ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ՝ Ամասիայի առողջության կենտրոնում. հարուցվել է քրեական գործ

Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ՝ Ամասիայի առողջության կենտրոնում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների առթիվ ՀՀ ոստիկանության Ամասիայի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել են «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում առերևույթ հանցավոր մեխանիզմով պետական միջոցների հափշտակության դեպքեր: Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ամասիայի ԱԿ» ՓԲԸ տնօրենը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օժտված լինելով ապահովելու բյուջետային հատկացումների արդյունավետ ու նպատակային օգտագործումը, շահադիտական նպատակով, նույն բժշկական կենտրոնում  որպես տնտեսուհի հրամանագրել է իր մորը: Վերջինս մինչև 2018 թվականը փաստացի աշխատանքի չի հաճախել, չի կատարել իր աշխատանքային պարտականությունները, սակայն այդ պայմաններում նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը չի լուծվել: Նշված տարիների ընթացքում աշխատավարձի վճարման տեղեկագրերում տնօրենի մայրիկի տվյալները ներառվել են որպես աշխատանքային պարտականությունները փաստացի կատարած աշխատակցի և ներկայացվել վճարման:  Արդյունքում 2010-2018թթ. նշված անձի անվամբ, որպես վարձատրություն, պետական միջոցներից հատկացվել է ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերի՝ 4.3մլն ՀՀ  դրամ գումար, որը վատնման եղանակով հափշտակվել է:  Բացի այդ, փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ «Ամասիայի ԱԿ» ՓԲԸ-ում հաշվառված և սպասարկվող ազգաբնակչության 2010 թվականից մինչև 2019 թվականի ցուցակներից չեն հանվել թվով 5 մահացած և մշտական բնակության այլ վայր տեղափոխված թվով 11 անձանց վերաբերյալ տվյալները: Փոխարենը պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, նրանց տվյալները շարունակաբար թողնվել են «Ամասիայի ԱԿ» ՓԲԸ-ում հաշվառված և սպասարկվող ազգաբնակչության ցուցակներում, ինչի արդյունքում նշված անձանց բժշկական սպասարկման համար պետական միջոցներից հատկացվել են նախատեսվածից ավելի գումարներ, որոնք առերևույթ յուրացման եղանակով հափշտակվել են՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս: Վերը նկարագրված դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերով Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն  ուղարկվել է ՀՀ  քննչական  կոմիտեի  Շիրակի   մարզային   քննչական   վարչություն`  նախաքննություն կատարելու  հանձնարարությամբ: Քրեական գործի շրջանակներում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ ստուգման առարկա կդառնա վերոնշյալ հանցավոր մեխանիզմներով նշված բժշկական կենտրոնում հաշվառված և սպասարկվող ազգաբնակչության ցուցակներում նաև այլ մահացած կամ մշտական բնակության վայրը փոխած, ՀՀ-ից երկարաժամկետ բացակայող անձանց տվյալների հնարավոր առկայությունը, կպարզվի նշված հանցավոր մեխանիզմներում ներգրավված բոլոր պատասխանատու աշխատակիցների շրջանակը:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:55 - 18 սեպտեմբերի, 2020
Բերման ենթարկվածին ոստիկանության բաժնում բռնության ենթարկելու նոր տվյալների ստուգման համար քրգործ է հարուցվել

Բերման ենթարկվածին ոստիկանության բաժնում բռնության ենթարկելու նոր տվյալների ստուգման համար քրգործ է հարուցվել

Հունիսի 2-ին Աբովյանի քննչական բաժին տեղեկություն էր ստացվել այն մասին, որ նախորդ օրը ոստիկանության Կոտայքի բաժնի ՁՊՎ ընդունված՝ քրեական գործով մեղադրյալ Ս. Գ.-ի մարմնի արտաքին զննությամբ հայտնաբերվել են վնասվածքներ: Նա հրաժարվել էր ենթարկվել դատաբժշկական փորձաքննության՝ խնդրելով նախապատրաստվող նյութերը թողնել անհետևանք: Բերման ենթարկված անձին ոստիկանության բաժնում ենթադրյալ բռնության ենթարկելու վերաբերյալ նոր տվյալների ստուգման նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ ներկայացնելով մանրամասներ. ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է մարդկանց ոստիկանության և այլ պետական մարմինների տարածքներում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և բռնությունների ենթարկելու վերաբերյալ ստացված տվյալները քրեական վարույթի շրջանակներում պարտադիր ստուգման առարկա դարձնելու, բոլոր դեպքերին համարժեք իրավական գնահատականներ տալու, իսկ բավարար ապացույցների ձեռքբերման պայմաններում նման արարքներ կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու իր որդեգրած քրեական քաղաքականությունը:  2020թ. հունիսի 2-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին ստացվել է իրազեկում այն մասին, որ նախորդ օրը ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ՁՊՎ ընդունված՝ քրեական գործով մեղադրյալ Ս. Գ.-ի մարմնի արտաքին զննությամբ հայտնաբերվել են վնասվածքներ:     Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի Աբովյանի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման շրջանակներում Ս․Գ.-ն բացատրություն է տվել այն մասին, որ վերը նշված մարմնական վնասվածքների կապակցությամբ չի ցանկանում որևէ հարցի պատասխանել, դրանք ստացել է վայր ընկնելու հետևանքով, իր  գործողությունների արդյունքում, սակայն չի ցանկանում ասել, թե որտեղ և ինչ հանգամանքներում: Հայտնել է նաև, որ վնասվածքների կապակցությամբ որևէ բողոք և պահանջ չունի, հրաժարվում է ենթարկվել դատաբժշկական փորձաքննության՝ խնդրելով նախապատրաստվող նյութերը թողնել անհետևանք:  Վարույթն իրականացնող մարմնի կողմից հանձնարարություն է տրվել  ՀՀ ոստիկանությանը՝ համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել Ս․Գ.-ի կողմից մարմնական վնասվածքները ստանալու իրական հանգամանքները և նրա բացատրության իսկությունը: Ստացված գրությամբ հայտնվել է, որ Ս․Գ.-ն ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում պահվելու պատճառով նրա կողմից մարմնական վնասվածքները ստանալու իրական հանգամանքները պարզել հնարավոր չի եղել:  Նյութերով ձեռք բերված փաստական տվյալների գնահատման արդյունքում վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել, որ Ս․Գ.-ն վերը նշված մարմնական վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով և այդ հիմնավորմամբ 2020թ. հունիսի 10-ին որոշում է կայացրել հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:  2020թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձ Ս․Գ.-ի դիմումն այն մասին, որ 2020թ. հունիսի 1-ին՝ գիշերը, ՀՀ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժին բերման ենթարկվելուց հետո նույն բաժնի աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել և նվաստացրել, ինչի մասին ինքը բարձրաձայնել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ իրեն կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման միջնորդության քննարկման ժամանակ: Այսինքն՝ Ս․Գ.-ն հայտնել է իր մարմնի վրա հայտնաբերված վնասվածքների առաջացման հանգամանքների վերաբերյալ նոր տեղեկություններ, որոնք նյութերի նախապատրաստման ընթացքում հայտնի չեն եղել վարույթն իրականացնող մարմնին։  Նկատի առնելով, որ ստացվել են փաստական տվյալներ, որոնք առերևույթ վկայում են պետական ծառայություն իրականացնող համապատասխան անձանց կողմից բռնության զուգորդմամբ իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու ենթադրյալ հանցագործության մասին, ինչը ենթակա է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգման քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր որոշմամբ վերացրել է Ս. Գ.-ի մարմնական վնասվածքներ ստանալու կապակցությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին քննիչի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցել է քրեական գործ:  Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նոր տվյալներով պայմանավորված՝ մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ անհրաժեշտ է քրեական վարույթի շրջանակներում, համապատասխան դատավարական կարգավիճակով, մանրամասն հարցաքննել տվյալ անձին, նշանակել դատաբժշկական փորձաքննություն, պարզել վերջինիս բերման ենթարկած ոստիկանության ծառայողներին, միջոցներ ձեռնարկել ոստիկանության համապատասխան բաժնում տեսագրող սարքերի (առկայության դեպքում) անհապաղ առգրավման և քննություն արդյունքներից բխող անհրաժեշտ քննչական, այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ։  Նախաքննություն կատարելու հանձնարարության քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
14:25 - 17 սեպտեմբերի, 2020
Դատախազության ապօրինի գույքի բռնագանձման հարցերով զբաղվող դատախազների ունեցվածքը |hetq.am|

