ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Պաշտպանը գրություններ է հասցեագրել Ոստիկանություն և Դատախազություն Հրանուշ Խառատյանի, Հարություն ու Արփենիկ Մարությանների գործով

Պաշտպանը գրություններ է հասցեագրել Ոստիկանություն և Դատախազություն Հրանուշ Խառատյանի, Հարություն ու Արփենիկ Մարությանների գործով

Պաշտպանը գրություններ է հասցեագրել Ոստիկանություն և Դատախազություն Հրանուշ Խառատյանի, Հարություն ու Արփենիկ Մարությանների գործով։ Այս մասին ասված է Մարդու իրավունքների պաշտպանի Ֆեյսբուքյան էջում։ «Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Հրանուշ Խառատյանը և Հարություն Մարությանը: Նրանք տեղեկացրել են, որ իրենց, ինչպես նաև Հարություն Մարությանի դստեր՝ Արփենիկ Մարությանի նկատմամբ հրապարակային հնչել են իրենց կյանքի համար վտանգավոր բռնության իրական սպառնալիքներ»: Ըստ հաղորդագրության՝ ՄԻՊ-ի աշխատակազմում ուսումնասիրվել են հարցի առնչությամբ նաև հանցագործության մասին Հրանուշ Խառատյանի հրապարակած և իրավապահ մարմիններին ուղարկված հաղորդումը: «Մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն է ընդունել հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ Դատախազության պարզաբանումն առ այն, որ հաղորդումն ուղարկվել է Ոստիկանություն: Հաղորդման քննարկման հարցի հետ կապված՝ ՄԻՊ-ը գրություններ է հասցեագրել ՀՀ դատախազություն և ՀՀ ոստիկանություն»:
22:50 - 11 մայիսի, 2020
«Իմ քայլը»-ի պատգամավորի կարծիքով՝ ՄԻՊ-ի գործողություններում երբեմն նկատվում են երկակի ստանդարտներ

 |armenpress.am|

«Իմ քայլը»-ի պատգամավորի կարծիքով՝ ՄԻՊ-ի գործողություններում երբեմն նկատվում են երկակի ստանդարտներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը կարծում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գործողություններում երբեմն նկատվում են երկակի ստանդարտներ: Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ՄԻՊ-ի տարեկան զեկույցի քննարկմանն իր ելույթում: «Այսօր իմ գործընկերները անդրադարձան որոշ դրվագների, որոնք ինձ ստիպեցին հասկանալ, որ միայն ինձ մոտ չէ որոշ դեպքերում տպավորություն, որ Ձեր գործողություններում նկատվում են երկակի ստանդարտներ: Իմ գործընկերները հիմնականում խոսեցին Անի Սամսոնյանի և Տաթևիկ Ռևազյանի դեպքերի վերաբերյալ Ձեր ոչ նույնական արձագանքի մասին: Մենք չենք ասում, թե խոցվել ենք նրանից, որ Դուք մեզ չեք պաշտպանել: Մենք ասում ենք, որ խնդրահարույց ենք համարում, որ Դուք հետևողական չեք Ձեր մոտեցումներով: Խնդիր է, երբ դուք չենք անդրադառնում մի դեպքում և անդրադառնում եք մյուսում, և բնավ խնդիր չէր լինի, եթե դուք առհասարակ չանդրադառնայիք»,-ասաց Գրիգորյանը: Նրա կարծիքով՝ շատ դեպքերում քաղաքացիները կողմնորոշվում են՝ ելնելով ՄԻՊ-ի հայտարարությունից: Եթե մի դեպքում պաշտպանն արձագանքում է, մյուսում՝ ոչ, մարդկանց մոտ կարող է ողջամտորեն տպավորություն ստեղծվել, որ մյուս դեպքն ընդունելի է: «Իմ քայլը»-ի պատգամավորներից ոմանք հարց էին բարձրացրել, թե ինչու է ՄԻՊ-ն արձագանքել «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Անի Սամսոնյանին ուղղված՝ Ալեն Սիմոնյանի խոսքին՝ այն որակելով սեռով պայմանավորված անթույլատրելի վիրավորանք,  սակայն չի արձագանքել Ալեն Սիմոնյանին ուղղված՝ Էդմոն Մարուքյանի՝ սեռական բնույթի հայհոյանքին: Թաթոյանը մասնավորապես ասել էր, որ իր հայտարարությունները երբեք քաղաքական հենք չեն ունենում: Նա շեշտել էր, որ այն դեպքում, երբ ինքը արձագանքել է, խոսքը վերաբերվել է կնոջը՝ սեռը թիրախավորելով վիրավորանք հասցնելուն՝ հատկապես ընդդիմադիր ներկայացուցչի: Նա Մարուքյանի և Սիմոնյանի միջադեպի հետ կապված մասնավորապես ասել էր, որ տվյալ դեպքում իր հայտարարությունը քաղաքական հենք ու նշանակություն կունենար, այպիսով ճիշտ է համարել հայտարարություն չտարածելը: Թաթոյանը հիշեցրել է, որ պետական կառավարման մարմինները չեն կարող դիմել ՄԻՊ-ին: Նա շեշտել էր, որ բոլոր դեպքերում դատապարտում է կնոջ նկատմամբ բռնությունները:
19:02 - 11 մայիսի, 2020
ՄԻՊ աշխատակազմը 2019 թ. ընթացքում ստացել է 13 140 դիմում-բողոք․ Արման Թաթոյան

ՄԻՊ աշխատակազմը 2019 թ. ընթացքում ստացել է 13 140 դիմում-բողոք․ Արման Թաթոյան

Միայն դիմումների ու բողոքների, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ վարույթների թիվը աճել է գրեթե  3 անգամ։Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2019 թ. ընթացքում 13 140 դիմում-բողոք է ստացել: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։ Վերջինս Ազգային ժողովին ներկայացրեց «2019 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թ. գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը: «Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ՄԻՊ 2019 թվականի հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման զեկույցը։ 2019 թվականը ՄԻՊ աշխատակազմի համար եղել է գերծանրաբեռնված աշխատանքի տարի։  2016 թվականին ստացվել է 5513 դիմում բողոք, 2017-ին՝ 6417 դիմում , 2018-ին՝ 10754 դիմում , իսկ 2019 թվականին՝ 13140 դիմում։ Ընդ որում 2020 թվականն ավելի ծանրաբեռնված է, հունվարի 1-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածի բողոք -դիմումները  75 տոկոսով գերազանցում են նախորդ տարում ստացված դիմումների քանակին» ,- ասաց Թաթոյանը։  ՄԻՊ Արման  Թաթոյանն ընդգծեց,, որ վիճակագրական այս տվյալները չեն ներառում այցերն ազատությունից զրկման վայրեր և այլ հատուկ հաստատություններ: Թաթոյանը տեղեկացրեց, որ 2019 թվականին սկզբունքային առաջընթացներ են գրանցվել միջազգային հեղինակության հարցում։  ՀՀ ՄԻՊ-ը միակ հաստատությունն է երկրում, որ օժտված է միանգամից 3 միջազգային կոնվեցիոն կարգավիճակով։ 2019թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի քարտուղարությամբ գործող Միջազգային անկախ հանձնախումբը վերջնականորեն հաստատել է ՝ ՀՀ ՄԻՊ-ին անկախության ու արդյունավետ աշխատանքի ամենաբարձր՝ A միջազգային կարգավիճակի վերաշնորհումը։ Այս գնահատականը վերաբերում է ՄԻՊ աշխատանքին  սկսած 2016 թվականից։ «Միջազգային հանրապետական ինստիտուտ հեղինակավոր կազմակերպության 2019 թվականի հետազոտության արդյունքներով ՀՀ ՄԻՊ-ի նկատմամաբ վստահության ցուցանիշը 63 տոկոս է, իսկ բացասական կարծիք ունի 12 տոկոսը։  Թրանսփարենսի ինթերնեյշնլ կազմակերպության ծրագրի արդյունքների համաձայն քաղաքացիները նշել են , որ պաշտոնյանների կոռուպցիոն վարքագծի մասին տեղեկացնելու համար երկրի վարչապետից ու ոստիկանությունից հետո կդիմեին ՄԻՊ-ին»,- հավելեց Թաթոյանը ։
11:27 - 11 մայիսի, 2020
Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված, կարծրատիպերն էլ պետք է կոտրել պրոֆեսիոնալ գործով․ ՄԻՊ

Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված, կարծրատիպերն էլ պետք է կոտրել պրոֆեսիոնալ գործով․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Արամն Թաթոյանն  իր ուղերձում նշել է. «Սիրելի՛ լրագրողներ, մամուլի սիրելի՜ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով: Այս տարի COVID-19 վարակը մամուլի ու լրագրության համար առաջացրեց անսպասելի մարտահրավերներ. արտակարգ դրություն, արագ փոփոխվող սահմանափակումներ և այլն։  Նման դժվար պայմանները հրամայական են դարձնում մի կողմից պրոֆեսիոնալ լուսաբանումն ու մարդկանց լիարժեք իրազեկումը, մյուս կոմից պետության հանրային հաշվետվողականության ապահովումը։ Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված, կարծրատիպերն էլ պետք է կոտրել պրոֆեսիոնալ գործով։ Այդ կերպ է հնարավոր սպառիչ արմատավորել լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը։ Այս կանոններն անհրաժեշտ են յուրաքանչյուր մարդու խոսքի ազատության երաշխավորման և, ի վերջո, պետության նկատմամբ քաղաքացու լիարժեք վերահսկողության համար»։
13:35 - 03 մայիսի, 2020
Արտերկրում բնակվող անձը չպետք է մեխանիկորեն զրկվի կենսաթոշակից․ՄԻՊ

Արտերկրում բնակվող անձը չպետք է մեխանիկորեն զրկվի կենսաթոշակից․ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել արտերկրում բնակվող անձանց կենսաթողշակների ստացման վերաբերյալ։ Ներկայացնում ենք ստորև․ «Արտերկրում բնակվող անձը չպետք է մեխանիկորեն զրկվի կենսաթոշակից տարին 1 անգամ բանկ չներկայանալու պատճառով․ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումՀայաստանի տարածքից դուրս գտնվող Հայաստանի քաղաքացիների կենսաթոշակի վճարման մեխանիկական դադարեցումը տարեկան մեկ անգամ բանկ չներկայանալու դեպքում վիճահարույց է։ Այս խնդիրն արտացոլված է Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի տարեկան հաղորդման մեջ։Հարցն այն է, որ գործող օրենքով՝ կենսաթոշակի վճարումը շարունակելու համար կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն 1 անգամ, վերջին անգամ բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին: Օրենքը հնարավորություն է ընդձեռում, որ կենսաթոշակը նաև վճարվում է կենսաթոշակառուի տված և նոտարի վավերացրած լիազորագրով, սակայն կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել 12 ամսից ոչ ավելի ժամանակահատվածում։Մինչդեռ, օրենքը չի նախատեսում բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հնարավորություն:Մարդու իրավունքների պաշտպանին տարեցտարի հասցեագրվող դիմում-բողոքների աճը վկայում է, որ խնդիրն արդիական է։ Օրինակ, դիմումներից մեկով քաղաքացին հայտնել է, որ 10 տարուց ավելի երկարատև բուժման հիմքով Հայաստան չի վերադարձել, ինչը մեխանիկորեն հանգեցրել է կենսաթոշակի վճարման դադարեցման: Պաշտպանի աշխատակազմի հարցումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ցույց է տալիս, որ 2019 թվականին սահմանված ժամկետում հայտարարությունը չստորագրելու հիմքով դադարեցվել է թվով 40314 անձանց կենսաթոշակի (նպաստի) վճարում, որից 5200 անձանց կենսաթոշակի (նպաստի) վճարումը չի վերսկսվել:Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում թեմայի վերաբերյալ իրականացվել է միջազգային փորձի և ներպետական օրենսդրության ուսումնասիրություն։Այսպիսով, Պաշտպանի դիրքորոշմամբ՝ կենսաթոշակի նշանակման պահից կենսաթոշակառուին տրամադրման ենթակա գումարները հանդիսանում են իր սեփականությունը, հետևաբար, վերջինս ունի այդ գումարներն իր հայեցողությամբ օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրավունք: Իսկ տարեկան առնվազն 1 անգամ բանկ չներկայանալու փաստը չի ենթադրում, որ կենսաթոշակառուն սեփականության իրավունքով իրեն պատկանող դրամական միջոցներից հրաժարվելուն ուղղված որևէ գործողություն է կատարել:Պաշտպանն առաջարկել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ, որով կամրագրվի բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հնարավորությունը»:
11:40 - 22 ապրիլի, 2020
Մարդու իրավունքների պաշտպանի, ՌԴ-ում ՀՀ դեսպանության և հյուպատոսության աշխատանքի արդյունքում 3 անչափահաս երեխաները վերադարձել են Հայաստան

Մարդու իրավունքների պաշտպանի, ՌԴ-ում ՀՀ դեսպանության և հյուպատոսության աշխատանքի արդյունքում 3 անչափահաս երեխաները վերադարձել են Հայաստան

Մարդու իրավունքների պաշտպանի, ՌԴ-ում ՀՀ դեսպանության և հյուպատոսության աշխատանքի արդյունքում 3 անչափահաս երեխաները վերադարձել են Հայաստան։Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը եղբոր երեք անչափահաս երեխաների (16, 14 և 10 տարեկան) տեղափոխումը Հայաստան կազմակերպելուն աջակցելու հարցով։Նա տեղեկացրել է, որ երեխաները գտնվում են Ռուսաստանի Դաշնության Վիբորգ քաղաքում ազգականների տանը, իսկ կարճ ժամանակով Հայաստան ժամանած երեխայի մայրը սահմանափակումների պատճառով չի կարողանում մեկնել երեխաների մոտ։Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը հարցը քննարկել է ՌԴ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության, ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի հյուպատոսության ներկայացուցիչների հետ Վիբորգից Մոսկվա քաղաք և Մոսկվայից ապրիլի 12-ին նախատեսվող չվերթով անչափահաս երեխաներին Հայաստան ճանապարհելու հարցով։Ավելի ուշ Սանկտ Պետերբուրգի հյուպատոսությունից կապվել են Պաշտպանի աշխատակազմի հետ և տեղեկացրել, որ հյուպատոսության ավտոմեքենայով իրենք երեխաներին կտեղափոխեն Մոսկվա, որտեղ երեխաներին կդիմավորեն ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները և կճանապարհեն Հայաստան։Համագործակցության արդյունքում երեխաներն արդեն Հայաստանում են։
10:13 - 20 ապրիլի, 2020
Հակաբարոյական, մարդկային առումով բացարձակ անընդունելի եմ համարում վարչապետի ոչ եթերային կադրերն օգտագործելը

