ԱԺ-ի մոտից բերման ենթարկված անձինք ազատ են արձակվել |news.am|
16:53 - 12 հունիսի, 2020

ԱԺ-ի մոտից բերման ենթարկված անձինք ազատ են արձակվել |news.am|

news.am:

Նրանցից Ռոբերտ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ են համարում, թեեւ 4-ի նկատմամբ էլ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

«Ես նշել եմ, որ միանձնյա ակցիան որեւէ կերպ չի կարող տեղավորվել հավաքի տրամաբանության մեջ, անգամ եթե տեղի ունենար հավաք, ոստիկանության գործողությունը դիտվելու էր ոչ իրավաչափ»,- ասաց իրավանբանը։

«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը, որը նույնպես բերման էր ենթարկվել, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իրենց ակցիայի նպատակին, որն էր քաղաքացիներին վերադարձնել ազատ հավաքների իրավունքը՝ նշելով, որ արտակարգ դրությունը երկարացնելու բացառապես քաղաքական նպատակներ է հետապնդում։

«Քաղաքական նպատակներով է արտակարգ դրությունը ձգձգվում, ընդդիմությանը լռեցնելու, հանրային դժգոհությունը ճնշելու համար, ինչը անում է երկրի վարչապետը։  Քաղաքական բնույթ է կրում»,- ասաց նա։

Նշենք, որ քիչ առաջ բերման ենթարկվեցին նաեւ այն քաղաքացիները, որոնք իրավաբանների՝ ոստիկանություն տարվելուց հետո հավաքվել էին ոստիկանական բաժանմունքի առջեւ։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ բերման էին ենթարկվել Ռուբեն Մելիքյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Արմեն Գալստյանը, Բաբկեն Հարությունյանը։ Նրանք պահանջում են արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը։

Իրավաբանները կանգնած էին միմյանցից սոցիալական հեռավորության վրա, անցկացնում էին, իրենց խոսքով, միայնակ ակցիաներ, և ընդգծում, որ չեն խախտում պարետի սահմանած որևէ սահմանափակում։ Այնուամենայնիվ, ոստիկանները պնդեցին, որ դա հավաքների արգելման խախտում է եւ բերման ենթարկեցին նրանց։ 

Այսօր ԱԺ–ն արտահերթ նիստում քննարկում է արտակարգ դրությունը մեկ ամսով՝ 30 օրով, երկարաձգելու կառավարության որոշումը։ Իրավաբանները նրանց կոչ էին անում քննարկման ընթացքում ներկայացնել հավաքների սահմանափակումները վերացնելու պահանջ։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում արտակարգ դրություն է հաստատվել մարտի 16-ից՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված եւ ըստ պարետի որոշման՝ այս ընթացքում արգելվում են բոլոր տիպի հավաքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել