ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը

Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում  է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի մեկնարկի մասին: Ծրագրին կարող են դիմել զորակոչի ենթակա տղաներն ու այն երիտասարդ կանայք, որոնք ունեն ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտի առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են միանալ ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերին՝ կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։ Տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ 6 և 12-ամսյա անվճար դասընթացին կմասնակցեն թեստավորման և հարցազրույցի փուլերը հաղթահարած դիմորդները։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը։ Առցանց քննության և հարցազրույցի փուլերը հաղթահարած բոլոր դիմորդները կսկսեն ուսուցումը 2021 թվականի հունվարին:
22:52 - 25 նոյեմբերի, 2020
Պետք է բարեփոխենք մտածողությունը մեր ձևակերպած նպատակներին հասնելու համար. վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

Պետք է բարեփոխենք մտածողությունը մեր ձևակերպած նպատակներին հասնելու համար. վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին: Կառավարութան ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և արդյունավետ գործունեություն մաղթել Վահրամ Դումանյանին: «Հարգելի գործընկերներ, մենք շատ ենք խոսում երկրում ինստիտուտների կայացվածության աստիճանի մասին, և իմ համոզմունքն այն է, որ մեր բոլոր պրոբլեմները կապ ունեն ինստիտուտների կայացվածության աստիճանի հետ: Բայց նաև կարևոր եմ համարում, որպեսզի մենք ամենևին չանտեսենք մտածողությունը՝ որպես ինստիտուտ: Կարծում եմ նաև, որ մենք այս հարցն ընդհանուր առմամբ պետք է քննենք, հասկանանք, պատկերացնենք, թե ինչ մտածողությամբ ենք առաջնորդվում, այդ ինստիտուտն ինչքանով է համապատասխանում մեր կարիքներին, պահանջներին և շահերին, և, իհարկե, ինչպիսի՞ բարեփոխումների պետք է ենթարկվի մտածողությունը, որպեսզի կարողանանք հասնել այն նպատակներին, որոնք ձևակերպում ենք», - իր խոսքում նշել է երկրի վարչապետը: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարության թիմին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ կառույցը՝ որպես ինստիտուտ, ձևավորվել է և գտնվում է աշխատանքային լավ վիճակում: Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում, Covid-ի ժամանակ ստեղծված իրավիճակին արձագանքը եղել է համապատասխան, և դա տեղի է ունեցել այս գերատեսչությունում աշխատող մարդկանց շնորհիվ: Ա Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին նախարարության գործունեությանը ցուցաբերած աջակցության համար և նշել. «Այն բարեփոխումները, որոնք սկսվել են նախարարությունում, իրենց բարերար և դրական ազդեցությունն են ունենալու ներհայաստանյան հարաբերություններում, մեր տնտեսության վրա, միջազգային հարաբերություններում մեր դիրքի վրա: Եվ, իմ կարծիքով, այն լավ հիմքերը, որ դրվել են, պետք է, շարունակական լինեն»: ԿԳՄՍ նախկին նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել կուտակած փորձը և տեղեկատվությունը փոխանցել նորանշանակ նախարարին՝ ի աջակցություն բարեփոխումների գործընթացի: Իր հերթին ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար՝ նշելով. «Լիովին պատասխանատու ձևով ես համաձայնվել եմ ընդունել առաջարկը և զգացված եմ վստահության համար: Պատրաստ եմ ուժերիս ներածի ողջ ծավալով նվիրվել մեր պետությանը, մեր երկրին և այս ոլորտում անել առավելագույնը»: Նա շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին համագործակցության պատրաստակամության համար: Հանդիպման ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություններ է մաղթել գործընկերներին հետագա աշխատանքային գործունեության մեջ:
18:48 - 24 նոյեմբերի, 2020
Սահմանամերձ 9 դպրոց կստանա պետական դրամաշնորհ՝ անվտանգության պայմանների բարելավման համար

Սահմանամերձ 9 դպրոց կստանա պետական դրամաշնորհ՝ անվտանգության պայմանների բարելավման համար

ՀՀ Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ 9 համայնքների դպրոցներ ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ապահով դպրոց» ծրագրի շրջանակում ստացել են դրամաշնորհ՝ անվտանգության ենթակառուցվածքների բարելավման, այդ թվում՝ ապաստարանների բարեկարգման, անվտանգության պատի կառուցման և այլ նպատակներով, տեղեկացնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։«Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման իրականացման նպատակով հայտարարված դրամաշնորհի մրցույթին դիմած 13 դպրոցից 9-ը հաղթող է ճանաչվել։ Գեղարքունիքի մարզի Արտանիշի միջնակարգ դպրոցՍյունիքի մարզի Մուցքի հիմնական դպրոցՏավուշի մարզի Այգեպարի միջնակարգ դպրոցՏավուշի մարզի Մովսես գեղի Պ. Ավալյանի անվան միջնակարգ դպրոցՏավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցՏավուշի մարզի Ոսկեպարի Հ. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցՏավուշի մարզի Ն. Ծաղկավանի միջնակարգ դպրոցՏավուշի մարզի Վազաշենի միջնակարգ դպրոցՏավուշի մարզի Սևքարի միջնակարգ դպրոց։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ կնքված պայմանագրերի շրջանակում հաստատությունները սահմանված ժամկետներում կիրականացնեն աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումները։ Աշխատանքների իրականացման համար յուրաքանչյուր դպրոց կստանա առավելագույնը 2 մլն 372.200 դրամ։ «Ապահով դպրոց» ծրագիրը մեկնարկել է անցյալ տարվանից. 2019 թվականին հանրապետության 6 դպրոցների անվտանգության պայմանների բարելավման նպատակով պետական  միջոցներից տրամադրվել է 13 մլն 589.800 դրամ։ 2020 թվականի ՀՀ պետական բյուջեով նույն նպատակի համար նախատեսվել է ավելի քան 23 մլն դրամ /նախնական ծրագրով դրամաշնորհ պետք է ստանար 10 դպրոց, սակայն մրցույթի պայմանները բավարարել է 9-ը/։ Ծրագիրը շարունակվելու է նաև 2021 թվականին։ «Ապահով դպրոց» ծրագրի նպատակն է աջակցել մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման գործողություններին՝ օժանդակելով հանրակրթական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման  պլանների և արտակարգ իրավիճակներում գործելու  բարելավմանը։
15:46 - 24 նոյեմբերի, 2020
Կարևորագույն նախապայմաններ կան զարգացման համար. ԿԳՄՍ նախկին նախարարի անդրադարձը ոլորտին