Հակաբարոյական, մարդկային առումով բացարձակ անընդունելի եմ համարում վարչապետի ոչ եթերային կադրերն օգտագործելը

Հակաբարոյական, մարդկային առումով բացարձակ անընդունելի եմ համարում Հայաստանի Հանրապետության վարչապետի ուղերձի ոչ եթերային կադրերն օգտագործելով երկրի ղեկավարին ծաղրելը կամ այդպիսի փորձերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Ինձ հատկապես անհանգստացնում է այն, թե ինչ եղանակով է դա ներկայացվում հանրությանը ու ինչ արձագանքի է արժանանում նման նյութը:Մի՞թե մենք այսպես ենք պատկերացնում մեր պետականության զարգացումն ու ժողովրդի ներուժը: Այս ի՞նչ աստիճանի է հասել հանրային օրակարգը: Հանրային գործչի, ընդդիմախոսի կամ նույնիսկ քաղաքական ընդդիմադիրի կամ ընկերոջ ու ազգականի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը կամ արձագանքն անընդունելի է: Մենք պետք է առաջնորդվենք մեր պետության ու ժողովրդի խոհրդանիշների նկատմամբ բարձր հարգանքով՝ Նախագահից ու Վարչապետից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց ու Վեհափառ Հայրապետից սկսած: Հակառակ դեպքում մենք չենք ունենա ո՛չ ներդաշնակություն մեր հանրային կյանքում, ո՛չ էլ համերաշխություն ու խաղաղություն սերունդների միջև: Սա է Հայոց պետականության, մեզնից յուրաքանչյուրի արժանապատվության ու նվիրումի հրամայականը»,-գրել է նա:
17:34 - 19 ապրիլի, 2020
ՄԻՊ-ն անդրադարձել է այս օրերին ընտանիքում բռնության դեպքերին. ստեղծվել է այդ հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

ՄԻՊ-ն անդրադարձել է այս օրերին ընտանիքում բռնության դեպքերին. ստեղծվել է այդ հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է այս օրերին ընտանիքում բռնության դեպքերին՝ նշելով, որ աշխատակազմում ստեղծել է այդ հարցերով զբաղվող աշխատանքային խումբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը: ՄԻՊ-ի հայտարարությունում ասվում է. «Նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի հիմքով հայտարարված արտակարգ դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում, հատկապես՝ կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնության ռիսկը: Այս օրերին նման երևույթները բնորոշ են տարբեր երկրների, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհում այս վարակի կանխարգելման առանձնահատուկ ցուցումներով (մեկուսացում, աշխատանքի չգնալ, որպես կողմնակի հետևանք՝ սոցիալական բնույթի հարցեր և այլն): Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու պահից սկսած Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է 13 բանավոր և գրավոր դիմում-բողոք, որոնք վերաբերում են կանանց, երեխաների և մեկ տարեց տղամարդու նկատմամբ բռնություն գործադրելուն: Համեմատության համար նշեմ, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է նման 5 ահազանգ: Դրանից բացի, պետք է հաշվի առնենք, որ այս դեպքերն ունեն լատենտային կամ թաքնված բնույթ։ Այս հարցերը մեր աշխատակազմում առանձին քննարկման առարկա են՝ սկսած արտակարգ դրության առաջին օրերից: Սակայն այս օրերին հատկապես բռնության այս տեսակի կանխարգելումը պահանջում է մասնագիտական առավել ճշգրիտ մոտեցումներ, ինչը հնարավորություն կտա ապահովել կանխարգելման աշխատանքների ճիշտ կազմակերպում և խնդիրների ու դրանց լուծումների մասին ամբողջական պատկերացում:  Կարևոր գործոն է նաև այն, որ արտակարգ դրությունը երկարեց, իսկ դա առավել արդիական է դարձնում հարցը և պահանջում առավել կազմակերպված աշխատանք։ Ուստի, այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծել եմ համապատասխան մասնագետներից կազմված աշխատանքային խումբ: Աշխատանքային խմբին հանձնարարված է հատուկ ուշադրություն դարձնել կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնությանը վերաբերող հարցերին: Ընդ որում, իրականացվում է ինչպես գրավոր ու բանավոր բողոքների քննարկում, այնպես էլ ընդհանուր մշտադիտարկում (հրապարակումներ, պետական մարմինների աշխատանք և այլն): Մենք անմիջական կապ ենք պահպանում իրավապահ մարմինների և հասարակական կազմակերպությունների մեր գործընկերների հետ. կիրականացվի տեղեկությունների առավել ակտիվ փոխանակում և տեղի կունենան համատեղ քննարկումներ»:
23:44 - 14 ապրիլի, 2020
Արտակարգ դրություն հայտարարելու պահից սկսած՝ ՄԻՊ-ին հասցեագրվել  է կանանց, երեխաների և մեկ տարեց տղամարդու նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ 13 բողոք

Արտակարգ դրություն հայտարարելու պահից սկսած՝ ՄԻՊ-ին հասցեագրվել է կանանց, երեխաների և մեկ տարեց տղամարդու նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ 13 բողոք

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի հիմքով հայտարարված արտակարգդրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում, հատկապես՝ կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնության ռիսկը: Այս օրերին նման երևույթները բնորոշ են տարբեր երկրների, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհում այս վարակի կանխարգելման առանձնահատուկ ցուցումներով (մեկուսացում, աշխատանքի չգնալ, որպես կողմնակի հետևանք՝ սոցիալական բնույթի հարցեր և այլն): Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու պահից սկսած Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է 13 բանավոր և գրավոր դիմում-բողոք, որոնք վերաբերում են կանանց, երեխաների և մեկ տարեց տղամարդու նկատմամբ բռնություն գործադրելուն: Համեմատության համար նշեմ, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է նման 5 ահազանգ: Դրանից բացի, պետք է հաշվի առնենք, որ այս դեպքերն ունեն լատենտային կամ թաքնված բնույթ։ Այս հարցերը մեր աշխատակազմում առանձին քննարկման առարկա են՝ սկսած արտակարգ դրության առաջին օրերից: Սակայն այս օրերին հատկապես բռնության այս տեսակի կանխարգելումը պահանջում է մասնագիտական առավել ճշգրիտ մոտեցումներ, ինչը հնարավորություն կտա ապահովել կանխարգելման աշխատանքների ճիշտ կազմակերպում և խնդիրների ու դրանց լուծումների մասին ամբողջական պատկերացում: Կարևոր գործոն է նաև այն, որ արտակարգ դրությունը երկարեց, իսկ դա առավել արդիական է դարձնում հարցը և պահանջում առավել կազմակերպված աշխատանք։ Ուստի, այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծել եմ համապատասխան մասնագետներից կազմված աշխատանքային խումբ. Աշխատանքային խմբին հանձնարարված է հատուկ ուշադրություն դարձնել կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնությանը վերաբերող հարցերին: Ընդ որում, իրականացվում է ինչպես գրավոր ու բանավոր բողոքների քննարկում, այնպես էլ ընդհանուր մշտադիտարկում (հրապարակումներ, պետական մարմինների աշխատանք և այլն): Մենք անմիջական կապ ենք պահպանում իրավապահ մարմինների և հասարակական կազմակերպությունների մեր գործընկերների հետ. կիրականացվի են տեղեկությունների առավել ակտիվ փոխանակում և տեղի կունենան համատեղ քննարկումներ»։
17:35 - 14 ապրիլի, 2020
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը կրկին դիմել է ՄԻՊ-ին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը կրկին դիմել է ՄԻՊ-ին

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը կրկին դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ ուշադրություն հրավիրելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կազմակերպչական բնույթի խնդիրների վրա։ Պաշտպանն ընդգծել է, որ դատարանի կազմակերպչական աշխատանքի թերացումներն առաջացնում են մարդու մի շարք իրավունքների կոպտագույն խախտումներ։ Առաջին դիմումը ՄԻՊ-ին Արամ Վարդևանյանը ներկայացրել է մարտի 24-ին։ Մի քանի օր անց Panorama.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՄԻՊ-ի գրասենյակից պատասխանել են, որ դիմումն ուսումնասիրման փուլում է։ Պաշտպանին այդպես էլ որևէ հստակ պատասխան չի տրվել, թեև խոսքը գնում էր հրատապության կարգով քննվող հարցի մասին։ Այս մասին հայտնում է Քոչարյանի փաստաբանական թիմը: Պաշտպանն ընդգծել է, որ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող դատական գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ նույնը։ Գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական վիճակի և նրա՝ աշխատանքի վերադառնալու վերաբերյալ տեղեկություն չկա։ Սրան զուգահեռ Հայաստանում ավելի է սրվել կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իավիճակը, սակայն Ռոբերտ Քոչարյանի տարիքն ու առողջական խնդիրները հաշվի չեն առնվում։ Մինչդեռ դրանց առկայությունը ենթադրում է անհապաղ նիստի անցկացում։ Նշենք, որ մարտի 17-ին դատարանը պետք է քններ Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը, սակայն մինչ օրս դատական նիստ չի եղել։
18:24 - 07 ապրիլի, 2020
Հրապարակվել են Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի տարեկան հաղորդումն ու զեկույցը

Հրապարակվել են Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի տարեկան հաղորդումն ու զեկույցը

Մարդու իրավունքների պաշտպանն Ազգային ժողով է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի գործունեության հաղորդումը և Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի 2019 թվականի տարեկան զեկույցը։ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի հաղորդմամբ՝ փաստաթղթերում ներկայացված են ոչ միայն խնդիրները, այլև Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներն ու դրական զարգացումները։ Փաստաթղթերում տեղ են գտել հարցեր, որոնք վերաբերում են փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակին, առանձին անդրադարձ է կատարվել զինծառայողների, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, քրեական արդարադատության համակարգում մարդու իրավունքների պաշտպանությանը, հանրային նշանակության գործերին, սոցիալ-տնտեսական իրավունքներին, գործարարության պաշտպանությանը և այլն։
23:34 - 06 ապրիլի, 2020
Օրինագծում կան շրջակա միջավայրի մասին տեղեկության տրամադրումը չհիմնավորված մերժելու ռիսկեր․ ՀՀ ՄԻՊ

Օրինագծում կան շրջակա միջավայրի մասին տեղեկության տրամադրումը չհիմնավորված մերժելու ռիսկեր․ ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ՝ Շրջակա միջավայրի նախարարության մշակած տեղեկատվության ազատության ոլորտին վերաբերող օրինագիծը պարունակում է տեղեկության տրամադրումը  չհիմնավորված մերժելու ռիսկեր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ օրինագիծը չի արտացոլում «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության մատչելիության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» 1998 թվականի Օրհուսի կոնվենցիայի դրույթների իրական բովանդակությունը և գործնականում կարող է առաջ բերել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման անհիմն մերժման ռիսկեր: «Պաշտպանը կարևորում է այս ոլորտում տեղեկատվության ազատության երաշխավորումը և դրանով պայմանավորված քաղաքացիական վերահսկողությունը շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում է օրենքի նախագիծը միջազգային չափանիշներին համապատասխանեցման տեսանկյունից, որի արդյունքները կներկայացվեն Ազգային ժողով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
21:13 - 03 ապրիլի, 2020
ՄԻՊ-ի դիրքորոշումը հաղորդակցության գաղտնիության իրավունքը սահմանափակող օրինագծերի վերաբերյալ