Դատախազության ապօրինի գույքի բռնագանձման հարցերով զբաղվող դատախազների ունեցվածքը |hetq.am|

hetq.am: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն արդեն ձևավորվել է, և հանրության ուշադրության կենտրոնում են հայտնվել այն պաշտոնյաները, ովքեր պետք է իրականացնեն բռնագանձման հարցերով գործառույթները: Սակայն նրանցից ամենառանցքային պաշտոնյաներից մեկը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանն, իր նոր պաշտոնում խուսափում է լրատվամիջոցների հետ բաց աշխատանքից: Ավելին, չի պարզաբանում, թե ինչպես են գոյացել ամուսնու դրամական միջոցներն ու ունեցվածքը: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ 01.09.2020 թվականի հրամանով Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում: Սրբուհի Գալյանը մինչ նոր պաշտոնում նշանակվելը, զբաղեցնում էր Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը: Սրբուհի Գալյանը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել գույքի ու եկամուտների հայտարարագիր: 2019 թ. տարեկան հայտարարագրում, երբ դեռ փոխնախարար էր, Գալյանը հայտարարագրել է 53 մլն 690 հազար դրամ եկամուտ, որից 43 մլն 711 հազար դրամը տարբեր բանկերից ստացած վարկերն է, իսկ մնացածը՝ մի քանի աղբյուրից ստացած աշխատավարձը: Բացի դրանից՝ Ս. Գալյանը 725 եվրո աշխատավարձ է ստացել նաև Եվրոպայի խորհրդից: 2019 թ. վերջին Ս. Գալյանը ունեցել է 50,000 դրամ և 1600 դոլար կանխիկ գումար: Իսկ բանկային հաշվում ունեցել է 684 հազար դրամ: Սրբուհի Գալյանն ունեցել է նաև հանձնած փոխառություն: 2019 թ. վերջին նրա փոխառության չափը, որը հանձնել է «Ադդրեսս» ՍՊԸ-ին, կազմել է 39 մլն 161 հազար դրամ: Նա հայտարարագրել է նաև համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող մեկ բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում, ինչպես նաև շինություն Դիլիջան քաղաքում: Պաշտոնյայի ամուսինը՝ Պետրոս Մկրյանը, ևս հայտարարագրել է իր ունեցվածքը: 2019 թ. տարեկան հայտարարագրում, որպես եկամուտ, նշել է 11 մլն 638 հազար դրամ: Նշվածից Պ. Մկրյանի աշխատավարձը կազմում է մոտ 6 մլն դրամ, որը ստացել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունից, ինչպես նաև «Սիթի Սենթրալ» ՍՊԸ-ից: Մնացածը վարկեր են և Ֆինանսների նախարարությունից ստացած «այլ եկամուտ»: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա Պետրոս Մկրյանը 2019 թ. տարեվերջին հայտարարագրել է 2 մլն 400 հազար դրամ և 2000 դոլար կանխիկ գումար: Բացի դրանից՝ պաշտոնյայի ամուսինն ունեցել է նաև բանկային հաշիվներում առկա գումար՝ 19 հազար 580 դրամ և 120 հազար 833 դոլար: Պետրոս Մկրյանն ունի նաև հանձնած խոշոր փոխառություններ: Մասնավորապես, 2019 թ. վերջին 3 ընկերություններին հանձնած փոխառության չափը կազմում է 422 մլն 256 հազար դրամ, որից 140 մլն 111 հազար դրամը «Լոգինվեստ» ՓԲԸ-ին հանձնած փոխառության չափն է (2019 թ. սկզբին փոխառության գումարի չափը եղել է 525 մլն 775 հազար դրամ), 9 մլն 755 հազար դրամը հանձնել է «Մարիոֆ» ՓԲԸ-ին, իսկ 272 մլն 390 դրամ փոխառությունը տվել է «Պետրով» ՍՊԸ-ին:  «Պետրով» ՍՊԸ-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 2018 թ. մայիսին: Ընկերության հիմնադիրը հենց Պետրոս Մկրյանն է: Նրան է պատկանում ընկերության 100 % բաժնեմասը: Հարկային մարմնում առկա տվյալների համաձայն՝ «Պետրով» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է: Ընկերությունը հիմնականում զբաղվել է սեփական կամ վարձակալված անշարժ գույքի հանձնում վարձակալության և այլ գործառնություններով: Ս. Գալյանի ամուսինը 2014 և 2018 թվականներին 3 տարբեր բաժնեմասեր է ձեռք բերել ընկերություններում, որոնց անվանումները, հայտարարագրում համարվում են հրապարակման ոչ ենթակա տվյալ: Պետրոս Մկրյանը հայտարարագրել է նաև շարժական և անշարժ գույքեր: Ըստ հայտարարագրի, նա ունի 2004 թ. «Jeep» մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2014 թ.-ին: Նրան է պատկանում 6 միավոր անշարժ գույք՝ բոլորն էլ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում: Մասնավորապես՝ պաշտոնյայի ամուսինն ունի հողամաս, 4 բնակարան և ավտոտնակ: Հայտարարագրած բնակարաններից 2-ը, որոնք համատեղ սեփականություն են և գտնվում են Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Պետրոս Մկրյանը գնել է 2019 թ.: Բնակարաններից մեկի արժեքը կազմել է 117 մլն 600 հազար դրամ, մյուսը՝ 206 մլն 400 հազար դրամ: Նշված բնակարանները ձեռք են բերվել «Լոգինվեստ» ՓԲԸ-ից: Նշենք, որ «Լոգինվեստ» ՓԲԸ-ն է իրականացնում Երևանի Վերին Անտառային 131, 133, 135 հասցեներում գտնվող հողամասերի վրա բնակելի համալիրի կառուցապատումը: «Լոգինվեստ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2014 թ.-ին: Ընկերության տնօրենը Արտեմ Հարությունյանն է: Ըստ պետական ռեգիստրի տվյալների՝ ընկերության իրավանախորդը «Սասուն Ավտո» ՍՊԸ-ն է: «Սասուն Ավտո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թ. հուլիսին: Ընկերության 50 % բաժնեմասը պատկանում էր Սրբուհի Գալյանի ամուսնուն՝ Պետրոս Մկրյանին, իսկ մյուս 50 %-ը՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանի որդուն՝ 24-ամյա Նարեկ Դավթյանին: «Սասուն Ավտո» ՍՊԸ-ի կանոնադրային կապիտալը կազմել է 177 մլն 555 հազար դրամ: Նշենք, որ Հայկ Դավթյանը գլխավոր խորհրդականի պաշտոնին նշանակվել էր Հովիկ Աբրահամյանի 2014 թ. մայիսի 5-ի որոշմամբ, իսկ ազատվել է նախորդ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից 2018 թ. ապրիլի 16-ին: Թե՛ Պետրոս Մկրյանը, թե՛ Հայկ Դավթյանը «Սասուն ավտո» ՍՊԸ-ի բաժնետեր են դարձել 2014 թ. հուլիսին՝ Նարեկ Դավթյանի հոր՝ Հայկ Դավթյանի կողմից վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը ստանձնելուց հետո: «Լոգինվեստ» ՓԲԸ-ի իրավահաջորդն էլ «Մարիոֆ» ՓԲԸ-ն է: Ըստ կանոնադրության՝ «Մարիոֆ» ՓԲԸ-ն ստեղծվել է «Սասուն Ավտո» ՍՊԸ-ի վերակազմավորումից հետո ստեղծված և դրա իրավահաջորդ «Լոգինվեստ» ՓԲԸ-ի վերակազմավորման արդյունքում՝ առանձնանալով «Լոգինվեստից»: Այսինքն՝ «Մարիոֆի» հիմնադրմանը զուգահեռ «Լոգինվեստը» շարունակել է գործել: Ընկերության կանոնադրական կապիտալը հիմնադրման ժամանակ (2017թ.) եղել է 813 մլն 980 հազար դրամ: Սակայն, 2018թ. ապրիլին փոփոխություններ են կատարվել կանոնադրությունում, և կապիտալի չափը սահմանվել է նախ 1 մլն, ապա՝ 1 մլն 700 հազար դրամ: Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ Պետրոս Մկրյանը բաժնեմաս ունի նաև «Բայ Դը Բեստ» ՍՊԸ-ում, Իսկ այս տարվա հուլիսի 15-ին նրա մասնակցությամբ գրանցվել է մեկ այլ ընկերություն՝ «Արտ Պլազա» ՓԲԸ-ն: Դիմել էինք գլխավոր դատախազություն՝ Սրբուհի Գալյանի ու նրա ամուսնու հայտարարագրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով: Պաշտոնյան նախընտրել էր գրավոր տարբերակով պատասխանել հարցերին: Մեր հարցերին պատասխանել են դատախազության հանրային կապերի բաժնից: Ըստ պարզաբանման՝ Ս. Գալյանի կողմից 39 մլն 161 հազար դրամ փոխառությունը, որը հանձնել էր «Ադդրեսս» ՍՊԸ-ին, հանդիսանում է հիպոթեքային վարկի գումար, որը փոխանցվել է նշված ընկերությանը՝ բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման նպատակով: Փոխառություն փոխանցված գումարը ձեռք է բերվել հիպոթեքային վարկով: Հայտարարագրի լրացման պահանջով է սահմանվում, որ նմանատիպ գործարքների գումարները նշվեն «հանձնված փոխառություններ» դաշտում: Հետաքրքրվել էինք նաև Սրբուհի Գալյանի ամուսնու՝ նախկին իշխանությունների հետ ունեցած կապերի մասին, թե այդ հանգամանքը որքանով է համատեղելի Գալյանի աշխատանքի հետ, և ինչ խանգարող հանգամանքներ կարող են առաջանալ: Բացի դրանից՝ հետաքրքրվել էինք, թե որտեղից են գոյացել Գալյանի ամուսնու գումարները, ինչ ծագման գումարներ է հանձնել