ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի և Կոտայքի մարզի հյուրանոցառեստորանային համալիրներ. հայտնաբերվել են խախտումներ

Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի և Կոտայքի մարզի հյուրանոցառեստորանային համալիրներ. հայտնաբերվել են խախտումներ

Ոստիկանությունը, համագործակցելով տեսչական մերմինների հետ, շարունակում է  հսկողություն իրականացնել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանման նկատմամբ՝ այս համատեքստում իրականացնելով տարաբնույթ միջոցառումներ։ Հերթականը հունիսի 13-ին է եղել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կոտայքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումնների ծառայողները, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների հետ, ուժեղացված ստուգայցեր իրականացրին մայրաքաղաքում և Կոտայքի մարզում գործող մի քանի տասնյակ ռեստորանահյուրանոցային համալիրներ։ Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով՝ Պարետի որոշումներով պարտադիր կատարման ենթակա կանոններ են սահմանվել նաև այս տնտեսվարող սուբյեկտների համար։ Մասնավորապես, հյուրանոցառեստորանային համալիրներում պետք է խստագույնս պահպանվեն հիգիենայի կանոնները, լինեն ախտահանիչ նյութեր, աշխատակիցները պետք է իրականացնեն ախտահանում և փաստաթղթավորում, հաճախորդների և անձնակազմի ջերմաչափում, սպասարկման սրահներում հաճախորդների միջև սոցիալական հեռավորության պահպանում, արգելվում է մեկ սեղանի շուրջ հինգից ավելի անձանց առկայությունը, հանրային սննդի կազմակերպություններում ուղեկցվող ֆոնային երաժշտությունից զատ պետք է բացառվեն կենդանի կամ վերարտադրված երաժշտության կատարումները, ինչպես եւ՝ սոցիալական սերտ շփում ենթադրող այլ միջոցառումներ, այդ թվում՝ պարերը, ժամանցի և զվարճանքի այլ գործողությունները: Ուժեղացված ստուգայցերի ընթացքում ոստիկանության ծառայողներն ու սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները հայտնաբերեցին 13 խախտում, որոնց փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։Ուժեղացված ստուգայցերը շարունակվում են։
15:59 - 14 հունիսի, 2020
Սա ապարդյուն և դեպի նոր ռիսկեր տանող ճանապարհ է. ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել

Սա ապարդյուն և դեպի նոր ռիսկեր տանող ճանապարհ է. ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդը հայտարարություն է տարածել. «Այսօր վաղ առավոտից իշխանությունն անցել է «իրավական տեռորի»։ Մենք սա գնահատում ենք որպես պատասխան՝ ԲՀԿ նախագահի վերջին ելույթին, որում նա, առանց երկիմաստությունների, նշեց երկրի առջև ծառացած սուր խնդիրները, մոտալուտ լրջագույն ռիսկերը և դրանց լուծման միակ հնարավորությունը՝ նոր, արդյունավետ կառավարում, լրջագույն փոփոխություններ երկրի կառավարման համակարգում։Տապալելով համաճարակի դեմ պայքարը, դառնալով մեծաթիվ վարակակիրների և մահերի պատասխանատուն, հասկանալով, որ սարերի հետևում չեն սոցիալական ծանր խնդիրները՝ ՀՀ իշխանությունները որդեգրել են ընդդիմախոսներին ամեն գնով լռեցնելու քաղաքականություն։ Սա ապարդյուն և դեպի նոր ռիսկեր տանող ճանապարհ է։ Իշխանությունը խուսափում է ճիշտ ընկալել իրականությունը, ընդունել իր ձախողումները և հանրային համերաշխության մթնոլորտում գտնել լուծումներ։ Վաղ առավոտից իշխանության սանձազերծած բռնություններն այլևս վերածվել են ամենաթողության: Այս ընթացքում բոլորիս աչքի առաջ բռնի ուժով բերման են ենթարկվել ԲՀԿ մի քանի տասնյակից ավելի ակտիվիստներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնց հանդեպ ևս ոստիկանները կիրառել են անհամաչափ ուժ: Այս պահին Ազգային անվտանգության ծառայությունում ընթանում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերահաստատում է իր վճռականությունը՝ բոլոր քաղաքակիրթ և օրինական միջոցներով պայքարել մեր պետության և ժողովրդի շահերի համար, որևէ կերպ չընկրկել անօրինական ճնշումների առաջ։ Հայաստանում այլևս երբեք իշխանությանը չի հաջողվելու շանտաժով ու բռնությամբ լռեցնելու ընդդիմությանը: Մենք վճռական ենք, օրենքի տառին և ոգուն հավատարիմ, շարունակելու մեր արդարացի պայքարը՝ հոգուտ Հայաստանի և հայ ժողովրդի փրկության», - ասված է ԲՀԿ հայտարարության մեջ: 
15:50 - 14 հունիսի, 2020
Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին. ԲՀԿ-ականները հայտնում են Ծառուկյանին ձերբակալելու որոշման մասին
 |armtimes.com|

Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին. ԲՀԿ-ականները հայտնում են Ծառուկյանին ձերբակալելու որոշման մասին |armtimes.com|

armtimes.com: Այս պահին լարված իրավիճակ է ԱԱԾ շենքի դիմաց. ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կենտրոնացնում։ Ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին ԱԱԾ շենքի մոտ հավաքված ցուցարարներին, ԲՀԿ կողմնակիցներին: Հիշեցնենք, ոստիկանությունը հետ քաշվելու եւ ցրվելու համար 5 րոպե ժամանակ էր տվել ցուցարարներին: Բերման ենթարկվեցին նաեւ Օլիմպիական կոմիտեի ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը, հիմնադրամների ղեկավարներ: ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարում են, որ սա բռնություն է ոչ միայն կուսակցության, այլեւ ՀՀ քաղաքացու դեմ: Նրանք հայտարարեցին, որ ներքին տեղեկություն ունեն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ են հրավիրել վկայի կարգավիճակով, սակայն նրան ձերբակալելու մասին որոշում են կայացնում եւ անձեռնմխելիությունից զրկելու հարց է բարձրացվում այս պահին: Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ սա իշխող քաղաքական ուժի վերջի սկիզբն է, ինքը չի բացառում, որ կարող են խուզարկել նաեւ իր տունը, այնուհետ՝ իրեն եւս բերման ենթարկել:  
14:40 - 14 հունիսի, 2020
Անձնագրային ծառայություններն ու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները հունիսի 15-ից կգործեն

Անձնագրային ծառայություններն ու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները հունիսի 15-ից կգործեն

Ոստիկանությունն այսօր հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի հետևանքով արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները հունիսի 15-ից անորոշ ժամանակով չեն գործի: Սակայն նկատի ունենալով, որ քաղաքացիներից շատերն անհետաձգելի գործողություններ ունեն՝ կապված այս ծառայությունների սպասարկման ոլորտի հետ՝ որոշում է կայացվել վերոհիշյալ ստորաբաժանումների աշխատանքը չդադարեցնել: Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ այցելել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, իսկ այցելելու դեպքում խստորեն կատարել ՀՀ պարետի որոշումներով սահմանված պահանջները, պահպանել անվտանգության կանոններն ու պահանջված սոցիալական տարածությունը: ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումներ կարելի է դիմել միայն е-request.am կայքում կամ [email protected] էլ. փոստով նախապես դիմում ներկայացնելուց և հաշվառման-քննական ստորաբաժանման աշխատակցի հետ այցելելու օրվա և ժամի մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո։
21:03 - 13 հունիսի, 2020
Քաղաքացիական հագուստով ոստիկաններ կներգրավվեն հակահամաճարակային կանոնների պահպանման գործում  |armenpress.am|

Քաղաքացիական հագուստով ոստիկաններ կներգրավվեն հակահամաճարակային կանոնների պահպանման գործում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավվեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Այս մասին հունիսի 13-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավենք քաղաքացիական հագուստով ոստիկանների, որոնք անձամբ գործողություն չեն կատարի, բայց կհրավիրեն մոտակայքում գտնվող կարգախմբերի, որոնք կմոտենան և վարչական պատասխանատվության կենթարկեն կարգազանց քաղաքացիներին»,- ասաց Փաշինյանը: Նա ընդգծեց` Հայաստանում կորոնավիրուսը հիմնականում տարածվում է բակերում և թաղամասերում:  «Նույն կամ մոտակա հասցեները վարակի ծագման հիմնական աղբյուր են: Վարակը հիմնականում տարածվում է բակերում և թաղամասերում: Այս առումով ոստիկանությունն, արդեն մի քանի օր է, ուժեղացված ծառայություն է իրականացնում բակերում, թույլ չտալով հակահամաճարակային իրավիճակի խախտումներ»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ բակերում պետք է հասնել հակահամաճարակային կանոնների պահպանման բարձր մակարդակի և շնորհակալություն հայտնեց կանոնները պահպանող քաղաքացիներին: 
19:02 - 13 հունիսի, 2020
Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են. հունիսի 12-ին իրավախախտման 1272 դեպք է հայտնաբերվել

Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են. հունիսի 12-ին իրավախախտման 1272 դեպք է հայտնաբերվել

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 31588 արձանագրություն, իսկ հունիսի 12-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1272 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: 
14:37 - 13 հունիսի, 2020
Հունիսի 15-ից եւս Անձնագրային ծառայություններն ու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները քաղաքացիներին չեն սպասարկի

Հունիսի 15-ից եւս Անձնագրային ծառայություններն ու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները քաղաքացիներին չեն սպասարկի

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ հունիսի 15-ից եւս անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես եւ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն գործի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Քաղաքացիներին սպասարկող ծառայությունների աշխատանքը վերսկսելու վերաբերյալ տեղեկությունը լրացուցիչ կտրամադրվի: Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը։ Այս սահմանափակումների նպատակը բացառապես մեր քաղաքացիների առողջության պահպանումն է»,-ասված է Ահարոնյանի գրառման մեջ։
12:35 - 13 հունիսի, 2020
ԱԺ-ի մոտից բերման ենթարկված անձինք ազատ են արձակվել |news.am|

ԱԺ-ի մոտից բերման ենթարկված անձինք ազատ են արձակվել |news.am|

news.am: Ազգային ժողովի մոտից այսօր՝ հունիսի 12-ին բերման ենթարկված իրավաբանները ազատ են արձակվել։  Նրանցից Ռոբերտ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ են համարում, թեեւ 4-ի նկատմամբ էլ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Ես նշել եմ, որ միանձնյա ակցիան որեւէ կերպ չի կարող տեղավորվել հավաքի տրամաբանության մեջ, անգամ եթե տեղի ունենար հավաք, ոստիկանության գործողությունը դիտվելու էր ոչ իրավաչափ»,- ասաց իրավանբանը։ «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը, որը նույնպես բերման էր ենթարկվել, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իրենց ակցիայի նպատակին, որն էր քաղաքացիներին վերադարձնել ազատ հավաքների իրավունքը՝ նշելով, որ արտակարգ դրությունը երկարացնելու բացառապես քաղաքական նպատակներ է հետապնդում։ «Քաղաքական նպատակներով է արտակարգ դրությունը ձգձգվում, ընդդիմությանը լռեցնելու, հանրային դժգոհությունը ճնշելու համար, ինչը անում է երկրի վարչապետը։  Քաղաքական բնույթ է կրում»,- ասաց նա։ Նշենք, որ քիչ առաջ բերման ենթարկվեցին նաեւ այն քաղաքացիները, որոնք իրավաբանների՝ ոստիկանություն տարվելուց հետո հավաքվել էին ոստիկանական բաժանմունքի առջեւ։  Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ բերման էին ենթարկվել Ռուբեն Մելիքյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Արմեն Գալստյանը, Բաբկեն Հարությունյանը։ Նրանք պահանջում են արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը։ Իրավաբանները կանգնած էին միմյանցից սոցիալական հեռավորության վրա, անցկացնում էին, իրենց խոսքով, միայնակ ակցիաներ, և ընդգծում, որ չեն խախտում պարետի սահմանած որևէ սահմանափակում։ Այնուամենայնիվ, ոստիկանները պնդեցին, որ դա հավաքների արգելման խախտում է եւ բերման ենթարկեցին նրանց։  Այսօր ԱԺ–ն արտահերթ նիստում քննարկում է արտակարգ դրությունը մեկ ամսով՝ 30 օրով, երկարաձգելու կառավարության որոշումը։ Իրավաբանները նրանց կոչ էին անում քննարկման ընթացքում ներկայացնել հավաքների սահմանափակումները վերացնելու պահանջ։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում արտակարգ դրություն է հաստատվել մարտի 16-ից՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված եւ ըստ պարետի որոշման՝ այս ընթացքում արգելվում են բոլոր տիպի հավաքները։
16:53 - 12 հունիսի, 2020
Փաշինյանը վերահաստատեց՝ ոստիկանությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող է ուժ կիրառել

