pastinfo.am: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը կկալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարել է Միքայել Մինասյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին դատախազությունից։
Նշենք, որ սա արդեն Միքայել Մինասյանին կալանավորելու մասին չորրորդ միջնորդությունն է։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Միքայել Մինասյանը 2020թ մարտի 17-ին որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հարստացման 2 դրվագ, 314.3 հոդվածով՝ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը): Խոսքն, ըստ քրեական գործի, 1 մլն 200 հազար դոլարի փողերի լվացման մասին է։ Ընդ որում՝ քրեական գործը հարուցվել է 2018թ֊ին։ Հատկանշական է, որ, թեև Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մարտի 17֊ին, սակայն վարույթն իրականացնող մարմինը կալանավորման միջնորդությունը ներկայացրել է մարտի 23֊ին, որը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Վերջինս այն բավարարել է եւ Մ.Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, բավարարել է փաստաբանների բողոքն ու վերացրել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։
Վերաքննիչ դատարանի այս որոշումից հետո նախաքննական մարմինը նոր միջնորդություններ ներկայացնելով փորձում է համապատասխան դատավորի միջոցով հասնել Մ.Մինասյանի կալանավորմանը։
comment.count (0)