ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Արամ Վարդևանյանը եւ Էրիկ Ալեքսանյանը դիմել են Գլխավոր դատախազին և տեղակալին

Արամ Վարդևանյանը եւ Էրիկ Ալեքսանյանը դիմել են Գլխավոր դատախազին և տեղակալին

Փաստաբաններ Արամ Վարդեւանյանը եւ Էրիկ Ալեքսանյանը դիմել են Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանին։ «Դիմում ենք Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանին Հարգելի պարոն Դավթյան եւ պարոն Բաղդասարյան, Վերջին 2․5 տարվա մեջ ամենից շատ բանավիճել ենք սահմանադրական կարգի տապալման, դրա պահպանման վերաբերյալ։ Խոսել ենք Հայաստանում իրավական պետության սկզբունքի, իրավունքների իրավաչափ կամ ոչ իրավաչափ սահմանափակումների մասին։ Միշտ պնդել ենք, որ Դուք ապօրինի քրեական հետապնդում եք հարուցել տխրահռչակ սահմանադրական կարգի տապալման գործով, Դուք միշտ պնդել եք հակառակը։ Փորձել եք ներկայացնել հարցը իբրեւ ոչ թե քաղաքական այլ իրավական տիրությում գտնվող։ Հիմա եկեք վերլուծենք ստեղծված իրավիճակը․ Ռազմական դրությունը պահպանվում է ՀՀ-ում չնայած Կառավարության որոշմամբ արձանագրված հիմքերը 2020 թվականի նոյեմեբերի 9-ի փաստացի միջազգային պայմանագրով՝ վերացել են։ Ռազմական դրությունը պահպանելով՝ այսօր սահմանափակվում են խաղաղ հավաքների, խոսքի ազատության եւ մի շարք այլ իրավունքներ։ Ավելին՝ հանրապետության հրապարակում պաշտոնատար անձանց գիտությամբ տարածվում է զինվորական համազգեստ կրող անձանց տեսանյութ որում ուղղակիորեն առկա են հանցակազմի տարրեր։ Այսօր եւս տարածվում է տեսանյութ զինվորական համազգեստով անձանց որոնք պահանջում են Արցախից Հայաստան տեղափոխված անձանց հանդեպ վրեժ լուծել։ Ռազմական դրության պայմանի իբրեւ առկայությունից ելնելով հարուցվել են հենց այդ հիմքից բխող ակնհայտ անհիմն քրեական գործեր քաղաքական գործիչների նկատմամբ։ Արդյունքում կարող ենք ձեւակերպել հետեւյալը՝ նոյեմբերի 9-ի ստորագրված փաստաթղթի արդյունքներից բողոքող անձանց թվի շարունակական աճից վտանգ կանխազգալով (այդ թվում ճանապարհները ոստիկանական ուժերով փակելով)՝ հավանական բազմամարդ հավաքի անցկացումը խոչընդոտելու, քաղաքական ոչ բռնի իրադարձությունները, խնդրո առարկա փաստաթղթի արդյունքները չեղարկելու քաղաքացիների պահանջը վերջնական ճնշելու եւ առկա իրավիճակը պահելու նպատակով, ՀՀ քաղաքացու՝ Սահմանադրությամբ երաշխավորված նշյալ իրավունքների  իրացումն արգելելու, դրանով իսկ ՀՀ Սահմանադրության՝ այդ իրավունքները նախատեսող նորմերը փաստացի վերացնելու` դիտավորության տարրեր այս իրավիճակում արդյոք չեք նկատում։ Արդյոք պատշաճ է այս պահին «սահմանադրական կարգը»։ Ներկայացված ձեւակերպումները հենց Ձեզ շատ ծանոթ են, չէ որ 2․5 տարի հենց այս բառերն եք օգտագործել։ Ավելին՝ մշտապես չեք համաձայնել մեզ հետ, երբ ասել ենք անհասկանալի է, որոշակի չէ խնդրո առարկա նորմը, միշտ ասել եք Ձեզ համար շատ հասականալի է։ Չենք հարցնում Ձեր վերաբերումնքը նոյեմբերի 9-ի փաստաթղթին, որովհետեւ վստահ ենք՝ Ձեզ համար որպես ՀՀ քաղաքացիների այն եւս անընդունելի է։ Պարզապես ուզում ենք ի վերջո մեկ անգամ անկեղծ պատասխան»,- գրել են նրանք։
00:12 - 14 նոյեմբերի, 2020
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ պատգամավորներին  մնալ ողջախոհության սահմաններում և դրսևորել իրավաչափ վարքագիծ․ Գլխավորի դատախազի խորհրդականը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանին

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ պատգամավորներին մնալ ողջախոհության սահմաններում և դրսևորել իրավաչափ վարքագիծ․ Գլխավորի դատախազի խորհրդականը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանին

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամեն ինչ իր գնահատականն, իհարկե, կստանա: Բայց զուտ բարոյական և հոգեբանական տեսանկյունից նման ծանրագույն հարված ստանալու պայմաններում, դեռ, ինչպես ասում են, «թանաքը չչորացած» փոխադարձ դավաճանաՈՐՍությունը նշանակում է, որ դեռ մեր մարտիկների դիրքերում գտնվելու պայմաններում, դեռ մեր զոհված, լույս տղերքի աճյունները պատվով մայր հողին չհանձնած, կոլեկտիվ գիտակցության առումով ներքուստ հաշտվել ենք կորստի փաստի հետ և միմյանց մեջ մեղավորներ փնտրելով ոչ միայն ինքնարդարանում ենք, այլ նաև մեզ զրկում կորցրածը ետ բերելուն տրամադրվելու մոտիվացումից: Որովհետև միայն այդպիսի տրամադրվածությունը կարող է օրինաչափ դարձնել մեր ներքին միասնականության այս հերթական փլուզումը, որ ունեցել ենք պատմության ընթացքում բազմիցս ու որը, ցավոք, վերածել ենք ազգային բնավորության: Մինչդեռ կորստի ցավը պետք է հենց սկզբից, ինքնաբերաբար և ինքնապաշտպանության բնազդով վերածվեր առկա իրավիճակի հետ չհամակերպվելու, հայրենիքի կորսվող մասը ետ բերելու և դրանով ամբողջական հայրենիքը փրկելու հզոր ու անկասելի էներգիայի, դրական իմաստով չարացներ մեզ ու մղեր համազգային ամբողջ ներուժը, մտավոր ու ֆիզիկական կարողությունները կենտրոնացնելու սառնասրտորեն և համառորեն այդ նպատակն իրագործելուն: Իսկ դրա առաջին նախապայմանը, միջուկը հենց այդ ԳԱՂԱՓԱՐԻ շուրջ ազգային միասնականությունն է, բոլոր հնարավոր բաժանարարների և այդ բաժանարարների պատճառ դարձող ազգային ախտերի մերժումը: Հենց հիմա, սակայն, այդ էներգիան ամբողջ ոգով պարպում ենք պառակտման վրա՝ գիտակցելով հանդերձ այս ամենում յուրաքանչյուրիս մեղավորությունը, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների բազմաշերտությունը: Ցավալի է, բայց փաստ»:
21:14 - 12 նոյեմբերի, 2020
Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ ռազմական դրության ընթացքում հավաքներ կազմակերպելուց, անցկացնելուց կամ մասնակցելուց

Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ ռազմական դրության ընթացքում հավաքներ կազմակերպելուց, անցկացնելուց կամ մասնակցելուց

Վերջին օրերին առանձին քաղաքական ուժեր և սոցիալական խմբեր զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերով հայտարարություններ են տարածել հավաքներ կազմակերպելու և անցկացնելու մասին։   Պարզաբանում ենք, որ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման հավելվածի 8-րդ կետով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը արգելվել է:   Պարզաբանվում է նաև, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182․5-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ ռազմական դրության ժամանակ գործադուլներ և հավաքներ կազմակերպելը, անցկացնելը և դրանց մասնակցելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 307․1-րդ հոդվածով մինչև 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ է նախատեսվում ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու, այդ թվում՝ փաստորեն ռազմական դրության ժամանակ գործադուլներ և հավաքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ։ Հետևաբար, բացասական իրավական հետևանքներից զերծ մնալու համար կոչ ենք անում ցուցաբերել ողջախոհություն, չխախտել ռազմական դրության իրավական ռեժիմից բխող սահմանափակումները և զերծ մնալ դրա ընթացքում ուղղակիորեն արգելված՝ հավաքներ կազմակերպելուց, անցկացնելուց կամ մասնակցելուց։
11:46 - 11 նոյեմբերի, 2020
Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում ՌԴ զինված ուժերին պատկանող ուղղաթիռի խոցման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում ՌԴ զինված ուժերին պատկանող ուղղաթիռի խոցման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2020թ. հուլիսից առ այսօր Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագրի, ՄԱԿ-ի կանոնադրության, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, այլ կոնվենցիաների պահանջները, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, շարունակվում են Հայաստանի Հանրապետության դեմ վարվել ագրեսիվ պատերազմ: Դրա շրջանակում 2020թ․ նոյեմբերի 9-ին՝ ժամը 18․30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հրթիռային կայանքի   կիրառմամբ խոցել են ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում թռիչք իրականացնող ՌԴ զինված ուժերի МИ 24 տեսակի՝ ակնհայտորեն ՌԴ տարբերանշանը կրող ռազմական ուղղաթիռը։ Դրա հետևանքով սպանվել են երկու անձինք և մարմնական վնասվածք ստացել ևս մեկ անձ։ Նույն օրը Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունըպաշոնապես հայտարարությամբ հաստատել է իրենց զինված ուժերի կողմից ՌԴ զինված ուժերի հաշվեկշռում գտնվող վերոնշյալ ուղղաթիռի խոցման փաստը։ Դեպքի առթիվ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով, 384-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Դեպքի վայրում են գտնվում նաև ՌԴ Հարավային Օկրուգի դատախազության և քննչական կոմիտեի ներկայացուցիչները  և նրանց հետ համագործակցված  ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ դեպքի հանգամանքների լիարժեք բացահայտման և պատասխանատվության հարցը լուծելու ուղղությամբ։
00:32 - 10 նոյեմբերի, 2020
ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին

ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին

ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն տեղեկացրել է, որ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված  և նպատակաուղղված կերպով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում կալանավորվել են Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ, ազգությամբ արաբ Մուհհրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը և Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին:   Նշվածներից առաջինը Արցախի պաշտպանության բանակի կողմից հայտնաբերվել է 2020թ. հոկտեմբերի 29-ին, իսկ երկրորդը նոյեմբերի 1-ին՝ Արցախի Հանրապետությում իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն)։   Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ նշված անձինք Սիրիայի հյուսիսային բնակավայրերից 2020թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղափոխվել են Ադրբեջան Թուրքիայի Հանրապետության միջոցով և Ադրբեջանի զինված ուժերի կազմում, վարձատության դիմաց անօրինական կերպով անմիջականորեն ներգրավվել Արցախի Հանրապետության զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ ռազմագործողություններում, հանցագործություններում:   Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում է Հայաստանում գործող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում մասնագիտացած միջազգային շահագրգիռ կազմակերպություններին առ այն, որ վերոնշյալ հանգամանքների առկայության մեջ համոզվելու ցանկություն ունենալու դեպքում պատրաստ ենք համապատասխան հայտի հիման վրա ապահովել շփումները կալանավորված անձանց  հետ և տրամադրել վերոնշյալի վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն:     
13:37 - 08 նոյեմբերի, 2020
Ադրբեջանի «Ղարաբաղ» ՖԱ մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի կողմից բոլոր հայերին սպանելու վերաբերյալ գրառման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Ադրբեջանի «Ղարաբաղ» ՖԱ մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի կողմից բոլոր հայերին սպանելու վերաբերյալ գրառման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

2020 թվականի հոկտեմբերի 31-ին Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովը համակարգչային համակարգի միջոցով՝ իր ֆեյսբուքյան օգտաէջում, արդարացնելով ազգային պատկանելության հիման վրա հայերի դեմ ցեղասպանությունը, վերջիններիս նկատմամբ թշնամանք հարուցելու, ատելություն և բռնություն հրահրելու նպատակով նշել է․ «…Մենք պետք է սպանենք հայերին։ Պետք է սպանենք երեխաներին, կանանց ծերերին, առանց որևէ տարբերության։ Պետք է սպանենք բոլորին։ Ոչ մի խղճահարություն և էմոցիաներ։ Նրանց հետ օրենքի լեզվով խոսելն անիմաստ է։ Հայերը սկսեցին հասկանալ, երբ սկսեցինք խոսել ուժի լեզվով։ Մենք պետք է սպանենք…»: 1949թ. դեկտեմբերի 9-ին ընդունված և ՀՀ-ի կողմից 1993թ. հունիսի 23-ին վավերացված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենիցայի 1-ին հոդվածի համաձայն՝ ցեղասպանությունը, անկախ նրանից՝ կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըստ միջազգային իրավունքի հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել և պատժել այն կատարելու համար: Կոնվենիցայի 3-րդ հոդվածի համաձայն՝ պատժելի է նաև ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը: ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները, ովքեր հանցանքը կատարել են ՀՀ տարածքից դուրս, ենթակա են քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով, եթե նրանք կատարել են այնպիսի հանցագործություններ, որոնք նախատեսված են ՀՀ միջազգային պայմանագրով: Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնում նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը) և 3971-րդ հոդվածով (Ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Քրեական գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար:
20:22 - 05 նոյեմբերի, 2020
Ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած 12 կալանավոր եւ 9 դատապարտյալ ազատ է արձակվել |armtimes.com|

Ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած 12 կալանավոր եւ 9 դատապարտյալ ազատ է արձակվել |armtimes.com|

armtimes.com: Ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած ազատազրկված անձանց դիմումների քննարկման արդյունքում փոփոխվել են 12 կալանավորի խափանման միջոցները, եւս 9 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել պատժի հետագա կրումից։ Գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է Դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Պողոսյանը։ Ազատազրկված անձինք ռազմաճակատ մեկնելու վերաբերյալ դիմումներ էին ներկայացրել սեպտեմբերի 27-ից ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ընթացքում։ Դիմումների ընդհանուր թվի մասին Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից մանրամասներ չէին հայտնել՝ միայն նշելով, որ նախարարությունը չունի իրավասություն պատժի կրման կասեցման, հետաձգման կամ ազատման, ինչպես նաեւ կալանավորումը որպես խափանման միջոց փոփոխելու կամ վերացնելու առնչությամբ։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:13 - 04 նոյեմբերի, 2020
Դատախազությունը hամավարակի, պատերազմի պայմաններում ծախսերի կրճատմամբ միջոցներ է ուղղել պետբյուջե

 |armenpress.am|

Դատախազությունը hամավարակի, պատերազմի պայմաններում ծախսերի կրճատմամբ միջոցներ է ուղղել պետբյուջե |armenpress.am|

armenpress.am: ՀՀ գլխավոր դատախազությունը, համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված, այս տարի ծախսերի վերանայումներ է կատարել և որոշակի միջոցներ ուղղել պետբյուջե: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց  Գլխավոր դատախազության գլխավոր քարտուղար Համայակ Նավասարդյանը:   Նկատի ունենալով համավարակը և ռազմական դրությունը՝ եղել են որոշակի ծախսեր, որոնք առանձին հոդվածներով չեն կատարվել: Նրա խոսքով՝ դրանք ուղղակիորեն ուղղվել են պետբյուջե: «2020-ի ընթացքում այդպիսի ծախսերից են մասնագիտական վերապատրաստման հետ կապված ծախսերը՝ շուրջ 17 մլն 600 հազար դրամի չափով: Պայմանավորված համավարակով և ռազմական դրությամբ՝ որոշվեց մասնագիտական ուսուցման ծախսերը չիրականացնել: Նախատեսված էր, որ շուրջ 360 հոգի պետք է անցնեին մասնագիտական վերապատրաստում, սակայն ներգրավված են եղել ընդամենը 30 անձ»,-ասաց Նավասարդյանը: Ինչպես նաև չեն իրականացվել որոշակի հոդվածներով ծախսեր՝ շենքերի, շինությունների ընթացիկ վերանորոգում և այլն: Անդրադառնալով հաջորդ տարվան՝ նա տեղեկացրեց, որ դատախազությանը 2021 թվականի պետական բյուջեից նախատեսվում է ֆինանսավորում ընդամենը երեք ծրագրի մասով՝ դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն, մասնագիտական ուսուցում և որակավորման բարձրացում և փորձաքննությունների ծառայություններ: Դատավարական ղեկավարման և դատախազկան հսկողության ծրագրով 2021-ի պետական բյուջեի նախագծով նախատեսված է 5 մլրդ 793 մլն դրամ»,- ասաց Նավասարդյանը:  
13:22 - 04 նոյեմբերի, 2020
Դատախազությունը նոր տվյալներ է ունի ԱՀ դեմ գործողություններում սիրիացի վարձկանների ներգրավման մասին