Կարևորագույն նախապայմաններ կան զարգացման համար. ԿԳՄՍ նախկին նախարարի անդրադարձը ոլորտին

ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր որոշում է կայացվել փոփոխություն կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում և նախարար նշանակել Վահրամ Դումանյանին: Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ մեծ թիմի անդամներին, որոնց ջանքերի շնորհիվ լուրջ բարեփոխումներ են մեկնարկել շատ ոլորտներում, մյուսների համար դրվել են լուրջ հիմքեր, իսկ արդյունքները տեսանելի կլինեն առաջիկա տարիներին: Շնորհակալություն եմ հայտնում նրանց խիզախության, դժվար բարեփոխումների հարցում համբերատար առաջ գնալու համար: Կրթության ոլորտում տասնամյակներով ձևավորված կարծրատիպերը և մոլորությունները միայն խոչընդոտում են զարգացմանը և պետք է փոխարինվեն կոնկրետ լուծումներով, որքան էլ որ դրանք առաջին հայացքից բարդ թվան; Պետք է արձանագրել, որ`-Ուսուցիչները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա, -Ստեղծագործողները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա, -Մարզիկները ձերբազատվել են տարբեր խմբերից ունեցած ավանդական կախվածությունից, -Գիտությունը նախորդ տարիների համեմատ ավելի մեծ ուշադրության չի արժանացել, որքան հիմա: Ահա այս ամենը կարևորագույն նախապայմաններ են զարգացման համար: Շնորհակակություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը միշտ աջակցել է մեր ոլորտի բարեփոխումներին: Իմ գործունեության 2,5 տարվա արդյունքներին դեռ կանդրադառնամ առաջիկայում: Առաջիկա օրերին զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից, այդ թվում` մամուլին»:
19:15 - 23 նոյեմբերի, 2020
Տարրական դասարանների շուրջ 100 հազար երեխա կստանա սննդի փաթեթներ

Տարրական դասարանների շուրջ 100 հազար երեխա կստանա սննդի փաթեթներ

ՀՀ կառավարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը սննդի փաթեթներ կտրամադրեն տարրական դասարանների շուրջ 100 հազար երեխայի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Նշվում է, որ սա պայմանավորված այն հանգամանքով, որ կորոնավիրուսի պատճառով դպրոցների խոհանոցներն ու ճաշանները շարունակում են փակ մնալ: Համագործակցելով ՀՀ կառավարության հետ` Պարենի համաշխարհային ծրագիրը վերակազմակերպել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որ երեխաները հնարավորություն ունենան ամենօրյա սննդարար կերակուրներ ստանալ տանը՝ մինչև դպրոցների խոհանոցների և ճաշարանների վերաբացումը ու սննդի ապահովման վերսկսումը։ ՊՀԾ-ն Հայաստանի ամբողջ տարածքում առողջարար սննդի փաթեթներ կտրամադրի տարրական դասարանների շուրջ 50 հազար երեխայի` «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը: Ծրագրի աստիճանաբար ազգայնացման շրջանակում ՀՀ կառավարությունը զուգահեռաբար կաջակցի լրացուցիչ շուրջ 50 հազար դպրոցականի: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՊՀԾ-ն սննդի փաթեթները դպրոցականներին տրամադրում են 2020/21 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում։ Մեկանգամյա այս բաշխումը միտված է աջակցել ընտանիքներին՝ հոգալու երեխաների սննդային կարիքները 80 օրվա ընթացքում: Սննդի փաթեթները, որոնք տրամադրելու են ՀՀ կառավարությունը և ՊՀԾ-ն, պարունակում են հետևյալ պարենային մթերքները՝ հնդկացորեն, ոսպ, մակարոնեղեն, բրինձ, ձեթ և ցորենի ալյուր:
12:57 - 23 նոյեմբերի, 2020
Հայաստանում ֆրանսիական համալսարանը մշակել է զինվոր ուսանողներին աջակցելու ծրագրեր

Հայաստանում ֆրանսիական համալսարանը մշակել է զինվոր ուսանողներին աջակցելու ծրագրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտոր Բերտրան Վենարին։  Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպման ընթացքում Նախարարի տեղակալին ներկայացվել և քննարկվել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի ընթացիկ և առաջիկա պլանները, այդ թվում՝ առաջնահերթաբար պատերազմի հետևանքով տուժած զինվոր ուսանողներին աջակցելու գործողությունները։ Կողմերի համոզմամբ պատերազմում ներգրավված  երիտասարդների քաջության և հերոսության համար երախտագիտությունը միայն խոսքերով չէ, որ պետք է արտահայտվի, այլև կոնկրետ գործողություններով։ Այս գաղափարին միտված՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը մշակել է  զինվոր ուսանողներին քաղաքացիական կյանք և ուսումնական գործընթաց վերադարձնելու ծրագրեր, որոնցից են սոցիալական աջակցությունը, ինտեգրացված ուսուցումը՝ ուսման բացը լրացնելու համար, ինչպես նաև հոգեբանական ռեաբիլիտացիոն աշխատանքները: Նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը ողջունել է հյուրին՝ կարևորելով վերջինիս պատրաստակամությունը մեր երկրի համար շրջադարձային այս օրերում՝ աջակցելու ուսանողներին։ «Բառերն ու գործողությունները միանշանակ բավարար չեն այս երիտասարդների հերոսությունը գնահատելու համար, դրանք չեն մեղմի ընտանիքների անսպառ վիշտը․ ոմանք չէին զորակոչվել, բայց որպես կամավոր անմիջապես մեկնել էին մարտադաշտ, ծառայել վտանգի մեջ գտնվող հայրենիքին․ սա ազնվության մեծ ապացույց է, իսկ ազնվությունը ՀՖՀ-ի հիմնական արժեքներից մեկն է։ Պետք է ցույց տանք մեր խորին երախտագիտությունը․ սա  է նվազագույնը, որ կարող ենք անել»,- իր խոսքում նշել է ռեկտոր Բերտրան Վենարը։ Ընդգծելով, որ Հայաստանի համար պատմական ժամանակներ են՝ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը նշել է, որ այս փուլում կարևոր է բուհերի սոցիալական պատասխանատվությունը․ «Խնդիրներն ու ծրագրերը ընդհանրական են բոլոր բուհերի համար, որովհետև մեր ուսանողությունն ակտիվորեն մասնակցել է հայրենիքի պաշտպանության գործին: Այս առումով էլ կարևոր է  բուհերի բարձր սոցիալական պատասխանատվությունը, որով դուք ձեզ հասցեատեր եք զգում մեր երկրում ծառացած խնդիրները լուծելու առումով։ Հայրենիքի պաշտպանությանը մասնակցելը ենթադրում է քաղաքացիական մեծ պատասխանատվություն, ուստի ուսանողները ոչ մի դեպքում պետք է չտուժեն: Սա նաև հոգեբանական աջակցություն է».-եզրափակել  է Ա. Մարտիրոսյանը։ Նախարարի տեղակալը նշել է, որ ներկայումս քննարկում են պատերազմի մասնակից ուսանողներին աջակցելու  տարբեր փաթեթներ: Հանդիպման ավարտին քննարկվել են նաև մի շարք ռազմավարական նախագծեր՝ միտված Ֆրանսիական համալսարանի գործունեության հետագա ընդլայնմանը և զարգացմանը։
11:16 - 23 նոյեմբերի, 2020
Քննարկվում է դպրոցների զարգացման ծրագրի մշակման պահանջների և մեթոդաբանության նախագիծը

Քննարկվում է դպրոցների զարգացման ծրագրի մշակման պահանջների և մեթոդաբանության նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջների, մեթոդաբանության և ձևաչափի նախագիծը։ Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով պահանջվում է, որ տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար տնօրենի թեկնածուն խորհրդին ներկայացնի ուսումնական հաստատության զարգացման իր ծրագիրը, որի հիման վրա էլ  պլանավորվում է հետագա աշխատանքը։ Ծրագիրը կազմվում է 5 տարվա համար և ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝ իրավիճակի վերլուծություն, նպատակների և խնդիրների սահմանում, գործողությունների և միջոցառումների հաջորդականություն ու ժամանակացույց, պատասխանատուներ, արդյունքների գնահատման չափանիշներ, ռիսկեր, բյուջե և վերահսկողության մեխանիզմներ: Ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կառուցվածքի համապարփակ սխեմա գոյություն չունի: Յուրաքանչյուր դպրոց կարող է ցուցաբերել ինքնուրույն մոտեցում, սակայն զարգացման ծրագիրը մշակելիս ցանկալի է առաջնորդվել փոխկապակցված քայլերի հաջորդականությամբ, որը ներկայացվում է նախագծում: Ներկայում տնօրենի պաշտոնի հավակնորդները զարգացման ծրագիրը մշակում են՝ ցուցաբերելով ինքնուրույն մոտեցում, և հաճախ դրանք չեն պարունակում կամ ամբողջությամբ չեն ներկայացնում դպրոցի զարգացման այնպիսի դրույթներ, որոնք կարևոր են ուսումնական հարստատության զարգացման, գործընթացների կառավարման և ղեկավարման համար։ Երբեմն թեկնածուները օգտվում են այլ ուսումնական հաստատության համար ստեղծված զարգացման ծրագրից:  Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել նկարագրել ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը։ Զարգացման ծրագիրը տնօրենի հավակնորդից պահանջվող հիմնական փաստաթղթերից մեկն է, որի մշակման համար հավակնորդը հանդիպում է սովորողների հետ, այն ներկայացնում մանկավարժական և ծնողական խորհուրդներին՝ նրանց քվեին արժանանալու համար։ Տնօրենի ընտրվելու պարագայում զարգացման ծրագիրը դառնում է նրա գործունեության վերահսկողության գործիքը՝ հնարավորություն տալով սահմանել տարեկան կատարողական ցուցանիշներ, իսկ անբավարար արդյունքի դեպքում՝ նաև անվստահություն հայտնել գործող տնօրենին։ Ակնհայտ է, որ նման կարևոր գործիքի արդյունավետ գործարկման համար անհրաժեշտ է, որ հստակ լինեն զարգացման ծրագրի հիմնական պահանջներն ու ձևաչափը։ Հետևաբար, նախագծի ընդունումը նպատակ ունի նպաստել դպրոցների գործունեության առավել երկարաժամկետ և ռազմավարական պլանավորմանը, կանոնակարգել զարգացման ծրագրերի հանդեպ պահանջները և դրանց ձևաչափը, ինչպես նաև մեծացնել ծրագրերի արդյունավետությունը՝ ի հաշիվ հստակ կառուցվածքի և առանձնացված բաղադրիչների։ Համաձայն նախագծի՝ ծրագրի մշակման պարտադիր քայլերն են՝ հաստատության առաքելության սահմանումը, առկա իրավիճակի վերլուծությունը, դպրոցի ուժեղ և թույլ կողմերի բացահայտումը, հիմնախնդիրների ձևակերպումը, դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների նկարագրությունը, յուրաքանչյուր խնդրի իրականացման գործողությունները, դրանց պատասխանատուները, ժամկետները, ակնկալվող արդյունքները, զարգացման ծրագրի ֆինանսավորման մեխանիզմները և իրականացման ռիսկերը, դրանց ազդեցության նվազեցմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև զարգացման ծրագրի մշտադիտարկման, վերահսկողության մեխանիզմները և դրա արդյունավետության գնահատման ցուցանիշները: Քաղաքացիները և շահառու խմբերը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել մինչև դեկտեմբերի 3-ը։
12:07 - 20 նոյեմբերի, 2020
Կրթությունն այսօր վտանգված է տարածաշրջանային պատերազմների, ահաբեկչության և բռնությունների հետևանքով. ԿԳՄՍ նախարար

Կրթությունն այսօր վտանգված է տարածաշրջանային պատերազմների, ահաբեկչության և բռնությունների հետևանքով. ԿԳՄՍ նախարար

Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական առցանց համաժողովը, որը հյուրընկալել էր Բոլոնիայի գործընթացի Իտալիայի քարտուղարությունը։Կոնֆերանսի ընթացքում ընդունվել են Հռոմի նախարարական կոմյունիկեն, ակադեմիական ազատությունների մասին հայտարարությունը, ինչպես նաև ազգային իշխանություններին ուղղված խորհրդատվական առաջարկություններ դասավանդման և ուսումնառության բարելավումների վերաբերյալ։ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, իր ելույթում ընդգծելով Հայաստանի հավատարմությունը Բոլոնիայի հռչակագրի հիմնարար սկզբունքներին և արժեքներին, շեշտել է, որ ի թիվս բազմաթիվ մարտահրավերների՝ կրթությունն այսօր վտանգված է նաև տարածաշրջանային պատերազմների, ծայրահեղականության, ահաբեկչության և բռնությունների հետևանքով, և Բոլոնիայի գործընթացը իր իսկ հիմնարար արժեքների դիրքերից պետք է արձագանքի այդ վտանգներին։Հայաստանի պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի ճարտարապետաշինարարական ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, Ակադեմիական փոխճանաչման ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանող Նենսի Մկրտչյանը։49 երկրների պատվիրակությունները քննարկել են բարձրագույն կրթության ընդհանուր տարածքի հեռանկարային զարգացման խնդիրները մինչև 2030 թվականը։ Մասնակիցները շեշտադրել են ակադեմիական հիմնարար արժեքների, դասավանդման, ուսումնառության և նորարարության, բարձրագույն կրթության սոցիալական չափելիության հարցերը։
23:44 - 19 նոյեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարարն այցելել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

ԿԳՄՍ նախարարն այցելել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանի ուղեկցությամբ, այսօր այցելել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ ծանոթանալու շինարարական և նորոգման աշխատանքների ընթացքին: Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի ներկայացմամբ՝ այս պահին հիմնանորոգվում է թատրոնի կաթսայատունը։ Շինարարների խոսքով՝ աշխատանքներն ընթանում են ըստ գրաֆիկի, և կաթսայատունը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա դեկտեմբերին: Այնուհետև, տնօրենը ներկայացրել է թատրոնում ընթացող շինարարական և վերանորոգման աշխատանքները, որոնց շրջանակներում վերանորոգվում է հանդիսատեսին սպասարկող երկու մեծ սանհանգույցները: Հիմնովին վերանորոգվում են նաև ծառայողական անձնակազմին սպասարկող թվով 4 սանհանգույցները, որոնք գտնվում են 1-ին և 3-րդ հարկերում: Ռեստավրացվելու և թարմացվելու է շենքի ճակատային հատվածը՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցի կողմից: Պատերը կթարմացվեն, կտեղադրվեն թատրոնի տարբերանշանով համապատասխան ցուցատախտակներ: Մուտքի դռան վերևում կտեղադրվի ժամանակակից ապակյա ծածկ, որը կփոխարինի նախկին քանդված ծածկին: Թատրոնի տնօրենի տեղեկացմամբ՝ աշխատանքները կավարտվեն 2021 թվականի փետրվարին: Նախարարի այցի ընթացքում քննարկվել են նաև թատրոնի 100-ամյակին նվիրված մի շարք հարցեր:
20:24 - 19 նոյեմբերի, 2020
12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների ժամանակացույցը հաստատվել է

