Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Կխնդրենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. ֆրանսիացի սենատորների նախաձեռնությունը |armenpress.am|

Կխնդրենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. ֆրանսիացի սենատորների նախաձեռնությունը |armenpress.am|

armenpress.am: Հաջորդ շաբաթ Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այն ներկայացվել է սենատորներ Բրունո Ռետայոյի, Պատրիկոի Մաննեի, Էրվե Մարսելի, Ալիան Աղասսիի եւ Գիլյոմ Գոնտարդի կողմից: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի նախագիծը քննարկելու սենատորների պատրաստակամության մասին հաղորդել է ֆրանսիացի քաղաքագետ Բրունո Ռետայոն՝ ֆրանսիական խորհրդարանի վերին պալատում «Հանրապետականներ» խմբակցության ղեկավարը: «Նոյեմբերի 25-ին Սենատը կքննարկի բանաձեւի նախագիծը, որը Ֆրանսիային առաջարկում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Միայն նման անկախությունը կարող է երկար ժամանակով պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու ազատությունը, ովքեր բախվել են Թուրքիայի իսլամական էքսպանսիոնիզմին»,- գրել է նա «Թվիթեր»-ի իր էջում: Ավելի ուշ Ռետայոն զարգացրել է այդ թեման «Sud-Radio»-ին տված հարցազրույցում. «Սա առաջին անգամ է տեղի ունենում: Գործնականում 20 տարի առաջ աշխարհի բոլոր ժողովուրդներից առաջինը Ֆրանսիան ճանաչեց հայերի ցեղասպանությունը: Անկասկած է, որ նոյեմբերի 25-ին Սենատում մենք առաջին անգամ կքվեարկենք նախագծի համար, որը դատապարտում է Էրդողանի գործողությունները, ինչպես նաեւ կպահանջենք Լեռնային Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն սկսել: Սակայն առաջին հերթին մենք կխնդրենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»: Չորեքշաբթի երեկոյան Փարիզի խորհրդի որոշմամբ Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոն հանդես է եկել նույնպիսի պահանջով. «Փարիզի խորհուրդը քվեարկել է մի շարք միջոցառումների օգտին՝ հակամարտության մի քանի շաբաթից հետո Լեռնային Ղարաբաղի տուժած հայերին օգնություն ցուցաբերելու համար՝ ցանկություն հայտնելով ճանաչել Արցախի Հանրապետությունը»,- բացատրել է նա: Անուրանալի է արժեքների պահպանության գործում Ֆրանսիայի ներդրումը: Այդ երկրի մեծ թվով մտավորականներ արդեն դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Արցախի մշակութային եւ կրոնական ժառանգությունը պահպանելու համար: Արցախի ճանաչումը, սակայն, այն եզակի հնարավորություններից մեկն է, որի դեպքում հայկական արժեհամակարգի պաշտպանությունը կդրվի իրավական հիմքի վրա, եւ հայ մարդը կամրանա իր հողի վրա: Երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ի պատասխան Էմանուել Մակրոնի՝ իր իսկ երկրում ազգային քաղաքականության որոշակի միջոցառումների անցկացման վերաբերյալ որոշման, հանկարծ սկսեց վայրահաչությունն ու ողջ աշխարհի մահմեդականներին ուղղորդեց Ֆրանսիայի նախագահի դեմ, հասկանալի դարձավ, որ, ըստ էության, բացահայտվել է եվրոպական աշխարհամասի նկատմամբ թուրքական գաղտնի պլանը: Սա վկայում է ոչ թե այն մասին, որ Թուրքիան, իբր, պաշտպանում է մահմեդականներին (Ֆրանսիայում նրանք ավելի լավ են պաշտպանվել պետության կողմից), այլ ազդարարում է ի լուր ողջ աշխարհի, որ թուրք առաջնորդը մահմեդական ինչ-ինչ շրջանակների միջոցով ծրագրում է գրավել Հին աշխարհամասը եւ, հավատարիմ իր իսկ խառնվածքին, գենոցիդ իրականացնել եվրոպական ժողովուրդների նկատմամբ: Եթե Եվրոպայում մարդիկ այս գիտակցումն ունեն, բացառված չէ, որ կգնան համապատասխան քայլերի՝ Էրդողանին իրենց սահմաններից հեռու պահելու համար: Եվ այդ քայլերից մեկը կարող է լինել Արցախի Հանրապետության ճանաչումը: Շարունակությունը՝ armenpress.am-ում։
10:48 - 21 նոյեմբերի, 2020
Այս վիճակից դուրս ենք գալու բոլորիս իմաստության և զուսպ ու սթափ քայլերի միջոցով․ Էդմոն Մարուքյան

