերեսով հողատարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով, միջնորդավորված եղանակով, օտարվել է վերջինիս սանիկին և նույն ՊՈԱԿ-ի տնօրենի ամուսնուն: Այնուհետև, 2012 թվականին, Ավանեսովի փողոցում գտնվող՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող ՀՈԱԿ-ի զբաղեցրած հողատարածքից անհիմն նվազեցվել է 580,63 քմ. մակերեսով հողատարածք, որից 575 քմ. մակերեսով հողատարածքը քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարվել է Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, նշված ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին, իսկ 2014թ. նույն ՀՈԱԿ-ի կողմից զբաղեցրած հողատարածքից կրկին անհիմն նվազեցվել է 863,34 քմ. մակերեսով հողատարածք, որը քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով կրկին ձեռք է բերել Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, ՀՈԱԿ-ի տնօրենի հայրը՝ դպրոցներին զրկելով փաստացի իրենց ամրակցված հողատարածքներն ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից, ինչպես նաև պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառելով էական վնաս: Հետագայում, 575 քմ. և 863,34 քմ. մակերեսով օտարված հողատարածքները, Երևանի քաղաքապետի որոշմամբ, որպես հասարակական կառուցապատման հողատարածք, միացվել են ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին պատկանող մեկ հասցեում: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նույն քրեական գործով բացահայտված մեկ այլ նույնաբնույթ դեպքով, մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանին ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է:
18:53 - 18 փետրվարի, 2021
Կառուցապատող ընկերության տնօրենին և նրա ծանոթին առաջադրվել է առանձնապես խոշոր խարդախության մեղադրանք

Կառուցապատող ընկերության տնօրենին և նրա ծանոթին առաջադրվել է առանձնապես խոշոր խարդախության մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են բազմաբնակարան շենքերի կառուցմամբ զբաղվող բաց բաժնետիրական ընկերության տնօրենի և նրա ծանոթի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերոնշյալ ընկերության տնօրենը, որը 2011թ. Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում սկսել էր բազմաբնակարան շենքերի կառուցում, շենքերի ընդհանուր 250-270 քմ մակերեսով եվրոպատուհանները տեղադրելու հարցում պայմանավորվածություն է ձեռք բերել եվրոպատուհանների արտադրությամբ և տեղադրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ, որի հետ ծանոթացել էր իր ծանոթի՝ Երևանի 34-ամյա բնակչի միջոցով, որը միևնույն ժամանակ հանդիսանում է ՍՊ ընկերության տնօրենի որդու մտերիմ ընկերը: «Պայմանավորվածության արդյունքում ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից կատարվել է ընդհանուր 25 հազար ԱՄՆ դոլարին համարժեք արժողությամբ պատուհանների տեղադրումը, սակայն ԲԲ ընկերության տնօրենը, չկարողանալով կանխիկ վճարել մատուցված ծառայությունների դիմաց, 2016թ. ապրիլից շինարարական աշխատանքները դադարեցնելուց հետո, 34-ամյա ծանոթի հետ, խմբի կազմում, ՍՊ ընկերության տնօրենից առանձնապես խոշոր չափերի գումարը խարդախությամբ հափշտակելու և վաճառքի ենթակա բնակարանը 34-ամյա տղամարդու անվամբ ձևակերպելու դիտավորությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել՝ հավելյալ 20.000 ԱՄՆ դոլար վճարի դիմաց Ֆուչիկի փողոցում գտնվող կիսակառույց շենքերից մեկում նրան տրամադրել 21.687.300 ՀՀ դրամին համարժեք 45.000 ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:  Պայմանավորվածության համաձայն՝ 2016թ-ի ապրիլի 5-ին ԲԲ ընկերության տնօրենի և ՍՊ ընկերության տնօրենի կնոջ միջև կնքվել է առքուվաճառքի նախնական պայմանգիր, որից անմիջապես հետո իր գրասենյակում ԲԲ ընկերության տնօրենը ՍՊ ընկերության տնօրենից առձեռն ստացել է 9.638.800 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլարը` պարտավորվելով մինչև նույն թվականի մայիսի 31-ը տրամադրել բնակարանի սեփականության իրավունքի վկայականը: ՔԷննչական կոմիտեից նաև հայտնում են, որ, շարունակելով իրենց հանցավոր մտադրությունը, 2016թ. ապրիլից մինչև 2018թ. մայիսն ընկած ժամանակահատվածում տարբեր պատճառաբանություններով ձգձգելով սեփականության իրավունքի վկայականի տրամադրումը, բնակարանի ներքին հարդարման աշխատանքները կատարելու պատրվակով ԲԲ ընկերության տնօրենը և ծանոթը ՍՊ ընկերության տնօրենից պահանջել և մաս-մաս ստացել են ևս 12.000 ԱՄՆ դոլար գումար: Այնուհետև 34-ամյա տղամարդու կողմից անձամբ բնակարանի սեփականաշնորհմամբ զբաղվելու պատրվակով վերջինիս միջոցով վերցրել են առուվաճառքի նախնական պայմանագրի բնօրինակը` ՍՊ ընկերության տնօրենին և կնոջը զրկելով բնակարանը ձեռք բերելու հնարավորությունից, որը շուկայականից անհամեմատ էժան գնով` 4.443.410.00 ՀՀ դրամով, 2019թ. հոկտեմբերի 9-ին գնվել է 34-ամյա տղամարդու կողմից։ Այդպիսով ամուսիններին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բազմաբնակարան շենքերի կառուցմամբ զբաղվող ԲԲ ընկերության տնօրենին և նրա 34-ամյա ծանոթին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
19:04 - 16 փետրվարի, 2021
1 անձ կալանավորվել է փախստականի կարգավիճակ ունեցող Արցախի բնակիչներից գումարներ հափշտակելու մեղադրանքով