փոխառության, ինչ կապեր ունի վերը նշված ընկերությունների հետ, ինչպես է գնել բնակարանները և այլն: Սակայն այս հարցերին Սրբուհի Գալյանը խուսափել է պատասխանել: «Ինչ վերաբերում է բարձրացված մյուս հարցերին, ապա պետք է նշել, որ դրանք բացառապես վերաբերում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում պաշտոն զբաղեցնող անձի ընտանիքի անդամին և հանդիսանում են անձնական տվյալներ, որոնց գլխավոր դատախազությունը չի տիրապետում»,- նշված է դատախազության պատասխանում: Ուշագրավն այն է, որ գրության սկզբում նշված է, որ Սրբուհի Գալյանի պարզաբանման հիման վրա է տրվել պատասխանը, սակայն երբ խոսքը գնացել է պաշտոնյայի ամուսնու ունեցվածքի մասին, դատախազությունը համարել է, որ այն անձնական տվյալ է, որին կառույցը չի տիրապետում: Այլ կերպ ասած՝ ստացվում է, որ Սրբուհի Գալյանը չի ցանկացել իր ամուսնու գործարքների, ունեցած կապերի, ունեցվածքի մասին պարզաբանումներ ներկայացնել: «Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Սրբուհի Գալյանի անկաշկանդ գործունեությանը խոչընդոտող հանգամանքներ առկա չեն»,- նշված է դատախազության պատասխանում: Հարց է առաջանում. ինչպե՞ս է Սրբուհի Գալյանը զբաղվելու այլոց ապօրինի ծագման գույքի բռնագանձման հարցերով, երբ չի պարզաբանում իր ընտանիքի անդամի գույքի ծագումը, խուսափում է բաց ու թափանցիկ աշխատանքից:  Վարչության պետ Սիրո Ամիրխանյան Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ 03.09.2020 թ. հրամաններով գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնում նշանակվել է Սիրո Ամիրխանյանը, վարչության պետի տեղակալի պաշտոնում՝ Տիգրան Ենոքյանը, վարչության ավագ դատախազների պաշտոններում՝ Անի Սարգսյանը և Գևորգ Քոչարյանը, իսկ վարչության դատախազի պաշտոնում՝ Տիգրան Դավթյանը:   Սիրո Ամիրխանյան   Սիրո Ամիրխանյանը հայտարարագրել է իր 2019 թ. ունեցած գույքն ու եկամուտները: Այդ ժամանակ նա զբաղեցրել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնը: Հայտարարագրի համաձայն՝ Ս. Ամիրխանյանը 2019 թ. ունեցել է 7 մլն 294 հազար դրամի եկամուտ, որից 2 մլն 944 հազար դրամը դատախազությունից ստացած աշխատավարձն է, 4 մլն դրամը՝ գույքի օտարումից ստացած եկամուտը, իսկ մնացածը՝ բանկերից մեկից ստացած փոխառությունը: Ի տարբերություն «համեստ» եկամուտների, Սիրո Ամիրխանյանը 2019 թ. վերջին ունեցել է 24 մլն 500 հազար դրամ կանխիկ գումար: 1 մլն 39 հազար դրամ էլ ունեցել է բանկային հաշվին: Պաշտոնյան ունի նաև երկու ավտոմեքենա՝ 2017 թ. արտադրության «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2017-ին, և «Hyundai» մակնիշի ավտոմեքենա: 2014 թ. արտադրության այս մեքենան Ս. Ամիրխանյանը 2 մլն 900 հազար դրամով գնել է 2019-ին: Սիրո Ամիրխանյանը միանձնյա սեփականության իրավունքով Կոտայքի մարզում առանձնատուն և այգի ունի, որոնք 2017 թ. ստացել է նվիրատվության կարգով: Սիրո Ամիրխանյանի հայրը՝ Հրաչ Ամիրխանյանը, «Զվարթնոց» օդանավակայանում հերթափոխի պետ է աշխատում: 2019 թ. նրա եկամուտները, ըստ հայտարարագրի, կազմել են 9 մլն 935 հազար դրամ, որից 3 մլն 275 հազար դրամը աշխատավարձն է, 6 մլն դրամը՝ բնամթերքով ստացած եկամուտը, իսկ մնացածը՝ կենսաթոշակը: Փոխարենը նշված տարում կանխիկ ունեցել է 30 մլն դրամ, իսկ բանկային հաշվում՝ 90 հազար դրամ: Պաշտոնյայի հայրն ունի երկու ավտոմեքենա՝ «Merscedez-Benz և «Toyota», որոնք ձեռք է բերել համապատասխանաբար 2010 և 2016 թվականներին: Հրաչ Ամիրխանյանը հայտարարագրել է նաև 10 միավոր անշարժ գույք՝ համատեղ սեփականության իրավունքով 2 բնակարան Երևանի Դավթաշեն վարչական շրջանում, 6 միավոր հողամաս և 2 միավոր այգի Կոտայքի մարզի Արագյուղ համայնքում: Վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյան Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանը 2019 թ. հայտարարագիրը ներկայացնելու ժամանակ Հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ էր: Ըստ դատախազի հայտարարագրի՝ Տ. Ենոքյանի 2019 թ. եկամուտը կազմել է 7 մլն 813 հազար դրամ, որից 7 մլն 675 հազար դրամը դատախազությունից ստացած աշխատավարձն է:     Նշված ժամանակահատվածում պաշտոնյան ունեցել է նաև կանխիկ գումար՝ 3 մլն 800 հազար դրամ, 9000 ԱՄՆ դոլար և 1 մլն ռուսական ռուբլի: Իսկ բանկային հաշիվներում ունեցած գումարը կազմել է մոտ 226 հազար դրամ: Ինչ վերաբերում է գույքին, ապա Տիգրան Ենոքյանը հայտարարագրել է մեկ ավտոմեքենա՝ 2008 թ. «Toyota», որը գնել է 2013-ին: Ունեցել է նաև մեկ բնակարան Սևան քաղաքում, որը 2019 թ. օգոստոսին վաճառել է 3 մլն դրամով: Դատախազի կինը՝ Կարինե Կարապետյանն աշխատում է «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ում որպես փոխտնօրեն: Նրա 2019 թ. եկամուտը կազմել է 12 մլն 550 հազար դրամ, որից 7 մլն 230 հազար դրամը ստացած աշխատավարձն է, 320 հազար դրամը՝ բանկերից մեկից ստացած փոխառությունը, իսկ 5 մլն դրամ էլ նվիրատվության կարգով ստացել է Սևան քաղաքի 85-ամյա բնակչուհուց: Կ. Կարապետյանը 56 հազար ռուսական ռուբլի օգնություն էլ ստացել է ՌԴ կենսաթոշակային հիմնադրամից: Նշենք, որ Տիգրան Ենոքյանի երկու անչափահաս երեխաները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են: Կարինե Կարապետյանը հայտարարագրել է նաև կանխիկ դրամական միջոցներ՝ 1 մլն 500 հազար դրամ, 1000 եվրո և 2 մլն 362 հազար ռուբլի: Իսկ բանկային հաշիվներում առկա գումարային մնացորդները կազմել են 21 հազար դրամ և 12 հազար ռուբլի: Դատախազի կինը ավտոմեքենա չունի: Հայտարարագրել է մեկ բնակարան Սևան քաղաքում, որը 2019 թ. նվիրատվություն է ստացել: Վարչության ավագ դատախազ Անի Սարգսյան Անի Սարգսյանը մինչև դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնում նշանակվելը աշխատել է քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության հատուկ կարևորագույն գործերով քննիչ: Այդ պաշտոնում նա 2019 թ. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և ունեցվածքի մասին    հայտարարագիր: Ըստ դրա՝ նա ունեցել է 27 մլն 833 հազար դրամի եկամուտ: Աշխատավարձը կազմել է ընդամենը 4 մլն 550 հազար դրամ, որը ստացել է Քննչական կոմիտեում, Հայ-ռուսական համալսարանում և Արդարադատության ակադեմիայում աշխատելով: Մոտ 45 հազար դրամ ստացել է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրից, 218 հազարը հանձնած փոխառության դիմաց ստացած տոկոսներն են, իսկ 23 մլն դրամը ստացած վարկն է:   Անի Սարգսյանը 2019-ին կանխիկ ունեցել է 1 մլն դրամ, իսկ բանկային հաշվում՝ 750 հազար դրամ: Հայտարարագրել է 2007 թ. արտադրության «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2017-ին: Հայտարարագրի համաձայն՝ Անի Սարգսյանը բնակարան չունի: Նշենք, որ ներկայում ավագ դատախազը 2019 թ. 26 մլն 536 հազար դրամ փոխառություն է տվել «Բիդեք» ՍՊԸ-ին: Դատախազությունից պարզաբանեցին, որ փոխառություն հանձնած գումարը կառուցապատողին փոխանցած հիպոթեքային գումար է՝ բնակարան գնելու նպատակով: Հիշեցնենք, որ «Բիդեք» ՍՊԸ-ն և ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին՝ Դավիթ Սեդրակյանը, 2019 թ. հունվարի 16-ին դիմում էին ներկայացրել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` հայտնելով, որ Սեդրակյանը ցանկանում է ձեռք բերել Գառնիկ Ավետիսյանին 100 %-ով պատկանող «Բիդեք» ընկերության կանոնադրական կապիտալի 75 % բաժնեմասը: Ընկերությունը գրանցվել է 2009 թ. և իրականացնում է հիմնականում շինարարական գործունեություն: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թույլատրել էր «Բիդեք» ՍՊԸ-ի և Դավիթ Սեդրակյանի համակենտրոնացումը: Կարդալ ավելին՝ hetq.am-ում։
18:58 - 16 սեպտեմբերի, 2020
Դատախազությունը բողոքարկել է ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին չկալանավորելու որոշումը |armtimes.com|