Այս վիճակից դուրս ենք գալու բոլորիս իմաստության և զուսպ ու սթափ քայլերի միջոցով․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին օրերին հանդիպումներ եմ ունեցել Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և Ֆրանաիայի արտակարգ և լիազոր դեսպանների հետ: Բոլորի հետ քննարկման առարկան եղել է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության և դրանից հետո Հայաատանում և Արցախում տեղի ունեցող գործընթացները: Բացի արտաքին քաղաքական անելիքները, այս օրերին նաև քննարկումների մեջ ենք ներքաղաքական ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելքերի փնտրտուքներով: Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել քաղաքական տարբեր ուժերի, Հայաստանի, Արցախի և սփյուռքի մտավորականության, մեդիա սեկտորի, հասարակական սեկտորի, ակադեմիական և բիզնես շրջանակների հարգարժան ներկայացուցիչների հետ: Միանշանակ է, որ այս վիճակից դուրս ենք գալու բոլորիս իմաստնության և զուսպ ու սթափ քայլերի միջոցով»:
16:36 - 20 նոյեմբերի, 2020
Ադրբեջանում առաջարկել են խզել Ֆրանսիայի հետ հարաբերությունները և վերանայել ՄԽ-ում Փարիզի համանախագահությունը |factor.am|

Ադրբեջանում առաջարկել են խզել Ֆրանսիայի հետ հարաբերությունները և վերանայել ՄԽ-ում Փարիզի համանախագահությունը |factor.am|

factor.am: Ադրբեջանում խորհրդարանի այսօրվա նիստում տրամադրությունները հակաֆրանսիական են եղել, ինչը կապված է, մասնավորապես, Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության ճանաչման բանաձևի քննարկման հետ։ Մասնավորապես, Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան ասել է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի եռակողմ հայտարարությանը շատ երկրներ են սատարել, սակայն կան նաև դժգոհողներ, իսկ Ֆրանսիային նա մեղադրել է հակամարտության սկզբից կողմնակալ վերաբերմունքի մեջ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ֆրանսիայի Սենատում առաջարկվում է բանաձև՝ կապված Ադրբեջանի տարածքում անօրինական «կառույցի» հետ։ Թվարկված փաստերը վկայում են այն մասին, որ Ֆրանսիան կողմակալ դիրքորոշում ունի։ Միջազգային իրավունքի շրջանակում դա հակասում է  Ֆրանսիայի պարտավորություններին, իսկ միջնորդի մանդատը հիմնվում է միջազգային իրավունքի վրա»,- ասել է Գաֆարովան։ Պատգամավորներից մեկն էլ առաջարկել է ընդհանրապես խզել Ֆրանսիայի հետ հարաբերությունները։ «Եթե Ֆրանսիայի Սենատը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ուրեմն պետք է խզել հարաբերությունները պաշտոնական Փարիզի հետ»,- ասել է Ֆազայիլ Աղամալին։ Նա նաև Ադրբեջանի ԱԳՆ-ին առաջարկել է հետ կանչել Ֆրանսիայում դեսպանին՝ խորհրդակցությունների համար։ Մեջլիսի միջազգային հարաբերությունների ու միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովն էլ Ֆրանսիայի հետ հարաբերությունների վերանայման կողմնակից է։ «Հաշվի առնելով Ֆրանսիայի վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ՝ գտնում եմ, որ նման վերաբերմունքը Մինսկի խմբի ներսում անթույլատրելի է։ Այդպիսի համանախագահությունն անընդունելի է նաև ադրբեջանական կողմից։ Ենթադրում եմ, որ Ադրբեջանի կառավարությունը պիտի լրջորեն վերլուծի Ֆրանսիայի կառավարության հետ կապերը»,- ասել է Սեյիդովը։ Մեկ այլ պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիևն էլ ասել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է անվստահություն ցուցաբերի Ֆրանսիայի նկատմամբ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի։ Առավել մանրամասն՝ factor.am-ում։
15:56 - 20 նոյեմբերի, 2020
Ֆրանսիայի 120 նշանավոր մտավորականներ կոչ են հղել ի պատշպանություն Հայաստանի և Արցախի

Ֆրանսիայի 120 նշանավոր մտավորականներ կոչ են հղել ի պատշպանություն Հայաստանի և Արցախի

«Le Figaro Magazine» հանդեսում հրապարակվել է ֆրանսիացի 120 նշանավոր մշակութային գործիչների և մտավորականների կոչն ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը: Կոչին միացածների թվում են աշխարհահռչակ դերասաններ Ալեն Դելոնը, Կլաուդիա Կարդինալեն, Ժան Ռենոն, Ֆանի Արդանը, Դանի Բունը, Ժուլիետ Բինոշը, Պիեռ Ռիշարը, Ժան Դյուժարդենը, ճանաչված մտավորականներ Ժակ Աթալին, Բեռնար-Անրի Լևին, համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորներ Կոստա-Գավրասը, Կլոդ Լելուշը, Միշել Հազանավիչուսը, նշանավոր հեռուստատեսային գործիչ Ստեֆան Բեռնը և աշխարհառչակ խոհարար Ալեն Դյուկասը։ «Օսմանյան կայսրության պարագլուխների կողմից ոճրագործված 1915թ․ Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց՝ հայ ժողովուրդը վերստին երկու բռնապետությունների զոհ է դարձել, քանի որ ինչպես Բաքուն, այնպես էլ Անկարան հայերի հանդեպ ատելություն են բորբոքում՝ յուրաքանչյուրն իր բացարձակ իշխանությունը մի նոր արյունալի ավարով ամրապնդելու համար։ Հայերի ճակատագիրը վայրագորեն խեղվեց Լեռնային Ղարաբաղում, որը նրանք Արցախ են անվանում։ Ավելի քան երկու հազարամյակ այս հողի վրա հեզ և հպարտ մարդիկ են ապրում, ովքեր ամուր կառչած են իրենց քարքարոտ և սքանչելի հողին։ Այդ մարդիկ ցանկանում էին իրենց գոյությունը շարունակել այն հողի վրա, որտեղ անառիկ լեռների սրտում և դառը քրտինքով մշակված հովիտներում նրանց նախնիններն են ապրել, տներ, դպրոցներ ու հրաշագեղ վանքեր կառուցել»,- ասված է կոչում: Մշակութային գործիչներն ու մտավորականները նշել են, որ մարդկային արժանապատվությունից զուրկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիան և Իլհամ Ալիևի Ադրբեջանը կատաղի հարձակում են գործել արցախահայերի դեմ՝ նրանց օրինական ձգտումը փոշիացնելու համար։ «Հայերի համար Լեռնային Ղարաբաղը նախ և առաջ ժողովուրդ է՝ իր բազմադարյա մշակույթով, երաժշտությամբ, պարարվեստով, որը ցանկանում է աշխարհի քայլքին միանալ և ազատվել իրեն պարտադրված անկլավային կարգավիճակից։ Հակադարձ կերպով Բաքվի և Անկարայի իշխանությունների համար Արցախը սոսկ տարածք է, որտեղ պետք է ամեն գնով ծածանվի Ադրբեջանի դրոշը, և այդ նպատակին ծառայեցվեցին Թուրքիայի հատուկ ջոկատայինները, հակամարտության գոտում քաղաքացիական բնակությանը ոչնչացնելու համար Թուրքիայից ուղարկված մեծաթիվ մարդասպան անօդաչու սարքերը և ջիհադիստ վարձկանները։ Արդեն իսկ ապացուցված է, որ Ադրբեջանն Արցախում կասետային ռումբեր է օգտագործել, որոնք արգելված են միջազգային իրավունքով։ Սա միանգամայն անհավասար պատերազմ է եղել»,- նշել են մտավորականները: Կոչում ասված է, որ հայերն այդ պատերազմը չեն ցանկացել, պատերազմը նրանց պարտադրվել է, և նրանք պայքար են մղել՝ հանուն իրենց գոյության, իսկ ադրբեջանական բռնապետության համար այս պատերազմը սոսկ ազգայնական փառասիրության հարց է եղել։ «Ադրբեջանի նախագահը պարզ և հստակ կերպով ի ցույց է դրել իր մտադրությունները, երբ Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի առաջին օրերին հայտարարում էր․ «Մենք դրանց շների պես կվռնդենք»։ Նա նույն այդ նախադասությունը կրկնեց Արցախի քաղաքացիական բնակչության արտաքսման պատճառ դառնալուց հետո՝ հայտարարելով, որ հպարտ է, որ իրագործել է իր զարհուրելի խոստումը։ XXI-րդ դարում մարդու հանդեպ այսօրինակ ատելությունը, ատելության նմանօրինակ պոռթկումը խորապես վրդովմունք է առաջացնում, որը բացարձակապես չի կարող տեղ գտնել ժամանակակից աշխարհում։ Ահա թե ինչու ես սատարում եմ Հայաստանին, ես սատարում եմ Արցախին»,- եզրափակել են կոչի հեղինակները:
13:51 - 20 նոյեմբերի, 2020
Ո՛չ քաղաքական իսլամին և արտաքին միջամտությանը. Մակրոնի վերջնագիրը Ֆրանսիայի մուսուլման առաջնորդներին |1lurer.am|

