ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Արթուր Դավթյանը Ադրբեջանի կողմից խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների խնդիրը բարձրացրել է դատախազական միջազգային կառույցներում

Արթուր Դավթյանը Ադրբեջանի կողմից խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների խնդիրը բարձրացրել է դատախազական միջազգային կառույցներում

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ հուլիսից-հոկտեմբեր ամիսներին սանձազերծած ագրեսիվ պատերազմի և դրա ընթացքում իրականացվող ծանրագույն հանցագործությունների, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող և կոպտագույն խախտումների խնդիրները բարձրացրել է ԱՊՀ Մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի, ինչպես նաև Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի շրջանակներում: Մասնավորապես, ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի կողմից, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, քաղաքացիական բնակչության կյանքի համար վտանգավոր եղանակով իրականացվում են լայնածավալ ռազմական գործողություններ: Հայաստանի և Արցախի բազմաթիվ խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական, այդ թվում նաև բնապահպանական, բնակչության քաղաքացիական պաշտպանության, կրթական ենթակառուցվածքները թիրախավորված հարվածներ են ստանում հեռահար հրթիռների միջոցով, որոնց հետևանքով ՀՀ և ԱՀ պետական սահմանին մերձ բնակավայրերի, Արցախի՝ շփման գծից զգալիորեն հեռու քաղաքների, գյուղերի բնակչության շրջանում 20-ից ավելի քաղաքացիական անձ, այդ թվում նաև մանկահասակ երեխաներ են մահացել, մեծ թվով քաղաքացիական անձինք մարմնական վնասվածներ են ստացել, անձանց գույքին պատճառվել են մեծածավալ վնասներ: Շեշտվել է այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողություններին անմիջականորեն ներգրավված են Սիրիայից և Լիբիայից տեղափոխված անօրինական զինված ահաբեկչական, ծայրահեղական խմբավորումների վարձկան զինյալներ, իսկ առկա տվյալները վկայում են զինված հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության, վերջինիս ազդեցությամբ հակամարտության էսկալացիայի խորացման մասին:   Հատուկ ուշադրություն է դարձվել նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից հակամարտության տարածքում իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներին, այդ թվում նաև միջազգային անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներին բնակավայրերում դիտավորությամբ թիրախավորելու, նրանց կյանքի և առողջության համար սպառնալիք ստեղծելու և բնականոն գործունեության իրականացմանը խոչընդոտելու դրսևորումների վրա։ ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ Ադրբեջանի կողմից ագրեսիվ պատերազմ վարելու, վերոնշյալ այլ հանցագործությունների փաստերի առթիվ հարուցվել են քրեական վարույթներ և ակտիվ դատավարական գործողություններ են իրականացվում այդ հանցագործությունների մանրամասն փաստագրման, ապացույցների ձեռքբերման միջոցով տեղի ունեցողին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և հանցագործություն կատարած անձանց նաև միջազգային իրավունքի համատեքստում քրեական պատասխանատության ենթարկելուն հետամուտ լինելու համար:   Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախագահ Ժոզե Մանուել Սանտոս Պայսին ուղղված նամակում Արթուր Դավթյանը նաև ընդգծել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոց կիրառելու նշանակությունը  և շեշտել կիրառված միջանկյալ միջոցառումների անհապաղ կատարման կարևորությունը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածի (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի արգելում) պաշտպանության և երաշխավորման տեսանկյունից: Տեղեկացվել է նաև, որ ՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկում Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մարդու հիմնարար իրավունքների տոտալ խախտումների վերաբերյալ փաստական տվյալները ՄԻԵԴ ներկայացնելու ուղղությամբ:    Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ գլխավոր դատախազը ԱՊՀ Մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդին, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդին կոչ է արել օգտագործել իրենց կազմակերպությունների հեղինակությունն ու ազդեցությունը՝ նպաստելու Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և իրենց միջազգային պարտավորությունները կատարելուն ուղղված միջազգային հանրության, հակամարտության կարգավորման միջնորդական առաքելության մանդատով օժտված  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ամենաբարձր մակարդակով  գործադրվող ջանքերին: Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՌԴ և ԵՄ անդամ պետությունների դատախազություններ ներկայացված նամակներով բարձրացվել է հատկապես ահաբեկչության դեմ պայքարին առնչվող բազմակողմ միազգային պայմանագրերով սահմանված կարգով ահաբեկիչների, ինչպես նաև խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված այլ հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ապահովման ուղղությամբ արդյունավետ համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունն ու կարևորությունը: Նկատի ունենալով, որ Ադրբեջանի բանակը ագրեսիվ պատերազմական գործողություններ է ծավալում անմիջականորեն Իրանի հետ սահմանին ահաբեկիչների հայտնաբերման ու չեզոքացման հարցը բարձրացվել է նաև ԻԻՀ գլխավոր դատախազին հղված Արթուր Դավթյանի նամակով:    
11:10 - 08 հոկտեմբերի, 2020
Իրականացվում է ապացույցների հավաքագրման ծավալուն գործընթաց. ՀՀ դատախազություն