12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների ժամանակացույցը հաստատվել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 18.11.2020թ. թիվ 1645-Ա/2 հրամանով սահմանվել են 2020-2021 ուսումնական տարվա 2020 թվականի դեկտեմբերին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և անցկացման աշխատակարգը։ 12-րդ դասարանում սովորողը դեկտեմբերին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Ըստ այդմ՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի. «Հայոց լեզու և հայ գրականություն» գրավոր (թեստ) 22.12.2020թ. «Մաթեմատիկա» գրավոր (թեստ) 24.12.2020թ. «Հայոց պատմություն» գրավոր (թեստ) 26.12.2020թ. «Մայրենի լեզու և գրականություն» բանավոր (ազգային փոքրամասնությունների դասարանների համար)՝ քննաշրջանի ընթացքում Ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն») բանավոր (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) քննաշրջանի ընթացքում   Միասնական քննությանը մասնակցող սովորողը դեկտեմբերին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով: Միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում գրվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը): Դեկտեմբերին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 1-ը պետք է գրավոր դիմեն ուսհաստատության տնօրենին. հեռավար ուսուցման դեպքում կարելի է դիմել էլեկտրոնային փոստով: 12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած շտեմարաններից և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից կամ նյութերից: 12-րդ դասարանում անցկացվող ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն») բանավոր, ռուսերենով ուսուցմամբ համապատասխան դասարանների համար և «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր, ազգային փոքրամասնությունների համար) առարկաների քննական առաջադրանքների հարցաշարերը և հարցատոմսերը կազմում են տվյալ ուսհաստատության առարկայական մեթոդական միավորումները` ԿԳՄՍ նախարարության երաշխավորած դասագրքերի և նյութերի հիման վրա: Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների ցանկության դեպքում «Մաթեմատիկա» առարկայի պետական ավարտական քննության թեստերը կազմվում են ռուսերեն: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները ուսումնական հաստատությունն ավարտում են անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա (ԱՈւՊ): Պետական ավարտական քննությունները կազմակերպվելու են ուսումնական հաստատությունում՝ առկա եղանակով: Յուրաքանչյուր հաստատություն դառնալու է քննական կենտրոն: Քննության մասնակից սովորողները բաժանվելու են խմբերի: Յուրաքանչյուր խմբում ընդգրկված սովորողների թիվը չի կարող գերազանցել 20-ը՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը:
15:25 - 19 նոյեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարարն այցելել է Երգի պետական թատրոն և Կամերային երաժշտության ազգային կենտրոն

ԿԳՄՍ նախարարն այցելել է Երգի պետական թատրոն և Կամերային երաժշտության ազգային կենտրոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երգի պետական թատրոն և Կամերային երաժշտության ազգային կենտրոն։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նախարարին ներկայացվել են մշակութային հաստատություններում իրականացված և ընթացիկ շինարարական և այլ բնույթի աշխատանքները։ Երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը նշել է, որ մեկ տարում թատրոնում կատարված աշխատանքները երևում են մուտքից սկսած։ Տնօրենի ներկայացմամբ՝ առաջին հարկը ամբողջովին վերանորոգվել է, հետնամասի դռները և վերելակները փոխվել են։ Թատրոնը կլինի 1-4-րդ հարկերում. 3-րդ և 4-րդ հարկերում կտեղակայվեն վարչական և գեղարվեստական մասերը, 2-րդ հարկում դահլիճն ու սպասասրահն են։ Սրահը հանդիսատեսի համար նախատեսված է նաև որպես սպասասրահ, որը հնարավոր է օգտագործել մամուլի ասուլիսներ կազմակերպելու, ֆիլմերի, հոլովակների պրեմիերաներ ցուցադրելու համար: Հինգերորդ հարկը նույնպես ամբողջությամբ վերանորոգվել է և անվանվել կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի անունով։ Առաջիկայում դահլիճում կվերանորոգվի հատակը, կապահովվեն ձայնային լուծումները, կտեղադրվեն նստարանները:   Խոսելով ապագայի ծրագրերի մասին` տնօրենն ասել է, որ մտադիր են թատրոնը վերածել «երաժշտական Թումոյի»։ Այնուհետև, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանի ուղեկցությամբ, այցելել է Կամերային երաժշտության ազգային կենտրոն: Նրանք շրջել են կենտրոնի տարածքով և ծանոթացել բարելավմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքների ընթացքին: ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանը ներկայացրել է փորձասենյակների, աշխատասենյակների, սանհանգույցների վերանորոգման, տեխնիկական վերազինման և իրականացված մյուս աշխատանքները։ Ծավալուն շինարարությունն իրականացվել է գործընկեր կազմակերպության աջակցությամբ և կենտրոնի աշխատակիցների ջանքերով: Տեղում բարձրացվել է նաև շինության կաթսայատան խողովակաշարի ամբողջական նորոգման հարցը: Արայիկ Հարությունյանին ներկայացվել է նաև ճապոնական դրամաշնորհով ձեռք բերված երաժշտական գործիքը՝ Yamaha կլավինովան: Մինչև տարեվերջ դրամաշնորհային ծրագրով ԿԵԱԿ-ը կհամալրվի ռոյալով, տիմպանիներով, թմբուկներով, քսիլոֆոնով, գլյոկենշպիլով, ինչպես նաև այլ հարվածային գործիքներով:
19:34 - 18 նոյեմբերի, 2020
Քննարկվում է նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը

Քննարկվում է նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության նախագիծը։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Հաստատությունը պատասխանատու է պետական չափորոշիչներին, նախադպրոցական կրթական ծրագրերին, երեխաների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին համապատասխան ուսուցման մեթոդների և ձևերի ընտրության, ինչպես նաև նրանց կյանքի անվտանգության և առողջության պահպանման համար:   Համագործակցելով համայնքի և ընտանիքի հետ՝ հաստատությունն ապահովում է սաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, մայրենի լեզվով հաղորդակցվելու և դրա հիմքի վրա օտար լեզուների տիրապետման նախադրյալները,  հաշվելու տարրական կարողությունների զարգացումը, հայրենի բնության, պատմության և ազգային մշակույթի տարրերին  ծանոթացումը, երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտական և ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, զարգացման շեղումների կանխարգելումն ու շտկումը, դպրոցական ուսուցման նախապատրաստումը: Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Տարիքային խմբերի ձևավորումը և երեխաների տեղափոխումը այլ տարիքային խմբեր կատարվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի 20-ից մինչև 30-ը: Ազատ տեղերը համալրվում են ամբողջ տարվա ընթացքում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով: Նախադպրոցական ուսումնական հաստատություններն ըստ տեսակների լինում են՝ մսուր՝ 0-3 տարեկանների ընդգրկմամբ. մսուր - մանկապարտեզ` 0-6 տարեկանների ընդգրկմամբ. մանկապարտեզ՝ 3-6 տարեկանների ընդգրկմամբ. նախակրթարան՝ 5-6 տարեկանների ընդգրկմամբ. կենտրոն՝ 0-6` նախադպրոցական բոլոր կամ որևէ տարիքային խմբի ընդգրկմամբ: Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, անկախ կազմակերպական-իրավական ձևից, իրականացվում է ծնողի (երեխայի օրինական ներկայացուցչի) դիմումի, հաստատության ու ծնողի  միջև ստորագրված պայմանագրի հիման վրա՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով: Հաստատությունը կարող է ունենալ կնիք, ձևաթուղթ, պաշտոնական կայք, ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ: Հաստատության պաշտոնական կայքում հրապարակվում են հաստատության նախահաշիվը, ֆինանսական հաշվետվությունները, հաստիքացուցակը, թափուր աշխատատեղերը, հայտարարությունները և հաստատության գործունեությանն առնչվող «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված  տեղեկություններ և այլն: Հաստատությունն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել օտարերկրյա կրթական հաստատությունների և կազմակերպությունների հետ, չի թույլատրվում քաղաքական և կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը: Համաձայն քննարկվող կանոնադրության նախագծի՝ նախադպրոցական հաստատությունները կարող են իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, մասնավորապես, ստեղծել ռեսուրս-կենտրոններ, իրականացնել մասնագետների վերապատրաստման, խորհրդատվական դասընթացներ, վարել ծնողական կրթությանը միտված դասընթացներ և ծրագրեր, կազմակերպել լրացուցիչ կրթական ծառայություններ, սաների երկարօրյա կամ շուրջօրյա ուսուցում և խնամք։   Հավելենք, որ ՀՀ  ազգային փոքրամասնությունների նախադպրոցական կրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ: Նախադպրոցական ուսումնական հաստատություն չունեցող համայնքում կամ բնակավայրում կարող են ներդրվել նախադպրոցական կրթության կազմակերպման ծախսարդյունավետ այլընտրանքային մոդելներ:
12:45 - 18 նոյեմբերի, 2020
Ճկուն կրթական համակարգի փոխարեն պետք է մտածենք էֆեկտիվ համակարգի մասին․ ԲՈԿ նախկին նախագահի բաց նամակը

Ճկուն կրթական համակարգի փոխարեն պետք է մտածենք էֆեկտիվ համակարգի մասին․ ԲՈԿ նախկին նախագահի բաց նամակը

ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը բաց նամակ է հղել․   «Կրթության և գիտության կառավարումը ձախողված է։ Կրթության կազմակերպման ամբողջ բեռը դրված է մեկ փոխնախարարի ուսերին։ Փոխնախարարի, ով քաղաքական թիմի անդամ չէ։ Նրա հետ բեռը պետք է կիսեր նաև նախարարն ու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, սակայն կարծես թե այդ կենտրոնը ծաղրում է և՛ նախարարին, և՛ հանրակրթության մասնակիցներին։ Այս ծանր ժամանակներում ՃԿՈՒՆ կրթական համակարգի փոխարեն պետք է մտածենք ԷՖԵԿՏԻՎ համակարգի մասին։ Ուստի, քաղաքական կամքի և աջակցության դեպքում խոստանում եմ կյանքի կոչել հետևյալը ա) Յուրաքանչյուր դասարանի համար ստեղծել 1-2 համապետական ուսումնական պլան, որոնցով կառաջնորդվեն բոլոր հանրակրթական դպրոցները։ բ) Յուրաքանչյուր առարկայի յուրաքանչյուր դասի վերաբերյալ ստեղծել մեկական ՈՐԱԿՅԱԼ վիդեո դաս՝ համապատասխան տնային առաջադրդանքներով և առաջադրանքների ամփոփումով։ Վիդեոդասերին մասնակցելու են սակավաթիվ քանակությամբ աշակերտներ։ գ) Մարզպետարաններն ու համայնքային կենտրոններն իրենց տարածաշրջանի բոլոր աշակերտներին ապահովեն պահանջվող վիդեոդասերին հասանելիություն։ դ) Ուսուցչին ազատել օնլայն դաս բացատրելու տաժանակիր պրոցեսից, փոխարենն ուսուցիչը դառնա մենթոր և աշակերտներին մեկնաբանի վիդեոդասերի բովանդակությունները։ Աշակերտն ինքն իրեն և իր ծնողին հարմար ժամի կարող է նայել իրեն հասանելի կամ համայնքի ղեկավարի տրամադրած մեխանիզմով։ ե) Արդյունքում ուսուցիչ չունեցող դպրոցներում հասանելի կդառնան որակյալ դասեր։ Ուսուցիչ չունեցող երեխայի մենթորությունը կկարողանա ստանձնել ցանկացած այլ դպրոցի ուսուցիչ, որը կիրականացվի խրախուսման մեխանիզմով։ զ) Արցախից տեղահանված աշակերտները կունենան կրթության նորմալ հասանելիություն։ է) Վիդեոդասերը կարող են դառնալ ուսուցիչների համար մեթոդական նորամուծություններ։ ԿԱԻ լուծարումից հետո երկու տարի է Հայաստանում այս, թեկուզև վատ աշխատած համակարգին այլընտրանք չի ստեղծվել։ Նշվածս նպատակին հասնելու համար համագործակցելու եմ բոլոր շահագրգված կազմակերպությունների, անհատների, հիմնադրամների հետ։ Ներգրավելու եմ ԵՊՄՀ, dasaran.am, մասնավոր և պետական դպրոցների գիտելիքը, փորձն ու հմտությունները։ Համագործակցելու եմ ԿԳՄՍ փոխնախարարի հետ։ Ներգրավելու եմ ՏՏ ոլորտի կազմակերպություններին, հեռուստաընկերություններին, իմ ընկերներին և աշակերտներին։ Հարգելի կառավարություն, գիտեք, որ առ այսօր իմ ներկայացրած բոլոր փաստերը եղել են ճիշտ, տեղյակ եք, որ հրաժարվել եմ ինձ հասանելիք պարգևավճարների գերակշիռ մասից։ Տեղյակ եք, որ աշխատել եմ ծրագրավորող, հիմնադրել և ղեկավարել եմ ՏՏ կազմակերպություն։ Տեղյակ եք, որ ավելի շատ եմ դպրոցում դասավանդել, քան ԿԳՄՍ բոլոր աշխատակիցները վերջին տասը տարիներին միասին վերցրած։ Այս նախաձեռնության մեջ անձնական շահ չունեմ։ Նախաձեռնությունը սկսելուց դեպքում խոստանում եմ 2021թվականի հոկտեմբերի 1-ից եղած ամբողջ համակարգը փոխանցել ցանկացած պետական հիմնադրամի կամ կազմակերպության։ Բայց, պետք է ինձ ազատեք ցանկացած տիպի բյուրոկրատական քաշքշուկներից։ Առաջարկս ուժի մեջ է մինչև 2020թվականի նոյեմբերի 20-ը, ժամը 18։00։ ՀԳ․ Հավելեմ, որ այդ գումարները կան, պարզապես դրանց ծախսից օգուտ չկա»։
14:14 - 13 նոյեմբերի, 2020
ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է հեռավար կրթության հարթակներն ու ռեսուրսները