Դատախազությունը նոր տվյալներ է ունի ԱՀ դեմ գործողություններում սիրիացի վարձկանների ներգրավման մասին

ՀՀ գլխավոր դատախազությունը նոր փաստական տվյալներ է հավաքել ադրբեջանական բանակում սիրիացի վարձկանների առկայության և Արցախի հայության դեմ ահաբեկչական գործողություններում նրանց ներգրավման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից «Ինչպես արդեն տեղեկացվել է, 2020թ. նոյեմբերի 1-ին ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից հայտնաբերվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կազմում Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված  ռազմական գործողություններին մասնակցող Սիրիայի Արաբական Հանրապետության երկրորդ քաղաքացին՝ Իդլիբ նահանգի Զիադիա գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջին: Վերջինս 2020թ. նոյեմբերի 2-ին ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով, և 395-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով:   Քրեական համապատասխան գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել Ադրբեջանի զինված ուժերում ահաբեկչական խմբավորումների կազմում այլ երկրներից, մասնավորապես Սիրիայից հավաքագրված վարձկանների առկայության և ռազմական գործողություններին նրանց ուղակի երգրավման վերաբերյալ նոր փաստական տվյալներ: Մասնավորապես, ըստ Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիի տված ցուցմունքների՝ Աբու Ահմադ անունով անձի կողմից իր տանն իրեն առաջարկվել է գումարի դիմաց գնալ Ադրբեջան՝ 3-ամսյա զորավարժությունների մասնակցելու նպատկով՝ յուրաքանչյուր ամիս 2000ԱՄՆ դոլար վարձատրվելու պայմանով: Հավաքագրումը կատարվել է Սիրիայի Սարարֆին, Սահամն, Ալ Զիեդիե և այլ բնակավայրերից, հավաքագրվողներին հատուկ զգուշացվել է անձը հաստատող փաստաթուղթ, բջջային հեռախոս չվերցնելու մասին: Նրանց  տեղափոխել են Սիրիայի Բաբ Ալ Սալամ անցակետ, որը, ըստ սիրիացի վարձկանի ցուցմունքների, գտնվում է Աբու Համշայի և նրա զինյալների հսկողության ներքո: Աբու Համշայի եղբոր՝ Սեյֆի կողմից Սիրիայի տարբեր հատվածներից այնտեղ հավաքված հարյուրավոր անձանցից հավաքագրվել է 20-ից 40 տարեկան 500 հոգի, որոնց նախապես զգուշացվել է, որ Ադրբեջան մեկնելուց հետո մինչև ժամկետի ավարտը ոչ մեկին այլևս թույլ չի տրվելու վերադառնալ: Ապա արդեն վերջնական հավաքագրված վերոնշյալ 500 հոգուն անարգել, առանց Թուրքիայի սահմանապահների կողմից անձը հաստատող փաստաթղթերն ստուգելու, անցկացրել են Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող վերոնշյալ անցակետով, նստեցրել ավտոբուսներ և թուրք զինվորականների ուղեկցությամբ տեղափոխել Թուրքիայի քաղաքացիական օդանավակայաններից մեկը, այնտեղից՝ թուրքական դրոշով օդանավով՝ մյուս քաղաքացիական օդանավակայան, որից հետո,  կրկին առանց անձը հաստատող փաստաթղթերի ստուգման, նստեցրել են Ադրբեջանի դրոշով քաղաքացիական ինքնաթիռ և փոխադրել Ադրբեջան՝ քաղաքացիական օդանավակայան: Այստեղ, նրանց դիմավորել են թուրքական բանակի համազգեստով, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի զինվորականներ և կրկին առանց ժամանողների ինքնությունն ստուգելու, նրանց ավտոբուսներով տեղափոխել են զորամաս, որտեղ ևս առկա են եղել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի զինված ուժերի զինծառայողներ: Նշված զորամասում նրանց տվել են համարներով վզնողներ, տրամադրել բաց և մուգ կապույտ երանգներով համազգեստներ և զենք, այդ թվում՝ դանակներ: 3 օր անց վարձկաններին տեղափոխել են այլ վայր:   Ըստ ստացված տվյալների՝ վարձկանների տվյալ խմբի ղեկավարը եղել է Շեյխ Իբրահիմ անունով անձը, վերջինիս ղեկավարման ներքո նրանք տեղափոխվել են մեկ այլ զորամաս, որտեղ գտնվել են գումարի դիմաց կռվելու եկած ևս 500 սիրիացի արաբներ, ինչպես նաև թուրք և ադրբեջանցի զինվորականներ: Զորամասում նրանց բաժանել են 10 խմբերի, որոնց կազմը և թվաքանակը որոշել է Աբու Համշան, ով հանդիսանում է նշված զորամասի և սիրիայից Ադրբեջան տեղափոխված վարձկանների հիմնական ղեկավարը: Վերջինս, տեղեկացնելով, որ մարտեր են վարելու հայերի դեմ, հրահանգել է հարձակում գործելու դեպքում հայերից ոչ մեկին չխնայել, բոլորին «մորթել», սպանել: Նման հրահանգներ նրանք ստացել են նաև զորամասում գտնվող թուրք և ադրբեջանցի զինվորականներից: Ըստ Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիի՝ յուրաքանչյուր կտրված հայի գլխի համար իրենց խոստացել են վճարել 100 ԱՄՆ դոլար: Տվյալ զորամասում մնալու յոթերորդ օրը վաղ առավոտյան, ժամը 4-ին, նրանք տեղափոխվել են արցախա-ադրբեջանական շփման գծի հատված, որտեղ Շեյխ Իբրահիմի կողմից հրաման են ստացել հարձակվել հարակից հայկական գյուղի վրա, գրավել այն և գլխատել այնտեղ գտնվող բոլոր քաղաքացիական անձանց և զիավորականներին: Հարձակման ժամանակ, սակայն, նրանք հայտնվել են հայկական զինված ուժերի կրակի տակ և թողնելով 15 սպանված՝ դիմել փախուստի: Գործողությունների ընթացքում նշված անձը ստացել է վիրավորում, երեք օր դաշտում մնացել այդ վիճակում, մինչև գերեվարվել է հայկական զինված ուժերի զինծառայողների կողմից: Վերոնշյալ փաստական տվյալները, համադրված այլ ապացույցների հետ, վերահաստատում են նյութական հատուցում ստանալու դիմաց Ադրբեջանի զինված ուժերի կազմում Արցախի Հանրապետության դեմ վարվող ռազմական գործողություններին, ինչպես նաև ազգային ատելության հողի վրա հանցագործությունների կատարմանը ներգրավվելու նպատակով Սիրիայի տարբեր բնակավայրերում վարձկանների մասսայական հավաքագրման, Թուրքիայի միջոցով և վերջինիս զինված ուժերի մասնակցությամբ նրանց Ադրբեջան փոխադրման, Ադրբեջանի զինված ուժերում ապօրինի ներգրավման և հիմնականում ահաբեկչական բնույթի գործողություններ կատարելու նպատակով ռազմական գործողություններին նրանց մասնակցության ապահովման հստակ գործող հանցավոր սխեմաների առկայությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:  
19:33 - 03 նոյեմբերի, 2020
Հակառակորդի կրակից Դավիթ-Բեկ համայնքում մահացած քաղաքացիական անձը եղել է իր մեքենայի ղեկին. Դատախազություն