Իրականացվում է ապացույցների հավաքագրման ծավալուն գործընթաց. ՀՀ դատախազություն

2020թ. հուլիսից-հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ վարել է ագրեսիվ պատերազմ:  ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը  գնացել է դրան՝ խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած ԼՂՀ-ի, ԱՀ-ի և ՀՀ-ի պաշտպանության նախարարների կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի, 1945 թվականի հունիսի 26-ին ստորագրված ՄԱԿ-ի կանոնադրության, 1974 թվականի դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի XXIX նստաշրջանի թիվ 3314 բանաձևի, 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 8-bis հոդվածի, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիան, «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևյան կոնվենցիային կից 1-ին Լրացուցիչ արձանագրության, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերի պահանջները:   Մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերը, անտեսելով, միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու և այդ նպատակով խաղաղության սպառնալիքները կանխելու և վերացնելու արդյունավետ համախմբված միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաև ագրեսիան կամ խաղաղությունը խախտող այլ գործողությունները ճնշելու, և խաղաղ միջոցներով, արդարության և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա միջազգային վեճերի կամ խաղաղության համար վտանգավոր իրավիճակների, վեճերի կարգավորմանը հասնելու, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հիման վրա ազգերի բարեկամական հարաբերությունները զարգացնելու միջազգային-իրավական պարտավորությունը, ոտնահարելով ագրեսիայի դրսևորման, անպաշտպան բնակավայրերի վրա հարձակվելու և ռմբակոծելու արգելքն ու ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի պահանջը և հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման կիրառվող բանակցային ձևաչափը, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ են դարձրել խորը թիկունքում և մարտական գործողություններին չմասնակցող շուրջ մեկ տասնյակ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը: Այդ թվում, թիրախ են դարձրել ՀՀ և Ադրբեջանի զինված ուժերի և շփման սահմանագծին հարող խիտ բնակեցված շրջաններում ապրող մանկահասակ երեխաներին, կանանց և տարեցներին, կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքները՝ շինությունները, ճանապարհները, տները և այլ ենթակառուցվածքները: Այդ հանցավոր գործողությունների արդյունքում սպանվել են բազմաթիվ զինծառայողներ և խաղաղ բնակիչներ, ռազմական գործողություններին չմասնակցող անձինք, վիրավորվել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, մեծ վնասներ են հասցվել ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտներին, այդ թվում՝ բնակչության քաղաքացիական պաշտպանությունն ապահովող կառույցին, ֆիզիկական և իրավաբականական անձանց անշարժ և շարժական գույքին: Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով, 387-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր: Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ նաև Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում կատարված ագրեսիվ պատերազմին բնորոշ  հետևյալ նոր հանցավոր գործողությունների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից խոցվել է Գեղարքունքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում ՀՀ զինված ուժերի ռազմաօդային ուժերի ՍՈՒ-25 գրոհիչը, որի հետևանքով սպանվել է ՀՀ ԶՈՒ օդաչու, մայոր Վալերի Դանելինը: Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի գործողությունների արդյունքում այրվել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար Համայնքի Սոթք բնակավայրում գտնվող մարդատար ավտոբուսը, վնասվել են նույն բնակավայրի մի շարք բնակելի տները: Հարվածային անօդաչու թռչող սարքերով հրթիռակոծվել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում տեղակայված զորամասի շինությունները, ռմբակոծվել են նույն տարածաշրջանի խաղաղ բնակչությամբ բնակեցված մի շարք բնակավայրեր, ինչի հետևանքով սպանվել է խաղաղ բնակիչ: Հակառակորդը հրետանի է կիրառել ՀՀ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացի, երկու քաղաքացիական անձինք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վիրավորում: Հակառակորդի կողմից հրետակոծվել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը, Վարդենիսի Կութ գյուղը: Հակառակորդի չորս անօդաչու թռչող սարքեր, ապօրինի հատելով ՀՀ սահմանը, հայտնվել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդային տարածքում, որոնք չեզոքացվել են ՀՀ զինված ուժերի կողմից: Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել և արկակոծել են Արցախը ՀՀ-ին կապող ավտոճանապարհի վրա գտնվող՝ Հակարի գետի վրայով անցնող կամուրջը: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիվ պատերազմ վարելու մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ սկսած 2020թ. սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերը, ձգտելով հասնել ռազմական գերազանցության, ամբողջ ծավալով օգտագործելով բոլոր տեսակի զորամիավորումները, կիրառելով ծանր հրթիռահրետանային և համազարկային կրակի ռեակտիվ ժամանակաից համակարգեր, Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով, շարունակաբար, գործնականում անդադար, ռազմական լայնածավալ հարձակողական գործողություններ են իրականացնում շփման գծում տեղակայված ԱՀ ԶՈՒ հենակետերի, ռազմական նշանակություն ունեցող օբյեկտների, ինչպես նաև սահմանագծից զգալիորեն հեռու, թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերի, այդ թվում մայրաքաղաքՍտեփանակերտի նկատմամբ՝ կիրառելով միջազգային հիշատակված կոնվենցիաներով խստորեն արգելված հրթիռահրետանային արկեր և այլ զինտեխնիկա: Բացի այդ, դիտավորությամբ թիրախավորվել են առաջնագծից զգալիորեն հեռու, բնակավայրերում կամ դրանց հարակից տարածքներում իրենց մասնագիտական պարտքը կատարող, մամուլի ներկայացուցիչ լինելու տարբերանշան և համապատասխան արտահագուստ կրող լրագրողները, նրանց տեղաշարժն ապահովող տրանսպորտային միջոցները: Մարդկության և խաղաղության դեմ ուղղված այս հանցավոր գործողությունները քննության առարկա են  Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերի շրջանակներում: Նշված բոլոր դեպքերի կապակցությամբ իրականացվում են ակտիվ դատավարական գործողություններ՝ ադրբեջանական զինված ուժերի կատարած հանցագործությունների մանրամասն փաստագրման և ապացույցների ձեռքբերման միջոցով տեղի ունեցողին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատության ենթարկմանը հետամուտ լինելու նպատակով:    ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվորեն համագործակցում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հետ՝ քննության ընթացքում ձեռք բերված՝ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մարդու հիմնարար իրավունքների տոտալ խախտումների վերաբերյալ փաստական տվյալները տրամադրելու գործընթացի շրջանակներում: 
12:42 - 04 հոկտեմբերի, 2020
Դատախազությունը արձագանքում է հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաների միջնորդությանը |factor.am|