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է հեռավար կրթության հարթակներն ու ռեսուրսները

Հանրակրթական ուսումնական հաստատություններում այսօրվանից ամբողջությամբ հեռավար գործում են ներհամայնքային տրանսպորտ ունեցող համայնքների 5-12-րդ դասարանները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի թիվ 09-Ն հրամանի համաձայն։ Հեռահաղորդակության ոլորտի օպերատորների հետ համաձայնեցվել է կրթական մատչելի սակագին՝ հիմնական հարթակների անսահմանափակ օգտագործմամբ։ ԿԳՄՍՆ-ն ստորեւ ներկայացնում է հեռավար ուսուցման հիմնական հարթակները, ինչպես նաև համապատասխան ուղեցույցները, առցանց դասընթացները և ռեսուրսները։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խրախուսում է երկու հիմնական հարթակի օգտագործում՝ Google Classroom և Microsoft TEAMS՝ ելնելով տեղեկատվական անվտանգության, ուսումնական գործընթացի առավել լիարժեք կազմակերպման գործիքների, ինչպես նաև անվճար լինելու հանգամանքից։ Google Classroom-ի վերաբերյալ առցանց դասընթացը պատրաստվել և ներկայացվել է դեռևս օգոստոսին։ Բոլոր նյութերը հասանելի են, դրանց կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/38Ah9vb Այս հարթակով աշխատող ուսուցիչները կարող են միանալ նաև Google Classroom համայնքին, որտեղ նրանց անհրաժեշտ աջակցություն կտրամադրեն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, ինչպես նաև համայնքի մասնակից այլ ուսուցիչներ։ Հղումը՝ https://bit.ly/35tphf8 Օգոստոսին պատրաստվել և ներկայացվել է նաև մյուս հիմնական հարթակի՝ Microsoft TEAMS-ի վերաբերյալ առցանց դասընթացը` https://bit.ly/3kstILt: Հարթակը սինխրոնիզացված է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի հետ և թույլ է տալիս ավելի հեշտ կառավարել ուսումնական գործընթացը։ Այս հարթակով աշխատելու դեպքում կարող եք միանալ Microsoft TEAMS համայնքին՝ https://bit.ly/3lnsvWS: Նշյալ համայնքում ևս ուսուցիչներին անհրաժեշտ խորհրդատվություն ու աջակցություն կտրամադրեն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և համայնքի մասնակից ուսուցիչները։ Հեռավար դասերի կազմակերպման մանկավարժական որոշ մոտեցումների կարող եք հետևել առցանց այլ դասընթացով, որը նույնպես հասանելի է օգոստոս ամսից՝ https://bit.ly/2IATu2x Հեռավար ուսուցման կազմակերպման ուղեցույցը հասանելի է այստեղ՝ https://bit.ly/3eXcNiE Հեռավար ուսուցման նպատակով բազմաթիվ ռեսուրսներ և տեսադասեր հավաքված են հետևյալ հարթակներում՝ e-school.am https://lib.armedu.am http://esource.armedu.am/ https://heravar.armedu.am/ Յութուբում տեղադրված դասերին կարող եք հետևել բաժանորդագրվելով  eschoolarmenia https://www.youtube.com/channel/UCx1pxV1s85_TbYiyhxsnATg/videos ալիքին և հավանելով E-school Armenia ֆեյսբուքի էջը՝ https://www.facebook.com/eschoolam: Գործում է նաև Տելեգրամի խումբ դպրոցների տնօրենների համար՝ https://t.me/joinchat/AZ87_BqFPItkoqIv96ajYg Հեռավար ուսուցման կազմակերպման հետ կապված խնդիրների պարագայում կարող եք դիմել՝ Բովանդակային հարցերով՝ 077 416040, 010 578455 /333/ Տեխնիկական հարցերով՝ 010 578455 /757 կամ 758/ Քաղաքականության և իրավական կարգավորման հարցերով՝ 010 599619
12:35 - 13 նոյեմբերի, 2020
Նոյեմբերի 13-ից ուսումնական գործընթացը վերսկսվում է

Նոյեմբերի 13-ից ուսումնական գործընթացը վերսկսվում է

Նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակը նշանակալի բացասական ազդեցություն է թողնում կրթական համակարգի վրա, որի վերաբերյալ առկա են տարբեր երկրների և հետազոտական կառույցների բազմաթիվ ուսումնասիրություններ։ Այն հանգեցնում է ոչ միայն երեխաների զարգացման անդառնալի բացերին, այլև նրանց սոցիալական պաշտպանվածության նվազեցման, աղքատացման, հեռանկարում՝ հանրային զարգացման արգելակման լրջագույն ռիսկ է պարունակում, որ արդեն իսկ փաստարկված է մի շարք հետազոտություններով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Ուստի, խիստ կարևորելով կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված քայլերը՝ միաժամանակ անհրաժեշտ է կրթական համակարգի գործառնության նվազագույն պայմանների ապահովումը, հատկապես, որ կարճաժամկետ հեռանկարում հանգուցալուծում չի գծագրվում, և այս իրավիճակը պահանջում է երկարաժամկետ լուծումներ։ Ավելին, երկրի առջև ծառացած կարևորագույն մարտահրավերների պարագայում որակյալ կրթության ապահովումն ազգային անվտանգության խնդիր է, և պետք է առավելագույն ջանքեր ներդնել դրա զարգացումն ապահովելու համար։ 2020 թվականի նոյեմբերի 13-ից ուսումնական գործընթացը կրթական հաստատություններում առաջարկվում է կազմակերպել հետևյալ կերպ. 1. Բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական հաստատություններն ուսուցումը կկազմակերպեն հեռավար եղանակով, բացառությամբ որոշ մասնագիտություններով գործնական պարապմունքների, որոնք պետք է պլանավորվեն ուսումնական կիսամյակի վերջում և անցկացվեն՝ խստիվ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի hավելված N 17-ի դրույթները։ 2. Հանրակրթական ուսումնական հաստատություններում ամբողջությամբ հեռավար կգործեն ներհամայնքային տրանսպորտ ունեցող համայնքների 5-12-րդ դասարանները։ Մյուս համայնքներում տեղակայված հանրակրթական ուսումնական հաստատություններում 5-12-րդ դասարանները կգործեն ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված դրույթների համաձայն։ 3. Հանրակրթական ուսումնական հաստատություններում 1-4-րդ դասարանների ուսուցումը հեռավար կազմակերպելը նպատակահարմար չէ՝ ելնելով այս դասարաններում հեռավար ուսուցման անարդյունավետությունից։ Ավելին, հաշվի առնելով դեռևս 2020 թվականի մարտից նոր կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված կրթական գործընթացի ոչ լիարժեք իրականացումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ առկա կանխատեսումների համաձայն համավարակի նահանջ առաջիկա ամիսներին չի կանխատեսվում, այս դասարաններում հեռավար ուսուցումը կարող է հանգեցնել սովորողների համար լրացուցիչ ուսումնական տարի սահմանելուն, ինչը նշանակալի բացասական ազդեցություն կունենա տասնյակ հազարավոր երեխաների հետագա բնականոն զարգացման վրա։ Հետևաբար, այս դասարաններում, անկախ տվյալ ուսումնական հաստատության տեղակայվածությունից, ուսուցման գործընթացը կկազմակերպվի ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված դրույթների համաձայն։ 4. Քանի որ նախադպրոցական հաստատությունների գործունեությունը հեռավար ձևով իրականացնել հնարավոր չէ, իսկ գործունեության շարունակական դադարեցումը երեխաների զարգացման տեսանկյունից առաջ է բերում զգալի բացասական հետևանքներ, ինչպես նաև, հաշվի առնելով այն, որ այս հաստատությունների գործունեության բացակայության պայմաններում առաջ են գալիս ինչպես ոլորտում ներգրավված հազարավոր աշխատակիցների, այնպես էլ ընտանիքների սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ, առաջարկվում է նախադպրոցական հաստատությունների գործունեությունը վերսկսել համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 04-ի թիվ 17-Ն հրամանի հավելված N 12-ի։ 5. Նույն իրավիճակն է առաջանում նաև արվեստի, գեղարվեստի, երաժշտական դպրոցների գործունեության պարագայում։ Ուստի, վերջիններիս գործունեությունը նույնպես առաջարկվում է վերսկսել սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 04-ի թիվ 17-Ն հրամանի հավելված N 18-ի դրույթների համաձայն։ Միաժամանակ, առաջնահերթ ենք համարում, որ կրթական համակարգում բոլորը խստագույնս պահպանեն հակահամաճարակային կանոնները։ Տեղեկացնենք նաև, որ այս իրավիճակում կրթական համակարգն առաջնահերթ քայլեր է ձեռնարկել նաև հետևյալ երկու կարևոր խնդիրների ուղղությամբ.•Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված հազարավոր երեխաների կրթության իրավունքի իրացումը,•Պատերազմական և հետպատերազմյան պայմաններում երեխաների զարգացումը, հոգեկան առողջությունն ու անհրաժեշտ աջակցության ապահովումը: ՀՀ ԿԳՄՍ նախարարարությունը ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի և Մանկական հոգեբանների ասոցիացիայի հետ համատեղ իրականացնում է բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստումներ՝ երեխաներին անհրաժեշտ աջակցությունը ցույց տալու համար։ Այս աջակցության կարևոր խումբը նաև ԱՀ-ից Հայաստան տեղափոխված երեխաներն են։
14:29 - 12 նոյեմբերի, 2020