Դատախազությունը բողոքարկել է ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին չկալանավորելու որոշումը |armtimes.com|

armtimes.com: Դատախազությունը ՀՀ վերաքննիչ դատարան է բողոքարկել «Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին չկալանավորելու մասին դատարանի որոշումը: Այս մասին տեղեկացրեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը: Գոռ Մալաքյանը, հիշեցնենք, մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու մեջ: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, սեպտեմբերի 3-ին մերժել է նրան կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը: Նույն արարքի կատարման մեջ մեղադրվում է նրա եղբայրը՝ Էդգար Մալաքյանը, որը սեպտեմբերի 3-ից կալանավորված է, նրա կալանավորման որոշումն էլ պաշտպանն է բողոքարկել Վերաքննիչ դատարան: Ավելին՝ armtimes.com-ում
16:34 - 15 սեպտեմբերի, 2020
26 տարի առաջ կատարված Մհեր Պողոսյանի սպանության գործով կիրականացվի նոր դատական քննություն

26 տարի առաջ կատարված Մհեր Պողոսյանի սպանության գործով կիրականացվի նոր դատական քննություն

ՀՀ վերաքննիչ դատարանը 2020թ. մարտի 5-ին կայացրած որոշմամբ ամբողջությամբ բավարարել էր ՀՀ զինվորական դատախազի կողմից ներկայացված բողոքը՝ 26 տարի առաջ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում կատարված Մհեր Պողոսյանի սպանության գործով Աշտարակի շրջանային ժող. դատարանի կողմից կայացված դատավիճռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանելու և գործը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ: ՀՀ վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ 2020թ.մայիսի 17-ին վճռաբեկ բողոք էր ներկայացրել Հրանտ Գրիգորյանի փաստաբանը՝ խնդրելով բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը:  Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը օրես որոշում է կայացրել Հրանտ Գրիգորյանի փաստաբանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու և Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարան քննության ուղարկելու մասին, ինչը նշանակում է, որ Մհեր Պողոսյանի սպանության գործով նոր երևան եկած հանգամանքների լույսի ներքո կիրականացվի նոր դատական քննություն: Գ. Աբրահամյանը հիշեցնում է, որ 1994թ. դեկտեմբերի 19-ին՝ 1 օրվա ընթացքում քննելով Մհեր Պողոսյանի սպանության գործը՝ Աշտարակի շրջանային ժող. դատարանը դատավճիռ էր կայացրել, որով Հրանտ Գրիգորյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 259.1-րդ հոդվածի «Բ» կետով նախատեսված հանցագործություն կատարելու, այն է՝ զենքի, զինամթերքի, պայթուցիկ և այլ նյութերի ու առարկաների հետ վարվելու կանոնների խախտման համար և նրան դատապարտել 1 տարի ժամկետով ազատազրկման: 2018թ. հուլիսին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին է ստացվել սպանվածի որդու՝ Էդուարդ Պողոսյանի դիմումն այն մասին, որ 1994թ. ապրիլի 16-ին իր հորը՝ Մ. Պ.-ին դիտավորյալ սպանել է Հ.Գ.-ն, սակայն դեպքի իրական հանգամանանքները խեղաթյուրվել են: ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում սկսված նախաքննության ընթացքում իրականացված բազմածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների, դրանց նկատմամբ իրականացված պատշաճ դատախազական հսկողության արդյունքում ի հայտ էին բերվել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այնպիսի նոր հանգամանքներ, որոնք ինքնին ապացուցում են դատապարտյալի կատարած հանցանքի ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է: Այսինքն՝ այդ տվյալներն առերևույթ վկայում էին այն մասին, որ Հրանտ Գրիգորյանը 1994 թվականի ապրիլի 16-ին խուլիգանական դրդումներով և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանել է Մհեր Պողոսյանին, սակայն նա դատապարտվել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար, իսկ նշված հանգամանքը թաքցնելու նպատակով ՀՀ պաշտպանության փոխնախարարի ստորագրությամբ տրվել է գրություն, իբր Մ. Պողոսյանը զոհվել է մարտական գործողությունների ժամանակ և նրա անվամբ ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունում կազմվել է անձնական գործ, ապա ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի կողմից Մ.Պողոսյանին հետմահու շնորհվել է արիության մեդալ: Ելնելով նախաքննության արդյունքներից՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնում 2018թ. դեկտեմբերի 10-ին որոշում է կայացվել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին: 2019թ. փետրվարի 20-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանի կողմից այս գործով բերվել էր վերաքննիչ բողոք՝ խնդրելով վերանայել ու բեկանել Աշտարակի շրջանային ժող.դատարանի 1994թ. դեկտեմբերի 19-ի վերոնշյալ դատավիճռը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, որը և բավարարվել էր ՀՀ վերաքննիչ դատարանի 05.03.2020թ. որոշմամբ:
14:58 - 08 սեպտեմբերի, 2020
ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը կալանավորվել է

ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը կալանավորվել է

«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված նախաքննությամբ 2019թ. մարտի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք առերևույթ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ նախկին փոխնախարար Վ. Պ.-ին (Վահան Պողոսյան – խմբ.)։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի  2019թ. մարտի 9-ի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավը՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով: Քրեական գործով հետագա նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2020թ. օգոստոսի 11-ին Վ. Պ.-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել 2015-2016թթ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագով/ և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքներ առերևույթ կատարելու համար։  Մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ Վ.Պ.-ն, հանդիսանալով ՀՀ-ում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բժշկական օգնության կազմակերպման, ՀՀ տարածքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և տուբերկուլոզի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի բնագավառում աշխատանքները համակարգող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, կազմակերպել և ղեկավարել է Գլոբալ հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից, ՀԿ-ի ներգրավմամբ և 2 ՍՊԸ-ների փաստացի ղեկավարների օժանդակությամբ, նշված կազմակերպություններին փոխանցված գումարներից շարունակաբար առանձնապես խոշոր չափի դրամական միջոցների՝ 78.341.320 ՀՀ դրամի յուրացումը, որից ավելի քան 2/3-րդը, որպես հափշտակության կազմակերպիչ, տրամադրվել է Վ. Պ.-ին, իսկ մնացած մասը՝ 20.591.320 ՀՀ դրամը, տնօրինվել է կենտրոնի տնօրենի կողմից անձնական նպատակներով: Բացի այդ, Վ.Պ.-ն կազմակերպել և ղեկավարել է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ի տնօրենի կողմից «Տուբերկուլոզով հիվանդների սոցիալական աջակցության» ծրագրից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափով՝ ընդհանուր 8.371.880 ՀՀ դրամ գումարի հափշտակության կատարումը՝ երկու աշխատակիցներ ձևական գրանցելու և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձը իրենց վերցնելու միջոցով:    Բացի այդ, ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը, ծառայության գծով թողտվության և հովանավորչության համար, գույքային առավելության տեսքով որպես առանձնապես խոշոր չափով կաշառք, Կենտրոնի տնօրենից պահանջել է ձեռք բերել և անձնական օգտագործման համար իրեն տրամադրել իբրև Կենտրոնի կարիքների համար 17.600.000 ՀՀ դրամ արժեքով գնված ավտոմեքենան, որից հետո պահանջել է նաև Կենտրոնի միջոցների հաշվին կատարել մեքենայի ընթացիկ ծախսերը և յուրաքանչյուր ամիս որպես կաշառք ստացել է 100 լիտր բենզինային վառելիքի կտրոններ: 2020թ. օգոստոսի 11-ին միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի օգոստոսի 16-ի որոշմամբ մերժվել էր։ Այս որոշման դեմ վերքննիչ բողոք է բերվել մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020թ. սեպտեմբերի 7-ի որոշմամբ դատախազության բողոքը բավարարվել է, Վ․Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նշված քրեական գործով նախաքննության տարբեր փուլերում մեղադրանք է առաջադրվել 12 անձի, այդ թվում նաև «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հ.-ին, ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորմանն այլընտրանքային գրավ»,- նշված է հաղորդագրության մեջ:    Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:11 - 07 սեպտեմբերի, 2020
Ստեղծվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր գիտամեթոդական խորհուրդ

Ստեղծվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր գիտամեթոդական խորհուրդ

ՀՀ գլխավոր դատախազի այսօրվա հրամանով ստեղծվել է գլխավոր դատախազին առընթեր նոր գիտամեթոդական խորհուրդ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «Վերջինս ունի ՀՀ գլխավոր դատախազին առնթեր խորհրդակցական մարմնի կարգավիճակ, և նպատակն է գիտամեթոդական աջակցություն ցուցաբերել ՀՀ դատախազության ստորաբաժանումներին իրենց գործառույթներն իրականացնելիս, համագործակցել ՀՀ-ում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների և ակադեմիական կենտրոնների, օտարերկրյա իրավապահ մարմինների համանման խորհուրդների հետ: Արթուր Դավթյանի այս նախաձեռնությունը պայմանավորված է հիմնականում դատախազության գործունեությունը գիտականորեն առավել հիմնավորված և միջազգային լավագույն փորձի հենքի վրա շարունակաբար կատարելագործելու հրամայականով՝ հաշվի առնելով հանցավորության շարժընթացում արձանագրվող միտումները, քրեական արդարադատության ոլորտում զարգացող միջազգային չափանիշեների տեղայնացման խնդիրը, քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ընդունմամբ դատավարական նոր ընթացակարգերի նախատեսումը։ Բացի այդ, պետական շահերի պաշտպանության ոլորտում վերջին տարիներին դատախազության նկատելի ակտիվացումը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը ևս առաջացնում են դատախազության աշխատանքներում նորարարական մոտեցումներ և ուղղություններ ներդնելու և այդ նպատակով գիտական առավել լայն պոտենցիալ օգտագործելու անհրաժեշտություն: Գիտամեթոդական խորհրդի հիմնական խնդիրներ են մշակել գիտականորեն հիմնավորված խորհրդատվական բնույթի նյութեր դատախազական գործունեության ուղղությունների իրավակիրառ պրակտիկայի խնդրահարույց հարցերի վերաբերյալ, ներկայացնել  առաջարկություններ հանցավորության դեմ պայքարի ուղղությունների և եղանակների մասին, վերլուծել ՄԻԵԴ նախադեպային իրավունքի զարգացումները: ՀՀ գլխավոր դատախազի նշված հրամանով Գիտամեթոդական խորհրդի կազմում ընդգրկվել են՝ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Մելքոնյանը, որը կղեկավարի Խորհուրդը, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Աննա Մարգարյանը, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տաթևիկ Դավթյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական իրավաբանական խորհրդատվության կենտրոնի դասախոս-կոորդինատոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Մարկոսյանը, ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի ասիստենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիրայր Վարդազարյանը, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ Արթուր Չախոյանը, ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Կարեն Բիշարյանը, ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանը, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Վահե Ռաֆայելյանը, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արմեն Հարությունյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Պետիկ Մկրտչյանը: Խորհրդի որոշումները կրելու են խորհրդատվական բնույթ և կարող են կենսագործվել ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով»,- նշված է հաղորդագրության մեջ:
19:31 - 04 սեպտեմբերի, 2020
4.739.000մ3 ջրի չհիմնավորված կորուստ՝ Վայքի ինքնահոս ոռոգման համակարգի շահագործման արդյունքում. հարուցվել է քրեական գործ