Դատախազությունը արձագանքում է հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաների միջնորդությանը |factor.am|

factor.am: Ինչպես տեղեկացրել էինք, երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազին իրենց նկատմամբ հետախուզումը վերացնելու միջնորդությամբ։ Նրանք նշել են, թե ցանկանում են վերադառնալ հայրենիք այստեղ օգտակար լինելու։ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, թե ինչ դիրքորոշում ունեն այս միջնորդությունների վերաբերյալ, պատասխանում են․ «Նման խնդիրները բացառապես քրեական դատավարության տիրույթում գտնվող հարցեր են և յուրաքանչյուր դեպքում լուծումներն էլ են միայն քրեադատավարական ընթացակարգ ենթադրում ու չեն կարող պայմանավորված լինել որևէ այլ հանգամանքով: Հետևաբար Դատախազությունը նման հարցերում չի առաջնորդվում հայտարարություններով: Իսկ կոնկերտ մեղադրյալների պաշտպանի կողմից ներկայացված համապատասխան միջնորդությունների քննարկման արդյունքում կկայացվեն պատճառաբանված որոշումներ: Շարունակությունը՝ factor.am-ում։
12:10 - 30 սեպտեմբերի, 2020
Ադրբեջանի զինուժը հանցագործությունները կատարել է ազգային ատելության հողի վրա. ՀՀ դատախազություն

Ադրբեջանի զինուժը հանցագործությունները կատարել է ազգային ատելության հողի վրա. ՀՀ դատախազություն

Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության, զինծառայողների կյանքի, առողջության, գույքի, հանրային ռազմական նշանակության օբյեկտիների  նկատմամբ հանցավոր ոտնձգությունների փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ Ադրբեջանի զինուժը հանցագործությունները կատարել է ազգային ատելության հողի վրա։ «2020թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի Հանրապետության սահմանագծի ողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերը, խախտելով հրադադարի ռեժիմը, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, սկսել են լայնածավալ հարձակողական ռազմական գործողություններ: Օգտագործելով հրետանային, հրթիռային միջոցներ, ծանր զրահատեխնիկա և մարդկային ռեսուրսներ՝ նրանց կողմից թիրախավորվել են ինչպես ԱՀ ՊԲ առաջապահ հենակետերը, ռազմական նշանակության օբյեկտները, այնպես էլ ԱՀ բնակավայրերը, խաղաղ քաղաքացիական  բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքները: Այդ գործողությունների արդյունքում պատճառվել են մարդկային կորուստներ և վիրավորներ ինչպես ԱՀ քաղաքացիական անձանց, երեխաների, այնպես էլ զինվորական ծառայողների շրջանում, նյութական վնասներ են հասցվել անձանց տներին, բնակարաններին, շարժական և անշարժ գույքին, հասարակական, կրթական, ռազմական նշանակության շենք-շինություններին: ՀՀ դատախազությունը ադրբեջանական ուժերի  կողմից սանձազերծված ռազմական ոտնձգության հենց սկզբից սերտ հաղորդակցություն և գործակցություն է ծավալել Արցախի Հանրապետության իրավասու մարմինների, մասնավորապես ԱՀ դատախազության հետ՝ ծավալելով քրեադատավարական գործընթացներ հանցավոր այդ գործողությունները քննության առարկա դարձնելու, քրեաիրավական գանահատականների արժանացնելու նպատակով: Խաղաղ բնակչության, զինծառայողների կյանքի, առողջության, գույքի, հանրային ռազմական նշանակության օբյեկտիների  նկատմամբ հանցավոր ոտնձգությունների փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներն արդեն իսկ վկայում են այն մասին, որ հանցավոր ոտնձգությունները, Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումներով,  կատարվել և շարունակվում են կատարվել ազգային ատելության հողի վրա, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, կյանքից մարդկանց զրկելու, գույքը ոչնչացնելու դիտավորությամբ: ՀՀ և ԱՀ դատախազությունները շարունակում են համագործակցաբար, տեղեկատվության օպերատիվ փոխանակմամբ, իրավիճակի զարգացմանը զուգահեռ պատշաճ կերպով իրականացնել իրենց գործառույթները: Քրեադաիրավական ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքի և արդյունքների վերաբերյալ դատախազության, նախաքննական մարմինների կողմից պարբերաբար կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
20:32 - 27 սեպտեմբերի, 2020
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշումը քաղաքականացնելու դիտավորությամբ փաթեթավորելը տրամաբանություն չի կարող ունենալ․ Գոռ Աբրահամյան

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշումը քաղաքականացնելու դիտավորությամբ փաթեթավորելը տրամաբանություն չի կարող ունենալ․ Գոռ Աբրահամյան