1 անձ կալանավորվել է փախստականի կարգավիճակ ունեցող Արցախի բնակիչներից գումարներ հափշտակելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող Արցախի բնակիչներից խարդախությամբ տարբեր չափերի գումարների հափշտակության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: «Փաստի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը և խարդախության կատարման մեխանիզմը:Քննությամբ պարզվել է, որ երկու անձինք օգտվելով պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության բնակիչների անօթևան մնալու և փախստականի կարգավիճակ ձեռք բերելու հանգամանքից, ՀՀ կառավարության կողմից փախստականների համար նախատեսված համապատասխան ծրագրի շրջանակներում բնակարան հատկացնելու գործընթացը կազմակերպելու, այդ նպատակով մուծումներ կատարելու և այլ խնդիրներ կարգավորելու պատրվակով, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ուրիշին պատկանող  գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող և ներկայումս Հայաստանի Հանրապետությունում  փախստականի կարգավիճակ ունեցող անձանցից խարդախությամբ հափշտակել են տարբեր չափերի գումարներ:Մասնավորապես՝ իրենց մտադրությունն իրագործելու նպատակով նրանցից մեկը ներկայացել է որպես ՀՀ ոստիկանության  աշխատակից՝ վստահեցնելով ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյա ընկերոջ միջոցով Երևանում բնակարանների հատկացում կատարելու հնարավորությունների մասին և համապատասխան վճարումներ կատարելու, կեղծ վճարային փաստաթղթեր, սեփականաշնորհման վկայականներ կազմելու, տրամադրելու պատրվակով նրանցից պահանջել 6 000 000, 3 000 000, 4 475 000 ՀՀ դրամ և 1000 ԱՄՆ դոլար գումար։ Նշված անձանցից, որպես կանխավճար, սկզբում ստացել են տարբեր չափերի գումարներ՝ ներկայացնելով կանխավճարի վերաբերյալ կեղծ վճարային փաստաթղթեր, կեղծ անդորրագրեր, հատկացվելիք բնակարանի սեփականաշնորհման կեղծ վկայական՝ վստահեցնելով, որ սեղմ ժամկետում կիրականացվի բնակարանի հատկացումը։ Այնուհետև՝ համապատասխան վճարումները կատարելու պատրվակով հերթական հանդիպումների ժամանակ ստացել են նաև պահանջված գումարների մյուս մասը, իսկ հաջորդող օրերին տարբեր պատճառաբանություններով խուսափել հետագա հանդիպումներից։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով,  34-178-րդ հոդվածի (խարդախության փորձ) 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով (2 դրվագ): Միջնորդություն  է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Հանցավոր խմբի մյուս անդամին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ:Նախաքննությունը շարունակվում է:
12:29 - 15 փետրվարի, 2021
Հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության անգործության համար

Հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության անգործության համար

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊԲ հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 4-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար:   Մասնավորապես՝ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին ՀՀ Կառավարության թիվ 1586-Ն որոշման համաձայն ռազմական դրություն պայմաններում, զբաղեցնելով ՊԲ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 11.10.2020 թ․ պաշտպանության բանակի հրամանատարի գաղտնի հրամանի համաձայն պարտավոր լինելով նույն օրը Հադրութի շրջանի 9-րդ կիլոմետր կոչվող տեղամասում դիմավորել և իր հրամանատարության ներքո ընդունել ՊԲ N զորամասի թվով 72 զինծառայողներին, ցուցաբերել է իշխանության անգործություն․ անձամբ չի դիմավորել, ինչպես նաև՝ չի կազմակերպել անձնակազմի դիմավորումը և հետագա մարտական խնդրի առաջադրումը, ինչի հետևանքով անձնակազմն իրենց տեղափոխող մեքենաներով նշված օրը՝ կեսօրին, հայտնվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղի վարչական տարածքում, որտեղ հակառակորդի ռմբակոծության և դիվերսիոն գործողությունների հետևանքով մի շարք զինծառայողներ զոհվել են, իսկ մյուսների վերաբերյալ մինչ օրս տեղեկություններ չկան:   Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:   Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
19:17 - 13 փետրվարի, 2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կատարված առերևույթ չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի, երկուսը ձերբակալվել են

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կատարված առերևույթ չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի, երկուսը ձերբակալվել են