Ո՛չ քաղաքական իսլամին և արտաքին միջամտությանը. Մակրոնի վերջնագիրը Ֆրանսիայի մուսուլման առաջնորդներին |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի մահմեդական հավատքի խորհրդին առաջարկել է 15 օրվա ընթացքում ընդունել հանրապետական ​​արժեքների կանոնադրությունը, ներառյալ կրոնի խիստ տարանջատումը պետությունից և դպրոցից, որը հատուկ պատրաստել է ֆրանսիական կառավարությունը իսլամական ծայրահեղականությունը զսպելու շրջանակում՝ գրում է BBC-ն: Ֆրանսիայի մահմեդական առաջնորդները համաձայնել են ստեղծել Իմամների ազգային խորհուրդ, որի անդամները պաշտոնական հավատարմագրում կստանան քարոզելու համար: Պայմանների խախտման դեպքում այս հավատարմագրումը կարող է չեղյալ համարվել: Կանոնադրությունում ասվում է, որ իսլամը կրոն է, այլ ոչ թե քաղաքական շարժում: Արգելում է նաև ցանկացած արտաքին միջամտություն մահմեդական համայնքների գործունեությանը:
11:29 - 20 նոյեմբերի, 2020
Մարսելի քաղաքային խորհուրդը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը. Մասիս Մայիլյան

Մարսելի քաղաքային խորհուրդը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը. Մասիս Մայիլյան

Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձեւ, որում, մասնավորապես, իր մտահոգությունը հայտնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը: «Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձեւ, որում, մասնավորապես, իր մտահոգությունը հայտնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը միջազգային հանրության հետ մեկտեղ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը՝ տարածաշջանում վերջնական տեւական խաղաղություն հաստատելու եւ Արցախի բնակչության պաշտպանությունն ապահովելու նպատակով»,- նշել է Մայիլյանը:
09:33 - 20 նոյեմբերի, 2020
Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լե Դրիանը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում


 |armenpress.am|

Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լե Դրիանը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լե Դրիանը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում: Ինչպես փոխանցում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Լավրովը և Լե Դրիանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը, միջնորդական ջանքերը, որոնք գործադրել է Ռուսաստանը՝ հակամարտության գոտում ռազմական բոլոր գործողությունների եւ կրակի լիարժեք դադարեցման համար: «Նախարարներն ընդգծել են նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների իրականացումն ապահովելու կարևորությունը: Այդ նպատակով հատուկ նշանակություն է ստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի, ՄԱԿ ԶԾ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը: Լավրովը պարզաբանել է ռուս խաղաղապահների մասնակցության պարամետրերը, ինչպես նաև Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործառույթները: Նախարարները համաձայնել են, որ ներկայումս հիմնական առաջնահերթություններն են ներքին տեղահանվածների ու փախստականների անվտանգ վերադարձի, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակումը, մարդասիրական աջակցության ցուցաբերումն ու քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը: Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի երկարաժամկետ և լիաֆորմատ կարգավորմանն ուղղված հետագա քայլերի մասին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համաձայնեցված սկզբունքների հիման վրա եւ ելնելով ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների հավասար շահերից»,- ասված է հաղորդագրության մեջ:  
22:07 - 19 նոյեմբերի, 2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:Զարուհի Բաթոյանը ներկայացրել է պատերազմական գործողությունների ողջ ընթացքում իրականացված աշխատանքները, ինչպես նաև՝ մատնանշել ստեղծված իրավիճակում սոցիալական առաջնային կարիքները. «Արդեն հաջորդ շաբաթ կմեկնարկի միանվագ դրամական աջակցության ծրագիրը, որը նախատեսված է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների համար: Կառավարությունն այս օրերին  քննարկում է նաև Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման, քաղաքացիական ենթակառուցվածքների, Արցախի բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի ծրագրերը: Բացի այդ՝ մշակվել է պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը»,- ասել է նախարար Բաթոյանը: Դեսպան Լաքոտը շնորհակալություն է հայտնել այս ծանր ժամանակահատվածում հանդիպման կազմակերպման համար. «Ուզում եմ ևս մեկ անգամ ուղղակի փաստել, որ Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի կողքին է: Մեր համակրանքը և համերաշխությունն եմ հայտնում հայ ժողովրդին: Ակնհայտ է, որ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, իր անմիջական ազդեցությունն է ունենում նաև Հայաստանի բնակչության վրա: Սա բավականին ծանր է ոչ միայն Հայաստանի կառավարության և մասնավորապես Ձեր նախարարության համար, այլև շարքային քաղաքացիների, ովքեր հյուրընկալել են ռազմական գործողությունների հետևանքով իրենց տները լքած մարդկանց: Այս համատեքստում Ֆրանսիան պատրաստվում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Հայաստանին և հայ ժողովրդին»,- հանդիպման ընթացքում ասել է դեսպան Լաքոտը: Դեսպանը մանրամասնել է, որ խոսքը կարճաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրերի մասին է՝ հաշվի առնելով նաև պատերազմի մնայուն հետևանքները:
19:56 - 19 նոյեմբերի, 2020
Փարիզի քաղաքային խորհուրդն Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձև է ընդունել

Փարիզի քաղաքային խորհուրդն Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձև է ընդունել