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սոցիալական մեդիայում ծավալված՝ քրեական գործով մեղադրյալ, ԱԺ ԲՀԿ խմբացկության ղեկավար, նույնանուն կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման շուրջ հանրային դիսկուրսը գործի ելքով շահագրգիռ առանձին անձանց կողմից, ըստ էության, նախապես պատրաստված գրառումների ուղղորդմամբ, մանիպուլյատիվ էֆեկտով սահուն կերպով տեղափոխվեց որոշման անձնավորման, դրա իրավական նշանակությունը զրոյացնելու, իրավական հարությունից դուրս հանելու տիրույթ: Այս տեսանկյունից հարկ եմ համարում հանրության ուշադրությունը բևեռել մի քանի ակնհայտ իրողությունների ու փաստերի վրա, որոնք փորձ է արվում համառորեն թողնել ստվերում՝ արժեզրկելով ի սկզբանե դատախազության կողմից ներկայացվող փաստարկներն ու հիմնավորումները և քաղաքական պաստառ հաղորդելով դրանց: Նախ՝ կարծես թե ոչ ոք չի ուզում նկատել, որ նախքան Առաջին ատյանի դատարանի կողմից այս որոշման կայացումը, եղել էր ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը, որով, ըստ էության, գրեթե ամբողջությամբ հիմնավոր էին համարվել դատախազության վերաքննիչ բողոքում արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստարկները՝ ինչպես Գ. Ծառուկյանի կողմից իրեն մեղսագրվող հանցավոր արարքներին հնարավոր առնչության մասին հիմնավոր կասկածի առկայության, այնպես էլ կալանավորման հիմքերի, քննչական ենթակայության հարցի որոշման դատախազության լիազորության, Գ. Ծառուկյանի պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարված լինելու և այլնի վերաբերյալ: Եվ հենց Վերաքննիչ դատարանի կողմից դրանց վերաբերյալ հիմնավորումների, արված պատճառաբանությունների, իրակավան վերլուծության ամբողջականությունը հաշվի առնելով էր ՀՀ դատախազությունը գտել, որ այդ պայմաններում Վերաքննիչ դատարանն ինքը կարող էր իր իսկ տված իրավական գնահատականների, եզրակացությունների հիման վրա կայացնել հարցը լուծող դատական ակտ, և հենց այդ մասով էր որոշման դեմ ներկայացրել վճռաբեկ բողոք:Այլ կերպ ասած՝ Առաջին ատյանի դատարանը այս որոշումը կայացրել է՝ ունենալով հիմնական վիճարկվող հարցերի ճնշող մեծամասնության վերաբերյալ վերադաս դատարանի կողմից արված եզրահանգումները, հստակ արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնք որևէ պարագայում հաշվի չառնել չէր կարող: Ընդ որում, հարկ է նկատել, որ մինչ այս որոշումը ինչպես Առաջին ատյանի դատարանը միջնորդության կապակցությամբ իր առաջին՝ հունիսի 21-ի որոշմամբ, այնպես էլ Վերաքննիչ դատարանը՝ իր հուլիսի 8-ի որոշմամբ, հաստատված են համարել իրեն մեղսագրվող արարքների կատարմանը Գ. Ծառուկյանի հնարավոր առնչության հիմնավոր կասկածի առկայությունը:Իսկ կալանավորման հիմքերի բավարարության կապակցությամբ Վերաքննիչ դատարանը, ըստ էության, ուղղակիորեն էր արձանագրել, որ, մասնավորապես, մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հնարավորության հարցը քննարկելիս Առաջին ատյանի դատարանը բամզակողմանի և խորը վերլուծության չէր ենթարկել, օրինակ, գործի կոնկրետ փաստական այն հանգամանքները, որոնք վերաբերում են Գ. Ծառուկյանի տան խուզարկությամբ հայտնաբերված՝ պատգամավորների թեկնածուների ձեռագիր «հայտարարություններ»-ի մասով Գ. Ծառուկյանից նրանց ունեցած ենթադրյալ անվերապահ կախվածությանը: Ավելին. Վերաքննիչ դատարանն ինքն է գտել, որ «նշված հանգամանքի» քննարկումը էական և վճռորոշ նշանակություն ունի մեղադրյալի կողմից մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հիմքի առկայության կամ բացակայության հարցը քննարկելու համար, քանի որ դա կարող է վկայել ոչ թե հնարավոր և/կամ ենթադրյալ ազդեցության մասին, այլ ուղղակի և/կամ իրական ազդեցության մասին: Բացի այդ, վերաքննիչ դատարանն արդեն իսկ գտել էր, որ հիմնազուրկ է Գ. Ծառուկյանի նկատմամբ նշանակվող կալանքի հրատապությունը կորսված լինելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի արած պատճառաբանությունը:Քանի որ բազմիցս առիթ ունեցել ենք ներկայացնելու նաև կոնկրետ այս գործով քննչական ենթակայության և Գ. Ծառուկյանի անձեռնմխելիության հաղթահարման դատախազության հիմնավորումներին, որոնց հետ, ըստ էության, գրեթե ամբողջությամբ համակարծիք է նաև ՀՀ վերաքննիչ դատարանը, չեմ ուզում դրանց անդրադառնալ:Ընդամենը հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ վերաքննիչ դատարանը պաշտպանության կողմի բողոքների քննարկման համատեքստում անդրադարձել է Գ. Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվելու պնդումներին՝ հստակ արձանագրելով, որ այդ կապակցությամբ որևէ նյութ, ապացույց կամ փաստ չի ներկայացվել, իսկ ենթադրյալ հանցագործության մեջ մեղադրվող անձի կողմից արվող հայտարարություններն առ այն, որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, չեն նշանակում, որ դրանք համապատասխանում են իրականությանը, քանի դեռ այն չի ապացուցվել և հիմնավորվել: Իսկ Գ. Ծառուկյանի անձով, կարգավիճակով, և զբաղեցրած պաշտոնով պայմանավորված՝ նրա նկատմամբ իրականացվող ցանկացած վարույթ, ըստ Վերաքննիչ դատարանի, կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հետապնդում: Նման իրողությունների պայմաններում Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված երեկվա որոշումը անձնավորելու, քաղաքականացնելու դիտավորությամբ փաթեթավորելը որևէ տրամաբանություն չի կարող ունենալ, և հորդորում եմ դադարեցնել նման շահարկումները: Հ.Գ. Հարկ եմ համարում նշել նաև, որ Առաջին ատյանի դատարանի կողմից 21.06.2020թ. կայացված կալանքի միջնորդությունը մերժելու որոշմամբ խախտվել են իրավական պրակտիկայում ձևավորված հանրաճանաչ նորմերը և խեղաթյուրվել են կալանավորման հիմքերի կանխատեսական բնույթի մասին ՄԻԵԴ-ի վճիռներում և ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները: Մասնավորապես, չնայած դատարանն ինքն էր իրական համարել մեղադրյալի, տվյալ դեպքում Գ. Ծառուկյանի կողմից դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու և գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ ոչնչացնելու միջոցով խոչընդոտելու հնարավորությունը, սակայն այդ պայմաններում ակնհայտ անհիմն եզրահանգում էր կատարել այդ հիմքով կալանքի բացառման մասին: Հաշվի առնելով, որ Առաջին ատյանի դատարանի այդ որոշումը բեկանելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ՝ ՀՀ դատախազությունը նախաձեռնելու է Առաջին ատյանի դատարանի դատական այդ ակտը ընդունած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթաց»:
14:25 - 26 սեպտեմբերի, 2020
Բացառել խոշտանգման, բռնությունների ենթարկվելու մասին կալանավորված, ձերբակալված անձանց պնդումները համարժեք արձագանքի չարժանացնելը. ՀՀ գլխավոր դատախազը պահանջներ է դրել

