ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Գլխավոր շտաբի պետը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ․ ԱԺ-ն քննարկեց կառավարության ներկայացրած նախագիծը

Գլխավոր շտաբի պետը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ․ ԱԺ-ն քննարկեց կառավարության ներկայացրած նախագիծը

Սուրեն Պապիկյանը այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում Պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծով օրենքում  նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները՝ նպատակ ունենալով ամրագրել Սահմանադրության մի շարք հոդվածներով կառավարությանը վերապահված իրավասությունները։  Այնուհետ Պապիկյանը ներկայացրեց նախատեսվող փոփոխությունները․ •  ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան ՀՀ տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ  կամ ռազմական գործողությունների մասնակցության, ռազմական դրություն հայտարարելու, պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին Ազգային ժողովին առաջարկություն ներկայացնելու, ԱԺ նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու, ինչպես նաև Զինված ուժերի գործունեության ուղղությունն ապահովող ուղղություններով որոշումների ընդունման։  •  Առանձին խմբավորվում և սահմանվում են զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ոլորտում իրավաությունները՝ նպատակ ունենալով դրանց հաղորդել համակարգային բնույթ։  •  Անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ և ծրագրեր ներառվում են ՀՀ պաշտպանության պլանում՝ որպես Սահմանադրությամբ սահմանված պաշտպանության հիմնական ուղղությունները ներառող մեկ միասնական փաստաթուղթ։ Խմբագրվում և հստակեցվում են պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ու պաշտպանության նախարարի ու գլխավոր շտաբի պետի լիազորություների շրջանակը՝ այդ առումով Զինված ուժերի ապահովումների գործընթացում Պաշտպանության նախարարությանը վերապահելով բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման և կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները, Զինված ուժերի կարիքների համար գնումների գործընթացների իրականացման ամբողջ համալիրը։  •  ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե նախատեսվում է որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը, սակայն, չի հանդիսանալու պաշտպանության նախարարին փոխարինող պաշտոնատար անձ, ինչպես նաև այդ կապակցությամբ առանձնահատուկ կարգավորումներ են կատարվում նաև պետական կառավարման համակարգը կանոնակարգող մի շարք այլ օրենքներում։  •  Աշխարհազորի համակարգի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու դեպքում Գլխավոր շտաբի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի փոխարեն աշխարհազորի անմիջական ղեկավարման գործառույթը վերապահվում է Զինված ուժերի գլխավոր շտաբի տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարությանը։
14:49 - 06 հուլիսի, 2022
Այս տարվա ռազմաուսումնական հաստատություններ ընդունվողները 2026 թ․-ին անմիջապես կստանան իրենց բնակարանները․ ԱԺ-ում քննարկվեց կառավարության նախագիծը

Այս տարվա ռազմաուսումնական հաստատություններ ընդունվողները 2026 թ․-ին անմիջապես կստանան իրենց բնակարանները․ ԱԺ-ում քննարկվեց կառավարության նախագիծը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում ներկայացրեց «Զինվորական ծառայության» և «Զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախարարը նշեց, որ օրինագծով նախատեսվում է ռազմաուսումնական հաստատությունը ավարտած և պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանել բնակարանային ապահովության նոր տեսակ, այն է ՝ անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք։ Պապիկյանի խոսքով՝ առաջարկվող բնակարանային ապահովությունը կխթանի և առավել գրավիչ կդարձնի ռազմաուսումնական հաստատություններում սովորելու միջոցով բազային ռազմական  կրթություն ստանալը և կադրային զինվորական ծառայություն ընտրելու գործընթացը։ «Առաջարկվող բնակարանային ապահովությունը ենթադրում է 2022 թ․-ի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների հատկացում, իսկ 20 տարվա զինծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալը առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավուքն ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին անհատույց կարգով տրամադրում»։ Նա ավելացրեց՝ զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու  դեպքում զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանը սահմանված կարգով անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է զոհված  զինծառայողի ընտանիքի անդամներին: Սուրեն Պապիկյանը մանրամասնեց՝ զինծառայողը Երևան քաղաքում կստանա 3 սենյականոց բնակարան, որի առավելագույն գինը 28.5 միլիոն դրամ է սահմանված․ «Սա ենթադրելու է, որ այս տարվա ընդունվողները արդեն 2026 թ․-ին անմիջապես կստանան իրենց բնակարանները և կտնօրինեն մինչև ծառայության ավարտը ամեն կերպ՝ բացառությամբ դա վաճառելու իրավունքը։ Որ պահին 20-ամյա ծառայությունից նրանց ծառայությունը կդադարեցվի, տարբեր պատճառներով ու եթե դրանք վերը նշված պատճառները չեն՝ հիվանդություն, Աստված մի արասցե, մահացության պատճառով, ապա տվյալ պարագայում նրանցից բնակարանը ետ կվերցվի և կգտնվի պաշտպանության նախարարության բալանսում»։ Ըստ նախարարի՝ սեփականության իրավունքը սպան կստանա 20 տարվա ծառայությունից հետո, այդ ժամանակ կարող է վաճառել բնակարանը։ Նա նաև նշեց, որ զինծառայողները կարող են վարձակալության հանձնել բնակարանները։  «Գնման գործընթացի մեկնարկը պետք է սկսի 2023 թ․-ից, որպեսզի կարողանանք 2026 թ․-ին մեր գործընկերներին ապահովել բնակարաններով»,-հավելեց Պապիկյանը։
14:26 - 06 հուլիսի, 2022
Հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված եւ համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողներին անհատույց կտրամադրվի բնակարան. Սուրեն Պապիկյան

Հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված եւ համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողներին անհատույց կտրամադրվի բնակարան. Սուրեն Պապիկյան

Մեր սպաներն այսօր տանիք ունենալու խնդիր են լուծում. ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 6-ի արտահերթ նիստում՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Նշվել է, որ վերջին տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության վերլուծությունները ցույց են տալիս, որ տարեցտարի նվազում է կադրային սպայական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող քաղաքացիների քանակը, ինչը մեծապես կապված է զինվորական ծառայության առանձնահատուկ եւ որոշակիորեն ծանր պայմաններով բնույթի եւ ներկա դրությամբ արդեն իսկ ոչ համարժեք վարձատրության եւ սոցիալական երաշխիքների համակարգի առկայության հետ: Սուրեն Պապիկյանի հավաստմամբ՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության, քաղաքացիների կողմից կադրային սպայական ծառայության ընտրության եւ ՀՀ զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն անցնելու համար 20 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած եւ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել բնակարան: Ընդ որում, պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը լրանալու կամ մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու եւ օրենքով սահմանված կարգով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքերում հատկացված բնակարանը զինծառայողին տրամադրվում է անհատույց սեփականության իրավունքով: Զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու (մահանալու) դեպքում զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանը սահմանված կարգով անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին: Համապատասխան կարգավորումները տարածվում են 2022 թ. հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված եւ համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողների վրա: Նշվել է, որ նախագիծը սոցիալական տեսանկյունից կունենա դրական ազդեցություն եւ միաժամանակ կխթանի սպայական կազմի համալրմանը: Հարակից ելույթում հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, նշելով, որ հարցը լայնածավալ նախնական քննարկման փուլ է անցել, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել: Հանձնաժողովի անդամները կողմ են արտահայտվել օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
12:37 - 06 հուլիսի, 2022
«Խախտվել են Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքները»․ փաստաբանական խումբ

«Խախտվել են Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքները»․ փաստաբանական խումբ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ խախտվել են նախկին նախարարի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքները։ Հայատարարությունում մասնավորապես ասվում է հետևյալը․ «ՀՀ պաշտպանության նախկին նախարարի փաստաբանական խումբն արձանագրում է Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների հերթական եւ կոպիտ խախտումը: Ինչպես արդեն նշել էինք, Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով 27.06.2022թ. նշանակված դատական նիստը հետաձգվել էր դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից դեսպանատուն այցելելու պատճառաբանությամբ: Դրանից հետո ակնկալում էինք, որ հաջորդ դատական նիստը պետք է նշանակվի ամենասեղմ ժամկետներում, մինչդեռ պարզվեց, որ դատավոր Մ.Շահվերդյանը այս անգամ էլ մեկնել է ամենամյա արձակուրդի՝ հաջորդ դատական նիստը նշանակելով 2022 թվականի օգոստոսի 8-ին, այսինքն՝ որպես այդպիսին կայացած նախորդ դատական նիստից շուրջ 2 ամիս հետո:  Սա այն ակներև ցուցիչն է, որը խոսում է ողջամիտ ժամկետների անտեսման և Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների հերթական և կոպիտ խախտման մասին: Հավելենք, որ հաջորդ դատակա նիստի ընթացքում Դ.Տոնոյանի փաստաբանական խումբը, բացի դատավոր Մ.Շահվերդյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուց, նաև միջնորդելու է մասնակիորեն վերացնել նրա տեսակցությունների վրա դրված արգելքը՝ թույլատրելով ԶԼՄ ներկայացուցչների հետ տեսակցությունը»:  Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 2021թ․ սեպտեմբերի 30-ից կալանավորված է։ Նա որպես մեղադրյալ է ներգրավված պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարարման չարաշահումներին առնչվող գործով։
10:35 - 06 հուլիսի, 2022
«Ժամկետայիններն աստիճանաբար կազատվեն առաջնագծում ծառայելուց». ՊՆ գնդապետ