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Փարիզի քաղաքային խորհուրդն Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձև է ընդունել: Բանաձևում նշված է. Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ճանաչումը պահանջող Ֆրանսիայի Տեղական ինքնակառավարման մարմինների ՏԻՄ ներկայացուցիչների, ներառյալ՝ տարբեր քաղաքական կուսակցություններին հարող մի խումբ խորհրդարանականների հանձնառու համախմբումը, ովքեր 2020թ. հոկտեմբերի 19-ին Ազգային ժողով «Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևի» առաջարկ են ներկայացրել, Հաշվի առնելով մայրաքաղաք Փարիզի 9-րդ քաղաքային շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլիի, «Առաջադիմականներ և Անկախներ» խմբակցության անդամներ Պիեռ-Իվ Բուրնազելի, Ալեքսի Գովցյանի և «Մոդեմ, Ժողովրդավարներ և Բնապահպաններ» խմբակցության անդամ Մոդ Լըլիևրի Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ համատեղ կոչը, որը վերջիններս որոշեցին միացնել Փարիզի քաղաքային խորհրդի ընդհանուր սույն կոչին, Հաշվի առնելով, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի քաղաքական ու ռազմական աջակցությամբ և Սիրիայից ջիհադիստ գրոհայինների ներգրավվածությամբ, ռազմական հարձակում սանձազերծեց, Հաշվի առնելով, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի օդային հարվածներից Լեռնային Ղարաբաղում վիրավորվել և զոհվել են մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ, Ստեփանակերտի քաղաքային ենթակառուցվածքների 80%-ը, այդ թվում՝ կրթական և առողջապահական հաստատությունները մեծամասամբ ավերվել են, և որ այլ բնակավայրերում ևս առկա են բազմաթիվ ավերածություններ և տուժածներ, Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական աղետալի իրավիճակը և մեծաթիվ զոհերի առկայությունը, Հաշվի առնելով, որ, չնայած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր դրանք անհապաղ դադարեցնելու Ֆրանսիայի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ և հակամարտության միջնորդ երկրի կոչերին՝ իրավիճակն էլ ավելի վատթարացավ, և որ մի քանի անգամ հրադադարի ռեժիմ հայտարարվեց, որոնք բոլորն էլ խախտվեցին հայտարարվելուց մեկ ժամվա ընթացքում, Հաշվի առնելով նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո ստորագրված վերջնական զինադադարը, որին Ֆրանսիան մասնակից չի դարձվել և որտեղ ուժի հաղթանակը գերիշխեց երկխոսության հաղթանակին: Հաշվի առնելով, որ այս հրադադարով մարտնչող երկու կողմերի զինված ուժերը կանգ են առնում տվյալ օրվա դրությամբ իրենց կողմից զբաղեցրած դիրքերում՝ ի վնաս հայ ժողովրդի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, Հաշվի առնելով, որ, չնայած ռուսական խաղաղախահ ուժերի տեղակայմանը, վտանգված է Լեռնային Ղարաբաղի գոյության հարցը, Հաշվի առնելով, որ Փարիզի քաղաքապետը ռազմական գործողությունների ընթացքում բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ կոչ անելով դրանք դադարեցնել և վերահաստատելով Փարիզի քաղաքային իշխանությունների աջակցությունը հայ ժողովրդին, որտեղ էլ նա բնակվի, Հաշվի առնելով մայրաքաղաք Փարիզի և հայ ժողովրդի միջև վաղեմի և անսասան բարեկամական հարաբերությունները, որոնց մասին Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան իշխանություններին վերահաստատվեց նաև մեր գործընկեր, փոխքաղաքապետ Անուշ Թորանյանի մակարդակով, ով մարտական գործողությունների թեժ ժամանակամիջոցում ուղեկցում էր Հայկական բարեգործական ընդհանուր միության - ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի դիտորդական առաքելությանը, Հաշվի առնելով, որ մայրաքաղաք Փարիզն ավանդաբար օգնություն է ցուցաբերում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին զոհ դարձած բնակչությանը, և որ առկա է մարդասիրական աղետալի իրավիճակի մասին ահազանգելու անհրաժեշտություն, Հաշվի առնելով, որ մայրաքաղաք Երևանը Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (ՖՔՄԱ-AIMF) անդամ է, Հաշվի առնելով, որ մայրաքաղաք Փարիզի քաղաքային իշխանությունների համար մեծապես կարևորվում է Լեռնային Ղարաբաղի բնակիչներին աջակցության տրամադրումը, Փարիզի քաղաքապետարանի Գործադիր մարմնի, «Միասնական Փարիզ», «Կոմունիստ և Քաղաքացի», «Փարիզի բնապահպաններ», «Սերունդներ», «Անկախներ և Առաջադիմականներ», «Փոխել Փարիզը», «Մոդեմ», «Ժողովրդավարներ և Բնապահպաններ» խմբակցությունների առաջարկով, Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում.- որպեսզի Փարիզի քաղաքապետը նամակով դիմի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին՝ կոչ անելով Ֆրանսիային ճանաչել Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ),- որպեսզի Ֆրանսիայի կառավարությունը, վերացնելով Ֆրանսիայի ՏԻՄ-երի առջև դրված Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերություններ հաստատելու արգելքը, մարդասիրական օգնության համատեքստում նրանց արտոնի համագործակցել Լեռնային Ղարաբաղի հետ,- որպեսզի Փարիզի քաղաքային իշխանությունները տեղական օպերատորի միջոցով կարողանան շտապ մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ հնարավորինս հասցեագրված օգնություն հատկացնելով հակամարտությունից տուժած բնակչությանը,- որպեսզի Փարիզի քաղաքային իշխանությունները 50,000 եվրոյի չափով ֆինանսական օժանդակություն ցուցաբերեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և տեղահանվածներին, ովքեր ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում։ Այս օգնությունը, որը տրամադրվում է Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի միջոցով, գումարվում է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (ՖՔՄԱ-AIMF) միջոցով Փարիզի գործընկեր և ՖՔՄԱ-ի անդամ մայրաքաղաք Երևանին նախապես տրամադրված 50,000 եվրոյի օժանդակությանը։
21:00 - 18 նոյեմբերի, 2020
Ձևավորվել է Ֆրանսիայից Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը համակարգող հանձնախումբ |armenpress.am|

Ձևավորվել է Ֆրանսիայից Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը համակարգող հանձնախումբ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, «Ազնավուր» հիմնադրամը և ՀԲԸՄ Ֆրանսիան հայտարարում են արտակարգ մարդասիրական օգնության տրամադրման գործընթացը համակարգող հանձնախմբի ստեղծման մասին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ազնավուր» հիմնադրամը: Հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին` հաստատելու Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և Արցախին հրադադարի հաստատումից հետո: Հանրապետության նախագահության հրավերով հանդիպմանը մասնակցել են հետևյալ բարեգործական կազմակերպությունները՝ Ֆրանսիայի հայկական հիմնադրամ (ի դեմս հիմնադրամի նախագահ Բեդրոս Թերզյանի); «Ազնավուր» հիմնադրամ (ի դեմս Հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրի) և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիա (ի դեմս Միության նախագահ Նադյա Գործունյանի): Հանդիպմանը ներկա էին նաև Յուրի Ջորկաեֆը, Նիկոլա Ազնավուրը, Անդրե Մանուկյանը և Ստեֆան Հասբանյանը: Երկրի ղեկավարը այս առիթով վերահաստատել է Ֆրանսիայի և Հայաստանի «պատմական բարեկամությունը»: «Այս դժվարին ժամանակներում Ֆրանսիան ամուր կանգնած է Հայաստանի կողքին»,- շեշտել է Մակրոնը: Դեպի Հայաստան բժշկական առաքելություն ուղարկելուց բացի, Մակրոնը նաև հայտարարել է Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելու և առողջապահության ոլորտում ֆրանս-հայկական համագործակցությունը զարգացնելու մասին: Հանդիպման ընթացքում բոլոր հյուրերը կարևորել են Արցախի Հանրապետության ճանաչումը՝ որպես տևական խաղաղություն հաստատելու և իր նախնիների հողում հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու առհավատչյա: Նրանք նշել են նաև Արցախում մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հրատապության մասին, ինչպես նաև կարևորել Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությունը մարդասիրական օգնության տրամադրման հարցում: Հանդիպման ավարտին Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությանը կից ճգնաժամերի հաղթահարման և աջակցության կենտրոնի հետ միասին կազմավորվել է աշխատանքային խումբ` սատարելու Հայաստանին աջակցող բարեգործական կազմակերպությունների նախաձեռնությունները: Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, «Ազնավուր» հիմնադրամը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), համագործակցելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և նախագահի աշխատակազմի հետ, հայտարարում են արտակարգ հանձնախմբի ստեղծման մասին, որը կզբաղվի Ֆրանսիայից Հայաստան ուղարկվող մարդասիրական և բժշկական օգնության համակարգման հարցերով: Միավորումը պատրաստ է համագործակցել բոլոր այն բարեգործական կազմակերպությունների հետ, որոնք ցանկանում են աջակցել պատերազմի արդյունքում տեղահանված բնակչությանը, որ բախվել է բազմաթիվ հրատապ կարիքների: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել ՀԲԸՄ Ֆրանսիա հետևյալ էլեկտրոնային հասցեով ՝ [email protected]:    
12:42 - 18 նոյեմբերի, 2020
Ֆրանսիայի 15 քաղաքապետեր ճանաչել են ԼՂՀ-ն և կառավարությանն ու այլ երկրներին ճանաչելու կոչ արել |armenpress.am|