Բացառել խոշտանգման, բռնությունների ենթարկվելու մասին կալանավորված, ձերբակալված անձանց պնդումները համարժեք արձագանքի չարժանացնելը. ՀՀ գլխավոր դատախազը պահանջներ է դրել

ՀՀ գլխավոր դատախազությունը հետամուտ է Ոստիկանության բաժիններում, ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում անձանց խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեմ պայքարի քրեաիրավական գործիքակազմի կատարելագործման, դատավարական պրակտիկայի բարելավման իր որդեգրած քրեական անշեղ քաղաքականությանը։ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ որոշ դեպքերում արգելանքի տակ գտնվող մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, կամ կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունների քննարկման ընթացքում վերջիններիս կողմից դատարանում արվում են հայտարարություններ ոստիկանության, քրեակատարողական հիմնարկների ծառայողների կողմից իրենց նկատմամբ բռնություն գործադրելու, ինքնախոստովանական կամ հանցակցին մերկացնող ցուցմունք տալուն հարկադրելու վերաբերյալ: Սակայն միջնորդությունների քննարկմանը մասնակից քննիչների կողմից այդ հայտարությունները չեն արժանանում համարժեք արձագանքի, փոխարենը այդ անձանց առաջարկվում է հայտարարությունների կապակցությամբ հաղորդում ներկայացնել իրավասու մարմիններին։ Օրինակ՝ ՀՀ ՔԿ-ում քննված քրեական գործով 2019թ. օգոստոսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղադրանք առաջադրված անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության դատական քննության ժամանակ մեղադրյալը հայտարարել է, որ իրեն բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողների կողմից գործադրվել է բռնություն, ինչպես նաև բռնություն է գործադրվել ոստիկանության Կենտրոնականի բաժնում` հետաքննիչի կողմից: Դրա վերաբերյալ հայտարարություններ է կատարել նաև մեղադրյալի պաշտպանը: Դատարանը վարույթն իրականացնող մարմնի ուշադրությանն է հրավիրել մեղադրյալի և պաշտպանի կողմից արված հայտարարություններում ոստիկանների կողմից ենթադրյալ բռնություն գործադրելու մասին տվյալների վրա։ Միջնորդության քննարկման ժամանակ հիշյալ գործով վարույթն իրականացնող քննիչը բավարարվել է մեղադրյալին և պաշտպանին պարզաբանելով, որ ոստիկանների կողմից ենթադրյալ բռնություն գործադրելու հանգամանքների վերաբերյալ կարող են հաղորդում ներկայացնել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Ավելին՝ մեղադրյալը և վերջինիս պաշտպանը ոստիկանների կողմից ենթադրյալ բռնություն գործադրելու վերաբերյալ հայտարարություններ են կատարել հետագայում՝ նաև երկու ամիս անց դատարանում մեղադրյալի նկատմամբ կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննության դատական նիստին՝ հայտնելով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից այդ ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել և որ այդ մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ ՀՔԾ: Որոշ դեպքերում անձանցից բացատրություն վերցնելիս, հարցաքննելիս, վերջիններս հայտնում են իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի, բռնության վերաբերյալ տեղեկություններ, բայց այդ տվյալները տևական ժամանակ չեն փոխանցվում իրավասու մարմինների քննարկմանը։ Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել համապատասխան նախաքննական մարմինների ղեկավարներին՝ անհրաժեշտ համարելով ձեռնարկել գործուն միջոցներ նման դեպքերը բացառելու ուղղությամբ: Մասնավորապես՝ ենթակա ծառայողներին հանձնարարել դատավարության մասնակիցների կողմից արված ենթադրյալ հանցագործության հատկանիշներ պարունակող հայտարարություններն անհապաղ փոխանցել դատավարական ղեկավարում իրականացնող համապատասխան դատախազներին՝ իրավասու, անկախ մարմնի քննարկմանը ուղարկելու, այդպիսով խոշտանգման, պաշոնեական լիազորությունները բռնության զուգորդմամբ անցնելու դեպքերով օպերատիվ քննության արդյունավետության վտանգումը բացառելու համար:  Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել էր ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին՝ պաշտոնատար անձանց կողմից բռնության, վատ վերաբերմունքի ենթարկվելու վերաբերյալ անձանց բողոքների և պնդումների մասին քննությունը օպերատիվ, անաչառ, մանրակրկիտ կատարելու, դրա պատշաճ արագությունը երաշխավորելու նպատակով ապահովել, որպեսզի նշված բողոքները և պնդումները դրանք ստացվելուց հետո առավելագույնը 24 ժամվա ընթացքում ուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ ՀՔԾ ուղարկելու հարցը օպերատիվ կերպով լուծելու համար։ Դատախազներին հանձնարարված է նաև մինչդատական վարույթի ընթացքում խափանման միջոցների հարցերով վերաքննիչ բողոքների կամ գործի՝ ըստ էության քննության դատական նիստերին մասնակցության ընթացքում ևս առանձնահատուկ ուշադրություն դարձնել իրենց նկատմամբ ոստիկանության բաժանմունքներում, ԶՊՎ-ներում, քրեակատարողական հիմնարկներում պաշտոնատար անձանց կողմից բռնության, ճնշումների ենթարկվելու վերաբերյալ ձերբակալված, կալանավորված անձանց կողմից արվող պնդումներին՝ դրանցով անհապաղ պատշաճ ընթացքակարգ սկսելու և քրեական վարույթի շրջասնակներում դրանց իսկությունը և հանգամանքները պարզելու նպատակով:      
15:41 - 25 սեպտեմբերի, 2020
Կորոնավիրուսից զինծառայողների մահվան 2 դեպքերը նոր չեն. ՀՀ դատախազություն
 |armtimes.com|

Կորոնավիրուսից զինծառայողների մահվան 2 դեպքերը նոր չեն. ՀՀ դատախազություն |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած պայմանագրային երկու զինծառայողների մասին առկա տեղեկատվությունը վերաբերում է ոչ թե այսօրվան, այլ անցած ամիսներին: Զինծառայողներից մեկը մահացել է հունիսի 29-ին, «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում։ Ախտորոշումը՝ «Կորոնավիրուսային հիվանդություն, թոքային զարկերակի տրոմբոէմբոլիա»: Կորոնավիրուսային հիվանդությունից զինծառայողի մահվան երկրորդ դեպքն արձանագրվել է օգոստոսին: Այս մասին ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Այս երկու մահերին վերաբերող տվյալները մենք տրամադրել ենք տարբեր ամիսներին զինծառայողների մահվան դեպքերի և պատճառների վերաբերյալ «Ռազմինֆո» լրատվական կայքի հարցմանն ի պատասխան:  
19:22 - 24 սեպտեմբերի, 2020
Պաշտպանը Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին

Պաշտպանը Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին

Քիչ առաջ, որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, էլեկտրոնային փոստի միջոցով հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին։ Այսպիսի ֆեյսբուքյան գրառում է արել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նա տեղեկացրել է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարանի կողմից բեկանելուց և վերաքննիչ դատարանի այդ որոշման դեմ դատախազի և պաշտպանների կողմից վճռաբեկ բողոքներ ներկայացնելուց հետո, Գագիկ Ծառուկյանին փաստաբանական ծառայություններ մատուցելու ընթացքում և դրա շրջանակում տեղեկություններ ենք ստացել, որ ինչ-որ պաշտոնատար անձանց անօրինական միջամտության արդյունքում «որոշվել» է, որ վճռաբեկ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է մերժի ներկայացված վճռաբեկ բողոքները, որպեսզի դատական գործը շատ արագ մուտքագրվի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հնարավորինս արագ կարգով քննություն իրականացվի, և Գագիկ Ծառուկյանը կալանավորվի։ «Անկանխատեսելի որոշումներից խուսափելու նպատակով «որոշվել» է վճռաբեկ բողոքներն այն ժամկետներում մերժել և այն ժամկետներում գործը մուտքագրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի գործի մուտքագրումը համապատասխանի Կենտրոն նստավայրի հերթապահության ժամանակահատվածին, որտեղ էլ նախապես որոշված կարգով դատական գործը պետք է մակագրվեր դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ով էլ արագ կարգով պետք է քննի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացնի։ Քանի որ պաշտպանության կողմի տրամադրության տակ առկա են նաև այս տեղեկությունները հաստատող փաստական տվյալներ և ապացույցներ, ինչպես նաև մատնանշել ենք այնպիսի ապացույցների առկայության մասին, որոնք կարող են ձեռք բերվել քրեական գործ հարուցելու և նախաքննություն կատարելու պարագայում՝ քննչական և դատավարական գործողությունների միջոցով, ուստի այդ փաստերի շարադրմամբ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին։ Հաղորդման մեջ նաև մատնանշվել են իրավասու մարմինների և պաշտոնատար անձանց կողմից կատարված՝ պրակտիկայից և սովորականից տարբերվող այնպիսի գործողություններ, որոնք վկայում են Գագիկ Ծառուկյանի գործով այդ անձանց ակնհայտ շահագրգռվածության և խտրական վերաբերմունքի վերաբերյալ, որոնք կատարվել են հենց կալանավորման միջնորդության քննությունն արագ կարգով և հատկապես Կենտրոն նստավայրում ու նախընտրած դատավորի կողմից ապահովելու հատուկ ջանասիրությամբ։ Տեղին է նշել, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է, որ յուրաքանչյուր ոք ունի արդար դատաքննության իրավունք, այսինքն՝ իրավունք ունի, որ իր վերաբերյալ գործը քննվի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից»,- գրառել է պաշտպանը եւ նշել, որ վերը նշված փաստական հանգամանքներն առնվազն ողջամիտ հիմք են տալիս պնդելու, որ Գագիկ Ծառուկյանի այդ իրավունքն ինչ-որ պաշտոնատար անձանց կողմից դիտավորյալ կերպով խախտվում է։ «ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելու համար` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, որը վնաս է պատճառել մարդու և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին և որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով։ Ավելին, նույն օրենսգրքի 308-րդ հոդվածով քրեական պատասխանտվություն է նախատեսված հետևյալ աարքի համար․«Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)»։ Իսկ նույն օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով»,- հիշեցրել է նա եւ հույս հայտնել, որ իրավասու մարմինները կգործեն առանց կաշկանդվածության, համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ կհարուցեն քրեական գործ, ինչպես նաև առերևույթ հանցանք կատարած անձանց պարզելու և քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով կիրականացնեն լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն։
17:13 - 24 սեպտեմբերի, 2020
Նախապատրաստում են անհրաժեշտ փաստաթղթեր՝ Արթուր Գևորգյանին ՀՀ փոխանցելու հարցով ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար |1lurer.am|

Նախապատրաստում են անհրաժեշտ փաստաթղթեր՝ Արթուր Գևորգյանին ՀՀ փոխանցելու հարցով ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար |1lurer.am|