4.739.000մ3 ջրի չհիմնավորված կորուստ՝ Վայքի ինքնահոս ոռոգման համակարգի շահագործման արդյունքում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Վայքի ինքնահոս ոռոգման համակարգով 2019թ.  մատակարարված ջրի հայտերի, փաստացի մատակարարված ջրաքանակների, փաստացի ոռոգված հողատարածքների և համակարգի կորուստների վերաբերյալ Ջրային կոմիտեից ստացված փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Վայքի տարածաշրջանի հողերի ոռոգման նպատակով ոռոգման շրջանում և Արփա գետի բնապահպանական թողքը ապահովելու նպատակով ամբողջ տարի Կեչուտի ջրամբարից ջրի բացթողումն իրականացվում է «Եղեգնաձոր» ՋՕ ընկերության ներկայացրած հայտերի հիման վրա՝ Կառավարության որոշմամբ վերջինիս անհատույց օգտագործման իրավունքով պատկանող Վայքի ինքնահոս համակարգի միջոցով: Ըստ Ջրային կոմիտեի կողմից իրականացված ուսումնասիրության՝ նշված տարածաշրջանի պայմանագրային ոռոգելի հողատարածքները կազմում են 411.5 հա: Ըստ 2019թ. մատակարարված ջրի հայտերի՝ 1հա-ին մատակարարված ջրի միջին ծավալը կազմում է 10449մ3: Մինչդեռ ըստ մատակարարված ջրի ցուցանիշների՝ բաժանորդներին 1 հա-ի համար փաստացի մատակարարված ջրի միջին ծավալը կազմել է 3170մ3: Այսինքն փաստացի 1հա հողատարածքի համար մատակարարված ջրի քանակը 7279մ3–ով կամ 3.3 անգամ գերազանցել է 1 հա-ի համար բաժանորդների՝ հայտով ներկայացված ջրաքանակը: Ջրային կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն՝ 1մ3 ոռոգման ջրի արժեքը կազմում է 11 ՀՀ դրամ, իսկ համակարգի կորուստը՝ 36.7%։ Այսինքն՝ հայտով ներկայացված և մատակարարված ջրից համակարգի կորստի և բաժանորդներին փաստացի մատակարարված ջրի հանրագումարը հանելու դեպքում, ընկերությունը նշված ոռոգելի ողջ հողատարածքի հաշվարկով անհիմն կրել է 4.739.000մ3 ջրի կորուստ, որը արժեքային արտահայտությամբ կազմում է 52.129.000 ՀՀ դրամ։   Ըստ ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 26-ի որոշման՝ ջրամատակարարը պարտավոր է հաշվառել ջրաղբյուրից իր կողմից իրականացված ջրառի, յուրաքանչյուր ջրօգտագործողին (բաժանորդին) մատակարարված ջրի ծավալի, դրա դիմաց վճարման ենթակա գումարի, վճարված գումարի և պարտքի չափերը: Իսկ ջրօգտագործողին (բաժանորդին) ջրի մատակարարումն իրականացվում է ըստ պայմանագրի՝ դրա անբաժանելի մասը կազմող ջրօգտագործման պլան-ժամանակացույցի և հայտի: Այսինքն՝ ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ ջրամատակարարի կողմից փաստացի ներկայացվել է պահանջարկը 3,3 անգամ գերազանցող ջրի հայտ, իրականացվել ենթադրյալ ապօրինի, այսինքն առանց պայմանագրի ջրի մատակարարում: Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքում ձեռք են բերվել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ընկերության պաշտոնատար անձի կողմից իր կարգադրիչ լիազորություններն ընկերության շահերին հակառակ օգտագործելու՝ ջրօգտագործողներին մատակարարված ջրի ծավալի, դրա դիմաց վճարման ենթակա գումարի, վճարված գումարի և պարտքի չափերի չհաշվառման, ջրային պաշարները արդյունավետ և խնայողաբար չօգտագործելու, ջրամատակարարումը թերի կառավարելու, ինչպես նաև ջրերը նպատակային ու արդյունավետ չօգտագործելու, իրականացված ծառայությունների դիմաց գումարներ չգանձելու արդյունքում ընկերության և պետության իրավունքների ու օրինական շահերի խախտման, դրա հետևանով 4.739.000մ3 ջրի կորուստ՝ 52129000 ՀՀ դրամի վնաս առաջացնելու վերաբերյալ առերոևույթ տվյալներ,  ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում  ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:45 - 04 սեպտեմբերի, 2020
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ձևավորվեց. Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ձևավորվեց. Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման կադրային համալրման գործընթացը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամաններով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնում նշանակվել է Սիրո Ամիրխանյանը, վարչության պետի տեղակալի պաշտոնում՝ Տիգրան Ենոքյանը, վարչության ավագ դատախազների պաշտոններում՝ Անի Սարգսյանը և Գևորգ Քոչարյանը, իսկ վարչության դատախազի պաշտոնում՝ Տիգրան Դավթյանը:      Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի սեպտեմբերի 1-ի հրամանով Սրբուհի Գալյանը նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի համանձայն՝ նույն օրենքի 4-33-րդ հոդվածները, որոնցով սահմանվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման բոլոր հիմնական իրավական գործընթացներն ու գործառույթները, ուժի մեջ են մտնում ՀՀ գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանման առաջին կազմի առնվազն երեք դատախազի նշանակման օրվանից։ Նկատի ունենալով, որ արդեն նշանակվել են  պատասխանատու վարչության 5 դատախազներ՝ ստորաբաժանումը համարվում է ստեղծված, և վերոնշյալ օրենքն, ըստ էության, ամբողջությամբ մտնում է ուժի մեջ: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի և  նորաստեղծ վարչության նորանշանակ դատախազների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: Շնորհավորելով նրանց նշանակվելու կապակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ստեղծված ստորաբաժանումն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության համար նախադեպը չունեցող բնույթի և ծավալների աշխատանք ենթադրող գործառույթներ, ինչը պահանջում է բազմապատիկ ավելի մեծ պատասխանատվություն, բարձր պրոֆեսիոնալիզմ, բարեխղճություն, նվիրում ստանձնած առաքելությանը և կուռ, թիմային գործունեություն: Արթուր Դավթյանը հավելել է, որ այդ գործառույթների իրացման առումով ստեղծված նոր ստորաբաժանումից, ինչպես նաև ընդհանուր առմամբ Դատախազությունից հանրային պահանջները չափազանց մեծ են, պարտավորեցնող և բոլոր ռեսուրսները պետք է ներդրվեն օրենքով սահմանված կարգով և բացառապես անհրաժեշտ հիմքերի առկայության պայմաններում ապօրինի ծագում ունեցող գույքը պետությանը վերադարձնելու, այդպիսով սոցիալական արդարությունը վերականգնելու և իրականացվող հակակոռուպցիոն պայքարի արյունավետությունն ապահովելու  համար: Ուստի, հիմնվելով մասնավոր և հանրային շահի համափաչ և իրավաչափ պաշտպանության սկզբունքի վրա՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունից, ինչպես նաև այն ներկայացնող բոլոր դատախազներից պահանջվում է բացարձակ անաչառություն, սկզբունքայնություն, բացառապես օրենքի տառով առաջնորդվելու հաստատակամություն: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գործընթացն առանց ձգձգումների և կանոնակարգված իրականացնելու համար ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունների հստակ չափորոշիչներ սահմանելու, դատախազության այլ ստորաբաժանումներից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն սկսելու՝ օրենքով սահմանված հիմքեր պարունակող քրեական գործերի, վարույթների վերաբերյալ տեղեկատվությունը վարչությանը համակարգված և սխեմավորված տրամադրելուն առնչվող հարցեր:   
17:51 - 03 սեպտեմբերի, 2020
Պետական սեփականությունն օտարելու գործում հանցագործություն կատարած մեղադրյալների թիվն ավելացել է

Պետական սեփականությունն օտարելու գործում հանցագործություն կատարած մեղադրյալների թիվն ավելացել է

Վերլուծության են ենթարկվել ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ իրականացված՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացներում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների բացահայտման և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ 2019թ. հունվարից 1-ից մինչև 2020թ. հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքները: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինչպես ՀՀ դատախազության, այնպես էլ քրեական հետապնդման մյուս մարմինների կողմից հետևողական քայլեր են իրականացվում այս բնույթի հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու, պետությանը և համայնքներին պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, 2020թ. 1-ին կիսամյակի ընթացքում համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացներում կոռուպցիոն առերևույթ չարաշահումների վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթներում քննվող քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 49 անձի, ինչը շուրջ 32.5%-ով ավելի է 2019թ. ամբողջ տարվա (37 անձ) համեմատ: Նշված 1.5 տարվա ընթացքում համայնքային և պետական սեփականության անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացներում ենթադրյալ կոռուպցիոն տարատեսակ չարաշահումներ կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել, մասնավորապես՝ համայնքի 34 նախկին ղեկավարի, այդ թվում Երևանի 2 նախկին քաղաքապետ, համայնքի գործող 15 ղեկավարի, այդ թվում՝ Աբովյանի քաղաքապետ, 1-ական՝ պաշտպանության նախկին նախարարի, ՊԵԿ նախկին նախագահի, ՊԵԿ նախագահի նախկին տեղակալի, նախկին մարզպետի, ՀՀ ԿԱ կադաստրի ստորաբաժանման ղեկավարի, ՀՖՖ նախկին նախագահի, ԱԱԾ մարզային վարչության պետի, պետական ՓԲԸ տնօրենի, ՊՈԱԿ-ի տնօրենի, Երևանի քաղաքապետարանի վարչության պետի, մարզպետարանի վարչության պետի, բաժնի պետի, Երևանի քաղաքապետարանի վարչության պետի տեղակալի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի, գլխավոր աուդիտորի, գնահատող փորձագետի, ինչպես նաև այդ չարաշահումներում առերևույթ ներգրավված 18 քաղաքացիների:  Քրեական գործերի մեծ մասը գտնվում է նախաքննության փուլում, 2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. հունիսի 30-ը վերը նշված հանցագործությունների վերաբերյալ վարույթում գտնվող 5 քրեական գործ՝ 9 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2020թ. 1-ին կիսամյակում դատարան ուղարկված  քրեական գործով 39 մլն ՀՀ դրամի չափով ներկայացվել է 1 քաղաքացիական հայց, իսկ ոչ արդարացնող հիմքով վարույթը կարճված մեկ քրեական գործով դատախազության կողմից դատարան է ներկայացվել 22մլն ՀՀ դրամի չափով քաղաքացիական հայց։ 2019թ. ընթացքում ավարտված նյութերով և քրեական գործերով, ինչպես նաև մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված, ինչպես նաև նախաքննության փուլում գտնվող վերոնշյալ բնույթի քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 956 մլն դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 70մլն ՀՀ դրամը։ Մինչդեռ 2020թ 1-ին կիսամյակում ավարտված նյութերով և քրեական գործերով, մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված, ինչպես նաև նախաքննության փուլում գտնվող վերոնշյալ բնույթի քրեական գործերով պարզվել է պետությանը և համայնքներին հանցագործությամբ պատճառված 1 մլրդ 423մլն ՀՀ դրամի վնաս, այսինքն ամբողջ 2019թ. համեմատ մոտ 49%-ով ավելի, որից վերականգնվել է 112 մլն ՀՀ դրամը կամ՝ 60%-ով ավելի: Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վերոգրյալ  քրեական գործերից 1-ով 4 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ (հաստատվել է համայնքային սեփականություն հանդիսացած շուրջ 32 հա հողատարածք ձևական աճուրդով և կեղծիքներով օտարելու փաստը), որից հետո 2020թ. ՀՀ գլխավոր դատախազը առաջարկություն է ներկայացրել  ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարին՝ այդ հողատարածքները համայնքին վերադարձնելու գործընթաց սկսելու համար։ Բացի այդ, վաղեմության ժամկետն անցնելու հիմքով վարույթը կարճված մեկ քրեական գործով ՀՀ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 2020թ. հայց է ներկայացվել դատարան՝ պետական սեփականություն հանդիսացող և ձևական աճուրդներով օտարված 55,88 հա հողատարածքների օտարման գործընթացը առոչինչ համարելու պահանջով։ Ապօրինի գործարքներն առոչինչ ճանաչելու, հանցավոր սխեմաներով օտարված բազմաթիվ գույքերն իրենց օրինական տիրոջը՝ պետությանը և համայնքներին վերադարձնելու, այդ նպատակով պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու կամ իրավասու մարմիններին՝ համայնքային ու պետական մարմիններին ուղղված՝ պետական շահերի պաշտպանության նմանատիպ հայցեր ներկայացնելու առաջարկություններով դիմելու նախաձեռնություններ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ձեռնարկվել են նաև նախաքննության և դատական քննության ընթացքում գտնվող, այսինքն դեռևս չավարտված բազմաթիվ գործերով, որոնց արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի դրանցով վերջնական արդյունքների ապահովմանը զուգընթաց:     
12:29 - 03 սեպտեմբերի, 2020
Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցում անաշխատ եկամուտների ստացմամբ առերևույթ հափշտակություն կատարելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցում անաշխատ եկամուտների ստացմամբ առերևույթ հափշտակություն կատարելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Ավարտվել է Շիրակի մարզի Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում աշխատանքային հարաբերությունների հետ կապված ենթադրյալ կոռուպիոն չարաշահումների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։  2019թ, ապրիլի 29-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ, որն իրականացվել է  Շիրակի մարզային քննչական վարչությունում, հիմնավորվել է, որ Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Ե.-ն  անձնական այլ դրդումներով և խմբային շահերից ելնելով, դպրոցի թվով 5 աշխատակիցների կողմից 2008-2010թթ. ընթացքում պարբերաբար, որոշակի ընդհատումներով ՀՀ-ից բացակայելու և աշխատանքի չհաճախելու պայմաններում, դպրոցի փոխտնօրեն Գ.Մ.-ի և հաշվապահներ Ս.Գ.-ի ու Ա.Մ.-ի օժանդակությամբ, աշխատաժամանակի հաշվարկի և աշխատավարձի վճարման տեղեկագրերում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ այդ աշխատակիցների կողմից նշված ժամանակահատվածում կանոնավոր աշխատանքի ներկայանալու և փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ: Ապա այդ կեղծ փաստաթղթերը հաստատվել են, ինչի հիման վրա աշխատանքի չհաճախած աշխատակիցների  անվամբ հաշվարկվել ու որպես աշխատավարձ վճարվել է ընդհանուր խոշոր չափերի՝ 2.162.618 ՀՀ դրամ   գումար: Արդյունքում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնվել է նշված չափերով գումարը և կատարվել է պաշտոնեական կեղծիք։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել 3 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 14 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 1 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ 3 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 13 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 1 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Հաշվապահներերից մեկին մեղադրանք է առաջադրվել 11 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մյուսին՝ 8 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով։ Առաջադրված մեղադրանքներում նշված անձինք ընդունել են իրենց մեղքը, նախաքննության ընթացքում մեղադրյալ Ա.Ե.-ն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված  գույքային վնասը։ Շիրակի մարզի դատախազությունում հաստատվել է նշված 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:37 - 02 սեպտեմբերի, 2020
Խնամքի կարիք ունեցող տարեցների համար ձեռք են բերվել բնակության համար ոչ պիտանի տներ. քրեական գործ է հարուցվել

Խնամքի կարիք ունեցող տարեցների համար ձեռք են բերվել բնակության համար ոչ պիտանի տներ. քրեական գործ է հարուցվել

Լրատվամիջոցի հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պահաջնվել և ստացվել են փոքր տների ձեռքբերման նպատակով կատարված գնման գործընթացի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «հրատապ մեկ անձ» ռեժիմով փոքր տներ ձեռք բերելու նպատակով, ՀՀ կառավարության կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է գումար՝ յուրաքանչյուր տան ձեռքբերման նախահաշվային գինը սահմանելով 27.000.000 ՀՀ դրամ։ Այդ նպատակով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի հրամանով սահմանվել է պատասխանատու ստորաբաժանում և ձևավորվել գնահատող հանձնաժողով։ Հայտարարված գնման ընթացակարգով փոքր տների մատակարարման համար հայտ է ներկայացրել N ՍՊԸ-ն, վերջինս գնահատող հանձնաժողովի կողմից ճանաչվել է հաղթող՝ երկու տուն մատակարարելու համար՝ համապատասխանաբար 26.950.000 ՀՀ դրամ և 26.730.000 ՀՀ դրամ գնային առաջարկներով։ Նախարարության և ընկերության միջև 2019թ. կնքված՝ անշարժ գույքի մատակարարման պայմանագրով ընկերությունը պարտավորվել է նախարարությանը մատակարարել փոքր տները, որոնք պետք է ունենան առնվազն երկու սանհանգույց և պետք է պիտանի լինեն բնակության համար։ Նախարարության ներկայացուցչի կողմից տրվել է պայմանագրի կատարման արդյունքի վերաբերյալ առանց ամսաթվի թվագրման դրական եզրակացություն, անհամապատասխանությունների մասին գրառումներ չեն կատարվել և պայմանագրով նախատեսված գումարն ամբողջությամբ վճարվել է ընկերությանը։ Նախարարության ներկայացուցչի և ընկերության տնօրենի միջև կնքվել է հանձման-ընդունման ակտ, որով, ի թիվս այլնի, արձանագրվել է, որ պայմանագրի շրջանակներում ընկերությունը նախարարությանն է հանձնել երկու առանձնատուն, որոնք պիտանի են բնակության համար և ունեն երկու սանհանգույց։ Մինչդեռ, ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ ձեռք բերված տներից մեկի տանիքն ու բնակելի հատվածն ունեն վերանորոգման կարիք, իսկ մյուսն ունի խիստ վերանորոգման կարիք՝ պատուհանները հին են ու փայտից, տեղ-տեղ բացակայում են դրանց ապակիներն ու փոխարենը փակցված են պոլիէթիլենային տոպրակներ, տանիքը վնասված է, առաջին հարկը անխնամ տեսք ունի, խոնավությունից թափված է պատերի, առաստաղի ծեփը, վնասված է հատակը, պատշգամբը և առաջին հարկից բարձրացող աստիճանները չունեն նորմալ բազրիքներ, առաջին հարկում թեև կան սանհանգույցի համար նախատեսված տեղեր, սակայն, միայն դատարկ պատեր են, ներսում վիճակը բարվոք չէ։ Լրատվամիջոցի հրապարակման մեջ առկա և նախարարության կողմից տրամադրված տեղեկությունների համադրությունը վկայում է, որ փոքր տները չեն համապատասխանում  պայմանագրով սահմանված չափորոշիչներին, մինչդեռ այդ պայմաններում կազմվել է առանց ամսաթվի թվագրման կեղծ եզրակացություն, որում մտցվել են մատակարարված ապրանքները չափորոշիչներին համապատասխանելու մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ, որի հիման վրա դրանք ընդունվել են։ Արդյունքում կազմվել է պայմանագրի արդյունքը գնորդին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ կեղծ ակտ, որով արձանագրվել է ընկերության կողմից պայմանագրով նախատեսված չափորոշիչներին բավարարող երկու առանձնատան հանձնում-ընդունումը։ Այսինքն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնեական կեղծիքի կատարմամբ ձեռք են բերվել չափորոշիչներին չհամապատասխանող ապրանքներ, որոնց դիմաց անհիմն վճարվել է 53.680.000 ՀՀ դրամ, իսկ «հրատապ մեկ անձ» կարգով ձեռք բերված առանձնատները կացարանի ու խնամքի կարիք ունեցող տարեցներով բնակեցված չեն։ Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել առերևույթ հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ և անհրաժեշտ է բոլոր հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է  ՀՀ քննչական կոմիտե:
13:17 - 02 սեպտեմբերի, 2020
2019-2020թթ հարուցվել է 183 քրգործ՝ համայնքային և պետական գույքերի վարձակալության, օտարման գործընթացներում կոռուպցիոն չարաշահումների փաստերով