Հակառակորդի կրակից Դավիթ-Բեկ համայնքում մահացած քաղաքացիական անձը եղել է իր մեքենայի ղեկին. Դատախազություն

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագրի, ՄԱԿ-ի կանոնադրության, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, այլ կոնվենցիաների պահանջները, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, Հայաստանի Հանրապետության դեմ շարունակում է վարվել ագրեսիվ պատերազմը:Այդ շրջանակներում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից շարունակում են դիտավորությամբ թիրախավորվել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բնակավայրերն ու քաղաքացիական անձինք։2020 թվականի նոյեմբերի 2-ին ժամը 18։10-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից հերթական անգամ մեծ տրամաչափի հրթիռահրետանային միջոցներով, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներով ինտենսիվ հարվածներ են հասցվել Հայաստանի Հանրապետության Կապան համայնքի Դավիթ-Բեկ բնակավայրին, վերջինիս բնակիչներին, քաղաքացիական ենթակառուցվածներին, ինչի հետևանքով հասցվել են մեծ վնասներ, ավերվել են բազմաթիվ բնակելի տներ։ Հարկ է ընդգծել, որ նշված բնակավայրում որևէ ռազմական օբյեկտ տեղակայված չէ։Հրթիռակոծության հետևանքով բեկորային վնասվածքներ են ստացել Դավիթ-Բեկ բնակավայրի բնակիչ երկու կանայք, իսկ Կապան համայնքի բնակիչ Դավիթ Յուրիկի Հովհաննիսյանը (ծնված 1976թ.)մահացել է։Վերջինս զբաղված է եղել իր առօրյա գործերով, եղել է քաղաքացիական հագուստով և գտնվել է իր մեքենայի ղեկին։Դեպքի առթիվ ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ։
23:19 - 02 նոյեմբերի, 2020
Խմբավորումներին տրվում է հրաման ոչ միայն մասնակցել ռազմական գործողություններին, այլև իրականացնել հենց ահաբեկչական բնույթի հանցագործություններ

Խմբավորումներին տրվում է հրաման ոչ միայն մասնակցել ռազմական գործողություններին, այլև իրականացնել հենց ահաբեկչական բնույթի հանցագործություններ