1lurer.am: ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացվել է այն մասին, որ Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է ԱՄՆ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակում։ Այդ մասին հարցմանն ի պատասխան ասել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:  «Չնայած այդ հանգամանքին՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, իրացնելով իր լիազորությունները, արդեն իսկ նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ նրա հետախուզման շրջանակում ՀՀ իրավասու մարմիններին փոխանցման հարցով ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար: Հարկ է, սակայն, նկատի ունենալ, որ քրեական գործերով անձանց հանձնման ոլորտում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հանձնման մասին երկկողմ միջազգային պայմանագրի բացակայությունը որոշակի առանձնահատկություններ է թելադրում հանձնման գործընթացի առավել բարդության տեսանկյունից»,- նշել է Գ.Աբրահամյանը:
15:47 - 24 սեպտեմբերի, 2020
Գագիկ Ծառուկյանի՝ վաղը կայանալիք նիստի մասին Դատախազությունը պարզաբանում է ներկայացրել

Գագիկ Ծառուկյանի՝ վաղը կայանալիք նիստի մասին Դատախազությունը պարզաբանում է ներկայացրել

ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուզում եմ պարզաբանել, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան: Վաղը կայանալիք դատական նիստում քննարկվելու է այն միջնորդությունը, որի կապակցությամբ առաջին ատյանի դատարանի կայացրած մերժման որոշումը դատախազության կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարան և վերջինս կայացրել էր դատախազության բողոքը մասնակիորեն բավարարելու, առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և նույն դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ: Խնդիրն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ դատախազության և պաշտպանության կողմի ներկայացրած բողոքները վարույթ չընդունելու մասին որոշում, այսինքն ուժի մեջ է մտել Վերաքննիչ դատարանի որոշումը, որի հիմքով էլ Առաջին ատյանի դատարանը միջնորդությունը կրկին քննելու համար դատական նիստ է նշանակել, ինչի մասին դատախազությանը տեղեկացվել է նախորդ ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 18-ին: Այս իմաստով ուղղակի անընդունելի են դեռևս չկայացած դատական նիստի կանխորոշված ելքի վերաբերյալ հրապարակումները, ինչպես նաև բացարձակապես իրավական հարթությունում գտնվող գործընթացը քաղաքականացնելու և ինչ-որ քաղաքական հայտարարությունների լույսի ներքո ներկայացնելու մանիպուլյատիվ փորձերը»:
17:12 - 22 սեպտեմբերի, 2020
Առերևույթ պաշտոնեական չարաշահումներ Արտաշատի գեղարվեստի դպրոցի շինությունների և տարածքի օտարման գործընթացներում. հարուցվել է քրեական գործ

Առերևույթ պաշտոնեական չարաշահումներ Արտաշատի գեղարվեստի դպրոցի շինությունների և տարածքի օտարման գործընթացներում. հարուցվել է քրեական գործ

Հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողության միության կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրություն է հասցեագրվել այն մասին, որ Արտաշատ քաղաքի նախկին և ներկա ղեկավարների կողմից կատարվել են ենթադրյալ ապօրինություններ: Մասնավորապես՝ Արտաշատի նախկին քաղաքապետի կողմից իր պաշտոնավարման ժամանակահատվածում Արտաշատի մանկական գեղարվեստի դպրոցի կիսակառույց շենքը վաճառվել է ձևական աճուրդով և գնվել շուկայականից ցածր գնով: Հաղորդման հիման վրա Արարատի մարզի դատախազության հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստված նյութերով կայացվել է հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում՝ այն հիմնավորմամբ, որ  վերը նշված դեպքի փաստով ձեռք չեն բերվել հանցագործությունը հաստատող բավարար հիմքեր և սպառվել են այդ ուղղությամբ նոր ապացույցներ ձեռք բերելու միջոցները: Արարարտի մարզի դատախազությունում ստուգվել է կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականությունը, որի արդյունքում պարզվել է, որ դեպքի իրական հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները եղել են ոչ լիարժեք: Մարզի դատախազությունում նյութերին ծանոթանալու, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե և Արտաշատի համայնքապետարան կատարված հարցումների արդյունքների ուսումնասիրությամբ նաև պարզվել են այնպիսի հանգամանքներ, որոնք պահանջում են դրանց դեպքի իրական հանգամանքների լիարժեք պարզման նպատակով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության իրականացում: Մասնավորապես՝ պարզվել է, որ Արտաշատի նախկին քաղաքապետ Գ. Մ.-ի 2006թ. մարտի 31-ի որոշման համաձայն` «Արտաշատ քաղաքի գեղարվեստի դպրոց»-ին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է դպրոցի շինությունների փաստացի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 2331.0 քմ մակերեսով հողատարածք: 2006թ. նոյեմբերի 8-ին Արտաշատի համայնքապետարանում իրականացվել է «Մանկական գեղարվեստի դպրոցի» կիսակառույց շենքի աճուրդը: Շենքի շուկայական արժեքը գնահատվել է 6.500.000 ՀՀ դրամ, որը վերաբերել է միայն շինություններին, իսկ հողատարածքի շուկայական արժեքը դրա մեջ ներառված չի եղել: Աճուրդին մասնակցել է նաև Արտաշատի քաղաքապետ Գ. Մ.-ի որդին՝ ներկայում Արտաշատ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնն զբաղեցնող Ս. Մ.-ն, և նշված շենքը գնել 7.155.000 ՀՀ դրամով: 2020թ. գարնանը նշված շինությունը վաճառվել է 90.000.000 ՀՀ դրամով: Պարզվել է, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն՝ դպրոցին հատկացված՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության նշված 0.2331 հա հողամասի նկատմամբ գրանցվել է շինության գնորդների՝ երկու ֆիզիկական անձանց անվամբ «Ընդհանուր համատեղ սեփականության» իրավունք: Այսինքն, բացի «Մանկական գեղարվեստի դպրոցի» կիսակառույց շենքից, վաճառվել է նաև «Արտաշատ քաղաքի գեղարվեստի դպրոցի» շինությունների փաստացի զբաղեցրած և սպասարկման համար անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով քաղաքապետի 2006թ. մարտի 31-ի որոշմամբ «Մանկական գեղարվեստի դպրոցին»  հատկացված 0.2331 հա հողատարածքը, որը 2006թ. աճուրդի դրված չի եղել և չի օտարվել, այսինքն շարունակել է պատկանել գեղարվեստի դպրոցին: Նկատի ունենալով, որ ձեռք են բերվել Արտաշատի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ իրենց պաշտոնեական դիրքը, ծանր հետևանքների առաջացմամբ, ծառայության շահերին հակառակ օգտագործելու հանցավոր արարքնի հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Արարատի մարզի դատախազությունում  վերացվել է կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
15:53 - 22 սեպտեմբերի, 2020
Դատարանը բավարարեց Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը
 |pastinfo.am|