2019-2020թթ հարուցվել է 183 քրգործ՝ համայնքային և պետական գույքերի վարձակալության, օտարման գործընթացներում կոռուպցիոն չարաշահումների փաստերով

ՀՀ գլխավոր դատախազությունում համեմատական վերլուծության են ենթարկվել ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ իրականացված՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացներում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների բացահայտման և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ 2019թ. հունվարից 1-ից մինչև 2020թ. հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքները: Ըստ այդմ, եթե 2019թ. ընթացքում համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացում արձանագրված առերևույթ չարաշահումների վերաբերյալ հարուցվել է 75 քրեական գործ, ապա միայն 2020թ. 1-ին կիսամյակի ընթացքում՝ 108 քրեական գործ, կամ՝ ողջ  2019թ. համեմատ 33.3%-ով ավելի: Նշված ժամանակահատվածում հարուցված ընդհանուր 183 քրեական գործերից 105-ը վերաբերել է անշարժ գույքի օտարման գործընթացում արձանագրված չարաշահումներին, իսկ 78-ը՝ վարձակալության կամ ենթավարձակալության։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որպես սխեմատիկ հանցավոր դրսևորումներ՝ առավել տարածված է եղել օտարման ենթակա գույքերը ձևական աճուրդներով կամ մրցույթներով իրացնելը։ Մասնավորապես, մրցույթները  կամ աճուրդները կրել են ձևական բնույթ, մրցույթի կամ աճուրդի երկրորդ մասնակիցը ձևական է մասնակցել մրցույթին՝ ապահովելու նախապես որոշված մասնակցի հաղթանակը։ Քննությամբ հիմնավորվել են դեպքեր, երբ հրապարակային սակարկություններին որպես երկրորդ մասնակից հայտ ներկայացրած անձը իրականում չի էլ մասնակցել մրցույթին կամ աճուրդին, կամ նույնիսկ տեղեկություններ չի էլ ունեցել հրապարակային սակարկություններին իր մասնակցության վերաբերյալ: Շահագրգիռ անձ հանդիսացող մյուս մասնակցի կողմից իրենց հաղթանակն ապահովելու համար  ներկայացվել են ծանոթ կամ հարազատ անձանց վերաբերյալ փաստաթղթեր՝ նրանց գրանցելով որպես  երկրորդ հայտատու։ Բացի այդ, եղել են դեպքեր, երբ հողատեսքերն աճուրդով ձեռք բերած քաղաքացիները մտերիմ հարաբերությունների մեջ են գտնվել այդ տարածաշրջանում ղեկավար դիրք զբաղեցրած պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նաև աճուրդի կազմակերպչի հետ (համայնքի ղեկավար, մարզպետ և այլն): Եվ տվյալ հողատեսքերը թեև գնվել են այդ քաղաքացիների տվյալներով, սակայն դրանց իրական սեփականատերը հանդիսացել են պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձինք: Հանցավոր սխմայում տեղ են գտել նաև այնպիսի ապօրինություններ, երբ համայնքապետի (քաղաքապետի) անձնական շահագրգռվածությամբ համայնքին պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողատեսքերը ՀՀ ԿԱ կադաստրի ստորաբաժանման ղեկավար աշխատակցի անմիջական մասնակցությամբ, առանց իրավական որևէ հիմքի, փոխվել է գյուղատնտեսականի, ինչի արդյունքում դրանք աճուրդի միջոցով օտարվել են անհամեմատ ցածր գնով (օրինակ՝ մի դեպքում 453.949.600 ՀՀ դրամի փոխարեն հողամասն օտարվել է 712.400 ՀՀ դրամով): Նշված հանցավոր սխեմաներից զատ եղել են նաև դեպքեր, երբ պետական սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդով օտարվել է որպես համայնքային սեփականություն, կամ՝համայնքային սեփականություն հանդիսացող վերանորոգված կենցաղի տան շենքը, օրինակ, ներկայացվել է որպես կիսաքանդ շինություն և աճուրդով օտարվել համայնքի ղեկավարի աներոջը,աճուրդով օտարվել են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում գտնվող՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր,չունենալով շենքի վթարայնության աստիճանի և ապամոնտաժման ենթակա լինելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն կամ որևէ այլ փաստաթուղթ՝ օրինակ, անշարժ գույքի գնահատման մեջ ոչ միայն չի ներառվել 341.656.650 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող վարչական շենքը, այլ այն՝ անհիմն դիտարկելով որպես ապամոնտաժման ենթակա կառույց, հողամասի արժեքից նվազեցվել է ապամոնտաժման ծախսերի համար հաշվարկված 80.000.000 ՀՀ դրամ արժեքը և կազմվել է ՀՀ-ում գործող ստանդարտների պահանջների էական խախտումներով շուկայական արժեքի գնահատման հաշվետվություն՝ գնահատելով գույքն իրականից անհամեմատ ցածր՝ 259.304.000 ՀՀ դրամ,պաշտոնատար անձի որոշմամբ, առանց որևէ հիմնավորման, օրինակ, շուրջ 3000 քմ չափով պակասեցվել է Երևանի դպրոցներից մեկին նախկինում հատկացված տարածքը և աճուրդով օտարվել քաղաքացու, որն էլ կարճ ժամանակ անց, հողամասը բաժանելով երկու մասի, վաճառել է նույն դպրոցի տնօրենի որդուն և պաշտոնատար անձի բարեկամին: Նշված 1.5 տարվա ընթացքում (հիմնականում 2020թ. առաջին կիսամյակում) ՀՀ իրավասու մարմինների վարույթներում գտնվող գործերի քննության ընթացքում ՀՀ դատախազության անմիջական ներգործությամբ լուծվել է օրենսդրության պահանջների խախտումներով կազմված՝ համայնքային կամ պետական սեփականության գույքերի վարձակալության ևենթավարձակալության 33 պայմանագիր, դրանցից շատերի դեպքում ձևավորվել են պետության և համայնքների շահերից բխող նոր իրավապայմանագրային հարաբերություններ։ Առաջիկայում կներկայացվեն նաև նշված բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական գործերով իրականացվող քրեական հետապնդման, ինչպես նաև պետությանը և համայնքներին պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները:
11:51 - 01 սեպտեմբերի, 2020
Վճռաբեկը հիմնավոր է ճանաչել Մասիսի քաղաքապետի խափանման միջոցի հարցում դատախազության փաստարկները

Վճռաբեկը հիմնավոր է ճանաչել Մասիսի քաղաքապետի խափանման միջոցի հարցում դատախազության փաստարկները