Ինչպես արդեն տեղեկացվել է ՀՀ ՔԿ-ի կողմից, ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել Արցախի պաշտպանության բանակի կողմից հայտնաբերված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, 1975թ. ծնված Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Մեղադրանքն առաջադրվել է այն հանցավոր արարքը կատարելու համար, որ վերջինս, չհասնդիսանալով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, ընդգրկված չլինելով այդ երկրի զինված ուժերի անձնակազմում, ինչպես նաև որևէ այլ պետության կողմից ուղարկված չլինելով զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար, նյութական հատուցում ստանալու դիմաց, հավաքագրվելով Սիրիայում և Թուրքիայի միջոցով և վերջինիս տարածքով տեղափոխվելով Ադրբեջան, վերջինիս զինված ուժերի կազմում մասնակցել է ռազմական գործողությունների, այդ թվում Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ նախապատրաստված հանցագործության կատարմանն ուղղված հրամանների իրագործման գործողություններին: Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիին առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած, ինչպես նաև իրավապահ մարմինների տրամադրության տակ գտնվող այլ փաստական տվյալների համադրությունից ակնառու է դառնում Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմում Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբավորումների անդամներին, ջիհադիստ վարձկաններին ներգրավվելու մի քանի սխեմատիկ էական հանգամանք, որոնք չափազանց կարևոր են կատարվողին իրավական գնահատականներ տալու, այս գործըթնացում ներգրավված սուբյեկիտների պատասխանատվության ենթարկման հարցն առաջ մղելու համար: 1. Սիրիայի բնակավայրերում առանձին անհատների (կոնկրետ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիի պարագայում Աբու Հուսեյն 23 անունով անձի) միջոցով իրականացվել (իրականացվում) է ռազմական գործողությունների մասնակցելու համար վարձկան գրոհայինների հավաքագրում՝ նյութական հատուցում ստանալու, մասնավորապես տվյալ դեպքում 2000 ԱՄՆ դոլարին համարժեք թուրքական լիրա գումարի դիմաց: Վերջիններս կենտրոնացվում են կոնկրետ ճամբարներում, տվյալ դեպքում՝ Քիլիս քաղաքի հարակից տարածք, որտեղ հավաքագրվածներից կատարվում է ռազմական գործողությունների կատարմանն ունակ անձանց ընտրությունը: 2. Խմբավորումների ղեկավարների (տվյալ դեպքում ըստ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիի ցուցմունքի, «Ալ Ամշաթ» խմբավորման ղեկավար Աբու Համշայի) համակարգմամբ վերջնական ընտրված անձինք խմբերով, առանց անձը հաստատող փաստաթղթերի, անարգել, Թուրքական սահմանապահ ուժերի գիտությամբ և թույլտվությամբ, անցկացվում են Թուրքիայի տարածք, ավտոբուսներով տեղափոխվում Թուրքիայի քաղաքացիական օդանավակայաններ, որտեղ ԹՀ ոստիկանների կողմից թույլտվությամբ առանց որևէ խոչընդոտի հատում են հսկվող անցակետերը, անարգել նստեցվում են քաղաքացիական ինքնաթիռներ, Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների ուղեկցությամբ տեղափոխվում այլ քաղաքացիական օդանավակայաններ, որտեղ կրկին ԹՀ զինված ուժերի զինվորականների ուղեկցությամբ քաղաքացիական ինքնաթիռներով տեղափոխվում Ադրբեջան: 3. Ադրբեջանի զինված ուժերի ուղեկցությամբ, առանց վերջիններիս անձնագրերը ստուգելու, անմիջապես օդանավակայանից, կազմակերպված ձևով, նրանց տեղափոխում են Ադրբեջանի՝ հատում նման խմբավորումների տեղակայման համար նախատեսված ռազմական օբյեկտներ, որտեղ նրանց տալիս են Ադրբեջանի զինված ուժերի տարբերանշանով համազգերստ և տարբեր զենքեր, այսինքն փաստացի ահաբեկչական խմբավորումների անդամներին, վարձկաններին դարձնում են Ադրբեջանի զինված ուժերի բաղկացուցիչներ՝ նրանցից ձևավորելով համապատասխան ստորաբաժանումներ: Ընդ որում՝ ըստ առկա փաստական տվյալների, Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիի դեպքում այդ ստորաբաժանումը, կազմված 250 հոգուց, ղեկավարել է «Սուլթան Մուրադ» խմբավորման ղեկավար կամ անդամ Աբու Համշան: ղեկավարությամբ, տեղակայվել են նրանց հատկացված առանձին ռազմական օբյեկտում, որտեղ արդեն իսկ տեղակայված են եղել նույն խմբավորման շուրջ 18 անդամներ: 4. Ահաբեկչական խմբավորման անդամներից, վարձկաններից ձևավորված և Ադրբեջանական բանակի մաս դարձված այդ ստորաբաժանումները ըստ ստացած հանձնարարության ուղղակիորեն ներգրավվում են Արցախի հանրապետության դեմ ռազմական գործողությունների մեջ: կոնկրետ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիի պարագայում 2020թ. հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան «Սուլթան Մուրադ» խմբավորման ղեկավար Աբու Համշայի ղեկավարությամբ մոտ 250 անդամներից կազմված խմբավորումը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների ուղեկցությամբ հարձակում եմ իրականացրել Արցախի Հանրապետության տարածքում գտնվող գյուղերից մեկի ուղղությամբ: 5. Էական բնութագրիչ հանգամանք է, որ այս խմբավորումներին տրվում է հրաման ոչ միայն մասնակցել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դեմ ռազմական գործողություններին, այլ նաև իրականացնել հենց ահաբեկչական բնույթի, մարդկության դեմ ուղղված ռազմական հանցագործություններ: Ըստ Մուհհռաբ մուհամմադ Ալ Շխերիի տված ցուցմունքների, մասնավորապես, իրենց տրված է եղել հրաման հարձակվել Արցախի կոնկրետ հայկական գյուղի վրա, գրավել այն, սպանել գուղում գտնվող բոլոր բնակիչներին, քաղաքացիական և զինվորական անձանց, իրականացնել հրկիզումներ, պայթեցումներ և ապակայունացնել տարածաշրջանը: Այս հրամանն իրականացնել տվյալ դեպքում չի հաջողվել միայն այն պատճառով, որ խմբավորումը հանդիպել է Արցախի պաշտպանության բանակի դիմադրությանը և ստիպված եղել նահանջել»,- գրել է Աբրահամյանը։
17:52 - 02 նոյեմբերի, 2020
Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ, սիրիացի վարձկան Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը

Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ, սիրիացի վարձկան Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը

Արդեն տեղեկացվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված  և նպատակաուղղված կերպով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ ՀՀ և Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր: Հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը։ Բացի այդ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, հաշվի չառնելով նաև ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ և պայմանագրեր, չկատարելով հրադադարի մի քանի համաձայնություններով ստանձնած պարտավորությունները, շարունակել է օգտագործել տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող վարձկանների: Վերջիններս իրականացրել են միջազգային ահաբեկչություն, շարունակել մարդկանց ոչնչացնելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն և վնասելուն ուղղված գործողությունները, որոնք ուղեկցվել են ականանետային-հրթիռահրետանային, ավիացիոն և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ՝ հարվածներ հասցնելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի: 2020թ. հոկտեմբերի 29-ին Արցախի Հանրապետությում իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից հայտնաբերվել է Սիրիայի հյուսիսում տեղակայված ահաբեկչական ճամբարից  2020թ. հոկտեմբերի 19-ին Թուրքիայի Հանրապետության միջոցով Ադրբեջանի Հանրապետություն տեղափոխված և վերը նկարագրված գործողություններին անմիջականորեն մասնակցություն ունեցած՝ Աբու Համշեին խմբավորման Աբու Հուսեին 23 ջոկատի անդամ հանդիսացող վարձկան, Սիրիայի Համմա քաղաքի բնակիչ, 1975թ. մարտի 5-ին ծնված Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը: Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նախապես հավաքագրված վարձկանների օգտագործմամբ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, ագրեսիայի ակտ իրականացնելու, զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ թույլ տալու, հանցավոր հրաման արձակելու, ինչպես նաև միջազգային ահաբեկչություն իրականացնելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով 2020թ. հոկտեմբերի 31-ին ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը ձերբակալվել է:
16:40 - 31 հոկտեմբերի, 2020
Արցախից ՀՀ ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի. նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Արցախից ՀՀ ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի. նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Պարզվել են Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես պարզվել է, որ դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել և Հ.Մ-ի վարած ավտոմեքենայում ապօրինի պահելով՝ ապօրինի փոխադրել են հրազեն հանդիսացող «ԱԿ-103» տեսակի 2 ինքնաձիգ, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի 77 փամփուշտ և պայթուցիկ սարք հանդիսացող Ֆ-1 տեսակի 1 նռնակ: 2020թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 2000-ի սահմաններում, դրանք հայտնաբերվել և վերցվել են Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրից դեպի ԱՀ տանող ճանապարհահատվածում ծառայություն իրականացնող համապատասխան իրավապահ մարմնի աշխատակիցների կողմից: Նշվածի կապակցությամբ նույն օրը ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Սյունիքի մարզի դատախազի հանձնարարությամբ ձերբակալվել են նշված ավտոմեքենայի սեփականատերը, վարորդը և ուղևորը, ինչից հետո՝ 2020թ. հոկտեմբերի 29-ին նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրը նշված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկիողություն իրականացնող՝ Սյունիքի մարզի դատախազության համապատասխան դատախազի կողմից միջնորդություններ են ներկայացվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի լիարժեք հանգամանքները բացահայտելու համար: ՀՀ դատախազությունը խստորեն զգուշացնում է ձեռնպահ մնալ նման հանցավոր գործողություններից, որոնք հղի են ՀՀ-ի և ԱՀ-ի բնակչության, հասարակական անվտանգության, հանցածին իրավիճակի վատթարացման սպառնալիքներով: Ինչպես նշած, այնպես էլ նմանատիպ հնարավոր այլ դրսևորումների դեպքում ՀՀ դատախազությունը հետամուտ է լինելու նման գործողություններին ամենակոշտ իրավական գնահատականներ տալուն և հանցագործությունը կատարող անձանց քրեական խիստ պատասխանատվության ենթարկելուն:
17:52 - 29 հոկտեմբերի, 2020
Արթուր Դավթյանը Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում բարձրացրել է Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչությունը խաղաղ բնակչության դեմ օգտագործելու անթույլատրելիության խնդիրը

Արթուր Դավթյանը Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում բարձրացրել է Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչությունը խաղաղ բնակչության դեմ օգտագործելու անթույլատրելիության խնդիրը