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կատարված առերևույթ չարաշահումների մի շարք հանգամանքներ: Քննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ պաշտպանված բնակարաններ և փոքր տներ ձեռք բերելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՍՊ ընկերության միջև 2019 թ. դեկտեմբերի 19-ին կնքվել է պայմանագիր, որի համաձայն ընկերությունը պարտավորվել է նախարարությանը մատակարարել պայմանագով սահմանված տեխնիկական բնութագրով նախատեսված ապրանք, իսկ նախարարությունը պարտավորվել է ընդունել ապրանքը և վճարել դրա դիմաց: Արձանագրվել է, որ ձեռք բերվելիք առանձնատները պետք է պիտանի լինեն բնակության համար, որի վերաբերյալ վերոհիշյալ նախարարության գնումների և տնտեսական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի կողմից տրվել է առանց ամսաթվի թվագրման պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող դրական կեղծ եզրակացություն, ըստ որի՝ մատակարարված ապրանքը իր տեխնիկական չափորոշիչներով համապատասխանել է գնման ընթացակարգով սահմանված չափորոշիչներին, սակայն ձեռք բերված առանձնատներն ունեցել են վերանորոգման կարիք և պիտանի չեն եղել բնակության համար:    Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նախարարության գնումների և տնտեսական հարցերի բաժնի գլխավոր մասնագետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով: Քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2021 թ. փետրվարի 11-ին, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դրդչության կասկածանքով, ձերբակալվել են նաև նախարարության գնումների համակարգման և տնտեսական հարցերի բաժնի պետը և կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդականը: Նախաքննությունը շարունակվում է:
16:34 - 12 փետրվարի, 2021
ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել 2020թ. գործունեության ամփոփմանը նվիրված կոլեգիայի ընդլայնված նիստ

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել 2020թ. գործունեության ամփոփմանը նվիրված կոլեգիայի ընդլայնված նիստ

ՀՀ քննչական կոմիտեում փետրվարի 8-ին տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։  Քննարկվել և ամփոփվել են 2020 թվականին կատարված աշխատանքների արդյունքները, վերլուծվել հանցավորության վիճակը, շարժընթացը, բացահայտումների ուղղությամբ կատարված աշխատանքները, ձեռքբերումներն ու թերացումները։  Արձանագրվել է, որ Քննչական կոմիտեի գործունեության վրա զգալի բացասական ներգործություն են ունեցել «Քովիդ-19» համավարակով պայմանավորված սահմանափակումները, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմը, որին մասնակցություն է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի 180 ծառայող: Չնայած այս ամենին, 2020թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններն ու ստորաբաժանումներն աշխատել են գերծանրաբեռնված:  Հայաստանի Հանրապետությունում նախաքննություն կատարելու իրավասությամբ օժտված քննչական մարմինների վարույթներում քննված քրեական գործերից 32.483-ը կամ շուրջ 94.3%-ը քննվել է Քննչական կոմիտեի վարույթում: Քրեական գործերով յուրաքանչյուր քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 69 քրեական գործ:  Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ և բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու որոշմամբ դատարան է ուղարկվել 3.637 քրեական գործ՝ 4.319 անձի նկատմամբ, (2019թ.՝ 3.261 քրեական գործ 4.016 անձի նկատմամբ), 7.433 քրեական գործի վարույթ կարճվել է:  2020թ. նախաքննությունն ավարտված քրեական գործերով և ոչ արդարացման հիմքով մերժված նյութերով պետությանը պատճառված 2.790.056.050 ՀՀ դրամ գույքային վնասից նախաքննության փուլում վերականգնվել է 1.024.805.677 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված 4.912.217.865 ՀՀ դրամ վնասից՝ 78.777.741 ՀՀ դրամը, ֆիզիկական անձանց պատճառված 1.805.644.081 ՀՀ դրամ վնասից՝ 634.227.058 ՀՀ դրամը:  Ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող և ավարտված հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերը:  Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում, Զինվորական քննչական գլխավոր վարչության և Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում առ այսօր հարուցվել է 82 քրեական գործ, որոնք հիմնականում միավորվել են մեկ վարույթում։  ՀՀ քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի կողմից նախաքննության առաջին իսկ օրերից Արցախի Հանրապետությունում իրականացվել և շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ։  ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ նախաքննության որակը, քննության ժամկետները բարելավելու, Քննչական կոմիտեի առանձին ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:  Ներկայացվել են նաև ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի կողմից կատարված աշխատանքները, վերլուծվել ձեռքբերումներն ու թերացումները: Նշվել է նաև, որ ՀՀ քննչական կոմիտեին 2020թ. ՀՀ պետական բյուջեով հատկացված (7,748 մլրդ դրամ) գումարից տարեվերջի կտրվածքով տնտեսվել է շուրջ 280 մլն դրամ, որն ուղղվել է ՀՀ պետական բյուջե:  ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը դեպարտամենտի ղեկավարությանը ևս հանձնարարել է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ դեպարտամենտի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:  
21:35 - 08 փետրվարի, 2021