 |armenpress.am|

Փաշինյանը վերահաստատեց՝ ոստիկանությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող է ուժ կիրառել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ոստիկանությունը չի կարող ուժ կիրառել ուղղակի դիմակ չկրելու համար, բայց, եթե այդ դիմակ չկրելու համար քաղաքացու հետ հաղորդակցության ընթացքում տեղի են ունենում այլ զարգացումներ, իհարկե պետք է ուժ կիրառի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց  արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով գումարված ԱԺ հատուկ նիստում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:  Էդմոն Մարուքյանը կոչ արեց ոստիկանությանը հորդորել, որ համապատասխան միջոցառումներն իրականացնելիս հաշվի առնեն բոլոր չափանիշները:  «Եթե օրինակ մարդն առանց դիմակ է, թող 10 հազար դրամի տուգանք գրեն, թևը ոլորելը, գետնին գցելը դատապարտելի երևույթներ են»,-ասաց Մարուքյանն ու հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետը պատրաստվո՞ւմ է այս ուղղությամբ որևէ քայլ անել: Փաշինյանն արձագանքեց՝ կհամաձայնի պատգամավորի հետ՝ թևը ոլորելու, գետնին տապալելու հետ կապված, եթե դա տեղի է ունենում օրենքով չնախատեսված կարգով և օրենքով չնախատեսված դեպքերում, երբ ուժի կիրառման վերազանցում է տեղի ունենում: «Ոստիկանությունն ուժային կառույց է և օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրավունք ունի կիրառել ուժ: Պարզ է՝ ուղղակի դիմակ չկրելու համար չի կարելի ուժ կիրառել: Բայց, եթե այդ դիմակ չկրելու համար քաղաքացու հետ հաղորդակցության ընթացքում տեղի են ունենում այլ զարգացումներ, իհարկե ոստիկանությունը պետք է ուժ կիրառի: Սա օրենքով սահմանված դեպքերում և կարգով»,-ասաց Փաշինյանը: Անդրադառնալով կոնկրետ դեպքերին՝ վարչապետը համաձայն է, որ պետք է հետաքննություն վարվի և ամեն դեպքին առանձին գնահատական տրվի: Նա վստահեցրեց, որ այդ դեպքերի քննությունը կլինի օբյեկտիվ։ Իսկ ընդհանուր առմամբ վարչապետը Մարուքյանի մտահոգությունները կիսում է, շեշտում՝ Հայաստանը չի կարող մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիների նկատմամբ հարգանքի առումով որևէ հետընթաց արձանագրել՝ մանավանդ որ վերջին 2 տարիների ընթացքում բոլոր միջազգային զեկույցների համաձայն` Հայաստանն ահռելի առաջընթաց է արձանագրել այդ առումով:
16:43 - 12 հունիսի, 2020
Պատգամավոր Ա. Ծառուկյանը հրաժարվել է հաղորդում տալուց, պատճառաբանելով, որ առերևույթ հանցագործության վերաբերյալ բավարար հիմքեր չունի

Պատգամավոր Ա. Ծառուկյանը հրաժարվել է հաղորդում տալուց, պատճառաբանելով, որ առերևույթ հանցագործության վերաբերյալ բավարար հիմքեր չունի

Օրերս ԱԺ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի՝ իշխանության ներկայացուցիչները գնումների ոլորտում մշակել են կոռուպցիոն մեխանիզմներ, այսպես ասած՝ թաթախված են մաքսանենգ գործունեության մեջ, Հայաստանում և արտերկրում ձեռք են բերել թանկարժեք բնակարաններ և այլն։ ԱԺ պատգամավորի գրառումը հրապարակվել էր նաև որոշ լրատվամիջոցներում։ Հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունից Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է ուղարկվել հիշյալ հրապարակումը՝ դրանում նշված հանգամանքների վերաբերյալ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։ Հոդվածի կապակցությամբ պարզաբանումների և հանցագործության մասին սահմանված կարգով հաղորդում տալու նպատակով՝ հունիսի  10-ին Արտյոմ Ծառուկյանը հրավիրվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ պայքարի վարչություն, որտեղ, հայտնել է, որ բացի իր գրառած տեղեկություններից՝ այլ տվյալների չի տիրապետում, հրաժարվել է վերը նշված տեղեկությունների կապակցությամբ հաղորդում տալուց՝ պատճառաբանելով, որ առերևույթ հանցագործության վերաբերյալ հիմնավոր որևէ փաստի չի տիրապետում և բավարար հիմքեր չունի:
15:39 - 12 հունիսի, 2020
Հունիսի 12․ Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են

Հունիսի 12․ Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։  Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 30316 արձանագրություն, իսկ հունիսի 11-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1403  դեպք։Բոլոր օրինախախտումների փաստերով  կազմվել են համապատասխան արձանագրություններ։  Այսօր արտակարգ ռեժիմով ստուգայցեր են իրականացվում Նոր Նորք վարչական շրջանում։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։ Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:
11:56 - 12 հունիսի, 2020
Հարուցվել է քրեական գործ՝ ակումբում խուլիգանություն կատարելու և ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ ակումբում խուլիգանություն կատարելու և ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ

2020թ.  հունիսի 8-ին՝ ժամը 01:30-ին, ՀՀ ոստիկանության  ծառայողները զեկուցագիր են ներկայացրել այն մասին, որ ՀՀ պարետի ցուցումի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ ստուգայց են կատարել Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող  ակումբ՝ աշխատանքը դադարեցնելու համար, որտեղ ակումբի մի շարք հաճախորդներ, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խոչընդոտել են իրենց աշխատանքին, իրենց հասցեին տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել, չեն ենթարկվել իրենց օրինական պահանջներին, որի ընթացքում բռնություն են գործադրել ՊՊԾ գնդի ջոկի հրամանատարի նկատմամբ: Դեպքի առթիվ 2020թ. հունիսի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի  (խուլիգանություն) 1-ին մասով և 316-րդ հոդվածի  (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:23 - 12 հունիսի, 2020
Փոխվարչապետն անդրադարձավ ուժային կառույցների ղեկավարների փոփոխություններին |armenpress.am|

Փոխվարչապետն անդրադարձավ ուժային կառույցների ղեկավարների փոփոխություններին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու ոստիկանապետի փոփոխությունները պայմանավորում է աշխատանքի ինտենսիվության աճի բարձրացման անհրաժեշտությամբ: Այս մասին Գրիգորյանն ասաց հունիսի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Արդյունավետ լինելու կամ աշխատանքի տեմպերի հետ կապված այսօր պահանջները փոխվել են: Անելիքները շատ-շատ են, աշխատանքի ինտենսիվությունն էականորեն աճել է: Ավելի մեծ ծավալի աշխատանք է պահանջում վարչապետը բոլորից»,- ասաց փոխվարչապետը: Այն հարցին, թե խնդիր չէ արդյոք 2 տարվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայության երեք տնօրենի փոփոխությունը, Գրիգորյանը պատասխանեց. «Իսկ դուք կարծո՞ւմ եք, որ ճիշտը նա է, որ անվերջ նույն մարդը ղեկավարի տվյալ կառույցը»:
16:34 - 11 հունիսի, 2020
Ոստիկանությանն ամրացված Մոսկովյան փողոցում գտնվող վարչական շենքն ու հողամասը կօտարվեն 1 մլրդ 294 մլն դրամով |armtimes.com|

Ոստիկանությանն ամրացված Մոսկովյան փողոցում գտնվող վարչական շենքն ու հողամասը կօտարվեն 1 մլրդ 294 մլն դրամով |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունը մրցույթային կարգով նախատեսում է օտարել Երեւան, Կենտրոն Մոսկովյան փողոց 1 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանությանն ամրացված պետական սեփականություն 1934.8 քառ մետր մակերեսով վարչական շենքն ու 0.067667 հեկտար մակերեսով հողամասը: Օտարման մրցույթ հայտարարելու որոշումն ընդունվեց այսօրվա նիստում։ Նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ գույքի գնահատված արժեքը 2020 թվականի մայիսի 4-ի դրությամբ կազմում է 1 մլրդ 294 մլն 90 հազար 800 դրամ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց. «Սա ծրագրով է օտարվում, այսինքն՝ ոչ թե միայն պետք է ձեռք բերելու ցանկություն լինի, այլ նաեւ բովանդակությունը գործարքի անբաժանելի մաս է համարվում: Կառավարությունը սպասում է առաջարկների, ծրագրերի»: Այսինքն՝ հստակ նշված է լինելու, թե ինչ կարելի անել շինարարության ընթացքում, ինչ՝ ոչ, դրա մեջ մտնում է նաեւ շենքի հարկայնությունը, նպատակը եւ այլն: Շենքի արտաքին տեսքի միջամտություններ չեն կարող լինել: Որոշման համաձայն՝ օտարվող շենքը դասվում է պատմական միջավայր ձեւավորող, ճարտարապետական տեսանկյունից արժեքավոր շենքերի թվին, որոնց վերաբերյալ ծավալատարածական փոփոխություններ նախատեսված չեն, հետեւաբար դրանց հետ կապված որեւէ քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս անհրաժեշտ է առաջնորդվել պահպանական գոտիների նախագծով սահմանված դրույթներով՝ հաշվի առնելով գույքի ճարտարապետական արժեքն ու զբաղեցրած դիրքը քաղաքում, իսկ վերակառուցման առաջարկները նախապես համաձայնեցնել լիազոր մարմնի հետ։
13:04 - 11 հունիսի, 2020