Այսօր կայացել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների գլխավոր դատախազների հերթական տարեկան առցանց նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Նիստի օրակարգում քննարկված հարցերի շրջանակում Արթուր Դավթյանը մասնակից երկրների դատախազներին ներկայացնել է նաև Ադրբեջանի Հանարպետության կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները: Մասնավորապես, նա նշել է, որ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից ավելի քան երեք շաբաթ շարունակվող պատերազմական գործողությունների ընթացքում հրթիռահրետանային միջոցներից, այդ թվում նաև միջազգայնորեն արգելված զինատեսակներից, դիտավորյալ և նպատակաուղղված հարվածների թիրախներ է դարձվել նաև բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով մահացել կամ վիրավորում են ստացել ռազմական գործողությունների հետ որևէ առնչություն չունեցող բազմաթիվ խաղաղ բնակիչներ, այդ թվում նաև մանկահասակ երեխաներ, ինչպես նաև միջազգային պաշտպանության ներքո գտնվող անձինք՝ լրագրողները:   ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է նաև արդեն իսկ միջազգային հանրության կողմից փաստված՝ հակամարտության գոտի միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների, վարձկանների տեղափոխման և Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին և կատարված հանցագործություններին նրանց ներգրավելու իրողությունը: Նա շեշտել է, որ նման հանցավոր վարքագիծը լրջագույն սպառնալիք է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ միջազգային անվտանգության համար, քանի որ ահաբեկիչների կործանարար գործունեությունն արդեն իսկ դուրս է եկել հակամատրության գոտուց և ներթափանցում է տարածաշրջանի առանձին երկրներ՝ վերածվելով անկախ սահմաններից խաղաղ բնակչության անվտանգության համար իրական «դամոկլյան սրի»: Հղում կատարելով այն հանգամանքին, որ Շանհայան համագործակցության կազմակերպության հիմնական նպատակներից մեկը այդ մեծ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովումն է, միջազգային ահաբեկչության համատեղ հակազդումը՝ Արթուր Դավթյանն անթույլատրելի է համարել ռազմական գործողություններին ահաբեկչական տարրի ներգրավումը, խաղաղ բնակիչների, զինծառայողների նկատմամբ ահաբեկիչ ծայրահեղականներին բնորոշ վայրագությունների իրականացումը: ՀՀ գլխավոր դատախազը հայտնել է ՀՀ դատախազության պատրաստակամությունը համագործակցելու կազմակերպության անդամ երկրների համապատասխան իրավապահ կառույցների հետ ոչ միայն տերածաշրջանային, այլ արդեն իսկ միջազգային հանրությանն սպառնացող ահաբեկչության դեմ ընդհանուր պայքար մղելու գործում:
14:35 - 25 հոկտեմբերի, 2020
Արցախի դեմ ռազմական ագրեսիան ավելի վաղ նախապատրաստված լինելու և իրականացմանը թուրքական զինված ուժերի մասնակցության մասին փաստական տվյալն են ստացվել

Արցախի դեմ ռազմական ագրեսիան ավելի վաղ նախապատրաստված լինելու և իրականացմանը թուրքական զինված ուժերի մասնակցության մասին փաստական տվյալն են ստացվել

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և դրա ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ծանր հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս սույն թվականի օգոստոսի սկզբից Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծաքանակ զինծառայողներ, գտնվելով Ադրբեջանի զինված ուժերում, զանգվածաբար մարտական պատրաստության դասընթացներ են անցկացրել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հետ: Դասընթացներն անցկացվել են հատկապես լեռնային պայմաններում մարտական գործողություններ իրականացնելու հմտությունների և պատրաստվածության ձեռբերման նպատակով: Ընդ որում, անցկացվող վարժանքների, դասընթացների ընթացքում Թուրքիայի զինված ուժերի ծառայողները փոխանցել են, որ առաջիկայում հարձակում պետք է իրականացվի Արցախի մարտական դիրքերի վրա: Սեպտեմբերի 3-ից սկսած՝ ընդհանուր զորահավաքով զորակոչվել է ադրբեջանական պահեստազորը՝ հանրությանն ապատեղեկացնելով, թե զորակոչն իրականացվում է մեկշաբաթյա զորավարժություններ անցկացնելու նպատակով, և պահեստազորն սկսել է մարտական պատրաստություն անցնել Ադրբեջանի զինված ուժերի տարբեր զորամիավորումներում: Սեպտեմբերի 21-ից ինչպես պահեստազորի, այնպես էլ կանոնավոր բանակի զորամիավորումները տեղակայվել են Ադրբեջանի և Արցախի սահմանագծին մոտ գտնվող մարտական դիրքերում և սեպտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը հրաման են ստացել բոլոր ուղղություններով հարձակում գործելու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական հենակետերի վրա՝ օգտագործելով ադրբեջանական զինված ուժերում առկա բոլոր զինատեսակները: Ընդ որում, սեպտեմբերի կեսից սկսած՝ սահմանագծի մոտ գտնվող բնակավայրերում խիտ բնակեցված ադրբեջանական բնակչության շրջանում, բնակիչների այգիներում, ինչպես նաև ծառածածկ և հնարավորինս քիչ տեսանելի այլ վայրերում տեղակայվել են հրետանային համակարգեր՝ քաղաքացիներին ներկայացնելով, թե դրանք զորավարժությունների անցկացման համար են: Սակայն պատերազմի սկսման առաջին իսկ պահից այդ համակարգերն իրականացրել են մարտական խնդիրներ: Ստացված փաստական տվյալների համաձայն, թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները, ըստ պլանի, անմիջականորեն մասնակցություն են ունեցել նաև ռազմական գործողությունների իրականացմանը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր միջոցները կատարվածի հանգամանքների լիարժեք բացահայտման նպատակով:           
13:57 - 25 հոկտեմբերի, 2020