Դատարանը բավարարեց Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը |pastinfo.am|

pastinfo.am: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը կկալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարել է Միքայել Մինասյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին դատախազությունից։ Նշենք, որ սա արդեն Միքայել Մինասյանին կալանավորելու մասին չորրորդ միջնորդությունն է։ Ավելի վաղ հայտնել ենք, որ Միքայել Մինասյանը 2020թ մարտի 17-ին որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հարստացման 2 դրվագ, 314.3 հոդվածով՝ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը): Խոսքն, ըստ քրեական գործի, 1 մլն 200 հազար դոլարի փողերի լվացման մասին է։ Ընդ որում՝ քրեական գործը հարուցվել է 2018թ֊ին։ Հատկանշական է, որ, թեև Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մարտի 17֊ին, սակայն վարույթն իրականացնող մարմինը կալանավորման միջնորդությունը ներկայացրել է մարտի 23֊ին, որը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Վերջինս այն բավարարել է եւ Մ.Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, բավարարել է փաստաբանների բողոքն ու վերացրել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։ Վերաքննիչ դատարանի այս որոշումից հետո նախաքննական մարմինը նոր միջնորդություններ ներկայացնելով փորձում է համապատասխան դատավորի միջոցով հասնել Մ.Մինասյանի կալանավորմանը։
14:13 - 22 սեպտեմբերի, 2020
Մասնակի բավարարվել են քրեական ենթամշակույթի հետ կապված հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող 2 անձանց չկալանավորելու դեմ դատախազության բողոքները

Մասնակի բավարարվել են քրեական ենթամշակույթի հետ կապված հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող 2 անձանց չկալանավորելու դեմ դատախազության բողոքները

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 2020թ. օգոստոսի 10-ին հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել էր «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի և այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության  բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, տարբեր անձանց կողմից այդ խմբավորումներին մասնակցելու և «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով մասնավոր խնդրին վերաբերող վեճը լուծելու համար քաղաքացու կողմից դիմելու դեպքեր: 2020թ. օգոստոսի 13-ին վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մեղադրանք է առաջադրվել նույն օրը ձերբակալված քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, քրեական աշխարհում «Ալո» մականունով հայտնի «օրենքով գող» Ա. Մ.-ին, իսկ նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակից, քրեական հեղինակություն համարվող, «Տիզ» մականվամբ հայտնի Ա.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննություն կատարող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, սակայն, քննության արդյունքում մերժել էր միջնորդությունները՝ իրենց մեղսագրվող արարքների կատարմանը նշված անձանց հնարավոր մասնակից լինելու հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ՝ այդպիսով նաև չանդրադառնալով միջնորդված խափանման միջոցի հիմքերին: 2020թ. օգոստոսի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից վերաքննիչ բողոքներ են ներկայացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ խնդրելով բեկանել Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումները և կայացնել նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դատական ակտեր: Քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանը, սեպտեմբերի 8-ի որոշմամբ մասնակի բավարարել է մեղադրյալ Ա.Մ.-ի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկելով նույն դատարան նոր քննության: ՀՀ վերաքննիչ դատարանը, ըստ էության, հիմնավոր է համարել ներկայացված բողոքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հիմնավորումները՝ մեղսագրվող արարքների կատարմանը նշված անձանց հնարավոր առնչություն ունենալու հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված լինելու և Առաջին ատյանի դատարանի կողմից անհիմն, չպատճառաբանված որոշում կայացրած լինելու վերաբերյալ: Մասնավորապես, ՀՀ վերաքննիչ դատարանը գտել է, որ միջնորդության քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանը համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների վերաբերյալ փաստական տվյալները բավարար չափով բովանդակային գնահատման չի ենթարկել, առկա մյուս փաստական տվյալները գնահատման է ենթարկել առանձին-առանձին՝ չդիտարկելով դրանք համակցության մեջ, և հաշվի չի առել միջնորդությանը կից ներկայացված բոլոր փաստական տվյալները, ինչի արդյունքում հանգել է գործի նյութերից չբխող հետևությունների: Իսկ խափանման միջոցի հարցի լուծման ակտ չկայացնելու փոխարեն գործը նոր քննության վերադարձնելու որոշումը ՀՀ վերաքննիչ դատարանը պայմանավորել է նախաքննական մարմնի ներկայացրած՝ խափանման միջոց կալանավորման հիմքերին Առաջին ատյանի դատարանի կողմից անդրադառնալու անհրաժեշտությամբ: ՀՀ վերաքննիչ դատարանը, դատավորների այլ կազմով, մասնակի բավարարել է նաև մյուս մեղադրյալի՝ Ա.Ս.-ի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված ՀՀ գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանելով այն և ուղարկելով նույն դատարան՝ նոր քննության:    Վերոնշյալ անձանցից բացի, քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել ևս երկու անձի:  Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:          
15:06 - 18 սեպտեմբերի, 2020