Ֆրանսիայի 15 քաղաքապետեր ճանաչել են ԼՂՀ-ն և կառավարությանն ու այլ երկրներին ճանաչելու կոչ արել |armenpress.am|

armenpress.am:  Ֆրանսիայի 15 քաղաքապետեր հայտարարությամբ ճանաչել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ֆրանսիայի կառավարությանը և միջազգային հանրությանն այն նույնպես ճանաչելու կոչ արել։ Ստորև ներկայացված է հայտարարության և կոչի ոչ պաշտոնական թարգմանությունը։   «2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը կրկին բորբոքեց 1994թ․-ից ի վեր անկայուն հրադադարով սառեցված Ղարաբաղյան հակամարտությունը՝ լայնամասշտաբ և աննախադեպ ուժգնությամբ հարձակում սկսելով ինքնորոշված հանրապետության դեմ: Ադրբեջանական բանակը, որի կազմում ներգրավված էին Սիրիայում ջիհադիստական խմբերում ծառայած վարձկաններ, մարդասիրական ճգնաժամ առաջացրեց Լեռնային Ղարաբաղում (Արցախում), որն ուղեկցվեց զինված հակամարտության միջազգային կոնվենցիաների լուրջ խախտումներով: Ռմբակոծվել են ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտը, այնպես էլ սահմանամերձ համայնքները: Այդ ռմբակոծությունների զոհ են դարձել բազմաթիվ խաղաղ բնակիչներ և արտաքսման ենթարկվել հազարավոր արցախցիներ: Նոյեմբերի 10-ի կեսգիշերին՝ 44-օրյա արյունալի մարտերից հետո, Ռուսաստանի իշխանությունների հովանու ներքո ստորագրված հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ մտավ՝ ֆիքսելով հակամարտության կողմերի դիրքերը: Չնայած, որ այդ համաձայնագրի վերջնական դրույթներն ամենևին էլ գոհացուցիչ չեն, դրանք օգնում են առնվազն փրկել կյանքեր երկու կողմերից: Տարածքային կորուստները, այնուամենայնիվ, կարող են հանգեցնել ծայրահեղ վատ իրավիճակի՝ Արցախի բազմահազարամյա ժառանգության, 4-րդ, 8-րդ կամ 10-րդ դարի նրա հարյուրավոր վանքերի և եկեղեցիների պահպանման հարցում... Այդ առումով, Արցախի երկրորդ քաղաք Շուշիի անկումը հղի է Արցախի ժողովրդին սեփական պատմական հիշողությունից զրկելու վտանգով՝ նկատի առնելով բոլոր աննախադեպ ավերումները, որ իրականացվել են քաղաքում, այդ թվում` վերջերս վերանորոգված Ղազանչեցոց եկեղեցու նկատմամբ: Այսուհետ, մեր պարտքն է այլևս չթաքնվել զգուշավոր չեզոքության հետևում, ինչը նշանակում է հավանություն տալ ադրբեջանական ագրեսիային։ Մենք պետք է վերահաստատենք մեր ողջ զորակցությունը բարեկամ ժողովրդին՝ սատարելով հայ բնակչության վերադարձին իրենց պապենական հողեր: *** 1991թ․ սեպտեմբերի 2-ին իր անկախության հռչակումից ի վեր, որը ամրագրվել է 1991թ․ դեկտեմբերի 10-ին լայնորեն կողմ քվեարկած ինքնորոշման հանրաքվեով, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը սեփական ժողովրդի համար մշտապես երաշխավորել է ինստիտուցիոնալ կայունություն՝ երբևէ չվիճարկված ժողովրդավարական հիմքերով, տարածքային ամբողջականություն և պաշտպանություն, ինչպես նաև տնտեսական և մշակութային բարգավաճում: Ամբողջացնելով միջազգային հանրային իրավունքով ընդունված պետության բոլոր բաղադրիչները՝ տարածք, բնակչություն, ինքնիշխանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախը) այսուհետ պետք է համարվի, որպես այդպիսին, իրավունքի սուբյեկտ՝ օժտված ինքնիշխանությամբ, որն օրինականորեն մարմնավորում է Արցախի ժողովրդին: Արցախի պետության տարածքում համախմբված ժողովուրդը արմատապես կապված է իր նախնիների հողին, ընդհանուր լեզվով, միասնական պատմությամբ, ժառանգած մշակույթով և դավանած կրոնով: Հաշվի առնելով այս որոշիչ տարրերը` Արցախի անկախությունը մեզ ավելի քան երբևէ թվում է իրավական առումով ուժեղ, օրինական և արդար:   Ֆրանսիան, որը հավասարակշռված քաղաքականություն վարող գերտերություն է, հազարամյա բարեկամական կապեր ունի Հայաստանի հետ և ավելի քան 100 տարուց ի վեր պատմական և համընդհանուր պատասխանատվություն է կրում այն ցեղասպանության նկատմամբ, որի զոհ դարձավ հայ ժողովուրդը 1915 թ․-ին: Այս բարեկամությունն իր արտահայտումն է գտնում այն հարաբերություններում, որոնք երկար տարիներ ի վեր գոյություն ունեն մեր քաղաքների ու շրջանների և Հայաստանի կամ Արցախի համայնքների միջև: Հետևաբար, մենք՝ այս կոչը ստորագրած քաղաքապետերս և տեղական ընտրված ներկայացուցիչներս, ճանաչելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը՝ հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, որպես նրա բնակիչների անվտանգության երաշխավորման և դեռևս Արցախին սպառնացող էթնիկական զտումների կանխարգելման միակ արդյունավետ միջոց, այսօր կոչ ենք անում միջազգային հանրությանն այս ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ: Այս ամենից ելնելով՝ մենք առաջին հերթին հորդորում ենք Ֆրանսիայի կառավարությանը դուրս գալ իր բարեհաճ չեզոքությունից՝ ճանաչելով Արցախը, և աջակցել Հարավային Կովկասում արդար և կայուն իրավիճակի հաստատմանն ուղղված խաղաղ գործընթացին, որը կհարգի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները՝ հանդիսանալով տրամաբանական և արդյունավետ քայլ դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորում»,- ասվում է Ֆրանսիայի 15 քաղաքապետերի հայտարարության մեջ: Հայտարարությունն առաջինն ստորագրել են.  - Նիկոլա Դարագոնը, Վալանսի (Դրոմ) քաղաքապետ,- Լորանս Ֆոտրան, Դեսինի քաղաքապետ (Ռոն),- Թիերի Կովակսը, Վիենի քաղաքապետ (Իզեր),- Էրվե Ռեյնոն, Սոն Շամոնի քաղաքապետ (Լուար),- Ֆիլիպ Մարինին, Կոմպիեյնի քաղաքապետ (Ուազ),- Ռիշար Մալիեն, Բուկ-Բել-Էրի քաղաքապետ (Բուշ-դյու-Ռոն),- Միշել Ամիելը, Լե Պեն-Միրաբոյի քաղաքապետ (Բուշ-դյու-Ռոն),- Ժան-Ժակ Գիյեն, Շավիյի քաղաքապետ (Օ-դը-Սեն),- Լյուկ Կարվունասը, Ալֆորվիլի քաղաքապետ (Օ-դը-Սեն),- Մոդ Տալեն, Շան-սյուղ-Մաղնի քաղաքապետ (Սեն-է-Մաղն),- Մարի-Էլեն Թողավալը, Ռոման-սյուղ-Իզեղի քաղաքապետ (Դրոմ),- Մարլեն Մուրիեն, Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետ (Դրոմ),- Նատալի Նիեզոնը, Բուրգ-դը-Պեաժի քաղաքապետ (Դրոմ),- Կրիստիան Գոտիեն, Շատյուզանժ-լը-Գուբե քաղաքապետ (Դրոմ),- Սիլվի Գոշեն, Գիլերան-Գրանժի քաղաքապետ (Արդեշ)։
20:43 - 17 նոյեմբերի, 2020
ԱՄՆ-ը և Ֆրանսիան Ռուսաստանից ավելի մեծ հստակություն են ակնկալում Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանների վերաբերյալ
 |azatutyun.am|

ԱՄՆ-ը և Ֆրանսիան Ռուսաստանից ավելի մեծ հստակություն են ակնկալում Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանների վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ռուսաստանից ավելի մեծ հստակություն են ակնկալում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման պայմանների, ինչպես նաև այդ համաձայնության մեջ Թուրքիայի դերի վերաբերյալ: Այս մասին երկուշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները: Փարիզում պետքարտուղար Մայք Փոմփեոյի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի բանակցությունների թեմաների վերաբերյալ հարցին ամերիկացի դիվանագետներն արձագանքել են. - «Նրանք շատ են խոսել Լեռնային Ղարաբաղի մասին: Որպես երկու [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահողներ, նրանք [Ֆրանսիան] կիսում են նույն կարծիքը, ինչ մենք՝ մենք հավատարիմ ենք մնում Մինսկի խմբի [խաղաղ] գործընթացում համանախագահների դերին»: Ըստ Պետդեպարտամենտի պաշտոնյաների, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները «ճանաչել են Ռուսաստանի կողմից ձեռնարկված գործողությունները, որոնք հանգեցրել են զինադադարի, որը, փաստորեն, տևում է մոտ մեկ շաբաթ, բայց նաև խոստովանել են, որ դեռ շատ հարցեր կան, որոնք Ռուսաստանից հստակություն են պահանջում այս համաձայնագրի պարամետրերի վերաբերյալ՝ ներառյալ Թուրքիայի դերի և այլն, [իրավիճակի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ] ստանալու համար»:
10:43 - 17 նոյեմբերի, 2020