 |factor.am|

«Ժամկետայիններն աստիճանաբար կազատվեն առաջնագծում ծառայելուց». ՊՆ գնդապետ |factor.am|

factor.am: ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողներն աստիճանաբար կազատվեն մարտական հերթափոխերում ընդգրկվելուց։ Այս մասին այսօր Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը: «Պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ նպատակներից մեկը դա է, որ ժամկետային զինծառայողներին որքան հնարավոր է առաջնագծից հանենք… Ժամկետային զինծառայողները զբաղվելու են միայն պատրաստությամբ։ Անհրաժեշտության դեպքում` պետք է կիրառվեն ըստ նշանակության»,- նշեց Սահակյանը։ Հայաստանի 3-րդ բանակային կորպուսում, ըստ Սահակյանի, այս փորձն արդեն 90 տոկոսով կիրառվում է։ Հետագայում փորձը նախատեսվում է կիրառել ՀՀ բոլոր զորամիավորումներում։ Ծրագրի իրականացման հնարավորությունը, սակայն, գնդապետի խոսքով, ուղղակիրեն կախված է պայմանագրային զինծառայողների քանակից։ Սահակյանը նաև հայտնեց, որ այս տարվա ամառային զորակոչից սկսված՝ ՀՀ ԶՈւ-ում նոր կարգ է սահմանվել. բոլոր նորակոչիկները ծառայության են անցնելու հրաձգային-ուսումնական գումարտակներում, որտեղ մնալու են շուրջ 5 ամիս` մինչև ուսումնական փուլի ավարտը։ Դրանից հետո կտեղափոխվեն վիճակահանությամբ իրենց մշտական տեղակայման զորամասեր։
16:34 - 28 հունիսի, 2022
ՊՆ-ում Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել

ՊՆ-ում Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել

Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել է ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ինչպես նաև զորամիավորումների հրամանատարական կազմը՝ տեսակապի միջոցով։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում կարգապահական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ սմարթֆոնների կիրառման արգելքի վերաբերյալ հրամանների կատարումը, վերջին շրջանում հաճախակիացած՝ զինծառայողների մասնակցությամբ ավտովթարների կանխմանը միտված քայլերի իրականացումը և այլն։ Սուրեն Պապիկյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին խիստ հանձնարարական է տվել՝ նշված խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու և ողջամիտ ժամկետում կատարված աշխատանքների և դրանց արդյունքների մասին զեկուցելու վերաբերյալ։ Զեկույցներով հանդես են եկել նաև առաջնագծում ամրաշինական աշխատանքների իրականացման պատասխանատուները։ Պաշտպանության նախարարը հանձնարարել է գործուն քայլեր ձեռնարկել աշխատանքները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում կատարելու ուղղությամբ։
14:04 - 28 հունիսի, 2022
Բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք․ ԱԱԾ

Բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է ուսումնական կենտրոն հանդիսացող N զորամասի հրամանատարական կազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինծառայողների թվաքանակի, ինչպես նաև ՀՀ ՊՆ որոշ ստորաբաժանումների տեղակայման վայրերի վերաբերյալ: Նկարագրված պայմաններում վերջինս «ok.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, հավաքագրվել է նրա կողմից, որից հետո 2.000.000 ՀՀ դրամ վարձատրություն ստանալու խոստման դիմաց նկարելու և Վոթսափ հավելվածով ուղարկելու, ինչպես նաև նույն հավելվածով պարբերաբար տեսազանգեր կատարելու ու հաղորդագրություններ ուղարկելու միջոցով հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է փոխանցել իրենց զորամասի շենքերի և շինությունների, սպառազինության, ռազմական զրահատեխնիկաների, մարտական ու տրանսպորտային մեքենաների քանակի և տեսակների, ուսումնական կենտրոնում զորավարժություններ իրականացնող հետախուզական և այլ ստորաբաժանումների քանակի ու սպառազինության, անցկացվող պարապմունքների նպատակների վերաբերյալ տվյալներ, լուսանկարներ: Պետական դավաճանության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քաղաքացին ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք, որից հետո քրեական գործով հավաքված բավարար ապացույցների համակցությամբ վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Կրկին հորդորում ենք բնակչությանը՝ հատկապես զինծառայողներին, զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց, առավել ևս՝ նրանց հետ ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր քննարկելուց և տեղեկություններ փոխանցելուց: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումներով պետական դավաճանություն կատարելու համար նախատեսված է ընդհուպ ցմահ ազատազրկում։ Ծառայությունը կոչ է անում զերծ մնալ երկրի արտաքին և ներքին անվտանգությունը, այլ անձանց կյանքն ու առողջությունը վտանգող նման պարսավելի և հանրության համար խիստ վտանգավոր հակաօրինական արարքներ կատարելուց: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:14 - 28 հունիսի, 2022
Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել ԶՈՒ ավիացիայի կազմավորման 30-ամյակի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառմանը

Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել ԶՈՒ ավիացիայի կազմավորման 30-ամյակի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառմանը

Հունիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել Զինված ուժերի ավիացիայի կազմավորման 30-ամյակի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  Միջոցառմանը ներկա են եղել պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ռազմաավիացիոն զորամասերի զինծառայողներ։ Շնորհավորելով զորատեսակի զինծառայողներին մասնագիտական տոնի առթիվ՝ պաշտպանության նախարարը կարևորել է ռազմական ավիացիայի դերը բանակի մարտունակության, մասնավորապես՝ օդային սահմանների պաշտպանության գործում։ Անդրադառնալով ԶՈՒ ռազմական ավիացիայի անցած 30-ամյա ուղուն՝ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել թե՛ արցախյան առաջին, և թե՛ 44-օրյա պատերազմի օրերին զորատեսակի զինծառայողների ներդրումը երկրի պաշտպանության գործում։ Հանդիսավոր միջոցառման ավարտին ծառայության ընթացքում աչքի ընկած ռազմաավիացիոն ուժերի մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնակատարի կողմից պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։  
16:56 - 27 հունիսի, 2022
Մոսկվայում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը

Մոսկվայում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը

Հունիսի 24-ին, Մոսկվայում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Քննարկվել է օրակարգում ընդգրկված 20-ից ավելի հարց, այդ թվում՝ միջազգային ռազմաքաղաքական զարգացումները և աճող վտանգներն ու մարտահրավերները ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգային միջավայրի համար։ Նիստի մասնակիցները քննարկել են նաև մարդասիրական ականազերծման ինժեներական համատեղ ստորաբաժանում ձևավորելու, ռազմակրթական ոլորտում համագործակցության խորացման, ԱՊՀ մասնակից պետությունների ԶՈՒ կապի, ինչպես նաև ՀՕՊ միասնական համակարգերի ձևավորման համար անհրաժեշտ իրավական և կազմակերպչական աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։ Համաձայնեցվել է նաև խորհրդի 2023 թվականի գործունեության ծրագիրը։  Նիստի արդյունքներով ստորագրվել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի բոլոր որոշումները, ինչպես նաև ԱՊՀ  պաշտպանության նախարարների խորհրդի 30-ամյակին նվիրված համատեղ հայտարարությունը: Հաշվի առնելով հայ-ռուսական ռազմական համագործակցության հագեցած օրակարգը և հարաբերությունների դաշնակցային բնույթը, լրացուցիչ պայմանավորվածություն է ձեռք բերվել օգոստոսին Մոսկվայում կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հանդիպումը:
20:10 - 24 հունիսի, 2022
Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել 2,5 մլն ՀՀ դրամի ավտոբենզինի և դիզվառելիքի կտրոնների հափշտակության համար. նախաքննությունն ավարտվել է

Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել 2,5 մլն ՀՀ դրամի ավտոբենզինի և դիզվառելիքի կտրոնների հափշտակության համար. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս. Ե.-ն, 2016 թվականի սեպտեմբերի 8-ից զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան զորամասի հրամանատարի պաշտոնը, յուրացման եղանակով հափշտակել է նույն զորամասին հատկացված ընդհանուր շուրջ 2,5 մլն ՀՀ դրամի ավտոբենզինի և դիզելային վառելանյութի կտրոններ: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նախաքննությամբ պարզվել է, որ Ս. Ե.-ն, ի պաշտոնե պարտավոր լինելով միջոցներ ձեռնարկել իրեն վստահված գույքի պահպանության և ճիշտ օգտագործման համար, փոխարենը` պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2021 թվականի հունվարից մինչև 2022 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում, առանց փաստաթղթավորման, զորամասի գույքային ֆոնդից ապօրինաբար դուրս  է բերել և յուրացրել փաստացի իրեն վստահված 1.440.285 ՀՀ դրամ արժողությամբ 4515 լիտր ավտոբենզինի և 1.001.700 ՀՀ դրամ արժողությամբ 3710 լիտր դիզելային վառելանյութի կտրոններ: Յուրացրած կտրոնների մի մասը Ս. Ե.-ն օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ մի մասն էլ վաճառել է այլ անձանց՝ այդ կերպ պետությանը պատճառելով ընդհանուր 2.441.985 ՀՀ դրամի գույքային վնաս։ Ս. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջինս առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել խոստովանական ցուցմունքներ և ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:  Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:01 - 24 հունիսի, 2022