ՄԻՊ-ի դիրքորոշումը հաղորդակցության գաղտնիության իրավունքը սահմանափակող օրինագծերի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը ենթարկել է ուսումնասիրության հրատապության կարգով:  Մարդու իրավունքների պաշտպանի նախնական գրավոր առաջարկություններն ու դիտողությունները մարտի 28-ին՝ շաբաթ օրը ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարություն, իսկ մանրամասները փոխանցվել են մարտի 29-ին՝ կիրակի օրը տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ: Այդ քննարկումների ընթացքում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին վերաբերող առաջարկների և դիտողությունների մի մասն ընդունվել է: Այդուհանդերձ, նախագծի դրույթների առնչությամբ շարունակում են առկա լինել հարցադրումներ ու նկատառումներ, որոնք ունեն նաև սկզբունքային նշանակություն: Հաշվի առնելով, որ հարցը հասկանալիորեն ձեռք է բերել հանրային մեծ հետաքրքրություն ինչպես սոցիալական մեդիայում, այնպես էլ Ազգային ժողովում քննարկումների ընթացքում և առաջացրել է մարդու իրավունքներին առնչվող մտահոգություններ՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակել իր մոտեցումներն ու առաջարկությունները նախագծով սահմանվող կարգավորումների վերաբերյալ, որոնք հիմնականում հանգում են հետևյալին. Նոր կորոնավիրուսի (COVID-19) արագ տարածումը բարդ մարտահրավերներ է առաջ բերել աշխարհի, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար: Այս մարտահրավերներները բնույթով արտասովոր են, դրանք նախկինում գոյություն չեն ունեցել և, հետևաբար, պետությունները հաճախ առաջին անգամ են բախվում դրանց՝ չունենալով անհրաժեշտ միջոցներ ու անգամ հստակ պատկերացումներ այն մասին, թե ինչպես կանխարգելել ու արդյունավետ պայքարել վարակի տարածման դեմ: Ինչպես առողջապահության, այնպես էլ տարբեր բնագավառներում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունները (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ և այլն) իրենք են նշում, որ պետությունները կանգնել են բարդությունների առաջ, որ մինչ այս վարակը չեն արձանագրվել: Այդ կազմակերպություններից յուրաքանչյուրն իր իրավասությանն առնչվող հարցերով հրապարակել է իրավիճակից թելադրվող կանոններ ու այդ նույն սկզբունքով մշակել վարակի կանխարգելման, դրա դեմ պայքարի վերաբերյալ սեփական դիրքորոշումներն ու քայլերը: Ակնհայտ է, որ վարակի առաջ բերած վտանգներն այնքան են ահագնացել, որ նույնիսկ հավակնում են փոխել համաշխարհային քաղաքականության առաջնահերթություններ: Աշխարհի պետությունները ձեռնարկում են տարբեր միջոցներ (սոցիալական հեռավորության կամ հիգիենայի պահանջների ապահովում, առողջապահական համակարգի հարմարեցում իրավիճակին և այլն), որոնք ուղղված են վարակի կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին: Եվրոպայի խորհրդի անդամ պետություններն, օրինակ, իրականացնում են միջոցառումներ, որոնք այս կամ այն չափով սահմանափակում են Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքները։ Այս սահմանափակումներն ուղեկցվում են Եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածով սահմանված կարգով շեղումների վերաբերյալ հայտարարություն անելով: Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածումը ստեղծել է համապետական նշանակության խնդիրներ, որոնք առաջնահերթ կապված են ողջ բնակչության առողջության պաշտպանության հետ ու կարող են առաջ բերել երկրի անվտանգությանն առնչվող հարցեր: Ցավոք, մեր երկրում նոր կորոնավիրուսի տարածման պաշտոնական տվյալները վկայում են, որ այն դրսևորում է աճի և վիճակի վատթարացման միտումներ. արդեն իսկ արձանագրվում են վիրուսով երիտասարդների վարակման ու անգամ նրանց առողջական ծանր վիճակի, ինչպես նաև վարակվածների մահվան դեպքեր: Այս ամենն իր հերթին հանգեցնում է մարդկանց մեկուսացումների: Իրականացվող միջոցառումներն էլ իրենց հերթին մարդկանց համար առաջ են բերում սոցիալ-տնտեսական և այլ բնույթի սահմանափակումներ: Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գիտակցում է, որ ստեղծված իրավիճակում ու առավել ևս հայտարարված արտակարգ դրության պայմաններում պետությանն ակնհայտորեն անհրաժեշտ են նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելման ու դրա հետագա տարածման դեմ պայքարի արդյունավետ միջոցներ:Պետությանն անհրաժեշտ են գործուն իրավական մեխանիզմներ, որոնք կոնկրետ իրավիճակներում կապահովեն անհրաժեշտ ճկունություն և արձագանքման օպերատիվություն: Ի վերջո պետության պոզիտիվ պարտավորության գաղափարն է պահանջում արագ լուծում տալու ստեղծված խնդիրներին և երաշխավորելու հանրային առողջության պաշտպանությունը: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ նկարագրված սպառնալիքները բնակչության առողջությանը, ինչպես նաև մարդու իրավունքներին և երկրի տնտեսական կյանքին ուղղված մարտահրավերները պահանջում են հասարակության համախմբում և միասնություն: Այս բարդ իրավիճակում մեզ անհրաժեշտ է համերաշխություն ու փոխադարձ հարգանք, վստահություն մեկս մյուսի նկատմամբ: Այս գործոններն այն կարևոր գրավականներն են, որ կարող են ապահովել  մեր առաջ ծառացած խնդիրներների սպառիչ լուծում միասնական ջանքերով:  Օբյեկտիվ պատճառներով առաջ եկած ու մարտահրավերներով լի այս պատասխանատու շրջափուլը հաղթահարելու համար մեզնից յուրաքանչյուրն իր առաջ կանգնած պարտականությունը պետք է կատարի լիարժեք՝ իրեն վերապահված կարգավիճակին համապատասխան: Այս կարևոր սկզբունքները աշխատանքի այն կանոններից են, որոնցով Մարդու իրավունքների պաշտպանը ղեկավարվում է մշտապես. դրանք առավել արդիական բնույթ են ստացել Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու առաջին պահից սկսած: Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ Կառավարության որոշման ընդունից հետո մեր երկիրը սկսել է գործադրել այնպիսի սահմանափակումներ, որի համար արել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածով սահմանված կարգով շեղումների վերաբերյալ հայտարարություն: Արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո երկրում ձևավորվել է պարետատուն, որը գործում է պարետի ղեկավարությամբ: Ողջունելի պետք է համարել այս օրերի ընթացքում կիրառված սահմանափակումների, կորոնավիրուսից պաշտպանվելու կանոնների ու մարդկանց ուղղված նախազգուշացումների մասին տեղեկությունների ու պարզաբանումների անընդհատ տարածումը պարետի ու պարետատան կողմից: Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումը վկայում է, որ պարետատունն այդ հարցում ապահովում է արագ արձագանքելիություն, ինչպես նաև իր գործունեությունը կազմակերպում է տեխնիկայի ժամանակակից միջոցների օգտագործմամբ: Այս ամենն, այդուհանդերձ, չի նշանակում, թե վարակի կանխարգելման ու դրա տարածման դեմ պայքարի գործընթացները պետք է ստիպեն մոռանալ մարդու հիմնական ու այն էլ սահմանադրական իրավունքների և ազատությունների մասին: Միջազգային իրավաբանությունն այս հարցում հստակ է. որքան էլ կարող է պետության համար մեծ լինել իրավունքներն ու ազատությունները սահմանափակելու գայթակղությունը, այդպիսի բան թույլ տալ չի կարելի: Միջազգային կազմակերպություններն իրենք են (ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ և այլն) այս օրերին անընդհատ արձանագրում տարբեր պետությունների կողմից այս հիմնարար պահանջներն անտեսելու անթույլատրելիությունը: Հանրային իշխանությունը պետք է միշտ հիշի, որ սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մաս):   «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով Կառավարության կողմից առաջարկվող կարգավորումները բնույթով այնպիսին են, որ առաջացնում են անձի սահմանադրական իրավունքների սահմանափակումներ և ուղեկցվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորություններից շեղումներով: Խոսքն այնպիսի իրավունքների մասին է, ինչպսիք են անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքները: Իհարկե, նախագծի ուսումնասիրությունը  վկայում է, որ կարող է առաջ գալ նաև այլ իրավունքների սահմանափակման հարց (օրինակ՝ պետության պահանջով մեկուսացած անձի անձնական ազատության իրավունքը): Մեր երկրի Սահմանադրությունը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ու Հայաստանի վավերացրած միջազգային մի շարք այլ պայմանագրեր պետությանը տալիս են առանձին իրավունքներ սահմանափակելու  հնարավորություն: Իրավունքների և ազատությունների սահմանափակումները, սակայն, չեն կարող թողնվել պետության հայեցողությանը, այլ պետք է համապատասխանեն Հայաստանի Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով ու միջազգային մյուս պայմանագրերով պահանջվող չափանիշներին: Նախ, իրավունքների սահմանափակումներ կամ իրավունքներից շեղումներ հնարավոր են միայն օրենքով և կոնկրետ իրավաչափ նպատակների համար: Ընդ որում, սահմանափակումներ նախատեսող օրենքը պետք է ունենա առավելագույն հստակություն և բացառի դրա կիրառության ընթացքում կամայական մեկնաբանության կամ անորոշ ընկալման տեղիք տվող դրույթներ: Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայով սահմանված իրավունքներից և ազատություններից շեղումները առկա և նմանատիպ իրավիճակներում կարող են համարվել թույլատրելի, եթե դրանք խստորեն անհրաժեշտ են և բխում են իրավիճակից, ինչպես նաև չեն հանգեցնում իրավունքի կամ իշխանության չարաշահման։ Կարևոր է նաև, որպեսզի բոլոր սահմանափակումներն ունենան իրավական հիմք և համապատասխանեն վերաբերելի սահմանադրական երաշխիքներին ու պահանջներին (Mehmet Hasan Altan v Turkey, գանգատ թիվ 13237/17, 20 մարտ 2018): Պետության հայտարարած իրավաչափ նպատակին հասնելու համար գործադրվող սահմանափակումները պետք է կիրառվեն հնարավորինս նվազագույն չափով (less restrictive), իսկ պետության կողմից ձեռնարկված միջոցառումները պետք է լինեն վերջին միջոց (last resort), առանց որի հնարավոր չէ վերահսկել իրավիճակը: Պետությունը պետք է հավաստի, որ մնացած միջոցներն արդյունավետ և բավարար չեն հանրային առողջությունը պահպանելու տեսանկյունից: Պարտադիր է նաև հստակ և կանխատեսելի իրավական հիմքի առկայությունը (օրինակ՝ Enhorn v. Sweden, գանգատ թիվ 56529/00, 25 հունվար 2005): Սահմանափակումները պետք է անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում, լինեն համաչափ հետապնդվող նպատակին և կրեն ժամանակավոր բնույթ (Kuimov v. Russia, գանգատ թիվ 32147/04, 8 հունվար 2009): Այս պահանջների նկատմամբ մոտեցումն ավելի խիստ է այն դեպքերի համար, երբ խոսքը ոչ թե գործունեության առանձին տեսակների կամ առանձին խումբ անձանց նկատմամբ կիրառվող, այլ համընդհանուր նշանակության սահմանափակումների մասին է (օրինակ՝ Rotaru v. Romania, գանգատ թիվ 28341/95, 4 մայիս 2000): Պետությունը պետք է հավաստի այս բոլոր պայմանների միաժամանակյա առկայությունը: Անհրաժեշտ է նաև ղեկավարվել այն հիմնարար սկզբունքով, թե որքանով են պետության կողմից առաջարկվող սահմանափակումները նպաստում վարակի կանխարգելմանն ու դրա տարածման դեմ պայքարին, հետևաբար՝ բնակչության առողջության պաշտպանության, այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության ու այլ իրավաչափ նպատակների իրականացմանը: Ուսումնասիրության առարկա նախագծի կոնկրետ դրույթների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի նկատառումները ստորև ներկայացվում են՝ հենց այս չափանիշներից ելնելով: Ընդ որում, անհրաժեշտ է նշել, որ Պաշտպանը գիտակցում է, որ նախագիծն ունի իր կարգավորման առարկան և օրենքի համար անհրաժեշտ դետալացման աստիճանը: Ուստի, բոլոր նկատառումների հիմքում դրվել է նաև այն, թե նախագծով առաջարկվող կարգավորումներն ինչ աստիճանի լուծումներ են ապահովում՝ անորոշությունները բացառելու նպատակով: Պաշտպանի կողմից յուրաքանչյուր դեպքում հաշվի է առնվել նաև այս կամ այն հարցի կարգավորման հնարավորությունը ենթաօրենսդրական ակտով: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջարկում է լրացնել 9.1-րդ հոդվածով, որի 1-ին մասը սահմանում է, որ համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներն արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու պարագայում պարտավոր են այդ որոշմամբ սահմանված ձեւով եւ կարգով ու այդ որոշմամբ նշված պետական մարմիններին եւ պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց (այսուհետ. տվյալներ մշակողներ) տրամադրել նախագծով պահանջվող տվյալները: Այս նախագծով առաջարկվող կարգավորումները ենթադրում են բարձր աստիճանի միջամտություն մարդու սահմանադրական իրավունքներին, ուստի դրանք պետք է ունենան առավելագույն հստակություն: Մասնավորապես, անհրաժեշտ է հստակեցնել, թե որոնք են Կառավարության որոշմամբ սահմանվող պետական մարմինները, որոնց վերապավելու է նման իրավասություն: Օրենքը պետք է թվարկի նախագծով նշված հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում իրավասու մարմիններին կամ առնվազն սահմանի այդ մարմինների շրջանակը կանխորոշող չափանիշներ: Այս հարցը քննարկվող նախագծի հետ կապված՝ ունի հատուկ կարևորություն: Սրան գումարվում է նաև այն, որ ՀՀ օրենսդրությունը նման իրավիճակների համար առհասարակ իրավասու մարմինների շրջանակ կամ դրանց շրջականի որոշման չափանիշներ չի սահմանում: Չնայած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ գործող օրենքի 4-րդ հոդվածը ֆորմալ առումով  նախատեսել է, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ այլ հարցերի թվում Կառավարությունը սահմանում է նաև արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց, սա չի նշանակում, թե օրենքը կոնկրետ իրավունքների դեպքում պետք է այս հարցը թողնի Կառավարության ամբողջական հայեցողությանը: Առավել ևս, այս հարցը նախագծի ընդունման հիմնավորումներով էլ բացահայտված չէ: Վերանայման կարիք ունի նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված՝ հաճախորդի հեռախոսահամարի հետ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարների, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու հետ կապված կարգավորումը: Այս կարգավորումը գործնականում խնդիրներ կարող է առաջացնել այն տեսանկյունից, թե ինչպես է որոշվելու այն անձանց շրջանակը, ում մոտ եղել են հաճախորդի հեռախոսահամարի հետ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները: Ընդ որում, հարց է առաջանում, թե ինչ է նշանակում հաճախորդի հեռախոսահամարի հետ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամար և խոսքը միջնորդավորման մինչև որ աստիճանի մասին է, միջնորդավորման մինչև որ աստիճանն է վերահսկվելու: Սա կարևոր նշանակություն ունի, քանի որ անմիջապես առաջ է գալու այդ անձանց իրավունքների երաշխավորման հարցը: Ինչպես է որոշվելու, ասենք, վարակված անձի շփումների շրջանակը, եթե նա այդ մասին մոտավոր է հիշում: Արդյոք նշանակում է, որ նշված բոլոր մարդիկ միանգամից վերահսկողության տակ են հայտնվելու կամ նրանց բոլորին ներկայացվելու է մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջ ու միջնորդավորման մինչև որ աստիճանին է դա վերաբերվելու (օրինակ՝ արդյոք մեկուսացման պահանջը վերաբերելու է միջնորդավորված հեռախոսահամարները տիրապետող անձանց շփման շրջանակին ևս, այդ թվում՝ ընտանիքների անդամներին): Նախագծի 3-րդ մասն ամրագրում է. «Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասի հիման վրա տրամադրված տվյալները (այսուհետ՝ տվյալներ) մշակվում են, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա տրամադրված տվյալները կարող են նաև բացահայտվել երրորդ անձանց` անձանց տեղաշարժման և շփումների հնարավոր և առկա շրջանակը, տեղաշարժման և շփումների արդյունքում համաճարակի տարածման հնարավոր ուղղությունները, սխեմաները, ծավալը, աշխարհագրությունը կանխորոշելու, մշտադիտարկելու, համաճարակի տարածման օղակները, սահմանները, շրջանակները սահմանափակելու, տեղաշարժի սահմանափակման ռեժիմի ենթարկված անձանց` այդ  ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը ապահովելու նպատակով՝ այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար»: Այս դրույթը պարունակում է ՀՀ օրենսդրությամբ չբացահայտված  և տարակարծիք մեկնաբանությունների տեղիք տվող ձևակերպումներ, որոնք առաջ են բերում մի շարք հարցադրումներ։ Օրինակ՝ ինչ է նշանակում «անձանց շփումների հնարավոր և առկա շրջանակ» կամ «շփումներ կամ համաճարակի տարածման ուղղություններ, սխեմաներ, ծավալ, աշխարհագրություն» և այն էլ հնարավոր: Պետք է նկատի ունենալ, որ այս կարգավորումները դառնալու են մարդու իրավունքների նկատմամբ բարձր միջամտության ու սահմանափակումների հիմք, ուստի այս հարցում օրենքը պետք է լինի հստակ, պարունակի առնվազն կանխորոշող չափանիշներ: Օրինակ՝ ինչ աստիճանի ինտենսիվության պետք է լինի կոնտակտը, որպեսզի կիրառվի նախագծով առաջարկվող միջամտությունն անձի հաղորդակցության ազատության և գաղտնիության կամ մասնավոր և ընտանեկան կյանքի իրավունքի նկատմամբ: Դրանից բացի, մարտի 30-ին խորհրդարանում նախագծի քննարկման գործընթացում առաջ եկան պարզաբանման կարիք ունեցող հարցադրումներ այն մասին, թե ինչպես են հարաբերակցվում վարակի կանխարգելման նպատակը և տանից դուրս չեկող մարդու հեռախոսազանգերի վերահսկման կարգավորումը: Նախագծի նույն դրույթը նախատեսում է, որ առողջապահական ոլորտի մարմինների տրամադրած համաճարակի հետևանքով հիվանդության առկայության համար ստուգված (թեստավորված), վարակակիր, հիվանդության ախտանշաններ ունեցող, հիվանդացած, բուժվող եւ հիվանդի հետ շփում ունեցած (կոնտակտավոր) անձանց, այդ թվում՝ բժշկական գաղտնիքի վերաբերյալ տվյալները կարող են նաև բացահայտվել երրորդ անձանց։ Քանի որ խոսքը վերաբերում է պաշտպանության բարձր շեմ ունեցող տվյալների (անձի մոտ վարակի առկայությանը կամ դրա առկայության վտանգին վերաբերող տվյալներ և այլն), անհրաժեշտ է հստակ սահմանել այդ տվյալներին հասանելիություն ունեցող սուբյեկտների շրջանակը և տրամադրելու [հիմնական] պայմանները։ Բացի դրանից, նախատեսված կարգավորման պարագայում հստակ չէ, թե կոնկրետ սահմանված որ նպատակին հասնելու համար և ինչ ծավալով կարող են բացահայտվել այդ տվյալները: Առկա կարգավորման պայմաններում, որպես երաշխիք, նախագծի ձևակերպումն այն մասին, որ տվյալները տրամադրվում են այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար, կարող է չծառայել նպատակին: Նախագծով առաջարկվող նոր 9.1-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ այդ հոդվածին համապատասխան փոխանցված կամ մշակված տվյալները ապանձնավորվում են, իսկ անձնավորված տվյալները ոչնչացվում են արտակարգ դրության ավարտից հետո. արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում եւ կարգով: Բոլոր դեպքերում անձնավորված տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրությունն ավարտվելուց մեկ ամիս հետո: Կարծում ենք, սահմանափակվող իրավունքի և սահմանվող ժամկետի տեսանկւոնից մեկ ամիս ժամանակը երկար է և այն անհրաժեշտ է կրճատել: Նախագծով առաջարկվող նոր 9.1-րդ հոդվածի 11-րդ մասում խոսք է գնում ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակումների նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված էլեկտրոնային հաղորդակցության միջոցների և ծրագրային ապահովման (այսուհետ. էլեկտրոնային հաղորդակցության միջոցներ) օգտագործման և կիրառման միջոցով հսկողության իրականացման մասին: Պարզ չէ՝ ինչ էլեկտրոնային հաղորդակցության միջոցների մասին է խոսքը, կոնկրետ ինչ շրջանակի անձանց նկատմամբ են այդ միջոցները կիրառվելու, նախագծով սահմանվածից առավելագույն ժամկետից զատ ինչ կոնկրետ ժամկետով են կիրառվելու ու որ մարմիններն են դրանք կիրառելու:  Արդյոք այս միջոցները ենթադրում են կիրառություն այն անձանց նկատմամբ, ովքեր, օրինակ, ունեն այնպիսի բջջային հեռախոսներ, որոնք հնարավորություն չեն տալիս ներբեռնել և օգտագործել ծրագրային հավելվածներ: Մեկ այլ հարց է առաջ գալիս այն դեպքում, թե ինչ անել, եթե անձը մեկ վայրից մյուսը տեղաշարժվում է՝ իր հետ չունենալով բջջային հեռախոս: Պարզ չէ՝ նշված բոլոր դեպքերում ինչպես է լուծվելու այս անձանց պատասխանատվության հարցը: Դրանից բացի, Նախագծով առաջարկվող նոր 9.1-րդ հոդվածի 11-րդ մասում տեղ գտած «այն անձինք, որոնց նկատմամբ արտակարգ դրության ընթացքում կիրառվել են ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ» ձևակերպումը խիստ անորոշ է: Այն հնարավորություն չի տալիս պատկերացում կազմելու, թե կոնկրետ ում համար են նախատեսվող հավելվածները պարտադիր։ Նախագծի հետ կապված նաև առկա են մի շարք ընդհանուր բնույթի, սակայն կոնկրետ նկատառումներ: Նախագծից հստակ չէ, թե տվյալների մշակման արդյունքում վարակակիր անձին կամ նրա շփումների շրջանակը պարզելուց հետո ինչ գործողություններ են իրականացվելու։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է հավանական վարակակիր կամ վարակման հարցում կասկածելի անձի իրավունքները սահմանափակող միջոցներին։ Նախագծով նախատեսված չէ նաև կարգավորում այն մասին, թե պետության կողմից կիրառվող սահմանափակումներին ենթարկվելուց անձի հրաժարվելու դեպքում ինչ է տեղի ունենալու: Օրինակ՝ եթե անձնական տվյալների մշակման արդյունքում անձին ներկայացվել է մեկուսացման պահանջ, ապա ով է այդ պահանջը ներկայացնում նրան և չենթարկվելու դեպքում ինչ միջոցներ են կիրառվելու: Արդյոք անձի նկատմամբ կիրառվելու է հարկադրանք (օրինակ՝ ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոց) և եթե այո, ապա ով է դա անելու: Օրինակ՝ եթե մարզային բուժհաստատությունում հետազոտվելիս պարզվում է, որ անձի մոտ առկա է կորոնավիրուսային վարակ կամ կան այդպիսի վարակի նախանշաններ, արդյոք բժիշկը կարող է այդ անձին մեկուսանալու պահանջ ներկայացնել և եթե այո, ապա ինչպես է դա իրագործվելու: Խնդիրն այն է, որ սանիտարահամաճարակային, այդ թվում՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների օրենքով ամրագրման բացակայության պայմաններում հնարավոր չէ այս հարցադրումներին պատասխանել:  Սա հատկապես կարևոր է, քանի որ հետագայում սահմանափակումները խախտելը կարող է առաջացնել անգամ քրեական պատասխանատվություն: Նախագծով նախատեսված չէ նաև մեկուսացված անձի կողմից մեկուսացման կանոններին հետևելու վերահսկողություն իրականացնող մարմինը։ Նախագծի կարգավորումների հետ կապված՝ մեկ այլ ընդհանուր նկատառում է նաև վերանայումների և բողոքարկման մեխանիզմի հարցը, այդ թվում՝ կապված դատական պաշտպանության իրավունքի հետ: Օրինակ՝ եթե անձը գտնում է մեկուսացման իրեն ներկայացված պահանջն ապօրինի է, ինչպես է բողոքարկելու այն: Արդյոք կարողանալու է դիմել վարչական մարմնին, թե պետք է հարցը լուծվի դատական կարգով: Եթե անձը ենթարկվում է մեկուսանալու պահանջին, դա նշանակում է, որ մեկուսացման պետք է ենթակա լինեն նաև իր հետ նույն բնակարանում ապրող մարդիկ և եթե վերջիններից որևէ մեկը համաձայն չէ մեկուսացման ենթարկվելուն, ապա արդյոք կարող է բողոքարկել այդ պահանջը: Այս մասին կարգավորում առկա չէ: Նշված բոլոր դեպքերում պետք է լինեն հատուկ կարգավորումներ՝ հաշվի առնելով հրատապությունը: Կարծում ենք, կարելի է դիտարկել այս բոլոր հարցերը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով կարգավորելու հնարավորությունը՝ հղում անելով այդ օրենքին: Հաշվի առնելով, որ կարող են բազմաթիվ լինել հրատապ արձագանք կամ վարույթ պահանջող դեպքերը, ապա, օրինակ, կարելի է լուծում ապահովել՝ առանձին դեպքերում հղում անելով նշված օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասին:      Նախագծով առաջարկվող կարգավորումների պարագայում ենթադրելի տարբերակներից է այն, որ վարույթն իրականացնելու է և հարկադրանքը կիրառելու է Ոստիկանությունը, սակայն այդ մասին անհրաժեշտ է նախագծում անել հատուկ նշում: Այս դեպքում հստակ կլինի, որ, ասենք, մարզային բուժհաստատության բժիշկը, ով հայտնաբերել է կորոնավիրուսով վարակված անձի, այդ մասին տեղեկացնի Ոստիկանությանը, որն էլ իր հերթին արդեն կսկի իրականացնել իր համար նախատեսված գործողությունները: Ակնհայտ է, որ մեկուսացած կամ առանձին իրավիճակներում ինքնամեկուսացած անձինք համարվելու են ազատությունից զրկված: Ուստի, առաջ է գալու նրանց անձնական ազատության իրավունքի ապահովման երաշխիքների հարց: Օրինակ՝ մեկուսացած անձի սահմանափակման ոչ ենթակա իրավունքներից պետք է լինի փաստաբանի օգնությանը դիմելու իրավունքը: Այս դեպքում ինչպես է այս իրավունքի իրականացումն ապահովվելու: Եթե քննարկում ենք, օրինակ, առցանց կամ հեռավար եղանակով փաստաբանի խորհրդատվության հնարավորության հարցը, ապա ինչպես է դա ապահովվելու այն դեպքում, երբ մարդը չունի անհրաժեշտ էլեկտրոնային սարքավորումներ: Մեկ այլ դեպքում, եթե անձը պնդում է, որ, օրինակ, մեկուսացման ժամանակ ոստիկանության ծառայողն իր նկատմամբ գործադրել է անհամաչափ ֆիզիկական ուժ կամ ենթարկել է խոշտանգման, ապա այդ դեպքում ինչպես է ապահովվելու բժշկի մուտքը մեկուսացման վայր ու առավել ևս, եթե անձը չունի իր բժիշկը և մեկուսացած է սեփական բնակարանում: Նախագիծը չի անդրադառնում այն դեպքերին, երբ վարակակիր կոնտակտավորների շրջանակը բացահայտվել է ոչ հանրային ծառայությունների տրամադրած տեղեկությունների հիմքով։ Օրինակ` ինչ է լինելու ընտանիքի մյուս անդամների հետ, եթե հաստատվել է, որ ընտանիքի անդամներից մեկը վարակված է նոր տեսակի կորոնավիրուսով։ Արդյոք այդ անձը մեկուսանալու է ընտանիքից և տեղափոխվի այլ վայր։ Եթե ոչ, ապա ինչպես է վերահսկվելու ընտանիքի մյուս անդամների հետ նրա շփումը։ Անհրաժեշտ է լրամշակել Նախագծի ընդունման հիմնավորումներն այնպես, որ դրանք պատասխաններ ապահովեն նախագծով առաջարկվող մեխանիզմի գործադրման կամ գոնե դրա հետ կապված հիմնական հարցերին: Հիմնավորումները պետք է լինեն հստակ՝ ամրագրելով օրենքի նախագծով նախատեսվող սահմանափակումներին կոնկրետ վերաբերող վերլուծություններ, այդ թվում՝ ելնելով միջազգային կոնկրետ փորձից ու չափանիշներից:
09:50 - 31 մարտի, 2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը |aysor.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը |aysor.am|

aysor.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ՝ 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով, ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցն ասաց, որ «Իմ քայլը» կողմ կքվեարկի նախագծին՝ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկություններով հանդես գալով։ Պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ նկատեց՝ ինքը նախագծի շուրջ հեռախոսազրույց է ունեցել ՄԻՊ-ի հետ, ով նշել է, որ լուրջ վերապահումներ և անհամաձայնություններ ունի նախագծի հետ։ Բաբաջանյանն ասաց, որ դեմ է քվեարկելու նախագծին։ Հարցի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նշել էին, որ դեմ են քվեարկելու նախագծին։  Վերջինս ենթադրում է արտակարգ դրութան ժամանակ անհրաժեշտության դեպքում միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։ Նախագծով նախատեսվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում։ Հավաքագրվում են նաև հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալները, որին փոխանցվել է զանգը: Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից տվյալներ տրամադրելիս արգելվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով հաղորդվող բովանդակության նկատմամբ ցանկացած տեսակի հսկողությունը, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունը և ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձևով ամրագրելը: Տվյալների մշակումն իրականացվում է բացառապես մինչև արտակարգ դրության դադարեցումը, վերացումը կամ համապատասխան միջոցառման իրականացումը դադարելը։ Սահմանված նպատակներից չբխող այլ նպատակներով կամ սահմանված կարգի խախտմամբ տվյալները մշակելը, այդ թվում. պահելը, օգտագործելը կամ տարածելը, ինչպես նաև հեռախոսային խոսակցությունը և ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ստանալը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձևով ամրագրելը, սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով տվյալները չապանձնավորելը և չոչնչացնելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Ըստ նախագծի՝ փոխանցված կամ մշակված տվյալները ապանձնավորվում են, իսկ անձնավորված տվյալները ոչնչացվում են արտակարգ դրության ավարտից հետո. արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում և կարգով:Բոլոր դեպքերում անձնավորված տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրությունն ավարտվելուց մեկ ամիս հետո:
16:22 - 30 մարտի, 2020
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է ՄԻՊ-ին և ԲԴԽ-ին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է ՄԻՊ-ին և ԲԴԽ-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին։ Պաշտպանի և ԲԴԽ աշխատակազմերից տեղեկացրել են, որ իր դիմումներն ստացվել են և մուտք են արվել համապատասխան բաժիններ։ Երկու գրություններն էլ վերաբերում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված՝ Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը քննելու շուրջ ստեղծված իրավիճակին։ ՄԻՊ-ին ուղղված դիմումի մեջ Վարդևանյանը նշել է, որ ներկայացված միջնորդության շուրջ ստեղծված վիճակը Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտման հերթական դրսևորումն է, և անհրաժեշտ է դրա հետ կապված անհապաղ գործողություններ ձեռնարկել։ ԲԴԽ-ին ուղղված դիմումի մեջ Արամ Վարդևանյանն աևրձանագրել է ստեղծված իրավիճակի համակարգային խնդիրը։ Այսօր պաշտպանը ևս մեկ անգամ կապ է հաստատել դատարանի աշխատակազմի հետ, որտեղ նրան կրկին պատասխանել են, որ դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է և այլ տեղեկության չեն տիրապետում։ Նշենք, որ երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվեց  Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը այլ դատավորի մակագրելը՝ պատճառաբանելով, որ սույն քրեական գործը գտնվում է Ա․ Դանիբեկյանի վարույթում և միջնորդությունը գտնվում է բացառապես իր լիազորությունների շրջանակում։ Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետներ՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
18:36 - 24 մարտի, 2020