Վճռաբեկ դատարանը հիմնավոր է ճանաչել մեղադրյալ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու անթույլատրելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքով արտահատված դատախազության փաստարկները։ Այս մասին տեղեկացնում  է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 6-ին վճռաբեկ բողոք էր ներկայացրել 2018 թ. ապրիլյան դեպքերի ընթացքում Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների, ինչպես նաև՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին առաջին ատյանի  և այդ որոշման վերաբերյալ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժելու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ: Վերոնշյալ քրեական գործով Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Հետագայում նրան մեղսագրվող արարքները վերաորակվել են, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և քրեական գործը, ըստ մեղադրանքի 8 անձի, 2019 թվականին ուղարկվել էր դատարան և ներկայումս գտնվում է դատական քննության փուլում։ Նշված վճռաբեկ բողոքի կապակցությամբ, այն վարույթ ընդունելուց շուրջ մեկուկես տարի անց, օրերս, ՀՀ վճռաբեկ դատարանը դատախազությանն է ուղարկել Դատախազության բողոքի վերաբերյալ 2019թ. նոյեմբերի 7-ին ընդունած որոշումը, և ընձեռնվել է հնարավորություն ծանոթանալու դրա հիմնավորումներին: «Ըստ էության, որոշմամբ Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ հիմնավորված է համարել դատախազության դիրքորոշումը Դավիթ Համբարձումյանի պարագայում գրավը որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց կիրառելն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ: Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ ուղղակի ամրագրել է, որ ստորադաս դատարանները վերոնշյալ որոշումները կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ և 143-րդ հոդվածների պահանջների այնպիսի էական խախտումներ,որոնք հիմք են նրանց կայացրած դատական ակտերը բեկանելու համար»,- նշում է Աբրահամյանը։ Ըստ գլխավոր դատախազի խորհրդականի՝ Վճռաբեկ դատարանն իր հիմնավորումներում, մասնավորապես, նշել է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Համբարձումյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս չեն պահպանել Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի պահանջները, անտեսել են քրեական գործի տվյալ պահին առկա փատական հանգամանքների առանձնահատկությունները, որոնք, ի դեպ, ինչպես Առաջին ատյանի դատարանում, այնպես էլ Վերաքննիչ դատարանում հարցի քննարկման ժամանակ վկայակոչում էր դատախազությունը: Մասնավորապես Վճռաբեկ դատարանը հատուկ ուշադրություն է դարձրել Դ. Համբարձումյանին քննության այդ փուլում մեղսագրված արարքների կատարման եղանակին, ընդգծել, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել ենթադրյալ հանցանքը կատարելիս նրա՝ զինված լինելու, պաշտոնատար անձ լինելու հանգամանքները: Վերջինս նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համատեքստում դիտարկվում է որպես էական հանգամանք անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս՝ հաշվի առնելով իր պաշտոնի և հասարակական դիրքի օգտագործմամբ վարույթի մասնակիցների նկատմամբ ազդեցություն գործադրելու և դրանով իսկ գործի քննությանը խոչընդոտելու առումով ունեցած առավել մեծ հնարավորությունները, առավելևս այն պայմաններում, երբ գործով որպես մեղադրյալ ներգրավվածների մեջ կան անձինք, ովքեր աշխատել են նրա ենթակայության ներքո, գտնվել են նրանից ծառայողական կախվածության մեջ, կամ որոնք նրա հետ գտնվել են մերձավոր, ազգակցական հարաբերությունների մեջ: Վճռաբեկ դատարանը, ըստ այդմ, հանգել է չափազանց կարևոր հետևության առ այն, որ նման փաստական հանգամանքների պարագայում անձի զբաղեցրած պաշտոնի, ունեցած իշխանության, գործով անցնող դատավարության մասնակիցների նկատմամբ հնարավոր ազդեցություն գործադրելու բարձր հավանականության պայմաններում գրավը չի կարող լինել արդյունավետ իրավական ներգործության միջոց: «Ցավոք, սակայն, Վճռաբեկ դատարանն այս որոշումը կայացրել, առավելևս այն դատախազությանն է ուղարկել մի իրավիճակում և ժամանակահատվածում, երբ քրեական գործը վաղուց արդեն դատարանում է, Դ. Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ ընդունվել է այլ որոշում և, հետևաբար, կայացվելու պահին արդեն այն հետևանքների առումով որևէ իրավական նշանակություն չէր կարող ունենալ: Ցավոք, գործող իրավական ընթացակարգերն այնպիսին են, որ իրավական զարգացման տեսանկյունից նման խիստ կարևոր որոշումները, իրավական մեկնաբանությունները հնարավոր են դառնում այսպիսի ուշացումներով՝ ըստ էության, իմաստազրկելով կոնկրետ գործընթացը և անուղղակի կերպով անհիմն անվստահություն սերմանելով վարույթն իրականացնող մարմնի, դատախազության գործողությունների և դրանց որակի նկատմամբ: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանի այս որոշումը լավագույն պատասխանն էր այն բոլոր անառողջ քննադատությունների, որոնք նշված քրեական գործի շրջանակներում խափանման միջոցի հարցի իրավական ու հանրային քննարկումների տիրույթում հնչում էին նախաքննական մարմնի և դատախազության հասցեին»,- նշում է Աբրահամյանը:
13:31 - 29 օգոստոսի, 2020
Գլխավոր դատախազը խոշտանգման հատկանիշներով քրգործ է հարուցել

Գլխավոր դատախազը խոշտանգման հատկանիշներով քրգործ է հարուցել

ՀՀ դատախազությունը շարունակում է ոստիկանության բաժիններում, ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում անձանց խոշտանգումների, վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր դեպքերը պարզելու, այդ մասին ահազանգերը քննչական, դատավարական հնարավոր ողջ գործիքակազմի կիրառմամբ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության առարկա դարձնելու, իրավական գնահատականի արժանացնելու իր որդեգրած անշեղ ուղեգիծը: 2020թ. հունիսի 7-ին Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահելու վայրից (ՁՊՎ) ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում իրազեկում է ստացվել այն մասին, որ ՁՊՎ ընդունվելիս քաղաքացի Կ. Մ.-ի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ և քրեծվածքներ: Այդ կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Կ. Մ.-ն վիճաբանել է իր հարևանի հետ, որից հետո ահազանգով դեպքի վայր ժամանած ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և նույն վարչության պարեկապահակային ծառայության գնդի ծառայողների հասցեին տվել է հայհոյանքներ, ձեռքով հարվածներ հասցրել ոստիկանության ծառայողներից երկուսի դեմքին՝ նրանց պատճառելով ֆիզիկական ցավ: Դեպքի առթիվ 2020թ. հունիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նույն օրը Կ. Մ.-ն ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ: Վերջինս բացատրություն է տվել այն մասին, որ մարմնական վնասվածքներն ստացել է տան բակում չորացած ծառի ճյուղերը կտրելու ժամանակ՝ հավելելով, որ որևէ մեկն իր նկատմամբ բռնություն չի գործադրել և իրեն մարմնական վնասվածքներ չի պատճառել: Նա հրաժարվել է ենթարկվել նշանակված դատաբժշկական փորձաքննությանը: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով 2020թ. հունիսի 17-ին կայացվել  է հանցադեպքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: 2020թ. օգոստոսի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Կ. Մ.-ի առցանց դիմումը, որով նա հայտնել է, որ ԶՊՎ-ում իր մարմնի վրա հայտնաբերված վնասվածքները դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողների կողմից կիրառված բռնության հետևանք են եղել, իսկ այդ մասին մինչ այդ չի հայտնել իր վերաբերյալ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու քննիչի խոստման դիմաց: Նախապատրաստված նյութերին ՀՀ գլխավոր դատախազությունում ծանոթանալու և կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականության ստուգման արդյունքում պարզվել է, որ այդ որոշումը հիմնավոր չէ: Մասնավորապես, ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ կայացրած մի քանի նախադեպային որոշոմների լույսի ներքո խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի արդյունավետ քննության եվրոպական չափանիշներով չեն ապահովվել քննության անկախությունն ու անկողմնակալությունը, քանի որ գործով քննությունն իրականացրել է ՀՀ ոստիկանության այն նույն բաժնի հետաքննիչը,  որի  ծառայողների գործողություններն առնչվել են ենթադրյալ վատ վերաբերմունքի դրսևորմանը: Բացի այդ, ողջամիտ կասկածների տեղիք է տվել նաև Կ.Մ.-ի մարմնին հայտնաբերված մարմնական վնասվածքների քանակը և բնույթը: Մինչդեռ նյութերի նախապատրաստման ըթնացքում միջոցներ չեն ձեռնարկվել այդ վնասվածքները Կ. Մ.-ի բացատրությամբ նկարագրված պայմաններում առաջանալու հանգամանքը պարզելու, մասնավորապես առկա բժշկական փաստաթղթերի հիման վրա դատաբժշկական փորձաքննություն նշանակելու ուղղությամբ: Ելնելով վերոգրյալից, դեպքի իրական հանգամանքները միայն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության միջոցով պարզելու անհրաժեշտությունից և հաշվի առնելով, որ նախապատրաստված, հետաքննիչի որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժված նյութերում առկա են պետական ծառայություն իրականացնող մի խումբ անձանց կողմից Կ. Մ.-ին առերևույթ խոշտանգելու հանցակազմի հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր որոշմամբ վերացրել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ի իրազեկման առթիվ նախապատրաստված նյութերով կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և մի խումբ անձանց կողմից անձին առերևույթ խոշտանգելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:
11:53 - 28 օգոստոսի, 2020
Վահագն Աբգարյանին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ պատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ

Վահագն Աբգարյանին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ պատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ

Քրեական գործով մեղադրյալ Վահագն Աբգարյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը լուծելու։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Ըստ գլխավոր դատախազի խորհրդականի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի 2020 թվականի մարտի 5-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:«Կատարված նախաքննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողները, խախտելով «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պահանջները, 2020 թվականի փետրվարի 24-ին չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչն էական վնաս է պատճառել «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորված անձ Վ. Աբգարյանի իրավունքներին և օրինական շահերին: Մասնավորապես՝ 2020թ. փետրվարի 24-ի երեկոյան քրեակատարողական հիմնարկի համապատասխան ծառայողները Վ. Աբգարյանին հիմնարկի պետի մոտ ուղեկցելու պատրվակով դուրս են բերել իր խցից և ուղեկցել մեկ այլ խուց, որտեղ գտնվող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ պարունակող, ինչպես նաև առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:2020 թվականի օգոստոսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են քրեակատարողական ծառայության երկու աշխատակից»,- գրել է Աբրահամյանը: Գլխավոր դատախազը հայտնում է, որ պատշաճ դատախազական հսկողության պայմաններում իրականացվում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննություն՝ դեպքին այլ պաշտոնատար անձանց հնարավոր առնչությունը պարզելու նպատակով։
15:58 - 27 օգոստոսի, 2020